- Ընթերցում ենք Ջանի Ռոդարիի «Հաչել չիմացող շունը» հեքիաթի համար առաջարկվող երեք հնարավոր ավարտները, ընտրում լավագույն տարբերակն ու հեքիաթը ներկայացնում ամբողջապես:
Առաջին ավարտ
Վազեց, վազեց շնիկը և հայտնվեց մարգագետնում, որտեղ հանգիստ արածում էր կովը։
— Ո՞ւր ես այդպես շտապում։
— Ինքս էլ չգիտեմ…
— Դե, ուրեմն կանգ առ։ Այստեղ հրաշալի խոտ կա։
— Ա՜խ, եթե հոգսս խոտը լիներ… — Դու ի՞նչ է, հիվա՞նդ ես։
— Ավելի վատ, ես հաչել չգիտեմ։
— Բայց դա աշխարհի ամենահեշտ բանն է։ Լսի՛ր ինձ. «Մո՜ւ-ո՜ւ, մո՜ւ-ո՜ւ,…»։ Գեղեցիկ է, չէ՞։
— Վատ չի։ Բայց ես համոզված չեմ, որ դա հենց այն է, ինչ պետք է ինձ։ Չէ՞ որ դու կով ես…
— Իհարկե կով եմ։ — Իսկ ես՝ ոչ։ Ես շուն եմ։
— Հասկանալի է, որ դու շուն ես։ Հետո՞ ինչ։ Քեզ ի՞նչն է խանգարում, որ իմ լեզուն սովորես։
— Գիտե՞ս, դա հետաքրքիր միտք է, հոյակապ գաղափար։
— Ի՞նչը։
— Այն, որ հենց նոր մտքովս անցավ։ Ես կսովորեմ բոլոր կենդանիների լեզուները, ելույթ կունենամ կրկեսում։ Բոլորը կծափահարեն ինձ, ես կհարստանամ և կամուսնանամ թագավորի տղայի հետ։
— Կեցցե՛ս, շատ լավ ես մտածել։ Դե, ուրեմն գործի՛ անցիր։ Ուշադիր լսիր. «Մո՜ւ-ո՜ւ, մո՜ւ- ո՜ւ, մո՜ւ-ո՜ւ …»։
— Մո՜ւ-ո՜ւ,- բառաչեց շունը։
Այս շունը հաչել չգիտեր, դրա փոխարեն շատ ընդունակ էր լեզուներ սովորելու հարցում։
Երկրորդ ավարտ
Վազեց, վազեց շնիկը… և հանդիպեց գյուղացուն։
— Էդ ո՞ւր ես էդպես սլանում։
— Ինքս էլ չգիտեմ…
— Այդ դեպքում ինձ հետ արի։ Ինձ էլ հենց շուն է պետք հավանոցը հսկելու համար։
— Ես կգայի, բայց, ախր, հաչել չգիտեմ։
— Ավելի լավ։ Հաչող շները միայն օգնում են գողերին փախչել։ Իսկ քեզ նրանք չեն լսի, մոտ կգան, դու էլ նրանց կբռնես, մի լավ կկծես, որ խելքները տեղը գա։
— Համաձայն եմ,- պատասխանեց շունը։
Այդպես էլ պատահեց, որ հաչել չկարողացող շունը վերջապես իր համար գտավ զբաղմունք, վզակապ և ոսկորներով լի կերաման՝ ողջ կյանքի համար։
Երրորդ ավարտ
Վազեց, վազեց շնիկը… և հանկարծ կանգ առավ։ Ինչ-որ անսովոր ձայն լսեց։ «Հա՛ֆ-հա՛ֆ- հա՛ֆ,- ասում էր ինչ-որ մեկը,- հա՛ֆ»։ «Ինչ-որ հարազատ ու ծանոթ ձայն է,- մտածեց շունը,- թեև ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ կենդանի է խոսում։ Երևի ընձուղտ է։ Չէ՛, երևի կոկորդիլոս է։ Կոկորդիլոսը չար կենդանի է, հարկավոր է զգույշ լինել»։ Թփերի հետևում թաքնվելով՝ շունը շարժվեց դեպի այն կողմ, որտեղից այդ «հաֆ-հաֆ»-ն էր լսվում, և որից, աստված գիտե թե ինչու, նրա սիրտն ուժգին բաբախում էր։
— Հա՛ֆ-հա՛ֆ։
— Ա՜յ քեզ բան, շուն է։ Այո՛, այո՛։
Ընդ որում, դա հենց այն որսորդի շունն էր, որը կրակեց, երբ նա «կու-կու» էր կանչում։
— Բարև՛, շո՛ւն։
— Բարև՛, շո՛ւն։
— Այդ ի՞նչ ձայներ ես հանում։
— Ձայնե՞ր։ Իմացած լինես, որ սրանք պարզապես ձայներ չեն, սա հաչոց է։
— Հաչո՞ց, դու հաչե՞լ գիտես։
— Միանգամայն բնական է։ Ես հո փղի պես չեմ կանչելու, կամ առյուծի պես մռնչամ։
— Ինձ էլ սովորեցրու։
— Իսկ դու մի՞թե հաչել չգիտես։
— Ոչ… — Ուշադիր լսիր։ Այսպես են հաչում. «Հա՛ֆ-հա՛ֆ»։
— Հա՛ֆ-հա՛ֆ,- իսկույն հաչեց շունը։
Եվ ուրախ ու երջանիկ մտածեց. «Վերջապես լավ ուսուցիչ գտա»։
Դասարանային աշխատանք
- Քննարկում ենք հեքիաթի վերջաբանները:
Վերհիշել շաբաթվա ընթացքում անցած հեքիաթներն ու ուղղագրական կանոնները և պատրաստ լինել ամենշաբաթյա ամփոփիչ աշխատանքին:
Լրացուցիչ կրթություն
- Գրել ը տառը այն բառերում, որոնցում անհրաժեշտ է:
Հանդ.գնել, նոր.նտիր, անակ.նկալ, ան.նդհատ, ճեպ.նթաց, օր.ստօրե, չ.նկնել, դաս.նկեր, հետ.զհետե, ունկ.նդրել:
2. Գրել ը-ով սկսվող տասը բառ: