Մխիթար Գոշ «Թագավորի երեք երազը»

Մի թագավոր երազ տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից աղվես էր տեղում։ Նա հրաման արձակեց.

— Ով երազս բացատրի, հազար դահեկան կտամ նրան: Մի աղքատ մարդ լսելով գնում ասում է.

— Եթե երեք օր ինձ ժամանակ տաս, կմեկնեմ երազդ:

Եվ նա գնալով անապատ, շրջում էր այնտեղ ու մտածում։ Մի վիշապ, տեսնելով տարակուսած մարդուն, ասաց.

— Ինձ ի՞նչ կտաս, եթե թագավորի երազը հայտնեմ քեզ:

Նա պատասխանում է.

— Ինչ որ խոստացավ թագավորը, կեսը քեզ կտամ։

Ասում է.

— Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, այսուհետև մարդիկ նենգավոր և խաբեբա կլինեն աղվեսի նման։

Եվ մարդը գնալով, թագավորին ասաց։ Բացատրությունը դուր եկավ նրան, որովհետև իսկապես մարդիկ նման էին աղվեսի։ Թագավորը տվեց նրան խոստացած դահեկանները։ Եվ մարդը խաբեց վիշապին ու չվերադարձավ նրա մոտ։
Ժամանակ անց, մի ուրիշ երազ տեսավ թագավորը, որ անձրևի փոխարեն երկնքից ոչխար էր տեղում։ Հրամայեց կանչել այն մարդուն, որ, ինչպես առաջին անգամ, մեկնի երազը։ Նա թագավորից նույն բանն է խնդրում, բայց իբրև ապերախտ ամաչում է գնալ վիշապի մոտ։ Եվ, այնուամենայնիվ, գնալով պաղատագին ասաց.

— Մեղա՜ քեզ, հայտնիր երկրորդ երազի միտքը, և քեզ կտամ առաջին ու երկրորդ պարտքս։

Վիշապը առանց մարդու պարտազանցությունը հիշելու, ասաց.

— Գնա և հայտնի՛ր, թե ժամանակ է գալու, և եկել է արդեն, որ մարդիկ ոչխարի նման պարզամիտ պիտի լինեն։

Եվ գնալով մարդը մեկնեց երազը։ Այս մեկնությունը ևս հավանելով՝ թագավորը դարձյալ տվեց նրան հազար դահեկան։ Վերցնելով դրամը՝ մարդը տարավ, հանձնեց վիշապին։

Դրանից հետո՝ թագավորը մի ուրիշ երազ ևս տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից սուսեր էր տեղում։ Հրամայեց նորից կանչել այն մարդուն, որպեսզի դա ևս մեկնի։ Եվ մարդը խնդրելով նույն ժամանակը, գնում է վիշապի մոտ, որն անմիջապես, իբրև բարեկամի, մեկնում է երազը, ասելով.

— Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, որ մարդիկ դառնան բռնավորներ ու սուսերավորներ։

Եվ սովորելով այդ, մարդը մտածեց, «Ինչո՞ւ այժմ թողնեմ վիշապին հազար դահեկանը և կամ ինչո՞ւ մյուս հինգ հարյուրը ևս բերեմ, ավելի լավ է՝ խփեմ վիշապին ու սատկեցնեմ»։ Եվ ջանաց խփել վիշապին, բայց այդ նրան չհաջողվեց՝ վիշապը խույս տվեց նրանից։ Եվ մարդը զղջալով մտածում է. «Չարիք գործեցի, մյուս անգամ, երբ հարկ լինի, էլ ինչպե՞ս կգամ սրա մոտ»։

Տեսնելով, որ մարդը փոշմանել է, վիշապն ասաց նրան.

— Ո՜վ մարդ, դու մի´ տրտմիր, քանզի անձիդ թելադրանքով ոչինչ չես արել, այլ արել ես ժամանակի բերումով։ Խաբելդ կեղծավորների ժամանակ եղավ, զղջալդ ու հազար դահեկան տալդ՝ միամիտների, իսկ ինձ խփելդ՝ բռնավորների ժամանակ։

Առաջադրանքներ

  1. Ընթերցել առակը և պատմել:
  2. Բնութագրել վիշապին ու մարդուն:
  3. Գոշի առակի վիշապին համեմատել այլ ստեղծագործություններում ձեզ հանդիպած վիշապների հետ:
  4. Բառարանների օգնությամբ գտնել ընդգծված բառերի հոմանիշները:
  5. Խոսում ենք հնչյունափոխության մասին:
  6. Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատել և գրել, թե ինչ փոփոխություն է կատարվել:

Օրինակ՝ տպագիր, գրաճանաչ- ի-ն դարձել է ը:

Հայրենասեր, սիրալիր: Սպառազեն, զինավառ: Անիղձ, ըղձալի: Լայնասիրտ, սրտագին: Մեծատուն, տնական: Բազմագույն, գունագեղ: Հետախույզ, հետախուզել:

Լրացուցիչ կրթություն

  • Ուսումնասիրել երեք թիվը ձեզ ծանոթ հեքիաթներում և ներկայացնել շարադրանքի տեսքով:
  • Գրել, թե ընդգծված արմատների մեջ ինչ փոփոխություն է կատարվել:

Օրինակ՝ կեսկիսատ-ե-ն դարձել է ի:

թիվթվանշան-ի-ն դարձել է ը:

անասուն-անասնապահ-ու-ն դուրս է ընկել, սղվել է:

Տեր-տիրանալ, էջ-իջնել, ինձ-ընձուղտ, գիծ-գծել, աղավնի-աղավնյակ, կաղնի-կաղնուտ, հուր-հրեղեն, հիսուն-հիսնամյա, առու-առվակ, աստղ-աստղային:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s