«ԳիտՍԵՐունդ» ծրագրին նվիրված համաժողովի բացմանը

Հայաստանի ամերիկյան համալսարանում մարտի 7-ին մեկնարկեց «Ակտիվ ուսումնառությունը ԳիտՍԵՐունդի հետ» խորագրով ուսուցչական համաժողովը: Համաժողովի աշխատարանին մասնակցեցինք նաև մենք՝ սեբաստացի մի խումբ դասավանդողներ և սովորողներ:

Համաժողովի բացմանը ներկայացվեցին նախագծի գաղափարի առաջացման շարժառիթները, նպատակները, իրականացման մեխանիզմները, առկա և ակնկալվող արդյունքները:

Համաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր Կարին Մարկիդեսը: Մանրամասները՝ տեսանյութում:

«ԳիտՍԵՐունդ» ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել ԳՏՃՄ առարկաների դասավանդման և ուսումնառության փորձառությունը։ Այս նպատակին հասնելու համար ծրագիրն արդեն երրորդ տարին կազմակերպում է ուսուցչական աշխատարաններ և մշակում է նոր սերնդի ուսումնական նյութեր, որոնք ուղղորդում են ուսուցիչներին՝ իրենց առօրյա դասավանդման գործընթացում ակտիվ ուսումնառության մեթոդներն ու մոտեցումները լավագույնս կիրառելու համար։

Նորարարական մանկավարժությանն անցման ճանապարհի խոչընդոտը ֆինանսական հիմքը չէ: Ներկայացված մոտեցումներից շատերը մենք ևս կիրառում ենք մեր մանկավարժության մեջ. ծրագրին ծանոթանալն ինձ համար նախ դրանով էր գրավիչ: Դասարանական սեղան-աթոռների դասավորությունը վառ օրինակ էր: Դպրոցներում այսօր կիրառվող դասական դասավորությունը ներմուծվել է տասնիններորդ դարում՝ որպես կրթությունը համակարգային դարձնելու ճիգ, մինչդեռ այլ բան է պահանջում ժամանակակից մանկավարժությունը:

Սեբաստացի մի խումբ սովորողների հետ մասնակցեցի քիմիայի փորձարարական դասի. ինձ հետաքրքիր էր դասի կազմակերպման ձևաչափը: Նորից բազմաթիվ նմանություններ գտա մեր մոտեցումների հետ՝ աշակերտակենտրոն դաս, ակտիվ, կարծիքի հիմնավորման տանող քննարկման անհրաժեշտություն, անհատական մոտեցում և այլն: Դասին ներգրավված սովորողները սիրով աշխատեցին, մասնակցեցին քննարկումներին:

Կարծում եմ՝ բնագիտամաթեմատիկական առարակներ դասավանդող մեր գործընկերների ներգրավվածությունը ծրագրի աշխատարաններին միայն կօգնի զարգացնել նորարար դասի կազմակերպման հմտությունները, ինչու ոչ, կարող է դառնալ նաև փորձի փոխանակման լավ հնարավորություն:

Օգնող աղբյուրը՝ escs.am

Թողնել մեկնաբանություն