Վադուայե

(Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ)

Մի մարդ է լինում, անունը՝ Վադուայե։ Նա ունենում է ցորենի մի հատիկ։ Գալիս է Վադուայեն մի պառավի մոտ ու ասում.

– Բարև՛, մորաքո՛ւյր։

– Բարև՛, Վադուայե՛։

– Խնդրո՛ւմ եմ, պահե՛ք իմ ցորենի հատիկը։

– Սիրով։ Դի՛ր ա՜յ այնտեղ, մենք հետո մեր ցորենի հետ քո հատիկն էլ կտանենք ամբար։

Մյուս օրը Վադուայեն գալիս է այդ բարի կնոջ տունը։

– Բարև՛, մորաքո՛ւյր։

– Բարև՛, Վադուայե՛։

– Լա՞վ եք պահել իմ ցորենի հատիկը։

– Վա՜յ, խեղճ Վադուայե։ Դժբախտություն է պատահել, իմ հավը նախաճաշին կերել է քո հատիկը։

– Ես կգնամ դատարան, կբողոքեմ, մորաքո՛ւյր, ես կգնամ դատարան, կբողոքեմ։

– Չէ՜, չէ՜, այդ մասին խոսք լինել անգամ չի կարող։ Վերցրեք իմ ամենալավ հավը։ Դուք դժգոհ չեք մնա, սա լավ թխսկան է։

Վադուայեն հավաբնից վերցնում է հավն ու գնում մի այլ գեղջկուհու մոտ։

– Բարև՛, մորաքո՛ւյր։

– Բարև՛, Վադուայե՛։

– Դուք չե՞ք պահի իմ հավին։

– Լա՛վ, թողեք հավին այստեղ։ Ես նրան կտանեմ հավաբուն ու կպահեմ ոնց որ իմ հավին։

Բայց կովը կճղակով խվում է հավին ու սպանում նրան։

Որոշ ժամանակ անց գալիս է հավի տերը։

– Բարև՛, մորաքո՛ւյր։

– Բարև՛, Վադուայե՛։

– Լա՞վ եք պահում իմ հավին։

– Վա՜յ, իմ խեղճ հարևան։ Այսօր առավոտյան մեր կովը կճղակով խփեց ու սպանեց հավին։

– Ես կգնամ դատարան կբողոքեմ, ես կգնամ դատարան կբողոքեմ։

– Ինձ հանգիստ թողեք, Վադուայե, բողոքելու փոխարեն ավելի լավ է մեր կովը տարեք։

Նա տանում է սև ու սպիտակ խալերով, բարակ, փայլուն բրդով կթան կովն ու գալիս է մի այլ կնոջ տուն։

– Բարև՛, մորաքո՛ւյր։

– Բարև՛, Վադուայե՛։

– Չեք պահի՞ դուք իմ կովը։

– Է՛հ, ինչ կա, կպահեմ։ Կապեք այստեղ մոտիկ մի տեղ, հետո մեր կովերի հետ կտանենք գոմ։

Երբ մթնեց, սպասուհին վերցրեց դույլն ու աթոռը և եկավ կթելու կովերին, բայց Վադուայեի կովը նրան մոտ չէր թողնում, քացի էր տալիս և, ուժեղ խփելով սպասուհուն, շրջեց դույլը: Սպասուհին ջղայնացավ ու այնպես խփեց նրան աթոռով, որ տեղնուտեղը սպանեց։

Մյուս օրը Վադուայեն գալիս է։

– Բարև՛, մորաքո՛ւյր։

– Բարև՛, Վադուայե՛։

– Լա՞վ եք պահում իմ կովին։

– Վա՜յ, իմ խեղճ Վադուայե։ Երեկ մեր սպասուհին ուզում էր կթել ձեր կովին, բայց այնպես բարկացավ, որ աթոռը վերցրեց, խփեց նրան ու տեղնուտեղը սատկացրեց։

– Ես կգնամ դատարան, կբողոքեմ, մորաքո՛ւյր։ Ես կգնամ դատարան, կբողոքեմ։

– Դուք դա չեք անի, հարևա՛ն։ Ավելի լավ է սպասուհուն վերցրեք, տարեք։

Վադուայեն աղջկան մտցնում է պարկի մեջ ու գնում մի այլ կնոջ մոտ, իսկ այդ կինը սպասուհու կնքամայրն էր, բայց Վադուայեն այդ մասին չգիտեր։

– Բարև՛, մորաքո՛ւյր։

– Բարև՛, Վադուայե՛։

– Կարելի՞ է իմ պարկը կարճ ժամանակով ձեզ մոտ թողնել։

– Խնդրե՛մ, դրե՛ք դռան ետևում, ոչ ոք ձեռք չի տա։

Վադուայեն գնում է։ Մի քիչ հետո պառավը, մտածելով, որ իր սպասուհին մոտակայքում է, ասում է.

– Ժաննե՛տա, մի աման ապուր չե՞ս ուտի։

Սպասուհին չի լսում, բայց պարկի մեջ նստած աղջիկը նրա փոխարեն պատասխանում է.

– Ես հաճույքով կուտեի։

Պառավը երկու անգամ կրկնում է իր հարցը, ու ամեն անգամ նրան պատասխանում է պարկից եկող ձայնը։ Պառավը բացում է պարկը և, տեսնելով իր սանուհուն, օգնում է նրան դուրս գալ պարկից, իսկ աղջկա փոխարեն պարկի մեջ է մտցնում մի մեծ շուն։

Գալիս է Վադուայեն ու ասում.

– Բարև՛, մորաքո՛ւյր։

– Բարև՛, Վադուայե՛։

– Լա՞վ եք պահել իմ պարկը։

– Հա՛, կարող եք վերցնել ձեր պարկը։

Վադուայեն պարկը գցում է ուսին, համոզված լինելով, որ այնտեղ սպասուհին է նստած։ Մի քիչ գնալուց հետո բա­ցում է պարկի բերանն ու ասում.

– Ժաննե՛տա, համբուրի՛ր ինձ։

– Հա՜ֆ, հա՜ֆ,– հարձակվում է գամփռը։

Վադուայեն այնպես է վախենում, որ պարկը ցած է գցում ու լեղապատառ փախչում։

Լրացուցիչ կրթություն

Գրել փոքրիկ խրատ-նամակ Վադուայեին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s