- Ընթերցել ու համեմատել առակները:
- Դուրս գրել մգեցված բառերի հոմանիշները:
- Ո՞ր առակը ավելի շատ հավանեցիր: Ինչո՞ւ: Ի՞նչ դաս քաղեցիր յուրաքանչյուրից:
Եղջերուն ու խաղողը
Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն, կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերվին: Եվ զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:
Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց բարերարներին, որի համար և Աստված պատժում է նրանց:
Ուղևորներն ու սոսին
Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստրերին` իրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց պատասխանեց.
— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:
Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:
Աղվեսն ու հովազը
Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.
— Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:
Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է: