Հեռավար ուսուցում, 6-րդ դասարան (20.09-27.09)

Կատարում ենք առաջադրանքները:

  1. Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել
    • Միմ..նց, քվ..րկություն,  որդ..կ,  ..սաման,  քիմ..ական,  հեք..թային,  ոսկ..,  հր..կան,  դաստ..րակություն,  սեն..կ,  կր..,  Անդր..ս,  Եղ..զարյան,  կ..նք: 
  2. Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր: 
    •  Հա.ացք,  հա.ելի,  հո.ակապ,  մի.ացում,  ձի.արշավ,  տի.եզերական,  փակե.ի,  կա.արան,  խաբե.ություն,  է.ի,  գնա.ի,  բու.եր, տղա.ի,  Մարո.ի: 
  3. Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից): 
    • Ա.ծիվ, ա.յուծ, մ.մու., մա.մա., մ.մ.ոց, փ.փ.ել, բա.բա.ել, ա.համա.հել, բա.ձ, պա.կել: 
  4. Գտիր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:
    • Կիսատ-կես
    • հրեղեն-
    • առվակ-
    • կաղնուտ-
    • կուտակել-
    • գծագիր-
    • փոշեկուլ-
    • բուրավետ-
    • իջնել-
    • մամռապատ-
  5. Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
    • Գիրք, տանկ, սանր,  մարագ, նոր, բարդ
  6. Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
    • Երեկոյան (բառաչում, մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
    • Գառնուկը հուսահատությունից (մայում, բառաչում էր):
    • Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
    • Ծանր ու հին փայտյա դուռը (անընդհատ ճռնչում, շառաչում էր):
    • Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
    • Այդ (եռանդուն, եռուն) ծերուկը զարմացնում էր բոլորին:
    • Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
    • Արքայական (նժույգները, ձիերը)  սպասում են իրենց հեծյալներին:
    • Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:
    • Տղան տարբեր (հնարք, հնարանք) է գործածում աղջկա սիրտը շահելու համար:
  7. Բառակապակցության  իմաստն  արտահայտիր  մեկ  բառով:
    • Թագավորական աթոռ
    • քաղաքամերձ բնակավայր
    • վատ լուր հաղորդող
    • ձիերի խումբ
    • հաճելի հոտ
    • կովերի խումբ
    • ձկների խումբ
    • մեղուների խումբ
  8. Փակագծերում  տրվածներից  ընտրիր  փոխաբերական  իմաստ  ունեցող  բառը:
    • Բնակատեղին  հետզհետե  ընկղմվեց  (սև, գիշերային, ամենակուլ)  խավարի մեջ:
    • Ձորի վրա ծիծեռնակի  (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր  կախվել  անպաշտպան:
    • (Տխուր, թխպոտ, ամպամած) երկնքից  անձրևն  էր   մաղում շիկացած  հողին:
    • Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր  իմ սրտում:
    • Կանաչների  միջով  հևասպառ  հոսում  էր (լեռնային, վրդովված, վճիտ)  գետակը:
  9. Երկու շարքից առանձնացնել դարձվածքն  ու նրա բացատրությունը:
    • Ականջին օղ անել,  ահը սիրտն ընկնել,  անվանը մուր քսել,   անդանակ մորթել,  առյուծ կտրել,  բռունցք  թափ  տալ,  արձան կտրել, բախտը  ժպտալ, բառերը  քամուն  տալ, բերանը  բաց  մնալ:
    • Շատախոսել,  հաջողվել,  տանջել,  մտապահել,  հիանալ,  քարանալ,  սպառնալ,  երկյուղել,  խիզախանալ,  անարգել: 
  10. Տրված  բարդ  բառերի  առաջին  բաղադրիչները  փոխելով՝ ստացիր  նոր  բառեր:
    • Բարձրագագաթ —
    • քաղցրաձայն —
    • սահադաշտ-
    • օրագիր-
    • ցատկահարթակ-
    • հոռետես- 
    • գինետուն-
    • գործընկեր-

Ընթերցում ենք և պատասխանում հարցերին:

Ավետիք Իսահակյան

Արևի մոտ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…

Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:

-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:

-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:

Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.

-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:

-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…

-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեխք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

  1. Կգրես պատմվածքից ստացած տպավորություններիդ մասին:
  2. Կբնութագրես ներկայացված մարդկանց երկու աշխարհները:
  3. Կգտնես քեզ համար անծանոթ ու անհասկանալի բառերի բացատրությունները:
  4. Կա՞ն ստեղծագործություններ կամ հերոսներ, որոնց հիշեցիր ու նմանեցրիր այս պատմվածքին ու կերպարներին:
  5. Իմ հայացքը ստեղծագործությանը (ընտրելով այս թեմաներից մեկը՝ կարող ես վերլուծել ստեղծագործությունը, առանձնացնել քեզ համար կարևորը, առանձին կերպարի, համեմատել քեզ ծանոթ այլ ստեղծագործությունների ու կերպարների հետ և այլն)
    • Իսահակյանի պատմվածքի մասին
    • Մարդկանց երկու աշխարհները
    • Ցնցոտիներով մանչուկները իմ ընթերցած ստեղծագործություններում
    • այլ (կարող ես քո տարբերակն առաջարկել)
  6. Կընտրես և կստեղծագործես: Ստեղծագործական աշխատանքների թեմաներ.
    • Խիղճը
    • Մեծ աշխարհ, տարբեր մարդիկ…
    • Բուժիչ հոգատարությունը
    • Մենախոսություն կարևորի մասին
    • այլ (կարող ես քո տարբերակն առաջարկել)
  7. Պատրաստում ենք տեսանյութ կամ ձայնագրություն, որտեղ ընթերցում ենք այս ստեղծագործությունը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s