Շուկշինյան պատմվածքների թարգմանաբանական ուսումնասիրություն

Ռեցկերը գրում է. «Թարգմանչի խնդիրն է մի լեզվի միջոցներով փոխանցել  բնագրի ամբողջական և ճշգրիտ բովանդակությունը` պահպանելով դրա ոճական և արտահայտչական առանձնահատկությունները»[1]: Այս բարդ խնդիրն իրագործելու համար թարգմանիչը հաճախ է դիմում բառային և քերականական բազմաբնույթ փոխակերպումների, որոնց քննությունը հետաքրքիր թարգմանչական իրողությունների բացահայտման անսպառ աղբյուր է:

Մեր աշխատանքի թեման  Վասիլի Շուկշինի «Փեսաս մի բեռ ցախ գողացավ» և «Կնիկը մարդուն Փարիզ ճամփեց» պատմվածքների հայերեն թարգմանություններն են:

Վասիլի Շուկշինը (1929-1974 թթ.) այսպես կոչված «վաթսունականների»[2] ներկայացուցիչներից էր[3]։ Տաղանդաշատ գրողը նշանավորվում ու արժևորվում է հատկապես հասարակ մարդկանց կյանքը նրբորեն թղթին հանձնելու կարողությամբ:

Շուկշինն իր պատմվածքներում, առերես սովորական զրույց ծավալելով ընթերցողի հետ, բացում է կյանքի ու մարդկային հոգու խորագույն և բարդագույն խնդիրները: Ն. Տոլչենովան ընդգծում է շուկշինյան գեղարվեստի «պարզության»  ֆենոմենը. «Շուկշինը հասարակ էր խոսում և հասարակի մասին: Սակայն այդ հասարակը մշտապես բովանդակում էր ժողովրդի կյանքի գեղեցկությունը»[4]:

Գրողը ամենասուրբ կապերով էր կապված գյուղին ու գյուղացուն, բայց չէր ատում և քաղաքը: Այս առթիվ Վ. Գորնը նշում է. «Ես չգիտեմ` կարողացան նույնչափ հասկանալ և սիրել քաղաքը նրանք, ովքեր մեղադրում էին Շուկշինին դրա հանդեպ ունեցած ատելության համար»[5]: Շուկշինի պայքարը քաղաքի և քաղաքաբնակների դեմ չէր: Գրողի անհանգստությունը  այն էր, որ մարդը, հեռանալով հայրենի եզերքից, պահպաներ իր մեջ ամեն լավ բան և գտներ իր տեղը, քանի որ մարդը լավ է լինում միայն «իր տեղում»: Իսկ այդ տեղը չգտնելը հաճախ տանում է անդարձ կործանման:

Մեր ուսումնասիրության առարկա պատմվածքներում գրողը պատմում է  «իրենց տեղը» փնտրող ու այդպես էլ չգտնող տղամարդկանց` Վենյա Զյաբլիցկու («Փեսաս մի բեռ ցախ գողացավ») և Կոլկա Պարատովի («Կնիկը մարդուն Փարիզ ճամփեց») հոգեկան ցավերի, անտանելի ապրումների, ընտանեկան կյանքի առօրյա տաղտուկի և այդ ամենից ազատվելու համարձակ որոշումների մասին` կատակերգականից աննկատ անցում կատարելով դրամատիկին ու ողբերգականին: Շուկշինի կերպարները ստեղծում են իրենց առարկայական, ժամանակավոր  միջավայրը և անբաժան են դրանից[6]:

Հասարակն է այս գրողի նկարագրած բարդի լավագույն թաղանթը: Իսկ ինչպե՞ս է այդ հասարակն արտահայտվում լեզվական մակարդակում: Ուսումնասիրելով շուկշինյան արձակի լեզուն, Տ. Բայրամովան գրում է. «Ժողովրդախոսակցական լեզուն Վ. Մ. Շուկշինի ստեղծագործության գլխավոր առանձնահատկությունն է»[7]: Գրողի պատմվածքներն իրոք հագեցած են ժողովրդախոսակցական լեզվի հարստությամբ` իմաստուն դարձվածքներով, գեղեցիկ օրհնանքներով ու խիստ հայհոյանքներով, գյուղացու լեզվամտածողությանը հատուկ բառերով ու արտահայտություններով:

Վասիլի Շուկշինի պատմվածքները հայերեն է թարգմանել գեղարվեստական թարգմանության ասպարեզում ծանրակշիռ վաստակ ունեցող Արմեն Հովհաննիսյանը (1936-2011 թթ.): Թարգմանչի առջև է եղել դժվարին խնդիր` հայ ընթերցողին հասցնել իր իսկ բառերով ասած «զարմանալի և սովորական» Շուկշինի ստեղծագործությունները` պահպանելով ու չվնասելով ստեղծագործությունների ինքնատիպ լեզուն ու ոճը: Քննության առնենք բառային և ձևաբանական այն փոխակերպումները, որոնք կիրառել է թարգմանիչը իր նպատակը հնարավորինս լավ իրականացնելու համար:

ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վ. Վինոգրադովը հստակ ընդգծում է, որ ցանկացած թարգմանության մեջ ամենակարևորը տեքստի իմաստային ինֆորմացիայի փոխանցումն է[8]: Թարգմանչական մյուս իրողությունները երկրորդվում են դրան: Իմաստային ինֆորմացիայի հնարավորինս ճշգրիտ փոխանցումը մի լեզվից մյուսին թարգմանչից պահանջում է նախ հետևողականորեն ձգտել երկու լեզուներում տեքստի բառապաշարային միավորների իմաստային համարժեքության:

Թարգմանաբանության մեջ բավական տարածված և ընդունելի է Լ. Բարխուդարովի կողմից բառային միավորների թարգմանության իմաստային համարժեքության աստիճանավորումը: Նա, ինչպես գիտենք, առանձնացնում է բառային միավորների իմաստաբանական համապատասխանության երեք հիմնական դրսևորումներ` լրիվ համարժեքություն, մասնակի համարժեքություն, համապատասխանության բացակայություն[9]: Այս հիմքով էլ քննության կառնենք շուկշինյան երկու պատմվածքների բառապաշարային թարգմանությունները:

Լրիվ և մասնակի համարժեքների ընտրությունը

Լրիվ համարժեքները թարգմանություններում սովորաբար հազվադեպ են հանդիպում: Դրանք հիմնականում մենիմաստ, այսինքն` երկու լեզուներում էլ մեկ բառային իմաստ ունեցող բառերն են, որոնց թիվը, ինչպես հայտնի է, լեզվի բառապաշարի ամբողջ զանգվածի համեմատությամբ բավական փոքր է[10]: Թարգմանություններում ավելի տարածված են մասնակի համարժեքները կամ կիսահամարժեքները իրենց տարատեսակներով, որոնց դեպքում բառի նշանակությունները երկու (ելակետային և թարգմանական) լեզուներում մասնակիորեն են համընկնում:

Մեր ուսումնասիրության առարկա պատմվածքներում հաճախ ենք հանդիպում խորհրդային հասարակարգին բնորոշ տերմինների, որոնք թարգմանիչը պարզապես  տառադարձել է, քանի որ պատմվածքների թե´ ստեղծումը, թե´ թարգմանությունը իրականացվել են խորհրդային տարիներին, երբ հայ իրականությանը խորթ չէին այս տերմինների նշանակությունն ու կիրառումը, իսկ հայերենը «ողողված էր ռուսերենով»: Սա է պատճառը, որ այսօր անհասկանալի թվացող եզրույթները թարգմանիչը առանձին հղումներով չի մեկնաբանել ու մասնավորեցրել, օրինակ.

Ей там  посоветовали  обратиться  с  жалобой  в дирекцию  совхоза,  так  как  налицо пока что — домашняя склока, не больше[11].

Այնտեղ նրան խորհուրդ տվեցին բողոքել սովխոզի դիրեկցիային, քանի որ առայժմ առկա է ընտանեկան վեճուկռիվ, ոչ ավելի[12]։

Կամ`

— Пишет, што она коллективизацию делала?

— Գրում ա, որ կոլեկտիվացո՞ւմ ա արել։ 

Սովխոզի դիրեկցիա և կոլեկտիվացում  տերմինները իմաստաոճային լրիվ համարժեքներ են:

Թարգմանչական գործընթացը պահանջում է բացառիկ ուշադրություն խոսքային իրադրությանն և ոճական համապատասխանությանը:

Считай,  что  я  тебя  посадил  в карцер.

Հաշվի, որ քեզ կարցեր եմ նստացրել։ 

Շուկշինյան պատմվածքների թարգմանությունները լույս են տեսել 1979 թվականին, իսկ դեռևս 1956 թվականին հրատարակված ռուսերեն-հայերեն բառարանում արձանագրված են карцер բառի հայերեն մենախուց, պատժախուց համարժեքները[13]: Դրանք լայն գործածություն ունենային թե ոչ, թարգմանիչը չէր կարող գործածել, քանի որ գյուղացու շուրթերից առօրյա զրույցում դրանք պարզապես չէին կարող հնչել:

Им  сообща  —  родней  —  купили  двухкомнатную кооперативную  квартиру  (родные Вали всепотомственные портные, и Валя тоже классная портниха)[14].

Ազգուտակով հավաքվեցին, նրանց համար երկու սենյականոց կոոպերատիվ բնակարան գնեցին (Վալյայի հարազատները տոհմական դերձակներ են, Վալյան նույնպես առաջնակարգ կարող է)[15] ։

Օրինակում  портниха բառիհամար թարգմանիչն ընտրել է կարող տարբերակը, թեև արդեն կար դերձակուհին: Սակայն վերջինս անգամ այսօր գրեթե կիրառական չէ, ուստի կարող ենք միանշանակ ասել, որ գոյականացված նախկին ենթակայական դերբայը հաջող ընտրություն է:

Ա. Հովհաննիսյանը հետաքրքիր լուծումներ է գտել հետևյալ օրինակներում.

1.Запросили адрес, но брат Валин дал адрес только  лучшему  своему  корешу — Кольке.

Հասցեն ուզեցին, բայց Վալյայի եղբայրը հասցեն տվեց միայն իր լավագույն            ախպերտղին՝ Կոլկային: 

2.Смущало,  что  у солдатика пока что одна душа да чубчик, больше ничего нет, а       главное,  никакой  специальности.

Անհանգստացնում էր այն, որ զինվոր տղեն մազափնջից ու լավ սրտից բացի      ուրիշ ոչինչ և գլխավորը՝ ոչ մի մասնագիտություն չուներ։

Առաջին օրինակում թարգմանիչը кореш[16] ժարգոնային բառի համար ընտրել է ախպերտղա արտահայտությունը, որ պատկանում է համապատասխան ոճին ու բառապաշարային շերտին: Մյուս օրինակում солдатик փաղաքշական ձևի համար զինվոր տղա արտահայտությունն է ընտրել, քանի որ հայերենում փաղաքշական մասնիկով տարբերակը ոճական և իմաստային առումով տեղին չէր լինի:

Пить научился с торгашами.

Խմել սովորեց առևտրականների հետ։

Торгаш բառը նախ խոսակցական բառաշերտի է` առևտրական, մանրավաճառ , չարչի նշանակությամբ, ունի արհամարհական նրբիմաստ, իսկ փոխաբերական իմաստով անգամ նշանակում է անսկզբունք մարդ[17]: Այստեղ թարգմանիչը ընտրել է մասնակի համարժեք` առևտրական, որ չի պահպանել ոճաիմաստային նրբերագները:

Сразу  несколько  солдатских  сердец  взволновалось — Валя была красивая.

Տեղնուտեղը բանակային մի քանի սիրտ ալեկոծվեց՝ Վալյան գեղեցիկ էր։ 

Առաջին հայացքից տարօրինակ է թվում բանակային համարժեքի ընտրությունը զինվորական կամ զինվորի տարբերակների փոխարեն, սակայն թարգմանիչը հավանաբար ցանկացել է բանակ բառի ընդգծմամբ կարևորել այն տեղը, որտեղ գտնվում էին տղաները: Չէ՞ որ բանակում գտնվելով` զինվորները կտրված էին «գեղեցիկից», որ հեռվից ավելի հրապուրիչ  կարող էր թվալ, քան իրականում էր[18]:

Колька  побелел,  схватил  топорик,  каким  мясо рубят, пошел на тестя, на жену и на тещу.

Կոլկան սպիտակեց, վերցրեց միս փրթելու կացինը, վրա քշեց աներոջը, կնոջն ու զոքանչին։

Նման բառացի թարգմանությունը ճիշտ չէ, քանի որ սպիտակել բայը մեր լեզվամտածողությամբ առաջին հերթին ասոցացվում է ծերանալ, մազերը ճերմակել մտքին: Զայրանալու դեպքում առավել կիրառելի են զայրույթից կարմրել կամ գույնը գցել արտահայտությունները, բայց ոչ` սպիտակելը:

Когда  выпили,  Колька,  прищурив  холодновато-серые  глаза, стал учить Веню.

Խմելուց հետո Կոլյան, կկոցելով սառըմոխրագույն աչքերը, սկսեց սովորեցնել Վենյային:

Այստեղ էլ խորթ ու օտար, նվազ կիրառելի է սառը բնորոշիչը գույների համար, որ ռուսերենում բավական տարածված կիրառություն է: Մենք նման դեպքերում առավելապես գործածում ենք բաց, մուգ, վառ, խամրած բնորոշիչները:

Համարժեք չունեցող միավորների թարգմանությունը

Յուրաքանչյուր ազգի բնորոշ են յուրահատուկ, եզակի երևույթներ, որոնց անվանող բառային միավորներն այս կամ այն պատճառով բացակայում են մյուս ազգերի լեզուներում, և դա պատահական չէ. «Մշակույթը և լեզուն, հանդիսանալով նշանային համակարգեր, արտահայտում են մարդու` աշխարհընկալումը արտացոլող գիտակցության ձևերը»[19]: Ազգերից յուրաքանչյուրն ունի իր աշխարհընկալման առանձնահատկությունները, որ չի կարող տեղ չգտնել լեզվում:

Լ. Բարխուդարովը այս բառերի շարքին է դասում իրույթները` իրակությունները` բառեր, որոնք արտահայտում են այնպիսի առարկա, երևույթ, հասկացություն, որ գոյություն չունեն փոխառող ազգի, ժողովրդի պատկերացումների, կյանքի, կենցաղի մեջ, և բառային միավորները, որոնք կարելի է անվանել պատահական թարգմանական բաց /лакуна/, սրանք բառեր են կամ բառակապակցություններ, որոնք անհասկանալի պատճառներով չունեն իրենց համարժեքները այլ լեզվի բառարանում[20]: Դիտարկենք Ա. Հովհաննիսյանի կողմից պատմվածքներում առկա նման բառային միավորների թարգմանչական լուծումները.

-Коль, цыганочку!

-Կոլյա, մի հատ «ցիգանոչկա»։

Այստեղհանդիպող цыганочка բառը   նշանակում է հին ռուսական ազգային զուգապար` հայտնի 18-րդ դարավերջից[21]: Բառի թարգմանությունը համանունային նշանակությամբ կհանգեցներ սխալի, ուստի թարգմանիչը պարզապես այն տառադարձել է:

Իրույթների թարգմանության մյուս տարբերակին`մասնավորեցման, ծավալման միջոցին է դիմել թարգմանիչը այս դեպքում.

Выпьете  на  пятак, а горя… на два восемьдесят семь.

Հինգ կոպեկի կխմեք, երկուս ու ութանասունյոթի ցավի տակ կմտնեք։

Ռուսական հինգկոպեկանոցի նշանակությունն ունի пятак բառը, որ հայերեն է թարգմանվել  իրույթը մասնավորեցնող կապակցությամբ:

Ռուսերենն ունի ոչ միայն  ռուս ազգին ու երկրին հատուկ բառեր, այլև արտահայտություններ, որոնք յուրահատուկ են ու դժվարթարգմանելի: Օրինակ`

Копил, копил, елки зеленые!.. после  бани четверку  жадничал  выпить,  а  она  взяла шубу купила!

Հավաքեցի, հավաքեցի, անտեր մնա․․․ Բաղնիքից հետո մի բաժակ բան ափսոսացի խմել, բռնեց իրա համար մուշտակ առավ։ 

Նախ` елки зеленые արտահայտությունը, որ այդքան գործածական է ռուսների շրջանում, դարձվածային հայհոյախառն արտահայտություն է, որի համարժեքը չունենք: Թարգմանիչն ընտրել է անտեր մնա արտահայտությունը, որն էլ իր հերթին է բավական գործածական մեր շրջանում: Հետո` четверкаն, որ համատեքստի հուշմամբ ռուսների կողմից ալկոհոլի օգտագործման նվազագույն չափաբաժիններից է, Ա. Հովհաննիսյանը մի բաժակ բան կապակցությամբ է փոխարինել, որն էլ մեր առօրյա-խոսակցական ոճում է կիրառվում նույն նպատակով:

—  Вы не из таких, — соглашался Колька, — вы из таковских.

— Իմ իմացածներից չե՜ք ըլնի,— համաձայնում էր Կոլկան,— իմ իմացածներից ո՜նց կըլնեք։

Ռուսերենում ընդգծված բառաձևերն ունեն իմաստաոճային հստակ տարբերություն: Таковский ձևն ունի արհամարհական-ծաղրական երանգավորում: Թարգմանիչը նախադասության երկրորդ մասում հնչերանգային փոփոխությամբ  և բայաձևի յուրօրինակ ոճական կիրառությամբ (դրական ձևը` ժխտականի իմաստով) փորձել է հնարավորինս պահպանել բնագրային արտահայտության ոճն ու տրամադրությունը:

Դարձվածային միավորների թարգմանությունը

Ազգային մտածողության ու աշխարհընկալման գեղեցկագույն դրսևորումները` դարձվածքները, շուկշինյան պատմվածքների անփոխարինելի զարդերն են: Դրանց թարգմանությունները քննության կառնենք դարձվածային միավորների թարգմանության շրջանակներում առանձնացվող համապատասխանությունների տեսակներով.

Դարձվածքլրիվ համարժեք դարձվածք: Երբ բնագրի ու թարգմանության դարձվածքներն ունեն իմաստաոճային երանգավորումների ու ներքին ձևի նույնություն: «Համեմատաբար փոքրաթիվ են դեպքերը, երբ բնագրի դարձվածքը թարգմանության մեջ ստանում է լրիվ դարձվածային համարժեք»[22]: Դիտարկենք օրինակները.

Тут  вы,  как говорится, спутали божий дар с яичницей.

Ինչպես ասում են, այստեղ դուք աստծու տվածը շփոթեցիք ձվածեղի հետ։

Դարձվածքը նշանակում է համեմատել լիովին անհամեմատելի երևույթներ, կարևորը խառնել անկարևորին[23]: Կատարվել է բառացի թարգմանություն, որը կարելի է արդարացի համարել այն պատճառով, որ դարձվածքի միավորները իմաստային սերտաճման չեն հասել, և լեզվամիավորի ներքին ձևը կարելի է ասել հասկանալի է դարձնում իմաստը: Բացի այդ` դարձվածքի ծագման վարկածներից մեկն էլ քրիստոնեական պատմությունն է[24], ինչը ևս հնարավոր է դարձնում դրա կիրառումը հայերենում:

Դարձվածքհամարժեք դարձվածք: Երբ համընկնում են դարձվածքների իմաստաոճային երանգավորումները, սակայն ամբողջությամբ կամ մասնակիրոեն տարբերվում են նրանց ներքին ձևերը: Դարձվածային փոխակերպումների այս տեսակն ամենից հաճախն է հանդիպում Հովհաննիսյանի շուկշինյան թարգմանություններում:

—Пойду сала под кожу кое-кому залью, — сказал он.

— Գնամ, մի երկուսի կողերը համրելու հաշիվ կա,— ասաց նա։

Երկու դարձվածքներն էլ արտահայտում են ծեծելու, ջարդելու ագրեսիվ մտադրություն, կիրառվում են հիմնականում առօրյա-խոսակցական լեզվում, սակայն լիովին տարբերվում են ներքին ձևով:

Ա. Հովհաննիսյանի այս թարգմանություններում հանդիպում են նաև ներքին ձևի մասնակի անհամապատասխանության դեպքեր, օրինակ.

Когда  супруги  после ее отъезда поругались из-за чего-то, Валя куснула мужа в больное.

Նրա գնալուց հետո, երբ ամուսինները մի առիթով կռվեցին, Վալյան ամուսնու ցավոտ տեղին դիպավ։

Այստեղ դարձվածքների ներքին ձևերի համապատասխանությունը խաթարում է куснула և դիպավ բառերի իմաստային տարբերությունը:

Դարձվածքմիայն իմաստով համարժեք դարձվածք: Թարգմանության մեջ կիրառված դարձվածքը չի համապատասխանում ելակետայի տեքստի դարձվածքին ոճականորեն: Օրինակ`

Он  был  парень  не промах, хоть и “деревня”, сроду не чаял и не гадал, что судьба изобразит ему такую колоссальную фигу.

Թեև «գեղցի» էր Կոլկան, բայց խեղճուկրակ տղա չէր, կյանքում չէր կարծի, կամ մտածի, որ ճակատագիրը նման ահավոր խաղ կխաղա իր գլխին։

Ռուսերեն դարձվածքը ակնհայտ խոսակցական բնույթ ունի, հայերեն տարբերակը չեզոք, անգամ կարելի է ասել` գեղարվեստական ոճի է:

Դարձվածքբառ: Սրանք թեև լեզվական տարբեր խմբերից են, սակայն իմաստային և ոճական առումով համընկնում են:

Удовольствие получили — и в кусты?

Իրենց ուզածին հասան ու ցվրվեցի՞ն։

Բնագրային տարբերակում спрятаться в кусты դարձվածային արտահայտությունը, որ նշանակում է որևէ բանից վախենալով ծլկել, մի բանից խուսափել, խույս տալ, փախչել[25], մասնակիորեն է առկա, սակայն հասկացվում է համատեքստից, իսկ թարգմանության մեջ առկա է ցվրվեցին բառը:

Դիմելաձևերի թարգմանությունը

Ուշագրավ են դիմելաձևերի իմաստային համարժեքների ընտրությունը:

—Валю-ша! Отреагируй,  лапочка!..  Хоть  одним  глазком,  хоть  левой ноженькой!.. Ау-у!..

— Վալյո՜ւ-շա։ Իմա՜ց տուր, անուշի՜կս․․․ Գոնե աչքի պոչո՜վ, գոնե ձախ տոտիկո՜վ․․․ Աու-ո՜ւ․․․

Թարգմանիչը лапочка բառի համար ընտրել է անուշիկս համարժեքը` պահպանելով մտերմական-փաղաքշական իմաստավորումը: Թեև բառերը իմաստային նշանակությամբ տարբեր են, սակայն դիմելաձևային նրբիմաստով նման են:

Дурачок, —спокойно говорила Валя. —Не думай —не из таких.

Տախտակը պակաս,— հանգիստ ասում էր Վալյան։— Մտքովդ բան չանցնի՝ քո իմացածներից չենք։

Անհասկանալի է дурачок բառի համար, որ ունի բավական հետաքրքիր նրբիմաստ (պատկանում է վիրավորական իմաստ ունեցող, բայց փաղաքշական երանգավորում ստացած բառերի շարքին), տախտակը պակաս արտահայտության ընտրությունը, որ ակնհայտ վիրավորական երանգավորում ունի, և հնարավոր չէ ոչ մի դեպքում հնչեցնել փաղաքշական նշանակությամբ: Մանավանդ, որ дурачок բառի համար թարգմանիչը հաճախ ընտրում է ապուշ կամ հիմար համարժեքները, որոնցից մանավանդ վերջինը իկ մասնիկով լրիվ համարժեք կդառնար: Դիտարկենք մեկ այլ օրինակ.

— Я те счас отреагирую — кастрюлей по башке, кретин!

— Հրես իմաց կտամ, թափով մի հատ հասցնեմ կատարիդ, ապուշի մեկը։

Վիրավորական ու հանդիմանական արտահայտություններում հաճախ ենք կիրառում մեկը բառը, որ ուժգնացնում է արհամարհական երանգավորումը:

―Молчать! — строго осадила Лизавета Васильевна. — А то договоришьсяу меня!.. Молокосос. Сопляк.

― Ձե՛նդ,― խստորեն ասաց Լիզավետա Վասիլևնան։– Թե չէ լեզուդ կտրել կտամ․․․ Կաթնակե՛ր։ Փսլնքո՛տ։

Կարծում ենք` կաթնակեր-ը իբրև համարժեք  молокосос-ի համար այնքան էլ տեղին չէ, քանի որ ժողովրդախոսակցական լեզվում կիրառվում է գերազանցապես ազնիվ, արդար նշանակությամբ (մանավանդ` հալալ բնորոշչի կցմամբ): Ավելի տեղին կլիներ տհաս, լակոտ, համբակ ընդգծված վիրավորական երանգավորմամբ բառերից որևէ մեկի կիրառումը:

ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

Գոյականական փոխակերպումներ

Հոլովի քերականական կարգի փոխակերպումներ

Հայերենի և ռուսերենի հոլովական համակարգերը ունեն որոշակի քերականական և իմաստային տարբերություններ, որոնք հստակ արտահայտվում են թարգմանությունների ժամանակ: Դիտարկենք որոշ ակնհայտ ու հաճախադեպ հոլովական փոխակերպումներ:

Սեռական(родительный) հոլովի բառերը հետադաս կիրառությամբ ունեն հեռացման, բաժանման նշանակություն, որը, ինչպես գիտենք, հայերենում արտահայտվում է գերազանցապես բացառական հոլովով.

Он  бы  и  уехал  в деревню, но как подумает, что тогда он лишится дочери, так…

Նա կմեկներ գյուղ, բայց հենց մտածում էր, որ այդ ժամանակ կզրկվեր աղջկանից․․․

Ա. Հովհաննիսյանի շուկշինյան պատմվածքներում առավել ուշագրավ են  տրական (дательный) հոլովով  կապային կառույցի հետևյալ մասնավոր դեպքերի փոխակերպումները:

Колька как будто за что-то жестоко мстит жене, и это очень на него непохоже, и никто так не думает — просто дурачится парень, думают.

Կարծես ինչ-որ բանի համար Կոլկան դաժանորեն վրեժ էր լուծում կնոջից, ու դա բոլորովին նման չէր իրեն, և ոչ ոք այդպես չէր կարծում․ պարզապես գժություն է անում տղան՝ այսպես էին կարծում։

Օրինակում տրական հոլովի փոխակերպումը բացառականի պայմանավորված է բայերի խնդրառական տարբերություններով:

Ребятишки, которых еще не загнали по домам, тоже смеются.

Երեխաները, որոնց դեռևս չէին քշել տները, նույնպես ծիծաղում էին։

Оրինակում բնագրի կապային կառույցը փոխարինված է հայցական հոլովով, որ հայերենում ուղղության նշանակությունն ունի դեռևս գրաբարից:

Հայցական (винительний) հոլովի տարբերությունը երկու լեզուներում ուղիղ խնդրի պաշտոնում ստացած վերջավորության ուղղականաձև կամ տրականաձև լինել է, որ, պայմանավորված շնչավորի ու անշունչի կարգի առկայության և իմաստային որոշ տարրերով, երբեմն տարբերվում է: Օրինակ.

На 27-м километре Веня увидел впереди “Волгу” — стоит, капот задран, а рядом — у Вени больно екнуло сердце — вчерашний представительный  мужчина.

27-րդ կիլոմետրի վրա Վենյան մի «Վոլգա» տեսավ իր առջևում կանգնած էր, մոտորը՝ բաց, վարորդը կռացած մեջն էր փորփրում, իսկ կողքը կանգնած էր,— Վենյայի սիրտը ցավով զարկեց,— երեկվա պատկառելի տղամարդը։ 

Եթե անգամ չլիներ մի անորոշը, «Վոլգա» բառը չէր կարող դրվել տրականաձև, քանի որ իրի առման է:

Думал на работе, думал дома, думал днем, думал ночами.

Մտածում էր գործատեղում, մտածում էր տանը, մտածում էր ցերեկը, մտածում գիշերները։

Գործիական (творительный) հոլովով ժամանակ պարագաները թարգմանված են  հայցականով: Իհարկե, հայերենում ևս կա հայցականով ժամանակի պարագայի գործածում, սակայն հայցականով ձևերն ավելի ճիշտ են իմաստային առումով:

Նախդրավոր (Предложный) կոչվող հոլովը[26], որ բացակայում է հայերենում, в-ով արտահայտում է նաև  տեղի նշանակություն, որի  դեպքում թարգմանվում է ներգոյական հոլովով կամ սեռական հոլով+մեջ կապով, երբ տարածությունը շեշտելը կարևոր է:

И — хорошо,что он остался один в кабине, спокойнее как-то стало.

Եվ լավ է, որ մենակ մնաց խցիկում, ավելի հանգիստ էր մի տեսակ։ 

Այս օրինակում տարածական իմաստը ընդգծելու նպատակ չկա, դրա համար էլ ներգոյական հոլովով տարբերակն է ընտրվել:

Թվի քերականական կարգի փոփոխություններ

Դիտարկենք թվի կարգում գոյականի թարգմանական փոխակերպումների առավել ուշագրավ դեպքերը:

Փոխակերպում եզակի թվից հոգնակիի

Хоть невысок ростом, но какой-то очень надежный, крепкий сибирячок,  каких запомнила Москва 1941 года, когда такие вот, ясноглазые, в белых полушубках, день и ночь  шли  и  шли  по  улицам,  одним  своим  видом успокаивая большой город.

Թեև բարձրահասակ չէր, բայց մի տեսակ շատ հուսալի, պնդակազմ սիբիրցիներից էր, նրանցից, ովքեր լցրեցին 1941 թվականի Մոսկվան, երբ հենց այսպիսի պայծառաչ, սպիտակ կիսամուշտակներով տղաներ գիշեր-ցերեկ գնում ու գնում էին փողոցներով, լոկ իրենց տեսքով հանգստացնելով մեծ քաղաքը։

Ոչ միայն сибирячок բառի համար ընտրված է իմաստային մասնակի համարժեք, այլև ձևաբանական փոփոխության է ենթարկված: Եզակի թվից հոգնակիի փոխակերպումը պայմանավորված է հայերենում հոգնակի բացառականի ոճական դրսևորումներից մեկի` հավաքականության իմաստի արտահայտման նպատակով:

Երբեմն թվի նման փոփոխության ակունքը քերականական փոփոխություններն են ու հավելումները.

Валюша не выдерживает: с треском распахивается окно на третьем этаже, и Валюша, навалившись могучей грудью на подоконник, свирепо говорит:

Վալյուշան չդիմացավ, շրխկոցով բացվեց երրորդ հարկի լուսամուտներից մեկը, և իր հուժկու կրծքով լուսամտագոգին ընկած Վալյուշան, կատաղած ասաց:

окно եզակի բառի համար մի լուսամուտի փոխարեն  ընտրված է լուսամուտներից մեկը կապակցությունը, ինչի համար էլ բառը ենթարկվել է հոլովական ու թվայի փոփոխուփյունների:

Փոխակերպում հոգնակի թվից եզակիի

К этому времени вокруг Кольки собирается изрядно людей, есть и мужики и парни.

Մինչ այդ Կոլկայի շուրջ ահագին մարդ հավաքվեց, տղամարդիկ էլ կային, ջահելներ էլ։

Հոգնակի ձևի համար` людей, ընտրված է ձևով եզակի, սակայն իմաստով` հոգնակի մարդ բառը:

Люди  добрые,  спасите!

Այ, ժողովուրդ, փրկեցե՜ք։

Այս օրինակում նույն люди բառի համար ընտրվել է մեկ այլ` ձևով եզակի, սակայն հավաքականության իմաստով բառ` ժողովուրդ, որ խոսքը ավելի բնական ու ժողորդական է դարձնում:

Երբեմն թվի կարգում նման փոփոխությունների պատճառ են դառնում դարձվածային միավորներում սերտաճած, քարացած ձևերը, օրինակ.

— Куда это? — спрашивал Колька, прищемив боль зубами.

— Էդ ո՞ւր,— հարցնում էր Կոլկան, ցավն ատամի տակ պահած։

Երբեմն փոփոխության պատճառը քերականական և ոճական տարբերություններն են.

С  того  раза  поняли  супруги  Паратовы,  что их жизнь безнадежно далатрещину.

Այդ օրվանից Պարադով ամուսինները հասկացան, որ իրենց կյանքն անհուսորեն ճեղքվածք է տվել։

Ռուսերենում ամուսիններ բառից հետո ազգանունները (եթե օտարալեզու չեն) դրվում են հոգնակի թվով, ինչը չկա հայերենում:

Որոշ դեպքերում էլ ռուսերենում առավել ընդունված հոգնակի թվով տարբերակի  դիմաց ընտրվում է հայերենում առավել տարածված եզակիով տարբերակը.

Кольке дают туфли  (он  в  тапочках),  и  Колька  пляшет… 

Կոլկային կոշիկ տվեցին (նա չստերով էր), և Կոլկան պարեց․․․

Առկայացման քերականական կարգի դրսևորումները

Ինչպես գիտենք, ռուսերենում` ի տարբերություն հայերենի, բացակայում է առկայացման քերականական կարգը: Որոշյալի կարգը ժամանակակից հայերենում արտահայտվում է ն կամ ը  հոդերի միջոցով, որոնց հակադրվում են 0 և մի ձևերը, որոնք արտահայտում են անորոշի կարգը[27]:

И ушла писать заявление.

Եվ գնաց դիմումը գրելու։

Այստեղ դիմում  բառը կարող էր դրվել կամ չդրվել որոշյալ առումով: Թարգմանիչը բառին որոշյալություն է հաղորդել, քանի որ այդ դիմումը ` որպես գործողությունների հետագա զարգացման հիմք, պետք էր ընդգծել:

Թարգմանության ժամանակ, սակայն, համատեքստն ու լեզվամիավորին հարակից բառերը հուշում են բառը որոշյալ կամ անորոշ առումով դնելու մասին:

—  Валю-ша,  —  зовет  он, подняв голову. — Брось-ка мне штиблеты —цыганочку товарищи просят.

-Վալյո՜ւ-շա ձայն տվեց, գլուխը վեր բարձրացնելով:— Ոտնամաններս գցի, ընկերները «ցիգանոչկա» են խնդրում։

Ընդգծված գոյականին հարակից мне դերանունը որոշակիորեն հուշում է թարգմանության մեջ ստացական ս հոդի անհրաժեշտության մասին: Ծավալվող երկխոսության խոսքային տվյալ իրադրությունը կարող է հուշել ստացական դ հոդի անհրաժեշտության մասին:

Спасибо.Подумала об муже… твою мать-то.

Շնորհակալ եմ։ Մտածել ես մարդուդ մասին․․․ Ես քու մերը․․․

Ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում դ  հոդի բացակայությունը կիմաստափոխեր խոսքը, մանավանդ, որ առանց հոդի մարդ բառը կարող էր չգիտակցվել ամուսին նշանակությամբ:

Հետաքրքիր է դիմելաձևերի հոդառությունը: Որոշ դեպքերում այն դիտավորյալ բաց է թողնված.

Да боюсь я, сынок, че-нибудь не так сделаю.    

— Վախում եմ, որդի, մի բան հանկարծ էնպես չանեմ։

Որդիս հոդավոր ձևը կհնչեր խիստ արհեստական գյուղացի կնոջ շուրթերից, իսկ որդի դիմելաձևը ժողովրդական խոսքի շնչով է լցնում խոսքը: Մտերմական-փաղաքշական երանգավորմամբ դիմելաձևերը սովորաբար լրիվ համապատասխանեցման համար թարգմանության մեջ ստանում են ս հոդ.

— Конечно, не мое! — воскликнул мужчина. — Твое. Твое, братец, твое.

— Իհարկե,— բացականչեց տղամարդը։— Քո գործն է։ Քոնն է, ախպերս, քոնը։

Արհամարհական երանգավորման խտացման համար հաճախ է բառերին հավելվում դիմորոշ  ս հոդ.

  —  Ох, молодой… — воскликнула она.

— Օ՜յ, ջահելիս տեսեք․․․– բացականչեց նա։

Ածականական փոխակերպումները

Ածականի համեմատության բաղդատական աստիճանը հիմնականում փոխակեպվում է ավելի բառով,որ  կարող է չգրվել, բայց հասկանալի դառնալ խոսքից.

Если хорошеедороже.

Ավելի լավը թանկ է:

Գերադրականի համար կիրառվում է ամենա— նախածանցով տարբերակը, որ ամենատարածվածն է ու չեզոքը.

Познакомился  сибиряк  Колька  с  Валюшей  самым  идиотским способом —заочно.

Սիբիրցի Կոլկան Վալյուշայի հետ ամենաապուշ եղանակով՝ հեռակա կարգով ծանոթացավ։ 

Ա. Հովհաննիսյանը ռուսերենում առկա ածականական որոշ իմաստներ հայերենում արտահայտել է կրկնավոր բարդությունների օգնությամբ:Օրինակ.

Но  было  поздно:  через  год  у  них народилась  дочка Нина, хорошенькая, круглолицая, беленькая

Բայց արդեն ուշ էր․ մեկ տարի անց ծնվեց դստրիկը՝ սիրունիկ, կլորերես, ճերմակճերմակ Նինան․․․ 

Ռուսերենում որակական ածականական որոշ ձևերով հնարավոր է արտահայտել սուբյեկտիվ գնահատական[28]: Սովորական ու չեզոք белая ածականի համեմատ беленькая տարբերակը փաղաքշական իմաստ ունի, որ հայերենում արտահայտելու համար թարգմանիչը դիմել է կրկնավոր բարդության` ճերմակճերմակ` հաշվի առնելով նրա իմաստային նրբերանգներից[29] փաղաքշականության և սաստ- կականության իմաստները:

Մեկ այլ դեպքում այդ կերպ ապահովել է կրկնավոր բարդությամբ բառիմաստի ճշգրիտ թարգմանությունը.

Веня  Зяблицкий,  маленький  человек,  нервный, стремительный,  крупно поскандалил дома с женой и тещей.

Վենյա Զյաբլիցկին՝ փոքր֊-մոքր, նյարդային, պոռթկուն մի տղամարդ, տանը մեծ կռիվ սարքեց կնոջ ու զոքանչի հետ։

Փոքր մարդ արտահայտությունը հայերենում ավելի վիրավորական-արհամարհական երանգ ունի, իսկ փոքր֊-մոքր կրկնավորը լիովին արտահայտում է ընդգծված ածականի իմաստը:

Թվականական փոխակերպումները

Քանակական թվականները ունեն բառիմաստային նույնություն: Որոշ շարադասական կիրառությունների թարգմանության ժամանակ  պետք է թարգմանել նաև առաջացած իմաստային մասնավորեցումները.

1.Был у нас  солдатик,  вроде Веньки — щупленький такой же, молодой — лет двадцати, наверно.

Մի զինվոր ունեինք, այ, Վենկայի նման ճիշտ էդպես լղարիկ, ջահել, քսան տարեկան կլիներ։ 

2.Ծխախոտ վառեց, մի երեք ումպ ծուխ ներս քաշեց, հանգցրեց ծխախոտը։ 

Закурил, курнул раза три подряд поглубже, загасил папиросу.

Շարադասությամբ արտահայտվող մոտավորական իմաստը առաջին դեպքում արտահայտվել է կլիներ բայի ենթադրական եղանակավորմամբ, մյուս դեպքում` մի անորոշով:

Դիտարկենք հետևյալ օրինակը.

1.Она  работала телеграфисткой: сутки работает, двое дома — шьет.

Աշխատում էր որպես հեռագրուհի․ մեկ օր աշխատում էր, երկու օր տանը՝ կարում։

2.Но через минутуснова распахивается.

Բայց մի րոպե անց կրկին բացվեց։

Մեկ(մի) թվականի հավելում հաճախ է կատարվում, քանի որ եթե сутки, через минуту միավորներում  մեկ թվականի իմաստը գիտակցվում է, հայերեն տարբերակներում մեկի  կիրառությունը պարտադիր է:

Ռուսերենի հավաքական` собирательные կոչվող թվականները  չկան հայերենում, ուստի հաճախ թարգմանվում են սովորական քանակական թվականներով.

Вот теперь посиди сама.Будешь сидеть трое суток.

Հիմի էլ ինքդ կնստես, երեք օր ու գիշեր կնստես։

Դերանվանական փոխակերպումները

Առանձնաբար չանդրադառնալով դերանունների տեսակներին, քննենք դրանց թարգմանության առավել հետաքրքիր դեպքերը: Ա. Հովհաննիսյանը հակված է դերանունների կրճատմանը, հեռացմանը, եթե դրանք չեն խաթարում նախադասության միտքը.

А чего она тут пишет?

Իսկ ի՞նչ ա գրում։

Երրորդ դեմքի անձնական դերանունը  հաճախ թարգմանված է ոչ թե նա-ով, այլ ինքը դերանվամբ, որ առօրյա խոսքում ավելի մեծ տարածում ունի:

Она же тоже работает, жена-то.

Ինքն էլ է աշխատում, չէ՞, կինդ։

Служил вместе с ее братом в армии, тот показал фотографию  сестры…

Եղբոր հետ ծառայում էր բանակում, սա ցույց տվեց քրոջ լուսանկարը․․․ 

тот –ին համարժեք սա ցուցականը ոչ թե արհամարհական երանգավորում ունի, այլ կիրառված է ժողովրդախոսակցական լեզվին հատուկ օրինաչափությամբ: Դերանունների համապատասխանեցումը ժողովրդախոսակցական լեզվին կատարվում է նաև ընտրված համարժեքի հնչյունական մակարդակում.

  — У нас в деревне и то бабы не такие жадные…

— Մեր գյուղի կնանիք էլ էդքան աչքածակ չեն․․․

Стали  они с Валюшей жить-поживать, и потихоньку до них стало доходить,

что они напрочь чужие друг другу люди.

Սկսեցին ապրել իրար հետ, և կամաց-կամաց երկուսի գիտակցությանն էլ հասավ, որ միանգամայն օտար են միմյանց:

они с Валюшей կապակցության արտահայտած դիմաթվային նշանակությունը հայերենին հատուկ չէ, ուստի թագմանված է իրար հետ կապակցությամբ:

                                              Խոսքիմասային փոխակերպումները

Ռուս-հայերեն թարգմանության մեջ, այդ թվում` Ա. Հովհաննիսյանի շուկշինյան թարգմանություններում սովորական ու հաճախադեպ երևույթ է բնագրի բովանդակության ճշգրիտ թարգմանության համար որևէ խոսքի մաս փոխարինել մեկ ուրիշով: Այսպիսի փոփոխություններից առավել տարածված են հետևյալները:

Բնագրում առկա գոյականը կարող է թարգմանության մեջ փոխարինվել դիմավոր բայով, որ ունի առավելապես ոճական նշանակություն.

При игре Колька, смешно отклячив зад, пританцовывает.

Նվագում էր, և ծիծաղելի կերպով հետույքը դուրս ցցած, պարում միաժամանակ։

Գոյականը կարող է թարգմանվել նաև դերբայի տեսքով.

Колька  знает, что Валюша едва ли выглянет, но нарочно зовет, ломая голос — “по тирольски”, чем потешает публику.

Կոլկան գիտեր, որ Վալյուշան հազիվ թե դուրս նայի, բայց դիտմամբ կանչում էր, ձայնը խեղելով՝ «տիրոլյան ձևով», որով զվարճացնում էր հավաքվածներին։

Խոսքիմասային փոխարինման նպատակն այս դեպքում բառիմաստի կոնկրետացումն է: Հոգնակի թվով կիրառված դերբայը, ի տարբերություն հասարակություն, ժողովուրդ բառերի մասնավորեցնում է, նեղացնում է բառի ընդգրկման շրջանակը` հուշելով, որ խոսքը տվյալ պահին հերոսի շուրջը գտնվողների մասին է:

Ածականներն առավեպես փոխարինվում են գոյականով կամ դերբայով: Պատկանելության իմաստ արտահայտող ածականները, որ բնորոշ են ռուսերենին, հայերենում բացակայում են` թարգմանություններում լրացվելով գոյականի սեռական հոլովով.

Венина мечта  —  когда-нибудь  надеть  кожанку  и  пройтись  в выходной  день  по селу в ней нараспашку — отодвинулась далеко.

Վենյայի երազանքը՝ կաշվե վերարկուն հագին, կոճակները բաց, հանգստյան օրով գյուղամիջով երբևիցե քայլելը, մնաց հեռու֊հեռվում։

А у самой зимнее пальто есть хорошее.

Ձմեռվա լավ վերարկու էլ ունի։

Օրինակում зимнее հարաբերական ածականը, որ ունի հայերեն լրիվ համարժեքային ձև, փոխակերպվել է գոյականի սեռական հոլովով, որ խոսքն ավելի է մոտեցրել խոսակցական ոճին:

Ածականը հաճախ փոխարինվում է դերբայական ձևերով, օրինակ.

Она тоже серьезна. Она тоже в плену  исступленной,  злой  цыганочки.

Նա նույնպես լուրջ էր՝ նա ևս գերված էր մոլեգին,չարացած «ցիգանոչկայով»։

Ածականն անգամ կարող է թարգմանվել դերբայական դարձվածով.

Колька — обаятельный парень, сероглазый,  чуть  скуластый,  с  льняным

чубариком-чубчиком.

Հմայիչ, մոխրագույն աչքերով, այտոսկրերը փոքրինչ դուրս ցցված, վուշե մազափնջով մի տղա էր Կոլկան։

Հնարավոր է թվականի փոխարինում գոյականով.

Мне -три года, тебе — полтора как минимум.

Ինձ՝ երեք տարի, քեզ՝ ամենաքիչը, տարիուկես։

Դերանունների փոխարինումը գոյականներով խոսքիմասային ամենատարածված դրսևորումներից է, որի նպատակը հիմնականում բառի մասնավորեցումն ու կոնկրետացումն է: Օրինակ.

Потом родилась  дочка,  и  все  свободное время  он  должен  был  отдавать ей, так как скупая Валя не наняла старушку, которая бы хоть гуляла с девочкой. Сама же  шила,  шила,  шила.

Հետո աղջիկը ծնվեց, և ամբողջ ազատ ժամանակն ինքն աղջկանը պիտի հատկացներ, քանի որ ժլատ Վալյան մի ծեր կին չվարձեց, որը գոնե զբոսներ փոքրիկի հետ։ Իսկ Վալյան կարում էր, կարում ու կարում։

Сама դերանունը փոխարինվել է Վալյան գոյականով` խոսքի շփոթից հնարավորինս խուսափելու համար: Կամ`

Колька исказнился, глядя на мать. Когда они остались одни, он упрекнул ее:

Կոլկան տանջամահ էր լինում, մորը նայելով։ Երբ մենակ մնացին, հանդիմանեց մորը:

Ընդգծված երեք անձնական դերաուններից երկուսը  թարգմանիչը չի տեղափոխել թարգմանություն, քանի որ այսպես խոսքը դառնում է հասկանալի ու կարճ: Իսկ ее դերանվանը փոխարինել է մորը բառաձևը, քանի որ անձնական դերանվան եզակի թվի երրորդ դեմքում հայերենը սեռայի տարբերակում չունի. խոսքը կդառնար անհասկանալի:

Դերանունների գոյականական փոխակերպումները երբեմն բացում են դրանց իմաստաոճային որոշ կիրառություններ, դարձնում հասկանալի.

 Она, ни слова не говоря, умотала к своим.

Վալյան, առանց մի բան ասելու, գնաց հորանց տուն։

Ընտանիքի անդամների, հարազատների նշանակությամբ свои դերանունը իմաստային մասնավորեցման է հասել հայերեն տարբերակում` հորանց տուն:

Ա. Հովհաննիսյաի թարգմանության մեջ կա անգամ որոշյալ դերանվան փոխարինում քանակակական թվականի գոյականական գործածությամբ` դիմորոշ հոդի հավելմամբ.

— Если не прекратите орать, я вас всех, падлы… Всех уложу здесь!

— Ձեններդ թե չկտրեցիք, շան որդիք,երեքիդ էլ․․․ Երեքիդ էլ հենց էստեղ կմորթեմ։

Եզրակացություններ

Արմեն Հովհաննիսյանի կողմից շուկշինյան պատմվածքների թարգմանության քննությունից արեցինք հետևյալ եզրակացությունները.

  1. Բառային միավորների լրիվ համարժեքները բավական հաջող են ընտրված:
  2. Մասնակի համարժեքները, որոշ բացառություններով, հիմնականում ընտրված են դիպուկ ու հնարավորինս մոտ ժողովրդախոսակցական լեզվին:
  3.  Համարժեք չունեցող բառային միավորները հիմնականում թարգմանվել են տառադարձման կամ պատճենման միջոցով, իսկ արտահայտությունների համար ընտրվել են ոճական ինքնատիպ համարժեքներ:
  4. Դարձվածային արտահայտությունների թարգմանությունները գեղեցիկ են և տեղին: Հովհաննիսյանը հաճախ դարձվածով է թարգմանել սովորական բառը` իմաստը ամբողջությամբ արտահայտելու կամ խոսքի ժողովրդախոսակցական երանգն ավելացնելու համար:
  5. Թարգմանիչը գոյականների թարգմանություններում բավական ազատ է վարվել` ըստ անհրաժեշտության փոփոխելով հոլովական, թվային, արտահայտություններն ու խոսքի հստակեցման համար հավելելով տարբեր հոդեր:
  6. Ածականների և թվականների թարգմանություններում հայերենում բացակայող տեսակները թարգմանել է իմաստային մերձավորություն ունեցող քերականական ձևերով` անհրաժեշտության դեպքում` մասնավորեցնող բառեր հավելելով:
  7. Դերանունները Հովհաննիսյանը թարգմանություններում ազատորեն ենթարկել է փոփոխությունների, թեպետ ավելի հաճախ ձգտել է հնարավորության դեպքում դրանցից ազատվել ու կարճել խոսքը:
  8. Կատարել է արդարացված խոսքիմասային փոխարկումներ` գերազանցապես իմաստաոճային խնդիրներ լուծելու համար:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

Տեսական գրականություն

Գրականագիտական

  1. Апухтина  В., Проза В. Шукшина,Издательство «Высшая школа», Москва, 1981, 80 страниц.
  2. Горн В., Наш сын и брат (проблемы и герои прозы василия Шукшина), Алтайское книжное издательство, Барнаул 1985, 208 страниц.
  3. Толченова Н., Василий Шукшин-его земля и люди. Литературные заметки, Алтайское книжное издательство, Барнаул, 1978, 208 страниц.

Լեզվաբանական

  1. Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզու: Ձևաբանություն, Երևանի համալս. հրատ., Երևան, 1982, 472 էջ:
  2. Ջահուկյան Գ., Աղայան Է., Առաքելյան Վ., Քոսյան Վ., Հայոց լեզու, 1-ին մաս, «Լույս» հրատ., Երևան, 1980, 528 էջ:
  3. Бархударов Л., Язык и перевод, Издательство Международные отношения, Москва, 1975, 240 страниц.
  4. Валгина Н., Розенталь Д., Фомина, Современный русский язык: Учебник, «Логос», Москва, 2002, 528 страниц.
  5. Виноградов В. С., Введение в переводоведение (общие и лексические вопросы).  Издательство института общего среднего образования РАО, Москва, 2001, 224 страниц.
  6. Светлышев Д., Брагина А., Ганиев Ж. И др., Современный русский язык, Издательство «Просвещение», Москва, 1986, 336 страниц.
  7. Рецкер Я., Теория перевода и переводческая практика, очерки лингвистической теории перевода, Издательство Р. Валент, Москва, 2007, 244 страниц.
  8. Фомина Т.Г., Язык и национальная культура. Лингвострановедение, Казань, 2011, 129 страниц.

Սկզբնաղբյուրներ

1.      http://lib.ru/SHUKSHIN/zhena_mu.txt, 10.04.2019 թ.:

2.      http://lib.ru/SHUKSHIN/my_zat.txt, 10.04.2019 թ.:

3.      http://grapaharan.org/Կնիկը_մարդուն_փարիզ_ճամփեց, 10.04.2019 թ.:

4.      http://grapaharan.org/Փեսաս_մի_բեռ_ցախ_գողացավ, 10.04.2019:

Բառարաններ

  1. Ռուս-հայերեն բառարան, Հայկական ՍՍՌ ԳԱ Լեզվի Ինստիտուտ։ Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երևան, 1956, 3086 էջ։
  2. ՂարիբյանԱ., Ռուս-հայերեն բառարան, «Հայաստան» հրատարակչություն, Երևան,  1977, 1470 էջ:
  3. Մելքումյան Ռ., Պողոսյան Պ., Ռուս-հայերեն դարձվածաբանական բառարան, Երևանի համալս. Հրատ., Երևան, 1975, 615 էջ։

Համացանցային աղբյուրներ

  1. http://www2.bigpi.biysk.ru/wwwsite/viewpage.php?page_id=262, 8.04.2019 թ.
  2. https://hy.wikipedia.org/wiki/Վասիլի_Շուկշին, 8.04.2019 թ.
  3. https://ru.wikipedia.org/wiki/Цыганочка, 10.04.2019թ.
  4. https://ru.wikipedia.org/wiki/Вечерняя_школа, 10.04.2019 թ.:
  5. https://ru.wiktionary.org/wiki/сравнить_божий_дар_с_яичницей, 10.04.2019 թ.:

[1] Рецкер Я., Теория перевода и переводческая практика, Москва, 2007, стр. 10.

[2] Սովետական արվեստի ուղղություն 1950 -1960-ական  թվականներին:

[3] https://hy.wikipedia.org/wiki/Վասիլի_Շուկշին, 8.04.2019 թ.:

[4] Толченова Н. П., Василий Шукшин-его земля и люди., Литературные заметки, Барнаул, 1978, стр. 64.

[5] Горн В., Наш сын и брат (проблемы и герои прозы василия Шукшина), Барнаул 1985, стр. 38.

[6] Տե´ս  Апухтина  В. А., Проза В. Шукшина,Москва, 1981,  стр.  37.

[7] http://www2.bigpi.biysk.ru/wwwsite/viewpage.php?page_id=262, 8.04.2019 թ.:

[8] Виноградов В., Введение в переводоведение (общие и лексические вопросы). Москва, 2001, стр. 20.

[9]Տե´ս Бархударов Л., Язык и перевод, Москва, 1975, стр. 73.     

[10] Նույն տեղում, էջ 74:

[11] http://lib.ru/SHUKSHIN/my_zat.txt, 10.04.2019թ.:

[12] http://grapaharan.org/Փեսաս_մի_բեռ_ցախ_գողացավ, 10.04.2019թ.:

[13] Ռուս-հայերեն բառարան, Հայկական ՍՍՌ ԳԱ Լեզվի Ինստիտուտ, Երեւան, 1956, էջ 813։

[14] http://lib.ru/SHUKSHIN/zhena_mu.txt, 10.04.2019թ.:

[15] http://grapaharan.org/Կնիկը_մարդուն_փարիզ_ճամփեց, 10.04.2019 թ.:

[16] Նշանակում է հին ու մտերիմ ընկեր, ում հետ առկան են ջերմ ու մտերիմ հարաբերություններ:

[17] Ղարիբյան Ա., Ռուս-հայերեն բառարան, Երևան, 1977, էջ 1268։

[18] Հիշենք, որ «Կնիկը մարդուն Փարիզ ճամփեց» պատմվածքի գաղափարական հիմքը հենց թվացյալի,  երազայինի և իրականության բախման ողբերգությունն է:

[19] Фомина Т., Язык и национальная культура. Лингвострановедение, Казань, 2011, стр. 22.

[20] Տե´ս Бархударов Л., Язык и перевод, Москва, 1975, стр. 94-96.            

[21] https://ru.wikipedia.org/wiki/Цыганочка, 10.04.2019 թ.:

[22] Виноградов В., Введение в переводоведение (общие и лексические вопросы). Москва, 2001, стр. 185.

[23] https://ru.wiktionary.org/wiki/сравнить_божий_дар_с_яичницей, 10.04.2019 թ.:

[24] Մարիամ Մագթաղենացին Տիբերիոս կայսերն է ներկայանում` ձվերը ձեռքին, որոնք իր համար հարության ու նոր կյանքի խորհուրդ ունեին, մինչդեռ կայսեր համար ընդամենը սնունդ էին:

[25] Տե՛ս Մելքումյան Ռ., Պողոսյան Պ., Ռուս-հայերեն դարձվածաբանական բառարան, Երևան, 1975, էջ 266:

[26] Տե՛ս Светлышев Д., Брагина А., Ганиев Ж. И др., Современный русский язык, Москва, 1986, стр. 149.

[27] Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզու: Ձևաբանություն, Երևան, 1982, էջ 99:

[28]  Տե՛ս Валгина Н., Розенталь Д., Фомина , Современный русский язык: Учебник,М., Москва, 1987, стр. 142.

[29] Տե՛ս Ջահուկյան Գ., Աղայան Է., Առաքելյան Վ., Քոսյան Վ., Հայոց լեզու, 1-ին մաս, Երևան, 1980 , էջ 394: