Մայրենի, 6-6, 21.11.2019

Ղազարոս Աղայան

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ ԿԱՄ ԼՈՒՅՍ ՈՒ ՄՈՒԹ ԱՇԽԱՐՀՆԵՐԸ

Այսօր դու փրկեցիր ինձ դրա ձեռքից, ազատեցիր իմ ամբողջ սերունդը։ Օ՜… եթե դա գողի պես չհետամտեր, եթե ես կարողանայի գոնե մեկ անգամ տեսնել դրան՝ դրա գլուխը կջախջախեի… Ո՛վ պատվական և քաջ երիտասարդ, ի՞նչ ես կամենում, որ ես քեզ համար ձեռք բերեմ, ո՞ր թագավորությունն ես ուզում, որ քեզ տամ. ո՞ր թագավորի աղջիկն ես ուզում, որ գնամ բերեմ, որքա՞ն հարստություն ես ուզում, որ աշխարհիս ամեն ծայրից հավաքեմ բերեմ քեզ համար, ասա՛ ինձ, և ամենայն ինչ մի ակնթարթի մեջ կկատարեմ ես։

– Ես ոչինչ չեմ ուզում,– պատասխանեց Գուրգենը քնաթաթախ, աչքերը տրորելով…– ես ոչինչ չեմ ուզում, այլ միայն՝ Լո՜ւյս, Լույս աշխարհք, կարո՞ղ ես տանել ինձ Լույս աշխարհք…

– Լո՜ւյս աշխարհք…– բացականչեց Զումրութը։– Ուրեմն, դու այնտեղի՞ց ես ընկել մեր աշխարհը, և ի՞նչ հրաշքով։

Գուրգենը պատմեց իր գլխի անցքը։

– Շա՛տ լավ,– ասաց Զումրութը,– ես քեզ կտանեմ Լույս աշխարհք, թեպետ դա մի շատ դժվար ճանապարհորդություն է թե՛ ինձ համար և թե՛ քեզ համար։ Քառասուն օր հազիվ կարող ենք հասնիլ։ Միշտ թռած պիտի գնամ, իջնելու տեղ չկա։ Մեզ հարկավոր է քառասուն օրվա պաշար վերցնել հետներս, քառասուն ոչխար և քառասուն տիկ ջուր։ Դու կերթաս այդ տկերն ու ոչխարները կբերես թագավորից, և մենք ճանապարհ կընկնինք տասն օրից հետո, երբ որ ձագուկներս թռցրած կլինիմ։

Գուրգենը ճանապարհ ընկնելու օրը քառասուն ոչխար մորթեց և ամեն մեկը չորս կտոր արավ և դարսեց պարկերումը, տկերն էլ ջրով լցրեց, բոլորը դարսեց Զումրութի վրա, և ինքն էլ նստեց վրան։ Զումրութն ասաց. «Եթե գլուխս աջ կողմդ մեկնեմ՝ մի կտոր միս կգցես բերանս, իսկ եթե ձախ՝ տկի բերանը կդնես բերանումս»։ Այս ասաց Զումրութն ու թռավ և, ամպերը ճեղքելով, բարձրացավ դեպի Լույս աշխարհք։

Քառասուն օրը լրացավ, բայց նրանք դեռ տեղ չէին հասել։ Մսի պաշարը հատել էր։ Զումրութը գլուխը մեկնեց դեպի աջ. Գուրգենը այլևս միս չուներ, որ գցեր բերանը։ Հանեց թուրը և իր ոտքից մի կտոր միս կտրեց և գցեց Զումրութի բերանը։ Սրանից հետո մի ժամ չանցած՝ Զումրութն իջավ Լույս աշխարհքի վրա։ Գուրգենը վայր իջավ արյունաթաթախ և չկարաց ոտքի վրա ուղիղ կանգնել, ոտքի ջլերը կտրատել էր։ Զումրութն ասաց. «Գուրգե՛ն, ես քո միսը չկերա, հանի՛ր, ահա՛ բերանումս է, դիր տեղը և իմ թևս քսիր վրան, իսկույն կառողջանա»։ Գուրգենն էլ այնպես արավ և իսկույն առողջացավ։

Հետո Զումրութը Գուրգենին մի քանի խրատներ տվավ, թե՝ որտե՛ղ պիտի գտնի Աննմանին, իսկ ինքը, նոր պաշարով բեռնավորված՝ մնաս բարով ասաց Գուրգենին և դարձավ կրկին դեպի Ներքի աշխարհը…

Ահա՛ թե ինչ էր պատմում Գյուլնազ տատը Մութ կամ Ներքի աշխարհի մասին։ Երկինք գնալը այսքան դժվարություն չուներ։ Արևահատը Արևամանուկին ցերեկվա մահից ազատելու համար մի ջուխտ երկաթե տրեխ է հագնում և մի երկաթե գավազան է բռնում ձեռին և ճանապարհ է ընկնում դեպի արևմուտք։ (Այսպես էին անում առհասարակ, որոնք որ ուզում էին Աստուծո մոտ գնալ։ Այնքան գնում էին, որ տրեխները մաշվում էին, գավազանի ծայրը՝ կոտրվում։ Այդ նշանն էր, որ արդեն աշխարհի ծայրն են հասել)։ Արևահատի տրեխները որ մաշվում են՝ նրա առջև բացվում է մի հրեղեն պալատ։ Ներս է գնում և տեսնում է այնտեղ նստած Արևամորը, այսինքն՝ Արեգակի մորը, որ մի շատ սիրուն պառավ է լինում։ Արևամայրը նրան սիրով ընդունում է, իմանում է գնալու պատճառը և թաքցնում է նրան, որ տղան՝ Արեգակը, չտեսնե նրան։ Երեկոյին տղան ներս է մտնում՝ շատ շոգած ու քրտնած… Մայրը նրան աղաչում է, որ խնայե Արևամանուկին և ագատե նրան մահից։ Տղան մոր խոսքը չի կոտրում, վեր է առնում մի կտոր բամբակ, իր քրտինքը սրբում է նրանով և ասում է. ահա՛ այս է նրա դեղը, եթե իմ քրտինքը քսեն նրա երեսին՝ նա կառողջանա, բայց ո՞վ կտանե։ Այստեղ մայրը հայտնում է Արևահատի գալը, դուրս է բերում նրան թաքցրած տեղից։ Արեգակը նրան սիրով ընդունում է և կարճ ճանապարհ է ցույց տալիս՝ կրկին իր տեղը գնալու։

* * *

Գյուլնազ տատը, որ այս հեքիաթում արևի համար ասում էր, որ տղա է, նա ուրիշ անգամ ասում էր. Արեգակն ու Լուսինը քույր ու եղբայր են։ Մոր մասին խոսք չկար։ Նա ասում էր. որովհետև Արեգակն աղջիկ էր՝ գիշերը վախենում էր ման գալ, իսկ ցերեկը՝ ամաչում, Լուսինը նրան մի բուռը լիքն ասեղ տվավ և ասաց. «Ով որ քեզ մտիկ տա՝ դու այս ասեղներով կծակծկես նրա աչքերը»։ Այնուհետև քույրն սկսեց ցերեկը ման գալ, իսկ եղբայրը՝ գիշերը։

Գյուլնազը չէր ասում, որ ցերեկի պատճառը Արեգակն է, որ առանց արեգակի ցերեկ չի լինիլ։ Ո՛չ. ցերեկն ինքն իր համար մի ջոկ բան է, գիշերը՝ ջոկ։ Արեգակը լինի, չլինի՝ ցերեկ պիտի լինի։ Նա ասում էր. ցերեկն ու գիշերը մի ծեր մարդու ձեռքում են գտնվում։ Ծերունին նստած է մի բարձր սարի վրա և երկու կծիկ ունի ձեռին, մինը՝ սև, և մյուսը՝ սպիտակ։ Երբ որ գլորում է սև կծիկը՝ աշխարհքը մթնում է, և երբ որ սպիտակն է գլորում՝ լուսանում է և ցերեկ դառնում։ Այդ ծերունին է՛լ մի ուրիշ բան չունի… շարունակ սպիտակը կծկում է, սևը բաց թողնում, սևը կծկում է, սպիտակը բաց թողնում…

* * *

Գյուլնազ տատիկը շատ անգամ, խոր հոգոց քաշելով, ասում էր.

– էհե՜յ, հե՜յ… դուք հենց կարծում եք, թե՝ մեր աշխարհքն առաջ էլ այնպե՜ս է եղել… Ո՛չ։ Հին ժամանակները, երբ որ Աստված մոտիկ է եղել մեզանից, նրա ողորմությունն էլ անպակաս է եղել։ Ամեն ձմեռ երկինքը ձյունի տեղ ալյուր է եղել թափելիս, ձյունի պես սպիտակ, նրա պես մաքուր։ Մարդիկ հավաքում են եղել երկնքի ալյուրը և իրանց ամբարները լցնում այնքան, որ բավականանար մինչև մյուս ձմեռը…

Մեկ անգամ, երբ տատիկն արդեն սկսել էր պատմել, թե՝ հին ժամանակներումը մարդիկ ինչպե՛ս են եղել ապրելիս, երեխաներից մեկը, որ գլուխը տատիկի ծնկանը դրած քնել էր, հանկարծ զարթեցավ և, պատմությունը միջահատելով՝ հարցրեց տատիկին.

– Հետո՞, տատի՛կ, հետո՞…

– Ի՞նչ հետո, հոգի՛ս,– հարցրեց տատիկը։

– Դու չասացի՞ր, որ երկինքն առաջ շատ մոտիկ էր մեզանից… հետո ի՞նչպես եղավ, որ նա այսքան բարձրացավ։

– Այնպես եղավ, որ երեխեքը երբ որ սկսեցին շատ չարություն անել, անդադար վազվզում, թռչկոտում էին և Աստծուն չէին թողնում հանգիստ քնել, նա էլ բարձրացրեց երկինքը, հեռացավ, առանձնացավ, որ երեխեքն իր քունը չխանգարեն։

 – Այդպես չէ, տատի՛կ, այդպես չէ,– մեջ ընկավ մի սրամիտ երեխա, որ ուրիշ կերպ էր լսել այդ անցքը։

– Հապա ինչպե՞ս է եղել,– հարցրինք ամենքս միաբերան։

– Թող տատիկն ասի… Աստծուն խռովեցնողը ոչ թե երեխեքն են եղել, այլ՝ մի անգետ պառավ է եղել, որ երեխի…

– Այդ սո՛ւտ է, այդ սո՛ւտ է…– խնդալով ընդհատեց Գյուլնազ տատը՝ չուզենալով, որ պատճառը պառավները լինին եղած։

Այստեղ երեխեքս պաշտպան հանդիսացանք տատիկին և բարկացանք նոր զարթած երեխայի վրա, որ միջահատեց տատիկի պատմությունը։ Գիտեինք առաջուց, որ եթե տատիկի պատմության թելը կտրեինք՝ էլ մյուս անգամ նա իր ասելիքի ծայրը չէր գտնիլ, այդպես էլ կխափանվեր գործը։ Եվ ճշմարիտ՝ այնպես էլ եղավ։

Տեսնելով, որ տատիկը էլ նոր բան պատմելու տրամադրություն չունի, սկսեցին խառնիխուռն հարցեր առաջարկել։ Աղջկերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե աղջիկը Կանաչ-Կարմրի տակովն անց կենա՝ տղա կդառնա, տղերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե մեկը կարենա իր արմունկիցը պաչել՝ ծիտ կդառնա, և ուրիշ այս տեսակ հարցումներ։

Եվ ամենքիս սիրով պատասխանում էր Գյուլնազ տատը։ Ողորմի իրան, շատ բարեսիրտ պառավ էր. նա իսկապես մի պառավ երեխա էր, որովհետև հավատում էր այն բաներին, ինչին որ միայն երեխաները կհավատան։

  1. Ներկայացնել բաղադրյալ բառերի բառակազմական բանաձևերը: Բառերը փոխարինել բառակապակցություններով:
    • Մարգարտահատիկ,
    • ամենամեծ,
    • թանկարժեք,
    • կապտագույն,
    • կոպտագույն,
    • լավագույն,
    • սևավուն,
    • քարանման,
    • նետահար,
    • միջնադար,
    • անիմաստ,
    • հավերժական,
    • սարսափազդու,
    • ժայռակերտ,
    • դիմագիծ,
    • մոտակա:

Սովորում ենք բանավոր վարժ ներկայացնել ստեղծագործությունը կամ պատմում ենք այն՝ տեսանյութ պատրաստելով:

Լրացուցիչ կրթություն

  1. Հեքիաթաշփոթիցդ ընտրում ենք տասը բարդ կամ ածանցավոր բառ՝ արտահայտելով բառակապակցություններով, օրինակ՝ կարմրավուն-մի քիչ կարմիր, լուսատու-լույս տվող:
  2. Մի կամ մի քանի նախադասությամբ մեկնաբանում ենք հեքիաթաշփոթ աշխատանքի վերնագրի ընտրությունը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s