Հանդիպումներ կրտսեր ճամբարականների հետ

Հյուսիսային դպրոցի ճամբարականների հետ

Հունվարի 20-ին այցելեցինք Հյուսիսային դպրոցի «Խորոտ» ջոկատի կրտսեր ճամբարականներին՝ երրորդ դասարանցիներին: Ազնիվ Մանուկյանը մինչ մեր գալը հասցրել էր մեծ ոգևորություն փոխանցել սովորողներին՝ իրենց ընթերցասեր ավագ ընկերների հետ հանդիպման կապակցությամբ: Երբ տեղ հասանք, նրանք փայլփլուն ու հետաքրքրասեր աչուկներով դիմավորեցին մեզ:

Որոշեցինք, լինելով ընթերցասերներ, իրար գրքեր խորհուրդ տալ՝ պայմանով, որ անպայման պետք է կարդանք: Յուրաքանչյուրը ներկայացրեց սիրելի գիրքը՝ խորհուրդ տալով մյուսներին: Ընթացքում մեր ջոկատի ճամբարականները նաև ճիշտ ու արդյունավետ ընթերցանության համար կարևոր շեշտադրումներ արեցին՝ խորհուրդներ տալով ընկերներին:

Հանդիպումը եզրափակեցինք ավանդույթ դարձած ինտելեկտուալ խաղով, որ միջինցի ճամբարականները կազմակերպել էին իրենց կրտսեր ընկերների համար:

Սա լավ առիթ էր նոր ծանոթությունների, օգտակար ժամանցի ու նոր գաղափարների, նախագծերի ստեղծման: Հանդիպումների շարքը դեռ կշարունակվի նոր նախաձեռնություններով:

Արևելյան դպրոցի ճամբարականների հետ

Հունվարի 19-ի ճամբարային օրվա մի ժամը վաղուց որոշել էինք նվիրել կրտսեր ճամբարականներին՝ հագեցնելով ու ավելի հետաքրքիր դարձնելով մեր գործունեությունը: Մարինե Ամիրջանյանի հետ նախնական պայմանավորվածությամբ՝ այցելեցինք Արևելյան դպրոց-պարտեզ՝ մեր կրտսեր ընկերների հետ ծանոթանալու, զրուցելու, նրանց համար ինտելեկտուալ խաղ և հետաքրքիր քննարկում կազմակերպելու:

Մեր ջոկատի լրագրողների խումբը նախ ծանոթացավ ճամբարականների հետ, հայտնեց հանդիպման նպատակների մասին, խմբի անդամներն անհատապես ներկայացան: Կրտսեր ընկերներին խնդրեցինք բաժանվել թիմերի, ինչից հետո էլ սկսեցինք խաղը: Տրամաբանական հարցերին ոգևորությամբ պատասխանում էին, ուրախացնում ու ոգևորում իրենց ավագ ընկերներին մտքի ճկունությամբ: Բայց զարմանքն ավելի մեծ էր հետո, երբ սկսվեց երկրորդ փուլը՝ քննարկումը:

Լրագրողների խումբը ընտրել էր կարևոր ու արդիական թեմա՝ համակարգչային խաղերի ու մուլտֆիլմերի ազդեցությունը երեխաների վրա: Թեման ընտրել էին՝ կասկածելով, որ կարող է բարդ լինել կրտսերների համար, մինչդեռ վերջիններս, առանց իրար հերթ տալու, հիմնավորումներով, կշռադատված կարծիքներով զարգացրին թեման, ընդլայնեցին՝ հասցնելով խաղասրահների կործանարար ազդեցությանն ու խաղերի հետագա փուլերի վճարովի ծառայություններին:

Երբ ուզում էինք գոհ ու երջանիկ հեռանալ՝ հաջողություն մաղթելով կրտսեր ճամբարականներին, մեզ անակնկալ մատուցեցին, ինչ-որ տեղ էլ՝ վրեժխնդիր եղան՝ անելով հակառակը. իրենք ևս կազմակերպեցին ինտելեկտուալ խաղ ավագ ընկերների համար՝ բաժանելով թիմերի: Շնորհակալ ենք ընկեր Մարինեին ու մեր կրտսեր ընկերներին սիրուն հանդիպման համար:

Նախագիծը

Իրականացման ժամանակը՝ հունվարի 10-31

Հանդիպումների օրեր՝ հունվարի 19, 20

Համագործակցությունը՝ Մարինե Ամիրջանյանի, Ազնիվ Մանուկյանի հետ

Նպատակը՝ ճամբարային, ուսումնական գործունեություն կրտսերների հետ

Իրականացման ընթացքը.

  • Ինտելեկտուալ խաղերի հարցաշարի կազմում,
  • Բանավեճի թեմայի, ընթացիկ հարցերի նախապատրաստում,
  • Հեքիաթասացության նախապատրաստություն,
  • Համագործակցային հանդիպում կրտսեր սովորողների հետ,
  • Օրվա լուսաբանում բլոգներում, ենթակայքում, կայքում:

Արդյունքներ՝ լուսաբանումներ, պատումներ

Թողնել մեկնաբանություն