Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ. թեմաներ և ուղեցույց

Ժամաքանակը՝ 5 ժամ

Կրեդիտների քանակը՝ 3

Թեման՝ Գրական թատրոնը՝ հանրայնացման բաց նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Գրական  թատրոնը՝ հանրայնացման բաց նախագիծ

Կատարող՝  Մերի Սարգսյան

Դասավանդած առարկան՝ Մայրենի, հայոց լեզու, գրականություն

Խորհրդատու՝ Մարիետ Սիմոնյան

                                                 2022

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

  1. Ներածություն…………………………………………………………….3
  2. Գլուխ 1. Թատերական նախագծերի կրթական դերը, նշանակությունը…………………………………………………………4
  3. Գլուխ 2. Գրական թատրոնը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում………………………………………………….……10
  4. Գլուխ 3. Գրական թատրոնի հանրայնացման ուղիները…….…….15
  5. Եզրակացություն………………….. ……………………………………17
  6. Օգտագործված գրականություն………………………………………18

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Թատրոնը մարդկության ստեղծած հնագույն արվեստներից է, որ արտահայտվում է հասարակության առջև դերասանի խաղով պայմանավորված բեմական գործողությամբ: Ծիսական, դիցապատմական հիմքով ներկայացումները վաղուց դրսևորվել են իրենց ուսուցողական, գեղագիտական դերով ու դարձել մարդու մշակութային գործունեության կենսական բաղադրիչներից մեկը: Թատրոնի զարգացումն ու կրթադաստիարակչական դերն այս արվեստը շաղկապեց մեկ այլ կարևոր արվեստի՝ մանկավարժությանը՝ դառնալով անփոխարինելի բաղադրիչ ուսումնակրթական աշխատանքներում:

Գրական թատրոնն այսօր պահպանման, զարգացման, հանրայնացման լուրջ խնդիրներ ունի: Դպրոցական թատրոնները ձևավորում են սովորողի, նրա ընտանիքի, հանրության վերաբերմունքը թատերական արվեստի նկատմամբ, ուստի պետք է ապահովվի դրանց տարբեր ձևաչափերի ակտիվ գործունեությունն ու բաց, հանրային բնույթը:

Այս հետազոտական աշխատանքն անդրադարձ է գրական թատրոնի շուրջ առկա խնդիրներին ու կրթահամալիրային փորձի ներկայացմամբ՝ հնարավոր լուծումների առաջարկ:

Աշխատանքի առաջին գլխում ներկայացված են թատերական նախագծերի կրթական դերն ու նշանակությունը սովորող-դերասանի, սովորող-հանդիսատեսի ու դասավանդողի համար: Երկրորդ գլխում կրթահամալիրում գործող գրական թատրոնի ընդհանուր պատկերն է՝ իր առանձնահատկություններով ու զարգացմամբ, իսկ երրորդ գլխում՝ գրական թատրոնի հանրայնացման շուրջ եղած խնդիրները:  Աշխատանքը եզրափակվում է թատրոնի հանրայնացմանն ուղղված առաջարկներով, եզրակացություններով:

ԳԼՈՒԽ 1

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԴԵՐԸ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մանկավարժության մեջ գրական-թատերական նախագծերի դերը, կարևորությունը պետք է դիտարկել բազմակողմանիորեն՝ դերասան-սովորողի, հանդիսատես-սովորողի, դասավանդողի հմտությունների, կարողությունների զարգացման կողմերից:

Թատերական արվեստն ունի զարգացնող, ուսուցանող գործառույթ, տալիս է գեղագիտական հաճույք, ներքին ազատության զգացում, մեծացնում ապրումակցումը, համագործակցային հմտությունները, սերը գրական երկերի, առհասարակ՝ արվեստի հանդեպ, հղկում հաղորդակցական՝ խոսքային և ոչ խոսքային միջոցները: Այն ընդլայնում է սովորողների մտահորիզոնը, զարգացնում գեղարվեստական ճաշակը[1]:

Մանկավարժության մեջ թատրոնն ու թատերական խաղն ունեն առանցքային նշանակություն: Խաղը մարդկային գործունեության ամենահետաքրքիր ձևերից մեկն է, այն ծագում է մանկության շրջանում և ուղեկցում մարդուն ողջ կյանքի ընթացքում, ուստի տարբեր երևույթների խաղային մատուցումն ավելի հոգեհարազատ է ու արդյունավետ մանկան համար: Մանկապարտեզային, նախադպրոցական տարիքից թատերականացված նյութն առավել գրավիչ ու տպավորիչ է հանդիսատես-մանկիկի ու դերասան-մանկիկի համար:

Դպրոցական տարիքում սովորողի աճին, զարգացմանը զուգահեռ պահպանվում է նաև  թատրոնի դերն ու կարևորությունը նրա ուսումնառության մեջ: Գրական երկերի, առարկայական, ուսումնական նյութի թատերականացված մատուցումը կարող է լինել ինքնաբուխ: Գրական երկի թատերականացումը միշտ չէ բարձրանում բեմ ու դառնում մեծաթիվ հանդիսականներին ներկայացվող աշխատանք: Այն կարող է ներկայացվել որևէ դասաժամի՝ որպես օժանդակ միջոց՝ նյութի առավել ամբողջական, տպավորիչ, խորը, համակողմանի ընկալման: Կարող են լինել թատերականացված ընթերցումներ, որոնց հանդիսականները դասավանդողն ու դասարանախմբի անդամներն են միայն, սակայն նման բաղադրիչներով դասերը դառնում են ավելի զվարճալի, սիրելի, տպավորիչ ու գրավիչ: Նմանատիպ փոքրիկ, տեղային թատերականացումները սովորողների ու դասավանդողի նախաձեռնությամբ կարող են տեղափոխվել բեմ՝ հավելյալ աշխատանքի, համատեղ ջանքների շնորհիվ:

Թատերական նախագծերը դպրոցում սովորողների բազմաբնույթ՝ խոսքային-լեզվական, կազմակերպչական, ստեղծագործական և այլ կարողությունների ու հմտությունների զարգացման աղբյուր են: Դրանց մասնակցությունն օգնում է սովորողներին նաև առողջ ինքնագնահատականի ձևավորման, բազմաթիվ բարդույթների հաղթահարման հարցում:

Գրական թատրոնին մասնակցությունն ունի տարբեր դրսևորումներ, ենթադրում է նախապատրաստական լուրջ աշխատանք: Նախագիծը սկսում են գաղափարից, քննարկումների փուլից, որի ժամանակ որոշակիորեն ուրվագծվում են նախագծի իրականացման ընթացքը, զարգացումն ու անհրաժեշտ աշխատանքները: Թատերական ներկայացումը կարող է կազմակերպվել պատրաստի գրական երկի հիման վրա. այս դեպքում պետք է մասնակիցներն անցնեն նյութի ընթերցման, ուսումնասիրման, քննարկման փուլեր, հասկանան, վերլուծեն այն, ինչ պետք է մատուցվի, իրականացնեն լեզվական տարաբնույթ աշխատանքներ, ինչպես, օրինակ՝ անհասկանալի բառերի բացատրությունների պարզաբանում, դարձվածային արտահայտությունների մեկնաբանում և այլն: Այլ է հարցը, երբ ներկայացման հիմքում պետք է լինի ոչ թե պատրաստի գրական երկ, այլ նոր նյութ: Այս դեպքում աշխատանքը պետք է շարունակել նյութի ստեղծման փուլից: Սա կարող է ենթադրել ստեղծագործական մեծ աշխատանք՝ անհատական կամ համատեղ ջանքերի ներդրմամբ: Թատերական ներկայացման հիմքում ընկած սցենարի ստեղծումը կարող է պահանջել նաև հետազոտական, ուսումնական լուրջ աշխատանքներ՝ փաստավավերագրական նյութերի, նամականիների, հուշագրությունների ուսումնասիրություն, օտարալեզու տարբեր նյութերի թարգմանություն, տարբեր աղբյուրներում հիշատակված երևույթների, դեպքերի համադրում, համեմատություն, վերլուծություն և այլն: Սցենարի ստեղծումը նաև լեզվական մի շարք աշխատանքներ է ենթադրում, օրինակ՝ բառապաշարային ուսումնասիրություն, խմբագրական աշխատանքներ:

Սցենարի ընթերցումն ու հղկումը, մշակումը ուսումնական բարդ և հետաքրքիր գործընթացներ են, որոնց ժամանակ սովորողի համար բացահայտվում, ընդգծվում են տեքստի գեղագիտական կողմը, ուսումնակրթական դերը, բառապաշարային, բովանդակային հարստությունը, ասելիքը հնարավորինս տպավորիչ, գրավիչ ներկայացնելու, մատուցելու հնարավորություններն ու դրանցից ամենահարմարները: Օտարալեզու, բարբառային, արևմտահայերեն ներկայացումների դեպքում ընթերցմանը զուգահեռ պետք է իրականացվեն նաև թարգմանական, փոխադրման աշխատանքներ՝ նյութն ամբողջապես հասկանալի դարձնելու համար:

Հետագա աշխատանքների բաշխումը թույլ է տալիս վերարժևորել մասնակիցներից յուրաքանչյուրի կարողություններն ու հմտությունները: Դերասանական կարողություններ ունեցող սովորողների համար կատարվում է դերաբաշխում՝ ըստ խոսքային, զգացմունքային մատուցման առանձնահատկությունների:

Թատերական նախագծին մասնակությունը ենթադրում է ոչ միայն դերասանական խաղ. սովորողը կարող է զբաղվել ներկայացման երաժշտական ձևավորման, մոնտաժային աշխատանքներով, նվագակցել երաժշտական որևէ գործիքով, պարային մասնակցություն ունենալ, ձևավորել բեմը՝ զբաղվելով տեխնոլոգիական համապատասխան գործունեությամբ, բեմը զարդարել սովորողների ստեղծած՝ արվեստի ու արհեստի գործերով՝ քանդակներ, նկարներ, տարբեր իրեր, որ կստեղծեն բեմական համապատասխան միջավայր: Սովորողները, ծանոթանալով ներկայացման կերպարներին, կարող են ձևավորել, ձևել, ստանալ համապատասխան բեմական հագուստը:

Սովորողը կարող է մասնակցել նաև կազմակերպչական աշխատանքներին, զբաղվել բեմադրվելիք ներկայացման հանրայնացման աշխատանքներով, ինչպես, օրինակ՝ գովազդային-տեղեկատու թերթոնների ձևավորմամբ, տպագրմամբ, տարածմամբ, համացանցային, սոցցանցային հարթակների համար անոնս-հոլովակների նկարահանմամբ, մոնտաժմամբ, անհատական և խմբային հրավերներով: Չմոռանանք նաև ներկայացման նկարահանման, մոնտաժման, նկարաշարերի պատրաստման, լուսաբանման աշխատանքների մասին:

Ներկայացումներին մասնակցությունը մեծացնում է սովորողի պատասխանատվության զգացումը, համագործակցային հմտությունները: Սա համատեղ աշխատանք է, որտեղ յուրաքանչյուը գիտակցում է իր դերն ու կարևորությունը, շաղկապումը մյուսների գործունեությանն ու ընդհանուր աշխատանքին:

Եթե ներկայացման սցենարի մշակման, ուսումնասիրման փուլում զարգացվում է սովորողի գրավոր խոսքը, փորձերի փուլում շեշտը դրվում է բանավոր խոսքի, հաղորդակցական հմտությունների զարգացման վրա: Հայտնի է, որ խոսքը բեմում ի հայտ է գալիս և´ որպես նյութ, և´ միջոց, և´ նյութի փոխակերպում՝ գեղարվեստորեն ավարտված իրականություն: Խոսքի տեղն ու սահմանն այնքան մեծ է այստեղ, դերասանն ու հանդիսականն այնքան են ենթարկված նրա տիրապետող ուժին, որ թվում է, թե թատրոնն ամբողջապես խոսքային իրականություն է[2]: Ուստի կարևոր է դերասան-սովորողների բանավոր խոսքի մանրամասն մշակումը, շեշտադրումների իմաստավորումն ու անգամ «լռության արվեստի» փոխանցումը: Այս փուլում մշակվում են նաև կերպարների շարժումները, որոնք ոչ պակաս խոսուն ու կարևոր են:

Բազմաթիվ հանդիսականների առջև ելույթը սովորողների համար հաղթահարելի պետք է դարձնել՝ օգնելով հաղթահարել բարդույթներն ու հոգեբանորեն նախապատրաստել բեմելին: Ոչ պակաս կարևոր է ներկայացումից առաջ դրսևորվող խրախուսումն ու ոգևորումը:

Թատերական ներկայացումը սովորողի ինքնադրսևորման կարևոր հարթակ է, որտեղ նա կարող է ներկայացնել առարկայական դասաժամերին հաճախ ստվերվող բազմաթիվ կարողություններ, օրինակ՝ թատերախաղը, պարային, երաժշտական և այլ կարողություններ:

Մասնագիտական կողմնորոշման, ավագ դպրոցի կրթական ծրագրերով սովորողների համար թատրոնը նաև մասնագիտական կողմնորոշման առումով վճռորոշ դեր է խաղում՝ ուղղորդելով սովորողին դեպի դերասանական արվեստի ճանապարհը: Դպրոցական տարիքից ապագա դերասանը ձևավորում է, զարգացնում մասնագիտական կարևոր հմտություններ, ունենում փորձ, որ անփոխարինելի է հետագա մասնագիտական զարգացման համար:

Ներկայացման ավարտից հետո դեռևս պետք չէ ավարտված համարել արված աշխատանքները: Մասնակիցները կարող են դիտել ներկայացումը, քննարկել արդեն հանդիսատեսի աչքով. ի՞նչն էր ստացված, ազդեցիկ, գեղեցիկ, ի՞նչը չստացվեց և ինչո՞ւ, ի՞նչն արժեր փոփոխել: Կարևոր է ներկայացման ասելիքի քննարկումը. որքանո՞վ հասավ հանդիսատեսին: Բեմադրության փորձերի քանակը դեռ չի երաշխավորում ներկայացման հնարավոր «սայթաքումները». Լինում են և խոսքերը կամ որոշ գործողություններ հուզմունքից, լարումից մոռացող, շփոթվող սովորողներ. չէ՞ որ նրանք փորձառու դերասաններ չեն (թեպետ անգամ նրանք չեն ապահովագրված վրիպումներից). Այս դեպքում շատ կարևոր է կանխել սովորողի հետագա բարդույթավորումը, ինքնամեղադրական վերաբերմունքն ու ոգևորել նրան՝ ցույց տալով իր իսկ աշխատանքը, ներդրած ջանքերը:

Նկարահանված ներկայացումը հետագայում կարող է դառնալ ուսումնական նյութ այլ սովորողների համար:  Դիտելուց հետո կարող են բանավոր կամ գրավոր ներկայացնել, քննարկել, վերլուծել:

Այժմ դիտարկենք թատերական նախագծերի կարևորությունը հանդիսատես-սովորողի համար:

 Հանդիսատես-սովորողների համար թատերական ներկայացումն ունի կրթական, ուսուցողական դեր: Կարևոր է դիտումից հետո նաև հաջորդող փուլը՝ համակողմանի վերլուծման, քննարկման, որ նպաստում է նաև վերլուծական կարողությունների զարգացմանը, արվեստի գործերում թվացյալ մանրուքների կարևորմանը:

Կենսական պահանջ է զանգվածային մշակույթի արտադրանքի ակտիվ սպառման դարաշրջանում թատերական արվեստի հանդեպ սերն ու ուշադրությունը պահպանելը, մեծացնելը, սովորողին դեպի թատրոն ու գրադարան ուղղորդելը, արվեստին կապելն ու բարձր արվեստը գնահատել սովորեցնելը:

Հանդիսատես-սովորողի անհատականության ձևավորման վրա թատրոնն ունի մեծ դաստիարակչական ազդեցություն իր «հայելային առանձնահատկությամբ», դիտողականության հնարավորություններով, որոնց շնորհիվ հանդիսատեսն իրեն է տեսնում, հասնում ինքնավերլուծման, ինքնաճանաչման, ինքնաշտկման:

Ե´վ ներկայացման մասնակցի, և´ հանդիսատես-սովորողի համար թատրոնը նաև ձևավորում, զարգացնում է լսելու կարողությունը: Դիմացինին ուշադրությամբ լսելու, նրան, խոսքային շապիկով նրա մատուցածը համակողմանիորեն ընկալելու հնարավորությունները զարգացվում են ու նպաստում հաղորդակցական հմտությունների կարգավորմանը, աճին:

Թատերական նախագծերը տարատարիք սովորողների համատեղ աշխատանքի, սովորող-սովորեցնող ձևաչափի աշխատանքների լայն հնարվորություններ են ստեղծում:

Դպրոցական ներկայացումների հանդիսատեսների շարքում շատ են լինում ծնողներ, ինչը թույլ է տալիս գրական թատրոնը նաև ընտանիք տանելու, ընտանեկան քննարկման նյութ դարձնելու:

Սովորողների համար կարևոր է ձևավորել թատրոնի հանդիսատես լինելու սովորությունը, թատրոն այցելելու մշակույթը, կարևորությունը: Դա կարելի է անել՝ նաև տարբեր, ոչ միայն դպրոցական թատրոններ այցելելով, թատերական խմբերի հյուրընկալմամբ, հանդիսատեսի դերում նրանց աշխատանքի գնահատմամբ:

Դասավանդողի համար ևս գրական թատրոնի կազմակերպումը անփոխարինելի ձեռքբերում է, սեփական կազմակերպչական, ստեղծագործական առանձնահատկությունների ներկայացման, զարգացման ստուգատես: Ամեն հաջորդ ներկայացում նախորդների փորձով ավելի հարուստ, հետաքրքիր, հասուն կարող է դառնալ: Դասավանդողն իրեն շարունակ փորձում է՝ թատերական ներկայացումների տարբեր ձևաչափեր փորձարկելով, նորարար գաղափարներ իրականություն դարձնելով, չստացվածի պատճառները գտնելով ու շտկելով:

Բեմադրության փորձերի ժամանակ ամեն դերասանի հետ աշխատանքի ժամանակ դասավանդողը նաև բեմադրիչ է, դերասան, որ փորձում է մտահղացումները փոխանցել սովորողին, ցույց տալ խոսքի, հույզի կարևորությունը, մատուցման ձևը:

ԳԼՈՒԽ 2

ԳՐԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ  «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում թատրոնը վաղուց է ապրում, զարգանում: Մենք կրթահամալիրային բեմերում, վերնատներում, բաց տարածքներում կենդանի ենք պահում գրական թատրոնն իր տարբեր դրսևորումներով՝ ստվերի թատրոն, տիկնիկային թատրոն, ռադիոթատրոն, ընտանեկան, երաժշտական, փիլիսոփայական  և բազմապիսի այլ ներկայացումներ, թատերականացված ընթերցումներ: Ունենում ենք հայերեն ներկայացումներ՝ արևմտահայերեն և արևելահայերեն, բարբառային, օտարալեզու ներկայացումներ՝ կրթահամալիրում գործող ընտրությամբ գործունեության խմբերի նախաձեռնությամբ և ոչ միայն, բազմալեզու ներկայացումներ, օրինակ՝ ռուսերեն և իսպաներեն:

Թատրոնի ուսուցողական դերը հանդիսատես-սովորողի համար ապահովում ենք՝ թատրոններ այցելություններով, թատերական խմբակներ հյուրընկալելով, դպրոցական ներկայացումներ բեմադրելով: Թատրոնն ակտիվ գործում է կրթահամալիրային բոլոր օղակներում: Թատերական բաղադրիչները մանկապարտեզային խմբերի  ու դպրոցական տարատարիք սովորողների գործունեության մասն են, ուրբաթ-համերգների, ծիսական տարբեր տոնակատարությունների բաղադրիչը:

Հայերեն գրական թատրոնը չի սահմանափակվում միայն գրական արևելահայերեն ներկայացումներով. Ունենում ենք նաև արևմտահայերեն, բարբառային ներկայացումներ, որ և´ սովորող-մասնակցի, և´ սովորող-հանդիսատեսի համար ուսուցողական լայն հնարավորություններ ունեն:

Արևմտահայերենը կրթահամալիրում հայերենի ուսուցման կարևոր բաղադրիչ է՝ արևմտահայերեն ընթերցումներով, լեզվական, ֆլեշմոբային առաջադրանքներով, արևմտահայերեն խոսող սովորողների կողմից սովորող-սովորեցնող ձևաչափի աշխատանքներով, արևմտահայերենի ուսուցիչների կատարած աշխատանքներով: Արևմտահայերեն խոսքի պահպանման, հանրայնացման խնդիրը որոշակիորեն կարող է լուծվել արևմտահայերեն թատրոնով, որ ևս գործում է մեզ մոտ մեր դասավանդողների, սովորողների, կրթահամալիրի բարեկամ-հյուրերի ակտիվ մասնակցությամբ ու մեծ ջանքներով:

Կրթահամալիրում արևմտահայերենի արդյունավետ, տպավորիչ աշխատանոց ստեղծեց «Նոր Յառաջ» թերթի խմբագիր, բեմադրիչ Ժիրայր Չոլաքյանը՝ սեբաստացի սովորողների թատերական խմբով: Աշխատելով միջին և ավագ դպրոցների սովորողների հետ՝ նա բեմադրեց արևմտահայերեն ներկայացումներ՝ մշակելով մասնակիցների թատերախաղի հմտություններն ու արևմտահայերեն բանավոր խոսքը: Իհարկե, արևմտահայերենի հետ հաղորդակցման տեսանկյունից՝ կարևոր էր նաև հանդիսականների ներկայությունն ու նախագծի շուրջ ոգևորությունը:

Բարբառային ներկայացումները ժողովրդախոսակցական լեզվի համն ու հոտը ներկայացնելու հետաքրքիր տարբերակ են: Միշտ սիրելի են հատկապես ժողովրդական հեքիաթների թատերական մատուցումները:

Ընտանեկան թատրոնները կրթահամալիրի կյանքում հատկապես մեծ թափ առան համավարակի օրերին՝ առցանց-հեռավար ուսուցման շրջանում՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին, նրանց ստեղծական, կրթական հնարավորությունները:

Ընտանեկան թատրոնների դերը կարևորվում է դեռևս նախադպրոցական, մանկապարտեզային տարիքից: Դրա շնորհիվ ընտանիքի անդամների միջև ամրանում է ապրումակցումը, համագործակցությունը, փոխօգնությունը: Դա նաև ընտանեկան ժամանցի ուսուցողական, արդյունավետ տարբերակ է:

Ռադիոթատրոնները վաղուց գործում են՝ զարգացնելով բանավոր խոսքի մատուցման հմտությունները: Քանի որ այս ձևաչափը ենթադրում է միայն բանավոր խոսքով ամբողջ ասելիքի մատուցումը, աշխատանքը բավական մեծ է. պետք է անհրաժեշտ ձևով մշակել խոսքը, շեշտադրումները, տոնը, խոսքի  հնչերանգային տարբեր դրսևորումները:

Օտարալեզու և բազմալեզու ներկայացումները օտար լեզվով բանավոր խոսքի զարգացման, կատարելագործման, լեզվի գեղեցկության ներկայացման արդյունավետ հարթակներ են: Այսպիսի ներկայացումների ժամանակ հաճախ ներկայացվում է ոչ միայն տվյալ ազգի լեզուն, այլև մշակույթը, ավանդույթներն ու հետաքրքրաշարժ առանձնահատկությունները:

Թատերական ներկայացումների մյուս՝ անչափ կարևոր կողմերից է համագործակցային հնարավորությունների հարթակ լինելը: Կրթահամալիրում գործում են բազմաթիվ լաբորատորիաներ, որոնց հետ թատերական խմբի համագործակցության բազմաթիվ ու բազմապիսի հնարավորություններ կան: Օրինակ՝ երաժշտական ներկայացումները կամ ներկայացումների երաժշտական ձևավորումն ապահովելու համար բեմադրողը կամ բեմադրողները կարող են համագործակցել երաժիշտ դասավանդողների, սովորողների, ծնողների հետ: Ունենք ձայնագրման ստուդիա, որտեղ կարող ենք բեմադրության համար անհրաժեշտ ձայնագրություններ անել:

Համագործակցության դաշտը շատ մեծ է՝ տեխնոլոգներ, թվային նկարչության, նկարչության, դիզայնի, կինո-ֆոտո խմբի և այլ գործունեություն իրականացնող տարբեր մասնագետներ: Տեխնոլոգների օգնությամբ սովորողները ստանում են բեմական անհրաժեշտ պարագաները, կար ու ձևի դիզայնի՝ ընտրությամբ գործունեության խմբի օգնությամբ՝ բեմական հագուստները, կինո-ֆոտո խմբի սովորողներին կարելի է դիմել նկարահանման, լուսաբանման համար:

Թատերականաված ընթերցումները հայտնի ձևաչափ են, սակայն դպրոցներում հաճախ չեն հանդիպում: Մենք տարբեր, այդ թվում՝ օրացուցային նախագծերով ուսումնասիրվող հեղինակների երկերը կարող ենք ներկայացնել նման ձևաչափով՝ որպես արված աշխատանքների ստուգատես-ամփոփումներ:

Սովորողի թատրոն: Սովորողի թատրոնը կրթահամալիրում գործում է առավելապես միջին և ավագ դպրոցներում՝ որպես ինքնակրթության, ինքնազարգացման և սովորող-սովորեցնող ձևաչափի հարթակ: Սովորողի թատրոնը և´ խմբակային գործունեություն ունի՝ ավագ դպրոցում ընտրությամբ գործունեության խմբով, և´ անհատական նախաձեռնություն կարող է դառնալ՝ սովորողի անհատական նախագծի սահմաններում:

Սովորողի թատրոնը անհատական նախագծերի, ինքնակրթության հիանալի ստուգատես է, որ ցույց է տալիս նաև սովորողների համախմբվածությունը, պատրաստակամությունը, պատասխանատվությունն ու հետաքրքրվածությունը թատերական արվեստով:

Մենք մայիս-հունիսին ևս ունեցանք նմանատիպ գեղեցիկ փորձ: Սովորող Միքայել Շվագիրն ու ընկերները երկու ներկայացում բեմադրեցին. մեկը՝ նվիրված Կաֆկայի կյանքին և գործունեությանը, մյուսը՝ ֆրանսիացի հայտնի էքզիստենցիալիստ գրողներին՝ Ժան Պոլ Սարտրին և Ալբեր Քամյուին: Այժմ էլ պատրաստվում են հունվարյան ճամբարին բեմադրել Ֆրիդրիխ Նիցշեին նվիրված ներկայացում:

Այո´, կրթահամալիրում գործող ուսումնական երկրորդ և չորրորդ շրջանները՝ ձմեռային և ամառային ճամբարներով, հիանալի հնարավորություն են գրական թատրոնի գործունեության, զարգացման համար: Ճամբարային առօրյայի մի մասը դառնում են սցենարի մշակումն ու բեմադրության փորձերը, մյուս մասը՝ տեխնոլոգիական գործունեությունը՝ բեմադրությանն անհրաժեշտ իրերի պատրաստմամբ, խոհանոցային գործունեությունը՝ հանդիսականների համար համեղ հյուրասիրության պատրաստմամբ: Իսկ ներկայացմանը հաջորդում են լուսաբանումն ու քննարկումը:

Ես՝ որպես դասավանդող, սիրում և կարևորում եմ դպրոցական թատրոնն իր բոլոր բաղադրիչներով և ուսումնական տարբեր աշխատանքներին զուգահեռ՝ աշխատում եմ պահել սովորողների աշխուժությունն ու մասնակցությունը թատրոնին: Աշխատում ենք բաց չթողնել դպրոցական ներկայացումները: Ընդ որում, կրթահամալիրում սիրում ենք հյուրընկալել թատերական տարբեր խմբեր, դիտել նրանց ներկայացումները, քննարկել:

Սովորողների հետ հետևում ենք ոչ միայն դպրոցի, այլև քաղաքային թատրոնների գործունեությանը, խաղացանկերին: Թատրոն այցը դարձնում ենք որևէ նախագծի համալրիչ բաղադրիչ, օրինակ, Օ Հենրիի նովելների ընթերցանությունից, ուսումնասիրությունից, քննարկումից հետո Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում դիտեցինք գրողի հինգ նովելների բեմականացումից կազմված «…Եվ նորից գարուն» ներկայացումը: Դիտմանը հաջորդեց քննարկում-ամփոփումը: Սովորողները սիրով են այցելում թատերական ներկայացումների՝ դրանք հաճախ կարևորելով ու նախընտրելով կինոթատրոններից ու ժամանցային այլ վայրերից, ինչը ևս, կարծում եմ, կրթահամալիրային միջավայրի, թատրոնի հանդեպ վերաբերմունքի շնորհիվ է:

Գրական թատրոնի հանդեպ սերը ստիպում է շարունակ նոր գաղափարներով հանդես գալ, գործել, նոր ներկայացումներ բեմադրել: Ներկայացում բեմադրելու իմ առաջին փորձը «Նոր Անահիտ կամ հեքիաթ քշվածները» ներկայացման բեմադրումն էր: Սցենարի ստեղծմանը մասնակցել էին սովորողները՝ ստանալով Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի նոր տարբերակ՝ ժամանակակից տարրերով: Հագուստն ու անհրաժեշտ իրերը փնտրել, գտել էին սովորողները: Ներկայացումը մեզ համար հատկանշական էր նաև նրանով, որ ուներ բարեգործական հանգականության նպատակ: Հանդիսականներին հյուրասիրվեցին սովորողների պատրաստած բլիթները՝ բարբառային օրհնանքներով:

Անցած տարի՝ դեկտեմբերին, բեմադրեցինք ամանորյա ներկայացում՝ «Պապը և խաղալիքների խանութի աղջիկը», որին իմ մասնակցությունն ավելի քիչ էր, քան նախորդ ներկայացմանը: Սիրելի է փաստը, որ ամեն ներկայացում գալիս է՝ փաստելու սովորողների շարունակական ինքնուրույնանալը, ինքնակրթության, ինքնազարգացման, ինքնակազմակերպման հասնելը:

Վերջին փաստի վառ դրսևորում դարձան վերը հիշատակված երկու ներկայացումները՝ սովորողների կողմից բեմադրված, որոնց բեմադրման աշխատանքներում ես արդեն համեստ օգնականի դերում էի: Ձմեռային ճամբարի ներկայացմանն արդեն կայցելեմ՝ որպես հանդիսատես:

Նախատեսում եմ նաև համագործակցային՝ հայերեն-իսպաներեն ներկայացում իսպաներենի ընտրությամբ գործունեության խմբի հետ: Ամանորյա ներկայացում ևս կհասցնենք բեմադրել և ուրախանել շատերին:

ԳԼՈՒԽ 3

ԳՐԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՆՐԱՅՆԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

 Գրական թատրոնի կազմակերպումն ու գործունեությունն ամբողջական են դառնում հանրայնացման մեջ:

Գրական թատրոնը պետք է բաց լինի ցանկացողի առջև: Մենք ներկայացումներից առաջ սոցցանցերի, կրթահամալիրի կայքի, ենթակայքերի, բլոգների, տեղեկատվական թերթոնների միջոցով հնարավորինս հանրայնացնում ենք թատերական նախագծերը, դարձնում հասանելի հետաքրքրվող թատերասերին: Մեր ներկայացումների հանդիսականների թվում միշտ իշխում է տարատարիքությունը՝ սովորողներ, ծնողներ, բարեկամներ, հրավիրված հյուրեր, այլ ցանկացողներ:

Ներկայացումների հասանելիությունն ապահովում ենք նաև ուղիղ եթերով հեռարձակումների, ակտիվ լուսաբանումների, յություբյան տեսանյութերի շնորհիվ: Այնպես որ, եթե որևէ թատերասեր այս կամ այն պատճառով բաց է թողել որևէ ներկայացում դիտելու հնարավորությունը, կարող է ուղիղ եթերի, յություբյան հարթակի կամ համացանցային այլ աղբյուրի միջոցով լրացնել բացթողումը: Մենք ապահովում ենք նաև գրական թատրոնի հասանելությունը մեդիահարթակում:

Մեր դասավանդողներն ունեն տարիների փորձ՝ ներկայացումներն անիվների վրա փոխադրելու, այլ սովորողների ու ցանկացողների հասանելի դարձնելու համար: Օրինակ, արևմտահայ թատրոնի մեր ներկայացումներից մեկը՝ «Երուսաղէմին մէջ» ներկայացումը, բեմադրվեց նաև Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում, ինչու ոչ՝ հարևան դպրոցներից մեկում՝ բացելով տեղի սովորողների համար արևմտահայ թատրոնի հնարավորությունները:

Մեր ներկայացումները բաց, ազատ են նաև տարածքի ընտրության տեսանկյունից: Թատերական խաղի տարածք կարող են դառնալ դառնալ ոչ միայն բարձր բեմերը, այլև բաց, ազատ, լուսավոր տարբեր սրահներն ու բացօթյա տարածքները:

Գրական թատրոնի հանրայնացմանն ուղղված աշխատանքները զգալիորեն կաշխուժացնեն գրական, մշակութային կյանքն ու  կնպաստեն թատրոնի զարգացմանը:

Այսօր հանրակրթական ամենատարբեր դպրոցներում, այլ կրթական, մշակութային հաստատություններում բեմադրվում են տարաբնույթ ներկայացումներ, որ հաճախ անվճար են, հասանելի ցանկացողին, սակայն բաց, հանրային չլինելու պատճառով մնում են միայն որևէ խմբինը ու չեն տարածվում:

Թատերական և մշակութային այլ նախաձեռնությունները, եթե հնարավորության սահմաններում բաց, հասանելի, հանրային լինեն, կմեծանա հետաքրքրությունը մշակույթի, արվեստի հանդեպ, գրական թատրոնը կընդլայնվի, ավելի կզարգանա:

Կրթահամալիրի փորձը ցույց է տալիս, որ գրական թատրոնի հանրայնացումն ու տարածումը չի վնասում ստեղծողին, այլ ավելին, օգնում է այն ավելի շատ մարդկանց հասցնել, ավելի շատ մարդկանց կրթել, իրազեկել, հաճելի, հասանելի դարձնել: Համացանցային դարաշրջանում դպրոցներում թատերական, մշակութային նախաձեռնությունների բաց չլինելը չի կարող հիմնավորվել ֆինանսական խոչընդոտներով:

Սովորողի ոգևորությունը պետք է հասնի ընտանիք, ընտանիքից էլ այն կողմ տարածվի: Կրթական նմանատիպ նախաձեռնությունների տարածմանը խանգարող լուրջ, տեսանելի խնդիրներ չկան, բայց երկրի մշակութային կյանքում արդյունքները դեռ շոշափելի չեն:

Թատրոնը հանրայնությամբ է շնչում ու ապրում, հանդիսատեսի համար է, կրթելու ու զարգացնելու, դեպի գրականությունը, արվեստը ուղղորդելու, մշակույթի հանդեպ սերը մեծացնելու: Դրան հասնելը կլինի գրական թատրոնի մեծ ձեռքբերումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Գրական թատրոնի պահպանման, զարգացման գործում դպրոցական հաստատություններն ավելի ակտիվ կարող են գործել:
  • Թատերական տարբեր ձևաչափերը, օտարալեզու թատրոնները, եթե անգամ գործում են կրթական հաստատություններում, ունեն հանրայնացման խնդիր:
  • Արևմտահայ թատրոնը, ինչպես և արևմտահայերենը, վտանգված է, թույլ է գործում, մինչդեռ կրթական հաստատություններում բավարար ուշադրության չի արժանանում:
  • Չնայած նրան, որ թատերական նախագծերը հանրայնացնելը մեծ ջանքեր այսօր չի պահանջում, մեր մշակութային կյանքում կա բաց նախաձեռնությունների, դրանց հանրայնացման խնդիրը:
  • Գրական թատրոնի հանդեպ ուշադրությունը մեդիահարթակի շնորհիվ կարելի է ավելի ակտիվացնել ու զարգացնել:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Հենրիկ Հովհաննիսյան, Բեմական խոսքի պոետիկան, Երևան, 1973 թ., 245 էջ:
  • Հենրիկ Հովհաննիսյան, Դերասանի արվեստի բնույթը: Էսթետիկական քննություն, Երևան, 2002 թ., 366 էջ:
  • Հենրիկ Հովհաննիսյան, Թատրոն. Հին և նոր արժեքներ, Երևան, 1986 թ., 296 էջ:
  • Гребенкин А., Театральная педагогика вчера и сегодня.
  • Ольга Григорьева: Школьная театральная педагогика. Учебное пособие.
  • Цукасова Л.В., Волков Л.А.,Театральная педагогика: Принципы, заповеди, советы

[1] Гребенкин А., Театральная педагогика вчера и сегодня, стр. 1.

[2] Հովհաննիսյան Հ., Դերասանական արվեստի բնույթը. Էսթետիկական քննություն, Եր., 2002 թ., էջ 158: