Ինչ սովորեցրին առաջադրանքները. գոյական անուն, գոյականի տեսակները, թիվը

Գոյական` բառ, որը ցույց է տալիս առարկա (անձ, տեղ, իր կամ գաղափար)։

Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ Գոյական եզրույթը գոյ արմատից է, որը նշանակում է «կա, է, գոյություն ունի»։ Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն՝ առարկա ցույց տվող բառերը։ Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝ բժիշկբուժումմուրճհոդված։ Այսպիսով՝ գոյական են համարվում առարկա և առարկայական հասկացություններ ցույց տվող բառերը։

Գոյականի տեսակները

Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • Հասարակ և հատուկ գոյականներ
  • Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ
  • Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ
  • Շնչավոր և անշունչ գոյականներ
  • Անորոշ և որոշյալ գոյականներ

Հասարակ և հատուկ գոյականներ

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, օրինակ` աղջիկ, մարտ, գյուղ և այլն:

Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն կամ հատուկ գոյական, օրինակ` Աննա, Հայկ, Հայաստան, Աղստև և այլն:

Հատուկ անուններ են՝

  • Անձնանունները
  • Տեղանունները
  • Կենդանիներին տրվող անունները
  • Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները

Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ

Նյութական գոյականներն անվանում են բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ…

Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ,  բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ….

Վերացական գոյականները նյութական մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս երևույթներ (բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։ Վերացական գոյականներն անվանում են վերացական հասկացողություններ, որոնք մարդկային մտածողության արդյունք են՝ սեր, ատելություն, վախ, ցավ…

Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ

Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականն են մյուս բոլոր գոյականները։

Շնչավոր և անշունչ գոյականներ

Շնչավոր առարկա են համարվում մարդ նշանակող գոյականները, որոնք կարող են լինել՝

  • հատուկ անուններ (Հռիփսիմե, Իշխան և այլն)
  • հասարակ անուններ (մարդ, հայր, տղա, կին, զինվոր)

Շնչավոր առարկաները կամ անձ ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ո՞վ, ո՞ւմ, ումի՞ց, ումո՞վ հարցերին։

Գոյականի թիվը

Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս եզակի, մասնավոր առակա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես, ինչպես՝ ծառտղա։ Բառի ուղիղ ձևն է։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ՝ ծառերտղաներ։ Կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով։ Միավանկ բառերին ավելանում է եր վերջավորությունը, իսկ բազմավանկներին՝ ներ-ը։

Շեղումներ կանոնից
  • Մի շարք գրաբարյան բառեր հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով ներ վերջավորությունը։

Դրանք են՝ բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ բառերը։

  • Կին-կանայք, մարդ-մարդիկ, պարոն-պարոնայք
  • Բաղադրյալ գոյականները, որոնց վերջին բաղադրիչը միավանկ արմատ է, երկու ձևով են հոգնակի կազմում: Եթե այդ միավանկ արմատը գոյականի իմաստ ունի (օրինակ՝ դաշտավայր, հեռագիր), ավելանում է –եր  վերջավորություն: Իսկ եթե բառավերջի միավանկ արմատը  բայարմատ է (օրինակ՝ ժամացույց, վիպագիր), ավելանում է ներ վերջավորությունը:
  • Եթե մեկուկես վանկանի բառի կես վանկը գտնվում է բառասկզբում, ապա ավելանում է -ներ։ Օրինակ՝ բը-ժիշկ-ներ։ Իսկ եթե մեկուկես վանկանոց բառի կես վանկը գտնվում է բառավերջում, ապա ավելանում է -եր։ Օրինակ՝ կայ-սըր-եր։

Գոյություն ունեն նաև գոյականների անեզական և անհոգնական խմբեր։

Թողնել մեկնաբանություն