Այս հանգստյան օրերին ձեզ ուղեկից կլինեն կորեական գրականության գեղեցիկ նմուշները: Բառարանների օգնությամբ կգտնեք մգեցված բառերի հոմանիշները:
Սովորել պատմել:
Դատավոր արագիլը

Կիսան գավառում ապրում էր մի հարուստ մարդ, և նա ուներ մի ժլատ բարեկամ, ով մշտապես նրանից փող էր պոկում: Ի վերջո, հարուստին այս ամենն այնքան ձանձրացրեց, որ նա կարգադրեց ձերբակալել բարեկամին և նրան բերել Սեուլ, ուր նրանք պիտի դատի առաջ կանգնեին: Բայց բարեկամը դատավորին հարուստ նվեր մատուցեց, և նա դատը նրա օգտին լուծեց: Այդժամ հարուստը մի պատմություն պատմելու թույլտվություն խնդրեց:
– Խնդրեմ,- ասաց դատավորը,- թույլատրում եմ: Ես սիրում եմ պատմություններ լսել:
Եվ նա այսպիսի մի առակ պատմեց. «Մի անգամ երեք թռչուն վիճեցին, թե ով է նրանցից ավելի լավ երգում` կկո՞ւն, կեռնե՞խը, թե՞ կռունկը: Եկան նրանք արագիլի մոտ և խնդրեցին նրան դատավոր լինել: Բայց քանի որ կռունկն ինքը շատ լավ գիտեր, որ իր ճիչը սարսափելի է, նա դատից առաջ գնաց դեպի բրնձի դաշտը, այնտեղ գորտեր ու միջատներ որսաց և արագիլին նվեր բերեց: Վերջապես վրա հասավ օրը, երբ հարկ էր որոշել, թե ում երգն է լավագույնը: Դատավոր արագիլը հերթով ունկնդրեց բոլորին: Կեռնեխի երգը նա շատ թույլ համարեց, կկվի երգը` չափազանց միօրինակ, իսկ կռունկի երգը, ով ընդհանրապես սարսափելի ճչում էր, հիասքանչ գտավ, նույնիսկ` դյութական, և ասաց` այո, սա զորավարի ձայն է:
Լսելով այս առակը` դատավորը չզայրացավ ակնարկի համար և կարգադրեց դատապարտյալին ազատել և պատժել մեղավորին: Այսպես դատապարտյալ հարուստը համեմատեց դատավորին անխոհեմ արագիլի հետ, ով թույլ էր տվել, որ իրեն կաշառեն:
Տարօրինակ պաշտոնյան

Աստիճանավոր Խվանին մարդիկ հիշում են մինչև այսօր: Նա մեծ պաշտոններ էր գրավում տարբեր տիրակալների օրոք: Ամենահիանալին աստիճանավոր Խվանի մեջ այն էր, որ նա մարդկանց միշտ «այո» էր ասում: Նրա շուրթերն անկարող էին «ոչ» ասելու, եթե նույնիսկ դա ծայրաստիճան անհրաժեշտ էր: Թվում էր, թե ողջ տեղի ունեցողի հանդեպ նա անտարբեր էր: Նրա դեմքը երբեք մտահոգություն չէր արտահայտում: Մի անգամ նրա երկու ծառաներն ինչ-որ բանի պատճառով վիճեցին և ոչ մի կերպ չէին կարողանում համաձայնության գալ: Վերջապես նրանցից մեկը դիմեց իր տիրոջն ու ասաց.
– Ես վիճել եմ ընկերոջս հետ: Խնդրում եմ, մեր դատը տեսեք:
Եվ նա պատմեց նրան վեճի էությունը: Աստիճանավորը լսեց նրան ու պատասխանեց.
– Քո խոսքերը ճշմարիտ են: Դու ճիշտ ես:
Բայց հետո եկավ մյուս ծառան, պատմեց հենց նույն վեճի մասին և նույնպես խնդրեց աստիճանավորին դատել իրենց: Խվանը նրան ասաց.
– Քո խոսքերը ճշմարիտ են: Դու ճիշտ ես:
Պատահաբար այս ամենին ներկա էր նրա կինը: Նա ծիծաղեց ու ասաց.
– Օ,տեր իմ, ինչո՞ւ դուք պարզ լուծման չհանգեցիք: Չէ՞ որ դուք լսել էիք, որ ձեր երկու ծառաները վիճում էին միմյանց հետ: Մի՞թե ավելի պարզ չէր լինի մեկին ասել, որ նա ճիշտ է, իսկ մյուսին, որ սխալ է:
– Այո, ճիշտ է,- պատասխանեց նա,- դու ճիշտ ես:
Այս խոսքերը հասել են մեր օրերը: Եվ հիմա, երբ մարդիկ ուզում են ասել, որ ինչ-որ մեկը չի կարող վեճը լուծել, նրանք ասում են` դու դատում ես` ինչպես աստիճանավոր Խվանը:
Լրացուցիչ կրթություն
- Գրել շարադրանք հետևյալ թեմաներից մեկով.
- Եթե չլիներ «այո» բառը,
- Առակ պատասխանի փոխարեն,
- Այլ