Հունվարի 19-ի ճամբարային օրվա մի ժամը վաղուց որոշել էինք նվիրել կրտսեր ճամբարականներին՝ հագեցնելով ու ավելի հետաքրքիր դարձնելով մեր գործունեությունը: Մարինե Ամիրջանյանի հետ նախնական պայմանավորվածությամբ՝ այցելեցինք Արևելյան դպրոց-պարտեզ՝ մեր կրտսեր ընկերների հետ ծանոթանալու, զրուցելու, նրանց համար ինտելեկտուալ խաղ և հետաքրքիր քննարկում կազմակերպելու:
Մեր ջոկատի լրագրողների խումբը նախ ծանոթացավ ճամբարականների հետ, հայտնեց հանդիպման նպատակների մասին, խմբի անդամներն անհատապես ներկայացան: Կրտսեր ընկերներին խնդրեցինք բաժանվել թիմերի, ինչից հետո էլ սկսեցինք խաղը: Տրամաբանական հարցերին ոգևորությամբ պատասխանում էին, ուրախացնում ու ոգևորում իրենց ավագ ընկերներին մտքի ճկունությամբ: Բայց զարմանքն ավելի մեծ էր հետո, երբ սկսվեց երկրորդ փուլը՝ քննարկումը:
Լրագրողների խումբը ընտրել էր կարևոր ու արդիական թեմա՝ համակարգչային խաղերի ու մուլտֆիլմերի ազդեցությունը երեխաների վրա: Թեման ընտրել էին՝ կասկածելով, որ կարող է բարդ լինել կրտսերների համար, մինչդեռ վերջիններս, առանց իրար հերթ տալու, հիմնավորումներով, կշռադատված կարծիքներով զարգացրին թեման, ընդլայնեցին՝ հասցնելով խաղասրահների կործանարար ազդեցությանն ու խաղերի հետագա փուլերի վճարովի ծառայություններին:
Երբ ուզում էինք գոհ ու երջանիկ հեռանալ՝ հաջողություն մաղթելով կրտսեր ճամբարականներին, մեզ անակնկալ մատուցեցին, ինչ-որ տեղ էլ՝ վրեժխնդիր եղան՝ անելով հակառակը. իրենք ևս կազմակերպեցին ինտելեկտուալ խաղ ավագ ընկերների համար՝ բաժանելով թիմերի: Շնորհակալ ենք ընկեր Մարինեին ու մեր կրտսեր ընկերներին սիրուն հանդիպման համար:
Մեր ջոկատը հյուրընկալեց ճամբարականներ Անաիս և Սանահին Բեգլարյանների մայրիկին՝ Նարինե Անջարղոլյանին: Մեր ուշադրության կենտրոնում պարսկական ազգային խոհանոցն էր՝ իրեն բնորոշ առանձնահատկություններով, ճաշատեսակներով:
Նախ զրուցեցինք պարսկական խոհանոցի մասին: Նարինեն ներկայացրեց հաճախակի պատրաստվող ուտեստները, օգտագործվող համեմունքները:
Բեգլարյան քույրերի մայրիկը մեր ջոկատի խոհարարների խմբի հետ պատրաստեց պարսկական ազգային ուտեստ՝ խորեշտե նոխոդ ֆարանգի՝ ոլոռով, աղացած մսով, կարտոֆիլով բրինձ: Այս ամենը ավելի համեղ դարձրին ազգային համեմունքները:
Ճաշատեսակը պատրաստելուց հետո մատուցեցինք ճամբարականներին, սեղանի շուրջ ամփոփեցինք աշխատանքը: Շնորհակալ ենք Նարինեին դրական լիցքերի, ուսուցողական հանդիպման և անասելի համեղ ուտեստի համար:

- 09:00-09:20-Առավոտյան ընդհանուր պարապմունք
- 9․20-10․05-Նախապատրաստական ժամ
- 10․10-10․55-Կրտսերների հետ հանդիպման կազմակերպում. ներկայանում է լրագրողների խումբը
- 11․05-11․50
- Երգուսուցում Լուիզա Քեշիշյանի հետ
- Հանդիպում Արևելյան դպրոցի կրտսեր սովորողների հետ
- 11․55-12․40-Խոհանոցային գործունեություն. պարսկական ազգային խոհանոց. ներկայանում է գուրմանների խումբը
- 12․55-14․00-Տեխնոլոգիական գործունեություն Քրիստինե Սահակյանցի հետ
- 14.00-14.20-Ճամբարային օրվա ամփոփում