Վարժություններ
Վարժություն 1։ Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց
խնդիրների հոլովը։
Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։
Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է
ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով
ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ
մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր
շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու
խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր
բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու
հղփացած իր ցեղակիցներին։
Վախթանգ Անանյան
Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։
Միջնապատ, միություն, գինեգործ, կիսալուսին, թիավարել, վիպասան, շինարարություն, հիվանդասենյակ, գիրանալ, գիտուն, վիրահատել, վիճահարույց, գիսավոր, հիանալի, լիություն, զինագործ, սիրավեպ, դիմաքանդակ, կինոթատրոն։
Վարժություն 4։ Բառաշարքում առանձնացրու քանակական, դասական և բաշխական թվականները:
Տասնյոթ, հինգ-հինգ, միլիարդ, առաջին, հարյուր ութ, մեկական, քսանմեկերորդ, երեք հազար, ութսունինը, հազարական, վեցերորդ, յոթանասուն, ինը-ինը, մեկ, քառասունհինգ:
Վարժություն 5.Առանձնացրու ածանցավոր բայերը և ընդգծիր ածանցները:
Վախեցնել, երգել, առաջանալ, հանգստանալ, ցատկոտել, թարմացնել, խաղալ, զայրանալ, թռչկոտել, կրկնել, իջնել, բռնել, թռչել, թրջել, փախչել, հագցնել, կոտրվել, բացվել, վախենալ, կպչել, բարձրացնել, հրամայել, կտրատել, հեռացվել, արտահայտվել:
Լրացուցիչ կրթություն (տանը)
Աշխատանքդ կուղարկես իմ էլեկտրոնային հասցեին՝ meri.sargsyan@mskh.am
ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆ
Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի դատողական վերաբերմունքը եղելության նկատմամբ, օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Որևէ իրողության նկատմամբ խոսողի դատողական վերաբերմունքն արտահայտող բառերը կոչվում են վերաբերականներ (եղանակավորող բառեր)։ Առանձնացվում են վերաբերականների հետևյալ խմբերը.
հաստատական՝ այո՛, արդարև, անշուշտ, անկասկած, անպատճառ,
անտարակույս, անպայման, իսկապես, իրոք, հիրավի և այլն.
ժխտական ՝ ո՛չ, չէ՛.
երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, ասես,
միգուցե, մի՞թե, արդյոք և այլն.
զգացական՝ բարեբախտաբար, դժբախտաբար, երանի, ցավոք և այլն.
սաստկական՝ անգամ, նույնիսկ, հենց, մանավանդ, նամանավանդ, մինչև
անգամ, մինչև իսկ և այլն.
սահմանափակման՝ գեթ, լոկ, գոնե, թեկուզ, միայն, սոսկ, միայն թե և այլն
ցուցական՝ ահա, ահավասիկ.
կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
Վերաբերականների մի մասը, եթե դրված է լինում իր եղանակավորած բառի մոտ, սովորաբար չի տրոհվում, իսկ եթե հեռացած է լինում այդ բառից, տրոհվում է ստորակետով։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Նա այսօր առավոտյան անշուշտ կմեկնի։ Անշուշտ, նա այսօր առավոտյան կմեկնի։ Առաջին նախադասության մեջ անշուշտ վերաբերականը եղանակավորել է կմեկնի բառին, անմիջապես նախորդում է նրան և ստորակետով չի տրոհվել։ Երկրորդ օրինակում անշուշտ-ը նախորդում է նա բառին։ Եթե այդ դիրքում անշուշտ վերաբերականը չտրոհվի, կվերաբերի նա բառին, և կարտահայտվի անշուշտ նա, այլ ոչ թե մեկ ուրիշը իմաստը։ Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։
Գործնական աշխատանք
Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ, անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք, երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե, սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։