Մայրենի, 6-6, 5.12.2019

Ջոան Ռոուլինգ

ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐԸ ԵՎ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՔԱՐԸ

(Հատված)

Բանալիների պահապանը

— Շատ կուզենայի տեսնել, թե էդ ո՞նց պիտի քո նման անմխիթար մագլի մեկը խանգարի նրան — գռմռաց Հագրիդը։

— Ո՞վ, ո՞վ… — անչափ հետաքրքրված հարցրեց Հարրին։

— Մագլի մեկը, — ասաց Հագրիդը, — մենք մագլ ենք անվանում սրանց նման կախարդանքից հեռու մարդկանց։ Եվ ասեմ քեզ, բարեկամս, որ բախտդ հե՛չ չի բերել, որ սրանց պես բացարձակ մագլների ընտանիքում ես մեծացել։ Սրանցից ավելի մագլ կյանքումս դեռ չեմ հանդիպել։

— Երբ տուն վերցրինք նրան, երդվեցինք, որ վերջ կտանք այդ ապուշ բարբաջանքին, — ասաց քեռի Վերնոնը, — երդվեցինք, որ կվերացնենք նրա ուղեղից այդ զավեշտական ցնդաբանությունը։ Հրաշագործ կախարդ, բա չէ՜…

— Ուրեմն դուք գիտեի՞ք… Դուք գիտեի՜ք, որ ես… ես հրաշագործ կախարդ եմ…

— Գիտեի՞նք․․․ — հանկարծ տեղից ծղրտաց մորաքույր Պետունիան։ — Այդ ինչպե՞ս կարող էինք չիմանալ։ Իհարկե, գիտեինք։ Այդ ինչպե՞ս կարող էիր նորմալ ծնվել՝ իմ անիծյալ քրոջ զավակը լինելով։ 0՜հ, նա նույնպես ճիշտ սրա նման մի նամակ ստացավ ու անհետացավ այդ… այդ դպրոց կոչեցյալում… և հետո ամեն արձակուրդների տուն էր գալիս գրպանները լիքը զանազան գարշելի բաներով, ու ամեն քայլափոխի… ա՜ա֊ըխբ… գորտ֊մորտ էր դուրս թռցնում թևքերից։ Արած֊չարածն ի՞նչ էր, որ… Մեկ էլ տեսար թեյի գավաթից առնետ կսարքեր… Միայն ես էի տեսնում նրա այլանդակությունը, իսկ հայրիկն ու մայրիկը՝ ընդհակառակը․ օ՜խ, Լիլին այսպե՜ս արեց, ա՜խ, Լիլին այնպե՜ս արեց… Նրանք պարզապես հպարտ էին, որ իրենց ընտանեկան վհուկ ունեն։

Նա մի պահ դադար տվեց շունչը տեղը բերելու համար, իսկ հետո շարունակեց արագ֊արագ ճարճատել։ Կարելի էր կարծել, որ նա տարիներ շարունակ կուտակել էր ասելիէը, որն արդեն անզուսպ դուրս էր ժայթքում նրա կոկորդից։

— Հետո նա այդ Փոթթերին հանդիպեց դպրոցում, և նրանք թողին գնացին, ամուսնացան ու քեզ ունեցան… Իհարկե ես գիտեի, որ դու ճիշտ նրանց նման ես լինելու… ճիշտ ու ճիշտ նրանց պես տարօրինակ… նրանց… նրանց պես աննորմա՚լ, իսկ հետո… հետո ուրիշ բան չէր էլ կարող լինել, նա անշուշտ պետք է ինքն իր գլխին նման փորձանք բերեր ու քեզ կապեր մեր վզին։

Հարրին ճեփ֊ճերմակ էր կտրել։ Եվ երբ, վերջապես, ձայնը տեղն ընկավ, նա հազիվ շշնջաց․

— Ի՞նչ փորձանք… Դուք ինձ ասել եք, որ նրանք ավտովթարից են մահացել։

— ԱՎՏՈՎԹԱՐԻ՞Ց, ― որոտաց Հագրիդը, այնպես զայրագին տեղից վեր ցատկելով, որ Դարզլիները ետ գլորվեցին դեպի իրենց անկյունը։

— Էդ ինչպե՞ս կարող էր ավտովթարը սպանել Լիլի ու Ջեյմս Փոթթերներին, հը՞… Չէ՛, սա խայտառակություն է։ Սա լինելու բան չէ։ Հարրի Փոթթերը չգիտի իր կյանքի պատմությանը, մինչդեռ յուրաքանչյուր երեխա մեր աշխարհում ճանաչում է նրան։ — Բայց ինչու՞։ Բայց ի՞նչ է իրականում կատարվել, — հարցրեց Հարրին անհամբերությամբ։Զայրույթը միանգամից անհետացավ Հագրիդի դեմքից, որն արդեն շատ մտահոգ արտահայտություն էր ընդունել։

— Ես, ճիշտն ասած, չէի սպասում, որ ամեն ինչ էսպես լուրջ կլինի, — ասաց նա ցածր ու անհանգիստ ձայնով, — երբ Դամբլդորն ինձ ասաց, որ հնարավոր է խնդիրներ ծագեն քեզ բերելու ժամանակ, ես գաղափար էլ չունեի, թե դու էդքան անտեղյակ ես։ Ա՛խ, Հա՚րրի, չգիտեմ, ճի՞շտ է արդյոք, որ էդ պատմությանը ինձնից իմանաս, սակայն, ի վերջո, մեկն ու մեկը պետք է քեզ ճշմարտությունը պատմի, թե՝ ոչ։ Սխալ կլինի, եթե դու Հոգվորթս մտնես ամեն ինչից էդպես անտեղյակ։ Նա մի խեթ հայացք նետեց Դարզլիների վրա։

— Դեհ, ի՞նչ․․․ ճիշտ կլինի, եթե իմանաս գոնե էնքանը, ինչքան ես գիտեմ։ Սակայն իմացած լինես, որ ես էլ շատ բան չգիտեմ։ Դա մի մե՜ծ առեղծված է, որը ոչ ոք մինչև վերջ չգիտի…Նա նստեց, հայացքը մի պահ սևեռեց կրակին ու ասաց․

— Էս պատմությունը թերևս սկսվում է մի անձնավորությունից, որի անունը… Բայց դա ուղղակի անհավատալի է, որ դու չգիտես նրա անունը, մեր աշխարհում բոլորը գիտեն… — Ու՞մ անունը։ — Հը՜ը… չէի ուզենա նրա անունը բարձրաձայն ասել։ Ոչ ոք նրա անունը բարձրաձայն չի ասում։ — Ինչու՞։ — Հա՛րրի, մարդիկ դեռ վախեցած են։ Հավատա, որ հեշտ չէ։ Ուրեմն էսպես… ժամանակին մի հրաշագործ կախարդ կար, որը… որը, կարելի է ասել, մի օր չարացավ… Մի անտանելի, մի սաստիկ չար կախարդ դարձավ, նույնիսկ դրանից էլ վատը, նույնիսկ վատից էլ վատը։ Նրա անունը… — Հագրիդը օդ կուլ տվեց, սակայն չկարողացավ անունը արտասանել։

— Միգուցե գրե՞ք անունը, — առաջարկեց Հարրին։ — Նե՜եյ… Ուղղագրությունը չգիտեմ։ Դեհ, լավ… հըըը՜… Վոլդեմորթ, — Հագրիդն ամբողջ մարմնով դողդողաց։ — Չստիպես ինձ նորից ասել էդ գրողի տարածի անունը։ Ինչևէ, էս… էս կախարդը մոտ քսան տարի առաջ սկսեց համախոհներ հավաքել։ Եվ գտնվեցին էնպիսիք, որ գնացին նրա ետևից։ Շատերը պարզապես վախեցած էին, շատերն ուզում էին նրա պես զորեղ լինել, որովհետև նա իսկապես շա՜տ հզոր էր…Կային նաև էնպիսիք, որ համախոհ էին նրա սև մագիային։ Ի՜նչ սև օրեր էին, Հա՛րրի… Մարդ չգիտեր, ում վստահեր, շատ վտանգավոր էր անծանոթ կախարդների ու վհուկների հետ ընկերանալը… Սարսափելի բաներ էին կատարվում… էս կախարդը օրեցօր զորություն էր հավաքում և իշխանություն ձեռք բերում։ Իհարկե, բոլորը չէին գնում նրա ետևից, բայց ով համարձակվում էր բացեիբաց ընդդիմանալ էդ չարքին, նա բոլորին սպանում էր։ Ահավոր էր։ Ապահով տեղ միայն Հոգվորթսն էր մնացել։ Պատկերացրու, որ Դամբլդորը միակ հրաշագործն էր, ումից Գիտես֊թե– ովը վախենում էր։ Նա չէր համարձակվում նույնիսկ մոտիկ գալ դպրոցին։ Քո ծնողների նման համակրելի հրաշագործ ընտանիք ես երբեք չեմ ճանաչել։ Դեռևս Հոգվորթսում սովորելու ժամանակ դպրոցի առաջին աշակերտներն էին ու երբևէ իմ իմացած լավագույն դյութն ու դյութանույշը…

Գիտես֊թե֊ովը նույնիսկ չփորձեց էլ նրանց իր կողմը գրավել, որովհետև երևի գիտեր, որ նրանք անչափ նվիրված են Դամբլդորին ու երբեք չեն համաձայնի սև ուժերին ծառայել։ Գուցե նա պարզապես ուզում էր համոզել կամ գայթակղել նրանց, գուցե ուղղակի ուզում էր իր ճանապարհից հեռացնել… Հայտնի է միայն, որ էդ չարաբաստիկ օրը նա հայտնվել էր ձեր գյուղում, և դա բոլոր սրբերի օրն էր, սրանից ուղիղ տաս տարի առաջ։ Դու դեռ ընդամենը մեկ տարեկան էիր։ Նա եկել էր ձեր տուն և… և… — Հագրիդը հանկարծ մի մեծ ու աննկարագրելի կեղտոտ պտավոր թաշկինակ հանեց իր վերարկուի գրպանից ու քիթը սրբեց ՝ որսորդական եղջերափողի կանչ հիշեցնող ձայնային աղմուկով։ — Ների՛ր, բայց էս ամենը էնքա՜ն տխուր է… Ախր, ես շատ լավ էի ճանաչում հայրիկիդ ու մայրիկիդ… Ի՜նչ լավ ու բարի մարդիկ էին… Նման լավ մարդկանց հաճախ չես հանդիպի։ է՜հ… Գիտես֊թե֊ովը սպանեց նրանց ու հետո… իսկ դա ամենամեծ առեղծվածն է, էդ ոճրագործը փորձել էր քեզ էլ սպանել, բայց չէր կարողացել… Ո՜վ իմանա, գուցե նրան արդեն սկսել էր դուր գալ մարդ սպանելը… Գուցե ուզեցել էր գործը մինչև վերջ հասցնել… Երբևէ մտածե՞լ ես, արդյոք, թե որտեղից է ճակատիդ հայտնվել էդ սպին։ Դա սովորական սպի չէ։ Նման սպի մարդ ստանում է միայն, երբ շա՜տ զորեղ անեծքի տակ է ընկնում։ էդ անեծքը սպանեց ծնողներիդ և հիմնովին քարուքանդ արեց ձեր տունը, սակայն ոչինչ չկարողացավ անել քեզ հետ… Ահա թե ինչու էս դու էդքան հանրահայտ, Հա՛րրի… Դեռ ոչ ոքի չէր հաջողվել կենդանի մնալ՝ Գիտես֊թե֊ում անեծքի տակ ընկնելով։ Ոչ ոքի, բացի քեզնից, իսկ նա կարողացել էր հաշվեհարդար տեսնել մեր ժամանակների էնպիսի հզոր հրաշագործ ընտանիքների հետ, ինչպիսիք էին Մըք Քինոնները, Բոունզները, Փրյաեթները, իսկ դու ընդամենը մի պստլիկ երեխա էիր… ու կենդանի մնացիր, — Հագրիդը տխուր ու մտախոհ գլուխը կախեց։ Իսկ Հարրիի ուղեղում ինչ֊որ շատ ցավագին բան էր կատարվում։ Մինչ Հագրիդը պատմում էր, նա կրկին վերհիշեց իր մանկական մղձավանջները՝ կուրացնող կանաչ լույսի մի ուժեղ ճառագայթ, բայց այս անգամ նույնիսկ ավելի պարզ ու հստակ, քան երբևէ և կյանքում առաջին անգամ մի բան էլ մտաբերեց՝ մի բարձրաձայն, սառնաշունչ, դաժան քրքիջ։ Հագրիդը տխուր դիտում էր նրան։ — Ես ինքս եմ Դամբլդորի հրամանով քեզ դուրս բերել ձեր քարուքանդ եղած տան ավերակներից։ Ե՛ս եմ քեզ բերել սրանց մոտ…

Կատարում ենք տրված պահանջները:

  • Լրացնում ենք բացթողնված տառերը:
  • Կետադրում ենք նախադասությունները:
  • Գտնում ենք տարբեր նախադասություններում հոմանիշ բառեր:
  • Բացատրում ենք ընդգծված բառերի գրությունը:
  1. Եթե հավատար ժամանումների ու մեկնումների չվատա.տակի վերևում կա.ված մեծ ժամացույցին նրան ընդամենը տասը րոպե էր մնացել Հոգվորթս մեկնող գնա.քը նստելու համար իսկ նա գաղափար անգամ չուներ թե ինչպես է դա անելու կանգնած էր կայարանի մե.տեղում մի հսկա ծանր ճամպրուկով, որն ինքը հազիվ էր կարողանում տեղից շարժել գրպանը լեցուն դյութական աշխարհի մետաղադրամներով ձեռքին մի մեծ թ.չնավանդակ մեջն էլ իսկական կենդանի բու։ 
  2. Հագրիդն իր լրագիրը ծալեց և նրանք միասին մագլցեցին քարե աստիճաններով ու մտան փողոց։
  3. Թեև Հագրիդը հավանաբար գիտեր թե իրենք ուր էին գնում սակայն միանգամայն ակնհայտ էր որ նա սովոր չէր նորմալ մարդկային ճանապար.ով Լոնդոն այցելելու։ 
  4. Միթե որևէ հավանականություն կար որ աշխար.ում ինչ֊որ տեղ ինչ֊որ խանութներում դյութագործության դասագրքեր կամ կախարդական թռչող ցախավելներ են վաճա.վում։

Սովորում ենք բանավոր վարժ ներկայացնել Ռոուլինգի ստեղծագործությունը կամ պատրաստում ենք տեսանյութ` պատմելով այն:

Անպայման լրացնում ենք նոյեմբեր ամսվա ինքնաստուգման ձևաթերթիկը:

Լրացուցիչ կրթություն

Իրականացնում ենք փոթերյան հետևյալ նախագծերից մեկը կամ մի քանիսը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s