Մայրենի, 6-1, 28.11.2019

  • Բանավոր ներկայացնում ու քննարկում ենք  «Ճերմակ օձը»  հեքիաթը:
  • Հեքիաթը համեմատում ենք մեզ ծանոթ այլ հեքիաթների հետ, գտնում նմանություններն ու տարբերությունները:
  • Քննարկում ենք շաբաթվա ընթացքում իրականացվող նախագծերի կատարման ընթացքը, առկա արդյունքները:

Հովհաննես Թումանյան

ՃԵՐՄԱԿ ՕՁԸ

(ԳՐԻՄՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ)

— Ա՛խ, ինչ կլիներ, որ էս մարդիկ ու կոպիտ կենդանիները մեզնից հեռու ման գային։ Հիմի էս հիմար ձին, առանց ափսոսալու, իր ծանր սմբակներով կկոխկրտի իմ մարդկանց ու մեր բնակարանները։

Երիտասարդի մեղքն եկավ։ Ձիու գլուխը ծռեց դեպի կողքի շավիղը, իսկ մրջյունների թագավորը ետևից կանչեց. «Շնորհակալ եմ, բարի հոգի։ Թե աստված կտա, քո պարտքի տակ չենք մնալ մենք»։

Էն նեղ շավիղն էլ, որ բռնում է տղեն, դեպի անտառն էր տանում։ Անտառն է մտնում, տեսնում է՝ երկու պառավ ագռավ իրենց ճուտերին բներից ներքև են թափում ու կռավում են.

— Հենց միշտ հո մենք չենք ձեզ կերակրելու։ Գնացեք ձեզ համար կեր ճարեցեք, ապրեցեք։

Թշվառ ճուտերը խոտերի մեջ թափված, թևերին են անում ու խղճալի ճվճվում.

— Մենք խեղճ ճուտեր, փոքրիկ ձագեր,
Ո՞ւրտեղից գտնենք մեզ տեղ ու կեր,
Ոչ թև ունենք, ոչ բուն ունենք,
Մենք ո՞ւր գնանք, մենք ի՞նչ անենք…

Երիտասարդի մեղքը գալիս է. առանց երկար ու բարակ մտածելու ունեցած-չունեցած հացը հանում է, տալիս ագռավի ճուտերին, որ ուտեն։ «Շնորհակալ ենք,— կանչում են ագռավի ճուտերը։— Քո արած լավությունը մի օր ետ կվճարենք»։

Ու վեր է կենում երիտասարդը էստեղից ճամփա է ընկնում, գնում։ Գնում է, գնում, հասնում է մի մեծ քաղաք։ Տեսնում է՝ էս քաղաքում ժողովուրդն իրարով է անցել, լցվել փողոցները, մի անասելի-անպատմելի աղմուկ-աղաղակ, հարա-հրոց։ Մինն էլ ձին նստած՝ փողոցե-փողոց անց է կենում ու կանչում.

— Թագավորի աղջիկը իրեն համար փեսացու է ընտրում։ Ով ուզում է նրա փեսան դառնա՝ մի դժվար գործ պետք է կատարի, թե կատարեց՝ լավ, թե, չէ հո՝ գլուխը կթռչի։

Շատերն էին փորձել թագավորի աղջկա առաջարկը կատարել, միայն իրենց կյանքն էին զուր խորտակել։ Բայց մեր երիտասարդը հենց թագավորի աղջկանը տեսնում է թե չէ, էնպես է խելքը կորցնում նրա գեղեցկությունից, որ ամեն փորձանք ու ամեն վտանգ մտքիցը հանում է, գլխիցը ձեռք է քաշում, ներկայանում թագավորին, թե՝ քո աղջիկը ուզում եմ։

Էստեղից թագավորի հրամանով տղին տանում են ծովի ափը ու մի ոսկի մատանի գցում ծովի մեջ։ Թագավորն ասում է.

— Էս մատանին պետք է ծովի անդունդից հանես։ Թե հանեցիր, հո իմ աղջիկը քոնն է, թե չէ առանց մատանի լուս աշխարհք դուրս եկար, նորից կգցեն ծովը, մինչև որ կամ հանես, կամ խեղդվես։

Ամենքը ափսոսում են գեղեցիկ երիտասարդին, որ մենակ կանգնած էր ծովի ափին։ Ու ծովափին կանգնած՝ նա միտք է անում, թե՝ ինչ անեմ, տեր աստված։ Հենց էս ժամանակ տեսնում է ալիքների մեջ երեք ձուկը լողում են դեպ իրեն, էն երեք ձուկը, որոնց կյանքը ինքը փրկել էր մի ժամանակ։ Մեջտեղի ձուկը բերանում բռնած մի խեցի է բերում, բերում է, բերում, դնում երիտասարդի առաջին։ Երիտասարդը վերցնում է, տեսնում է՝ ոսկե մատանին մեջը։ Ուրախ-ուրախ մատանին առնում է, տանում տալիս թագավորին, էն հուսով, թե խոստացած պարգևը պիտի ստանա։ Բայց գոռոզ թագավորի աղջիկը հենց որ իմանում է, թե երիտասարդը ծագումով իրեն հավասարը չի՝ երեսը շուռ է տալիս ու մի նոր խնդիր առաջարկում։ Իջնում է այգին ու ինքն իր ձեռքով տասը տոպրակ կորեկ շաղ տալիս, ասում է.

— Մինչև էգուց առավոտ՝ արևի ծագումը, պետք է էս կորեկը հավաքես, էնպես, որ ոչ մինը չկորչի։ Թե հավաքեցիր, հո լավ, թե չէ՝ գլուխդ կթռչի։

Այգում նստում է ու միտք է անում երիտասարդը, թե ինչ հնար գործ դնի, որ կարողանա էս մի առաջարկն էլ գլուխ բերի։ Ոչ մի ճար ու հնար չի գտնում, ու տխուր-տրտում նստած սպասում է, թե հրես առավոտը լուսին կգան կտանեն գլուխը կտրել տալու։

Միտք է անում միտք, մինչև թմրում է, քունը հաղթում է ու էս մտքի մեջ էլ քնում է։ Առավոտը աչքը բաց է անում՝ որ տասը տոպրակ կորեկ կողք կողքի դիմհար տված առաջին շարած են, գետնին էլ մի հատիկ կորեկ չի մնացել։ Դու մի՛ ասիլ՝ էդ գիշեր մրջյունների թագավորն իր անթիվ ու անհամար մրջյուններով եկել է, ու երախտագետ մրջյունները շաղ տված կորեկը հավաքել են, լցրել տոպրակները՝ իրար կողքի շարել։

Թագավորի աղջիկն ինքն իր ոտով գալիս է այգին, իր աչքովը տեսնում է, որ երիտասարդը իր էս առաջարկն էլ է կատարել, զարմանում է, բայց իր գոռոզությունից չի կոտրվում, ասում է.

— Թեև երկու առաջարկս էլ կատարեցիր, բայց դու չես կարոդ դառնալ իմ ամուսինը, մինչև, ինձ համար չբերես կյանքի ծառի խնձորը։

Երիտասարդը իր օրումը լսած էլ չի լինում, թե ինչ բան է կյանքի ծառը կամ որտեղ է բուսնում։ Վեր է կենում, մի ճամփա ընկնում, գնում, թե՝ որտեղ դուրս կգամ՝ դուրս։

Գնում է աշխարհքե-աշխարհք անց է կենում, մի իրիկուն էլ մտնում է մի անտառ, հոգնած մի ծառի տակ նստում է ու ննջում։ Հանկարծ լսում է, որ գլխի վերևը ծառի տերևները խշխշում են։ Էս խշխշոցն ու վերևից մի ոսկի խնձորի իր բուռն ընկնելը մին է գինում։ Սրա հետ միաժամանակ երեք ագռավ ծառի ծերիցը թռչում իջնում են ծնկներին ու ասում.

— Մենք էն երեք ագռավների ձագերն ենք, որ դու մի ժամանակ սովամահից ազատեցիր։ Երբ մեծացանք ու իմացանք, որ դու կյանքի ծառի խնձորին ես ման գալիս, թռանք ծովերն անցկացանք, սարերն անցկացանք, հասանք աշխարհքի ծերը, ուր բուսնում է կյանքի ծառը, ու էս խնձորը բերինք քեզ համար։

Երիտասարդը ուրախանում, աշխարհքով մին է լինում, խնձորն առնում է ու բերում տալիս թագավորի աղջկանը։ Թագավորի աղջիկը խնձորն էլ որ տեսնում է, ասում է.

— Էլ խոսք չունեմ։

Խնձորը կես են անում, միասին ուտում ու էստեղ աղջկա սիրտը լցվում է սիրով դեպի երիտասարդը։ Ամուսնանում են ու երջանիկ, բախտով-թախտով միասին ապրում մինչև իրենց խորին ծերությունը։

  1. Բացում ենք դասագիրքն (էջ 117) ու գտնում նշված բառերի ճիշտ ուղղագրությունը, ուղղում արված սխալները:
    • առեջ, առաչնորթ, արաջ, առաչին, աչլիկ, աչ, ապորինի, ապուղտ, ապարդյուն, աշխուժանալ, աշխարհհայացք,
    • անօթ, անորեն, անորինություն, անօքուտ, անոքնական, անուղակի, անցուդարց, անցորթ, անշնորք:
  2. Գտնում ենք նշված բառերի իմաստներն ու ասում, թե որն ինչպես է գրվում: Բացատրում ենք նաև կետադրական նշանների գործածությունը:
    • Անօրեն էր նա. ոչ ոքի չէր հարգում, ոչինչ նրա համար նշանակություն չուներ, ոչ մի բան կարևոր չէր:
    • Կուրորեն էր հավատում աղջկան, մինչ մի օր իմացավ ճշմարտությունը` այդ ահավոր գաղտնիքը:

Կսովորես հեքիաթը բանավոր վարժ ներկայացնել կամ կպատրաստես տեսանյութ, որտեղ կներկայացնես այն:

Լրացուցիչ կրթություն

Կատարում ենք մեկշաբաթյա հետևյալ նախագծերից որևէ մեկը կամ մի քանիսը:

  1. Ընտրում ենք հայերեն դեռևս չթարգմանված որևէ օտարալեզու հեքիաթ և թարգմանում այն հայերեն: Եթե հեքիաթը երկար է, կարող ենք այն մասերի բաժանել ու աշխատել մի քանի հոգով:
  2. Դերային տարբերակով ձայնագրում ենք մեր ուսումնասիրած հեքիաթներից որևէ մեկը:
  3. Տեսանյութ ենք պատրաստում, որտեղ մեկնաբանում ենք մեր ուսումնասիրած հեքիաթներից որևէ մեկը, խոսում հերոսների և այն մասին, թե ինչ է այն սովորեցնում:
  4. Գրում ենք աշխատանք, որտեղ պատմում ենք մեզ ծանոթ հեքիաթներում հանդիպած կախարդական իրերի ու էակների մասին: Համեմատում ենք նրանց իրար հետ:
  5. Գրում ենք նամակ մեր ուսումնասիրած հեքիաթների հերոսներից մեկին, օրինակ` Ձախորդ Փանոսին, Քաջ Նազարին, Մոխրոտին:
  6. Կազմում ենք մեկշաբաթյա օրագիր, որտեղ պատմում ենք մեր օրվա մասին: Ամեն հաջորդ օրվա գրառումը սկսում ենք` նախորդ օրվա ուղղագարական ու կետադրական սխալները (եթե կան) նշելով, օրինակ.
    • Իմ երեկվա գրառման ուղղագարական սխալները` այսոր-այսօր, կանանչ-կանաչ:
    • Իմ երեկվա գրառման կետադրական սխալները`
      • Ես սպասում էի որ ընկերներս գան:-Ես սպասում էի, որ ընկերներս գան:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s