Մանկավարժական

Նախասիրություններն ուշադրություն են սիրում

Երկու խոսք: Չեմ վերաբացահայտի հայտնին՝ խոսելով սովորողների նախասիրությունների՝ ուսումնական գործընթացում ունեցած կարևորության ու արդյունավետության մասին: Ընդամենը կներկայացնեմ վերջին ամիսներին այդ ուղղությամբ կատարած քայլերիցս օրինակներ՝ ինչ-որ տեղ նաև ցույց տալով նախասիրությունները նախագծերում ճկելու, վերարժևորելու հնարները:

Տարին տարբերվող էր: Ուսուցման ձևն ու բովանդակությունն էլ դարձան տարբերվող՝ իրավիճակին ներդաշնակ: Օրացուցային նախագծերի կողքին հայտնվեցին իրավիճակայինները՝ աղերսելով ուսումը իրականությանը: Սակայն պետք էին նաև լրացուցիչ ջանքեր, հնարներ՝ սովորողի ու դասավանդածդ առարկայի կապն էլ չթուլացնելու, ավելի ամրացնելու համար: Ինձ օգնության հասան կրտսեր ընկերներիս նախասիրությունները:

Մեր գունեղ զրույցները: Սովորողի հետ ընդամենը պետք է հնարավորինս հաճախ ու անկեղծ զրուցել: Եթե ուզում ես նրան բացահայտել, չպետք է վախենաս կամ խուսափես փոխադարձաբար նրա կողմից բացահայտվելուց, քո հայացքները ներկայացնելուց: Չէ՞ որ նրան էլ դու ես հետաքրքիր՝ քո՝ թեկուզ իր համար անհասկանալի կամ անծանոթ նախասիրություններով, առօրյայով: Զրույցները բացում են մեր հետաքրքրությունները միմյանց համար ու հաճախ զարմանալիորեն փաստում՝ տասնմեկ-տասներկու տարին տարիքային մեծ տարբերություն չէ. ընդհանուր նախասիրությունների շրջանակը մեծ է ու գնալով էլ մեծանում է՝ միմյանց տրվող խորհուրդների, ընկերական շփումների շնորհիվ: Գուցե դա է պատճառը, որ նրանց ուզածը ուսումնական դարձնելը միաժամանակ հեշտ, հետաքրքիր ու հաճելի է ինձ համար:

Նոր գաղափարներով լուսավորման ու դրանց իրագործման հարցում պակաս կարևոր չեն նաև գործընկերային շփումները, զրույցները աշխատանքային տարբեր հարցերի շուրջ և ոչ միայն: Դրա մասին արդեն հասցրել եմ նշել Մանկավարժական ակումբի առաջին առցանց հավաքի ժամանակ: Ավագ թե տարեկից գործընկերների հետ զրույցները փորձի փոխանակման ու ինքնակրթության յուրօրինակ ուղիներ են: Հատկապես ամռանը, հաճախ լինելով գրադարանում, զրուցելով տիկին Նոնայի հետ, եկա գաղափարին, որ կա կարիք սովորողների մոտ գրքերի հանդեպ որոշակի վերաբերմունք ու խնամքի նրբություններ սերմանելու: Զրուցեցի սովորողներիցս մեկի՝ ապագա գրականագետ (հստակ որոշված է) Դավիթ Սարգսյանի հետ, որ հանձն առավ հեղինակային՝ «Գրքաբույժներ» նախագծի ստեղծման գործը, որ դեռ նոր ենք սկսել, բայց արդեն շատերին է դարձել սիրելի՝ իր ձևաչափով: Դավիթն ու ընկերները պատրաստում են ուսուցողական հոլովակներ՝ գրքերի խնամքի ու գրադարանից օգտվելու նրբությունների մասին: Ընդ որում, հոլովակներից մեկին սիրով մասնակցեց նաև արցախցի սովորող Արտաշեսը: Դավիթը նախագիծը շարունակելու ու զարգացնելու գործում մարտական է տրամադրված: Զարգացումը կտեսնենք:

Ջոան Ռոուլինգն ու մենք: Ամանորյա տրամադրություն ապահովող ստեղծագործություններից ու նախագծային աշխատանքներից բացի՝ դեկտեմբերին իր կախարդական գույներն է բերում նաև Ջոան Ռոուլինգը: Հարրի Փոթերը Ամանորի մի սպասված մասնիկն է եղել ու կա: Անցած տարի սկսել էինք Ռոուլինգի ստեղծած հանրահայտ աշխարհի ուսումնասիրությունը: Սովորողները սիրում են այդ աշխարհը, ոգևորությամբ ուսումնասիրում նրա հետ կապված ամենատարբեր թեմաներ, քանի որ հասկանում են, որ գործ ունեն ոչ թե զուտ երևակայական տարրերի, պատմության, այլ կախարդականի շղարշի տակ թաքնված կենսական երևույթների, գաղափարների հետ: Սիրուն դասեր ունեցանք: Գալիս էին կաբինետ, բերում իրենց ունեցած իրերը փոթերյան հավաքածուից, միացնում երաժշտությունը ու սկսում քննարկումը: Բարդ Բիդլի հեքիաթները, որոնց դեռևս չթարգմանված մասը միասին թարգմանեցինք՝ պատրաստելով նաև ձայնային տարբերակ, թույլ էին տալիս հասնել մինչև իսկ խտրականության քննադատմանը, հայրական կտակի՝ սյուժեներում ունեցած կարևորությանը, հեքիաթներում հանդիպած հրաշագործությունների արգելքների դիցաբանական արմատներին ու խաբված արքաների կերպարներին: Բայց սովորողների համար կարծես սա էլ էր քիչ: Հոգվարթսը՝ Ռոուլինգի ստեղծած հրաշագործության դպրոցը, ցանկացան բերել Սեբաստացի: Բերեցինք: Թե ինչ նպատակով, կպատմեմ ստորև:

Քվեսթը՝ որպես ուսումնական գործիք: Սա ինձ համար շատ կարևոր ու սիրելի փորձություն էր, որին հատկապես հիմա եմ ուզում անդրադառնալ, քանի որ ճամբարային շրջանի առօրյան կարող է դարձնել կրկնակի կլանող ու հարազատ: Հունվարին սովորողների հետ տարբեր թեմաների շուրջ քննարկումները ինձ համար բացահայտեցին փաստը, որ քվեսթը հատկապես նոր սերնդի համար ամենասիրելի ինտելեկտուալ զբաղմունքներից մեկն է, որի մասնագիտացված սրահներ՝ քվեսթ-սենյակներ այցելությունը այնքան էլ մատչելի չէ: Նախ ասեմ, թե ինչ է քվեսթը: Քվեսթը (անգլ.՝ Quest) հետաքրքրաշարժ ու գրավիչ խաղի տեսակ է, որը ստիպում է մասնակցին լուծել գլուխկոտրուկներ, դրսևորել մտքի ճկունություն և հնարամտություն: Սա ոչ միայն պարզապես ժամանցի ձև է, այլև հրաշալի հնավորություն՝ լարելու տրամաբանությունը, զարգացնելու հատկապես դեդուկտիվ մտածողությունը և ցույց տալու ինտելեկտուալ կարողությունները: Ամբողջ աշխարհում մարդիկ փորձում են քվեսթ-սենյակները հաղթահարել ընտանիքի անդամների, ընկերների, հարազատների հետ, քանի որ սա թիմային խաղ է, ու խնդիրների լուծումը միահամուռ ուժերով սովորաբար է՛լ ավելի է մտերմացնում մարդկանց: 90-ականներին սկսել են առաջանալ քվեսթ-գլուխկոտրուկներ, որոնցում խաղացողը պետք է հավաքեր տարբեր առարկաներ, գտներ ուղերձներ, հավաքեր մեխանիզմներ և հասներ վերջնական լուծմանը: Իսկ արդեն 21-րդ դարի սկզբում քվեսթը բերվեց իրական կյանք: Առաջին իրական խաղերը ստեղծվեցին լեգենդար և առեղծվածային Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների հիման վրա ու միանգամից գրավեցին խաղացողներին, իսկ այսօր արդեն տարբեր տեսակի քվեսթ-սենյակներ են ստեղծվում ամբողջ աշխարհում: Խաղն ունի տարատեսակներ՝ ներկայացում, Escape room, քվեսթ իրական ժամանակում, քվեսթ մորֆեուս, խաղ action: Ինձ մնում էր միայն լրացուցիչ ջանքներ գործադրել ու ընտրելով հարմար տարատեսակը՝ կազմակերպել ամանորյա քվեսթային խաղ, որ կօգներ մի անգամ էլ անցածին անդրադառնալուն ու նոր գիտելիքներ ձեռք բերելուն, դեդուկտիվը հաճույքով զարգացնելուն:

Ասացի չէ՞, որ Հոգվարթսը բերեցինք Սեբաստացի: Ամանորյա քվեսթը թիմային խաղ էր: Ինձ հետ աշխատող դասարանախմբերի թիվը հրաշքով կամ պատահականությամբ համապատասխանում էր Հոգվարթսի հայտնի ֆակուլտետների թվին: Սկսեցինք: Կազմակերպեցինք ֆակուլտետների վիճակահանություն քվեսթի համար: Ամեն դասարանախումբ ընտրեց իր ֆակուլտետը: Քվեսթի նպատակն էր լինելու գրականությունից ու տարբեր այլ առարկաներից վերցված հուշում-տեղեկությունների միջոցով գուշակել թաքնված թերթիկի տեղը դպրոցում կամ թերթիկի տիրոջը՝ գտնելով նաև նրանից թերթիկը ստանալու համար անհրաժեշտ կախարդական բառը՝ գաղտնաբառը: Հատուկ շնորհակալություն գործընկերներիս, որ ոչ միայն հավանեցին խենթ գաղափարը, այլև սիրով մասնակցեցին խաղին՝ թերթիկի տեր դառնալով ու սպասելով իրենց մասին հուշումներին: Ոգևորող էր նաև այն, որ քվեսթն իր փիլիսոփայությամբ մոտ էր իմացումի, բացահայտման հրճվանքի գաղափարին: Այս դեպքում բացահայտման հրճվանքը կրկնակի է. բացահայտում ես և´ մտքում, և´ ֆիզիկական միջավայրում գտնում բացահայտածդ: Սովորողների ոգևորությունը չեմ կարողանա նկարագրել: Որքան էլ ասվել էր, որ հեռավար-առցանց սովորողները կարող են հավասարապես մասնակցել ու օգնել ընկերներին, շատերը նախընտրել էին գալ՝ չդիմանալով գայթակղությանը:

Հուշումներն այնքան էլ հեշտ չէին, երբեմն պետք էր միաժամանակ մի քանի ստեղծագործություն ուսումնասիրել՝ գտնելով անտեսանելի կապերը, բայց չի եղել օր, երբ մնար չբացահայտված թերթիկ: Բերեմ քվեսթային օրերից մի քանիսի հուշումների օրինակներ՝ ցույց տալով գլուխկոտրուկի էությունը: Ամեն օրվա ավարտին հուշումների տակ հայտնվում էր պատասխանը՝ գլուխկոտրուկի լուծումը: Սա, օրինակ, չորրորդ օրվա քվեսթի պատասխանն է. «Գաղտնաբառը հայելին էր, թերթիկի տերը Միջին դպրոցի ղեկավարն էր՝ ընկեր Լուսինեն։ Գաղտնաբառի հուշումներում խոսվում էր արտացոլման մասին, որով հայտնի են հայելիները։ Վերջին հուշումը կախարդական հայելիների մասին էր։ Այժմ թերթիկի տիրոջ մասին։ Սելենեն լուսնի դիցուհին էր։ Անգլիական գրականության մասին խոսքը մեծ հուշում էր. ընկեր Լուսինեն անգլերեն է դասավանդում։ Երրորդ հուշումը հայտնի արտահայտություն է, որ ձեզ հայտնի վիպաշարում ասում է Դամբլդորը՝ դպրոցի ղեկավարը։ Թփերը կարևոր են. կհամոզվեք, եթե թուփ բառի անգլերեն համարժեքը գտնեք։ Հայրն ու որդին էլ ԱՄՆ հայր ու որդի նախագահներն են՝ Բուշերը»: Ասեմ, որ քվեսթին մասնակցում էին նաև շատ ծնողներ և ոչ միայն: Շատ սովորողներ այնքան մեծ ցանկություն ունեին թաքնված թերթիկը գտնելու, որ ամբողջ բարեկամությանն էին գործի դնում: Հաճելի էր:

Գաղտնի գործերն ու հորինուկները: Մի քանի խոսք էլ սրանց մասին: Կարծում եմ՝ գրեթե բոլորը գիտեն հայտնի «Մաֆիա» խաղի մասին: Մինչ աշխատելս կարծում էի, որ մեր սերնդով սահմանափակվել է հետաքրքրությունը խաղի հանդեպ, բայց նոր սերնդի հետ շփումը փաստեց, որ սխալվում էի: Այժմ անգամ հետաքրքությունն ավելի մեծ է: Շատ դասավանդողներ գիտեն, որ երբ դասարանը հավաքվում է ու ունենում ազատ ժամանակ, հիշում է խաղի մասին ու սկսում այն խաղալ: Դա խորապես արմատավորված ու իրենց սիրելի նախասիրություն է: Այն հիմք ընդունելով՝ խաղի երկու տարբերակ մշակեցի: Մեկը՝ գաղտնի գործերը, իրականացրինք հունիսյան առցանց ճամբարի շրջանում, երբ կարիք կար կարանտինային մեկուսացման ձեռքբերումներով կիսվելու: Յուրաքանչյուր սովորող ինձ գաղտնի ուղարկում էր այն, ինչով սկսել է զբաղվել կարանտինի շնորհիվ կամ պատճառով՝ուղարկելով ինձ նաև դա փաստող տեսանյութ: Խաղ-հանդիպմանը պետք էր գուշակել, օրինակ՝ ով է գաղտնի խոհարարը, գաղտնի ներկարարը կամ էլ օրիգամիի մասնագետը: Սա օգնեց միմյանց ավելի լավ ճանաչել ու շատերին էլ՝ ծանոթանալ: Հետաքրքիր էր հատկապես ընտրությունների անկանխատեսելիությունը: Նուրբ ու քնքուշ Անժելային կարանտինը ստեղծագործ ներկարար էր դարձրել, Տիգրանին համոզել էր պաղպաղակի փայտիկներից տարբեր իրեր պատրաստել, Արտյոմին՝ օրիգամի սովորել:

Խաղի մյուս տարբերակը՝ հորինուկները, նախատեսել եմ սպասվող ճամբարային շրջանի համար: Սա հենց հայտնի խաղի՝ գրականության ուղղվածությամբ տարբերակն է: Այստեղ սովորական բնակիչների ու հանցագործների դերերի փոխարեն կլինեն գրական կերպաների դերեր ու հորինուկներ, որոնք կլինեն մասնակիցների կողմից հորինված կերպարներ: Նպատակը կլինի գուշակել գրական կերպարներին ու բացահայտել հորինուկներին:

Հա, մի բան էլ: Այս ամբողջը ուսումնական ցանկալի միջավայր ձևավորող գործոնների խումբ է, որը ոչ մի ձևով չի խանգարում քերականությանն ու գրականության ոլորտում որոնողական ուսումնասիրություններին: Դասերը չեն տուժել, օրացուցային և մյուս նախագծերը չեն տուժել (կցում եմ ուսումնական շրջանի հաշվետվությունը). ավելի հետաքրքիր են դարձել: Թումանյան ու Չարենց էլ ենք ընթերցում, քննարկում, եթե ուզում են, ճապոնական անիմե էլ ենք վերլուծում՝ բացելով առասպելական և այլ ենթաշերտերը: Գիտելիքն ու զվարճանքը թշնամիներ չեն, ընկերներ են:

Յություբյան ձևաչափերը կրթական նախագծերի ակունքում

Հղումը «Դպիր»-ում

Ընտանեկան դպրոցի կարևորության մասին անվերջ կարելի է խոսել: Վերջին ամիսներին դա վկայող փաստերն էլ են աստիճանաբար մոտենում անսպառության սահմանին: Նկատի առնելով այդ ամենը` հոդվածս ցանկանում եմ նվիրել հեռավար-առցանց ուսուցման շրջանում դասավանդողիս համար կարևորագույն բացահայտումներից մեկին` յություբյան հարթակը` որպես կրթական նախագծերի ակունք օգտագործելու արդյունավետությանը: Դե ինչ, սկսեցինք:

Նախ ասածս ավելի հիմնավոր ներկայացնելու համար պետք է անդրադառնամ յություբյան գործունեության ամենատարածված ձևին` վլոգինգ կամ տեսաբլոգ կոչվող երևույթին: Տեսաբլոգը վեբ-հեռուստատեսության ձև է, որի դեպքում հաղորդվող տեղեկությունը ներկայացվում է տեսանյութի ձևով: Տեսաբլոգերների կամ վլոգերների թիվը վերջին շրջանում գնալով ավելանում է: Եվ եթե նախկինում նրանց շարքերում գերազանցապես մեծահասակներ էին, այսօր դաշտը սկսել են գրավել մեր նոր սերնդի ներկայացուցիչները` առավելապես դեռահասներ: Ո՞րն է վլոգինգային վարակի գաղտնիքը: Ասեմ: Այս ոլորտում հաջողությունները կարող են բերել հայտնիության և ապահով սոցիալական կարգավիճակի (հարթակի կոմերցիոն հնարավորությունների կիրառմամբ): Տեսաբլոգավարությունը կարող է լինել բազմաթեմա կամ թեմատիկ որևէ ուղղվածությամբ: Շատերն անգամ միայն սեփական կյանքը հանրայնացնելով` ձեռք են բերում մեծաթիվ առցանց հետևորդներ, իսկ դա այսօր շատ բան է որոշում:

Վլոգերների` գնալով զորեղացող մրցակցությունը սկսեց որակ պահանջել: Հաջողության կարող են հասնել հիմնականում նրանք, ովքեր ստեղծում են ուսուցողական տարրեր պարունակող, ինքնատիպ ու զվարճալի տեսանյութեր: Մրցակցությանը դիմանալու համար շատերը սկսեցին հետաքրքիր ու վարակիչ ձևաչափեր ստեղծել, որոնցով հիմա ողողված է հարթակը: Այդ ձևաչափերը ստեղծելիս վլոգերները միանշանակ կարևորում են հետևորդների հետաքրքրությունները, ինչպես նաև տարիքային-հոգեբանական առանձնահատկությունները: Մեզ` դասավանդողներիս, մնում է այդ անսպառ աղբյուրից պեղել-գտնել այն գաղափարները, որոնք կարող են վերաձևվել մինչև իսկ օրացուցային գրավիչ նախագծերի: Այդ ընթացքը ցույց կտամ իմ գործունեության օրինակով:

Միֆ և իրականություն: Այս ձևաչափով նկարներն ու տեսանյութերը հաճախադեպ են յություբյան հարթակում և ոչ միայն: Հավաքում են շրջող միֆերը ու «քանդում» դրանք իրականությամբ: Սա ուսուցողական է, հետաքրքիր ու նորանոր ուսումնասիրությունների դրդող: Այս ձևաչափն էի ընտրել իմ առաջին նախագծերից մեկի` «Տոնական միֆաքանդման» համար: Սովորողների հետ հավաքեցինք կրթահամալիրի շուրջ տարածվող միֆերը ու քանդեցինք մեր տեսանյութերում: Ես նոր դասավանդող էի, իմ ունեցած առաջին արդյունքներն էին, որոնք քանակապես ու որակապես անհամեմատելի են այսօրվա արդյունքների հետ, սակայն շատ կարևոր էին ինձ համար: Միֆերն այսօր հզոր գործիքներ են. կարող են ոչնչից փառք ստեղծել ու փորձել արատավորել մաքուրը: Ցավոք, դրանց արմատական վերացման համար ժամանակ է պետք:

Հեքիաթաշփոթ: Այս ձևաչափով գնալով շատ տեսանյութեր են ստեղծվում: Առանձին պատմություններ միախառնվում են` վերածվելով մեկ այլ պատմության: Սա իսկական նվեր է այդ գրքերի կամ ֆիլմերի սիրահարների համար: Իմ նախագծի ստեղծման համար հիմք էր դարձել տարիներ առաջ նույն գաղափարով հայտնի դարձած «Մի անգամ» (անգլերեն` «Once upon a time») հեքիաթային հեռուստասերիալը, որի սյուժեն տեղով հեքիաթաշփոթ էր: Մեր դեպքում սովորողները խառնում էին իրար իրենց իմացած հեքիաթները` մի նոր պատմություն ստանալով: Սա խթանեց ընթերցասիրությանը. ավելի հետաքրքիր պատմություն ստանալու համար ավելի շատ հետաքրքիր հերոսներ էին պետք, իսկ դրա համար պետք էին ավելի շատ ընթերցված հեքիաթներ: Ունեցանք մեկը մյուսից զվարճալի աշխատանքներ, որոնք հաճախ ընթերցում էինք դասերին ու միասին մի լավ ծիծաղում:

Բացահայտում: Սա հայկական յություբյան հարթակում տարածված ձևաչափ է, որով հետաքրքրված են հատկապես մեր այն դեռահասները, որոնք սարսափի ու հետաքրքիր ուսումնասիրությունների սիրահար են: «Ուսումնասիրում ենք խուճապը» նախագծի շրջանակներում սովորող Հրանտ Խաչատրյանը հենց այս ձևաչափն էր օգտագործել իր տեսանյութը պատրաստելիս: Նմանատիպ աշխատանքների հաճախ եմ հանդիպում: Սա արդեն նախագծի իրականացման իրենց ընտրությունն է:

Մարտահրավերներ: 2010-ական թվականներին այս ձևաչափը լայն տարածում գտավ տեսաբլոգների շարքում, որոշ հետազոտողներ առանձնացնում են նույնիսկ հատուկ տեսաբլոգի ձև` ամբողջովին նվիրված նրանց: Մարտահրավերների ուսուցողական նշանակությանն արդեն անդրադարձել եմ իմ նախորդ հոդվածում: Կավելացնեմ միայն, որ մարտահրավերային ֆլեշմոբներն այսօր ևս շարունակում ենք: Արդեն սովորողներն իրենք են ստեղծում ու տարածում դրանք:

Փաստերի ընտրություն: Այս ձևաչափով իրականացրինք ընտանեկան չարենցյան նախագիծը: Յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ հետաքրքիր փաստեր ընտրելու համար պետք է նախ լավ ուսումնասիրել այն: Աշխատանքը թույլ է տալիս նաև թեմայի ուսումնասիրության ժամանակ կենտրոնանալ ու ավելի խորը ուսումնասիրել նախասիրած կողմերը:

Գիրքն ու ֆիլմը: Այս համեմատական ձևաչափը շատ տարածված է այսօր: Քանի որ գրքերի էկրանավորումներն անխուսափելիորեն այս կամ այն չափով տարբերվում են բնօրինակից, ստեղծվում են համեմատական աշխատանք-տեսանյութեր, որոնցում քննվում են նկատված փոփոխությունները: Մենք այս ձևաչափով նախագծերը սկսեցինք աղայանական օրերին ««Անահիտ» հեքիաթի և մուլտֆիլմի տարբերությունները» նախագծով, որից հետո սովորողներն իրենք սկսեցին համեմատել ծանոթ ստեղծագործությունները հանդիպած էկրանավորումների հետ: Մուլտֆիլմը սրանով չպրծավ մեր ձեռքից: Բառապաշարն էլ քննեցինք, եղած բանահյուսական տարրերն էլ գտանք: Ինչո՞վ են կարևոր նման նախագծերը: Տարբերությունները գտնելու համար պետք է մանրամասն ու խորին ուշադրությամբ ընթերցել գիրքն ու դիտել ֆիլմը: Այս աշխատանքը թույլ է տալիս կենտրոնանալ առաջին հայացքից պակաս կարևոր թվացող մանրուքների վրա:

Զվարճալի հարցեր: Վերջերս իրականացրինք մեր ամենազվարճալի ընտանեկան նախագծերից մեկը` հարցախեղդի ֆլեշմոբը: Սա յություբյան երկու ձևաչափերի` միայն ճիշտ է կամ սխալ է պատասխանելու և բլից հարցման համադրում էր` նվիրված մանկական գրականությանը: Առաջին հայացքից միայն զվարճալի թվացող այս աշխատանքը ենթադրում է մանկական գրականությունից ունեցած գիտելիքների ամփոփում ու դրանց վերաբերյալ խաբուսիկ հարցերի պատրաստում: Այն իր ձևաչափով թույլ էր տալիս մասնակցություն ունենալ նաև այն ծնողներին, որոնք այս կամ այն պատճառով կոմպլեքսավորվում են տեսախցիկի առջև հայտնվելուց: Ձևաչափը հետագայում կիրառելիս կփոփոխեմ`առաջին պլան բերելով ու հարցեր տվողի կարգավիճակում դնելով ծնողին, հարցերի ընտրության համար չտալով որևէ թեմա: Ընդ որում, սովորողներից ստացել էի նաև ազատ թեմայով հեռավար տարբերակ:

Գուշակի՛ր էմոջիներով: Սա հայտնի ձևաչափ է: Այսօր նոր սերնդի ներկայացուցիչների հաղորդակցության մեջ էմոջիների ու գիֆերի գրաֆիկական լեզուն ոչ միայն ուղեկցում է գրավոր խոսքին, այլև երբեմն մինչև իսկ փոխարինում նրան: Վեցերորդցի սովորող-յութուբեր Մարիա Շոկարյանը հեղինակեց նմանատիպ ընտանեկան նախագիծ, որը իմ առաջարկած նախագծերի հետ հայտնվեց ապրիլյան փաթեթում: Պետք էր ընտանիքի անդամներից մեկին սահմանափակ ժամանակում ցույց տալ էմոջիների որոշակի հաջորդականություն, որպեսզի գուշակեն, թե դրա տակ որ ստեղծագործությունը կամ ֆիլմն է թաքնված: Պետք էր նախնական աշխատանքի համար վերհիշել ծանոթ ստեղծագործությունները, որոնք կիմանար նաև ընտանիքի անդամը, դրա ամենակարևոր տարրերը կամ գաղափարները արտահայտող էմոջիներ գտնել ու տրամաբանական հաջորդականությամբ ներկայացնել:

Ինչպես հասկացանք, ակունքներում յություբյան ձևաչափեր ունեցող նախագծերը ունեն մի շարք յուրահատկություններ, որոնցից են քողարկված ուսուցողական տարրերը և հետաքրքրությունը:

Անդրադառնալով վլոգերությանը` նշեմ, որ զուտ որպես գործունեություն ևս այն արդյունավետ է բանավոր խոսքի շտկման, մշակման, ինքնակայացման և այլ առումներով: Այն թույլ է տալիս գտնել բովանդակության արտահայտման գեղեցիկ ու ինքնատիպ տարբերակներ: Իմ սովորողների մեջ ունեմ յություբեր-վլոգերներ (ինչպիսին հենց Մարիա Շոկարյանն է, որի հայտնի յություբյան ալիքն արդեն քսան հազարից ավել հետևորդ ունի), որոնց հետ հաճախ համագործակցում եմ նախագծեր ստեղծելիս. չէ՞ որ նրանք լավագույնս գիտեն սերնդի նախասիրությունները և նրանց «ծուղակը գցելու» հետաքրքիր ձևերը:

Մայիսյան 15-րդ բաց հավաքի շրջանակներում վլոգերության դպրոցը զարգացնելու համար մեր սովորողներ Մարիան և Սեդան շուտով տարեկիցների հետ փոքրիկ դասընթաց կունենան` օգնելով ու ուղղորդելով նրանց իրենց խորհուրդներով:

Նոր սերնդի հետ աշխատելու համար պետք է նրանց լեզվին տիրապետել: Իսկ դա պահանջում է սերտել նրանց նախասիրությունների այբուբենը:

Հղումը «Դպիր»-ում

Թե մենք ու խուճապը փոխվենք տեղերով…

Ինչի՞ց սկսեմ: Հա՛, մենք բոլորս հիմա ինքնամեկուսացված ենք: Ես կպատմեմ, թե ինչպես ենք հաղթահարել ֆիզիկական ինքնամեկուսացումն ու կազմակերպել մեր դասերը սովորողների հետ: Բայց մինչ այդ թույլ տվեք, որ մի քանի խոսք էլ ասեմ մեկ ուրիշ ինքնամեկուսացման մասին` հոգեբանական: Չէ՛, փիլիսոփայելու ցանկություն չունեմ: Պարզապես աչքիս տեսածը կշարադրեմ: Գրականության մեջ կան, այսպես կոչված, սահմանագծային կերպարներ, որոնք երկու տարբեր աշխարհների սահմանագծին են լինում և մեծ սթրես են տանում մի աշխարհից մյուսն անցնելու ժամանակ. Քիզի Չարլին կվկայի: Մի այդպիսի կերպար էլ ես էի, երբ եկա սեբաստացիների աշխարհ: Երկար տարիներ սովորական պետական կրթական հաստատություններում սովորած լինելով` զարմացա երեխաների ձեռքը բռնող ու նրանց հետ պարող ուսուցիչներից, զարմացա… ու սիրեցի: Դարձա նրանցից մեկը: Ամիսներ անց ֆեյսբուքյան էջումս պատահաբար մի լուսանկար աչքովս ընկավ: Պետական հիմնական դպրոցներից մեկի ուսուցիչն էր` զգաստ կանգնած, խիստ հայացքով ու ձեռքի տակ առած փոքրիկ աշակերտուհուն`վախեցած, այլայլված: Մտովի համեմատեցի աշակերտների հետ մեր ժպտառատ սելֆիների հետ: Ես էլ այլայլվեցի: Ես չեմ խոսում բոլորի ու ամեն ինչի մասին: Ես խնդրի մասին եմ խոսում: Աշակերտների հոգեբանական ինքնամեկուսացումը ուսուցիչներից անտանելիորեն անտեսված խնդիր է: Այսօր ինչո՞ւ են միայն ֆիզիկականը նկատում: Ճանապարհը, ըստ իս, ընկեր-ուսուցիչ դառնալն է, դառնալը, ոչ թե ձևանալը: Անցնենք ֆիզիկական ինքնամեկուսացման հաղթահարմանը:

Մեր ուսուցումը միշտ է առցանց: Այժմ զարդարվել է հեռավարով, դարձել` հեռավար-առցանց: Հենց այս հեռավար-առցանցի յուրահատկությունների մասին էլ կպատմեմ:

Հուզազգացմունքային-հոգեբանական յուրահատկություններ: Սկսեմ սրանից, քանի որ ամենամեծ տարբերություններից մեկն է ինձ համար: Առցանց ուսուցումը դասավանդածդ առարկայի հանդեպ աշակերտի հետաքրքրությունը չափող ինքնատիպ ստուգատես է: Դու ամեն օր նրան չես հանդիպում, չունի դպրոցում հետդ տեսնվելու և անպատրաստ լինելու համար ամոթից նեղսրտելու տեսլականը, չես կարող գլուխը շոյել ու գրեթե աղերսական ձայնով հարցնել. «Ինչո՞ւ չես աշխատում»: Իսկ նույնը գրավոր նրան փոխանցելու տարբերության մասին, կարծում եմ, կարելի է լռել: Ինչպե՞ս եմ հաղթահարել: Արդեն քանի տարի է, ինչ մեր վիրտուալ շփման դաշտ են մուտք գործել, այսպես կոչված` սմայլիկները: Գիտեմ, որ նրանք չեն կարող արտահայտել մեր բոլոր հույզերն ու զգացմունքները: Բայց կարո՞ղ են չոր հաղորդագրությունը գեղեցկացնել, ոգևորել աշակերտին: Կարող են: Հայերենում կա ստացական ս հոդը: Մի քիչ շռայլաբար գործածեք: Գիտե՞ք` աշակերտը որքան կուրախանա ու կջերմանա` այդ մի տառը անվանը կից` վերջում տեսնելով: Փորձել եմ, օգնել է:

Նախագծերը պետք է լինեն չձանձրացնող, հետաքրքիր, ուշագրավ: Քանի որ հեռավար-առցանց ուսուցման ժամանակաշրջանը մի անզիջում պայքար է սոցցանցերի, տարատեսակ ժամանցային հավելվածների, համացանցային խաղերի ու այդքանի դեմ միայնակ մնացած խեղճ դասերի միջև, առաջադրանքների անհետաքրքիր ու բարդ լինելը կանխատեսելի մահ է առարկայի հանդեպ հետաքրքրության: Դրա համար առանձնացրել եմ իմ նախագծերի օրինակով հեռավար-առցանց աշխատանքների ցանկալի տիպերը, որոնք իմ դեպքում արդյունավետ են եղել:

  • Սոցցանցերի դեմ` սոցցանցերի զենքերով: Ասեք, որ հետաքրքիր է: Վերջին տարիներին սոցցանցերում ակտիվորեն տարածվեց մարտահրավերի ձևաչափը, ինչպես, օրինակ` ice bucket challenge-ը, kiki challenge-ը (անգլերեն տարբերակով շատերը կհիշեն): Մարտահրավերի ձևաչափը թույլ է տալիս վարակի պես տարածել գաղափարդ: Գաղտնիքը առաջադրանքը կատարելու և ընկերոջդ մարտահրավեր նետելու, նման դրության մեջ դնելու, ինչ-որ բան, կոպիտ ասած, պարտադրելու հաճույքի մեջ է: Իսկ այն, ինչ տարածվում է, երեխաների թիկ-թոկյան լեզվով ասած, դառնում է թրենդ` միտում: Այս օրինակով մեծ հաջողություն ունեցա` ռուբայաթների մարտահրավերային ֆլեշմոբը նախաձեռնելով: Յուրաքանչյուր դասարանից մեկական աշակերտ տեսանյութ էր պատրաստում, որտեղ արտասանում էր մեկ ռուբայաթ Չարենցից  ու մեկնաբանում այն: Տեսանյութի վերջում նա մարտահրավեր էր նետում` դասընկերներից մեկի կամ ընտանիքի անդամներից մեկի անունը տալով ու նշելով, թե վերջինս չարենցյան որ ռուբայաթը պետք է արտասանի և որտեղ (օրինակ` տանը կամ որևէ տեսարժան վայրում): Դասընկերը կամ ընտանիքի անդամը ընդունում էր մարտահրավերը` հաջորդ օրը դրան համապատասխան տեսանյութ պատրաստելով և այդպես շարունակ: Տեսանյութեր ստացա աշակերտներից, որոնք մինչ այդ անգամ տեսանյութ չէին ուղարկում կամ չէին ցանկանում երևալ այդտեղ: Այս շաբաթ ունեցանք նաև «Ձոն» ֆլեշմոբային տեսանյութեր ու ընտանեկան չարենցապատումներ:
  • Հեռուստացույցի դեմ` հեռուստատեսությունը գործիք դարձնելով: Հեռավար ուսուցման նախորդ շաբաթվա ընթացքում արդեն հասցրել ենք անել նաև սա: Հեռուստացույցը այսօր անհամար ալիքների հնարավորություն է տալիս, օտարալեզու հանճարեղ ու գիտական, զվարճալի ու զարգացնող նախագծերով տարվելը փրկություն չէ: Անտեսե՞նք մեր հեռուստատեսության խնդիրները: Իրականացրինք «Ընտանեկան խոշորացույց» նախագիծը:
  • Ուսումնասիրելով արտակարգը: Կային նորարար նախագծեր, այսպես կոչենք` վիճակային` պայմանավորված բոլորին հայտնի իրադրությամբ: Ցանկի առաջին երկու նախագծերը հենց այդպիսին էին` կորոնաճառերը և խուճապի ուսումնասիրությունը: Ի դեպ, այս շաբաթվա նախագծային փաթեթում դրանք մասնակցության լավագույն ցուցանիշ ունեցող նախագծերից էին: Աշակերտներին դուր եկավ ստեղծված վիճակի ուսումնասիրությունը: Առաջին նախագծի շրջանակներում ուսումնասիրեցինք այս օրերին կորոնավիրուսով պայմանավորված վիճակին նվիրված ամենատարածված ճառերը, դրանք տեսագրեցինք ու ձայնագրեցինք: Ինչքա՜ն էին ոգևորվել տղաները, երբ Ֆրանցիսկոս պապի ճառի տակ գտել էին իրենց սիրելի Կրիշտիանու Ռոնալդուի հրապարակումը: Էդուարդն առաջին անգամ ինձ տեսանյութ ուղարկեց, սա էլ` Աշոտինը: Շաբաթվա վերջում էլ տեսադաս արեցինք ու քննարկեցինք դրանք: Մի քանիսն անգամ համեմատելի էին մեր անցած որոշ ստեղծագործությունների հետ: Որոշ աշակերտներ նույնիսկ իրենց ճառերն էին գրել, թեմաների մեջ կար նման ընտրություն` «Իմ հակավարակային ճառը»: Խուճապի ուսումնասիրությունը լրիվ ուրիշ թեմա է: Ընկանք խուճապի ետևից: Փոխվեցինք տեղերով:
  • Ընտանիքը չի խանգարի, կօգնի: Ընտանեկան նախագծերը միշտ են օգտակար, այս օրերին`առավել ևս: Այս շաբաթվա ընտանեկան աշխատանքը ընտանեկան չարենցապատումների ֆլեշմոբն էր: Ծնողը կամ քույրը ոչ թե պետք է սենյակից դուրս գան, թողնեն մենակ աշակերտին, որ նա միայնության մեջ տառապի, սովորի` դասերից ազատվելու վայրկյանները հաշվելով, այլ աշխատի ընտանիքի հետ: Այս օրերին բոլորն են տանը: Փոքր քույրիկը կարող է ոչ միայն խանգարել, այլև օգնել ու ավելի զվարճալի դարձնել աշխատանքը:

Տեխնիկական յուրահատկություններ: Դասի տեխնիկական նոր ձևաչափը ենթադրում էր տարբեր ծրագրերի նոր հնարավորությունների յուրացում: Գրավոր հաղորդակցման համար կար Outlook-ը, տեսադասերի համար օգնության եկավ Microsoft Teams-ը: Ես պատրաստվում էի պայմանավորված ժամին սկսել տեսադասը: Աշակերտները գրում էին, շտապեցնում` վախենալով, որ մոռացած կլինեմ: Կարոտել են շփումը, ընկերներին, մեզ: Տեսադասի ավարտին շատերի մոտ նույն հարցն էր. «Իսկ մյո՞ւսը երբ կլինի»: Երեկ էլ էին գրել, այսօր էլ: Ինչպես Ֆրանցիսկոս պապն էր կանխատեսնում, սկսել են սիրել ու գնահատել այն, ինչը նախկինում գուցե չէին նկատում: Տեսադասերն ինքնին հետաքրքիր են: Բոլորս տանն ենք ու իրար հետ: Մեկի քույրիկը կարող է սկսել իր անսպասելի լացը, մեկի մայրիկը գուցե չգիտի, որ դաս ենք անում, փոշեկուլ է միացրել, բայց հաղթահարում ենք:

Հեռավար ուսուցումը հրեշ չէ: Կամ էլ ինչպես ասում էր Կարնեգին, եթե չեք կարող փոխել իրավիճակը, փոխեք ձեր վերաբերմունքը իրավիճակի հանդեպ: Թող խուճապը ձեզ չհաղթի, դուք մեզ պես ընկեք խուճապի ետևից: Փոխվե՛ք տեղերով: