Մայրենի, 6-3, 14.11.2019

  • Ամփոփում ենք Տոնական միֆաքանդման նախագծի արդյունքները։
  • Ստուգում ենք տնային աշխատանքները:
  • Բանավոր ներկայացնում ենք Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը» հեքիաթի երրորդ և չորրորդ մասերը:
  • Շարունակում ենք իրականացնել Հեքիաթաշփոթ նախագիծը:

Հովհաննես Թումանյան

ՔԱՋ ՆԱԶԱՐԸ

5

Էս ժամանակ մի վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ է գցում ժողովրդի վրա։ Ո՞վ կսպանի վագրին, ո՞վ չի սպանիլ։ Իհարկե, Քաջ Նազարը կսպանի։ Էլ ո՞վ սիրտ կանի վագրի դեմ գնա։ Ամենքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի, վերևը՝ մի աստված, ներքևը՝ մի Քաջ Նազար։

Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի, ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածները կարծում են, թե վազում էր, որ գնա վագրին սպանի։ Նշանածը բռնում է, կանգնեցնում, թե՝ ո՞ւր ես վազում էդպես առանց զենքի, զենք առ հետդ, էնպես գնա։ Զենք է բերում տալիս իրեն, որ գնա իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի։ Նազարը զենքն առնում է, դուրս գնում։ Գնում է, անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապ անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը՝ իրեն։ Ծառի վրա կուչ է գալի ու Նազարն ո՞վ կտա— հոգին դառել է կորկի հատ։ Հակառակի նման անտեր վագրն էլ գալիս է, հենց էս ծառի տակին պառկում։ Նազարը որ վագրին չի տեսնո՜ւմ, լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը՛մփ, ծառիցը ընկնում է գազանի վրա։ Վագրը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախից կպչում է սրա մեջքին։ Էսպես զարհուրած Նազարը մեջքին կպած՝ էս խրտնած վագրը փախչում է, ո՜նց է փախչում, էլ սար ու ձոր, քար ու քոլ չի հարցնում։

Մարդիկ մին էլ տեսնում են, վա՛հ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է։

— Հա՛յ—հարա՛յ, եկե՜ք, հա եկե՜ք, Քաջ Նազարը վագրին ձի է շինել, հեծել․․․ տվե՛ք, հա տվե՛ք․․․

Սրտավորվում են, ամենքը մի կողմից հարայ—հրոցով, հռհռոցով հարձակվում են՝ խանչալով, թրով, թվանքով, քարով, փետով տալիս են սպանում։

Նազարը որ ուշքի է գալի, լեզուն բացվում է․ «Ափսո՛ս,— ասում է,— ընչի՞ սպանեցիք, զոռով մի ձի էի շինել, նստել․․․ էնքան պետք է քշեի ո՜ր․․․»։

Լուրը գնում է, հասնում է ամրոցը։ Մարդ, կին, մեծ, պստիկ՝ ժողովուրդը դուրս է թափում Նազարին ընդունելու։ Վրեն երգ են կապում ու երգում։

Էս աշխարհքում,
Մարդկանց շարքում
Ո՞վ կըլինի քեզ հավասար,
Ո՜վ Քաջ Նազար։

Ինչպես ուրուր,
Կայծակ ու հուր,
Բարձր բերդից թռար հասար,
Ո՜վ Քաջ Նազար։

Ահեղ վագրին 
Արիր քո ձին,
Հեծար անցար դու սարեսար,
Ո՜վ Քաջ Նազար։
Մեզ փըրկեցիր, 
Ազատեցիր,
Փառք ու պարծանք քեզ դարեդար,
Ո՜վ Քաջ Նազար։


Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ, օխտն օր, օխտը գիշեր հարսանիք արին, երգերով գովեցին թագավորին ու թագուհուն։

— Լուսընկան նոր սարն ելավ, 
Էն ո՞ւմ նըման էր։

— Լուսընկան նոր սարն ելավ, 
Էն Քաջ Նազարն էր։

— Արեգակ նոր շաղեշաղ, 
Էն ո՞ւմ նըման էր։

— Արեգակ նոր շաղեշաղ, 
Էն իր նազ֊յարն էր։

Մեր թագավորն էր կարմիր, 
Իրեն արևն էր կարմիր, 
Թագն էր կարմիր, հա՜յ կարմիր, 
Կապեն կարմիր, հա՜յ կարմիր, 
Գոտին կարմիր, հա՜յ կարմիր, 
Սոլեր կարմիր, հա՜յ կարմիր, 
Թագուհին կարմիր, հա՜յ կարմիր, 
Կարմիր թագուհուն բարև, 
Կարմիր թագվորին արև։


Շնորհավոր, շնորհավոր, 
Քաջ Նազարին շնորհավոր, 
Իր նազ–յարին շնորհավոր, 
Ողջ աշխարհին շնորհավոր։

6

Դու մի՛ ասիլ էս աղջկանը ուզած է լինում հարևան երկրի թագավորը։ Որ իմանում է՝ իրեն չեն տվել, ուրիշի հետ են ամուսնացրել, զորք է կապում, պատերազմով գալիս է օխտն ախպոր վրա։

Էս օխտը հսկան գնում են Քաջ Նազարի մոտ, պատերազմի լուրը հայտնում են, գլուխ են տալի, առաջը կանգնում, հրաման են խնդրում։

Պատերազմի անունը որ լսում է, սարսափում է Նազարը․ դուրս է պրծնում, որ փախչի, ետ գնա իրենց գյուղը։ Մարդիկ կարծում են՝ ուզում էր իսկույն դուրս վազել, հարձակվել թշնամու բանակի վրա։ Առաջն են ընկնում, բռնում են, խնդրում, թե՝ ախր առանց զենքի ու զրահի մենակ ո՞ւր ես գնում, ի՞նչ ես անում, գլխիցդ ձեռք ես վերցրել, ի՞նչ է․․․

Բերում են, զենք ու զրահ են տալի, կնիկն էլ եղբայրներին խնդրում է, որ չթողնեն Նազարին՝ իր քաջությունից տարված մենակ հարձակվի թշնամու զորքի վրա։ Եվ լուրը գնում տարածվում է զորքի ու ժողովրդի մեջ, լրտեսների միջոցով էլ հասնում է թշնամուն, թե՝ Քաջ Նազարը մենակ, առանց զենքի թռչում էր դեպի պատերազմի դաշտը, հազիվ են կարողացել զսպել ու շրջապատած բերում են․․․

Պատերազմի դաշտում մի ամեհի նժույգ ձի են բերում, Նազարին նստեցնում վրեն։ Ոգևորված զորքն էլ հետը վեր է կենում ահագին աղմուկով․ «Կեցցե՛ Քաջն Նազա՜ր․․․ մա՛հ թշնամո՜ւն․․․»։

Նազարի տակի նժույգը, որ տեսնում է՝ վրեն ինչ անպետքի մինն է նստած, խրխնջում է, գլուխն առնում ու թռչում առաջ, ուղիղ դեպի թշնամու բանակը։ Զորքերը կարծում են՝ Քաջ Նազարը հարձակվեց, ուռռա՛ են կանչում ու իրենք էլ ետևից հարձակվում ամենայն սաստկությամբ։ Նազարը որ տեսնում է՝ չի կարողանում իր ձիու գլուխը պահի, քիչ է մնում վեր ընկնի, ձեռը գցում է, ուզում է մի ծառից փաթաթվի, դու մի՛ ասիլ՝ ծառը փտած է, մի գերանաչափ ճյուղը պոկ է գալիս, մնում ձեռին։ Թշնամու զորքերը, որ առաջուց համբավը լսել էին, ու ահը սրտներումն էր, էս էլ որ իրենց աչքով տեսնում են՝ էլ փորներումը սիրտ չի մնում, երես են շուռ տալիս,— փախի՛, որ փախի՛, թե մարդ ես՝ գլուխդ պրծացրու, որ Քաջ Նազարը ծառերն արմատահան անելով, գալիս է․․․  Էդ օրը թշնամուց ինչքան կոտորվում է՝ կոտորվում, մնացածները թուրները դնում են Քաջ Նազարի ոտի տակին, հայտնում են իրենց հպատակությունն ու հնազանդությունը։

Ու պատերազմի ահեղ դաշտից Քաջ Նազարը հսկաների ամրոցն է վերադառնում։ Ժողովուրդը հաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգևորությամբ, ուռաներով և կեցցեներով, երգով ու երաժշտությունով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամավորություններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպես մի փառք ու պատիվ, որ Նազարը մնացել էր ապշած, շշկլված։

Էսպես առքով—փառքով էլ բերում, հրատարակում են իրենց թագավոր ու բազմեցնում են թագավորի թախտին։ Քաջ Նազարը դառնում է թագավոր, էն հսկաներից ամեն մեկին էլ մի պաշտոն է տալիս։ Մին էլ տեսնում է՝ աշխարհքը իր բռան մեջ։

Ասում են՝ մինչև էսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը։ Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում, ծիծաղում է, ասում է․

— Ի՜նչ քաջություն, ի՜նչ խելք, ի՜նչ հանճար․ դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա․․․

Եվ ասում են՝ մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա։

  1. Ընթերցում ենք հեքիաթը:
  2. Բացատրում ենք անհասկանալի բառերը:
  3. Առաջարկում ենք հեքիաթի համար այլ ավարտներ ու հիմնավորում դրանք:
  4. Տրված բաղադրյալ բառերը բաժանում ենք բառակազմական միավորների:
    • Մարդանման, մեծատուն, սառնասիրտ, ընկերասեր, գործընկեր:
    • Նմանություն, տնակ, սառնություն, սրտիկ, ընկերանալ, սիրել, գործիք, գործիքային, գործիքավորել:

Հեքիաթի չորրորդ և հինգերորդ մասերը սովորել պատմել կամ բանավոր ներկայացնել այն` տեսանյութ պատրաստելով:

Լրացուցիչ կրթություն (տանը)

  1. Ստեղծում ենք «Մեր օրերի Քաջ Նազարը» թեմայով շարադրանք: Պետք է ստանանք հեքիաթի վերջին մասերի նոր` ժամանակակից տարբերակը: Կարող ենք գտնել նոր ավարտ:
  2. Պատրաստում ենք տեսանյութեր, որոնցում մեր կարծիքն ենք հայտնում Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը» հեքիաթի վերաբերյալ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s