Բրունո Ֆերեո «Սև ոչխարը»

Կար- չկար մի սև ոչխար։ Հոտում մյուս բոլոր ոչխարները սպիտակ էին։ Նրանք ատում էին սև ոչխարին և նրա հետ շատ վատ էին վարվում։ Հենց որ տեսնում էին նրան, սկսում էին փնթփնթալ. «Հեռացի՛ր, դու այլանդակ ես, դու բնության սխալն ես»։ Նրանք երջանիկ էին միայն այն ժամանակ, երբ տեսնում էին, թե ինչպես է սև ոչխարը լաց լինում։

Բելինդան՝ գեր, սպիտակ ոչխարը, առանձնապես դաժան էր վարվում սև ոչխարի հետ։ Նա հոտի առաջնորդն էր։ Մյուս բոլոր ոչխարները միշտ հետևում էին նրան, կրկնում էին այն, ինչ նա էր ասում։

Սև ոչխարը տխուր էր։ Նա շատ էր ուզում մյուսների նման լինել, սակայն ոչ մի կերպ չէր կա­րող փոխել իր գույնը։ Երբեմն ցանկանում էր փախչել այդտեղից ու կորչել։ Սակայն ամեն անգամ ետ էր վերադառնում, քանի որ չգիտեր, թե ինչպես կարող էր ապրել մեն-մենակ։

Բելինդան խիստ ու հպարտ էր։ Նա որոշեց ճանապարհ ընկնել և ուսումնասիրել կյանքն ու աշխարհը։
Նա անցնում էր նոր արոտավայրերով։ Երբ հանդիպում էր նոր հոտերի, կանգ էր առնում նրանց մոտ և հպարտորեն ասում. «Ես հոտի առաջնորդ եմ։ Բոլորը լսում են ինձ։ Ես մեկն եմ նրանցից, ովքեր որոշում են, թե ինչ պետք է անել։»

Մի օր Բելինդան հանդիպեց շատ մեծ ու անսովոր հոտի։ Հոտի բոլոր ոչխարները սև էին։ Սկզբում նա զարմացավ, հետո սկսեց քրքջալ։ Նա այնքան համոզված էր, որ իր սպիտակ մորթին գերազանցություն ունի, որ ետ ընկրկեց ու շարունակեց ծիծաղել նրանց վրա։ Հետո մոտեցավ հոտին։

Սակայն ամբողջ հոտը սկսեց ծաղրանքով նրա վրա ծիծաղել։

Բելինդան առաջ երբեք հնարավորություն չէր ունեցել տեսնելու, թե ինչպես է մի սեփ-սև ոչխար նայում ուղիղ իրեն և ասում. «Որևէ մեկդ երբևէ տեսե՞լ եք ավելի ծիծաղելի բան, քան սա։ Պետք է պոկել սրա վրայից այս մորթին ու տեսնել, թե ինչ կա տակը։» Ամբողջ հոտը սկսեց ծիծաղել։ Բելինդան շրջվեց և որքան կարող էր արագ վազեց։ Սև հոտը նայեց նրա հետևից և շարունակեց ծիծաղել։ Նա վազեց դեպի մեկ այլ արոտավայր, որտեղ տեսավ մեկ այլ մեծ հոտ։

Նա երբեք չէր տեսել նման հոտ. այնտեղ կային սև ոչխարներ, սպիտակ ոչխարներ, մոխ­րագույն ոչխարներ, պուտավոր ոչխարներ, բոլորը խառն ապրում էին նույն հոտում։ Հիմա, երբ նա կորցրել էր իր ինքնավստահությունը, կանգ առավ ու կասկածով մտածեց. «Տեսնես այս հոտն ինչպե՞ս կվարվի ինձ հետ»։

Մի ոչխար տեսավ նրան և սիրալիր հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Բելինդան պատասխանեց. «Ես եկել եմ սարի այն կողմից»։ Մի սև ոչխար մոտեցավ նրան, և Բելինդան պատրաստվեց փախչել։ Սև ոչխարն ասաց. «Մի՛ վախեցիր։ Մնա այստեղ մեզ հետ որքան ցանկանում ես։ Խոտն այստեղ շատ թարմ է։ Մենք ողջունում ենք քեզ»։

Բելինդան մնաց այդ հոտի հետ երկու օր։ Հետո որոշեց վերադառնալ տուն։ Հոտին հրաժեշտ տալուց առաջ նա ասաց. «Դուք աշխարհի լավագույն հոտն եք։ Դուք ընդունում ու հարգում եք բոլոր գույների ոչխարներին։ Իսկ մեր հոտում միայն մեկ սև ոչխար կա։»

  1. Համառոտ՝ 5-6 նախադասությամբ վերապատմել պատմվածքը:
  2. Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը:
  3. Համաձա՞յն եք արտահայտված գաղափարի հետ: Հիմնավորեք:
  4. Նկարագրեք իրական կյանքում հանդիպող նման իրավիճակներ ։
  5. Մգեցված բառերն ինչո՞վ են նման: Կարո՞ղ ես նմանատիպ այլ բառեր գտնել:
  6. Շեղատառ գրված միտքը ինչպե՞ս կմեկնաբանես:
  7. Համացանցում ուսումնասիրիր սպիտակ ագռավ դարձվածքի իմաստը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s