Ընթերցանություն

Ջոան Ռոուլինգ

Հրաշագործը և թռչկոտող կաթսան

Կար-չկար, մի բարի ու ծեր հրաշագործ կար։ Նա միշտ իր կարողություններն օգտագործում էր հմտորեն ու պատրաստակամորեն՝ երբեք չմերժելով ոչ մի հարևանի: Չցանկանալով բացահայտել իր զորության իրական աղբյուրը՝ ձևացնում էր, թե բուժիչ միջոցները, թուրմերը, կախարդական ըմպելիքները և հակաթույները իրենք իրենց են հայտնվում խոհանոցային կաթսայից, որին կոչում էր իր երջանիկ գդակը: Մարդիկ իրենց խնդիրներով նրա մոտ էին գալիս հեռուներից, իսկ ծեր հրաշագործը կաթսայի օգնությամբ վայրկենապես գործը ավարտին էր հասցնում:

Բոլորը սիրում էին բարի հրաշագործին: Ապրեց նա մինչ խոր ծերություն, իսկ հետո մահացավ՝ ողջ ժառանգությունը թողնելով միակ որդուն, որ իր բնավորությամբ լրիվ տարբերվում էր հորից: Նա այն կարծիքին էր, որ որ բոլոր նրանք, որոնք ունակ չեն հրաշագործության, ոչինչ չարժեն, ու հաճախ էր վիճում հոր հետ հարևաններին մշտապես օգնելու սովորության համար:

Հոր մահվանից հետո երիտասարդ հրաշագործը գտավ խոհանոցային, կախարդական կաթսայի մեջ կապոց, որի վրա գրված էր իր անունը: Ջահել հրաշագործը բացեց այն՝ հուսալով գտնել ոսկի, սակայն դրա փոխարեն հայտնաբերեց մի փափուկ տնային հողաթափ, այնքան փոքր, որ անհնար էր հանգնելը, դա էլ քիչ չէր՝ առանց զույգի: Հողաթափի մեջ մագաղաթի մի կտոր էր դրված հետևյալ խոսքերով. <<Հուսով եմ, տղա´ս, որ սա քեզ երբեք պետք չի գա>>։

Որդին նախատեց հորը, որ, ըստ իրեն, ծերությունից հավանաբար խենթացել էր: Նետելով հողաթափը՝ նա որոշեց օգտագործել նվիրական կաթսան աղբամանի տեղ:

Վիրավորված նրանից, որ հին կաթսայից բացի՝ իրեն էլ ոչինչ բաժին չհասավ, որդին թիկունք դարձրեց իր հարևաններից։ Շուտով հրաշագործի որդու մոտ սկսեցին հաճախել մարդիկ՝ իրենց տարբեր խնդիրներով։ Նախ եկավ մի տատիկ, որի թոռնուհու մոտ գորտնուկներ էին առաջացել։

-Ձեր լուսահոգի հայրը նրա համար հատուկ թուրմ էր պատրաստում այդ հին կաթսայի մեջ:

-Մի կո´ղմ քաշվիր,- գոռաց հրաշագործի որդին:-Ես ինչ գործ ունեմ ձեր գորտնուկների հետ:

Շրխկացնելով դուռը պառավի երեսին՝ նա լսեց տարօրինակ ձայն խոհանոցից։ Հոր կողմից կտակված կաթսայի վրա անսպասելիորեն ոտքեր էին աճել, և նա ամբողջովին ծածկվել էր գորտնուկներով։ Կաթսան, ահավոր աղմուկով ցատկոտելով, հետապնդում էր իր տիրոջը, և ոչ մի կախարդանք չէր օգնում նրանից ազատվելու հարցում։

Ապշահար հրաշագործը ցանկացավ մոտենալ դրան, բայց տհաճություն զգալով՝ միանգամից նահանջեց:

-Զզվելի է,-բղավեց նա:

Նախ փորձեց կաթսան վերացնել «Անհետացի´ր» կախարդանքով, հետո փորձեց մաքրել այն իր հրաշագործ զորությամբ, վերջում հուսահատ փորձեց ուղղակի դուրս շպրտել նրան իր տնից, բայց բոլոր փորձերն անհաջողության էին մատնվում:

Երբ հրաշագործը դուրս եկավ խոհանոցից, կաթսան հետևեց նրան, անգամ նրա հետևից բարձրացավ աստիճաններով՝ ամեն աստիճանին աղմուկով ցատկելով: Անտանելի աղմուկից երիտասարդ հրաշագործը ողջ գիշեր չկարողացավ աչք կպցնել. կաթսան նրա սենյակի հարևանությամբ անվերջ ցատկում էր ու աղմկում: Առավոտյան նույնը շարունակվեց:

Դուռը կրկին թակեցին: Մի զառամյալ ծերունի էր, որ կորցրել էր իր ավանակին։

-Մոլորվել է, կամ գողացել են, իսկ ես առանց նրա չեմ կարող ապրանքը շուկա հասցնել, ու այսօր ընտանիքս սոված կմնա:

-Իսկ ես հիմա էլ եմ սոված,-վրա տվեց կախարդն ու շրխկացրեց դուռը խեղճ ծերունու վրա:

Աղմուկ-աղաղակ բարձրացավ. կաթսան էր իր պղնձե ոտքով: Այժմ այդ աղմուկին էին խառնվել նաև ավանակի ու քաղցած մարդու ձայները:

-Լո´ւռ, ձա´յնդ,-բղավեց հրաշագործը, բայց ոչ մի մոգական ուժ չէր օգնում կաթսային լռեցնելու հարցում: Այն շարունակում էր ողջ օրը ցատկոտել տնով մեկ տիրոջ ետևից՝ ոչ մի քայլ բաց չթողնելով և ողջ ընթացքում գոռալով, աղմկելով:

Երեկոյան դուռը երրորդ անգամ թակեցին: Դռան շեմին կանգնած էր երիտասարդ գեղջկուհի և լալիս էր այնպես, որ սիրտը կտոր-կտոր էր լինում:

-Զավակս հիվանդացել է, վիճակը շատ վատ է: Օգնեք մեզ, խնդրում եմ: Ձեր հայրը միշտ ասում էր, որ ցանկացած հարցի դեպքում դիմենք իրեն:

Հրաշագործը դուռը նրա վրա էլ շրխկացրեց: Այդժամ պատժիչ կաթսան մինչև պռունկը լցվեց աղի արցունքներով, որոնք սկսեցին հեղել տունը: Կաթսան շարունակում էր աղմկել ու ցատկել տնով մեկ:

Այլևս ոչ ոք օգնություն չէր խնդրում հրաշագործից, բայց պատժիչ կաթսան նրան հաղորդում էր հարևանների հանդիպած բոլոր փորձանքների մասին, իսկ դրանք քիչ չէին: Ցատկոտան կաթսայի աղմուկին ավելացել էին մանկան լաց, շան ոռնոց և այլն:

Հրաշագործը չէր կարողանում քնել, սնվել սարսափելի կաթսայի պատճառով, որը ոչ մի կերպ իրեն հանգիստ չէր թողնում: Նրան անհնար է լռեցնել կամ դուրս վռնդել:

Վերջապես հրաշագործն էլ չդիմացավ: Գիշերվա կեսին դուրս թռավ տնից կաթսայի հետ և ողջ գյուղով մեկ բղավեց.

-Եկեք ինձ մոտ ձեր փորձանքներով և ցավերով: Ես բոլորիդ կբուժեմ, կզղջամ ու կօգնեմ, կմխիթարեմ: Հորիցս ինձ մնացել է մի մոգական կաթսա, թող բոլորիդ այն երջանկություն բերի:

Շնչակտուր վազում էր նա փողոցով՝ բուժիչ կախարդանք սփռելով աջ ու ձախ, իսկ կաթսան ցատկոտելով հետևում էր նրան:

Տներից մեկում քնած աղջնակի գորտնուկներն են անհետանում, մոլորված ավանակը վերադառնում է տիրոջ մոտ, հիվանդ երեխային օգնում է բուժիչ թուրմը. առավոտյան նա արթնանում է վարդագույն այտերով, առողջ ու զվարթ:

Հրաշագործը բոլոր ուժերով ջանում էր, դրան զուգահեռ կաթսան դառնում էր անաղմուկ, մաքուր ու փայլուն: Մայրամուտին հրաշագործը հարցրեց.

-Դե ի´նչ, կաթսա´:

Կաթսայից դուրս թռավ փափուկ հողաթափ ու հիանալի տեղավորվեց նրա պղնձե ոտքին: Հրաշագործի հետ նրանք տուն վերադարձան: Կաթսան հանգստացել էր. էլ չէր աղմկում:

Այդ օրվանից հրաշագործը հոր օրինակով միշտ օգնում էր գյուղի բնակիչներին, քանի որ արդեն վախենում էր, որ կաթսան նորից կհանի իր հողաթափն ու կսկսի աղմկել ու ցատկոտել ողջ տնով մեկ:

Թարգմանությունը՝ 7-2 դասարանի սովորող Նանե Խաչատրյանի

Թողնել մեկնաբանություն