- Պարսկական կատակ-առակների բանավոր ներկայացում և քննարկում:
- «Իմ հետաքրքիր կատակներից մեկը» թեմայով հանձնարարված շարադրանքների ընթերցում և քննարկում:
- Շարունակում ենք իրականացնել Տոնական միֆաքանդում նախագիծը:
- Այս շաբաթ կծանոթանանք հայկական լավագույն առասպելներին: Իհարկե, կծանոթանանք նաև դրանք մեզ ավանդած Մովսես Խորենացու հետ: Լսե՞լ ես, թե նրան ինչ անուններով են կոչում:
Արա Գեղեցիկ և Շամիրամ

Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն՝ Արա Գեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի կինը՝ Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, և սակայն ամուսնու ահից չի համարձակվում անել դա։
Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործելու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե և այստեղ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել կամ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։ Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել հորդորներով ու աղաչանքներով, սակայն անարդյունք։
Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը, զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։
Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում է Այրարատ։ Նախքան ճակատամարտը Շամիրամը պատվիրում է իր զորապետներին խնայել ու ողջ պահել Արային։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։ Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարածուներին՝ դիակների մեջ գտնելու իր տենչալի Արային։ Հայ թագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապա-րանքի վերնատանը։
Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին: Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։
Շամիրամը արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է ժոդովրդի խռովքը։

Առաջադրանքներ
- Ի՞նչ հատկանիշներով կբնութագրես Արային: Իսկ ինչպիսի՞ն էր Շամիրամը:
- Գուշակել, թե մգեցված բառերը ինչ ընդհանուր յուրահատկություն ունեն:
- Կետերի փոխարեն գրել տրված հոմանիշներից ամենահարմարը:
- Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:
- …. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված, հուզված) ծովը ծեծում էր ափերը:
- Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել` փայտ կուլ տվածի նման:
- Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:
- Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:
- Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:
- Տրված հոմանիշներով կազմել նախադասություններ:
- Կանաչ, զմրուխտե:
- Բաժակ, գավաթ:
- Ձյունաթույր, ճերմակ, սպիտակ:
- Ի՞նչ եզրակացություն կարելի է անել հոմանիշների մասին այս վարժությունները կատարելուց հետո:
Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին առասպելը սովորել պատմել:
Լրացուցիչ կրթություն (տանը)
- Տարբեր դիցարանների ուսումնասիրություն ու դիցական կերպարներով առասպելների ստեղծում,
- Առասպելների ժամանակակից տարբերակների ստեղծում
- Սիզիփոսյան աշխատանք. իմ ժամանակակից տարբերակը
- Եթե Պիգմալիոնն ապրեր մեր օրերում
- Այլ
- Շարադրանքների թեմաներ
- Իմ մանկության թռչունը
- Իմ երազանքների ապագան
- Եթե չլիներ «այո» բառը
- Առակ պատասխանի փոխարեն
- Եթե Կուպիդոնն ինձ նետեր նվիրեր
- Նամակ Ապոլլոնին
- Իմ հետաքրքիր կատակներից մեկը
- Այլ