Առակներ Վարդան Այգեկցուց

ԻՇխԱՆԸ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ

Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Նույն քաղաքում ապրում էր նաև մի այրի կին: Իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, իսկ այրի կինը աղոթում էր, որ իշխանը երկար ու խաղաղ կյանք ունենա: Գնացին ասացին իշխանին, թե քո չարության համար այրին աղոթում է:

Իշխանը եկավ և ասաց.

— Ես քեզ բարիք չեմ արել, ով կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում:

Այրի կինն ասաց.

— Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Այժմ վախենում եմ, որ մեռնես և քո որդին քեզնից ավելի չար լինի:

ՄԻ ԿԱԹ ՄԵՂՐԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌ

Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում: Մեղրից մի կաթիլ կաթեց գետնին և մի պիծակ նստեց կաթի վրա: Կատուն վազեց և պիծակին առավ: Նրանից հետո շունը վազեց և կատվին առավ: Խանութի տերը շանը զարկեց և սպանեց: Այդ գյուղին դրացի մի գյուղ կար, և շունն այն գյուղից էր: Երբ շան տերն իմացավ, թե խանութպանն սպանել է իր շանը, այն ժամանակ եկավ և սպանեց խանութպանին: Հետո երկու կողմից վեր կացան գյուղացիք և միմյանց հետ մեծ պատերազմ արին: Նրանց մեջ կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ մի կաթիլ մեղրի համար:

ԵՐԿՈՒ ՆԿԱՐԻՉ

Մի թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, որոնց նմանը ոչ մի տեղ չէր եղել: Ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց: Երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ ու տեսավ, որ մեկը նկարել էր գեղեցիկ պատկեր, և շատ հավանեց: Իսկ մյուսը ոչինչ չէր նկարել, նա պատը շատ գեղեցիկ սարքել ու կոկել էր հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չի նկարել, այլ միայն կոկել է, զարմացավ և ասաց.

— Դու ի՞նչ ես արել:

Նա ասաց.

— Ես ցույց կտամ իմ գործը:

Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը: Երբ լույսը ծագեց ու լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր նկարները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց.

— Այս մյուսից գեղեցիկ է:

Առաջադրանքներ

  1. Ընթերցել ու պատմել առակները:
  2. Գտնել առակները բնութագրող թևավոր խոսքեր:
  3. Բառարանների օգնությամբ գտնել ընդգծված բառերի հոմանիշները:
  4. Խոսում ենք տողադարձի մասին:
  5. Տողադարձել տրված բառերը բոլոր հնարավոր տարբերակներով:

Օրինակ՝ հետաքրքրական- հե-տաքրքրական, հետա-քըրքրական, հետաքըրք-րական- հետաքրքրա-կան:

Բարեկամաբար, բարձրացնել, բնություն, խստաշունչ, հանգստաբեր, ստուգել, զգուշորեն, արևելյան, թեթևակի, տեղեկատվություն, սկզբնական, մրցանակ, արևմտյան:

Լրացուցիչ կրթություն

  • Ներկայացնել շարադրանք տրված թեմայով՝

Մի կաթիլ մեղր. իմ ժամանակակից տարբերակը

  • Տողադարձել ձեր շարադրանքի վերջին նախադասության բառերը բոլոր հնարավոր տարբերակներով:


Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s