Ինչ սովորեցրին առաջադրանքները: Գոյականի թիվ, մաս 2

Բաղադրյալ գոյականները, որոնց վերջին բաղադրիչը միավանկ արմատ է, երկու ձևով են
հոգնակի կազմում: Եթե այդ միավանկ արմատը գոյականի իմաստ ունի (օրինակ՝
դաշտավայր, հեռագիր), ավելանում է –եր վերջավորություն: Իսկ եթե բառավերջի
միավանկ արմատը բայարմատ է (օրինակ՝ ժամացույց, վիպագիր), ավելանում է– ներ
վերջավորությունը:
Հասարակ գոյականները եզակի թվով գործածելիս կարող են անվանել առանձին
առարկաներ և կարող են լինել առարկաների ընդհանուր անուն (օրինակ՝ փիղ ասելով՝
հասկանում ենք և´ մեկ փիղ, և´ փիղ ընդհանրապես):

Հավաքական գոյականները ցույց են տալիս միատեսակ առարկաների հավաքական ամբողջություն, բազմություն։ Դրանք ձևով եզակի են, նախադասության մեջ գործածվում են որպես եզակի գոյականներ, բայց արտահայտում են հոգնակի թվի իմաստ, օրինակ՝ ուսանողություն, հայություն, գյուղացիություն։ Ուսանողությունը նշեց բուհի հիմնադրման 20-ամյակը։ Սրանք սովորաբար կարող են փոխարինվել համապատասխան հոգնակի թվով, օրինակ՝ Ուսանողները նշեցին բուհի հիմնադրման 20-ամյակը։

Հայերենում հավաքական գոյականներ են կազմվում -ություն, -եղեն, -անք, -ենք, -ոնք, -այք, -անի ածանցներով, ինչպես՝ երիտասարդություն, Վարդանանք, ամանեղեն, դեղորայք, առածանի և այլն։

Անեզական գոյականները գործածվում են միայն հոգնակի ձևով, բայց ունեն եզակիի իմաստ։ Դրանք մեծ մասամբ աշխարհագրական անուններ են, օրինակ՝ Նիդերլանդներ, Ֆիլիպիններ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ալպեր, Հիմալայներ և այլն։ Որոշ լեզուներում մի շարք բառեր ունեն միայն հոգնակիի ձև, իսկ դրանց հայերեն համարժեքներն ունեն եզակիի ձև, օրինակ՝ ռուսերեն брюки, качели, ножницы, очки, часы, шахматы, шашки, անգլերեն scissors, glasses, trousers բառերը։

Անհոգնական գոյականները իրենց արտահայտած հատուկ իմաստների պատճառով (հաշվարկելի չեն) ունեն միայն եզակիի ձև։ Նման բառերը երբեմն կարող են գործածվել նաև հոգնակի թվով, սակայն այս դեպքում հոգնակին ունի որոշակիորեն յուրահատուկ և համեմատաբար հազվադեպ կիրառություն։

Սովորաբար միայն եզակի թվով են գործածվում՝

  • Հատուկ անունները (անձնանուններն, ազգանունները, տեղանունները և այլն), օրինակ՝ Արամ, Աշոտ, Արագած, Երևան, Հայաստան և այլն։ Սրանք հոգնակի թվով գործածվում են այն դեպքում, երբ ցույց են տալիս նույն անունը ունեցող անձինք կամ նույն ընտանիքի, տոհմի անդամներ, օրինակ՝ Դասարանում երկու Արամներ կան։ Արշակունիները Հայաստանում թագավորել են համեմատաբար կարճ ժամանակ։
  • Գիտությունների, ուսմունքների, կրոնների անունները՝ ֆիզիկա, լեզվաբանություն, քրիստոնեություն և այլն։
  • Վերացական հասկացությունների անունները՝ հպարտություն, խաղաղություն, սեր, զայրույթ և այլն։
  • Նյութերի անունները, օրինակ՝ ջուր, գինի, ավազ, ազոտ, ձավար և այլն։ Հոգնակի թվով գործածվելիս այս բառերը ցույց են տալիս նրա տարբեր տեսակներ (օրինակ՝ գինիներ, հյութեր) կամ առատությունը (օրինակ՝ անձրևներ, ջրեր, ցրտեր
  • Շաբաթվա օրերի, ամիսների անունները՝ երկուշաբթի, կիրակի, հուլիս, մարտ և այլն։
  • Բնության մեջ հանդիպող եզակի երևույթների անունները, օրինակ՝ Լուսին, Արև, Երկիր, հյուսիս, հարավ և այլն։

Թողնել մեկնաբանություն