Մայրենի, 6-3, 16.10.2019

Դափնե

Լուսավոր աստված Ապոլլոնը մի օր մեծ վիշտ ունեցավ: Երբ իր հաղթանակով հպարտ Ապոլլոնը կանգնել էր իր նետերով խոցված հրեշի վրա, նա իր կողքին կանգնած տեսավ սիրո պատանի աստված Կուպիդոնին  (Էրոսին), որ լարում էր իր ոսկեղեն աղեղը: Ապոլլոնը ծիծաղելով այսպես ասաց նրան.

-Ինչի՞դ է պետք այդ ահեղ զենքը: Ավելի լավ է թող, որ ես բանեցնեմ խոցող ոսկեղեն նետերը, որոնցով հենց նոր սպանեցի հրեշին:Դո՞ւ ես, որ ուզում ես հասնել նետաձիգի իմ փառքին, թե՞ ուզում ես ավելի մեծ փառքի արժանանալ, քան ես:

Այդ խոսքից վիրավորված սիրո աստվածը հպարտ-հպարտ պատասխանեց Ապոլլոնին.

Ապոլլոն

-Քո նետերը, Ապոլլո՛ն, անվրեպ են ու խոցում են բոլորին, բայց իմ նետը կխոցի քեզ:

Նա թափահարեց իր ոսկե թևերը ու մի ակնթարթում անհետացավ: Այնտեղ իր կապարճից երկու նետ հանեց, մեկը` սեր ծնող, որով նա խոցեց Ապոլլոնի սիրտը, մյուսը` սերը հանգցնող, որով խոցեց գետերի աստծո դստեր` հավերժահարս Դափնեի սիրտը:

Այնպես պատահեց, որ Ապոլլոնը հանդիպեց չքնաղ Դափնեին ու սիրեց նրան: Ապոլլոնին գերեցին հավերժահարսի աստղերի պես վճիտ աստղերը, վարդագույն շուրթերը և մարմարի պես ճերմակ ձեռքերը: Բայց ոսկեգանգուր Ապոլլոնին տեսնելուն պես Դափնեն քամու պես հեռու փախավ նրանից. չէ՞ որ սիրո աստծո արձակած` սերը հանգցնող նետը խոցել էր նրա սիրտը: Ապոլլոնը շտապեց նրա հետևից:

-Կա՛նգ առ, չքնա՛ղ հավերժահարս,-կանչեց Ապոլլոնը,- ինչո՞ւ ես ինձնից փախչում` գայլից հետապնդվող գառնուկի պես: Արծվի ճանկերից ճողոպրող աղավնու նման սուրում ես դու: Չէ՞ որ ես թշնամի չեմ: Կա՛նգ առ, հավերժահա՛րս, սերն է ինձ ստիպում, որ հետևեմ քեզ: Մի տե՛ս դու, ոտքերդ արյունոտել ես` տատասկին ու սրածայր փշերին դիպցնելով:Սպասի՛ր, կա՛նգ առ: Ե՛ս եմ, Ապոլլո՛նը, շանթարձակ Զևսի որդին և ոչ թե մի հասարակ մահկանացու հովիվ:

Բայց չքնաղ Դափնեն փախչում էր ավելի ու ավելի արագ: Ասես թևածելով սուրում է Ապոլլոնը նրա հետևից: Ավելի ու ավելի է մոտենում Դափնեին: Ահա, ուր որ է` կհասնի: Ուժերը լքում են Դափնեին: Եվ նա աղերսում է իր հորը` Պենևսին.

— Հա՛յր իմ Պենևս, օգնության հասիր ինձ: Բացվի՛ր, գետի՛ն, կլանի՛ր ինձ: Խլեցե՛ք ինձանից այս կերպարանքը, նա ինձ միայն տանջանքներ է պատճառում:

Այս խոսքն ասելուն պես կեղևապատվեց նրա քնքուշ մարմինը, վարսերը` տերևներ, իսկ ձեռքերը, որ կարկառված էին դեպի երկինք, ճյուղեր դարձան: Խորունկ վիշտը սրտում` գրկեց Ապոլլոնը դափնեծառ դարձած Դափնեին, և ծառի կեղևի տակից նա լսում էր Դափնեի դեռևս բաբախող սրտի տրոփյունը:

Երկար ժամանակ Ապոլլոնը տխուր-տրտում կանգնեց դափնու մոտ, և վերջապես ասաց.

-Թող այսուհետ միայն քո ճյուղերի պսակը զարդարի իմ գլուխը, թող սրանից հետո քո կանաչ զարդարանքը լինի իմ կիթառին և կապարճին: Թող երբեք չթորշոմի քո կանաչը: Հավերժ դալա՛ր եղիր:

Եվ Դափնին կամացուկ սոսափեց իր սաղարթախիտ ճյուղերը և, իբրև համաձայնության նշան, խոնարհեց իր կանաչ կատարը:

Դասարանային աշխատանք

  1. Ընթերցել հունական առասպելը:
  2. Բացատրել ոսկեղեն և ոսկեղեն համանունների իմաստները: Տեքստում դրանցից ո՞րն է գործածված:
  3. Բացատրել հավերժահարս բառի իմաստը բառարանների օգնությամբ:
  4. Բառարանի օգնությամբ բացատրել մգեցված բառերի հոմանիշները:
  5. Ծանոթանում ենք բառի ուղիղ և փոխաբերական իմաստներին: Քննարկում ենք օրինակներ:
  6. Գտնել օրինաչափությունը ու լրացնել շարքը:

Սև զգեստ, սև օրեր, կանաչ վերարկու, կանաչ ճանապարհ, մոխրագույն մատիտ, …

Այն իմաստը, որ բառն ունի խոսքից դուրս, կոչվում է բառի ուղղակի իմաստ:

Այն ոչ սովորական իմաստը, որ բառը կարող է ստանալ խոսքի մեջ, կոչվում է բառի փոխաբերական իմաստ:

6. Խոսում ենք մենիմաստ ու բազմիմաստ բառերի մասին: Քննարկում ենք օրինակներ:

Միայն մեկ իմաստ ունեցող բառերը կոչվում են մենիմաստ բառեր:

Մենիմաստ բառերը հայերենում բավականին քիչ են, մինչդեռ մեկից ավելի իմաստ ունեցող բառերը անհամեմատ շատ են:

Օրինակ` հետևել-1. հետքերով գնալ, 2. ընդօրինակել, 3. ուշադիր դիտել, 4. խնամել, հոգ տանել:

Մեկից ավելի իմաստ ունեցող բառերը կոչվում են բազմիմաստ բառեր:

7. Հետևել բառի չորս իմաստներից յուրաքանչյուրը գործածելով` կազմել նախադասություններ:

Լրացուցիչ կրթություն (տանը)

  1. Տրված բառերը նախադասությունների մեջ գործածել ուղղակի և փոխաբերական իմաստներով:
  • արևոտ
  • սառը
  • շողալ
  • լողալ
  • ալիք
  • փչել

2. Տրված բազմիմաստ բառերով կազմել նախադասություններ:

  • թերթ
  • գիր
  • սուր
  • թև
  • գլուխ

3. Գրել նամակ Ապոլլոնին կամ «Եթե Կուպիդոնն ինձ նետեր նվիրեր» թեմայով շարադրանք:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s