Մայիսի 28-30-ը Քնարիկ Մելքոնյանի, Նաիրա Հարությունյանի և սովորողների խմբի հետ Շիրակի մարզում էինք եռօրյա ճամփորդության նախագծով:
Մայիսի 28-ին ճամփա ընկանք՝ հաղթահարելու Ճգնավորի լեռան բարձունքը: Բնությունը գեղեցիկ էր ու հյուրընկալ: Լեռը բարձրանալիս դժվարությունների չհանդիպեցինք: Երգեցինք, արտասանեցինք, լուսանկարվեցինք ու անցանք առաջ: Հասնելով Գյումրի՝ իրերը տեղավորեցինք հյուրատան սենյակներում ու գնացինք՝ քաղաքային թափառումներով Գյումրին զգալու: Անցանք Գյումրվա հայտնի փողոցներով, եղանք Վարդանանց հրապարակում, տեսանք Սուրբ Աստվածածին, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները: Այցելեցինք Ասլամազյան քույրերի պատկերասրահ: Վերադառնալով կացարան՝ ընթրեցինք, ամփոփեցինք օրը, պատրաստվեցինք վաղվա օրվան, քննարկեցինք անելիքները, խաղացինք զարգացնող ու զվարճալի խաղեր:
Մայիսի 29-ին՝ առավոտյան նախավարժանքից ու մարզական խաղերից հետո, նախաճաշեցինք ու գնացինք Մարմաշեն՝ տեղի միջնակարգ դպրոցի հետ կրթական կամուրջներ կապելու: Մեզ սիրով ընդունեցին, դպրոցի դահլիճում մեր սովորողները տարեկից դպրոցականներին ներկայացրին կրթահամալիրային ուսուցման առանձնահատկությունները, խոսեցին առանձին նաև առարկայական ֆլեշմոբի, դրան մասնակցելու ձևի մասին, հրավիրեցին կրթահամալիր՝ մասնակցելու տարաբնույթ նախագծերի: Հաջորդեց սեբաստացի և մարմաշենցի սովորողների ընկերական ֆուտբոլային հանդիպումը: Խաղից առաջ միասին շուրջպարով ազգային երգերի շարան երգեցինք: Ֆուտբոլային հանդիպումը դիտարժան էր: 2:1 հաշվով զիջեցինք հաղթանակը մարմաշենցի դպրոցականներին՝ առաջարկելով խաղի պատասխան հանդիպում արդեն կրթահամալիրում: Այնուհետև այցելեցինք Մարմաշենի վանական համալիր, ծանոթացանք կառույցների պատմությանը, քայլեցինք դեպի Ախուրյան գետը: Մարմաշենից վերադարձանք Գյումրի, քայլեցինք քաղաքով՝ այցելելով փայտե Գյումրիկների պատրաստման արվեստանոցը, որտեղ մեզ ներկայացրին փայտից պատրաստված ու Գյումրու մշակույթը, բարբառը արտացոլող ինքնատիպ հուշանվերներն ու տարբեր իրերը: Քայլքով շարժվեցինք դեպի Վարպետաց փողոց, այցելեցինք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, ապա վերադարձանք հյուրատուն, ընթրեցինք, ամփոփեցինք օրն ու պատրաստվեցինք հաջորդ օրվան:
Մայիսի 30-ին՝ առավոտյան նախավարժանքից ու մարզական խաղերից հետո, քայլեցինք դեպի Ձիթողցոնց տուն-թանգարան՝ ամփոփելու սովորածը քաղաքի մասին: Թանգարան այցից հետո հյուրընկալվեցինք «Twinz» փայտե աքսեսուարների պատրաստման արվեստանոց, որտեղ մեր սովորող-լրագրողները փոքրիկ հարցազրույց ունեցան արվեստանոց-խանութի համահիմնադիրներից մեկի հետ: Վերադառնալով հյուրատուն՝ վերցրինք իրերն ու ճանապարհ ընկանք դեպի Հառիճի վանք, քննարկեցինք վանքի շուրջ հյուսված ավանդապատումները: Վերջում էլ մաքրեցինք վանքի տարածքի աղբը: Վերադարձանք Երևան գունեղ հուշերով, նոր ծանոթություններով ու ևս մեկ հիշարժան վերելքով:
Նանեի, Իրինայի և Գոհարի ճամփորդական վլոգը
Դասավանդողների պատումները
Սովորողների ճամփորդական պատումները, վլոգները