- Քննարկում ենք շաբաթվա ընթացքում իրականացվող նախագծերի կատարման ընթացքը, առկա արդյունքները:
- Ծանոթանում ենք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից մեկին:
Հովհաննես Թումանյան
ԽԵԼՈՔՆ ՈՒ ՀԻՄԱՐԸ
Երկու ախպեր են լինում, մինը` խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

— Ախպեր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ. իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։
— Լա՛վ,— ասում է խելոքը.— էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ. երբ ջրից բերես, ո՛րապրանքը գոմը մտնի, ինձ, որը դուրս մնա՝ քեզ։
Ժամանակն էլ լինում է ձմեռ։
Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում ետ բերում։ Ձմեռվա ցուրտ օր, մրսած անասուններ, հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ, իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։
Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։
— Ա՛ մոզի, արի, հե՜յ,— կանչելով գնում է։
Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հեյ… ավերակի արձագանքը կրկնում է.
— Հե՜յ… հիմարը կանգնում է։
— Ինձ հետ ես խոսում, հա՞…
Ավերակը ձայն է տալիս.
— Հա՜…
— Մոզին ուզում ե՞ս։
— Ե՜ս…
— Քա՞նի մանեթ կտաս։
— Տա՜ս…
— Հիմի կտա՞ս, թե չէ։
— Չէ՜…
— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜։
— Արի՜…
Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։
Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դես ու դեն ցրված ավերակի առջև։
— Հը՜,— ասում է,— մորթել ես կերել, հա՜։
— Հա՜…
— Չաղ է՞ր, թե չէ։
— Չէ՜։
Հիմարը էստեղ վախենում է, կարծում է ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։
— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜…
— Սկի՜ …
Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս, ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է. պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը՝ լցվում։
— Այ էդպես… բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ, իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք…
Մի ոսկի է վերցնում, գալի տուն։
— Հը՜, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։
— Ծախեցի։
— Ո՞ւմ վրա։
— Ավերակի։
— Հետո, փող տվա՞վ։
— Իհարկե տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։
Ասում է ու ոսկին հանում ցույց տալիս։
— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։
— է´հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։
Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։
— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ ես տեսնեմ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։
Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալիս ախպորը, տանում է մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։
Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։
— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի…
— Հերիք է, հերիք,— ընդհատում է դատավորը.— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի…— վրեն ծիծաղում է ու դուրս անում։
Գնում է ուրիշներին գանգատվում, նրանք էլ էն վրեն ծիծաղում։
Ու ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, իսկ խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։
- Բացատրում ենք մգեցված բառերն ու գրում դրանց գրական տարբերակները:
- Բացում ենք դասագիրքն (էջ 117) ու գտնում նշված բառերի ճիշտ ուղղագրությունը, ուղղում արված սխալները:
- աղմուկաղաղակ, ախյուսակ, ախոտկ, ախչամուղչ (մթնշաղն է), ախքատ, ամաի, ամպար, անբարտավան (գոռոզն է),
- ամբողչ, ամենինչ, ամբ, անփոփել, այբենարան, այքաբաց, այծամ, այսոր, արյվացք, ամբասիր (մաքուրն է), անքամ, անդաթար, անդոր (խաղաղությունն է), անդրադարնալ:
- Գտնում ենք նշված բառերի իմաստներն ու ասում, թե որն ինչպես է գրվում: Բացատրում ենք նաև կետադրական նշանների գործածությունը:
- Ամենօրյա աշխատանքը ավարտելու վրա էր, երբ հանկարծ տեսավ, որինչ-որ մեկը գալիս է:
- Ամանորյա աշխատանքները գեղեցիկ ու հետաքրքիր էին. ստացվել էր այն, ինչ որ պատկերացնում էին մանուկները:
Կսովորես հեքիաթը բանավոր վարժ ներկայացնել կամ կպատրաստես տեսանյութ, որտեղ կներկայացնես այն:
Լրացուցիչ կրթություն
Կատարում ենք մեկշաբաթյա հետևյալ նախագծերից որևէ մեկը կամ մի քանիսը:
- Ընտրում ենք հայերեն դեռևս չթարգմանված որևէ օտարալեզու հեքիաթ և թարգմանում այն հայերեն: Եթե հեքիաթը երկար է, կարող ենք այն մասերի բաժանել ու աշխատել մի քանի հոգով:
- Դերային տարբերակով ձայնագրում ենք մեր ուսումնասիրած հեքիաթներից որևէ մեկը:
- Տեսանյութ ենք պատրաստում, որտեղ մեկնաբանում ենք մեր ուսումնասիրած հեքիաթներից որևէ մեկը, խոսում հերոսների և այն մասին, թե ինչ է այն սովորեցնում:
- Գրում ենք աշխատանք, որտեղ պատմում ենք մեզ ծանոթ հեքիաթներում հանդիպած կախարդական իրերի ու էակների մասին: Համեմատում ենք նրանց իրար հետ:
- Գրում ենք նամակ մեր ուսումնասիրած հեքիաթների հերոսներից մեկին, օրինակ` Ձախորդ Փանոսին, Քաջ Նազարին, Մոխրոտին:
- Կազմում ենք մեկշաբաթյա օրագիր, որտեղ պատմում ենք մեր օրվա մասին: Ամեն հաջորդ օրվա գրառումը սկսում ենք` նախորդ օրվա ուղղագարական ու կետադրական սխալները (եթե կան) նշելով, օրինակ.
- Իմ երեկվա գրառման ուղղագարական սխալները` այսոր-այսօր, կանանչ-կանաչ:
- Իմ երեկվա գրառման կետադրական սխալները`
- Ես սպասում էի որ ընկերներս գան:-Ես սպասում էի, որ ընկերներս գան: