Բացահայտիչ

Նախադասության առարկա ցույց տվող անդամի ով կամ ինչ լինելը բացահայտող լրացումը կոչվում է բացահայտիչ:

Օրինակներ`

  • Ինձ անմիջապես օգնեց իմ դասընկերը` Լևոնը:
  • Պեկինը` Չինաստանի մայրաքաղաքը, շատ խիտ է բնակեցված:

Նախադասության այն անդամը, որն ունի բացահայտիչ, կոչվում է բացահայտյալ: Մեր օրինակներում դրանք նշված են շեղատառերով:

Բացահայտիչը լինում է երեք տեսակ.

  • Աննան` իմ դասընկերուհին (բուն), հայտնի էր իր բացառիկ տաղանդով:
  • Աննան` որպես դուստր (մասնական), շատ հոգատար է:
  • Դպրոցում` երաժշտության սրահում (մասնավորող պարագայական), Աննան հիանալի ելույթ ունեցավ:

ԲՈՒՆ ԲԱՑԱՀԱՅՏԻՉ

Բուն բացահայտիչը բացահայտում է լրացյալի ով կամ ինչ լինելը և պահանջում է նույն հարցը, օրինակ`

Նրա որդին (ո՞վ)` Կարենը, քաղաքում հայտնի իրավաբան էր:

Բացահայտիչը նախադասության ցանկացած անդամի` ենթակայի, խնդրի, հատկացուցչի և այլնի լրացում կարող է լինել:

  • Մեր դիմաց կանգնածը պարոն Արամյանն էր` տանտիրոջ որդին: (ստորոգելիի բացահայտիչ)

Բուն բացահայտիչն իր հերթին կարող է ունենալ բացահայտիչ, ուստի և այդ պատճառով ինքն էլ դիտվի բացահայտյալ: Օրինակ`

  • Նա` Թումանյանը` մեծ գրողը, ապրում էր արարելով:

Երբեմն որպես բացահայտյալ հանդես է գալիս որևէ ընդհանրական բառ, որը բացահայտվում է մի քանի բացահայտիչով: Օրինակ`

  • Ծերուկն իր կյանքում տեսել էր ամեն ինչ` երջանկություն, հաջողություն, հիասթափություն, ընկճվածություն:
  • Մենք` ես, հայրս, մայրս և եղբայրս, հասանք պայմանավորված վայրը:

Բուն բացահայտիչը հաճախ ընկնում է ոչ թե բացահայտյալից, այլ օժանդակ բայից կամ հանգույցից հետո: Օրինակ`

  • Նա շիկահեր, կապուտաչյա մանչուկ էր` առաջնորդի մինուճար որդին:

Բուն բացահայտիչն ու բացահայտյալը համաձայնեցվում են դեմքով, թվով, հոլովով: Դեմքի համաձայնությունն արտահայտվում է դիմորոշ հոդով:

  • Ես` այս լեռների տիրակալս, թույլ չեմ տա ձեզ ներխուժել իմ տարածք:
  • Քեզնից` ընտանիքի ավագ որդուցդ, խուսափում են անգամ հարազատներդ:

ԲԱՑԱՀԱՅՏՉԻ ԿԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Բացահայտիչը բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մնացած մասից` ստորակետով:

Բացահայտչից հետո չի դրվում ստորակետ մի քանի դեպքում:

  • Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով:
    • Տիգրան Մեծի` հայոց արքայի զորքը երկար տարիներ անպարտ էր:
  • Եթե բացահայտչին հաջորդում է կապ:
    • Ճամփորդի` ալեհեր կնոջ առաջ բացել էին տան դռները:
  • Եթե բացահայտչից հետո դրվում է եմ, ես, է … օժանդակ բայը կամ հանգույցը:
    • Լուիզան` նրա աղջիկն էր ամեն ինչ կազմակերպում:
  • Եթե բացահայտչից հետո ընկնում է էլ շաղկապը:
    • Անին` դասընկերուհիս էլ որոշեց գալ մեզ հետ Արատես:

Բացահայտիչները, իրենց հերթին, կարող են երբեմն ունենալ հետադաս որոշիչ լրացում:

  • Դա հանգուցյալի երկրորդ որդին էր` Միքայելը` քսանութ տարեկան մի երիտասարդ` նուրբ կազմվածքով, ածխի պես սև մազերով, նորաձև ընչացքով:

Չպետք է շփոթել բացահայտիչը բազմակի անդամների հետ, մանավանդ այն դեպքում, երբ բազմակի անդամները կրկնվում են նույն բառով` արտահայտելով ոճական սաստկացում:

  • Եվ հանկարծ լսեց նա մի երգ, մի հիասչքանչ ու թախծոտ երգ (բազմակի անդամներ):

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s