Հայոց լեզու, 9-րդ դասարան, 2.02.2023

Գոյական անդամի լրացումներ

Գոյականական անդամի լրացումներն են`

  • որոշիչը
  • հատկացուցիչը
  • բացահայտիչը

Որոշիչը ցույց է տալիս գոյականական անդամի հատկանիշը։ Հատկանիշները կարող են տարբեր լինել՝ քանակ, երկարություն, բաղկացություն և այլն,
օրինակ. Նկարիչ Գևորգը պարգևատրվեց։ Հին գորգը պատռվեց։ Մետաղյա
դարպասը ներկեցին։ Ոսկերիչը գեղեցիկ նախշեր փորագրեց։ Որոշիչն արտահայտվում է որակական և հարաբերական ածականներով (օրինակ՝ Խանութից
կարճ և երկար մետաղաձողեր գնեցինք։ Փորձառու վարպետը աշխատում էր։),
գոյականի ուղղական, սեռական, բացառական, գործիական հոլովաձևերով (օրինակ՝ Նկարիչ Արշակն աշխատում էր։ Խանութում պատի ժամացույցներ էին
վաճառում, իսկ ձեռքի ժամացույց չկար։ Գյուղի ծայրին կար քարից մի տուն։
Խանութում մսով կարկանդակ էր վաճառվում) թվականներով (օրինակ՝ Նա
արդեն հինգ տուն է կառուցել։ Աշոտը սովորում է երկրորդ կուրսում), դերանուններով (Այդ մարդը այդպիսի նկար դեռ չէր տեսել։), անկախ դերբայներով
(Վազող տղան կանգ առավ։ Քնած երեխան արթնացավ), կապական կառույցներով (Առյուծի նման մի զինվոր պայքարեց մինչև հաղթանակ)։
Հատկացուցիչը ցույց է տալիս պատկանելություն, վերաբերություն, օրինակ՝
Ծառի տերևները դեղնել էին։ Աշակերտի պայուսակը գեղեցիկ էր։ Դռան բռնակը
նախշազարդ էր։ Հատկացուցիչն արտահայտվում է միայն սեռական հոլովով և
պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ինչերի՞) հարցերին։
Բացահայտիչը բացահայտում է գոյականի կամ գոյականական դերանվան
էությունը, ով կամ ինչ լինելը, օրինակ՝ Վարպետը՝ Ռուբենը, շատ հմուտ է։ Նա՝
քանդակագործը, լուռ աշխատում էր։ Ջրի ափին քայլում էին այդ վայրում
ամենատարածված թռչունները՝ արագիլները։ Առանձնացվում է բացահայտչի
երեք տեսակ՝ բուն, մասնավորող և մասնական։ Բուն բացահայտիչը բացահայտում է բացահայտյալի ով կամ ինչ լինելը, օրինակ՝ Ընկերս՝ Արամը, եկավ։
Մասնավորող բացահայտիչը մասնավորում կոնկրետացնում է տեղը, ժամանակը,
օրինակ՝ Արհեստանոցում՝ դարակի վրա, շարված էին գործիքները։ Ուրբաթ օրը՝
դասերից հետո, կգնանք պատկերասրահ։ Մասնական բացահայտիչը ձևավորվում է որպես, իբրև կապերով և մասնավորող, կոնկրետացնող գործառույթ է կատարում, օրինակ՝ Անուշը՝ որպես կուրսի ավագ, բարեխղճորեն կատարում է
իր պարտականությունները։ Բառերի շարահյուսական կապակցման եղանակները
ներկայացնելիս նշվել է, որ բացահայտիչն ու բացահայտյալը հոլովով, դեմքով և
թվով համաձայնում են։ Դա վերաբերում է բուն և մասնական բացահայտիչներին։
Բացահայտչի երեք տեսակներն էլ կետադրվում են միանման. դրանք բացահայտյալից տրոհվում են բութով, իսկ հաջորոդող բառից՝ ստորակետով (ինչպես
վերը բերված օրինակներում)։ Բացահայտչից հետո ստորակետ չի դրվում
հետևյալ դեպքերում. ա) եթե նրան հաջորդում է օժանդակ բայ. Ընկերս՝ Արմենն է
եկել. բ) եթե նրան հաջորդում է էլ շաղկապը. Ընկերս՝ Արմենն էլ եկավ. գ) եթե բացահայտյալը հատկացուցիչ է. Ընկերոջս՝ Արմենի հաղթանակը ուրախացրեց
մեզ. դ) եթե բացահայտյալը կապի խնդիր է. Կուրսի ավագից՝ Անահիտից հետո
բեմ ելավ Նունեն. ե) եթե բացահայտչին հաջորդում է բացահայտյալին եղանակավորող սաստկական վերաբերական. Նրա մտերիմ ընկերուհին՝ Աննան անգամ
չէր տեսել նրա նոր կտավը. զ) եթե բացահայտյալը անկախ դերբայի լրացում է, և
այդ դերբայը հաջորդում է բացահայտչին (անմիջապես կամ լրացումներով).
Հայաստանի մայրաքաղաք՝ Երևան տանող ճանապարհը անցնում էր գեղատեսիլ
վայրերով. է) եթե ոճական նպատակով բացահայտիչը հարկադրական եղանակի
բայաձևերի բաղադրիչների միջև է դրվել. Համերգին պետք է կուրսի ավագը՝ Լուսինեն մասնակցեր, բայց մեկնել էր գործուղման։
Մասնական բացահայտիչը կարող է լինել նախադասության սկզբում. այդ
դեպքում նրանից հետո դրվում է բութ, ինչպես՝ Որպես կուրսի ավագ՝ Հարությունը մասնակցեց խորհրդակցությանը։

Գործնական աշխատանք
1. Գտնե՛լ գոյականական անդամի լրացումները և որոշե՛լ

տեսակը։
Արևագալից առաջ դարան էինք մտել այդ առեղծվածային կիրճում: Գիշերային ամոթխած գեղեցկուհին՝ լուսինը, վաղուց արդեն թաքնվել էր հանդիպակաց երկնակարկառ լեռան
հետևում: Երկնքի հատուկենտ աստղերն էլ դանդաղորեն հեռանում էին իրենց ասպարեզից:
Խավարչտին գիշերը հետզհետե աղոտացավ, տարրալուծվեց օդում:
Գիշերվա` ցավ մոռացնող նիրհից արթնացավ վաղորդյան մեղմօրոր զեփյուռը, և հազարաթույր
ծաղիկների զգլխիչ բույրով տոգորվեց ողջ մթնոլորտը
Ես աննկատելի դուրս էի եկել իմ թաքստոցից և զմայլված ու անէացած շուրջս
էի դիտում:
Հանկարծ ինչ-որ ձայն լսվեց. չորացած մի ճյուղ էր, որ ճռռոցով կոտրվեց մոտիկ անտառում:
Ես առաջին անգամ էի տեսնում եղջերուին ազատ բնության գրկում քայլելիս:
Դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ, վեհ ու չքնաղ քայլվածքով: Վայրենի
շնորհքով ոլորեց երկայն վիզը՝ զգուշորեն նայելով շուրջը: Ապա սուրաց դեպի բացատում բխող ականակիտ աղբյուրը: Հասնելով ջրին՝ եղջերուն հանկարծ կանգ
առավ և գլուխը գիրթ բարձրացնելով՝ հայացքն ուղղեց դեպի ինձ:

2Ընդգծել ենթակաները, դուրս գրել ստորոգյալները, նշել պարզ են, թե բարդ։

Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

Պանինը որսորդ Էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր։

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։

3. Կետադրիր։

1. Արթուրի ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:

2. Բազեի որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:

3. Յուրաքանչյուրի ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:

4. Առագաստանավի անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:

5. Արեգակի ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Որոշիչի կետադրություն (թեմայի կրկնություն):

• Կերպարանքը փաթաթված սև թիկնոցով առանց դուռը բախելու ներս մտավ:

• Ապարանքի շուրջբոլորը քարե հաստաբեստ պարիսպ էր աշտարակներով ու երկաթյա դռներով որոնք զարդարված էին ոսկեձույլ արձանիկներով:

Լրացուցիչ կրթություն (տանը)

  • Կրկնել բայի լրացումները` խնդիրներ, պարագաներ։
  • Կետադրել։

Խոսողը Գևորգ Մարզպետունու որդին Գոռ իշխանիկն էր:

. Հալածողները միացան մոտակա գյուղերի Ցամաքաբերդի Վարսերի բնակիչները:

. Հայրենյաց բարերարի Գևորգ Մարզպետունու անունը սիրելի էր թե արքունիքում թե ժողովրդի մեջ:

. Սմբատը որպես անտառոտ երկրի զավակ շատ լավ գիտեր որ արջը շշմելու է հանկարծակի բարձր ձայնից:

. Որպես բնական ամրություններ լեռները չորս կողմից շրջապատել են Մուշի դաշտավայրը:

. Նրանցից ոչ շատ հեռու լեռան ստորոտում բնակվել էին օգնական ուժերը:

. Քառորդ ժամ չանցած կեսգիշերին ձորից լսվեցին ահարկու պայթյուններ:

. Այդ նա Արսենն էր մեզ մեղադրողը:

. Այդ իր Արսենի համար էր մեր ջանքերը:

. Նա Արսենն էլ մեզ հետ դպրոց եկավ:

Որպես մարտիկ` Գնունին փայլում էր իր տաղանդով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s