Մայրենի, 6-3, 20.11.2019

Առաջին դասաժամ

  • Ստուգում ենք տնային աշխատանքները:
  • Բանավոր ներկայացնում և քննարկում ենք Ղազարոս Աղայանի  «ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ ԿԱՄ ԼՈՒՅՍ ՈՒ ՄՈՒԹ ԱՇԽԱՐՀՆԵՐԸ» գործը:
  • Շարունակում ենք իրականացնել Հեքիաթաշփոթ նախագիծը:
  • Շարունակում ենք խոսել Գյուլնազ տատի մասին և բացատրել մգեցված բառերի իմաստները:

Ղազարոս Աղայան

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ ԿԱՄ ԼՈՒՅՍ ՈՒ ՄՈՒԹ ԱՇԽԱՐՀՆԵՐԸ

Գյուլնազ տատը մի երկար հեքիաթ էր պատմում, որի մեջ Մութ կամ Ներքի աշխարհի մասին մի այսպիսի կտոր կար.

– Անտես-Աննմանին դևը փախցրեց։ Թագավորազն Գուրգենը, որ Աննմանի փեսացուն էր, վեր առավ իր երկու եղբայրներին և դևի հետքովը գնաց և գտավ նրան մի հորի մեջ։ Դևը մրափած էր։ Այդ երևում էր նրանից, որ հորի բերանից ծուխ ու բոց էր բխում։ Այդ դևի արտաշնչությունն էր։ Մեծ եղբորը կախեցին հորի մեջ, որ երթա ազատե Աննմանին, նա չկարողացավ կրակին դիմանալ և աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա, այրվեցա՜»… Նրան դուրս քաշեցին և միջնակին կախեցին, նա էլ աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա՜»։ Նրան էլ դուրս հանեցին։ Հետո Գուրգենն ասաց. «Հիմա ի՛նձ կախեցեք, և ինչքան էլ աղաղակելու լինիմ, թե՝ այրվեցա, վեր չհանեք»։ Եվ ճշմարիտ՝ Գուրգենը գնաց մինչև հորի հատակը, առանց ձայն հանելու։ Այնտեղ նա գտավ Անտես-Աննմանին։ Նրա ծնկան վրա էր դրել հրեշ դևն իր գլուխը և քառասուն օրով մրափել։ Այնտեղ կախած էր և դևի թուրը։ Միայն այն թրովը կարելի էր կտրել նրա գլուխը և այն էլ՝ մեկ զարկով միայն, եթե երկրորդ անգամ զարկեին՝ նա կրկին կկենդանանար։

Աննմանը ծունկը դուրս քաշեց թե չէ դևը զարթեցավ և իսկույն ոտքի կանգնեց, բայց և միևնույն ժամանակ թուրը պսպղաց, և դևի գլուխն ընկավ գետին։ «Մեկ է՛լ զարկիր, մեկ է՛լ, մեկ է՛լ»…– ղլղլացրեց գլուխը, բայց Գուրգենը չզարկեց և ասաց. «Ես մեկ անգամ եմ ծնվել իմ մորից և ոչ թե երկու անգամ»։

Հրեշ դևին սպանելուց հետո Գուրգենն ու Աննմանը պտտեցին դևի ստորերկրյա ընդարձակ բնակարանը, և ինչ որ գանձ ու հարստություն ուներ՝ բոլորն Էլ ժողովեցին և վեր բարձրացնել տվին։ Երբ որ մնացին միայն իրանք՝ սկսեցին երկար վիճել, թե՝ ո՛վ իրանցից առաջ բարձրանա։ Աղջիկը տեսավ, որ Գուրգենը համառությամբ չի ուզում ինքն առաջ բարձրանալ, ասաց նրան. «Ես շատ կասկածում եմ, թե՝ միգուցե քո եղբայրներդ քեզ վեր չհանեն, և դու մնաս հորի մեջ։ Եթե իմ նախազգացմունքս կատարվելու լինի՝ դու կերթաս դևի գոմը, այնտեղ քո առաջդ կգան մի սև այծ և մի սպիտակ ոչխար, եթե կարողանաս ոչխարի վրա նստել՝ նա քեզ վեր կհանե Լույս աշխարհք, իսկ եթե չկարողանաս, և այծն ընկնի տակդ՝ նա քեզ կտանե Մութ աշխարհք, որտեղից դու այլևս Լույս աշխարհք ընկնիլ չես կարող»։ Այս ասելուց հետո Աննմանը վեր բարձրացավ, իսկ Գուրգենին նրա անիրավ և անգութ եղբայրները թողեցին հորի մեջ…

Գուրգենը շատ աղաչեց, պաղատեց և տեսավ, որ իր եղբայրների սիրտը քարացել է, ճարը կտրած՝ գնաց դեպի դևի գոմը, որ փորձե իր բախտը՝ նստե ոչխարի վրա։ Բայց անիրավ այծը այնքան ճարպիկ էր, որ ոչխարին պոզահարելով մի կողմ ձգեց, և ինքն ընկավ Գուրգենի տակը և տարավ ձգեց Մութ աշխարհքը։

Այդ աշխարհն էլ մեր աշխարհի նման քաղաքներ և գյուղեր ուներ, և մինչև անգամ գիշեր ու ցերեկ կար, թեև ասվում էր՝ Մութ։ Նա մի քաղաքում իջևանեցավ մի պառավի տան և նրանից իմացավ, որ քաղաքացիք ջրի պակասության համար շատ նեղության մեջ են։ «Ամբողջ քաղաքում մի աղբյուր կա միայն, բայց նրանում էլ բույն է դրել մի ահագին վիշապ, և ամենայն օր մեկ աղջիկ են տանում գցում նրա երախը, որ ապա թույլ է տալիս ջուր վերցնելու։ Էգուց էլ հերթը մեր թագավորի միամոր աղջկանն է, նրա՛ն պիտի տանեն ահռելի գազանի բերանը ձգեն»,– ասաց պառավը և սկսեց լալ։

Գուրգենը շատ ծարաված էր, այս որ լսեց՝ նրա ծարավն ավելի ևս սաստկացավ։ Մյուս առավոտ, դեռ լույսը չբացված՝ վեր կացավ նա և պառավին էլ զարթեցրեց, որ տանե աղբյուրի տեղը ցույց տա իրան։ Պառավը տարավ նրան և հեռվից ցույց տվավ աղբյուրը։ Գուրգենը՝ դևի թուրը ձեռին, մոտեցավ և տեսավ մի լիճ, որի մեջ մեկնվել էր վիշապը՝ մի ահագին լեռնակղզու պես։ Ամբողջ լիճը ժահահոտությամբ և ապականությամբ թունավորված էր։ Վիշապի գլուխը գտնվում էր աղբյուրի ակնումը, որ բխում էր մի լայնաբերան քարայրից։ Նա անշարժ էր, կարծես թմրած լիներ կամ մրափած։

Վիշապի գլխավերևը նոր արդեն մի ծառից կապել էին թագավորի աղջկանը, որին պիտի կուլ տար վիշապը մի քանի րոպեից հետո։ Աղջիկն արդեն մեռելի գույն էր ստացել։ Գուրգենը մոտեցավ նրան, կապերը արձակեց և սիրտ տվավ, որ չվախենա։ Թուրը ձեռին մոտեցավ վիշապին և այնպիսի մի հարված տվավ նրա վզին, որ վիշապը երկու ահագին կտոր դարձավ, իսկ լիճը՝ արյան ծով։ Թագավորի աղջիկը ձեռքը թաթախեց արյան մեջ և, Գուրգենի մեջքին նշան դնելով, ինքը վազեց տուն, որ թագավորին հայտնե եղելությունը։ Հավաքվեցան բոլոր քաղաքացիք և քառասուն ջուխտ գոմշով հազիվ կարողացան ամեհի գազանի լեշը դուրս քարշել այնտեղից և մաքրել աղբյուրը։

Թագավորն ուզեց վարձատրել Գուրգենին, և մունետիկ ձգեց քաղաքի մեջ, որ փնտրեն նրան և բերեն, և գտան նրան՝ թագավորի աղջկա դրած նշանով։

Թագավորն ասաց Գուրգենին. «Դու, որ փրկեցիր ինձ և իմ ժողովրդին չար վիշապի գերությունից, այսօր դո՛ւ ես մեր տերը և թագավորը, ուզիր իմ աղջիկս և իմ տեղ թագավոր եղիր»։

Գուրգենը պատասխանեց. «Ես այս երկրիցը չեմ. ես Լույս աշխարհքիցն եմ ընկել այստեղ»,– և սկսեց պատմել իր գլխի անցքը և հետո ավելացրեց. «Եթե կարողանաք ինձ Լույս աշխարհք գցել կրկին՝ ես ուրիշ բան չեմ ուզիլ ձեզանից»։

Թագավորն ասաց. «Այդ անհնարին բան է. Լույս աշխարհքը շատ և շատ բարձր է մեզանից, ո՞վ կարող է քեզ վեր թռցնել և տանել այնտեղ»։

Գուրգենը ասաց. «Ինչպես լինի, ես պետք է վեր բարձրանամ, քո առաջարկությունը ես ընդունել կարող չեմ»։

Թագավորն ասաց. «Դո՛ւ գիտես, բայց որ չկարծես, թե՝ ես ընդդեմ եմ քո գնալուն, ես կժողովեմ իմ աշխարհի բոլոր գիտուններին, թող նրանք մեզ ասեն, թե՝ արդյոք մի հնար կա՞ վեր բարձրանալու։ Եվ մինչ այդ, իմ իշխանությունը և բոլոր հարստությունս քե՛զ եմ հանձնում»…

Թագավորը ժողովեց իր բոլոր աստղաբաշխներին, իմաստուններին և հայտնեց նրանց Գուրգենի ցանկությունը։ Նրանք ասացին, թե՝ հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…

Այսպես Գուրգենը մնաց Մութ աշխարհքում մոլորված։ Սկսեց պտտել զանազան տեղեր, հարցուփորձ անել և ոչ մի տեղից մի դուռը չգտավ վեր բարձրանալու։

Մեկ օր դուրս էր եկել որսորդության։ Շատ ման գալուց հոգնելով՝ նստեց մի հսկայական ծառի տակ, որ փոքո-ինչ հանգստանա, մեկ էլ մի ծվծվոց լսեց ծառի վրայից, նայեց, և… ի՜նչ տեսնի… Ծառի վրայով սողում էր մի ահռելի սև վիշապ դեպի մի մեծ բույն, որի մեջ լիքն էին մեծ-մեծ թռչուններով, բայց դեռ չէին թևավորված։ Երևում էր, որ դրանք ձագուկներ էին մի հսկայական թռչունի։ Այդ ձագուկները օձին տեսնելով սարսափի մեջ էին ընկել և սկսել էին ծվծվալ։ Այս որ տեսավ Գուրգենը՝ առավ իր նետաղեղը և ուղղակի շեշտեց վիշապի գլխին և վայր կործանեց։ Հետո հանեց դևի թուրը և, վիշապին կտոր-կտոր անելով, մի ահագին բլուր շինեց։ Այս բարեգործությունից և քաջությունից սիրտը մխիթարված՝ պառկեց ծառի ստվերումը և խոր քնի մեջ մտավ։

Այս անցքից մի քիչ հետո թռչունների մայրը թռած եկավ և, Գուրգենին տեսնելով այնտեղ պառկած, կարծեց, թե՝ նա՛ է իր թշնամին, որ ամենայն տարի կոտորում էր իր ձագերին։ Նա իսկույն ետ դարձավ և իր ճանկերով մի ջաղացքար, թե ահագին ժայռ վերցրած բերավ, որ ձգե Գուրգենի վրա։ Այս որ տեսան ձագուկները՝ մի սարսափելի ծվծվոցով և աղաղակով զգուշացրին իրանց մորը և հասկացրին, որ Գուրգենը ոչ թե իրանց թշնամին, այլ իրանց ազատարարն է։

«Նայի՛ր,– ասացին,– մայրի՛կ, այդ բլրի վրա և տես՝ ի՛նչ գազան է. դա գալիս էր, որ մեզ ուտի, և այդ մարդն է, որ սպանեց դրան և մաս-մաս արավ»։ Այս որ լսեց մայր թռչունը՝ երախտագիտական զգացմունքով լցված, ժայռը տարավ առաջվան տեղը և վերադարձավ իր ձագուկների մոտ։

Գուրգենը դեռ քնած էր։ Ծառի ստվերն անցել էր մյուս կողմը, և արևն ընկել էր Գուրգենի վրա։ Օրը շատ շոգ էր։ Մայր թռչունը, որ ասվում էր Զումրութ-Ղուշ, չուզեց Գուրգենին զարթեցնել, նա իր հսկայական թևերը փռեց ամպհովանու պես և շվաք արավ, որ նա հով-հով քնե։ Վերջը, Գուրգենը որ զարթեցավ՝ կարծեց, թե մթնել է արդեն, բայց թռչունը որ թևերը ետ քաշեց՝ կրկին լուսացավ, և Գուրգենը տեսավ հսկա Զումրութին, որ խոսեց Գուրգենի հետ և ասաց.

― Ո՛վ ազնիվ երիտասարդ, դու իմ փրկիչն ես՝ երկնքից իջած․ դու այնպիսի մի բարերարություն ես արել ինձ, որ չգիտեմ՝ ինչո՛վ կարող եմ վարձատրել քեզ։ Ահա ուղիղ հարյուր տարի է, որ ես չէի կարողանում ազատել իմ ձագերին այդ անգութ գազանի ձեռքից։

Շարունակելի

Երկրորդ դասաժամ

Աշխատանք տեքստի հետ

Լույսի մի բարակ փուն. ճեղ.եց խավարը Ինձ տիրեց վախի ու հետաքրքրու.յան զգացում և ես առաջ գնացի դեպի քարան.ավի խորքը Այնտեղի գա.տնի դուռը բացվել էր Ուրեմն այստեղից .ին նրանք ներսուդուրս անում Հիմա եր. ամեն ինչ պարզ էր ինձ համար կարող էի առա. գնալ Մի քանի վա.րկյան հետո ես քայլում .ի ստորգետնյա մի.անցքով

  1. Լրացնում ենք տեքստում բաց թողնված տառերը:
  2. Կետադրում ենք տեքստը:
  3. Շարունակում ենք տեքստը, մինչ այն կդառնա ամբողջական պատմություն:
  4. Տեքստում ավելացնում ենք որևէ դարձվածք:
  5. Վերնագրում ենք պատմությունը:
  6. Տեքստից ընտրում ենք հինգ բառ և նշում՝ այն կազմությամբ ինչ տեսակի է, այսինքն՝ պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր:
  7. Տեքստից ընտրում ենք հինգ բառ ու գրում դրանց բառակազմական բանաձևերը և արտահայտում այդ բառերը բառակապակցություններով:
  8. Տեքստից ընտրում ենք հինգ բառ ու գրում դրանց հոմանիշները:
  9. Գտնում ենք ու գրում պատմության մեջ եղած հնչյունափոխված բառերը ու նշում, թե որ հնչյունը ինչ է դարձել:

Սովորում ենք բանավոր վարժ ներկայացնել ստեղծագործությունը կամ պատմում ենք այն՝ տեսանյութ պատրաստելով:

Լրացուցիչ կրթություն

  1. Շարունակում ենք մեր Հեքիաթաշփոթը: Ստեղծած աշխատանքները ներկայացնում ենք՝ տեսանյութեր պատրաստելով:
  2. Մեր ստեղծած շարադրանքներից ընտրում ենք 10 բառ ու նշում, թե կազմությամբ ինչ տեսակի են:

Օրինակ՝ թագուհի-ածանցավոր,

վիշապ-պարզ,

փայտահատ-բարդ,

անհաղթահարելի-բարդածանցավոր:

3.Լրացնում ենք մեկից ավելի արմատ և ածանց ունեցող (բարդածանցավոր) բառերի շարքը ևս երեք բառով:

  • Սառնասրտություն,
  • կիսագնդային,
  • հեռախոսավարուհի,
  • ….:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s