Մայրենի, 6-2, 12.02.2020

  • Լրացուցիչ կրթության առաջադրանքների քննարկում:
  • Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադի բանավոր ներկայացում, քննարկում, առաջին հատվածի անգիր արտասանություն:
  • Այժմ ծանոթանում ենք Թումանյանի հաջորդ ստեղծագործությանը:

ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈԻՄԸ

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜լ տըղերք,
Լա՜վ ուշ դրեք իմ խաղին:

Մենք ամենքս հյուր ենք կյանքում
Մեր ծննդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից:

Անց են կենում սեր ու խնդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:

Գործն է անմահ, լա՜վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՛կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:

Չարն էլ է միշտ ապրում անմ՜եռ,
Անե՛ծք նրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:

ԵՍ լավության խոսքն եմ ասում,
Որ ժպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
Լավ արարքը, լավ մարդին:

Է՛յ, լա՜վ կենաք, ակա՜նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքս, տեսեք, ո՞ւր է գնում,
Քաջ որսկանի գյուլլի պես:

I

Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար:

— Հե՛յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՜կ, բերել եմ ես քու մահը,
Ի՛նչ ես թառել ամրոցում:

Մի՜ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հսկան.
Գլխովը շա՛տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան:

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թռավ, հեծավ նժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի:

Ու քառսուն օր, քառսուն գիշեր
Կռիվ տվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գլխին հավասար:

Իրան. Թուրան ողջ եկել են,
Թաթուլն անհաղթ, աննկուն,
Զորք ու բաբան խորտակվել են,
Նրա բերդը միշտ կանգուն:

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամոոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա:

II

Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կգնար:

Սիրո հնոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կտան:

Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՜չ Շահ.
Ո՜չ ահ ու մահ,
Ո՜չ զենք ու զորք կհաղթեն:

III

Ու կռվի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի.
Նրան՝ իր տեսքով, հասակով, ասին,
Չի հասնի չքնաղ հուրին Իրանի:
Ծով են աչքերը Ջավախքի դստեր,
Ու կորչում է մարդ նրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում:
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նման:
Թե տիրես, մեծ Շահ, դու նրա սրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կտիրես և Թմուկ բերդին,
Որ չես կարենում էսքան ժամանակ:

IV

Էսպես է ասել հնուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին.
Ի՛նչը կհաղթի կյանքում հերոսին,
Թե չլինին
Կինն ու գինին:

Արևի նման ճակատը պայծառ,
Նայում է խրոխտ, կանգնած ինչպես սար,
Ո՛վ կանի նրան գետնին հավասար,
Թե չլինին
Կինն ու գինին:

Պարում է ասես կռիվ գնալիս,
Գետնքից վերև թռչում ման գալիս.
Ո՛վ ցած կբերի նրան թռչելիս,
Թե չլինին
Կինն ու գինին:

Թեկուզ և արար աշխարհ գա վրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան,
Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նրան,
Թե չլինին
Կինն ու գինին:

V

Ու ղրկեց Շահը իր թովիչ երգչին.
Գնա տե՜ս, ասավ, Թմկա տիրուհուն,
Երգի՜ իմ սերը նրա առաջին,
Պատմի՜ իմ փառքը ու գանձը անհուն:
Խոստացի նրան իմ ոսկի գահը,
Խոստացի նրան ամե՛ն, ամեն բան,
Ինչ որ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կնկան:

Ուր ահեղ կռվով չի մտնիլ արքան,
Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.
Եվ ահա մի օր ծեր, թափառական
Մի աղքատ աշուղ մտավ Թմկաբերդ:

VI

Գոռում են, դողում Թմկա ձորերը,
Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման.
Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քռի նման:

Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քռի նման.
Երգում է աշուղն իր Շահի սերը,
Անհուն գանձերը ու փառքն անսահման…

Լսում է մատաղ Թմկա տիրուհին.
Եվ վրդովում են իր միտքը թաքուն
Դավաճան գործի ամոթը խորին
Եվ արքայական փառքն ու մեծություն…

Լսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
Ա՜յ նազանի աննման.
Նայի Շահի՛ն, իրեն զորքի՛ն,
Աշխարհքի տերն անսահման…

Մեզ պես տկար մարդ է նա էլ՝
Սիրուններին միշտ գերի.
Քու ճակատին թագ է վայել,
Լինիս շքե՛ղ թագուհի…

Լսում է չքնաղ Թմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից…
Ու դարձավ նա լո՛ւռ, դալո՛ւկ, մտախո՛հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից…

VII

Դարձավ իր կռվից իշխան Թաթուլը,
Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,
Սրբեց, պատյանը դրավ կեռ թուրը,
Ցնծության ձայնից դողաց Թմկաբերդ:

Խնջույք է սարքել Թմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը:

Պտույտ է գալի չքնաղ տիրուհին,
Անցնում է, հսկում սեղաններն ամեն.
Հորդորում, խնդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:

Հապա լցրե՛ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներդ լիուլի,
Խմենք — Աստված կտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի:

Է՜յ, տեր Աստված կտրուկ անի
Թուրը մեր քաջ իշխանի,
Նրա շուքը միշտ հանապազ
Մեր գլխիցը անպակաս:

Ու թնդում է Թմուկ բերդը
Էն աղմուկից խնդության.
Որոտում են տաղն ու երգը
Գոռ ձայներով հաղթական:

— Էն մթին ամպից արծի՞վն է իջնում,
Սարի արծիվը շեշտակի թափով:
Էն Թմկա բերդից Թաթուլն է իջնում,
Թշնամու հոգին լըցնում սարսափով:

Էն Թմկա ձորում սև ա՞մպն է գոռում,
Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու:
— Էն Թմկա ձորում Թաթուլն է կռվում,
Էն թուրն է շաչում էնպես ահարկու:

Ի՛նչ սարի արծիվ կհասնի քաջին,
Ի՛նչ Շահ կկանգնի նրա առաջին:
Ու չի դադարում երգի հետ վարար
Կախեթի գինին խելագար հոսել.
Խմում են տիկնոջ թանկ կյանքի համար,
Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել:

Խմում են կռվող քաջերի փառքին,
Որ կռվի դաշտում կյանք չեն խնայում,
Եվ ընկածների սուրբ հիշատակին,
Որ երկնքիցն են այժմ իրնց նայում…

Պտույտ է գալի ծաղիկ տիրուհին,
Անցնում է, հսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խնդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:

— Օ՛ֆ, տիրուհի, Աստվա՛ծ վկա,
Էլ չենք կարող մենք խմել.
Էլ ուժ չկա, էլ տեղ չկա,
Շատ ենք խմել ու հոգնել…

Ու հանգչում է Թմուկ բերդը,
Պապանձում է ու մարում,
Հարբած, հոգնած տերն ու զորքը
Մրափում են խավարում:

VIII

Լուռ ու խավարչտին կամարների տակ,
Հոգնած ու քնած բազմության վրով
Թռչում են, թռչո՛ւմ, սև, չարագուշակ
Երազներն ահեղ, անվերջ խմբերով:

Երազ է տեսնում Թաթուլ իշխանը
Որ վիշապ օձը եկել է ահա,
Եկել փաթաթվել, իր բերդը պատել,
Գլուխը դրել ետ պոչի վրա:

Ու բարձրացնում է հրեշն ահռելի,
Իրեն գլուխը բարձրացնում է վեր,
Բարձրացնում մինչև բարձունքը բերդի,
Մինչև Թաթուլի պալատն ու տներ:

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կնոջ գլուխն իր կրծքին,
Ու իբր ասում է՝ վե՜ր կաց, իմ հրեշտակ,
Թո՜ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին:

Էսպես է ասում Թաթուլ իշխանը,
Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ,
Իրեն սիրելի կնոջ գլխի տեղ
Օձի գլուխն է կրծքին ծանրացած…

IX

Է՛յ, հսկեցե՛ք, ի՞նչ եք քնում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մթնում,
Քուն չի աչքին մոտ գալի:

Չլինի՞ թե հաղթահարված,
Ճարը հատած թըշնամին
Դավ է դնում մութն ու մեռած
Կես գիշերվա էս ժամին:

Վե՛ր կացեք, վե՛ր, ամբողջ գիշեր
Մարդ է գնում ու գալի.
Հե՛յ, զարթնեցե՛ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի:

Վե՛ր կացեք, վե՛ր, հարբեցրել է
Իր հաղթական հյուրերին,
Բաց է անում դուռն ու դարպաս
Ձեր դավաճան տիրուհին:

Դա՛վ… դա՛վ… ելե՛ք… կոչնա՛կ… պահնա՛կ…
Զենք առեք շո՛ւտ… ձի հեծե՛ք, ձի՛…
Ճռնչում են, դղրդում են
Դարպասները երկաթի…

X

Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վրա,
Ավերակ բերդին, սև ամպի նման,
Ծուխն ու թշնամին չոքել են ահա:

Հաղթության փառքով ու գինով հարբած
Քնած են բերդի և՜ զորքերն, և՜ տեր,
Ու հավիտյան էլ մնացին քնած,
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր:

Նստած է Շահը. նրա առաջին
Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Շահը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը:

Աշխարհքում հաստատ չկա ոչ մի բան,
Ու մի՜ հավատալ երբեք ոչ մեկին.
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթություն,
Ոչ սիրած կնկա տված բաժակին…

Ու լի դառնությամբ հարցնում է նա
Դալուկ, մարմարիոն Թմկա տիրուհուն.
— Պատասխան տո՜ւր ինձ, մատնիչ սևաչյա.
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Էսպես տիկինը տվավ պատասխան.
Անհուն ցասումից մռնչաց Շահը.
— Հե՛յ, դահի՛ճ, գոռաց գազանի նման.
Դահիճը իսկույն մտավ սրահը:

XI

Դահիճն եկավ ոտից գըլուխ
Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թմկա չքնաղ տիրահուն:

Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գլորեցին դեպի ձոր:

Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
Սև աչքերը հանեցին:

Անցավ անտես ու աննման
Էն սիրունը աշխարհից,
Ինչպես ծաղիկն անցած գարնան,
Որ չի ծաղկիլ էլ նորից։

Անցավ զալում էն մեծ արքան
Իրեն փառքով ու զորքով,
Անցավ Թաթուլն էն հաղթական
Ու իր քաջերն էն կարգով։

Ու նրանից մենակ անմեռ
Էս զրույցը հասավ մեզ,
Որ մեզանից հետո էլ դեռ
Պետք է խոսվի միշտ էսպես։

XII

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տղերք,
Լա՛վ ուշ դրեք իմ խաղին։

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծննդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։

Լրացուցիչ կրթություն (տանը)

Ամեն օր տանը աշխատում ենք հետևյալ ուղղություններով: Համարակալված աշխատանքները օրվա դասին են առնչվում: Մյուսները կարող ես իրականացնել ուսումնական շրջանի ընթացքում: Գործնական քերականության վարժություններից տանը կատարում ես շաբաթվա ընթացքում:

  1. Գտնել և գրել տեղեկություններ պոեմի մասին:
  2. Ընթերցել տրված պոեմը:

Ամենշաբաթյա աշխատանք

 Գործնական քերականություն — 6-րդ դասարան (այս շաբաթ` 58-64)

Շուրջտարյա նախագծեր

  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • գրաբարյան ընթերցումներ
  • կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s