Մայրենի, 6-1, 5.11.2019

Գրիմ եղբայրներ

Սպիտակաձյունիկը

Ձմռան մի օր թագուհին բաց պատուհանի մոտ կար էր անում, հանկարծ ասեղը մատը ծակեց, և կարմիր արյան մի քանի կաթիլ ընկան սպիտակ ձյան վրա։ Թագուհին անչափ հավանում է սպիտակի և կարմիրի համադրությունը և ինքն իրեն ասում. «Երանի ես աղջիկ ունենամ, ով ձյան պես սպիտակ մաշկ կունենա, արյան պես կարմիր շուրթեր, և նրա մազերը կլինեն այս պատուհանի սև շրջանակի պես սև»։ Շուտով թագուհին աղջիկ է ծնում՝ ձյան պես սպիտակ մաշկով, արյան պես կարմիր շուրթերով և էբենոսափայտի պես սև մազերով։ Նրան անվանում են «Սպիտակաձյունիկ»։ Ցավոք, երեխայի ծննդից հետո թագուհին մահանում է: 

Մեկ տարի անց թագավորը նոր կին է բերում։ Այս կինը գեղեցիկ էր, բայց գոռոզ։ Նա մի կախարդական հայելի ուներ, ամեն օր կանգնում էր դրա առաջ և հարցնում, թե ով կա աշխարհում իրենից գեղեցիկ։ Հայելին պատասխանում էր, որ իրենից ավելի սիրուն չկա մեկը։ Թագուհին բավարարվում էր, որովհետև հայելին երբեք չէր ստում։ Սպիտակաձյունիկը մեծանում էր և գնալով ավելի ու ավելի գեղեցկանում։ Երբ նա դառնում է 7 տարեկան, էլ ավելի է գեղեցկանում, թագուհուց ավելի։

Մի անգամ, երբ թագուհին հարցնում է իր հայելուն, թե ով կա աշխարհում իրենից գեղեցիկ, հայելին պատասխանում է. «Կասկած չկա, դու սիրում ես, տիրուհի, բայց ձեր փոքրիկ Սպիտակաձյունիկը հազար անգամ գեղեցիկ է ավելի»: 
Այս լսելով՝ թագուհին ապշում է, այնուհետև ատելությամբ ու նախանձով է լցվում Սպիտակաձյունիկի նկատմամբ։ Մի օր թագուհին իր որսորդներից մեկին հրամայում է աղջկան տանել մութ անտառ և այնտեղ սպանել նրան։ Որպես նրա մահվան ապացույց որսորդը պետք է բերեր Սպիտակաձյունիկի թոքերն ու լյարդը։ Որսորդը տանում է աղջկան անտառ, բայց երբ պետք է հաներ դանակն ու սպաներ, Սպիտակաձյունիկը սկսում է աղաչել, որ չսպանի իրեն, ասում է, որ կփախչի անտառի խորքերը, և երբեք չի վերադառնա։ Որսորդը մտածում է, որ միևնույն է, շուտով վայրի գազանները կհոշոտեն նրան, իսկ այսպես գոնե ինքը չի սպանի աղջկան ու խիղճը հանգիստ կլինի։ Սպիտակաձյունիկը փախչում է, իսկ որսորդը մի կենդանի է սպանում, նրա թոքերն ու լյարդը բերում է թագուհուն, թագուհին դրանք եփել է տալիս և ուտում։

Մի քանի օր անտառում թափառելուց հետո Սպիտակաձյունիկը մի փոքրիկ խրճիթ է գտնում, որը պատկանում է յոթ թզուկներին։ Քանի որ որևէ մեկը խրճիթում չկար, Սպիտակաձյունիկը ուտում է նրանց ուտելիքից, խմում է նրանց գինուց, փորձում նրանց բոլորի մահճակալները և քնում վերջին՝ յոթերորդ մահճակալի վրա։ Երբ թզուկները վերադառնում են տուն, նրանք միանգամից հասկանում են, որ որևէ մեկը մտել է տուն, որովհետև ամեն ինչ այնպես չէր, ինչպես նրանք թողել էին։ Այնուհետև նրանք գտնում են քնած Սպիտակաձյունիկին։ Վերջինս արթնանալով պատմում է նրանց իր գլխի եկածը։ Թզուկները խղճում են աղջկան և թույլ տալիս ապրել իրենց հետ՝ այն պայմանով, որ նա պետք է տան գործերը անի։ Նրանք նաև զգուշացնում են աղջկան, որ երբ իրենք տանը չեն լինում, նա շատ զգույշ լինի։ Միևնույն ժամանակ թագուհին կրկին հարցնում է իր հայելուն, թե ով է աշխարհում ամենագեղեցիկը։ Հայելին պատասխանում է. «Ի՜նչ խոսք, սիրուն ես, տիրուհի՛, բայց ձեր փոքրիկ Սպիտակաձյունիկը՝ յոթ սարերի հետևում, յոթ թզուկի խրճիթում, գեղեցիկ է ավելի»։ Թագուհին կատաղում է, երբ հասկանում է, որ որսորդն իրեն խաբել է, և Սպիտակաձյունիկը կենդանի է։

Թագուհին մտածում-մտածում է, թե ինչպես կարող է աղջկա հախից գալ։ Այնուհետև այն կերպարանափոխվում է՝ վերածվելով չարչի կնոջ։ Չարչու կերպարանքով թագուհին հասնում է թզուկների խրճիթը, տեսնելով Սպիտակաձյունիկին, առաջարկում է մետաքսից պատրաստված քուղեր։ Աղջիկը, կարծելով, որ պատկառելի կին է, հավատում է և տուն թողնում, չարչին էլ իր հերթին առաջարկում է քուղավորել նրան, բայց այնպես արագ ու ձիգ է քաշում քուղերը, որ Սպիտակաձյունիկը շնչահեղձ է լինում ու ընկնում հատակին։ Երբ թզուկները վերադառնում են, արձակում են Սպիտակաձյունիկի քուղերը, նա սկսում է կամաց-կամաց շնչել ու ուշքի գալ։ Հաջորդ օրը թագուհին հայելու միջոցով իմանում է, որ Սպիտակաձյունիկը փրկվել է։ Այս անգամ նա կերպարանափոխվում է, որպես սանր վաճառող և աղջկան սանր է նվիրում։ Նա սանրում է աղջկա մազերը թունավոր սանրով։ Հենց սանրը կպչում է նրա մազերին, թույնը ներգործում է, և Սպիտակաձյունիկն անշնչացած ընկնում է։ Այս անգամ նույնպես թզուկների շնորհիվ փրկվում է։

Հաջորդ օրը թագուհին կրկին հայելուց իմանում է, որ Սպիտակաձյունիկը ողջ է։ Նա կատաղությունից սկսում է դողալ և ասում, որ կյանքի գնով էլ լինի, Սպիտակաձյունիկը պետք է մեռնի։ Նա սև կախարդանքով թունավոր խնձոր է ստեղծում։ Կերպարանափոխվում է գյուղացու և գնում թզուկների խրճիթը։ Աղջիկը սկզբում տատանվում է, կասկածում, այնուհետև թագուհին կիսում է խնձորը, և ուտում սպիտակ(անվնաս) մասը, Սպիտակաձյունիկը, տեսնելով, որ վտանգ չկա, վերցնում է մյուս՝ կարմիր(թունավոր) կեսը։ Հենց որ կծում է, անշնչացած ընկնում է։ Այս անգամ թզուկները չեն կարողանում փրկել աղջկան, քուղերն արձակում են, մազերը սանրում, ջրով ու գինով լվանում, բայց Սպիտակաձյունիկը ոչ մի կերպ չի արթնանում։ Նրանք կարծում են, որ նա մահացել է, և նրան պառկեցնում են ապակե դագաղի մեջ։ Իսկ թագուհին վերջապես գոհանում է հայելու պատասխանով։ Մի անգամ մի արքայազն ճանապարհորդում է անտառով։ Տեսնելով Սպիտակաձյունիկի դագաղը՝ նա սիրահարվում է ու ասում թզուկներին, որ դագաղը տան նրան, և նա փոխարենը ամեն ինչ կտա։ Բարի թզուկները խղճում են արքայազնին և համաձայնվում։ Ծառաները դագաղը տանում էին ուսերի վրա, խոտերի վրա փոքր-ինչ ցնցվելու պատճառով աղջկա կոկորդում մնացած խնձորի կտորը դուրս է գալիս, և նա արթնանում է։ Արքայազնը ուրախանում է ու առաջարկում Սպիտակաձյունիկին դառնալ իր կինը։ Վերջինս համաձայնվում է։ Զույգն իրենց հարսանիքին հրավիրում են բոլոր թագավորներին ու թագուհիներին՝ Սպիտակաձյունիկի խորթ մորը նույնպես։ Մինչ այդ թագուհին, կարծելով, որ աղջիկը մեռած է, հարցնում է իր հայելուն, թե ով կա իրենից գեղեցիկ։ Հայելին պատասխանում է. «Կասկած չկա, դու սիրուն ես, տիրուհի՛, բայց երիտասարդ թագուհին, հազար անգամ գեղեցիկ է ավելի»։ Թագուհին կատաղում է, ուզում է տեսնել երիտասարդ թագուհուն։ Հենց մտնում է պալատ, տեսնում է Սպիտակաձյունիկին ու ապուշ կտրած քարանում։ Որպես պատիժ թագուհուն կրակի վրա շիկացված երկաթե կոշիկներ են հագցնում և սստիպում պարել այնքան մինչև շունչը փչի։

  1. Ընթերցել հեքիաթը:
  2. Բառարանների օգնությամբ բացատրել անծանոթ բառերը:
  3. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրել և կազմել բաղադրյալ բառեր: Նշել, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:
  • Լույս, թույն, կենդանի, տեր, մեջ, ուղի, անուրջ, կամուրջ, կատու:
  • Ություն, բար, վոր, ակ, ել, երես, ազգի, ուկ, կից:

Հեքիաթը սովորել բանավոր վարժ ներկայացնել հաջորդ դասաժամին կամ պատմել այն` տեսանյութ պատրաստելով:

Լրացուցիչ կրթություն (տանը)

  • Հեքիաթների ժամանակակից տարբերակների ստեղծում,
  • Հեքիաթաշփոթների ստեղծում,
  • Առակների ստեղծում` վերնագիր դարձնելով առած-ասացվածքներից մեկը,
  • Կերպարների վերլուծություններ
  • Շարադրանքների թեմաներ
    • Հեքիաթն իմ դպրոցում
    • Հեքիաթների դերը իմ կյանքում
    • Մեր օրերի նազարները
    • Այն, ինչ մնաց հեքիաթներից
    • Այլ

Թողնել մեկնաբանություն