Մայրենի, 6-6, 6-1, 25.02.2020

  • Հովհաննես Թումանյանի «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքի առաջին հատվածի բանավոր ներկայացում, քննարկում:
  • Ծանոթանում ենք պատմվածքի շարունակությանը:

Իմ ընկեր Նեսոն

Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադարձել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համարձակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։

IV

Երկու տարուց հետո էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան։ Երբ էնտեղից էլ վերադարձա՝ իմ առաջվա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Միայն մի անգամ, խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշո՞ւմ եմ արդյոք, որ միասին կարդում էինք, Նեսոն էլ հարցրեց թե՝ «Միտդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում․․․»։

— Վա՜, ի՞նչպես չի միտս․․․ Մի՞թե կմոռանամ։ Էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է,— պատասխանեցի ես։

Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դարձյալ մնաց օտար ու հեռու։

Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ էնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վարձեցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտքով՝ ձիու ետևից, ինձ սաստիկ ծանր եկավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հերթով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։

Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստացանք ու հաց կերանք։ Ձմերուկ ուտելու ժամանակ իմ գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի։ Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր․․․ Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար՝ ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ նա ինձ դիմեց թե՝ «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ․․․»։

Ես սաստիկ ամաչեցի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին՝ հեքիաթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։

V

— Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․  Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ։ Ուզում եմ՝ շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում․ իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր։

Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխակոր կանգնած էր նեսոն։

Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտեցի, բաց թողնել տվի նրան։ Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։

Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։

Դասարանական առաջադրանքներ

Բլոգում «Նեսոներն ու կյանքը» վերնագրի տակ շարադրում ենք հետևյալ հարցերի պատասխանները:

  • Ինչո՞ւ Նեսոն նման ճակատագրի արժանացավ:
  • Ո՞րն էր պատմվածքի գլխավոր ասելիքը:
  • Կա՞ն այսօր Նեսոյի նման մարդիկ:
  • Ի՞նչ կարծիք ունես նրանց մասին:

Պատմվածքից տրված հատվածը կընթերցես ու կսովորես բանավոր վարժ ներկայացնել:

Լրացուցիչ կրթություն (տանը)

  • Թումանյանական քառյակների ձայնագրում, վերլուծություն:

Շուրջտարյա նախագծեր

  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • գրաբարյան ընթերցումներ
  • կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s