Մայրենի, 6-1, 12.11.2019

Հովհաննես Թումանյան

ՔԱՋ ՆԱԶԱՐԸ

3

Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ, ինքը՝ գյուղին անծանոթ, գյուղն՝ իրեն։ Ո՞ւր գնա, ուր չի գնա։ Մի տանից զուռնի ձեն է լսում․ ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն։

— Բարի օր ձեզ։

— Ա՛յ աստծու բարին քեզ․ բարով հազար բարի եկար։

Համե՛ցեք, հա, համե՛ցեք․ դե ղոնախն աստծունն է․ սրան տանում են իր դրոշակով սուփրի վերի ծերին բազմեցնում։ Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ լցնում են առաջը՝ թե՛ ուտելիք, թե՛ խմելիք։

Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ո՞վ է էս տարօրինակ անծանոթը։ Ներքի ծերից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով բանը մնում է վերի ծերին նստած տերտերին։ Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է․

Անհաղթ հերոս Քաջըն Նազար, 
Որ մին զարկի՝ ջարդի հազար։


Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ՝ իր կողքի նստածին, սա էլ՝ երրորդին, երրորդը՝ չորրորդին․ էսպեսով հասնում է մինչև դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրմբում է թե՝ բա չես ասիլ, նորեկ ղոնախն է ինքը՝

Անհաղթ հերոս Քաջըն Նազար, 
Որ մին զարկի՝ ջարդի հազար


— Քաջ Նազարն է, հա՜․․․— բացականչում է պարծենկոտի մինը,— ի՜նչքան է փոխվել, միանգամից լավ չճանաչեցի․․․

Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը։

— Հապա ի՞նչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի,— զարմանքով հարցնում են անծանոթները։

— Էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում։ Մի անգամ ես հարցրի, ասավ՝ ծառան ինչ եմ անում, ամբողջ աշխարհքն իմ ծառան է ու իմ ծառան։ — Հապա ի՞նչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտ երկաթի կտորն է մեջքին կապել։

— Շնորհքն էլ հենց դրա մեջն է, է՛, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես, ջարդես հազար, թե չէ՝ լավ թրով ի՞նչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում։

Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը։ Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի, ճառ է ասում Նազարի առաջ․ ասում է՝ մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը, կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր մեջ։ Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալի։ Ժողովրդականները խորհրրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ու ձեռքի թափ տալը ինչքան բան կնշանակեր․․․

Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երգում։

Բարով եկար, հազար բարի, 
Հըզոր արծիվ մեր սարերի, 
Թագ ու պարծանք մեր աշխարհի, 
Անհաղթ հերոս Քաջըղ Նազար, 
Որ մին զարկես՝ ջարդես հազար։

Խեղճ տըկարին դու ապավեն, 
Ազատ կանես ամեն ցավեն, 
Մեզ կըփրկես անիրավեն, 
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար, 
Որ մին զարկես՝ ջարդես հազար։

Մատաղ ենք մենք քո դըրոշին, 
Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին, 
Նրա ոտին, պոչին, բաշին, 
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար, 
Որ մին զարկես՝ ջարդես հազար։


Ու ցրվելով՝ հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս է 

Անհաղթ հերոս Քաջըն Նազար, 
Որ մին զարկի՝ ջարդի հազար։


Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը։ Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար։

4

Հարսանքատանից հեռանում է Նազարն ու շարունակում է իր ճամփեն։ Գնում է հասնում մի կանանչ դաշտ։ Էս կանանչ դաշտում ձին թողնում է արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվաքումը պառկում քնում։

Դու մի՛ ասիլ՝ օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է։ Էս հսկաները վերևից մտիկ են տալիս, որ մի մարդ եկել է իրենց հանդում վեր է եկել։ Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պետք է լինի, քանի գլխանի, որ առանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր եկել ու ձին էլ բաց թողել։ Ամեն մինը մի գուրզ ուներ քառասուն լդրանոց։ Էս քառասուն լդրանոց գուրզները վերցնում են գալի։ Գալիս են, ի՞նչ են տեսնում․ հրես մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերևը մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած․

Անհաղթ հերոս Քաջըն Նազար, 
Որ մին զարկի՝ ջարդի հազար։


Վա՜յ, Քաջ Նազարն է՜․․․ Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած։ Դու մի՛ ասիլ հարբած հարսանքավորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած։ Էսպես թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում․ որ զարթնում է, աչքերը բաց է անում տեսնում՝ գլխավերևը քառասուն լրդրանոց գուրզները ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած՝ էլ փորումը սիրտ չի մնում։ Մտնում է իր դրոշակի ետևն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա։ Էս հսկաները որ տեսնում են՝ սա գունատվեց ու սկսեց դողալ, ասում են՝ բարկացավ, հիմի որտեղ որ է՝ մի զարկով օխտիս էլ կսպանի, առաջին գետին են փռվում ու խնդրում են․

— Անհաղթ հերոս Քաջըդ Նազար, 
Որ մին զարկես՝ ջարդես հազար,


Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությանդ էինք փափագում․ այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը։ Մենք՝ քո խոնարհ ծառաներդ, օխտն ախպեր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխին է, մեջը՝ մեր գեղեցիկ քույրը։ Աղաչում ենք՝ շնորհ անես, գաս մեր հացը կտրես․․․

Էստեղ Նազարի շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած՝ առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում են իրենց ամրոցը։ Տանում են, ամրոցում պահում, պատվում թագավորին վայել պատվով ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է վրեն։ Ինչ ասել կուզի՝ հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է։

  1. Ընթերցում ենք հեքիաթի երրորդ ու չորրորդ մասերը:
  2. Բացատրում ենք անհասկանալի բառերը:
  3. Ընդգծված բառակապակցությունները փոխարինում ենք ածանցավոր բառերով:
    • Պոչ ունեցող մի կենդանի էր գալիս:
    • Չգիտեի, որ այդքան զորություն ունեցող հսկա ես:
    • Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցող զարմանալի կենդանի են տեսել:
    • Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր. սրա պոչը մի քիչ երկար էր, գույնն էլ` մի քիչ դեղին:
    • Իբրև հայր` խրատում էր ու համոզում, որ ներող լինի:
    • Որպես մտերիմ` հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:
    • Եղբոր նման օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:
    • Թշնամու նման եք խոսում:
    • Յոթ գլուխ ունեցող վիշապին տապալեցին:

Հեքիաթի երրորդ և չորրորդ մասերը սովորել պատմել կամ բանավոր ներկայացնել այն` տեսանյութ պատրաստելով:

Լրացուցիչ կրթություն (տանը)

  1. Ստեղծում ենք «Մեր օրերի Քաջ Նազարը» թեմայով շարադրանք: Պետք է ստանանք հեքիաթի երրորդ և չորրորդ մասերի նոր` ժամանակակից տարբերակը:
  2. Շարադրանքից ընտրել հինգ բառ և
    • գրել, թե քանի տառ ու հնչյուն ունի,
    • քանի վանկանի է ու ինչ վանկերի է բաժանվում,
    • ինչ հոմանիշներ ունի,
    • բառակազմական ինչ բանաձև ունի:

Օրինակ` տգեղ.

  1. 4 տառ, 5 հնչյուն,
  2. երկվանկ է` տը-գեղ,
  3. հոմանիշներ` անհրապույր, անճոռնի, անգեղյա,
  4. տգեղ =տ+գեղ=ածանց+արմատ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s