Ուսուցչի անկյուն

22.03.2020

Առցանց ուսուցման այս շաբաթվա ընթացքում բազմաթիվ նախագծեր իրականացրինք: Գրեթե բոլոր նախագծերին սովորողներն ակտիվ մասնակցեցին ու անգամ փորձեցին իրենց աշխատանքի գոնե որևէ մասով տարբերվել մյուսներից: Կային աշխատանքներ, որոնք մեզ մոտ պարզապես շարունակական էին, օրինակ` ստեղծագործական աշխատանքները, ընթերցանությունները: Կային նորարար նախագծեր, այսպես կոչենք` վիճակային` պայմանավորված բոլորին հայտնի իրադրությամբ: Ցանկի առաջին երկու նախագծերը հենց այդպիսին էին: Ի դեպ, այս շաբաթվա նախագծային փաթեթում դրանք մասնակցության լավագույն ցուցանիշ ունեցող նախագծերից էին: Աշակերտներին դուր եկավ ստեղծված վիճակի ուսումնասիրությունը: Ընտանեկան նախագիծ ևս ունեինք, որ հետաքրքիր արդյունքներ տվեց: Առցանց ուսուցման շաբաթն ամբողջացրինք տեսադասերով, որոնց ժամանակ ամփոփեցինք աշխատանքն ու հասկանալի դարձրինք անհասկանալին: Տեսադասերը գրավեցին աշակերտներին, ինչը հետագա առցանց գործունեության համար ոգևորիչ գործոն է:

17.03.2020

Առցանց ուսուցումը դասավանդածդ առարկայի հանդեպ աշակերտի հետաքրքրությունը չափող ինքնատիպ ստուգատես է: Առցանց ուսուցման նախագծերն ու առաջադրանքները պետք է հնարավորինս հետաքրքրաշարժ լինեն ու կապված լինեն ժամանակի կարևոր խնդիրների, աշակերտի անհատական հետաքրքրությունների հետ, ներառեն նաև ընտանիքի անդամներին, փոքր-ինչ զվարճալի լինելն էլ չէր խանգարի:

16.03.2020

Մինչ առցանց ուսուցման հերթական շաբաթվան անցնելը, օգտվելով ֆիզիկական միջավայրում ծավալվող ուսումնառության ընթացքից, դասալսումներ ունեցա տիկին Մարիետի և ընկեր Արևի դասաժամերին: Դասալսումներից անվերջ կարելի է սովորել: Արևի դասերից կարելի է քաղել հատկապես պարբերաբար գրավոր և բանավոր աշխատանքները միմյանցով հաջորդելու գործընթացի կարևորությունը: Տիկին Մարիետի դասին ունեցածս ներկայությունը զարգացրեց քերականական աշխատանքների ու տերմինների անվանածագման` տրամաբանություն զարգացնող մեթոդների կիրառման կարևորությունը:

14.02.2020

Առաջին սեբաստացիական տարեդարձս

27.01.2020

Ճամբարային շրջանը բացառիկ հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու քեզ արդեն հարազատ դարձած աշակերտներին, հասկանալ նրանց աշխարհայացքային առանձնահատկությունները, տարիքային առանձնահատկության բերած կնիքն ու նախասիրությունների գլխապտույտ բազմազանությունը: Ճամփորդություններն էլ անասելի մտերմացնում են մեզ միմյանց. միասին ապրում ենք հրաշք պահերը, միասին վախենում կամ լարվում, կատակում կամ ծիծաղում, բացահայտում ու հրճվում, միասին ենք սառչում ու ուրախանում ամենափոքր ջերմությունից: Մենքն ավելի իսկական ու սիրուն է դառնում:

5.11.2019

Երբեմն պետք է տվյալ ժանրով ստեղծագործությունների ընթերցանության ընտրությունը թողնել աշակերտին։ Դա նպաստում է գրական ճաշակի ձևավորմանը, ժանրի հանդեպ հետաքրքրության ավելացմանը։

4.11.2019

Հեքիաթի տարբերակների քննությունն ու համեմատությունը հետաքրքիր ու օգտակար աշխատանք է։

23.10.2019

Տեքստերի ենթատեքստերը գտնելը կարողություն է, որ պետք է զարգացնել երեխայի մոտ մանկուց: Աշակերտը ժամանակի ընթացքում ակամա սկսում է կարդացածում փնտրել թաքնվածն ու խորքայինը, ինչը հետագայում վերաճելու է գիտական բնույթի վերլուծություններ կատարելու մեծ կարողության:

21.10.2019

Աշակերտները պետք է ստեղծեն իրենց առասպելները՝ ծանոթանալով հին հայկական աստվածներին ու նրանցից ընտրելով իրենց համար հոգեհարազատներին: Աշխատանքը կբացահայտնի աշակերտների ստեղծագործական կարողությունները՝ ամրապնդելով ժանրի ու հայկական հեթանոսական դիցարանի մասին գիտելիքները:

18.10.2019

Ապրումակցումը երեխաների մոտ զարգացնելու ու կերպարների ապրումները, արարքների դրդապատճառները ճիշտ հասկանալու համար օգտակար է բերել օրինակներ սեփական կյանքից կամ աշակերտներին պատկերացնել տալ իրավիճակը սեփական կյանքում: Դա հաճախ է հանգեցնում անկեղծ զրույցների` ամրապնդելով ուսուցիչ-աշակերտ կապը, տվյալ թեմայի հանդեպ ոգևորություն ծնելով երեխաների մոտ:

16.10.2019

Դասն այս կամ այն հերոսի անունից պատմելը նպաստում է սյուժեի ու կերպարների ամբողջական ընկալմանը՝ առավել հետաքրքիր դարձնելով դասը պատմողի ու ունկնդիրների համար:

15.10.2019

Երբ տնային շարադրանքների թեմաները սերտորեն կապված են լինում դասին քննարկված ու հանձնարարված նյութի հետ, աշակերտը փորձում է լավագույնս ըմբռնել անցածն ու ստեղծագործական մոտեցում է ցույց տալիս դասանյութի հանդեպ: Հատկապես հնագույն լեգենդների ու հեքիաթների արդիականացված տարբերակներն են հաճախ ուշագրավ լինում:

14.10.2019

Տարբեր ազգերի գրականության նմուշներին ծանոթանալը թույլ է տալիս զուգահեռներ տանել առաջին հերթին հայ գրականության հետ, ինչը զարգացնում է ուսումնասիրման համեմատական մեթոդի կիրառման հմտությունները:

11.10.2019

Ամփոփիչ աշխատանքների արդյունավետությունը պայմանավորված է նրանով, որ այն թույլ է տալիս վերհիշել ու հիշողության մեջ ամրակայել շաբաթվա անցածը, հասկանալի դարձնել անհասկանալին ու տեղում լրացնել ընթացքում բաց թողնված ցանկացած նյութ:

10. 10. 2019

Դաս վարելիս հաճախ են օգնության հասնում աշակերտների հետ ունեցած ընդհանուր հետաքրքրության առարկաները՝ ֆիլմերը, երգերը,հաղորդաշարերը, անգամ՝ խաղերը: Աշակերտին առավել հաճելի է լսել օրինակներ սեփական հետաքրքրություններից, դրանցում բացահայտել գիտական կարևորության տարրեր:

9. 10. 2019

Հատուկ կարիք ունեցող երեխաների համար բլոգում տեղադրվեց հայկական հեքիաթներից մեկի անիմացիոն տարբերակը։ Տեսանյութին հաջորդում էին հեքիաթի հետ կապված հարցեր։Այսօր երեխաները մեծ ոգևորությամբ դիտեցին մուլտֆիլմը, բանավոր ներկայացրին հեքիաթն ու պատասխանեցին հարցերին։

8.10.2019

Դասարաններից մեկում դերային տարբերակով ներկայացրին հանձնարարված իտալական հեքիաթը։Նման ներկայացումները բավականի նպաստում են ստեղծագործության կերպարների և սյուժեի ամբողջական ընկալմանը։

Դասավանդման գործընթացում անկանխատեսելի խնդիրներ հաճախ են առաջանում: Անասելի հաճելի է դրանք հարթելու գործում կողքիդ տեսնել հոգատար գործընկերների ու նույնչափ հոգատար աշակերտների, որոնք զարմացնում են իրենց պատրաստակամությամբ ու ջերմությամբ: Նման դեպքերում հաղթահարելի է թվում ցանկացած արգելք: