Մայրենի, 6-րդ դասարան, 25.11.2019

  • Ստուգում ենք տնային աշխատանքները:
  • Բանավոր քննարկում ենք ռուսական հայտնի «Գեղեցկուհի Վասիլիսան» հեքիաթը:
  • Հեքիաթը համեմատում ենք մեզ ծանոթ այլ հեքիաթների հետ, գտնում նմանություններն ու տարբերությունները:

Հովհաննես Թումանյան

ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԸ

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը` Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։

Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը` փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։

Ասածն արած է։

Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։

Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։

Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։

Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։

Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։

Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում, գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։

Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։

Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։

Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները` ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։

Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։

Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։

Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։

Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։

— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։

— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։

Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։

Վճռում են որ Փանոսը խեղդվել է։

Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։

  1. Բացատրում ենք մգեցված բառերը:
  2. Բնութագրում ենք Ձախորդ Փանոսին:
  3. Բացում ենք դասագիրքն (էջ 117) ու գտնում նշված բառերի ճիշտ ուղղագրությունը, ուղղում արված սխալները:
    • ապխաս (ազգություն է), զարթ, ալեզարթ, ալրաթաթաղ, ալեվոր,
    • աղորժակ, ականջող, ակացյա, ակորդյոն, ահրելի, ախպ, ախպյուր:
  4. Գտնում ենք նշված բառերի իմաստներն ու ասում, թե որն ինչպես է գրվում: Բացատրում ենք նաև կետադրական նշանների գործածությունը:
    • Այս ախտը, ըստ բժիշկների, բավական դյուրին կարող է բուժվել:
    • Շուրջը միայն աղտ է ու փոշի. ես չկարողացա առաջ շարժվել:
    • Ուղտը չէր ուզում այլևս առաջ շարժվել այդ անծայրածիր անապատում, քանի որ հոգնել էր:
    • Մենք ուխտ էինք կապել, որ նա մնալու է քաղաքում, և ես ամեն օր նրան լուրեր եմ հաղորդելու:

Կսովորես հեքիաթը բանավոր վարժ ներկայացնել կամ կպատրաստես տեսանյութ, որտեղ կներկայացնես այն:

Լրացուցիչ կրթություն

Կատարում ենք մեկշաբաթյա հետևյալ նախագծերից որևէ մեկը կամ մի քանիսը:

  1. Ընտրում ենք հայերեն դեռևս չթարգմանված որևէ օտարալեզու հեքիաթ և թարգմանում այն հայերեն: Եթե հեքիաթը երկար է, կարող ենք այն մասերի բաժանել ու աշխատել մի քանի հոգով:
  2. Դերային տարբերակով ձայնագրում ենք մեր ուսումնասիրած հեքիաթներից որևէ մեկը:
  3. Տեսանյութ ենք պատրաստում, որտեղ մեկնաբանում ենք մեր ուսումնասիրած հեքիաթներից որևէ մեկը, խոսում հերոսների և այն մասին, թե ինչ է այն սովորեցնում:
  4. Գրում ենք աշխատանք, որտեղ պատմում ենք մեզ ծանոթ հեքիաթներում հանդիպած կախարդական իրերի ու էակների մասին: Համեմատում ենք նրանց իրար հետ:
  5. Գրում ենք նամակ մեր ուսումնասիրած հեքիաթների հերոսներից մեկին, օրինակ` Ձախորդ Փանոսին, Քաջ Նազարին, Մոխրոտին:
  6. Կազմում ենք մեկշաբաթյա օրագիր, որտեղ պատմում ենք մեր օրվա մասին: Ամեն հաջորդ օրվա գրառումը սկսում ենք` նախորդ օրվա ուղղագարական ու կետադրական սխալները (եթե կան) նշելով, օրինակ.
    • Իմ երեկվա գրառման ուղղագարական սխալները` այսոր-այսօր, կանանչ-կանաչ:
    • Իմ երեկվա գրառման կետադրական սխալները`
      • Ես սպասում էի որ ընկերներս գան:-Ես սպասում էի, որ ընկերներս գան:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s