Հարստացնում ենք բառապաշարը

Կծանոթանանք աշխարհում տարածված ու հայտնի ևս մի քանի արտահայտությունների և նրանց առաջացման պատմություններին:

Գորդյան հանգույց

 Ըստ հին հունական ավանդության՝ տոհմապետ Գորդիոսը Զևսի տաճարին է նվիրում իր կառքը։ Վերջինիս լուծը քեղիին էր կապված այնպիսի հնարամտությամբ, որ հնարավոր չէր հանգույցի ծայրերը գտնել ու արձակել։ Ում որ հաջողվեր, նա պետք է տիրեր Ասիան։ Ալեքսանդր Մակեդոնացին պարսկական արշավանքից առաջ Գորդիոսի հանգույցը լուծեց թրի մի հարվածով։ Այստեղից էլ «Գորդյան հանգույց» արտահայտությունը՝ անլուծելի, կնճռոտ խնդիր իմաստով և «Գորդյան հանգույցի լուծում» արտահայտությունը, որ նշանակում է բարդ, խճճված իրադարձությունների ժամանակ կայացնել արագ ու խիզախ վճիռ։

Աքիլլեսյան գարշապար

Հունական դիցաբանության հերոսներից մեկը՝ Աքիլլեսի մայր Թետիսը, ցանկացավ, որպեսզի իր որդին անմահության արժանանա: Նա որդու գարշապարից բռնեց և սուզեց ստորերկյա թագավորության Ստիքս գետը: Որդին դարձավ անխոցելի`բացի կրունկից, որտեղից բռնել էր մայրը: Բայց Տրոյական պատերազմի ժամանակ հենց Աքիլլեսի գարշապարին էլ Պարիսն ուղղեց իր թունավոր նետը, որը պատճառ դարձավ նրա մահվան: «Աքիլլեսյան գարշապար» արտահայտությունը թևավոր խոսքի ուժ է ստացել և նշանակում է «խոցելի, թույլ տեղ»:

Տրոյական ձի

Ըստ հին հունական առասպելաբանության՝ Տրոյայի պատերազմի 10-րդ տարում հույների կողմից Ոդիսևսի խորհրդով կառուցված փայտե հսկա ձի։ Տրոյան պաշարած հույներն իբր դրա մեջ թաքցրել են մի քանի ընտիր ռազմաջոկատ, այն թողել քաղաքի արտաքին պարսպի մոտ և հեռացել՝ ձևացնելով, որ վերացնում են պաշարումը։

Տրոյացիները, անտեսելով Լաոկոոն քրմապետի նախազգուշացումները և հավատալով հույն լրտեսի կեղծ խոսքերին, թե փայտե ձիուն տիրող քաղաքը դառնալու է անառիկ, այն տեղափոխել են պարիսպներից ներս և զետեղել Աթենաս դիցուհու տաճարի մոտ։ Գիշերը դրա միջից դուրս եկած զինվորները բացել են բերդապարսպի դարպասները և ներս թողել հունական զորքերին, որոնք գրավել ու կործանել են Տրոյան։

«Տրոյական ձի» արտահայտությունն այլաբանորեն նշանակում է նվեր թշնամուն՝ նրան խաբելու, ծուղակը գցելու և կործանելու նպատակով։

Ավգյան ախոռներ

Հին հունական դիցաբանության մեջ Հելլադայի Ավգիաս արքայի աղբակուտակ հսկայական ախոռներն էին։ Հերակլեսը մեկ օրում մաքրում է դրանք՝ այնտեղ ուղղելով Ալփեոս և Պինոս գետերի ջրերը։ Ավգյան ախոռներ արտահայտությունը փոխաբերական իմաստով բարձիթողի վիճակ է նշանակում։

Դանայան տակառ

Դանայան տակառ — անտակ տակառ, որի մեջ, ըստ հունական դիցաբանության, ջուր լցնելու տաժանակիր աշխատանքի դատապարտվեցին դանայացի ոճրագործ 49 աղջիկները, ովքեր սպանել էին իրենց ամուսիններին։

Նշանակում է անօգուտ, անպտուղ, տաժանակիր աշխատանք, միաժամանակ՝ անվախճան, անվերջանալի ու չլցված դատարկություն։

Ռուբիկոնն անցնել

Մ.թ.ա. 49 թվականին հանրահայտ Հուլիոս Կեսարը Գալիայից վերադառնում էր իր զորքերի հետ միասին: Հռոմեական Սենատի հետ գաղտնի առճակատումը հասել էր իր գագաթնակետին, և Կեսարը որոշել էր հստակորեն ու նպատակային գործել:

Հուլիոս Կեսարը կանգ է առել այն ժամանակ ոչ մի առավելություն չունեցող գետակի առջև, որին Ռուբիկոն էին անվանում: Այս գետը բաժանող սահման էր հանդիսանում Գալիայի և Կենտրոնական Իտալիայի միջև: Հանրապետության օրենքի համաձայն՝ նա պետք է իր զորքերին տուն թողներ, սակայն գետին նայելով՝ ասել է` «Alea iacta est» (Վիճակը նետված է), ու իր զորքերը մտցրել Հռոմ՝ քաղաքացիական պատերազմ սկսելով:

Այն ժամանակ զինվորներն իրենց հրամանատարին ավելի նվիրված էին, քան պետությանը, այդ իսկ պատճառով պետք չէ զարմանալ, թե ինչու գեներալներից ոչ ոք չհակառակվեց Կեսարին:

Այդ պահից ի վեր «անցնել Ռուբիկոնը» արտահայտությունը հոմանիշ է դարձել նպատակային գործողության, որից ետ կանգնել չի կարելի:

Լուկուլլոսյան ճաշ 

Նշանակում է հարուստ սեղան, ճոխ խնջույք, շռայլություն։ Առաջացել է հին հռոմեական զորավար Լուկուլլոսի անունից, որ հայտնի էր իր հարստությամբ և ճոխ խնջույքներով։

կոտրած տաշտակի առաջ կանգնել-հիշել Ոսկե ձկնիկը:

Կիկոսի մահը դառնալ-հիշել Կիկոսի մահը:

մկների ժողով լինել-հիշել համանուն առակը:

վերջին մոհիկան-ինչ–որ բանի, մեկի վերջին ներկայացուցիչը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s