Մայրենի, 6-1, 23.10.2019

  • Վահան Տերյանի տրիոլետի ու նրա պատմության բանավոր ներկայացում և քննարկում:
  • Տնային աշխատանքների ստուգում:  «Ստեղծում եմ իմ առասպելը» լրացուցիչ կրթության առաջադրանքների ինքնատիպ շղթայի հերթական առաջադրանքների ստուգում ու քննարկում:
  • Շարունակում ենք իրականացնել Տոնական միֆաքանդում նախագիծը:
  • Այժմ կծանոթանանք մյուս առասպելին։

Արտաշես և Սաթենիկ

artashes-i-satenik

Ալանները, կովկասյան լեռնական այլ ժողովուրդների հետ միաբանվելով և գրավելով Վրաց թագավորության կեսը, խոշոր բազմությամբ գալիս և տարածվում են Հայոց աշխարհում։ Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքը և պատերազմի է դուրս գալիս։ Ալանները հայոց զորքերի ճնշման տակ փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում են Կուր գետը և ճամբարում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ, հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանը։ Հայոց և ալանաց զորքերի ընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանաց թագավորը ստիպված է լինում հաշտություն խնդրել։ Նա դեսպաններ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա: Նաև առաջարկում է երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանաց բանակն այլևս չի ասպատակի Հայոց աշխարհը։ Արտաշեսը հրաժարվում է վերադարձնել պատանի արքայազնին։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը` ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր ճամբարում, գալիս և կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին.

Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,

Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,

Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝

Տուր պատանուն,

Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազները

Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից

Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,

Եվ հավերժ թշնամություն

Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:

Արտաշեսը, լսելով այս խոսքերը, գնում է գետափ և տեսնելով չքնաղ աղջկան, ցան-կանում է նրան կին առնել։ Իսկույն կանչում է իր դայակ Սմբատին, նրան ասում իր սրտի փափագը։ Միաժամանակ նա Սմբատին հայտնում է, որ կին առնելով ալանացարքայադստեր` ինքը դաշինք և ուխտ կկնքի երկու ազգերի միջև և պատանուն խաղաղությամբ կվերադարձնի։ Սմբատը մարդ է ուղարկում ալանների արքայի մոտու առաջարկում ալանների օրիորդ Սաթենիկին կնության տալ Արտաշեսին։

Ալանների թագավորն ասում է.

Եվ որտեղի՞ց պիտի տա քաջ Արտաշեսը

Հազար հազարներ ու բյուր բյուրեր

Ալանների քաջազգի կույս օրիորդի փոխարեն։

Երբ Արտաշեսին հայտնում են Սաթենիկին կնության առնելու այս թանկ պայմաննե-րը, Արտաշեսը որոշում է փախցնել աղջկան:

Հեծավ Արտաշեսն իր Սևուկին

Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը,

Եվ որպես սրաթև արծիվ անցավ գետը,

Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,

Գցեց մեջքը ալանաց օրիորդի,

Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի,

Արագ հասցնելով բանակը իր։

Արտաշեսը, առևանգելով գեղեցիկ Սաթենիկին, բերում է Արտաշատ, մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում և ամուսնանում է։ Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում սրահ, մարգարիտներ են գլխին թափում։ Եվ այնքան վսեմ ու շքեղ էր այս տեսարանը, որ գուսանները երգել են այն այսպես.

Ոսկի անձրև էր տեղում

Արտաշեսի փեսայության պահին,

Մարգարիտ էր տեղում

Սաթենիկի հարսնության պահին։

Արտաշեսը Սաթենիկին դարձնում է իր կանանց մեջ առաջինը։ Սաթենիկից ծնվում  են Արտավազդը և ուրիշ շատ զավակներ։

Գրաբարյան հատվածներ

Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցիր քաջ ազգին Ալանաց՝
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝
Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն,
Կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի պահել,
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։

…….

Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

Արագ հասուցանելով ի բանակն իւր:

Դասարանային աշխատանք

  1. Գտնել մգեցված բառերի հոմանիշները:
  2. Աչ և ակ (աչք իմաստով) արմատներով կազմել բառեր, այդ թվում` անձնանուններ: Տեքստում գտնել այդ շարքի բառերից:
  3. Տրված նույնանուն բառերով կազմում ենք նախադասություններ:
    • Մարտ,
    • կետ,
    • շահ,
    • այր,
    • կաթ:
  4. Ընդգծված դարձվածքները փոխարինել հոմանիշ բառերով:
    • Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած նստած է:
    • Նա փորձեց հարևանին սիրտ տալ:
    • Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է:
    • Այս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:
  5. Տրված դարձվածքներն արտահայտել մեկական բառերով:
    • Պատի ծեփ դառնալ,
    • պայման կապել,
    • քիթը կախել,
    • բերանը բաց մնալ,
    • իրեն պատեպատ տալ:

Արտաշեսի և Սաթենիկի մասին առասպելը սովորել պատմել` անգիր ներկայացնելով տրված չափածո հատվածներից որևէ մեկը:

Լրացուցիչ կրթություն (տանը)

  1. Իրականացնում ենք «Ստեղծում եմ իմ առասպելը» լրացուցիչ կրթության առաջադրանքների ինքնատիպ շղթան: Առասպելում ավելացնում ենք դարձվածքներ, ընդգծում ու նշում, թե յուրաքանչյուրն ինչ իմաստ ունի:
  2. Առասպելի համար ընտրում ենք գեղեցիկ ու ինքնատիպ ավարտ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s