Մայրենի, 6-2, 11.10.2019

ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱԺԱՄ

  • Ստուգում ենք տնային առաջադրանքները:
  • Պատմում ենք Ջանի Ռոդարիի «Հաչել չիմացող շունը» հեքիաթի առաջին մասը և ընթերցում երկրորդը:

ՆՈՐ ԴԱՍ

Ջանի Ռոդարի

ՀԱՉԵԼ ՉԻՄԱՑՈՂ ՇՈՒՆԸ

Մաս 2

Եվ մի անգամ առավոտյան նա անտառում այնքան լավ, այնքան զնգուն ու գեղեցիկ ծուղրուղու կանչեց, որ աղվեսը, լսելով աքաղաղի ձայնը, մտածեց. «Վերջապես աքլորիկն ինձ այցելության եկավ։ Պետք է շտապ շնորհակալություն ասել այցելության համար…»։ Եվ շտապեց նրան ընդառաջ՝ չմոռանալով հետը վերցնել դանակ, պատառաքաղ և անձեռոցիկ, որովհետև աղվեսի համար չկա ավելի ախորժելի ճաշատեսակ, քան լավ աքլորը: Կարո՞ղ եք պատկերացնել, թե որքան տխրեց աղվեսը, երբ աքլորի փոխարեն տեսավ շնիկին, որը նստել էր իր պոչին և բարձրաձայն ծուղրուղու էր կանչում։

– Ա՜խ,- բացականչեց աղվեսը,- այսպես կարելի է թակարդն էլ ընկնել:

– Թակա՞րդը։

– Դե, իհարկե: Կարծում էի, թե դու քեզ անտառում մոլորված աքլորի տեղ ես դրել, որպեսզի բռնես ինձ։ Լավ է, որ ժամանակին տեսա քեզ: Բայց սա անազնիվ որս է: Շները սովորաբար հաչում են ու զգուշացնում, որ որսորդները մոտենում են:

– Հավատացնում եմ… Ես չէի պատրաստվում որս անել: Ես եկել էի վարժվելու:

– Վարժվելո՞ւ։ Ինչո՞ւմ։

– Ես սովորում եմ հաչել: Եվ համարյա սովորել եմ: Լսի՛ր, թե ինչ լավ եմ հաչում:

Եվ նա բարձրաձայն երգեց՝ «Ծուղ-րու-ղո՜ւ»: Աղվեսը ծիծաղից քիչ էր մնում պայթեր: Նա փորը բռնած թավալ էր գալիս գետնին և ոչ մի կերպ չէր կարողանում հանգստանալ: Մեր շնիկը շատ վիրավորվեց, որ իր վրա ծիծաղում են, չէ՞ որ այդքա՜ն չարչարվել էր: Պոչը քաշած և համարյա լաց լինելով գնաց տուն: Եվ ահա նրան հանդիպեց կկուն: Նայեց տխուր շնիկին և խղճաց նրան:

– Ի՞նչ է պատահել։

– Ոչի՛նչ…

– Ինչո՞ւ ես այդքան տխուր։

– Ա՜խ… այսպես ու այսպես… Պատճառն այն է, որ հաչել չեմ կարողանում։ Եվ ոչ ոք չի կարողանում սովորեցնել ինձ։

– Դե, եթե խնդիրը միայն դա է, ես շատ արագ կսովորեցնեմ քեզ։ Լավ լսի՛ր, թե ինչպես եմ երգում, և կրկնիր ինձ նման. «Կո՛ւ-կո՛ւ, կո՛ւ-կո՛ւ, կո՛ւ-կո՛ւ»։ Հասկացա՞ր։ — Ոնց որ այնքան էլ դժվար չէ…

— Շատ հեշտ է: Ես երեխա ժամանակից կարողանում եմ կուկու կանչել: Դու էլ փորձիր. «Կո՛ւ-կո՛ւ, կո՛ւ-կո՛ւ»։

– Կու…,- փորձեց շունը,- կու…

Նա շատ անգամ կրկնեց այդ «կու-կու»-ն և՛ այդ օրը, և՛ մյուս օրերին: Իսկ մի շաբաթ անց արդեն կարողանում էր բավականին լավ կուկու կանչել: Նա շատ գոհ էր իրենից և մտածում էր. «Վերջապես, վերջապես ես սկսում եմ իսկապես հաչել։ Հիմա էլ ոչ մեկը չի ծիծաղի ինձ վրա»: Հենց այդ օրերին սկսվել էր որսի շրջանը: Անտառում շատ որսորդներ էին հայտնվել, այդ թվում նաև այնպիսիները, որոնք կրակում էին որտեղ պատահի և ում պատահի: Կարող էին նույնիսկ սոխակի վրա կրակել, եթե լսեին նրա ձայնը։ Եվ ահա այդպիսի մի որսորդ անցնում էր անտառով և լսեց թփերի միջից՝ «Կո՛ւ-կո՛ւ…. կո՛ւ- կո՛ւ…»։ Նա բարձրացրեց հրացանը, նշան բռնեց և կրակեց՝ թըխկ-թրըխկ։ Գնդակները բարեբախտաբար չկպան շնիկին: Սուլելով թռան ականջի մոտով, բայց շունը վախեցավ, և պո՜ւկ փախավ։ Նա շատ զարմացավ: «Երևի այս որսորդը խելքը թռցրել է», եթե կրակում է հաչացող շան վրա…» Իսկ որսորդն այդ ժամանակ իր որսն էր փնտրում: Նա վստահ էր, որ կպել է թիրախին։ «Երևի թռչունին այն շունը գողացավ, որ հանկարծ դուրս թռավ ինչ-որ տեղից»,- մտածեց նա: Եվ հոգին թեթևացնելու համար կրակեց իր բնից գլուխը հանած մկնիկի վրա, բայց նրան էլ չկպավ։ Իսկ շնիկը փախչում էր ու փախչում…

Դասարանային առաջադրանքներ

  1. Քննարկում ենք հեքիաթի հնարավոր վերջաբանները:
  2. Ծանոթանում ենք ը-ի ուղղագրությանը և ուղղախոսությանը: Քննարկում ենք օրինակներ:

Երկրորդ դասաժամ

Ստուգում ենք մեր գիտելիքները

Եթե շաբաթվա ընթացքում լավ ես պատրաստել դասերդ և եղել ես ուշադիր դասաժամերին, հեշտությամբ կհաղթահարես հարցերը: Սկսեցինք:

  1. Ըստ պորտուգալական լեգենդի` խավարումն առաջանում է այն պատճառով, որ արևն ու լուսինը …:
  2. Դրախտի մասին պատմող լեգենդում Աստված համաձայնում է մարդուն կերակրել այն պայմանով, որ …:
  3. Ջանի Ռոդարիի «Մեծ գազարը» հեքիաթից ես սովորեցի այն, որ…:
  4. «Հաչել չիմացող շունը» հեքիաթում շանը փորձում են օգնել …:
  5. Նշված բառերից քանիսո՞ւմ կա ը ձայնավորի հնչյունափոխություն: Թվարկել այդ բառերը:

Մանրանկարիչ, աստղազարդ, գլխարկ, վրձին, սրվակ, ծանրամարտիկ, ցածրադիր, մեղրամոմ, շտապ, արագընթաց, համրանալ, կարծրանալ:

6. Գտնել նախադասություններում առկա ուղղագրական սխալները:

  • Ես նախնտրում եմ սև սուրճը:
  • Բոլորը սպասում էին մարզիկի պարտությանը, սակայն նա չնկավ:
  • Աշնանը հետըզհետե օրերը կարճանում են:
  • Ընկերներիս անակընկալը հուզեց ինձ:
  • Աշխարհում գիտեն, որ հայերը հյուրնկալ մարդիկ են:
  • Օրստօրե համոզվում էի, որ նա իրավացի էր:
  • Անծանոթը անըշտապ քայլերով մոտեցավ կիսակառույց տանը:

7. Նշված բառերից քանիսո՞ւմ կա ուղղագրական սխալ: Թվարկել այդ բառերը:

Անեական, ելևէջ, վայրեջք, էլեկտրաէներգիա, որևե, որևիցէ, առեջ, շքերթ, բազմերանգ, մանրե, գրեթե, աներկյուղ:

8. Գտնել նախադասություններում առկա ուղղագրական սխալները:

  • Ես սկսում էի հասկանալ, թե իրականում օվքեր են կանգնած հանցանքի ետևում:
  • Հուզվելն անոգուտ է, հանդիպումը տնորենի հետ անխուսափելի է:
  • Այդ ապորինի կառույցները պետք է վերացնել:
  • Երեխայի առորյան պետք է լինի հետաքրքիր:
  • Բոլորը սիրեցին այդ օրօրոցայինները:
  • Ոլոդյան ժամանեց Երևան:
  • Քո ոկալի ուսուցիչը հիանալի մասնագետ է:
  • Արջավորսի ժամանակ տհաճ դեպքեր չպատահեցին:
  • Տիգրան Մեծը մեր ամենահայտնի թագաորներից է:

Հանգստյան օրերի համար

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s