Մայրենի, 6-2, 27.11.2019

  • Բանավոր ներկայացնում ու քննարկում ենք Հովհաննես Թումանյանի«Ձախորդ Փանոսը»  հեքիաթը:
  • Հեքիաթը համեմատում ենք մեզ ծանոթ այլ հեքիաթների հետ, գտնում նմանություններն ու տարբերությունները:
  • Քննարկում ենք շաբաթվա ընթացքում իրականացվող նախագծերի կատարման ընթացքը, առկա արդյունքները:

Հովհաննես Թումանյան

ԽԵԼՈՔՆ ՈՒ ՀԻՄԱՐԸ

Երկու ախպեր են լինում, մինը` խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

— Ախպեր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ. իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

— Լա՛վ,— ասում է խելոքը.— էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ. երբ ջրից բերես, ո՛րապրանքը գոմը մտնի, ինձ, որը դուրս մնա՝ քեզ։

Ժամանակն էլ լինում է ձմեռ։

Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում ետ բերում։ Ձմեռվա ցուրտ օր, մրսած անասուններ, հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ, իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։

Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։

— Ա՛ մոզի, արի, հե՜յ,— կանչելով գնում է։

Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հեյ… ավերակի արձագանքը կրկնում է.

— Հե՜յ… հիմարը կանգնում է։

— Ինձ հետ ես խոսում, հա՞…

Ավերակը ձայն է տալիս.

— Հա՜…

— Մոզին ուզում ե՞ս։

— Ե՜ս…

— Քա՞նի մանեթ կտաս։

— Տա՜ս…

— Հիմի կտա՞ս, թե չէ։

— Չէ՜…

— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜։

— Արի՜…

Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դես ու դեն ցրված ավերակի առջև։

— Հը՜,— ասում է,— մորթել ես կերել, հա՜։

— Հա՜…

— Չաղ է՞ր, թե չէ։

— Չէ՜։

Հիմարը էստեղ վախենում է, կարծում է ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։

— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜…

— Սկի՜ …

Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս, ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է. պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը՝ լցվում։

— Այ էդպես… բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ, իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք…

Մի ոսկի է վերցնում, գալի տուն։

— Հը՜, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։

— Ծախեցի։

— Ո՞ւմ վրա։

— Ավերակի։

— Հետո, փող տվա՞վ։

— Իհարկե տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։

Ասում է ու ոսկին հանում ցույց տալիս։

— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։

— է´հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։

Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։

— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ ես տեսնեմ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։

Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալիս ախպորը, տանում է մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։

Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։

— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի…

— Հերիք է, հերիք,— ընդհատում է դատավորը.— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի…— վրեն ծիծաղում է ու դուրս անում։

Գնում է ուրիշներին գանգատվում, նրանք էլ էն վրեն ծիծաղում։

Ու ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, իսկ խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։

  1. Բացատրում ենք մգեցված բառերն ու գրում դրանց գրական տարբերակները:
  2. Բացում ենք դասագիրքն (էջ 117) ու գտնում նշված բառերի ճիշտ ուղղագրությունը, ուղղում արված սխալները:
    • աղմուկաղաղակ, ախյուսակ, ախոտկ, ախչամուղչ (մթնշաղն է), ախքատ, ամաի, ամպար, անբարտավան (գոռոզն է),
    • ամբողչ, ամենինչ, ամբ, անփոփել, այբենարան, այքաբաց, այծամ, այսոր, արյվացք, ամբասիր (մաքուրն է), անքամ, անդաթար, անդոր (խաղաղությունն է), անդրադարնալ:
  3. Գտնում ենք նշված բառերի իմաստներն ու ասում, թե որն ինչպես է գրվում: Բացատրում ենք նաև կետադրական նշանների գործածությունը:
    • Ամենօրյա աշխատանքը ավարտելու վրա էր, երբ հանկարծ տեսավ, որինչ-որ մեկը գալիս է:
    • Ամանորյա աշխատանքները գեղեցիկ ու հետաքրքիր էին. ստացվել էր այն, ինչ որ պատկերացնում էին մանուկները:

Կսովորես հեքիաթը բանավոր վարժ ներկայացնել կամ կպատրաստես տեսանյութ, որտեղ կներկայացնես այն:

Լրացուցիչ կրթություն

Կատարում ենք մեկշաբաթյա հետևյալ նախագծերից որևէ մեկը կամ մի քանիսը:

  1. Ընտրում ենք հայերեն դեռևս չթարգմանված որևէ օտարալեզու հեքիաթ և թարգմանում այն հայերեն: Եթե հեքիաթը երկար է, կարող ենք այն մասերի բաժանել ու աշխատել մի քանի հոգով:
  2. Դերային տարբերակով ձայնագրում ենք մեր ուսումնասիրած հեքիաթներից որևէ մեկը:
  3. Տեսանյութ ենք պատրաստում, որտեղ մեկնաբանում ենք մեր ուսումնասիրած հեքիաթներից որևէ մեկը, խոսում հերոսների և այն մասին, թե ինչ է այն սովորեցնում:
  4. Գրում ենք աշխատանք, որտեղ պատմում ենք մեզ ծանոթ հեքիաթներում հանդիպած կախարդական իրերի ու էակների մասին: Համեմատում ենք նրանց իրար հետ:
  5. Գրում ենք նամակ մեր ուսումնասիրած հեքիաթների հերոսներից մեկին, օրինակ` Ձախորդ Փանոսին, Քաջ Նազարին, Մոխրոտին:
  6. Կազմում ենք մեկշաբաթյա օրագիր, որտեղ պատմում ենք մեր օրվա մասին: Ամեն հաջորդ օրվա գրառումը սկսում ենք` նախորդ օրվա ուղղագարական ու կետադրական սխալները (եթե կան) նշելով, օրինակ.
    • Իմ երեկվա գրառման ուղղագարական սխալները` այսոր-այսօր, կանանչ-կանաչ:
    • Իմ երեկվա գրառման կետադրական սխալները`
      • Ես սպասում էի որ ընկերներս գան:-Ես սպասում էի, որ ընկերներս գան:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s