- Հանձնարարված կորեական առակի և լեգենդի ներկայացում:
- «Եթե չլիներ «այո» բառը» և «Առակ պատասխանի փոխարեն» թեմաներով շարադրանքների ընթերցում:
- Ծանոթություն Տոնական միֆաքանդում նախագծին:
- Նախագծային մեդիափաթեթի առաջին առաջադրանքը:
- Ի՞նչ է միֆը:
- Միասին կծանոթանանք հունական ամենահայտնի միֆերից մեկին: Երբևէ լսե՞լ եք սիզիփոսյան աշխատանք արտահայտությունը: Ծանոթացե՛ք պատմությանն ու այն դարձրե՛ք ձեր բառապաշարի մի մասը: Սկսեցինք:
Առասպել Սիզիփոսի մասին
Ամբողջ Հունաստանում ոչ ոք չէր կարող չափվել Սիզիփոսի հետ խարդախությամբ, խորամանկությամբ ու հնարամտությամբ: Նա իր խորամանկության շնորհիվ անբավ հարստություն էր կուտակել, և անգամ հեռուներն էր տարածվել նրա հարստության համբավը: Երբ մահվան աստվածը եկավ` նրան տանելու, Սիզիփոսը, որ արդեն զգացել էր դա, նենգաբար խաբեց նրան և կաշկանդեց նրան կապանքներով: Եվ դրանից հետո մարդիկ այլևս չէին մեռնում: Մարդիկ այլևս զոհեր չէին մատուցում աստվածներին: Երկրի վրա խախտվեց Զևսի սահմանած կարգը: Սիզիփոսը պատժվեց: Երբ Զևսի միջոցով ազատ արձակվեց մահվան աստվածը, նա իր հետ տարավ Սիզիփոսին:
Բայց այստեղ էլ խորամանկ Սիզիփոսը կարողացավ հնար գտնել իրեն օգնելու համար: Նա կնոջն ասաց, որ զոհեր չմատուցի մահվան աստծուն, իսկ վերջինիս խնդրեց իրեն բաց թողնել, որ կնոջը հրամայի նրան առատ զոհեր մատուցել, ինչից հետո ինքը կգար կրկին ետ: Այսպես համոզեց ու խաբեց նա մահվան աստծուն ու ետ չեկավ: Մնաց իր շքեղ պալատում ու սկսեց գոռոզանալ, որ բոլոր մարդկանցից միայն ինքն է կարողացել վերադառնալ մահվան թագավորությունից:Մահվան աստված Հադեսը զայրացավ ու ետ բերեց Սիզիփոսին:
Եվ Սիզիփոսը ամենածանր պատիժն է կրում երկրի վրա կատարած իր բոլոր խարդախությունների ու խաբեությունների համար: Նա դատապարտված է վիթխարի մի քար գլորելու դեպի լեռան գագաթը:Լարելով իր բոլոր ուժերը` Սիզիփոսը գլորում է ամենածանր քարը սարնիվեր: Տառապագին աշխատանքից քրտինքը անձրևի պես թափվում է վրայից: Լեռնագագաթն ավելի ու ավելի է մոտենում. ևս մի ճիգ, և իր ավարտին կհասնի Սիզիփոսի աշխատանքը: Բայց քարը դուրս է պրծնում նրա ձեռքից ու դղրդյունով ցած գլորվում` հետևից փոշու ամպ բարձրացնելով: Եվ կրկին ու կրկին գործի է անցնում Սիզիփոսը:
Այսպես հավերժաբար գլորում է այդ քարը Սիզիփոսը ու երբեք չի հասնում նպատակին` լեռան գագաթին:
Առաջադրանքներ
- Ընթերցել առասպելը և բացատրել, թե ինչ է նշանակում սիզիփոսյան աշխատանք արտահայտությունը:
- Բառարանների օգնությամբ բացատրել մգեցված բառերի հոմանիշները:
- Պարզել, թե ինչի հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացնել նոր բառեր:
Լրացուցիչ կրթություն (տանը)
- Գրել «Սիզիփոսյան աշխատանք. իմ ժամանակակից տարբերակը» թեմայով շարադրանք:
- Նախասիրությունների, նպատակների ներկայացում այբբենական կարգով:
- Խրատ-նամակներ ստեղծագործությունների հերոսներին: