Դերերում՝
- Վահագն Սերոբյան-խորամանկ խաբեբա
- Վարազդատ Միքայելյան-հոբելյար, արտերկրից վերադարձող երգիչ
- Գագիկ Հարությունյան-Վարազդատի եղբայրը, դպրոցական, երաժիշտ
- Նանե Խաչատրյան-սրճարանի տիրոջ դուստր
- Նարե Կարապետյան-նրա ընկերուհին, սրճարանի երաժիշտ
- Մարիամ Արշակյան-պատահական hյուր, խաբեբայի հանցակից
- Վիկա Գիգոլյան-Անաիսի ընկերուհին
- Սուսաննա Սարգսյան-Անաիսի ընկերուհին
- Սեդա Ստեփանյան-դերասանուհի
- Հրանտ Խաչատրյան-Վարազդատի ընկերը
- Նարեկ Մնացականյան-Վարազդատի ընկերը
- Աշոտ Հովեյան-Վարազդատի ընկերը
- Նանե Մարտիրոսյան-դերասանուհու ընկերուհի
- Էրիկ Աղախանյան-սրճարանի մատուցող
- Կարինե Գյուլումյան-հանցագործի որոնող տուժած
- Անաիս Բելգարյան֊հանցագործի որոնող տուժած
Գործողությունների վայրեր` սրճարան, փողոց
Երաժշտական ձևավորում՝ Դավիթ Սարգսյանի

Տեսարան 1
Փողոց
Վահագ, Սեդա, Նանե
Նանե Մ.-Այսօր ո՞ւր ենք գնում՝ մեր հանգիստը վայելելու:
Սեդա-Եթե քայլելով եկել, այստեղ ենք հասել, եղած միակ տարբերակը վերևի սրճարանն է: Այնտեղ ամեն բան համեղ է, տաք է, միջավայրն էլ՝ անչափ հաճելի:
Նանե Մ.-Հա, դե էլ մտածելու բան չկա, գնացինք:
Սեդա-Նայի´ր այն փոքրիկին, ոնց է լացում, տեսնես՝ ինչ է պատահել:
Նանե Մ.-Արի´, տեսնենք:
Փոքրիկը նստած լացում է բարձրաձայն: Աղջիկները մոտենում են.
Նանե Մ.-Փոքրի´կ, ի՞նչ է պատահել:
Սեդա-Ի՞նչ է եղել, ասա´, որ կարողանանք օգնել քեզ:
Վահագն-Այսօր իմ տարեդարձն է, իսկ ես այն ինչպես միշտ պետք է փողոցում նշեմ ու մենակ: Ես ոչինչ չունեմ ու ոչ ոքի չունեմ:
Սեդա-Արդեն ունես: Հյուրեր կընդունե՞ս տարեդարձիդ:
Նանե Մ.-Երկու աղջկա, որոնք արդեն քո ընկերներն են:
Վահագն-Ո՞նց ընդունեմ, որտե՞ղ:
Նանե Մ.-Վերևի սրճարանում: Մենք գնում էինք այնտեղ, որ ուրախանայինք, վայելեինք օրը: Քեզ էլ կտանենք: Դե ինչ, կմիանա՞ս մեզ:
Վահագն-Հա, հա´, իհարկե´: Շնորհակալ եմ: (ուրախացած)
Նանե Մ.-Անունդ չե՞ս ասի:
Փոքրիկ-Կլինի՞ գաղտնի մնա: Ինձ պարզապես Հրաշք կոչեք:
Նանե Մ.-Լա´վ, պարոն Հրաշք, շնորհավոր Ձեր տարեդարձը: Ներեցեք ուշանալու համար: Մեկ էլ անփույթ ենք գտնվել, նվերներն եք մոռացել: Բայց այդ հարցն էլ կլուծենք:
Սեդա-Գնանք՝ տարեդարձը նշելու:
Վահագն-Գնա´նք:
Տեսարան 2
Սրճարան
Գագիկ, Նարեկ, Հրանտ, Աշոտ, Էրիկ, Վիկա, Մարիամ, Նարե
Գագիկ-Տղե´րք, ուշադի´ր, որ պահին եկավ, երգում ենք, Նարե´կ, դու մոմերը կվառես, Հրա´նտ, դու էլ տորթը կմոտեցնես, որ մոմերը փչի: Աշո´տ ջան, դու էլ փայլերի հարցը կլուծես:
Նարեկ-Ախր մեր Վարազդատը նման բաներ չէր սիրում: Մոռացե՞լ եք:
Աշոտ-Իսկ եթե տարիների ընթացքում փոխվա՞ծ լինի:
Նարեկ-Չեմ կարծում: Փոխված չի լինի:
Հրանտ-Հա´, հաստա´տ:
Գագիկ-Վերջապես վերադարձել է Հայաստան՝ էն էլ՝ տարեդարձին, ո՞նց չնշենք:
Հրանտ-Եթե մի բան եղբորդ դուրը չեկավ, մեղավորը դու ես:
Գագիկ-Խնդիր չկա: Ընկե´ր, կգա՞ս մի րոպեով:
Էրիկ-Այո, լսում եմ:
Գագիկ-Հիշում ես չէ՞ ճաշացանկը, ամեն ինչ պատրա՞ստ կլինի:
Էրիկ-Հա´, շուտով: Ամեն բան ձեր ուզածով կլինի, հանգի´ստ եղեք:
Գագիկ-Ապրե´ք:
Նարեկ-Ձայներ են, դուռը բացվում է, ոնց որ գալիս է:
Գագիկ-Պատրաստվե´ք: Եկավ:
Միասին՝ Տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր,….
Նարեկ-Դուք ովքե՞ր եք:
Նանե Խ.-Այս սրճարանն իմ հայրիկինն է; Ես ընկերուհիներիս հետ ամեն օր այս ժամին գալիս եմ այստեղ: Հարցեր կա՞ն:
Հրանտ-Հա, էն էլ ինչքան:
Գագիկ-Այսօր իմ եղբոր տարեդարձն է: Երկար տարիներ չենք տեսել նրան: Վերջապես Հայաստան է ժամանում, շուտով կգա օդանավակայանից: Ամեն բան վաղուց որոշել, կազմակերպել ենք:
Նարեկ-Ու չենք պլանավորել, որ ինչ-որ մեկը կխախտի մեր ծրագիրը:
Նարե-Մենք ձեզ չենք խանգարի: Ընդամենը անկյունի սեղանը կվերցնենք: Հանգիստ կզրուցենք:
Վիկա-Չեք էլ հիշի, որ այստեղ ենք:
Աշոտ-Էս ամենն արդեն դուրս չի գալիս:
Հրանտ-Լավ, թող մնան, չեն խանգարի:
Գագիկ-Տեսնենք, տեսնենք:
Նարե-Էս ի՞նչ անճաշակ տորթ են ընտրել:
Վիկա-Բա վրայի հիմար մոմերը:
Ծիծաղում են:
Նարե-Աչքիս այսօր ուրախ է անցնելու: Հիշելու լիքը բան կունենանք:
Նանե Խ.-Լավ, չի կարելի: Տղաները լավ բանի համար են հավաքվել:
Նարե-Հա, դու էդպես էլ միամիտ մնա:
Սուսի-Քեզ համար աշխարհը գեղեցիկ է, բոլոր մարդիկ՝ բարի, բոլոր փորձությունները՝ օգտակար:
Վիկա-Բոլոր ուտելիքները՝ համեղ:
Սուսի-Հա՞, իդեպ, սոված ենք: Այսօր ի՞նչ ենք ուտելու;
Նանե Խ.-Հիմա կասեմ՝ մի բան բերեն:
Նարեկ-Տղե՞րք, եկավ, եկավ, ուշադիր, երեք, երկու, մեկ
Միասին՝ Տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր…
Տեսարան 3
Միանում են Սեդան, Նանեն, Վահագը:
Վահագը փչում է մոմերը:
Սեդա-Շնորհավոր տարեդարձդ, պարոն Հրաշք:
Նանե Մ.-Մի րոպե…
Հրանտ-Ընկեր, մի րոպեով կգա՞ս:
Էրիկ-Այո, ինչ է եղել:
Հրանտ-Կլինի՝ էլ մարդ չթողնես մտնի:
Աշոտ-Դե որքա՞ն կարելի է:
Էրիկ-Ես ձեզ նախօրոք զգուշացրել էի, որ այս սրճարանում նման բաներն արգելված են: Մուտքն ազատ է: Սրահ չեք կարող վարձել:
Հրանտ-Եթե սա մեր ընկերոջ սիրելի սրճարանը չլիներ, չէինք գա այստեղ:
Նարեկ-Այ քեզ բան: Ում ասես շնորհավորեցինք:
Էրիկ-Սիրով կհյուրընկալեինք ձեզ, բայց ինչպես տեսնում եք, տեղ չկա այլևս:
Սեդա-Բայց այսօր պարոն Հրաշքի տարեդարձն է, նա ոչ ոքի ու ոչինչ չունի:
Նանե Մ.-Մենք որոշեցինք օգնել նրան, միակ սրճարանն էլ այս փողոցում սա է, այլ տեղ չենք կարող գնալ:
Գագիկ-Հրաշք ջան, այսօր իմ եղբոր տարեդարձն էլ է, կներես, բայց մենք նրան ենք սպասում:
Վահագն-Աղջիկներ, եկեք գնանք, խնդրում եմ, ես սրա կարիքը չունեմ:
Նանե Խ.-Մի րոպե, գնալու կարիք չկա: Սպասիր:
Նարե-Այստեղ բոլոր չեն եսասեր ու անսիրտ:
Վիկա-Մենք կգնանք: Եկեք:
Նանե Խ.-Ի տարբերություն ոմանց՝ մենք զգացմունքներ ունենք:
Նանե, Սեդա-Շնորհակալ ենք:
Հրանտ-Դե էնպես է, որ մեր սեղանն ավելի մեծ է:
Գագիկ-Արի մեզ մոտ, ընկեր, արի՝ տեսնենք՝ ով ես:
Նարեկ-Ճիշտ է, այսօր մեր ընկերոջ տարեդարձն է, բայց հաստատ դեմ չի լինի, որ դու էլ միանաս մեզ:
Վահագն-Ինչքան լավ մարդիկ կան, իսկ ինձ արդեն թվում էր, որ բոլորը վատն են, ես էլ՝ մենակ:
Աշոտ-Դե եկեք, միացեք մեզ:
Սեդա-Աղջիկներ, դուք էլ եկեք, միացեք մեզ:
Նանե Խ.-Հաստատ:
Նանե Մ.-Հա, եկեք:
Գագիկ-Այ սա հաստատ Վարազդատին դուր չէր գա: Այսքան մարդ՝ իր տարեդարձին:
Նարեկ-Պարոն Հրաշք, կսպասե՞ս, մինչև մեր ընկերը գա, միասին կնշենք ձեր տարեդարձը: Կրկնակի տոն կդառնա:
Վահագն-Հա, իհարկե: Շնորհակալ եմ ամեն բանի համար:
Նարե-Մենք, ճիշտ կլինի, գնանք:
Վիկա-Հա, եկեք դուրս գանք, քայլենք:
Սուսի-Օդը ծանր է այստեղ: Ես էլ չեմ ուզում մնալ:
Նարե-Դե արի գնանք, Անաիս:
Նանե Խ.-Չէ, Ես մնում եմ, աղջիկներ, այս ամենը չափազանց տարօրինակ ու հետաքրքիր է, որ բաց թողնեմ:
Սուսի-Լավ, ինչպես կուզես:
Վիկա-Անուղղելին ես:
Նարե-Դե որ այդպես է, ես էլ մնամ, մի քիչ կնվագեմ այստեղ:
Հրանտ-Մենք էլ գնանք:
Գագիկ-Դուք ուր եք գնում:
Հրանտ-Արդեն քանի ժամ է՝ անհույս սպասում ենք, զանգերին չի պատասխանում, երևի ինչպես միշտ թռիչքը հետաձգվել է:
Նարեկ-Այնպես չէ, որ վաղը տեսնվենք, մեծ բան կփոխվի:
Գագիկ-Լավ, գնացեք, ես մի քանի ժամ էլ կսպասեմ, նոր կգամ:
Աշոտ-Լավ, դե հաջողություն:
Նանե Մ.-Ես էլ գնամ, եթե դեմ չեք, մայրիկս գրեց, որ շտապ իմ կարիքն ունի: Քեզ բարի տարեդարձ, պարոն Հրաշք:
Նանե Խ.-Սեղանը չորս հոգու համար մի քիչ մեծ է, եկեք ներքևում հանգիստ նստենք: Տարեք այս սեղանները:
Գագիկ-Եկեք:
Վարազդատ-Օ, վերջապես, բարև բոլորին:
Գագիկ-Եղբայր, ինչքա՞ն ես փոխվել: Հույսներս կորցրել էինք, արդեն չէինք մտածում, որ կգաս: Շնորհավոր տարեդարձդ: Մյուսները գնացին, վաղը կտեսնեն քեզ:
Վարազդատ-Ովքե՞ր են այս մարդիկ, ի՞նչ է կատարվում: Նանե՞:
Գագիկ-Դուք ճանաչո՞ւմ եք իրար:
Նանե Խ.-Կարծես թե:
Գագիկ-Արի, ամեն ինչ կբացատրեմ:
Միջանկյալ տեսարան
Կարինկա, Անաիս
Կարինկա-Ալո, լսեք, ես կարծում եմ՝ գիտեմ՝ էդ հանցագործը որտեղ կլինի: Հա, որ պահին գտա, ձեզ տեղյակ կպահեմ: Որքան շուտ գտնենք, այնքան քիչ մարդ կտուժի: Նրա անմեղ հայացքին շատերն են խաբնվում:
Անաիս-Ասա նաև, որ այդ սրիկան դրսից ժամանած հայերին էլ է կողոպտում, օգտվում է նրանց անտեղյակությունից:
Կարինկա-Հա, ասել եմ: Ոստիկանները թող այլ տեղերում որոնեն նրանց, մենք գնանք այնտեղ, որտեղ քեզ են կողոպտել, գուցե գտնենք դրանց:
Անաիս-Հա, արի գնանք, դրանց` անմեղ ու միամիտ մարդկանց դիմակները մենք կպատռենք: Հերիք է արդեն:
Կարինկա-Գնացինք:
Տեսարան 4
ՍԵդա, Անաիս, Վահագ, Գագիկ, Վարազդատ, Մարիամ
Վարազդատ-Փաստորեն այսօր քո տարեդարձն էլ է:
Վահագն-Հա, փաստորեն: Ու որպեսզի այն շատ լավ անցնի, մի առաջարկ ունեմ: Եկեք նախ ծանոթանանք: Ես ձեզնից ոչ ոքի չեմ ճանաչում: Մի տեսակ անհարմար եմ զգում:
Վարազդատ-Իհարկե: Սկսենք ինձնից: Ես Վարազդատն եմ՝ դրսում հայտնի ու պահանջված արտիստ: Իմ երգերը շատերն են լսում, իհարկե, ոչ այստեղ: Այստեղ այնքան էլ չգիտեն ինձ: Հինգ տարի առաջ այստեղ թողեցի ուսումս, գնացի արտերկիր՝ լավ ապագայի հետևից, հասա նպատակներիս: Ես շատ գոհ ու երջանիկ եմ իմ կյանքից:
Գագիկ-Ես էլ այս պահանջված երգչի եղբայրն եմ՝ Գագիկը, երաժիշտ եմ: Դպրոցում բոլորն ինձ ճանաչում են տաղանդիս շնորհիվ: Շատ լավ եմ նվագում, դպրոցն ավարտեմ, աշխատեմ, եղբորս պես հայտնի ու սիրված եմ դառնալու:
Վահագն-Հիանալի է: Շարունակեք, շատ հետաքրքիր է:
Նանե Խ.-Ես Նանեն եմ՝ այս սրճարանի տիրոջ աղջիկը: Սրճարանը, կարելի է ասել, ես եմ կառավարում, լավ է ստացվում: Ամեն օր այստեղ եմ գալիս ընկերուհիներիս հետ: Սրճում ենք, զրուցում, երգում, նվագում, լավ ժամանկ ունենում: Սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ կյանքը, սիրում եմ ինձ: Ծնողներս ինձ հետ չեն հիմա, դրսում են, Նրանց պակասը հիմա ընկերուհիներիս միջոցով եմ փորձում լրացնել: Նրանք շատ լավ մարդիկ են, բարի ու հոգատար: Ես չուզեցա հեռանալ երկրից, մնացի այստեղ, այս սրճարանն ինձ հարազատ է վաղուց, հիմա՝ ավելի շատ:
Գագիկ-Հա, եղբայրս էլ էր այս վայրը շատ սիրում, տարիներ առաջ համարյա ամեն օր գալիս էր այստեղ: Այդպես չէ՞:
Վարազդատ-Հա, այդպես է:
Սեդա-Ես էլ Սեդան եմ՝ դերասանուհի եմ. ինձ տեսած կլինեք տարբեր ներկայացումներում ու ֆիլմերում: Կարծում եմ՝ մարդ աշխատասիրությամբ շատ բաների կարող է հասնել: Ես հասել եմ: Ես էլ եմ ինձ երջանիկ մարդ համարում: Միշտ ինձ համար այսպիսի կյանք եմ պատկերացրել:
Մարիամ-Կլինի՞ ես էլ միանամ ձեզ, սիրելի բախտավորներ ու երջանիկներ:
Գագիկ-Դու ո՞վ ես:
Մարիամ-Մարիամ, աղջիկ, ում շատ հետաքրքրեցին սրճարանի գետնին նստած մարդիկ: Ամեն օր չես նման բան տեսնի: Դուք, ոնց երևում է, իդեալական եք, ես ձեզնից տարբերվեմ, ամեն օր մի հնարով օրվա հաց եմ գտնում, հնարամիտ եմ, չեմ հավատում երջանկությանը, չունեմ այն կյանքը, որը միշտ պատկերացրել եմ:
Վահագն-Ինչ լավն եք բոլորդ: Այսքան բարի, լուսավոր, երջանիկ մարդ՝ մի տեղում. հազվադեպ է նման բան պատահում: Որ այս օրը հնարավորինս գեղեցիկ ու հիշվող լինի, մի առաջարկ էլ ունեմ:
Գագիկ-Մի րոպե, իսկ դու չե՞ս ուզում ներկայանալ ու քո մասին պատմել, պարոն Հրաշք:
Վահագն-Միայն առաջարկիցս հետո: Ուզում եմ խաղ խաղանք:
Վարազդատ-Ի՞նչ խաղ:
Նանե Խ.-Հիմա՞:
Վահագ-Հա, հիմա: Լսել եք չէ՞ Ռիսկ կամ անկեղծություն խաղի մասին:
Սեդա-Հա, բայց հիմա դրա ժամանա՞կն է:
Վահագն-Հավատացեք, որ հենց դրա ժամանակն է:
Մարիամ-Նստում էինք շրջանաձև, ինչ-որ խաղալիք կամ շիշ բերում մեջտեղ ու պտտելով՝ ում սլաքը ցույց էր տալիս, ընտրում էր ռիսկ կամ անկեղծություն:
Վահագ-Հա, ճիշտ եք հիշում: Եկեք խաղանք, հա՞:
Մարիամ-Լավ, եկեք:
Վարազդատ-Չեմ կարծում, որ սրանից լավ բան դուրս գա:
Գագիկ-Ուղղակի խաղ է, եղբայր: Հանգստացիր:
Տեսարան 5
Սեդա, Անաիս, Վահագ, Գագիկ, Վարազդատ, Մարիամ
Նանե Խ.-Էրիկ, ընկեր, խնդրում եմ, փակիր սրճարանը, թող էլ ոչ ոք չգա: Ավելի շուտ՝ ուշադիր եղիր այս սրահ չմտնեն:
Էրիկ-Ինչպես ասեք: Որևէ այլ բանի կարիք կա:
Նանե Խ.-Առայժմ ոչ, շնորհակալ եմ:
Սկսում են խաղալ:
Վահագ-Ինչպես եմ պաշտում նման բաները: Դե սկսեցինք:
Վարազդատ-Գագիկ, դու ես:
Վահագն-Ռի՞սկ, թե՞ անկեղծություն:
Գագիկ-Իհարկե, ռիսկ, ես համարձակ տղա եմ:
Վահագն-Համարձակ տղա, հենց հիմա զանգիր այն նրանց, որոնք սպասում էին քեզ հետ այստեղ: Կարծես եղբորդ ընկերներն էին: Զանգիր նրանց ու ասա, որ եղբայրդ էլ չի ուզում նրանց հետ շփվել:
Վարազդատ-Չէ, ի՞նչ ես խոսում:
Վահագն-Սա ընդամենը խաղ է, հետո կխոստովանենք նրանց այդ մասին:
Գագիկ-Լավ, զանգում եմ: Սպասեք… Ալո, հասե՞լ եք արդեն:
Նարեկ-Դեռ չէ: Ի՞նչ կա, եկա՞վ:
Գագիկ-Հա, բայց խնդրեց, որ մի բան փոխանցեմ ձեզ:
Վարազդատ՝ գլուխն ափերի մեջառնելով-Աստված իմ:
Հրանտ-Ի՞նչ փոխանցես:
Գագիկ-Եղբայրս այլևս չի ուզում շփվել ձեզ հետ:
Հրանտ-Ի՞նչ:
Նարեկ-Իբր մինչ այս շփվում էր, հա՞: Մենք այսօր միայն քեզ համար էինք եկել:Նա մեզ վաղուց ընկեր չէ: Գնաց ու մոռացավ մեզ, տարվա մեջ մեկ-մեկ բարեհաճեց զանգել: Հիմա էլ, տեսեք-տեսեք, չի ուզում շփվել:
Հրանտ-Փոխանցիր, որ փոխադարձ է:
Բոլորը լռում են:
Վահագն-Համաձայն եմ, տհաճ բան ստացվեց:
Վարազդատ-Իսկ ես վայրկյաններն էի հաշվում, որ գամ ու տեսնեմ նրանց: Դժվար պահերիս նրանց մասին էի մտածում, տխրում, որ կողքիս չեն: Իսկ նրանք պատրաստ են առանց աչք թարթելու մի կողմ նետել մեր ընկերությունը:
Վահագն-Ու սա միայն սկիզբն է, շարունակե՞նք:
Գագիկ-Շարունակենք:
Վահագն-Նանեի հերթն է:
Գագիկ-Ես առաջարկում եմ, որ արդար լինի, Նանեի ու ընկերուհիների հետ էլ նույն կերպ վարվենք: Մանավանդ որ լավ ծաղրում էին մեզ:
Նանե Խ.-Խնդիր չկա: Ես վստահում եմ նրանց: Զանգե՞մ:
Վահագն-Զանգիր ու ասա, որ սրճարանը պետք է շտապ վաճառես ու գնաս ծնողներիդ մոտ, խնդրիր, որ գան քեզ մոտ, որովհետև իրենց կարիքը շատ ունես:
Նանե Խ.-Խնդիր չկա: Ալո, աղջիկներ, հասե՞լ եք: Մի բան պետք է ասեմ:
Սուսի-Ի՞նչ է եղել:
Նանե Խ.-Քիչ առաջ պարզվեց, որ շտապ պետք է վաճառեմ սրճարանն ու գնամ ծնողներիս մոտ: Կգա՞ք՝ խոսենք:
Վիկա-Կատա՞կ ես անում:
Սուսի-Հենց նոր տուն հասանք:
Նանե Խ.-Ախր շուտով գնալու եմ երկրից:
Սուսի-Դե մի օր պետք է չէ՞ գնայիր. ծնողներդ այնտեղ են:
Նանե Խ.-Իսկ ի՞նչ եք անելու առանց ինձ:
Վիկա-Մինչ քեզ ի՞նչ էինք անում: Կշարունակենք նույն ձև ապրել:
Սուսի-Միայն ափսոս, սրճարան էլ չենք կարողանա գալ: Սիրուն տեղ էր:
Բոլորը դարձյալ լռում են:
Նանե Խ.-Սրճարանն ափսոս էր, ես՝ չէ: Սրճարանն ափսոս էր, ես՝ չէ, հասկանո՞ւմ եք:
Գագիկ-Մենք սկզբից էլ տեսնում էինք, որ նրանք տարբեր էին քեզնից, դու չէիր տեսնում:
Նանե Խ.-Ինչո՞ւ են բոլորն այդքան հեշտ հեռանում ինձնից՝ առանց մտածելու ու ափսոսալու: Ինչո՞ւ: (Լալիս է):
Վահագն- Տեսա՞ք՝ երկու րոպեում ինչպե՞ս քանդվեց ձեր պատկերացրած կատարյալ աշխարհը, բարի ու ազնիվ մարդիկ, լավ ընկերներ: Ո՞ւմ եք խաբել այսքան ժամանակ: Ձե՞զ….Շարունակո՞ւմ ենք:
Նանե Խ. (արցունքները սրբելով)- Շարունակում ենք:
Վահագն-Վարազդատ, դու ես, ռիսկ կամ անկեղծություն:
Մարիամ-Վայ, դու էլ ասա ռիսկ, ձանձրալի չդառնա: Բոլորը թթված դեմքերով նստած են:
Վարազդատ-Լավ, ռիսկ:
Վահագն-Քանի որ այսօր քո տարեդարձն էլ է, ու տրամադրությունդ արդեն հասցրել է ընկնել, քեզ շատ չենք տանջի, պարզապես մի բան երգիր, մի քիչ ցրվենք:
Գագիկ-Հա, երգիր էլի, կարոտել եմ ձայնդ:
Բոլորով՝ երգիր, երգիր, դե երգիր:
Վարազդատ (գոռալով)- Դե բավական է, չեմ կարող, չեմ կարող:
Գագիկ-Ի՞նչ պատահեց, եղբայր:
Վարազդատ-Ես չեմ կարող երգել:
Գագիկ-Փորձառու երգիչ ես, հաջողակ, ինչո՞ւ չես ուզում երգել, եղբայր:
Վարազդատ-Ոչ թե չեմ ուզում, այլ … չեմ կարող:
Գագիկ-Այսի՞նքն:
Վարազդատ-Ես հինգ տարի է, ինչ չեմ երգում: Ավելի ճիշտ՝ չեմ կարողանում երգել:
Նանե Խ.-Ի՞նչ: Ի՞նչ ես խոսում: Ինչպե՞ս կարող էիր:
Գագիկ-Կասե՞ք վերջապես՝ որտեղից գիտեք իրար:
Վարազդատ-Ես… Ես այսքան տարի խաբել եմ ձեզ, եղբայր, ներեք ինձ: Հինգ տարի առաջ ես հեռացա այստեղից, ձեզնից, որ այլ երկրում մեծ հաջողությունների հասնեմ իմ երգով: Բայց մի չար կախարդանքով գնացածս օրվանից կորցրի երգելու ցանկությունն ու կարողությունը: Էլ չկարողացա երգել: Արդեն հինգ տարի է՝ չեմ երգում, պարզապես էլ չի ստացվում: Ինչ պատմում էի, սիրուն ստեր էին այն կյանքից, որն այդպես էլ մնաց իմ պատկերացումներում: Չէի ուզում՝ մայրիկն անհանգստանա, չէի ուզում՝ տխրեք: Տարբեր աշխատանքներով պահել եմ գլուխս այսքան տարի, պարզապես գոյատևել եմ: Օրերս ծանր են անցել: Ներեք ինձ:
Նանե Խ.-Եղբայրս գուցե ների, ե՞ս ինչպես ներեմ:
Վարազդատ-Նանե, լսիր:
Նանե Խ.-Չէ, դու ես հիմա լսելու: Այդ հինգ տարին միայն քեզ համար չէ ծանր եղել: Ինձ համար այն ծանր հավերժություն է դարձել: Երբ դեռ չէիր մեկնել, ամեն օր, հիշո՞ւմ ես, գալիս էիր այս սրճարան, գտնում ինձ ու խնդրում, որ լսեմ երգդ: Մի անգամ մեզ մոտ երգել էիր թաքուն, պատահաբար լսել էի, հավանել, ծափահարել, դրանից հետո մտածում էիր՝ միայն ես ողջ աշխարհում պետք է լսեմ երգելդ, մինչև մի օր համոզեցի, որ ընկերներիդ մոտ էլ երգես: Ես մտածում էի, որ կարևոր առաքելություն ունեմ քո կյանքում, կարևոր ու անփոխարինելի: Հրաժարվեցի մեկնել ծնողներիս հետ արտերկիր, կտրվեցի իմ ընտանիքից միայն նրա համար, որ կողքիդ լինեմ ու երբեք չդադարես երգել: Մի գեղեցիկ օր, առանց մի բառ անգամ ասելու, հեռացար, ես կասեի՝ փախար. մոռացար իմ գոյության մասին: Ես վիրավոր էի, կոտրված, բայց սիրտս միշտ ուզում էր մխիթարվել գոնե նրանով, որ ինչ-որ մի տեղ երգում ես, երգում, հասկանում ես, ինչպե՞ս կարող էիր:
Վարազդատ-Ներիր, խնդրում եմ:
Նանե Խ.-Ներողություն խնդրելու փոխարեն երգիր: Երգիր (գոռալով):
Վարազդատ-Ախր ի՞նչ երգեմ:
Նանե Խ.-Վարդը, ինչ-ինչ, բայց դա չէիր մոռանա: Երգիր:
Բոլորը լռում են:
Երգում է:
Բոլորը ծափահարում են:
Վարազդատ-Ստացվեց, ստացվեց, չեմ հավատում:
Վահագն-Քոնը փաստորեն և´ ռիսկ էր, և´ անկեղծություն: Արի, արի, շարունակենք:
Գագիկ-Ես եմ նորից:
Մարիամ-Ռիսկն ընտրիր:
Սեդա-Չէ, անկեղծությունը:
Գագիկ-Լավ, թող լինի անկեղծությունը:
Վարազդատ-Կարո՞ղ եմ ես հարցնել:
Վահագն-Հա, իհարկե:
Վարազդատ-Երաժշտական քոլեջում ի՞նչ արգելված բան ես արել, այ չարաճճի:
Գագիկ-Ես չեմ սովորում երաժշտական քոլեջում, ես էլ եմ ստել:
Մարիամ-Իդեալական է, էսպիսի դրամատիկ խաղ խաղացած կայի՞ր, պարոն Հրաշք:
Սեդա-Լավ, լռիր:
Վարազդատ-Չեմ հասկանում:
Գագիկ-Մայրիկի հետ ենք որոշել այդպես: Երբ քեզ ուղարկեցինք այլ երկիր՝ երազանքիդ հետևից, իմ երազանքը մնաց, դե ո՞նց ասեմ, կիսատ: Գումարը միայն մեկին կարող էր բավարարել: Մենք միասին որոշեցինք՝ քո տաղանդը չկորցնենք, հասնես երազանքիդ: Բայց գիտե՞ս, ես ինքս ինձնով լավ էլ սովորել եմ: Հիմա համացանցում ամեն ինչ կա: Քոլեջի կարիքը չունեմ: Մի օր, եթե ստացվի, կընդունվեմ:
Վարազդատ-Ես ինձ երբեք չեմ ների:
Մարիամ-Համաձայն եմ, ահավոր է:
Վահագն-Մարդ էլ իր տարեդարձին այսքան ապրումներ ունենա:
Մարիամ-Տարեդարձ չէ, է, մղձավանջ է:
Գագիկ-Եղբայր, միայն մայրիկին դեռ չասես, հա՞, որ այսքան տարի խաբել ես, չես երգել:
Վարազդատ-Մայրիկը դեռ խոհարարություն է անում:
Գագիկ-Հա, շատ է սիրում իր աշխատանքը:
Վարազդատ-Շատ եմ կարոտել նրան:
Սեդա-Նա էլ քեզ:
Վարազդատ-Հը՞ն:
Սեդա-Նա էլ քեզ է կարոտել: Չէ, էդպես մի նայեք, հա՞, չեմ գժվել: Տղաներ, ես ձեր մայրիկի հետ եմ աշխատում, խոհարար եմ իրականում, դերասանուհի դառնալն իմ անկատար երազանքն էր: Ես էլ եմ ստել, ես էլ եմ ընտրում անկեղծությունը:
Մարիամ-Հիմա գլուխս կպտտվի էս ամենից: Պարոն մատուցող:
Էրիկ-Այո՞, օրիորդ:
Մարիամ-Պայուսակները որտե՞ղ են, պայուսակս պետք է վերցնեմ: Հանգստացնող դեղերս մեջն են:
Էրիկ-Եկեք, կուղեկցեմ Ձեզ:
Մարիամ-Միայն տեղը ցույց տուր, ես կգնամ:
Էրիկ-Լավ:
Վարազդատ-Ինչի՞ց հասկացար, որ մեր մայրիկի հետ ես աշխատում, վստա՞հ ես:
Սեդա-Տիկին Բելլա, միջահասակ, սևահեր, սևաչյա, գեղեցիկ դիմագծերով, միշտ մարգարտե ականջօղեր է կրում: Ամեն օր պատմում է իր՝ դրսում հայտնի երգիչ տղայի ու ապագա մեծ երաժիշտ կրտսեր զավակի մասին, հպարտանում նրանցով, նրանց օրինակով ոգեշնչում ինձ, որ հասնեմ երազաքներիս:
Գագիկ-Ի՞նչ փոքր է աշխարհը:
Վարազդատ-Փաստորեն բոլորս ինչ-որ թելերով կապված էինք իրար ու չգիտեինք այդ մասին, ինչ հետաքրքիր է:
Կարինկա-Բռնվեցի՞ր, ավազակ, պարոն Հրաշք:
Անաիս-Խաբեբա, առանց վարանելու կողոպտեցիր ինձ ու ընկերներիս:
Գագիկ-Ի՞նչ է կատարվում:
Կարինկա-Քեզ հիմա ոստիկանության ձեռքն եմ հանձնելու, պատասխան ես տալու գործածդ բոլոր հանցանքների համար:
Սեդա-Ի՞նչ եք ուզում անմեղ փոքրիկից նրա տարեդարձի օրով:
Կարինկա-Անմեղ փոքրի՞կ (ծիծաղում է): Նախ՝ սրա տարեդարձը ամեն օր է:
Անաիս-Հետո էլ՝ ձեր ասած անմեղ փոքրիկը ամբողջ քաղաքում հայտնի հանցագործ է:
Բոլորը՝ Ի՞նչ:
Կարինկա-Հա, ամեն օր ձևացնում է, թե անմեղ, անտուն փոքրիկ է, որի տարեդարձն է: Բոլորը խղճում են, տանում հետները տուն կամ մեկ այլ վայր, լավ կշտանում է, հետո էլ խեղճերին կողոպտում ու փախչում:
Գագիկ-Մեր խաղին միայն քո անկեղծությունն էր պակասում, պարոն հրաշք: Բոլորին բացահայտեցիր՝ բացի քեզնից: Ի՞նչ կասես:
Կարինկա-Հա, իդեպ, սա մենակ չէ գործում, հանցակից ունի:
Անաիս-Հա, ճիշտ է:
Կարինկա-Սևահեր աղջիկ է, միշտ օգնում է իրեն: Հետն է լինում կողոպուտի ժամանակ: Ինչքան գիտեմ, քույրն է:
Վարազդատ-Ո՞ւմ մասին է խոսքը:
Գագիկ-Մարիամը՝ այն աղջիկը, որ վերջում միացել էր մեր խաղին, ո՞ւր է, ո՞ւր անհետացավ:
Վարազդատ-Նա՞ էր քույրդ:
Վահագն-Հա, բայց արդեն ուշ է, նրան չեք գտնի: Հա, ինչ ասացին, ճիշտ է, ես չեմ ժխտի ոչինչ: Բայց ինչպես տեսնում եք, ես հիմա այստեղ եմ, չեմ փախել, չեմ գողացել ոչինչ:
Գագիկ-Դու չես արել, քույրդ է արել հաստատ:
Սեդա-Պայուսակների տեղն էր հարցնում մատուցողին: Հաստատ հասցրել է դրամապանակները թռցնել:
Վահագն-Մենք իրարից առանձին ենք ապրում: Այսօր ինձ հետևելով է գտել: Ես ձեզ կկողոպտեի, բայց դուք արդեն ինքներդ դա արել եք: Բոլորդ ռաջին հայացքից երջանիկ մարդիկ եք, որոնք կողոպտել են իրենք իրենց ժամանակը, սերը, երջանկությունը, ընկերությունը: Խղճացի ձեզ: Քրոջս չէի կարող մատնել, բայց ասեմ, որ հիմա էլ չեմ կարող, որովհետև տեղը չգիտեմ, նա ինձ մրցակից է, մինչ ես ձեր արած հիմարություններն էի բացահայտում, նա իր գործն արեց:
Վարազդատ-Օրիորդ, մենք ոստիկանություն կդիմենք, հանգիստ եղեք: Կարող եք գնալ:
Կարինկա-Բայց ախր…
Վարազդատ-Կարող եք գնալ:
Կարինկա-Լավ:
Անաիս-Լավ:
Սեդա-Ես էլ գնամ: Ծանր օր էր:
Վարազդատ-Փախիր:
Վահագն-Ի՞նչ:
Վարազդատ-Փախիր, ասում եմ:
Վահագը փախչում է:
Գագիկ-Ինչո՞ւ թույլ տվեցիր, որ փախչի:
Վարազդատ-Ինչո՞վ էինք մենք նրանից լավը: Բոլորս էլ խաբեբաներ էինք, որոնք ամենից շատ իրենք իրենց էին խաբում: Նա օգնեց, որ մենք բացահայտենք ինքներս մեզ: Այդ խաղն օգնեց: Թող գնա: Վստահ եմ, սա դաս կլինի, որ մի լավ մտածի ու էլ նման բաներ չանի:
Նարեկը, Հրանտը, Աշոտը, Վիկան, Սուսին գալիս են:
Նարեկ-Ուրեմն այս ամեն ինչը խա՞ղ էր:
Հրանտ-Չարժեր նման խաղ խաղալ: Մենք, մեկ է, քեզ մեր վիրավորվածության մասին ասելու էինք:
Գագիկ-Կներեք, պետք է ասեի:
Նարե-Ես էլ չէի կարող լռել:
Վարազդատ- Խաղը մինչ դա եղածն էր, դա ընդամենը միջոցն էր՝ այն բացահայտելու:
Նանե Խ.-Ուղղակի հեռացեք:
Սուսի-Մենք կարող ենք խոսել:
Վիկա-ամեն ինչ իր բացատրությունն ունի:
Նանե Խ.-Ուղղակի հեռացեք:
Վարազդատ-Բոլորդ ինձ մենակ թողեք, խնդրում եմ: Խնդրում եմ:
Տեսարան 6
Վարազդատ, Անաիս, Գագիկ, Նարեկ, Հրանտ, Աշոտ
Վարազդատ-Ամեն ինչ սուտ է կյանքում: Իմ վերադառնալը սխալ էր, մանավանդ որ ոչինչ էլ չէի կարող վերադարձնել՝ ընկերներիս, ընտանիքս, քեզ: Ավելի լավ է վերադառնամ իմ կյանքին: Մեկ է, ոչինչ չի փոխվի: Ալո, խնդրում եմ, մեքենա ուղարկեք, օդանավակայան եմ գնում: Լավ:
Նանե Խ.-Մի գնա: Նույն սխալը երկրորդ անգամ մի գործիր:
Վարազդատ-Սխալը գալն էր, հասկացիր: Մորս աչքերի մեջ չեմ կարող նայել, եղբորս առաջ մեծ մեղք ունեմ, ընկերներս արդարացիորեն վիրավորվել են, անտարբեր եմ եղել, քո մասին էլ խոսք չկա: Զարմանում եմ՝ ոնց ես մինչև հիմա ինձ այստեղ հանդուրժում:
Նանե Խ.-Որոշումը քոնն է, բայց եթե գնաս, ամեն բան ավելի լավը չի դառնա: Գիտե՞ս՝ ինչու չէիր կարողանում երգել հինգ տարի շարունակ: Քո ներշնչանքի աղբյուրները՝ մենք, քեզնից հեռու էինք: Դու չէիր կարողանում երգել, որովհետև անթև թռչուն էիր, երգը չէր ապրում քո մեջ, որովհետև դու չէիր ապրում: Գոյատևում էիր սև ու սպիտակ օրերի մեջ: Երգդ քեզ գտավ մեր կողքին, նորից սկսեցիր երգել, ապրել: Մնա, որ երգես, մնա, որ ապրես, արարես: Մնա, որ ներեմ քեզ, որ ներենք քեզ:
Վերցնում է ճամպրուկը, գնում դեպի դուրս, մի պահ կանգ առնում:
Վարազդատ-Մնում եմ: Մնում եմ:
Նանե Խ.-Ի՞նչ:
Վարազդատ-Մնում եմ, եղբայր, ընկերներ, Նանե, ես մնում եմ: Ես երգում եմ, էլի եմ ուզում երգել, էլի եմ ուզում ապրել: Ես մնում եմ:
Տեսարան 7
Փողոց
Վահագ, Մարիամ, Էրիկ
Մարիամ-Հը՞ն, հավատացի՞ն, որ իրար հետ կապ չունենք:
Վահագն-Հա, ոնց որ, քույր իմ:
Էրիկ-Կլսեք մի պահ ձեր եղբորը:
Մարիամ, Վահագ-Ասա:
Էրիկ-Ես էլ չեմ ուզում աշխատել այդ սրճարանում, այդ կողմերում արդեն շատերը գիտեն ձեր մասին, վտանգավոր է: Նոր տեղ է պետք փնտրել:
Մարիամ-Այդ գործն ինձ վրա:
Էրիկ-Ապրեք:
Վահագնը փորձում է երգել լսած երգը վարդի մասին և գումար հավաքել:
Վահագն-Է, չէ, ինձնից երգիչ դուրս չի գա: Ավելի լավ է՝ հին մեթոդներով:
Լալիս է բարձրաձայն:
Անցորդ-Ի՞նչ է եղել, փոքրիկ:
Վահագն-Այսօր իմ տարեդարձն է, իսկ ես այն ինչպես միշտ պետք է փողոցում նշեմ ու մենակ: Ես ոչինչ չունեմ ու ոչ ոքի չունեմ:
Անցորդ-Արդեն ունես: Արի, քեզ մեր տուն տանեմ: Վերջ, էլ մի լացիր: Միայն անունդ ասա:
Վահագն-Կլինի՞ գաղտնի մնա: Ինձ պարզապես Հրաշք կոչեք: