Հանգստյան օրերի համար: Շառլ Պերոյի «Մոխրոտիկը» հեքիաթը

Այս հանգստյան օրերին ընթերցում ենք նաև Շառլ Պերոյի «Մոխրոտիկը» հեքիաթը: Ոչ մի բառ անուշադիր չթողնես: Փորձելու ենք հայտնաբերել հայտնի հեքիաթի անհայտ կողմերը:

Չմոռանաս այս օրերին քեզ հանձնարարված աշխատանքների մասին:

ՄՈԽՐՈՏԻԿԸ

Ժամանակով մի մարդ էր ապրում: Կինը մահացել էր, մնացել էին ինքն ու աղջիկը: Շուտով նա երկրորդ անգամ ամուսնացավ մի շատ գոռոզ ու դաժան կնոջ հետ: Կինը այրի էր և առաջին ամուսնուց 2 աղջիկ էլ ինքն ուներ:

Աղջիկներն էլ իրենց մոր նման չար ու կռվարար էին:

Հենց առաջին օրվանից խորթ մայրը իրեն ցույց տվեց. նա վատ էր հագցնում հոր աղջկան, վատ էր կերակրում, բայց ամենածանր աշխատանքներն էր անել տալիս: Սա էր ավլում հատակը, լվանում ամանները, լվացք անում: Քնում էր տանիքում, հատակին փռված ծղոտի վրա, իսկ քույրերը՝ տաք, լուսավոր սենյակներում, փափուկ մետաքսե անկողիններում: Գործը վերջացնելուց հետո խեղճ աղջիկը նստում էր բուխարիկի մոտ, մոխրով լի արկղի վրա: Դրա համար էլ խորթ մայրն ու քույրերը նրան Մոխրոտիկ էին ասում: Մոխրոտիկը համբերությամբ տանում էր բոլոր վիրավորանքները ու երբեք չէր բողոքում հորը: Միևնույն է, հայրը ոչինչ չէր անելու, որովհետև վախենում էր կռվարար կնոջից:

Մի անգամ արքայորդին պարահանդես սարքեց ու հրավիրեց բոլոր հարուստ մարդկանց: Մոխրոտիկի քույրերն էլ հրավեր ստացան: Նրանք շատ ուրախացան ու սկսեցին պատրաստվել պարահանդեսի: Մոխրոտիկի գործն ավելի շատացավ, ստիպված էր առավոտից երեկո լվանալ ու արդուկել քույրերի հագուստները: Այդ օրերին խոսքն ու զրույցը հենց միայն պարահանդեսի մասին էր: Քույրերն ամբողջ օրը պտտվում էին հայելու առաջ, փորձում հագուստները:

— Ես, — ասաց ավագ քույրը, — պարահանդեսի կգնամ ժանյակազարդ կարմիր թավշյա զգեստով:

— Իսկ ես, — ասաց կրտսերը, — սև մետաքսե զգեստ կհագնեմ ոսկեգույն ծաղիկներով ու ադամանդե մանյակով:

Քույրերը կանչեցին Մոխրոտիկին ու խորհուրդ հարցրին, թե ինչպես լավ հագնվեն: Մոխրոտիկը խորհուրդներ տվեց, նույնիսկ խոստացավ սանրել նրանց մազերը, որին նրանք հաճույքով համաձայնեցին: Երբ Մոխրոտը սանրում էի քույրերի մազերը, նրանք ասում էին.

— Մոխրոտիկ, դու էլ կուզեի՞ր պարահանդես գալ.

— Ախ, քույրիկներ, ծիծաղո՞ւմ եք ինձ վրա, ես ի՞նչ պարահանդեսի բան եմ:

Վերջապես քույրերը կառք նստեցին ու գնացին: Մոխրոտը երկար նայեց նրանց ետևից, հետո սկսեց լաց լինել: Այդ ժամանակ եկավ նրա պառավ մորաքույրը: Հարկ է նկատել, որ նա բարի կախարդ էր:

— Դո՞ւ էլ կուզեիր գնալ պարահանդեսի, — հարցրեց կախարդը:

— Շատ կուզեի,- պատասխանեց Մոխրոտիկը:

— Լավ,- ասաց կախարդը: — Եթե խելոք լինես, ես հաճույքով կկատարեմ քո ցանկությունը: Գնա պարտեզ ու մի դդում բեր: Մոխրոտիկը իսկույն վազեց պարտեզ, քաղեց ամենամեծ դդումն ու բերեց կախարդին: Կախարդը հանեց դդումի միջուկը և իր կախարդական փայտիկով խփեց մի անգամ: Դդումն անմիջապես վերածվեց ոսկեզօծ կառքի: Հետո կախարդը ստուգեց թակարդը, 6 հատ կենդանի մուկ կար այնտեղ: Կախարդը Մոխրոտիկին պատվիրեց բացել դռնակը և դուրս թռչող բոլոր մկներին նա առանձին-առանձին խփեց իր փայտիկով, մկները դարձան սիրուն ձիեր:

Մնում էր կառապանը: Թակարդի մեջ 3 մեծ առնետ էլ կար: Նրանցից ամենամեծին կախարդուհին կառապան դարձրեց: Հետո Մոխրոտիկին ասաց.

— Գնա պարտեզ և 6 հատ մողես բռնիր:

Երբ Մոխրոտիկը բերեց մողեսները, կախարդը նրանց դարձրեց վեց սպասավոր: Նրանք անցան կառքի ետևն ու այնպես կանգնեցին, ասես ամբողջ կյանքում դա էր եղել նրանց զբաղմունքը: Այդ ամենն ասելով, կախարդն ասաց.

— Ահա քեզ կառք՝ պարահանդես գնալու համար: Ուրա՞խ ես հիմա:

— Շատ ուրախ եմ, — պատասխանեց Մոխրոտիկը, — բայց ինչպե՞ս կգնամ այս կեղտոտ պատառոտված շորերով:

Կախարդը փայտիկով խփեց Մոխրոտիկին, և կեղտոտ հագուստը անմիջապես դարձավ ոսկեթել ու արծաթաթել շքեղ զգեստ: Հետո նա Մոխրոտիկին տվեց մի զույգ բյուրեղապակյա կոշիկ: Կոշիկները հագնելով, Մոխրոտիկը կառք նստեց: Հրաժեշտից առաջ կախարդը խստորեն զգուշացրեց Մոխրոտիկին, որ կեսգիշերից ավելի չմնա պարահանդեսում:

— Եթե թեկուզ մի րոպե ավելի մնաս, քո կառքն էլի դդում կդառնա, ձիերդ՝ մկներ, սպասավորներդ՝ մողեսներ, կառապանդ՝ առնետ, իսկ հագուստդ՝ մաշված ու կեղտոտ, ինչպես առաջ: Մոխրոտիկը խոստացավ վերադառնալ կեսգիշերից առաջ, և ուրախությունից խենթացած գնաց:

Երբ մոխրոտիկը պալատ մտավ, քար լռություն տիրեց: Հյուրերը դադարեցին պարել, երաժիշտները դադարեցին նվագել, բոլորը նայում էին անծանոթ գեղեցկուհուն: Չորս կողմից լսվում էր միայն.

— Ա՛խ, որքա՜ն գեղեցիկ է: Ախ, ինչ սլացի՜կ է:

Կանայք բոլորն ուշադրությամբ նրա սանրվածքն էին զննում, նրա զգեստը: Արքայորդին Մոխրոտին նստեցրեց իր կողքին: Երբ պարերը վերսկսվեցին, նրան հրավիրեց պարելու: Մոխրոտիկն այնպես լավ էր պարում, որ հյուրերն ավելի զարմացան ու զմայլվեցին նրանով: Պարեցին հետո, հիանալի սեղան բացեցին, բայց արքայորդին ոչ մի բանի չդիպավ, նա նայում էր անծանոթ գեղեցկուհուն, միայն նրա մասին մտածում:

Իսկ Մոխրոտը նստեց քույրերի մոտ ու շատ սիրալիր զրուցեց նրանց հետ, նույնիսկ նարինջ ու խնձոր հյուրասիրեց նրանց, որ մատուցել էր նրան արքայորդին: Հանկարծ Մոխրոտիկը լսեց ժամացույցի զարկը՝ տասներկուսին քառորդ էր պակաս: Նա գլուխ տվեց բոլոր հյուրերին և շտապ դուրս փախավ: Վերադառնալով տուն, Մոխրոտիկը շնորհակալություն հայտնեց կախարդին և ասաց, թե վաղն էլ կուզեր գնալ: Երբ նա կախարդին պատմում էր պարահանդեսում իր տեսածի մասին, քույրերը վերադարձան: Մոխրոտիկը վազեց դուռը բանալու:

— Ի՜նչ ուշ վերադարձաք,- ասաց նա հորանջելով, իբր նոր է արթնացել:

— Եթե դու լինեիր այդ հրաշալի պարահանդեսում, — ասաց կրտսեր քույրը,- կտեսնեիր, թե ինչ հետաքրքիր էր:

Պարահանդես եկավ մի այնպիսի գեղեցիկ արքայադուստր, որի նմանը դեռ ոչ ոք չի տեսել: Նա շատ բարի էր ու ինձ հրաշալի նարինջ հյուրասիրեց:

Մոխրոտը գոհ էր քույրերի գովեստից: Նա հարցրեց արքայադստեր անունը, բայց քույրերն ասացին, որ ոք չգիտե:

— Երիտասարդ արքայորդին,- ավելացրին քույրերը, ասաց թե աշխարհում էլ ոչինչ չի ցանկանա, միայն թե իմանա՝ ով է այդ արքայադուստրը:

Մոխրոտիկը ժպտաց ու ասաց.

— Ախ, ի՜նչ բախտավոր եք, քույրիկներ: Չ՞ի կարելի ես էլ տեսնեմ գեղեցկուհի արքայադստերը: Սիրելի քույրիկ, տվեք ձեր դեղին զգեստը, որ հագնում եք տանը: Ես նրանով կգամ պարահանդես:

— Չէ մի՜, — բարկացավ քույրը: — Քեզ պես կեղտոտը հագնի՞ իմ հագուստը: Գժվել եմ, ինչ է:

Մոխրոտիկը չվիրավորվեց մերժումից: Գիտեր, որ կախարդից այնպիսի զգեստ կստանա, որ քույրերը երազում էլ չեն տեսել: Հաջորդ օրը քույրերը էլի գնացին պարահանդես, Մոխրոտիկն էլ գնաց: Այս անգամ ավելի շքեղ էր հագնված:

Արքայորդին չէր հեռանում նրա մոտից, ամբողջ ժամանակ միայն նրա հետ էր խոսում: Մոխրոտիկը ուրախանում էր, պարում ու բոլորովին մոռացել էր կախարդի պատվերը: Նրան թվում էր թե տասնմեկն էլ չկար, երբ ժամացույցն ավետեց կեսգիշեր: Լսելով ժամացույցի զարկերը, նա վեր կացավ ու շտապ փախավ: Վազելիս Մոխրոտիկի բյուրեղապակյա կոշիկներից մեկը դուրս եկավ ոտքից: Արքայորդին վերցրեց կոշիկն ու վազեց նրա ետևից: Նա հասավ դարբասին ու հարցրեց դռնապաններին, թե չտեսան արքայադստերը: Դռնապաններն ասացին, թե տեսել են միայն վատ հագնված մի խեղճ աղջկա, որ ավելի շատ մուրացիկի էր նման, քան արքայադստեր:

Արքայորդին տխուր վերադարձավ պալատ, մտածելով, թե ինչպես գտնի անհետացած արքայադստերը: Իսկ

Մոխրոտը շնչակտուր վազեց տուն, առանց կառքի ու առանց սպասավորների, իր հին ու կեղտոտ զգեստը հագին:

Նրա բոլոր զարդարանքներից միայն բյուրեղապակյա մի կոշիկն էր մնացել ձեռքին: Երբ քույրերը վերադարձան տուն, Մոխրոտիկը հարցրեց, լա՞վ ուրախացան պարահանդեսում, և անծանոթ գեղեցկուհին եկե՞լ էր արդյոք:

Քույրերն ասացին, որ գեղեցկուհին եկել էր, բայց կեսգիշերին շտապ փախավ, որտքից գցելով բյուրեղապակյա կոշիկներից մեկը, որի նման գեղեցիկ կոշիկ չկա աշխարհում:

— Երիտասարդ արքայորդին վերցրեց այդ կոշիկը և ամբողջ ժամանակ դրան էր նայում: Երևի սիրահարվել է այդ գեղեցկուհուն: Քույրերը չէին սխալվում:

Արքայորդին իրոք սիրահարվել էր անծանոթ գեղեցկուհուն: Մի քանի օր անց նա հրամայեց իր մունետիկներին փողհարել, որ ամուսնանում է այն աղջկա հետ, ում ոտքին հարմար կլինի բյուրեղապակյա կոշիկը: Պալատականները շրջում էին քաղաքում և կոշիկը փորձում բոլոր աղջիկների ոտքին: Մոխրոտիկի քույրերին էլ այցելեցին: Նրանք փորձեցին ոտքը մի կերպ մտցնել կոշիկի մեջ, բայց երկուսի ոտքերն էլ մեծ էին: Մոխրոտիկն էլ էր այդ սենյակում:

— Տվեք ես էլ փորձեմ կոշիկը, — հանկարծ ասաց նա:

Քույրերը ծիծաղեցին նրա վրա: Բայց պալատականը Մոխրոտիկին նստեցրեց աթոռին և կոշիկը մոտեցրեց նրա ոտքին: Ոտքն առանց դժվարության մտավ կոշիկի մեջ: Քույրերը շատ զարմացան: Բայց շվարած մնացին, երբ Մոխրոտիկը գրպանից հանեց մյուս կոշիկը և այն էլ մյուս ոտքին հագավ: Այդ պահին հայտնվեց կախարդը: Նա իր փայտիկի ծայրը կպցրեց Մոխրոտիկի զգեստին ու դարձրեց շքեղ հագուստ: Քույրերը հասկացան, որ պարահանդես եկած գեղեցկուհին Մոխրոտիկն է եղել: Նրանք Մոխրոտիկի ոտքն ընկան, սկսեցին աղերսել, որ ների բոլոր վիրավորանքները, որ համբերությամբ տարել է … Մոխրոտիկը բարձրացրեց նրանց և ասաց, որ բոլորովին չի բարկանում…

Հետո նրան տարան պալատ: Հաջորդ օրը արքայորդին ամուսնացավ Մոխրոտիկի հետ և ուրախ ու շքեղ հարսանիք արեց:

Կարող ես նաև լսել հեքիաթի մոտիվներով արված ձայնագրությունը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s