Գրաբարյան ընթերցումներ

Մասնակիցներ` 6-րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը` դեկտեմբերի 30-հունվարի 5

Ընտրի՛ր առաջարկվող տարբերակներից մեկը կամ մի քանիսը և ընթերցի՛ր: Կարող ես նախագծի մասնակից դարձնել նաև ընտանիքիդ անդամներին: Ընթերցումներդ դարձրո՛ւ տեսանյութ:

Ս. Ներսես Շնորհալի

Հաւատով խոստովանիմ

Ա (1)

Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի.
Անեղ եւ անմահ բնութիւն.
Արարիչ հրեշտակաց եւ մարդկան
Եւ ամենայն եղելոց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Բ (2)

Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Անբաժանելի լոյս,
Միասնական սուրբ Երրորդութիւն
Եւ մի Աստուածութիւն,
Արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի.
Հալածեա ի հոգւոյ իմմէ
Զխաւար մեղաց եւ անգիտութեան.
Եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ՝
Աղօթել քեզ ի հաճոյս
Եւ ընդունիլ ի քէն զխնդրուածս իմ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Գ(3)

Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ,
Որ առաքեցեր զՈրդիդ քո սիրելի
Ի խնդիր մոլորեալ ոչխարին.
Մեղայ յերկինս եւ առաջի քո.
Ընկալ զիս որպէս զանառակ որդին.
Եւ զգեցո ինձ զպատմուճանն զառաջին՝
Զոր մերկացայ մեղօք,
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Դ(4)

Որդի Աստուծոյ Աստուած ճշմարիտ,
Որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ
Եւ առեր մարմին ի սրբոյ կուսէն Մարիամայ
Վասն մերոյ փրկութեան՝
Խաչեցար եւ թաղեցար
Եւ յարեար ի մեռելոց
Եւ համբարձար փառօք առ Հայր.
Մեղայ յերկինս եւ առաջի քո.
Յիշեա զիս որպէս զաւազակն՝
Յորժամ գաս արքայութեամբ քով.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Ե (5)

Հոգի Աստուծոյ՝ Աստուած ճշմարիտ,
Որ իջեր ի Յորդանան եւ ի վերնատունն
Եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին՝
Մեղայ յերկինս եւ առաջի քո.
Մաքրեա զիս վերստին աստուածային հրով քով՝
Որպէս հրեղէն լեզուօք զառաքեալսն.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Զ (6)

Անեղ բնութիւն,
Մեղայ քեզ մտօք իմովք.
Հոգւով եւ մարմնով իմով.
Մի յիշեա զմեղս իմ զառաջինս՝
Վասն անուանդ քում սրբոյ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Է (7)

Տեսող ամենայնի
Մեղայ քեզ,
Խորհրդով, բանիւ եւ գործով.
Ջնջեա զձեռագիր յանցանաց իմոց
Եւ գրեա զանուն իմ ի դպրութեան կենաց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Ը (8)

Քննող գաղտնեաց,
Մեղայ քեզ կամայ եւ ակամայ,
Գիտութեամբ եւ անգիտութեամբ.
Թողութիւն շնորհեա մեղաւորիս.
Զի ի ծննդենէ սուրբ աւազանին
Մինչեւ ցայսօր մեղուցեալ եմ
Առաջի աստուածութեանդ քո,
Զգայարանօք իմովք,
Եւ ամենայն անդամօք մարմնոյս.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Թ (9)

Ամենախնամ Տէր,
Դիր պահապան աչաց իմոց
Զերկիւղ քո սուրբ
Ոչ եւս հայիլ յայրատ.
Եւ ականջաց իմոց՝
Ոչ ախորժել լսել զբանս չարութեան.
Եւ բերանոյ իմոյ՝ ոչ խօսիլ զստութիւն.
Եւ սրտի իմոյ՝ ոչ խորհիլ զչարութիւն.
Եւ ձեռաց իմոց՝ ոչ գործել զանիրաւութիւն.
Եւ ոտից իմոց՝
Ոչ գնալ ի ճանապարհս անօրէնութեան.
Այլ ուղղեա զշարժումն սոցա
Լինիլ ըստ պատուիրանաց
Քոց յամենայնի.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Ժ (10)

Հուր կենդանի Քրիստոս,
Զհուր սիրոյ քո, զոր արկեր յերկիր՝
Բորբոքեա յանձն իմ,
Զի այրեսցէ հոգւոյ իմոյ.
Եւ սրբեսցէ զխիղճն մտաց իմոյ.
Եւ մաքրեսցէ զմեղս մարմնոյ իմոյ.
Եւ վառեսցէ զլոյս գիտութեան քո ի սրտի իմում,
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԺԱ(11)

Իմաստութիւն Հօր Յիսուս,
Տուր ինձ զիմաստութիւն,
Զբարիս խորհիլ եւ խօսիլ եւ գործել
Առաջի քո յամենայն ժամ.
Ի չար Խորհրդոց՝ ի բանից եւ ի գործոց
Փրկեա զիս.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԺԲ (12)

Կամեցող բարեաց Տէր կամարար,
Մի թողուր զիս ի կամս անձին իմոյ գնալ.
Այլ առաջնորդեա ինձ
Լինիլ միշտ ըստ կամաց քոց բարեսիրաց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԺԳ(13)

Արքայ երկնաւոր,
Տուր ինձ զարքայութիւն քո,
Զոր խոստացար սիրելեաց քոց.
Եւ զօրացո զսիրտ իմ
Ատել զմեղս
Եւ սիրել զքեզ միայն
Եւ առնել զկամս քո.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԺԴ(14)

Խնամող արարածոց,
Պահեա նշանաւ խաչի քո
Զհոգի եւ զմարմին իմ՝
Ի պատրանաց մեղաց,
Ի փորձութեանց դիւաց,
Եւ ի մարդոց անիրաւաց,
Եւ յամենայն վտանգից հոգւոյ եւ մարմնոյ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԺԵ (15)

Պահապան ամենայնի Քրիստոս,
Աջ քո հովանի լիցի ի վերայ իմ
Ի տուէ եւ ի գիշերի.
Ի նստիլ ի տան,
Ի գնալ ի ճանապարհ,
Ի ննջել եւ ի յառնել,
Զի մի երբէք սասանեցայց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԺԶ (16)

Աստուած իմ, որ բանաս զձեռն քո
Եւ լնուս զամենայն արարածս
Ողորմութեամբ քով,
Քեզ յանձն առնեմ զանձն իմ.
Դու հոգա եւ պատրաստեա
Զպէտս հոգւոյ եւ մարմնոյ իմոյ
Յայսմհետէ մինչեւ յաւիտեան.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԺԷ (17)

Դարձուցիչ մոլորելոց,
Դարձո զիս ի չար սովորութեանց իմոց
Ի բարի սովորութիւն.
Եւ բեւեռա ի հոգի իմ սոսկալի օր մահուն,
Եւ զերկիւղ գեհենոյն,
Եւ զսէր արքայութեանն.
Զի զղջացայց ի մեղաց
Եւ գործեցից զարդարութիւն
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԺԸ (18)

Աղբիւր անմահութեան.
Աղբերացո ի սրտէ իմմէ զարտասուս ապաշխարութեան
Որպէս պոռնկին.
Զի լուացից զմեղս անձին իմոյ՝
Յառաջ քան զելանելն իմ յաշխարհէս.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Անմահությա՛ն աղբյուր, բխեցրո՛ւ իմ
սրտից ապաշխարության արտասուքներ, ինչպես պոռնիկին, որպեսզի լվանամ իմ
հոգու մեղքերն աշխարհից ելնելուց առաջ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝
բազմամեղիս:

ԺԹ (19)

Պարգեւիչ ողորմութեան,
Պարգեւեա ինձ
Ուղղափառ հաւատով,
Եւ բարի գործով,
Եւ սուրբ մարմնոյ
Եւ արեան քո հաղորդութեամբ
Գալ առ քեզ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Պարգևի՛չ ողորմության, պարգևի՛ր ինձ
ուղղափառ հավատքով և բարի գործով և Քո սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ
գալ Քեզ մոտ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Ի (20)

Բարերար Տէր,
Հրեշտակի բարւոյ յանձն արասցես զիս՝
Քաղցրութեամբ աւանդել զհոգի իմ.
Եւ անխռով անցուցանել ընդ չարութիւն այսոցն՝
Որք են ի ներքոյ երկնից.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԻԱ (21)

Լոյս ճշմարիտ Քրիստոս,
Արժանաւորեա զհոգի իմ ուրախութեամբ տեսանել
Զլոյս փառաց քոց
Ի կոչման աւուրն
Եւ հանգչել յուսով
Բարեաց յօթեւանս արդարոց
Մինչեւ յօր մեծի գալստեան քո.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԻԲ (21)

Դատաւոր արդար,
Յորժամ գաս փառօք Հօր դատել
Զկենդանիս եւ զմեռեալս՝
Մի մտաներ ի դատաստան
Ընդ ծառայի քում,
Այլ փրկեա զիս ի յաւիտենական հրոյն
Եւ լսելի արա ինձ
Զերանաւէտ կոչումն արդարոց՝
Յերկնից արքայութիւնդ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԻԳ (23)

Ամենաողորմ Տէր,
Ողորմեա ամենայն հաւատացելոց ի քեզ՝
Իմոց եւ օտարաց,
Ծանօթից եւ անծանօթից,
Կենդանեաց եւ մեռելոց.
Շնորհեա եւ թշնամեաց իմոց
Եւ ատելեաց զթողութիւն,
Որ առ իս յանցանաց.
Եւ դարձո զնոսա ի չարեացն,
Զոր ունին վասն իմ,
Զի ողորմութեան քում արժանի եղիցին.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԻԴ (24)

Փառաւորեալ Տէր,
Ընկալ զաղաչանս ծառայի քո՝
Եւ կատարեա ի բարի զխնդրուածս իմ
Բարեխօսութեամբ սրբուհւոյ Աստուածածնին,
Եւ Յովհաննու Մկրտչին,
Եւ սրբոյն Ստեփաննոսի Նախավկային,
Եւ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին,
Եւ սրբոց առաքելոց եւ մարգարէից,
Եւ վարդապետաց, եւ մարտիրոսաց
Եւ սրբոց հայրապետաց, եւ ճգնաւորաց
Եւ կուսանաց, եւ ամենայն սրբոց քոց,
Երկնաւորաց եւ երկրաւորաց,
Եւ քեզ փառք եւ երկրպագութիւն
Անբաժանելի սուրբ Երրորդութեանդ,
Յաւիտեանս յաւիտենից, ամէն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s