
Միշտ հիացել եմ Զոհրապի ու Շանթի գործերում հանդիպած հավերժ կանացիի դիպուկ նկարագրություններով: Ախր որտեղի՞ց են տղամարդիկ այդքան լավ ճանաչում կանանց: Մի՞թե կանայք այդքան հասկանալի են: Մորուայի այս գործն ընթերցելուց հետո հասկացա, որ կանացի մտածողության առեղծվածը տղամարդ գրողները փորձում են քանդել յուրովի` իրենց փորձելով մի պահ պատկերացնել կանացի նուրբ հոգու մի անկյունում: Կինը անկանխատեսելի է ու հաճախ չհասկացված, իսկ առեղծվածայինը միշտ է գրավում: Սա է ստիպում տղամարդ գրողներին շարունակ փորձել գտնել կանանց հաճախ վերագրվող անտրամաբանականի «տրամաբանությունը»:
Երկի հերոսուհու մտորումներն ինձ հիշեցրին նաև զեյթունցյանական Փառանձեմին այս հատվածում. «Սակայն նա ինձ տալիս էր այն, ինչ երբեք չեմ ունեցել` ամրություն: Հասկանու՞մ եք, նա ինձ համար փրկության օղակ էր»: Առհասարակ, հերոսուհին կարծես իր մեջ ամփոփում էր մինչ այս հանդիպածս ամենատպավորիչ կանացի կերպարների ողջ հմայքը: Պետեր Դուն կնոջ կյանքում հայտնվեց անհրաժեշտ պատահականությամբ` հասցնելով նրան ինքնաճանաչման: Նրանց երկխոսություններն ինձ մերթընդմերթ բերում էին կարծիքին, որ Դուն կարծես հերոսուհու ալտեր-էգոն է, էության այն թաքուն կողմը, որից ինքը միշտ խուսափել է լուսավորվել: Պետերի և հերոսուհու երկխոսությունը տեղ-տեղ իրոք նման էր տպավորիչ մենախոսության կամ սեփական ես-ի հետ բանավեճի: Պետերը ուղղորդող գործառույթ ունի երկում: Այդպիսի դեր կատարող կերպարները հաճախ են ժամանակավորապես հայտնվում ու հեռանում հերոսների կյանքից` իրենց գործառույթը կատարելով: Ակամայից հիշեցի Գորկու «Հատակում» պիեսի խորհրդավոր ծերունուն:
Եթե այս ամենը մի կողմ թողնենք, գործը գրավում է սեփական ես-ին ու նրա երազներին հավատարիմ մնալու տպավորիչ գաղափարներով: Մորուան ստիպում է մտածել կարևորի որոնման մասին. «Միակ բանը, որ կարող եմ անել, Ձեր ուշադրությունը գրավելն է այն հարցի շուրջ, որն ըստ իս, կարծում եմ նաև Ձեր կարծիքով, ամենակարևորն է: Վստա՞հ եք, որ չեք սպանի Ձեր մեջ լավագույն երազները»:
«Նա, ով չի փնտրում այն, ինչ մարդիկ երջանկություն են անվանում, ընդունակ է սիրել ուրիշներին այնպես, ինչպես նրանք պետք է սիրված լինեն և դրանում է տեսնում իր երջանկությունը»:
Սիրեցի այս երկը, գրավեց իր նուրբ ու ազդեցիկ շեշտադրումներով: Որքա՜ն գեղեցիկ է բացվում մարդկային հոգու դրաման, որտեղ շարունակ խաղում են զգացմունքներն ու գաղափարները: Որքա՜ն լավն էր Պետերը, որ չմնաց` նմանվելով մյուսներին ու դառնալով սոսկ անխուսափելի ինքնաճանաչման սիրուն ուրվապատկեր: Որքա՜ն նուրբ էր Մորուայի գրիչը գրում այս ամենը: Որքա՜ն սիրուն նվեր էր սերունդներին: