Միֆ բառն ունի մի քանի իմաստ: Ըստ իմաստներից մեկի` միֆ է կոչվում այն, ինչ անհավատալի, չափազանցված, մտացածին է:

Միֆը կամ առասպելը նաև այն ժանրն է, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով ներկայացվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։ Առասպելների հիմքում հիմնականում ընկած են եղել տվյալ ցեղի, ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն բնության դեմ դեռևս անզոր մարդը երևույթները բացատրել է որպես աստվածների և ոգիների գերբնական ուժի արտահայտություն։ Այդ պատճառով էլ իրական հիմք ունեցող դեպքերի ու հերոսների պատմությունն ի սկզբանե ընդունել է չափազանցված և գերբնական բնույթ։ Չնայած դրան` առասպելներն օգնում են որոշակի պատկերացում կազմել հնագույն ժողովուրդների պատմության վերաբերյալ։

Աշխարհում մեծ ճանաչում ունեն Անթեյի, Պրոմեթևսի, Հերկուլեսի, Իկարի մասին և այլ հին հունական առասպելները: Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ պահպանվել և մեզ են հասել հայ ժողովրդի ստեղծած՝ «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագնի ծնունդը», «Տորք Անգեղ» առասպելները։ Առասպելներից շատերը հետագայում ենթարկվել են գրական մշակման (օրինակ՝ Ն. Զարյանի «Արա Գեղեցիկը», Ղ. Աղայանի «Տորք Անգեղը», Հովհ. Հովհաննիսյանի «Վահագնի Ծնունդը», «Արտավազդը» հայ գրականության մեջ և այլն)։