Երախտագիտություն արտահայտող հաղորդակցական միջոցները ժամանակակից հայերենում

Հաղորդակցումը բազմատարր ու կենսական գործընթաց է, որն իրականացվում է տարաբնույթ ձևերով ու միջոցներով: Լայն իմաստով այն մարդկանց կամ կենդանիների միջև տեղեկույթի փոխանակումն է տարբեր նշանների ու ազդանշանների միջոցով: Այս դեպքում կարևոր է դառնում համապատասխան միավորների տարբեր կողմերի էության բացահայտումը` հաշվի առնելով դրանց ձևավորման, արտահայտման և ընկալման տարաբնույթ հանգամանքները[1]:

Հաղորդակցական միջոցների տեղին գործածումը հաղորդակցվողներին թույլ է տալիս ճշգրտորեն ու լիարժեքորեն փոխանակել անհրաժեշտ տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ այդ միջոցները բաժանվում են երկու խմբի՝ լեզվական և հարալեզվական։

Մենք ուսումնասիրելու ենք երախտագիտության արտահայտման հաղորդակցական միջոցները ժամանակակից հայերենում:

Երախտագիտության զգացումը վաղուց ի վեր ուսումնասիրված է տարբեր գիտությունների կողմից: Այն բարի գործի, լավության, օրինակ` ցուցաբերած ուշադրության կամ օգնության դիմաց երախտապարտ լինելու զգացումն է, ինչպես նաև դրա արտահայտման տարաբնույթ միջոցները, այդ թվում նաև խրախուսման պաշտոնական ձևերը[2]: Այն բարդ զգացողություն է, որն առաջանում է տեղի ունեցածի էմոցիոնալ և ռացիոնալ գնահատման հիման վրա, ինչը տեղի է ունենում հատուկ ծիսակարգով:

Երախտագիտությունը հնարավոր է արտահայտել լեզվական և հարալեզվական միջոցներով։ Լեզվական միջոցների մեջ կարելի է առանձնացնել բառային միջոցները և կապակցությունները, որոնք տարբեր միավորներ են՝  առածներ, ասացվածքներ, դարձվածային միավորներ, խոսքային բանաձևեր։

Հաղորդակցման հարալեզվական միջոցները հիմնականում շարժումներն են։ Երախտագիտություն արտահայտող շարժումները կարելի է բաժանել երկու խմբի։ Առաջին խմբի մեջ են մտնում այն շարժումները, որոնք իրադրությամբ պայմանավորված են դառնում երախտագիտության արտահայտման միջոցներ: Այլ իրադրություններում սրանք կարող են լինել նաև այլ վերաբերմունքի արտահայտիչներ։ Երկրորդ խմբի մեջ են մտնում այն շարժումները, որոնք երախտագիտություն են արտահայտում անկախ իրադրությունից: Սրանց մի զգալի մասը ունի նաև լեզվական բնորոշում, այսինքն՝ կան կայուն կապակցություններ, որոնք բնորոշում-ներկայացնում են շարժումը։

Երախտագիտություն արտահայտող հաղորդակցական միջոցների գործածումը ենթադրում է որոշակի գործողությունների տրամաբանական հաջորդականություն: Օրինակ` շնորհակալական բանաձևերը`[3] որպես հաղորդակցման կարևոր բաղադրիչներ, սերտորեն փոխկապակցված են հաղորդակցական մյուս լեզվակաղապարային բաղադրիչների հետ: Սակայն հաղորդակցման իրադրային բնույթն արդեն իսկ հնարավոր է դարձնում տրամաբանական հաջորդականության խաթարումը, օրինակ` շնորհակալական խոսքն ընդհատվում է «Ձեր շնորհակալությունն ինձ պետք չէ» գռեհկաբանությամբ[4]:

«Հաջորդականության կարգից շեղում պետք է համարել այն դեպքերը, երբ հանձնարարություն տվողը, առաջարկողը, խորհրդատուն լսում են շնորհակալական խոսքեր՝ ապագայում կատարվելիքին վերաբերող (նախապես /կանխավ շնորհակալություն եմ հայտնում…ևն): Հաջորդականության կարգը կարող է խախտվել նաև այսպիսի տեղափոխությամբ՝ «մինչ Դուք շնորհակալություն կհայտնեք, ես կասեմ՝ խնդրեմ /չարժե: Շնորհակալական բանաձևերը կարող են ուղեկցվել բարեմաղթություններով, օրհնանքներով, որոնց որպես պատասխան պետք է հնչեն (իսկ հաճախ չեն հնչում) արժևորող, գնահատող բանաձևեր՝ հաճախ զուգակցված մեղմասացություններով (խնդրեմ, չարժե, ի՛նչ կարիք կա…, արվածը քիչ է…, Դուք չափազանցնում եք…ևն): Ընդհանրակաղապարն է՝ «շնորհակալական բանաձև ® պատասխան գնահատողական բանաձև»»[5]:

Հաղորդակցական միջոցների ամբողջական բացահայտման համար ուսումնասիրության ընթացքում դիմել ենք հաղորդակցության տեսության հարակից գիտությունների[6]` ազգագրության, հոգեբանության, լեզվաբանության տարբեր ուղղությունների՝ հոգելեզվաբանության, հարալեզվաբանության ու հանրալեզվաբանության օգնությանը:

Երախտագիտության արտահայտման բառային միջոցների հավաքման համար օգտվել ենք հետևյալ բառարաններից` Ա. Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարան», «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան», Յ. Գայայեանի «Բառարան գանձարան հայերէն լեզուի», Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան», Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան», Ա. Հայրապետյանի «Օտար բառերի բառարան», Հ. Աճառյանի «Եւրոպական փոխառեալ բառեր հայերէնի մէջ» բառարան: Երախտագիտություն արտահայտող կայուն կապակցություններն ընտրել ենք հետևյալ աղբյուրներից` Պ. Բեդիրյանի «Հայերենի դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան», Ա. Սուքիասյանի և Ս. Գալստյանի «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան», Ս. Հարությունյանի «Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ»: Բուն շնորհակալական և համապատասխան իրադրային շարժույթներն առանձնացրել ենք Երջանիկ Գևորգյանի «Հայոց շարժումային լեզվի բացատրական բառարան (շարժութարան)» գրքից (այս գրքերի տվյալները տե՛ս գրականության ցանկում):

ԳԼՈՒԽ 1

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

  1. Երախտագիտության արտահայտման բառային միջոցներ

Ինչպես նշվել է «Ներածության» մեջ, ժամանակակից հայերենում երախտագիտությունը կարող է արտահայտվել լեզվական տարբեր միջոցներով՝ բառերով և տարբեր կապակցություններով (կայուն կապակցություններ, դարձվածային միավորներ, օրհնանքներ, մաղթանքներ և այլն)։ Երախտագիտություն արտահայտող կապակցություններին կանդրադառնանք հաջորդ բաժնում, իսկ այստեղ կքննենք երախտագիտության արտահայտման բառական միջոցները։

Այդ բառերը բավականին մեծաթիվ են, ու թեև իմաստային առումով դրանք ունեն ընդհանրություն, այն է՝ արտահայտում են երախտագիտություն, բայց գործառական-ոճական առումով, ինչպես նաև կազմությամբ, ծագումնաբանական հատկանիշներով տարբեր են։ Դրանց մի մասը հենց առանձին արտահայտում է երախտագիտություն, ինչպես շնորհակալություն-ը, սակայն ավելի հաճախ այդ բառերը հանդես են գալիս որպես բաղադրյալ ստորոգյալի մաս, քանի որ հենց ստորոգման միջոցով էլ կատարվում է երախտագիտության հայտնումը, վերագրումը, օրինակ՝ շնորհակալ եմ, շնորհապարտ եմ, շնորհահատույց եմ, գոհ եմ, գոհունակ եմ, հավան եմ, զգացված եմ, պարտք եմ, պարտական եմ, երախտապարտ եմ, երախտագետ եմ, երախտահատույց եմ, երախտընկալ եմ, երախտազգաց եմ, բարյացապարտ եմ  և այլն։

Սրանցից ոճականորեն համեմատաբար չեզոք է շնորհակալություն-ը, որը խոսակացական լեզվում հաճախ փոխարինվում է մերսի, թենքս/թենք յու օտարաբան ձևերով, որոնք մերժելի են։

Մերսի բառը` որպես օտարաբանություն, տեղ է գտել Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում»՝ շնորհակալություն նշանակությամբ[7]:Բառարանի հեղինակի սկզբունքներից էր բառացանկում ներառելը աշխարհաբարում գործածված բառերը` անկախ նրանց լեզվական արժեքից[8], իսկ մերսի-ն տարածվող կիրառություն էր: Ա. Հայրապետյանն այն ներկայացնում է որպես ռուսերենի միջնորդությամբ ֆրանսերենից խոսակցական հայերեն փոխառված բառ (<мерси<ֆր.<merçi)[9]: Ռուսերենում այն դեռևս 19-րդ դարում տարածում ստացած գաղղիաբանություն[10] է՝ երկու հիմնական նշանակությամբ` 1.Շնորհակալություն, շնորհակալ եմ: 2.Մերժման արտահայտություն[11]: Այն ավելի վաղ Հ. Աճառյանն արձանագրում է[12] որպես գոյականի և ձայնարկության[13] նշանակություններով փոխառյալ բառ, սակայն նրա ձայնարկության գործառույթը արդի ընկալմամբ չի դրսևորվում: Մերսի-ն մեր օրերում առօրյա-խոսակցական լեզվում շատ տարածված է և հաճախ է գործածվում հաղորդակցության մեջ` դրվելով նախադասության տարբեր դիրքերում, ստանալով տարաբնույթ լրացումներ (օրինակ`շատ մերսի քեզ) կամ պարզապես կիրառվելով իբրև բազմաբովանդակ պատասխան (շնորհակալություն հայտնելու, որևէ առաջարկ ընդունելու կամ մերժելու): Մեկ անգամ էլ նշենք, որ սրանք օտարաբան և մերժելի ձևեր են։

Անգլերենի ազդեցությամբ թափանցած թենքս (Thanks) / թենք յու (Thank you) օտարաբան ձևերը, հիմնականում վերջին երկու տասնամյակում ներմուծվելով նոր սերնդի բառապաշարի մեջ, կիրառվում են զուտ որպես պատասխանական բառեր` հազվադեպ լրացվելով հայերեն կամ օտարաբան բառերով:

Շնորհակալություն-ը հավասարապես կարող է գործածվել գործառական տարբեր ոճերով ձևավորված խոսքերում։ Պայմանավորված տվյալ ոճի և միջավայրի առանձնահատկություններով` այն կիրառական ինքնատիպ դրսևորումներ կարող է ստանալ:

Պատասխանական բառերով հարուստ առօրյա-խոսակցական լեզվում (և ոչ միայն) շնորհակալություն-ը հաճախ է հանդիպում առանձին, անլրացում կիրառությամբ` դառնալով երկխոսության բաղադրիչ պատասխան-նախադասություն:

Կախված իրավիճակից` շնորհակալություն-ը կարող է նաև մանրամասնող ու հուզականություն հաղորդող լրացումներ ստանալ: Իմաստային առումով տեղին որոշչային լրացումներ և քերականորեն ճիշտ ձևավորված խնդիրներ կիրառելու համար որոշ լեզվաբաններ կարևորում են առավելապես բառի բաղադրիչների շարահյուսական հարաբերություններն ու Էդ. Աղայանի ձևակերպմամբ` բառի ներքին ձևը[14]: Վ. Միրզոյանը հենց այդ հիմքով է ընդգծում շնորհակալություն բառ-արտահայտության հետ կապված գործածական և տարածված մի քանի սխալներ. «Խնդրառության տարածված սխալներից է «շնորհակալություն ձեզանից» բառակապակցությունը: Ճիշտ ձևն է` «շնորհակալություն ձեզ», քանի որ այստեղ լրացյալը պահանջում է ոչ թե բացառական, այլ տրական հոլովով լրացում (ձեզ, այսինչին, դպրոցին, ուսուցչին և այլն):

Եվ դա ոչ թե լոկ ձևական պահանջ է, այլ բխում է այդ երկու բառերի կապակցելիության իմաստային հիմքից: Չէ՞ որ մենք դիմացինին մաղթում ենք «շնորհներ կալնել» (վերցնել, հավաքել), և այդ գործողությունը մեզանից է գնում դեպի դիմացինը, այլ ոչ թե հակառակ ուղղությամբ»[15]:

Զ. Աղաջանյանը, ի տարբերություն Վ. Միրզոյանի, էթիկետային լեզվաբանաձևերին նվիրված իր հոդվածում ներկայացնում է խնդրառական երկու տարբերակները միաժամանակ` շնորհակալությո՜ւն /ո՞ւմ, ինչի՞ն կամ ումի՞ց, ինչի՞ց /…[16]: Սա կարծես շնորհակալ եմ/ ո՞ւմ, ինչի՞ն կամ ումի՞ց, ինչի՞ց  զուգաձևությունների համաբանությամբ տարածված զուգաձևություն է: Կարծում ենք, որ գրական լեզվում ընդունելի է միայն շնորհակալությո՜ւն /ո՞ւմ, ինչի՞ն խնդրառությամբ կիրառությունը: Խնդրառական այս իրողության և որոշիչ լրացումների ընտրությունը կարելի է պարզաբանել ստորև բերվող հիմունքով:

Վ. Միրզոյանը շնորհակալություն բառի բաղադրիչներով է մեկնում նաև առդրական կապակցությունները. «Այնպես որ, հայերենին անհարիր է «մեծ շնորհակալություն» բառակապակցությունը կամ դրա առավել արտառոց ձևը` «անչափ մեծ շնորհակալություն»: Հայերը «շատ շնորհակալություն» են հայտնում, որովհետև, եթե «մեծ»-ը մթագնում է «շնորհակալություն» բառի իմաստը, ապա «շատ»-ը, ընդհակառակը, միանգամայն ստույգ է այն արտահայտում (վերոնշյալ բացատրության լույսով)»[17]: Մեծ-ը և նրանով պայմանավորված մյուս լրացումները, կարծում ենք, շնորհակալություն բառին հավելվել են ռուսերենի (большое спасибо) ազդեցությամբ: Զ. Աղաջանյանն իր նշված հոդվածում սխալ է համարում շնորհակալություն հայտնել և շնորհակալություն արտահայտությունների վրա մեծ կամ շատ բառերն ավելացնելը[18]: Նա առանձնացնում է բառի ևս մեկ տարածված լրացում` հազար թվականը, որը, ինչպես գիտենք, հատկապես խոսակցական ոճում բավական հաճախ է գործածվում չափազանցական նշանակությամբ[19]: Հազար շնորհակալություն արտահայտության մեջ թվականն իր իմաստով շատ և անչափ լրացումների փոխարինիչն է: Ժողովուրդը հաճախ է այն գործածում` նկատի ունենալով հազար անգամ շնորհակալ եմ/ պարտք եմ միտքը, ոչ թե հազար շնորհներ կալնելու` այստեղ արդեն մթագնած մաղթանքը: Բառին հաճախ ուղեկցող խորին լրացումն էլ հաստատ չի առնչվում շնորհներ վերցնելու մաղթանքին: Եթե հաշվի առնենք նաև իմաստային առումով շնորհակալություն բառին խոսակցականում արդեն ամբողջապես «փոխարինելու ունակ» վերոնշյալ մերսի բառի համար սովորաբար գործածվող շատ լրացումը, կփաստենք, որ արտահայտության` պատասխանական նշանակություն ունենալու դեպքում շատ-ը նկատելիորեն գերիշխող է` իբրև լրացում, և դա ոչ այնքան բառի` արդեն մթագնած ներքին ձևին տրամաբանորեն կապվելու հետևանքն է, այլ նրա կրած բայական իմաստի` պարտք լինելու, դա գիտակցելու չափն արտահայտող լրացման անհրաժեշտության:

Պաշտոնական կամ կիսապաշտոնական միջավայրում առավել բնորոշ է գոհունակության ու պարտքի զգացում արտահայտող շնորհակալություն լեզվամիավորի կաղապարային գործածությունը: Նման կազմություններից են` շնորհակալություն եմ հայտնում, ուզում եմ/ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, խորին շնորհակալություն եմ հայտնում, պետք է/հարկ է շնորհակալություն հայտնել և այլն:

Երախտագիտություն բառը, ի տարբերություն շնորհակալության, ինքնուրույնաբար հանդես չի գալիս որպես երախտագիտության արտահայտման բառային միջոց, սակայն դառնում է գերազանցապես բարձր ոճով խոսքին բնորոշ շնորհակալական կաղապարների բաղադրիչ` «Ընդունեք մեր երախտագիտությունը….», «Խորին երախտագիտությամբ….», «Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել/հավաստել….»  և այլն: Երախտագիտություն բառը նման կառույցներում կարող էփոխարինվել տարբեր այլ բառերով` շնորհապարտություն, բարյացապարտություն, երախտապարտություն, գոհունակություն, գոհություն, գոհաբանություն:

Տարբեր իրադրություններում գործածվող խոսքային կաղապարները զուգահեռաբար կարող են արտահայտել նաև խոսողի առկա հոգեվիճակը: Շնորհակալական բանաձևերի մեջ ևս կան նմանները: Գոհ եմ արտահայտությունըավելի հաճախ գործածվում է խոսակցականում, և պետք է նշել, որ որոշ իրադրություններում այն գործածվում է նաև որպես մերժման արտահայտիչ։ Այդ նույն գործառույթով կարող է կիրառվել նաև շնորհակալ ենք ստորոգյալը (կամ շնորհակալություն-ը), օրինակ՝ Գոհ ենք, շնորհակալ ենք քո օգնությունից, մի անգամ արդեն տեսել ենք, թե ինչպես ես օգնում  (այսինքն՝ հարկավոր չէ քո օգնությունը)։

Ժողովրդախոսակցական լեզվում հաճախ գործածվում են նաև հավան եմ, զգացված եմ, շոյված եմ ձևերը, թեև վերջին երկուսը այդքան էլ շեշտված խոսակցական երանգ չունեն։ Այսպիսի բանաձևերը խոսողի երախտագետ լինելն արտահայտում են անուղղակի` ստացած օգնության կամ լավության հետևանքով ունեցած ապրումների նկարագրմամբ: Այս նկարագրական բանաձևերի գաղափարը կարող է արտահայտվել նաև այլ բանաձևերով ու նախադասություններով` Փշաքաղված եմ։ Չես պատկերացնի, թե ինչ եմ զգում/ինչ ապրումներ ունեմ: Պարզապես հիացած եմ: Խոսքեր չեմ գտնում:  Չգիտեմ, թե ինչպես շնորհակալություն հայտնեմ քեզ/Ձեզ: Իսկ Խոնարհվում եմ  բարձրոճային ձևի դեպքում անգամ շնորհակալական շարժույթն է նկարագրվում` որպես ունեցած ապրումների արտահայտիչ:

Երախտիքն ընդունելու և փոխադարձ վարվելու պարտքի գիտակցման  գաղափարները այս կամ այն չափով, ուղղակի կամ անուղղակի առկա են մեր հիշատակած գրեթե բոլոր ձևերում: Սակայն ժողովրդական լեզվում տարածված պարտք եմ, պարտական եմ ձևերում է լավագույնս ընդգծվում երախտագիտության կանտյան յուրահատուկ բնութագրումներից մեկը: Եթե երախտագիտությունը պարտականություն է, ապա առանձնահատուկ պարտականություն է. բարեգործի համար չի ենթադրվում լավությունը փոխադարձելու պահանջի ոչ մի իրավունք, սակայն միաժամանակ լավությունն ընդունողը չի ազատվում երախտագիտական պարտականությունից: Այդ իսկ պատճառով (ինչին ուշադրություն է դարձրել Ի. Կանտը) ընդունվող լավությունը կարող է ընկալվել որպես լուծ. լավություն ստանալով` մարդը դատապարտվում է երախտապարտության[20]: Այնուամենայնիվ, խոսքային էթիկետի դիտակետից շնորհակալական բնույթ ունեցող պարտք եմ, պարտական եմ ձևերը, ինչպես նաև մերձիմաստ «Շնորհակալություն, ես քո/Ձեր լավության տակից  դուրս կգամ….», «Մի օր էլ ես օգտակար կլինեմ քեզ/Ձեզ», կամ` «Շնորհակալ եմ, անպայման կփոխհատուցեմ….» արտահայտությունները մերժելի ու անբարեկիրթ են համարվում: «Ավելին, գուցե այդպիսի խոսքը փոքր-ինչ վիրավորական լինի. միշտ չէ, որ մարդիկ միմյանց օգնում են փոխադարձ ու պարտադիր ակնկալիքներով: Ուստի խորհուրդ է տրվում այսպիսի մտքերը չբարձրաձայնել»[21]:

Շնորհապարտ եմ, շնորհահատույց եմ, գոհունակ եմ, երախտապարտ եմ, երախտագետ եմ, երախտահատույց եմ, երախտազգաց եմ, բարյացապարտ եմ ձևերն ընգծված գրական, բարձր ոճի երանգավորում ունեն։ Դրանք իրարից տարբերվում են իմաստային նրբերանգներով։ Սակայն այս ձևերը կիրառության  համեմատաբար փոքր հաճախականություն ունեն, և գրական լեզվում էլ անշուշտ առաջին հերթին գործածվում է շնորհակալություն-ը։

Երախտապարտ եմ ձևը համեմատաբար տարածված է և ունի առդրական ու խնդրառական նույն յուրահատկությունները, ինչ շնորհակալ եմ ձևը: Իհարկե, վերջինը ոճականորեն անհամեմատ չեզոք է ու ավելի հաճախադեպ: Շնորհակալ եմ-ը կարելի է գործածել անկեղծորեն, մեծապես, խորապես, ի սրտե և նման լրացումներով, շնորհակալություն հայտնել-ը՝ անկեղծ, խորին, սրտագին: Երախտապարտ բառի բաղադրիչները կարծես պարզորեն բանաձևում են երախտագիտության բարոյագիտական ընկալումը, ըստ որի` երախտագիտությունը արված լավության համար դիմացինի հանդեպ ունեցած սիրո, հարգանքի և պարտականության զգացումն է[22]:

Կան բառեր, որոնք ինքնին՝ իրենց առաջին բուն իմաստով, երախտագիտություն չեն արտահայտում, սակայն որոշակի իրադրության մեջ դրանք էլ հանդես են գալիս որպես երախտագիտության բառային արտահայտության միջոցներ: Բացի նախորդ դեպքից, երբ դա արտահայտվում էր սեփական երախտագիտություն ® ապրումներ ® պարտք տրամաբանական շղթայով, շատ են բառային միավորները, որոնք արտահայտում են այն երախտագիտություն ® պարտք ® խրախուսանք/գովեստ կապով: Այստեղ երախտագիտությունը ծնում է պարտքի զգացում, որը մասնակիորեն փոխհատուցվում է գովասանական-խրախուսական խոսքով: Գնահատումը, խրախուսումը, հաճոյախոսությունը, գովեստն ու շնորհակալությունը մեկտեղվում են, ստացվում են ինքնատիպ ու բազմիմաստ բանաձևեր, օրինակ՝ ապրե՛ս (հնցծ. ապրի՛ս), կեցցե՛ս և այլն: Ապրե՛ս[23] բարեմաղթանքի, գովեստի, խրախուսման ու շնորհակալության ինքնատիպ համադրում է: Գործածվում է գերազանցապես ժողովրդական լեզվում: Իհարկե, իմաստային կոնկրետացումը կախված է գործածությունից, բայց գրեթե ցանկացած գործածության դեպքում այն որոշակիորեն պահում է նաև մյուս իմաստները: Որոշ կիրառություններում այն անգամ կարող է ծաղրական-հանդիմանական նրբիմաստ ձեռք բերել (օրինակ` Ապրե՜ս, է՞լ ինչ կարող ես մեր գլխին բերել): Շատ, անչափ և նմանլրացումներից բացի` ապրես-ին կարող է ուղեկցել նաև դու դերանունը: Ինչպես հայտնի է, բայերի դիմաթվանիշ վերջավորությունները հայերենում որոշակիորեն ավելորդ կամ ոճական ավելադրություն են դարձնում համապատասխան անձնական դերանունների կիրառումը[24]: Այս դեպքում էլ դերանվան հետադաս գործածությունը կարծես ասված շնորհակալական խոսքում ավելացնում է փաղաքշական ու խրախուսական երանգներ:

Երախտագիտություն ® պարտք ® խրախուսանք/գովեստ տրամաբանական շղթայի բանաձևային արտահայտման հետաքրքիր դրսևորումներ են նաև խոսակցին կամ նրա արարքը գովերգող, բարձր ոճի` «Դա Ձեր կողմից բարեկամական քայլ էր», «Ձեր ուշադրությունն անչափ հաճելի է», «Դուք շատ բարի եք» և նմանատիպ արտահայտությունները:

Հայերենում չկա շնորհակալական խոսքի փաղաքշական ոճավորումը մասնիկավորմամբ արտահայտելու հնարավորությունը (ինչպես ռուսերենում` спасибо ®спасиб+очк+и): Ոչ պաշտոնական հարաբերություններում, երբ հաղորդակցական իրավիճակի մասնակիցները մտերիմ ու հարազատ են միմյանց, մտերմիկ-փաղաքշական ոճին[25] բնորոշ` սեր, քնքշանք, ջերմություն, գորով արտահայտող բառերը կարող են ոչ միայն շնորհակալական բանաձևերին ուղեկցել, այլև առանձին դեպքերում կարող են փոխարինել: Դրական, ապրումների, լիցքերի հոսքը կարող է պարզապես արտահայտվել փաղաքշական բառերի բացականչություններով` սիրելի՜ս, հրա՜շք, գա՜նձս և այլն: Որոշ դեպքերում առհասարակ բառերին կարող են փոխարինել ձայնարկություններ, որոնք գործառական տարբեր կիրառություններ ունեն և հիմնականում բազմիմաստ են. ընդ որում, այդ իմաստները հանդես են գալիս որոշակի հնչերանգով տվյալ իրավիճակում և ենթատեքստում: Ձայնարկությունները և չտարորոշված ձայները հաճախ են գործածվում առօրյա-խոսակցական լեզվում զարմանքի, ուրախության, զայրույթի և այլ զգացմունքների արտահայտման ժամանակ: Առավել հաճախ գործածվող և ուրախություն, զարմանք արտահայտող ձայնարկություններից են` վա՜խ, ջա՜ն, ո՜ւխ, յա՜, յա՜,  Է, է՜յ (զարմանք` կասկածանքի հետ), է՜է (իջնող հնչերանգով արտահայտում է թեթևակի զարմանք), ի՜ (կարճ, իջնող հնչերանգով և թեթևակի զարմանք արտահայտող):

Անկախ հուզազգացմունքային վիճակից` նման դեպքերում շնորհակալական խոսքի հնչեցումը անփոխարինելի է: Չասված կամ ուշացած շնորհակալական խոսքը կարող է ընկալվել որպես անկարևոր, անհարգալից կամ արհամարհական վերաբերմունք[26]: Թեպետ հաղորդակցական որոշ իրադրություններում, երբ հաղորդակցվողները միմյանց լավ են ճանաչում, ավելի կարևոր է դառնում հուզական գնահատականը, արձագանքը, քան ուղղակի շնորհակալություն ասելը[27]:

Նշենք, որ ապրե՛ս (հնցծ. ապրի՛ս), կեցցե՛ս, շոյված եմ, փշաքաղված եմ, հիացած եմ, խոնարհվում եմ  և ներկայացված շատ այլ բառերի ու արտահայտությունների բաղադրիչների` շնորհակալական իմաստով կիրառությունը բավականին հաճախադեպ է, ուստի երախտագիտություն արտահայտելը նման բառերի համար արդեն ոչ թե դիպվածային է համարվում, այլ վերածվել է երկրորդային իմաստի և նշվում է բառարաններում։

Երախտագիտությունը կարող է արտահայտվել նաև բարեբանական, մաղթական բառերով, օրինակ`  Ծաղկիս: Կանչընաս: Փնջփնջոտես: Զորանաս: Բարեմաղթանքների շնորհակալական գործառույթը կմանրամասնենք հաջորդ ենթագլխում:

Շնորհակալական բառի կամ արտահայտության` ըստ հաղորդակցական իրավիճակի ընտրությունը կարող է ամբողջապես չապահովել խոսքի բարեկրթությունը, եթե դրա հետ կիրառում ենք սխալ ընտրված կամ քերականորեն սխալ ձևավորված լրացումներ: Պաշտոնական կամ կիսապաշտոնական միջավայրում, եթե շնորհակալական արտահայտությանը պետք է հաջորդի բարեգործի հիշատակումը, անհրաժեշտ է հիշել. «Միայն անունով չեն դիմում տարեց և բարձր հասարակական դիրք ունեցող մարդկանց, ինչպես նաև ղեկավարին, եթե դա ծառայողական սովորույթ չէ»[28]: Պետք է հնարավորինս լավ տիրապետել նաև Դուք-ի և դու-ի գործածման նրբություններին[29]:

Հաղորդակցական միջոցների առատությունը պայմանավորող կարևոր գործոն է հաղորդակցվողների դաստիարակության, կրթության, ազգային պատկանելության, տարիքային, սեռային, հոգեկերտվածքի և այլ առանձնահատկությունների բազմազանությունը: Հաղորդակցական իրադրությունը շատ դեպքերում անկանխատեսելի է[30], ուստի պայմանավորված երախտագիտության ծավալով, անսպասելիությամբ կամ մեկ այլ հանգամանքով` հույզերի առատությունը կարող է դրդել հաղորդակցվողին լրացումներով հարուստ մի քանի բանաձևեր հաջորդաբար կիրառելու:

Հաղորդակցական գործընթացում շնորհակալական խոսքի գործածումը ենթադրում է նաև հաճախ մեղմասություններով զուգակցված, գնահատողական բանաձևերի հնչեցում: Զրուցակցի շնորհակալությանը հաջորդող գնահատողական պատասխանը կարող է արտահայտվել ինչպես բառերով` խնդրեմ, չարժե/չարժի, այնպես էլ արտահայտություններով` Ի՛նչ կարիք կա…, Արվածը քիչ է…, Դուք չափազանցնում եք…, Նորեն համեցեք…, Միշտ պատրաստ եմ օգնել, Մեծ հաճույքով, Դուք ավելիին եք արժանի, Դժվար չէ(ր), Հոգ/խնդիր չէ, Հանգի՛ստ եղեք, Ինչի՞ համար, Մեծ բան չէր և այլն:

Պատասխանական խոսքերից ամենատարածվածը խնդրեմ-ն է: Չարժե/չարժի բառերը ևս հաճախադեպ են, լայնորեն տարածված են հատկապես առօրյա-խոսակցական լեզվում, սակայն ըստ խոսքային էթիկետի` ցանկալի չէ դրանց գործածությունը[31]:

Որքան էլ արված լավությունից հետո պարտք մնալու գաղափարը բացեիբաց արտահայտելը անբարեկիրթ է, այնուամենայնիվ, երախտագիտությունը որոշակիորեն նաև պարտքի գիտակցում է ենթադրում, որն սկսում է անհանգստացնել, հոգեբանական լծի տակ գցել  երախտիքն ընդունողին: Հայերենում շնորհակալությանը հաջորդող գնահատողական խոսքերը, կարծես դրանով պայմանավորված, գերազանցապես մխիթարական, ոգևորող, հուսադրող բովանդակությամբ են զուգակցված: Դրանք իմաստային առումով հիմնականում մեղմացնում, փոքրացնում, ավելի համեստ են դարձնում խոսակցին ցուցաբերված օգնության, արված բարի գործի դերը` դրանով հանգստացնելով նրան, ցույց տալով, որ նա մեծ պարտք չունի, դիմացինին առանձնակի  անհանգստություն չի պատճառել: Այդպիսին են Ի՛նչ կարիք կա…, Դուք չափազանցնում եք…, Դժվար չէ(ր), Հոգ/խնդիր չէ, Հանգի՛ստ եղեք, Ինչի՞ համար, Մեծ բան չէր արտահայտությունները, որոնք` իբրև գնահատողական պատասխան շնորհակալությանը, կարող են գործածվել ինչպես առանձնաբար, այնպես էլ այս կամ այն պատասխանի հետ` հիմնականում հաջորդելով նրան, օրինակ` Խնդրեմ, ինչի՞ համար:

 Պատասխան որոշ արտահայտություններ ոչ միայն արտահայտում են բարեգործի (խոսողի) անձի ու արածի համեստությունը, այլև ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաճոյախոսում են լավությունն ընդունողին (խոսակցին), օրինակ` Դուք ավելիին եք արժանի, արվածը քիչ է…:

Մի քանի պատասխան բանաձևերով խոսողն արտահայտում է խոսակցին օգնելու, աջակցելու իր պատրաստակամությունը, հանգստացնում նրան, օրինակ` Նորեն համեցեք…, Միշտ պատրաստ եմ օգնել, Հանգի՛ստ եղեք և մերձիմաստ այլ արտահայտությունների դեպքում:

Շնորհակալությանը հաջորդող այս գնահատական պատասխանները, որքան էլ ցանկալի են հաղորդակցման ընթացքում, այդուհանդերձ, շնորհակալական բանաձևերի գործածությանն անհամեմատ զիջում են, քանի որ ոչ բոլորի կողմից են ընդունված ու գործածական: Հատկապես մեր ժողովրդախոսակցական լեզվին նման բանաձևերն ու հաղորդակցման կաղապարային բնույթը որոշակիորեն խորթ են:  Իրեն ուղղված շնորհակալական արտահայտությունից հետո ավագ սերնդի ներկայացուցիչը պատասխան գնահատողական խոսքերի փոխարեն կարող է ասել Վա՛յ, բա ամո՞թ չէ, Էլ այդպիսի բաներ չասե՛ս և նմանատիպ արտահայտություններ` իր արածի աննշանությունը ինքնատիպորեն ցույց տալով:

Ինչպես նկատեցինք, հայերենում շնորհակալական իմաստ ունեցող լեզվամիավորներով` բառային միջոցներով, հնարավոր է երախտագիտություն հայտնել ուղղակի (շնորհակալություն, շնորհակալ եմ, երախտապարտ եմ) կամ անուղղակի (շոյված եմ, պարտք եմ, գոհ եմ) ձևով: Երկու ձևն էլ ունեն տարբեր ոճերի բնորոշ շնորհակալական բառեր ու արտահայտություններ: Հաղորդակցվողը պետք է մեծաքանակ շնորհակալական և պատասխան գնահատողական խոսքերից ընտրի նպատակահարմարը` հաշվի առնելով հաղորդակցական գործընթացի առանձնահատկությունները[32]:

1.2 Երախտագիտության արտահայտման կապակցություններ

            Ինպես նշվել է, երախտագիտությունը կարող է արտահայտվել ոչ միայն առանձին բառով, այլև կապակցություններով։ Խոսքը երախտագիտություն արտահայտող բառերի միջոցով ձևավորվող կապակցությունների մասին չէ, ինչպիսիք են՝ շատ շնորհակալություն, հազար շնորհակալություն, հոգաչափ շնորհակալություն, թույլ տվե՛ք շնորհակալություն հայտնել, անչափ երախտապարտ եմ Ձեզ  և այլն։

Պ. Պողոսյանը գրում է. «Մտածելու և խոսելու ընթացքում մենք ոչ միայն բառեր ենք կապակցում մտքեր և մտածություններ արտահայտելու համար, այլև անհրաժեշտաբար խոսքին ենք հյուսում լեզվում պատրաստի կերպով գոյություն ունեցող խոսքային բանաձևեր և պատրաստի խոսքեր»[33]: Այստեղ մենք կանդրադառնանք այն կապակցություններին, որոնք կայուն են։ Դրանք կարող են լինել դարձվածային միավորներ, օրհնանքներ, խոսքային բանաձևեր և այլն։

Ժողովրդախոսակցական լեզվում լայնորեն կիրառվում են դարձվածային միավորներ, որոնց առատությունն ու իմաստային բազմազանությունը ոչ միայն թույլ է տալիս հաղորդակցական ցանկացած իրավիճակին ներդաշնակ ու դիպուկ պատասխան ընտրել, այլև արտահայտել հուզազգացմունքային ձևավորվածությամբ այնպիսի նրբիմաստներ, որոնք հասարակ կաղապարային խոսքով չեն կարող արտահայտվել: «Ճիշտ է, դարձվածները շատ հին ծագում ունեն, գալիս են դարերի խորքից (դրանք լեզվում ստեղծվել են այն ժամանակ, երբ մարդը լեզվական վերացարկում կատարելու գիտակցություն էր ձեռք բերել), բայց և այնպես ունեն նաև արդիական նշանակություն, ստեղծվում են նաև մեր` իրադարձություններով անչափ հարուստ օրերում և այժմ էլ ամենից լավ են համապատասխանում մեր ժամանակի սրընթաց ոգուն»[34]:

Երախտագիտական կայուն կապակցությունների շարքում կարևոր տեղ ունեն հատկապես եղանակավորող դարձվածային միավորները: Ինչպես հայտնի է, սրանցից շատերը չունեն անվանողական արժեք և արտահայտում են խոսողի իմացական կամ գնահատողական վերաբերմունքը, այսինքն՝ եղանակավորում կամ երանգավորում են խոսքը, ասելիքը: Սրանք այն պատրաստի կառույցներն են, խոսքին յուրահատուկ երանգ ու լիցք տվող այն պատրաստի բլոկները, որոնք գրավոր խոսքին են անցել և շարունակում են անցնել բացառապես ժողովրդախոսակցական լեզվից ու բարբառներից: Բոլոր տեսակի դարձվածներից թերևս եղանակավորողներին է ավելի հատուկ խոսքային միջավայրն ու հնչերանգը, որոնք հաճախ վճռորոշ նշանակություն ունեն սրանց իմաստների և գործառության հարցերում[35]:

Բարեմաղթական բովանդակությամբ դարձվածային միավորները մոտենում են լեզվական սովորական արտահայտչամիջոցներին, միայն այն տարբերությամբ, որ կիրառվում են ոչ միշտ ու ամենուրեք, այլ առանձնահատուկ հոգեվիճակներ արտահայտելու համար և հատուկ նպատակներով. այլ կերպ ասած` ունեն խիստ սահմանափակ և որոշակի նպատակային կիրառություններ[36]:

Նման կապակցությունների կիրառման պահանջը հոգեկան ուրույն գործընթաց է: «Դրանք արդյունք են արտաքին ազդակներից հարուցվող հոգեկան գրգռի: Այդ գրգիռն այնքան բուռն է և զորեղ, որքան ուժեղ են արտաքին առարկայական դրդումները»[37]: Որքան ուժեղ է արտաքին ազդակներից եկող հոգեկան գրգիռը (որը տվյալ դեպքում պայմանավորված է արված լավության չափով ու բնույթով), նույնչափ մեծ է բարեգործին ուղղված մաղթանքը: Մաղթանքի հնչեցումը խոսողի կողմից արված լավության դիմաց բարեգործի հանդեպ ունեցած պարտքի ինքնատիպ փոխհատուցում է:

Նախ խոսենք այն կապակցությունների մասին, որոնք իրենց բուն իմաստով երախտագիտություն են արտահայտում: «Որևէ լեզվի դարձվածները այդ լեզուն կրող ժողովրդի հոգևոր մշակույթի հարստությունն են: Ամենից շատ դարձվածներում են արտացոլվում տվյալ ժողովրդի լեզվի ինքնատիպությունն ու յուրօրինակությունը, ազգային մտածողությունն ու հոգեբանությունը»[38]: Դրանք լավագույնս բացահայտում են երախտագիտության ժողովրդական ընկալումը, որում հստակ ընդգծված է մատուցված երախտիքի անհատույց չլինելու և բարեգործին փոխհատուցելու, պարտք չմնալու կարևորությունը: Այդպիսի արտահայտություններից են` Աստված այսինչի դո՛ւռը բերի (այսինքն`Աստծո տնօրինությամբ այսինչին պատահի այն, ինչ նա ուրիշին արել է): Արած(դ) (լավությունը) դեմը(դ) գա: Աստված տվածիդ (արածիդ) հազարապատիկը տա (քեզ): Տված ողորմությունդ Աստծու հախ կշեռքն ընկնի:Սրանք մաղթանքների այն հիմնատիպին են պատկանում, որի դեպքում գործողություն կատարողը մեկ ուրիշն է: Սրանց մերձիմաստ են, սակայն կրոնա-բարոյագիտական այլ ըմբռնում են մարմնավորում հետևյալ մաղթանքները` «Արածդ որդկերանցդ աղաքը գա», «Աստված (խերդ) հոգուդ դեմը բերե», «Աստված մեկի դատաստանը քաղցր անի»: Սրանք առավելապես տարեց մարդկանց ուղղված խոսքեր են: Առաջինի հիմքում ընկած է գաղափարը, ըստ որի` նախնիների պաշտամունքի հիման վրա հոգ էր տարվում ապրող սերունդների գոյության մասին` ի մխիթարություն և ի հավերժություն աշխարհից հեռացող նախնու[39]: Մյուս երկուսը, կրոնական հավատալիքների վրա խարսխված, արտահայում են մաղթանք, որով բարեգործին ցանկանում են մեռնելուց հետո հանդերձյալ կյանքում երջանիկ լինել` որպես բարի գործի հատուցում[40]:

Նախորդ ենթագլխում մեր կողմից հիշատակված` երախտագիտությունը որպես պարտք գիտակցելու կանտյան գաղափարը ժողովրդախոսակցական լեզվում արտահայտվում է նաև դարձվածային միավորներով` պարտքի տակ գցել (երախտիք ունենալ` լավություն անելով), պարտքի տակ թողնել (լավություն անելով` մեկին բարոյապես պարտավորեցնել), մեկի պարտքի տակից դուրս գալ (երախտահատույց լինել), պարտքի տակ չմնալ (հատուցել, երախտահատույց լինել), մի բանի տակ մնալ (փոխարենը չհատուցել), պարտքի տակ մնալ (չկարողանալ փոխարենը հատուցել, երախտահատույց չլինել), պարտքի տակից դուրս գալ (փոխարենը հատուցել, երախտահատույց լինել): Օրինակ` լավությունն ընդունելով` շնորհակալական որևէ խոսքի փոխարեն խոսողը կարող է ասել` Բաս, ես ո՞նց դուրս գամ քու պարտքի տակիցը  կամ այս արտահայտությունը` Պարտքի տակ գցեցիր:

Երախտիքն ու պարտքը ժողովրդական լեզվամտածողության մեջ այնքան են սերտաճած, որ մեկի երախտիքն ակնկալող գյուղացին, նախօրոք երաշխավորելով իր երախտահատույց լինելը, ասում է.

Ընչի՞ չէ…գլխիդ մեռնիմ, դու էդ լավությունն արա՛, իմ աչքի վրա քու ղուլլուղը (ծառայությունը):

Սա արտահայտման տարբեր ձևեր ունի` աչքիս վրա (զույգ), հազվադեպ` երկու աչքիս վրա, իմ աչքի, իմ գլխի վրա, ակներուս (ջուխտ, երկու), իմ ջուխտ աչիչ:

Գոհունակություն արտահայտող Գլխիս վրա տեղ (պատիվ) ունես կապակցությունը և մերձիմաստ արտահայտությունները կարող են փոխարինել շնորհակալական խոսքին` բարեգործին միշտ երախտահատույց լինելու պատրաստակամություն հայտնելով:

Իհարկե, միշտ էլ բառերի ընտրությունը պայմանավորվում է խոսողի անհատական հատկանիշներով և իրադրությամբ, բայց իրադրությունը երբեմն կարող է ընդհանուր առմամբ նախօրոք կանխորոշված լինել։ Նկատի ունենք արարողակարգային տարբեր իրավիճակները (դիվանագիտական հանդիպումներ, զինվորական արարողակարգեր և այլն)։ Նման դեպքերում արդեն երախտագիտության արտահայտությունը իրականանում է կոնկրետ կապակցություններով։

Մերզինվորական վարվելակարգում կիրառվում է երախտագիտության արտահայտմանսահմանված արարողակարգային «սցենար»: ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքում` երկրորդ` «Զինծառայողների փոխհարաբերությունները» գլխում, արձանագրված է նաև հրամանատար-ստորադաս հարաբերությունների համար նախատեսված շնորհակալության կարգը.

Հոդված 56. Եթե հրամանատարը (պետը) ծառայության կարգով շնորհավորում է զինծառայողին կամ շնորհակալություն հայտնում նրան, ապա զինծառայողը պատասխանում է հրամանատարին (պետին)` «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

Եթե հրամանատարը (պետը) շնորհավորում է զորամասին (ստորաբաժանմանը), ապա վերջինս պատասխանում է եռակի երկարաձիգ «Ուռա~»-յով, իսկ եթե հրամանատարը (պետը) շնորհակալություն է հայտնում, ապա զորամասը (ստորաբաժանումը) պատասխանում է` «Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը»[41]:

 Զինվորական էթիկետի այս կաղապարային ձևերը հիմնականում պատճենված են նույն ոլորտի` խորհրդային շրջանում ընդունված կարգից[42]:

Հոգևորականների հետ հաղորդակցման վարվելակարգը տարբեր իրավիճակներում տարբեր արտահայտությունների գործածում է ենթադրում: Հոգևորականներին դիմելու և հրաժեշտ տալու ընդունված ձևերը պայմանավորված են նրա եկեղեցական կոչումով: Ամուսնացյալ քահանային բարևի և շնորհակալություն-հրաժեշտի ժամանակ պետք է ասել. «Օրհնեցե՛ք, տե՛ր հայր», վարդապետին` «Աստված օգնակա՛ն, հա՛յր սուրբ»: Վարդապետի և աբեղայի հետ գրավոր հաղորդակցումը` նամակագրությունը, ավարտում ենք` պարզապես օրհնություն հայցելով. «Հայցում ենք Ձեր օրհնությունը»: Իսկ եպիսկոպոսի դեպքում ընդունված է հետևյալ արտահայտությունը. «Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն», կաթողիկոսի պարագայում` «Մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Սուրբ (և Օծեալ) Աջոյն»[43]: Բուն շնորհակալական բանաձևերի բացակայությունն այստեղ կարելի է բացատրել հոգևորականների դերի ու առաքելության` քրիստոնեական ընկալմամբ: Ներկայացնենք դա քահանայի դերի օրինակով. «Քահանա (արամեերեն kāhnā-Աստծո սպասավոր), քահանայություն, երեց, եկեղեցու նվիրապետական կարգի յոթերորդ աստիճանը…. Նա միջնորդն է Աստծո և մարդկանց միջև և մեղքերին քավություն տվողը»[44]: Հավատացյալն ընդունված արտահայտություններով Աստծո օգնությունն ու օրհնությունն է հայցում հոգևոր ծառայից, որ միջնորդի դեր է կատարում Տիրոջ ու հավատացյալի միջև: Իսկ գոհաբանական խոսքերն ուղղվում են Տիրոջը: «Ըստ քրիստոնեական աշխարհայացքի` իրական և ամբողջական երախտագիտության հասցեատերը կարող է լինել միայն Տերը»[45]:

Քրիստոնեական հավատն ամբողջապես չընկալած ու բարձրաոճ բանաձևերից հեռու հասարակ ժողովուրդը, այնուամենայնիվ, հայտնում է իր երախտագիտությունը հոգևորականին` հնչեցնելով նրան ուղղված բարեբանություններ` Փառաց մնաս կամ փառավոր մնաս` մնաք: Աստոծ կարգիդ հաստատ պահե: Կարգիդ հետ երգարիս: Փառավորիս ու կարգիդ հաստատ մնաս: Փառոց կենաս: Պաշտըմ պատարագի ըլիս: Ժամ-պատարագի ըլիս: Այնուամենայնիվ, այս մաղթանքներն ավելի շատ ուղղված են հոգևորականի անձին և կրոնա-գաղափարական տարրեր չեն բովանդակում: Սրանցում արտահայտվում է քահանային ուղղված` իր կարգի կամ պաշտոնի մեջ հաստատուն մնալու և իր պաշտոնը անխափան կատարելու մաղթանքը:

Տարբերակվում են երախտագիտության արտահայտման հետևյալ տեսակները` երախտագիտության հայտնում հասցեատիրոջը և երախտագիտություն վերին ուժերին: Քրիստոնեության մեջ երախտագիտությունը դիտարկվում է ոչ թե որպես առաքինություն, այլ որպես պարտք, և ավելի շատ կապվում է բարեսրտության հետ[46]: Սուրբ Պատարագի ավարտից հետո, երբ մոտենում են` Ավետարանը համբուրելու, պետք է համբուրել նաև հոգևորականի աջը՝ ասելով. «Մեղա Աստծու։ Հիշեցի Տեր ամենայն պատարագը քո եւ ուխտ քո ընդունելի արասցե»[47]։ Տիրոջն ուղղված գոհաբանական-գովեստի արտահայտությունները բազմաթիվ են` Օրհնյալ է Աստված: Փառքդ շատ (Տեր): Փառք Տիրոջը: Փառքդ շա՛տ ըլի, Աստվա՛ծ ջան և այլն:

            Բառերի շատ կապակցություններ իրենց բուն իմաստով երախտագիտության արտահայտիչներ չեն, սակայն կարող են հանդես գալ նաև այդ գործառույթով։ Դրանց մեջ հատկապես առանձնանում են որոշ օրհնանքներ ու մաղթանքներ, որոնք՝ որպես բարի ցանկություն, որևէ մեկի օգնությունից, նպաստավոր կամ օգտակար աշխատանք կատարելուց հետո ասվելու դեպքում ստանում են երախտագիտության արտահայտիչի գործառույթ, օրինակ՝ ճանապարհդ կանաչ լինի, վատ օր չտեսնես և այլն։ Սրանք առաջին հերթին բնորոշ են ժողովրդախոսակցական լեզվին։

Բարեբանական բանաձևերի գործածման նպատակը պայմանավորում է նրա հաղորդակցական արժեքը: Եթե ճանապարհդ կանաչ լինի արտահայտությունը հնչում է զուտ որպես մաղթական խոսք` ուղղված հարազատ կամ սիրելի մարդուն, այն պարզապես ցանկություն է, իսկ երբ ուղղվում է լավություն արած պատահական ճամփորդին, դառնում է մաղթական-շնորհակալական արտահայտություն:

Այդպիսի դարձվածքները շատ են` Մատը (մատդ) (ձեռքը/ձեռքդ) փուշ չմտնի: Ոտքը (ոտքդ) քարին չդիպչի: Ոտքերիդ (ոտքերի) տակ` ճամփիդ (ճամփին) վա՛րդ բացվի (վարդեր բացվեն)/ճամփադ վարդո՛վ բացվի/Ճանապարհին վարդե՛ր բուսնեն: Ճանապարհդ (ճանապարհը…) փունջ մանուշա՛կ լինի: Գրկումդ վարդ մանիշակ բուսնի, որ ուրախանաս: Ձեռդ քսես դաստեմ չոր խոտ` կանանչ դառնա: Ջուրը էրթաս` օսկի դառնա: Ֆող բռնես` օսկի դառնա: Փուշ բռնիս` վարթ դառնա: Չյուր թըղ բռնիս, կականչ թըղ դառնու: Չոր գետնին որ ոտ դնես` կանանչի: Ձորն էրթաս` կանանչի, կանանչդ ծլի, ծաղկի: Ցամաքը գնաս, ջուր դառնա: Զորանաս, ճղքճքնոտես: Ժողված հողդ ծիլ-ծիլ ոսկի դառնա: Ծառի պես ծաղկիս, ծաղկի պես ֆոտ տաս: Ծլիս, ծաղկիս, վարթ բոլորիս: Ճանապարհդ կանաչի: Ճամփադ (ճամփան…) հա՛րթ լինի: Ճանապարհդ (ճանապարհը…) փշեր չտեսնի: Աստված երեսը նայի (առանց վտանգի հասնի տեղը): Արևը ճամփին (մեկի վրա) թող շողա (փայլի): Օրդ արևո՛վ անցնի: Աստված բարի ճամփա տա: Կյանքիդ մեջ դարդ ու ցավ չտեսնես: Ծառդ կանանչած տեսնեմ: Ցամաք աչքով ծերանաս: Դուշմընի սրտով չըլիս: Բարով սև օր չտեսնաք: Հոտով ծաղիկ դառնաս աշխարհքի համար: Ճիվըդ քարուն չը կպնա: Աստված կրակեմեն ու ջրեմեն թափե ու ազատե: Ինչ բանի ձեռք զարկես` տեր աստված աջողե: Աստծու հաջողությունը վրեդ ըլի: Ուր քինաս` առաջիդ պարին կյա: Բարի լուրը միշտ քեզ հետ լինի: Աստված (Տերը) աչքը վրադ քաղցր պահի (քաղցրացնի): Աստված երկու ձեռքով պահի: Աստված խեր (բարին) տա: Աստված մեկի կռանն ըլնի: Աստված (ձեռքը) ձե՛ռքդ բռնի: Աստված մեկդ (մեկը, խսկց. մինդ) հազա՛ր անի: Աստված թող հաջողություն տա: Աստված թուրը կտրուկ անի: Աստված լինի քո օգնականը: Աստված կանաչ ու կտրիճ արևդ անվնաս պահե: Աստված կռներիդ ուժ տա: Աստված պահապան: Աստված պահի կամ պահպանի (պահի ու պահպանի): Մուրազի՛դ հասնես: Խաչը քեզ ու տանդ բարեխոս ըլնի: Քրիստոս տերն օրհնե հանդ ու հանդաստանդ: Աստված էլ ձեզ ամեն փորձանքից, նեղությունից ազատի: Աստված բարի բախտ տա: Օրհնանքը տանիցդ ու գլխիցդ անպակաս ըլնի: Գեշ օր չը տիսնաս: Աջն ու խաչը քեզ պահապան: Քրիստոս քըզի վատ օր չիտա: Քրիստոս աստվածը տուն ու տեղդ իր բերանով օրհնե: Աստված տա, չըխնայե: Աստված քեզ մեկ բարի դուռ բանա: Երկնային թագավոր աստված ուր յոթն աթոռով ձեզ օրհնի: Ինչ խորհրդի ես` աստված բարին առաջնորդե: Աստված սրտովդի տա: Վարագա սըբ նշան քե պախի: Աստծու խաչն ու աջը վրեդ պահապան ըլնի: Օխտը որդու հեր ըլիս: Որդով ու փառքով լիանաք աշխարումը: Կյանքիդ մեջ իսկի ախ ու վախ չանես: Ղսմաթդ աստծուց առնես ու վայելես: Բարի լույսը ճղճղնոտած վրեդ բացվի: Աստծու մենծ ողորմությունով ապրես: Աստված անհատ ու անպակաս անե իր օղորմութինը: Անունո՛վդ ապրիս (անունովն ապրի): Աստված ձեր ձեռը մեր գլխից անպակաս անի: Աստված շուրքը ձեր (նրանց) վրայից անպակաս անի: Կալիդ քամի ըլի, ջաղացիդ հերթ ըլի: Քարդ քաղած ըլի, հողդ մաղած ըլի: Ցանածդ սերմն անհատնում ըլնի, բարով ուտես: Բարով աշխատանքիդ պտուղն ուտես: Բարաքյավոր ըլնի կալդ ու կուտդ: Մեկ ցանեք, հազար վերցնեք: Բազարիդ խերը բարով տեսնես: Մեյ տաս, խազար առնես: Ոսկին ծիլ-ծիլ, սարեսար ունենաս: Աստված իմ կյանքից կտրե, ձեր կյանքի վրա ավելացնե: Քեզ վրա արև ծագի, թող ես մթնումը մնամ:

Շատ են տարածված հատկապես երկարակեցություն մաղթող արտահայտությունները, օրինակ` Աստված Սիմեոն ծերունի անի կամ Սիմեոն ծերունի դառնաս (դառնա…): Սիմոն ծերունու տարսը դառնաս: Աստված աչքից պակաս չանի (չանե): Աստված արևդ երկարե կամ արև տա: Աստված թող երկարե կյանքիդ օրերը: Աստված մեկ օրը հազար անի: Աստված քեզ երկար կյանք տա: Արևդ երկար (լինի): Կյանքդ ջրի նման երկարի: Ջրի պես երկայն արևդ լինի: Աստված քեզ արևշատություն տա: Ըմբրով (կյանքով) կշտանաս: Արեգակով կշտանաս: Քանց չինարի երգարես: Քանց բարդի բարձրանաս, քանց փշատի կռանաս: Հըզար տարեկան ընլես: Շատ տարիների արժանանաս: Ումբրդ երկար ըլնի: Մտեն ննգնիս Գաբրիել հոքեհանին: Թոռան թոռդ տիսնաս:

 Բարեբանական արտահայտությունները կարող են բարեգործի անձի փոխարեն ուղղված լինել նրա հարազատներին, օրինակ` Աստված քու հորն ու մորն ու ախպըրտանցդ շատ պահի: Աստված ախպորդ էրկեն արև տա: Որդիքդ ապրին ու զորանան: Աստված խոխեքըտ  (երեխաներիդ) պահի: Ասֆած ղերիբներուտ բանին-գործին խեյըլի աջողուդին տա:  

Տանտիրոջ հյուրընկալությունն ու հյուրասիրությունը կարող է փոխհատուցվել լիություն, շենություն ու ապահովություն մաղթող խոսքերով` Աղ ու հացը հալալ լինի: Աստված Ձեր սեղանը շեն պահի: Հացի սուփրին լիություն: Հացդ հայր Աբրահամու հացը դառնա, որ ոնչ հատնի, ոնց պակաս: Աստված օխնե, շեն պահե ձեր սեղանը: Աստված շեն պահի: Օջախը շեն կենա: Ուճոխիդ վառը: Օջախդ հաստատ մնա: Շեն կեցիր: Հացդ անպակաս ըլնի: Բարիքը սեղանիցդ անպակաս ըլնին: Քու սուփրեն գցած ըլի, քու հացը դրած ըլի, գինին տակառով ըլի, խոսքդ շաքարով ըլի: Ձեր սեղանը փռուկ էղնի: Սեղանդ բարելի ըլնու ու ամեն բարությունով լցվի: Սեղանդ անպակաս ու լիառատ մնա: Աստոծ սուֆրիտ փոշոնքը (փշրանքը) պակաս չենե: Ինչ որ մենք պակսացրինք, Աստված փոխարենը լցնե: Ես պակսեցուցի, աստված ավելցունե: Հայր Աբրահամի բերեքեթը մեձն ըլա: Աստված ճրագդ վառ պահի: Տուն ու դուռդ շեն ու կանաչած տեսնեմ: Աստծու տան հետ շեն կենաք, շեն ու շհար (քաղաք) ըլիք, բահր (բերք) ու բհար (գարուն) ըլիք: Աստծո բարությունով լցվի տունդ ու տեղդ: Օճախիդ մուխն ու ծուխը անպակաս ըլի: Միշտ դուռդ բաց ըլնի, օջաղդ բարղարար (հաստատուն) ըլնի: Ասբոծ (Աստված) յոխսուլութըն  (չքավորություն, կարիք) չի տո:

Հատկապես առողջական խնդիրն ունեցողներն իրենց երախտիքի դիմաց կարող են արժանանալ հետևյալ խոսքերին` Աստված առողջություն տա: Աստված ճար անե: Աստոծ լավութին տա, առողջութին ու սաղ սալամաթ ջան տա: Աստված ուժ ու կարողություն տա: Կըլոխնիդ ողջ ըլլա: Կըռնակդ գետին չի գա: Աստված սաղ պահի: Քանի որ ժողովրդի հայացքով հիվանդությունը գերբնական ոգիների չար ազդեցության հետևանք է գիտակցվել, ուստի և նրա բուժումը աղերսվել է մեծ մասամբ աստծու հետ[48]:

Բարեմաղթական արտահայտությունների մի խումբ ասվում է հատկապես տարեցներին: Ուստի եթե բարեգործը տարեց մարդ է, կարող է որպես իր երախտիքի պատասխան լսել հոգևոր-բարոյական բնույթի մաղթանքներ` Որդկերանցդ մի բուռ հողին արժանի ըլիս: Օրհնած ֆողին արժանանաս: Լիս դառնաս, լսի փայ ըլիս: Հոքիտ լուս դառնա: Քի (քեզ) արքայութին: Հոգիդ դրախտը էթա: Սրանցում կարևորվում են բարեգործի` մեռնելիս անտիրական չմնալը, սեփական գերեզմանին արժանանալն ու զավակների ձեռքով հողը դրվելու, օրհնված հողի արժանանալու գաղափարները:

Ամենամեծ բարիքը, որ ցանկանում են ծեր մարդկանց, գալիք հանդերձյալ կյանքում նրանց ունենալիք երջանկությունն է` կրոնական բովանդակությամբ ըմբռնված: Դա հոգու լույս դառնալու` հեթանոսական շրջանից եկող ցանկությունն է և անմահության դրախտին արժանանալը[49]: Նման արտահայտությունների մեծ մասը կարող է ուղղվել և՛ տարեց բարեգործին, և՛ հանգուցյալին` հիշելով նրա երախտիքը` Աստված հոգին լուսավորե: Լսի փայ ըլնի: Քի (քեզ) արքայութին: Լուսը գրկե, պառկի: Աստոծ նրա մեղագիրը ջնջե, կենաց դավթարին գրե: Ողորմի հոգուն: Արքայութենի փայ ըլի: Հոգիդ դրախը էթա:

Գորովանքի և հաճոյաբանական մի շարք նման դարձվածային միավորներ, կաթոգին սիրո ու անմնացորդ նվիրման գաղափարներ բովանդակելով, հաղորդակցական որոշակի իրադրությունում բարեգործի կողմից արված լավությանը հաջորդելով, ստանում են նրան ուղղված երախտագիտություն արտահայտող կառույցների արժեք: Այդպիսի միավորներ են, օրինակ, հետևյալները. Ցավդ (ցավը) տանեմ: Չա՛րդ (չա՛րը) տանեմ (կամ`… չարդ տանի ձևով): Ոտքիդ տակ ջո՛ւր ցանեմ: Ոտքիդ (ոտքի…) հո՛ղը դառնամ: Ոտքիդ (ոտքի…) հո՛ղը պագնեմ: Ոտքիդ տակի ցե՛խը լինեմ: Ոտքիդ ցե՛խը դառնամ: Ոտերիդ ջո՛ւրը խմեմ, ոտերիդ տակ (ճամփիդ) վա՛րդ բացվի: Ո՛տքդ պագնեմ(պագեմ` պաչեմ, հզվդ.` համբուրեմ): Մե՛ղքդ տանեմ (քաշեմ): Հոգի՛դ սիրեմ: Հոգի՛դ պագնեմ: Հոգի՛դ (հոգին) ուտեմ: Ճանի՛կդ ուտեմ: Աչքե՛րդ ուտեմ: Արև՛դ (արև՛ը) կծեմ, սիրեմ: Ուտե՛մ քեզ: Նման եղանակավորող դարձվածային միավորներն ակնհայտ հուզաարտահայտչական բնույթ ունեն և անվանողական առանձնակի արժեք չունենալով` իրադրությամբ ու հնչերագով են իմաստավորվում: Օրինակ` Ցավդ տանեմ արտահայտությունը` որպես դիմելաձև լայնորեն տարածված է առօրյա-խոսակցական լեզվում և գործածվում է հաղորդակցվողների կողմից առավելապես մտերմական-հարազատական իրադրության մեջ, երբ լեզվամիջոցների ընտրության հարցում խոսողն ազատ է: Որպես օրինակ մեջբերենք Ա. Ադիլխանյանի կողմից արձանագրված` վարորդների հեռախոսային խոսակցությունից հատվածը.

Ալլո, բարև ախպե՛ր ջան, ո՞նց ես:

 — Ցավդ տանեմ, ոնց ըլնեմ, որ լավ ըլնի[50]

Արտահայտության նման կիրառություններն այսօր բավական տարածված են: Դիմելաձևի նման գործառույթում գրեթե չի գիտակցվում այս կապակցության բարեբանական բովանդակությունը: Այստեղ այն համարժեք է դառնում ախպերս, հարազատս, ա՛յ ախպեր ու նման միավորներին: Մի բաժակ ջուր ստանալուց հետո տատը թոռանը կարող է ասել Ապրե՛ս, ցա՛վդ տանեմ : Այս դեպքում մենք ունենք շնորհակալական խոսքին ուղեկցող միավոր, որ ինքնատիպորեն համադրում է իր մեջ օրհնանքն ու դիմումը: Իսկ երբ նույն իրադրությունում պատասխանը լինի միայն հուզառատ Ցա՛վդ տանեմ-ը, կունենանք երախտագիտություն արտահայտող կայուն կապակցություն: Երախտագիտական խոսքի արժեք ստանալով` նման միավորներն արտահայտում են ընդունած լավության դիմաց խոսակցին (բարեգործին) անմնացորդ նվիրվելու, նրա ենթական դառնալու, անհրաժեշտության դեպքում նրա համար զոհաբերվելու գաղափարները:

Այդպիսի կապակցությունների մի մասը ձևավորվում է մեռնեմ, ղուրբան (կուրբան), մատաղ, սատկեմ բաղադրիչների հիմքով` Ջանի՛ն (ջանի՛դ…) մեռնեմ: Ջա՛նս քեզ կուրբան (մատաղ) էլնի: Ոտի՛դ (ոտի՛ն) մեռնեմ (կամ` Մեռնե՛մ ոտքերիդ (ոտքերին, ոտացդ…)): Ոտքերուդ հողի՛ն մատաղ: Մեռնե՛մ քեզ (ձեզ…): Քեզ մատաղ (ղուրբան լինեմ (լինի), արևմտահայերենում` ղուրպան (ղուրբան) ըլլամ/ըլլա): Հոգո՛ւդ (հոգուն) մատաղ (մեռնեմ, սատկեմ): Անունի՛դ (անունին) մեռնեմ: Արևի՛դ (արևի՛ն) մատաղ (մեռնեմ): Գլխի՛դ (գլխին…) մատաղ (մեռնեմ, ղուրբան): Երեսի՛դ (երեսին…) մեռնեմ: Արևի՛դ մատաղ: Արևի՛դ մեռնեմ (սատկեմ): Բոյի՛դ մեռնեմ: Գլխի՛դ մատաղ կամ գլխի՛դ մեռնեմ (մեռնիմ): Ոտքի՛դ տակ սատկեմ (մեռնեմ): Կյանքի՛դ մեռնեմ:  Մատա՛ղդ լինեմ:

«Մեր լեզվի Դ-ների գերակշռող մասի արտահայտած իմաստներն այնքան ակնբախ կերպով են կապվում իրենց բաղադրիչների հետ, որ մտավոր մեծ ճիգ չի պահանջվում այդ աղերսը բացատրելու համար: Բայց կան և այնպիսիք, որոնց ստուգաբանական վերծանումը կապված է որոշակի դժվարությունների հետ»[51]: Դրա համար հարկ է առաջանում դիմելու հարակից գիտությունների տվյալներին:

Մատաղ-ը բարեբանական բանաձևերում տարածված բաղադրատարր է: Մատաղն ի սկզբանե եղել է երախտագիտության արտահայտում գերբնական ուժերին զոհաբերության միջոցով: Կյանքն առավելագույնն է, ինչ կարելի է նվիրել: Մատաղի ծեսի ակունքներն էլ հուշում են, որ  զոհաբերվող կենդանին իր էությամբ փոխարինող զոհ է, մատաղն ու մատաղ անող անձը նույնականանում են[52]: Զոհաբերվելով երախտահատույց լինելու խորհուրդը անցել է վերոհիշյալ կապակցություններին: Լավություն ընդունողը, ընկնելով պարտքի տակ ու բարոյապես կախման մեջ մնալով բարեգործից, իրեն ստորադասում է ու դառնում պատրաստ փոխհատուցելու սեփական կյանքով: Այսօր, սակայն, այս գաղափարը  առավելապես չի գիտակցվում: Ղուրբան (կուրբան) մատաղ բառին հոմանիշ է:  Մեռնեմ-ընույն խորհուրդն ունի, սատկեմ-ը ոճական երանգով է տարբեր, գռեհկաբանություն է:

Անդրադառնալով մատաղին` նշենք, որ բաշխումից հետո այն ստացողը գործածում էր օրհնական-երախտագիտական այս կամ այն բանաձևը` Մատաղդ ընդունելի ըլի: Առ աստոծ հասնու: Հայր Աբրահամու մատաղն ըլնի ձեր արածը: Սրտիդ մուրազին հասնիս: Վարձքդ կատար ըլա:

Գովաբանական-բարեմաղթական մի շարք արտահայտություններ առավելապես հնչում են որպես երախտագիտություն լավ աշխատողի հասցեին` Ձեռքերդ (ձեռքդ) դալա՛ր (կանա՛չ, կանա՛չ մնա, դալա՛ր կենա, կանաչե՛ն): Կռների՛դ (կռների՛ն …) մատաղ: Կուռդ դալա՛ր մնալ: Ձենի՛դ մեռնեմ: Ձայնդ անսպա՛ռ (լինի): Վերջին երկուսով հաճախ են շնորհակալություն հայտնում երգիչներին:

Տարոսը քեզ-ը (նշանակում է` նույն բանին դու էլ արժանանաս[53]) ու մերձիմաստ արտահայտությունները հաճախ են հնչում որպես երախտագիտական խոսքի փոխարինիչներ` շնորհավորողին նույն բարեբախտությունը մաղթելով: Այս դեպքում դիմացինին` սեփական հաջողությամբ, երջանկությամբ ուրախանալու համար երախտապարտ լինելու գիտակցումն արտահայտվում է` նրան նույնը մաղթելով:

Հոգեհանգստի արարողակարգի դեպքում հաղորդակցվողն անտրամադիր է լինում խոսելու, հաճախ մխիթարական խոսքին պատասխանում է լռությամբ: Ինչպես գրում է Զ. Աղաջանյանը. «Հաղորդակցական իրավիճակն ամբողջապես հասկանալու համար բանաձևագործածողը անհրաժեշտաբար պետք է վերծանի նաև չասված բանաձևը»[54]: Սակայն լռությունը նման դեպքերում կարող է նաև փոխարինվել անցա՛վ մնաս և այլ նմանատիպ կապակցություններով` մխիթարելու և աջակցելու համար երախտագիտությունը բարեբանական խոսքով արտահայտելով:

 Բերված շատ օրինակներից կարելի է նկատել եղանակավորող դարձվածքների մի մասի գոյական բաղադրիչներին հատուկ ստացական` հատկապես դ հոդի առկայությունը, օրինակ` Ձենիդ մեռնե՛մ: Ցա՛վդ տանեմ: Ո՛տքդ պագնեմ:   

Քանի որ այս դարձվածներով խոսողը իր կամային, մտածական վերաբերմունքն է արտահայտում, այդ պատճառով էլ ստորոգումով ձևավորվածների բայական բաղադրիչները, չնչին բացառություններով, արտահայտվում են ըղձական եղանակի բայաձևերով, հիմնականում` նրա եզակի երրորդ դեմքով`Մորդ կաթը հալա՛լ լինի: Կերածդ հացը հալա՛լ լինի:

Բավական տարածված են նաև ընձական եղանակի առաջին դեմքով կազմված կառույցները` Բոյի՛դ մեռնեմ: Ցա՛վդ տանեմ: Մատա՛ղդ լինեմ: Ավելի սակավ եննույն եղանակի եզակի (շատ քիչ դեպքերում նաև հոգնակի) երկրորդ դեմքով արտահայտվող դարձվածները` Ըմբրով (կյանքով) կշտանաս: Արեգակով կշտանաս: Քանց չինարի երգարես [55]:  

Ժողովրդական լեզվում վաղուց շնորհակալական խոսքերի դեր ստանձնած այս իղձերի հիմնական նպատակը, ինչպես հասկացանք, կյանքի առողջության, նյութական միջոցների բարելավման և բարոյական ու հոգեկան բարձր հատկանիշների, հանդերձյալ երջանիկ կյանքի ու հոգու փրկության ապահովությունն է, որ կազմել է առհասարակ մարդկանց, և մասնավորապես կրոնների տիրապետության պայմաններում ապրող մարդու ամենակենսական բաղձանքը:[56] Ընդ որում, ի տարբերություն երախտագիտության արտահայտման մյուս միջոցներին, ժողովրդի իղձերն ու ակնկալիքները բարեբանություններում սոսկ պասիվ ցանկություններ չեն, այլ ունեն ակտիվ դեր, այսինքն, հետապնդում են հմայական ներգործության նպատակներ` դրանով ձեռք բերելով գործնական-կիրառական արժեք:

Ժողովրդախոսակցական լեզվում երախտագիտության արժեքով բարեբանական որևէ բանաձևի կիրառմանը կարող են հաջորդել կայուն կապակցություններով արտահայտված գնահատողական պատասխաններ:

Երախտագիտական խոսքին հաջորդող պատասխանի դերում կարող են գործածվել մխիթարական իմաստով դարձվածքներ` Բանի՛դ կաց: Սիրտդ ուրա՛խ բռնիր: Ջա՛նդ (ջա՛նը…) սաղ ըլի: Դո՛ւ ողջ լինես (Դո՛ւք ողջ լինեք): Ղոչա՛ղ կաց: Ոտիս (ոտին…) ցավ չի տա: Վերջինը կարող է պատասխան դառնալ մեկի համար որոշակի ճանապարհ անցնելու լավության դեպքում:

Բարեմաղթական-շնորհակալական բանաձևին խոսակիցը կարող է պատասխանել փոխադարձ գովաբանական-մաղթական արտահայտությամբ` Բերանդ տաճար: Բերան չէ, Ավետարան է: Բերանդ ցողվե՛: Բերա՛նդ կանաչի: Բերանի՛դ (բերանի՛ն) մեռնեմ (ղուրբան): Լեզվի՛դ մատաղ:  Սրտի՛ցս խոսեցիր: Աստված (Ալլա՛հը) բերանիցդ լսի: Աստված  (Տերը) տա: Աստված ձայնդ լսի: Բերանդ լույս դառնա:  Սրանց մի մասը գովաբանական-օրհնական բնույթ ունի և ուղղված է մաղթական բանաձևն ասողի հասցեին (որպես շնորհակալություն շնորհակալությանը), մյուս մասը` հենց ասված բանաձևին:

Արևմտահայերենում թուրքերենի Հո՛շ գելդինիզ (անգլերենի` You’re welcome! կապակցության նշանակությամբ) երախտագիտական խոսքի պատասխան արտահայտության ազդեցությամբ ու նմանությամբ գործածվում է բարի՛ եկաք կայուն կապակցությունը  խնդրե՛մ  նշանակությամբ, ինչպես, օրինակ.

–Ինծի շատ օգտակար եղաք, շնորհակալությո՛ւն:

-Բան մը չէր: Բարի՛ եկաք[57]:

Սեղանի լիությանն ու օջախին նվիրված արտահայտությունները, որոնցով երախտահատույց են լինում հյուրասիրության համար, հյուրընկալի կողմից հաճախ ստանում են համեցե՛ք, կերե՛ք, վայելեցե՛ք նշանակությամբ հետևյալ պատասխանները`Անո՛ւշ արեք: Խմողաց անուշ լինի: Անուշ, աստոծ անուշ էնե:

ԳԼՈՒԽ 2

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՀԱՐԱԼԵԶՎԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

2.1 Երախտագիտության՝ լեզվական միավորներով արտահայտություն ունեցող շարժասույթներ

Հայտնի է, որ հաղորդակցումն իրականանում  է ոչ միայն լեզվական, այլև հարալեզվական տարբեր միջոցներով, որոնց մեջ էական դեր ունեն շարժումները։ Դրանք ուսումնասիրության առարկա են դարձել լեզվաբանական գիտաճյուղերի զարգացման անհամեմատ ուշ շրջանում և մանավանդ մեր իրականության մեջ ամբողջական ու բազմակողմանի ուսումնասիրության գրեթե չեն արժանացել: Մինչդեռ շարժումային լեզուն,[58] ինչպես կդիտարկենք ստորև, ոչ միայն կարևոր է, այլև հաճախ, որոշակի հանգամանքներով պայմանավորված, դառնում է առաջնային: Դեպքեր կան, երբ հաղորդակցվողները հնչյունական միևնույն լեզվի կրող են, բայց չեն կարողանում դիմել բանավոր խոսքին, թեև համակեցության կանոններով դա արգելված չէ. պարզապես խոսելն անհնարին է լինում: Դրա հիմնական պատճառները լինում են հուզվածությունը, արտասանական ապարատի վնասվածությունը, հաղորդակցվողների հեռավորությունը, աղմուկը և այլն: Այս դեպքերում ինֆորմացիայի փոխանակումը կատարվում է համապատասխան շարժույթների միջոցով: 

Բառերն ու նախադասությունները շարժույթներով փոխարինելու նկատառումները շատ են, և հարկ չկա դրանց  մեկ առ մեկ անդրադառնալու: Կարող ենք մատնանշել երկու ընդհանրական դրդապատճառ: Շարժույթների օգնությամբ կարելի է բացահայտել այն, ինչ չի կարելի միայն բառերի միջոցով, և հնարավոր է համառոտել խոսքն ու ժամանակ տնտեսել[59]:

Հաղորդակցական գործընթացում լեզվական միջոցների պես հարալեզվական միջոցները ևս բոլորի կողմից հավասարաչափ ու միակերպ գործածություն չունեն: «Մարդիկ շարժանշաններ օգտագործում են ոչ միևնույն չափով և ոչ միևնույն իրավիճակներում: Դրանց օգտագործումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով` մարդու խառնվածքով, դաստիարակությամբ, կրթության աստիճանով, զգացմունքայնությամբ, խոսքային իրավիճակով և այլն»[60]:

Հայաստանի հեռավոր շրջաններում, այսինքն` քաղաքային կյանքից ավելի կտրված վայրերում ապրող մարդիկ իրենց զգացմունքներն արտահայտելիս ավելի ազատ են օգտվում հաղորդակցության ոչ բառային միջոցներից: Որոշ գյուղերում դեռևս կարելի է հանդիպել «մունջ» (համր, անխոս) հաղորդակցման` միայն նշանների ու շարժուձևերի միջոցով:

Շարժումների լեզուն իրականացվում է հինգ գլխավոր միջոցներով` շարժանք (ժեստ), մարմնաշարժում, դիմախաղ, կեցվածք, քայլվածք: Հիրավի, յուրաքանչյուր գործողություն կամ շարժույթ բաղկացած է համաժամանակյա կամ միմյանց հաջորդող շարժումներից: Շարժույթի դեպքում շարժումների գումարը հանգեցնում է ոչ միայն գործողության, այլև այդ գործողությանն ամրացված իմաստին:

Երախտագիտություն արտահայտող շարժումների մի մասը, հասարակության մեջ ամրագրվելով որպես կոնկրետ նշանակություն ունեցող ժեստ, շատ դեպքերում իր լեզվական արտահայտությունն է ունենում։ Այդպես է ոչ միայն երախտագիտության արտահայտման դեպքում։ Այս հիմունքով են առաջացել օրինակ՝ քիթ-մռութ անել (նեղանալ, խռովել), հոնքերը կիտել (մռայլվել, տխրել), ուսերը թոթվել (տարակուսել) և այլ կապակցություններ։ Երախտագիտության տարածված շարժումներից է գլուխ խոնարհելը, որը նաև հարգանք է արտահայտում։ Այս հիմունքով խոնարհվում եմ (մեկի/մեկի հիշատակի/մեծության առաջ) բառը ստացել է շնորհակալ եմ, երախտապարտ եմ, իմ հարգանքն եմ հայտնում  իմաստները։

Շարժույթների մի զգալի մասը արտացոլված է հնչյունային լեզվում որպես բառային միավոր կամ կայուն կապակցություն, այսինքն՝ դրանց միջոցով արձանագրված, համառոտակի նկարագրված են կատարվող գործողությունները՝ շարժույթների մեղմ ու սաստկական դրսևորումներով: Շարժույթն անվանող լեզվական միավորը դառնում է շարժույթի միջոցով արտահայտված իմաստի արտահայտիչ։ Օրինակ՝ ուսերը թոթվել կապակցությունը, որը շարժման ուղղակի նկարագրությունն է, հասկացվում է տարակուսել իմաստով, հոմանիշ է այդ բառին։

Այս կերպ հնչյունային և շարժումային լեզուները միահյուսվում են, թեև հաղորդակցական տարբեր իրադրություններում կարող են դրսևորվել նաև առանձին-առանձին: Ուստի շարժալեզվաբանի համար նման պարագայում անհրաժեշտ է ուսումնասիրել նաև հնչյունային լեզվում տեղ գտած շարժումային լեզվին վերաբերող արտացոլումները[61]: Ինչպես գրում է Վ. Միրզոյանը. «Կարելի է ասել, որ շարժաբանության հիմքում փիլիսոփայական առումով ընկած է համակարգային մոտեցումը. մարդը համակարգ է, ուստի խոսողի վարքի ցանկացած տարրը որոշակի տեղեկույթ է պարունակում»[62]:

Գ. Ջահուկյանը խոսում է շարժանշանների մասին` նշելով, որ դրանք կարող են լինել պայմանական (օրինակ` դրոշակային ազդանշումը, խուլուհամրերի մատնանշանային համակարգը) և ոչ պայմանական: Պայմանական շարժանշանները, ըստ լեզվաբանի, ունեն արհեստական բնույթ և հարմարեցված են գրանշանների (հազվադեպ` հնչանշանների) արտահայտմանը: «Սակայն կան այս կամ այն ժողովրդի մեջ, այս կամ այն մշակութային շրջանում գործող շարժանշաններ, որոնք առավել կամ պակաս չափով պայմանական բնույթ են կրում….»[63]: Գ. Ջահուկյանի ձևակերպմամբ` ոչ պայմանական են մարմնի և հատկապես դեմքի զանազան շարժումները (մասամբ համակցված բնույթի), որոնք հանդես են գալիս որպես մարդկային զանազան հույզերի ակամա արտահայտություններ: Սրանք սովորաբար կապված են բնախոսական որոշ գործընթացների հետ, որոնցով դրսևորվում են համապատասխան հոգեկան գործընթացները: «Ճիշտ է, սրանք ակամա բնույթ են կրում, բայց կարող են ընդօրինակվել, ինչպես, օրինակ, դերասանական ելույթների ժամանակ»[64]:

Վ. Միրզոյանը, խոսելով շարժումների լեզվի կարևորության մասին, տարբերակում է շարժումները հետևյալ կերպ. «Գործնական առումով ամենից առաջ հարկավոր է տարբերակել շարժումների տեսակները: Դրանց մի մասը սոսկ վատ սովորույթի դրսևորում է` մեքենայական շարժումներ, որոնք հույզերի` հոգու շարժմանն առնչվող ոչինչ չեն արտահայտում»[65]: Վ. Միրզոյանը դրանք անվանում է «մոլախոտային», քանի որ որևէ օգտակարություն չունեն: Այնուհետև առանձնացնում է նկարագրական բնույթի շարժումները. «Որևէ առարկայի, երևույթի, վայրի մասին նշելիս ձեռքերով ցույց ենք տալիս դրա չափը, տեղը, հեռավորությունը, ուղղությունը և այլն: Կարծեք  մենք վստահ չենք մեր խոսքով ասվածին, լրացնում-նկարագրում ենք  հավելյալ լեզվով` շարժումներով»[66]: Նկարագրականները հաճախակի կրկնվելիս կարող են անգամ խանգարել հաղորդակցմանը, թուլացնել խոսքի ներազդեցությունը: Վ. Միրզոյանը եզրակացնում է, որ պետք է մեքենայականնները բացառել, իսկ նկարագրականները հասցնել նվազագույնի: Եվ վերջապես, խորհրդանիշ-շարժումներ` ողջույնի, հրաժեշտի, գոհունակության, լռություն պահպանելու, ուշադրություն հայցող, համբերության կոչող, ունկնդրելու պատրաստակամության և այլն: Այլ է հոգեբանական շարժումների խնդիրը: Որքան էլ տարօրինակ է, դրանք մենք չենք էլ նկատում, քանի որ միաձույլ են լինում խոսողի մտքին: Մեր մարմինն ու դեմքը արտահայտում են այն, ինչ մենք հաղորդում ենք մեր խոսքով: «Այսպես, ուղեկցելով մեր խոսքը (վերբալ լեզուն), դրանից առաջ ընկնելով կամ էլ առանց խոսքի`  շարժումները հաղորդում են խոսողի բոլոր հույզերը` զարմանք, զայրույթ, հրճվանք, սարսափ, զզվանք, հիասթափություն, թախիծ և այլն»[67]:

Ա. Խաչատրյանի և Ռ. Թոխմախյանի ուսումնասիրության մեջ հարալեզվական նշանները բաժանվում են շարժանշանների (ժեստերի) ու դիմախաղերի և կարող են լինել պայմանական ու ոչ պայմանական[68]: Սրանց տարբերակումն ու բնորոշումն արդեն տրվում է` ըստ Ջահուկյանի վերոնշյալ դիտարկման: Որոշակի խոսքային արտահայտությանը փոխարինող շարժանշանների կողքին կան այնպիսիները (դրանք մեծամասնություն են կազմում), որոնք ուղեկցում են խոսքին և ինչ-որ մասով ավելի արտահայտիչ դարձնում այն: Կան և այնպիսիները, որոնք ուղեկցվում են խոսքային որոշակի կաղապարներով (շտամպներով) կամ ձայնարկություններով: Ելնելով սրանից` շարժանշանները, ըստ իրենց ինքնուրույնության աստիճանի, կարելի է բաժանել հետևյալ խմբերի. ա) ինքնուրույն, բ) խոսքն ուղեկցող և այն ավելի արտահայտիչ դարձնող, գ)խոսքային որոշակի կաղապարներն ու ձայնարկություններն ուղեկցող շարժանշաններ: Ամեն մի խմբի ներսում, ըստ իմաստային ընդհանրության, կարելի է առանձնացնել որոշակի ենթախմբեր[69]:

Ե. Գևորգյանը շարժաբանությանը նվիրված աշխատության մեջ ներկայացնում է շարժույթների մանրակրկիտ դասակարգումը: Նախ տալիս է սեմիոտիկական դասակարգումը, որի հիմքում ընկած է արտահայտվող իմաստի հատկանիշը, համաձայն որի` շարժումները բաժանվում են երեք խմբի` տեղաշարժական (լոկոմոտորային), իմաստային և հուզական[70]: «Ի տարբերություն առաջին խմբի շարժումների, որոնք զուտ մեխանիկական են և առաջին հերթին նպատակաուղղված են որևէ ֆիզիկական գործողության իրականացմանը, երկրորդ ու երրորդ խմբի շարժումները հաղորդակցական բնույթ ունեն և հասարակության անդամների համար ինֆորմացիա փոխանակելու միջոց են: Այլ կերպ ասած` շարժանշաններ են, որոնք ոչ բանավոր հաղորդակցության մեջ նույն դերն են կատարում, ինչ հնչանշանները` բանավոր խոսքում»[71]:

Ե. Գևորգյանն իր շարժութարանում առանձնացնում է հայոց շարժումային լեզվին բնորոշ, երախտագիտություն արտահայտող տասնյոթ շարժասույթ[72]: Դրանք միմյանցից զանազանվում են շարժասական-կատարողական փոքր կամ առավել մեծ պլանի չափերով, շրջապատի վրա տարբեր կերպ ներգործելու կամ չներգործելու հանգամանքով: Նրանց կարող են զուգադրվել նաև հրճվանք ու զարմանք, հարգանք արտահայտող ամենատարբեր շարժասույթները:

Աջը կրծքին դնելու շարժասույթի լեզվական այլ արտահայտություններից են` աջ ձեռքը սրտին դնել, ձեռքը դեպի սիրտը տանել, ձեռքը կրծքին սեղմել և այլն: Նշանակություններից մեկը շնորհակալության հայտնումն է, օրինակ. «Հուզված վեր կացավ տեղից, խոնարհվեց, շնորհակալություն հայտնեց` աջ ձեռքը կրծքին»[73]: Օրինակն արդեն իսկ հուշում է շարժասույթի` լեզվական միջոցներին զուգակցված  կիրառումը: Ձեռքը սրտին կապակցությունը Պ. Բեդիրյանի դարձվածաբանական բառարանում արձանագրված է բազմիմաստ դարձվածքի արժեքով: Միավորի համար որպես առաջին իմաստ ներկայացվում  է պատրաստակամ հնազանդություն հայտնելը[74]: Բառարանում տեղ է գտել նաև ձեռքը կրծքին տարած դարձվածքը, որ լարված ու հուզված լինելու նշանակությունն ունի: Կա նաև ձեռը կրծքին քսել կապակցությունը` որպես հաճույքի, գոհության զգացման արտահայտություն: Իսկ ձեռքը սրտին դրած` դնելով կապակցությունը խղճին չդավաճանելու, խղճով վարվելու նշանակությամբ է տրված:  Ձեռքը սրտին կամ սրտի վրա դնել կապակցությունը Ա. Սուքիասյանի և Ս. Գալստյանի դարձվածաբանական բառարանում ճիշտը ասել (անել), չկեղծել իմաստներով է ներկայացված[75]: Սրանք այս կամ այն չափով երախտագիտություն արտահայտող կամ գոնե ինչ-որ կողմով երախտագիտությանը լրացնող գործառույթ ունեն: Ձեռք բառի փոխարեն աջ բաղադրիչն ունեցող տարբերակները դարձվածային առանձնակի արժեք չունեն, սակայն Ե. Գևորգյանը հենց աջ-ն է գործածում տվյալ և շատ այլ շարժասույթների դեպքում, քանի որ կարիք է զգում շարժումը հնարավորինս ճշգրիտ նկարագրելու: Հաճախ ենք լսում հետևյալ միտքը. «Ձեռքդ խղճի՛դ դիր ու ասա՛….»: Սա ևս անկեղծություն արտահայտող նույն շարժույթի կիրառումն է ենթադրում:

Աջ(ա)համբույր տալ[76] շարժասույթը լեզվական հոմանշային բազմաթիվ ձևեր ունի, օրինակ` ձեռնապաչիկ, ձեռքպագ տալ, աջը շրթունքներին սեղմել և այլն: Այս հնավանդ շարժասույթը սեր ու քնքշանք արտահայտելու, մեծարելու, հարգելու, հաճոյանալու միջոց է, ինչպես նաև՝ խորին շնորհակալություն հայտնելու: Շարժասույթը հաճախադեպ չէ. գործածվում է հիմնականում խորին երախտագիտությունն արտահայտելու համար, օրինակ. «Բղդեն վրա պրծավ, բարերարի ձեռքն երեք անգամ համբուրեց …. ու հազար շնորհակալություններով հեռացավ»[77]:

Հոգևորականի աջը համբուրելը արտահայտում է կրոնական ջերմեռանդություն: Երախտագիտության քրիստոնեական ընկալմանն արդեն անդրադարձել ենք մեր աշխատանքի առաջին գլխի երկրորդ ենթագլխում: Շարժասույթը ձեռքը համբուրել (խոսակցական` ձեռքը պաչել) դարձվածային արտահայտության տարբերակ ունի` այդ թվում` հարգանք, պատկառանք, շնորհակալություն արտահայտելու նշանակություններով: Աջն առնել դարձվածքն արդեն շարժույթի մասնավոր կիրառման նշանակությունն է արտահայտում. նշանակում է հոգևորականի ձեռքը համբուրել: Աջ բաղադրիչով կայունացած կապակցություն ունենք նաև այս շարժասույթին նախորդող գործողության համար. աջը տալ դարձվածքը հոգևորականի կողմից իր աջի մեկնումն է` առնելու հավատացյալի համբույրը: Աջահամբույր բառը` որպես գոյական, ստացել է դրամական նվերի իմաստ, որ հավատացյալների կողմից տրվում է հոգևորականին` առնելու նրա ձեռքի համբույրը զանազան ծիսակատարությունների ժամանակ[78]:

Ձեռքը բռնել շարժասույթի լեզվական արտահայտման հոմանիշ կապակցություններից են` աջը բռնել, աջը մեկի ձեռքի մեջ դնել, աջը մեկին պարզել, ձեռքը սեղմել, երկու ձեռքերով սեղմել մեկի աջը և այլն: Այս շարժույթը խիստ կանոնարկված է. հաղորդակցվողներն այն կատարում են բացառապես աջ ձեռքով, ափերը շփվում (սեղմվում) են միմյանց, տևողությունը՝ մեկ-երկու վայրկյան: Բնույթով պաշտոնական է. որպես կանոն, շարժասողները կանգնում են դեմ հանդիման, աջ նախաբազուկը (որոշ դեպքերում տարածության պահանջով` թևը) կրծքի մակարդակին մեկնվում է առաջ, ափն ուղղվում է դեպի ձախ. ձեռքերը կամ մնում են միևնույն հարթության մեջ, կամ շարժվում վեր ու վար. պատշաճ վարվեցողությունը պահանջում է գեթ թեթևակի սեղմել հաղորդակցվողի ձեռքը` տալով նրան ողջ ձեռքը (որոշակի պատճառներով կամ դիտավորությամբ կանոնը խախտվում է. շարժասողը միայն շփվում է ափով մյուսի ափին կամ տալիս մեկ-երկու մատը կամ մատների ծայրերը, ինչը անախորժության առիթ է տալիս): Այս շարժասույթով բարեկամական ու հարգալիր վերաբերմունք է արտահայտվում: Դրանով նաև գոհունակություն, երախտագիտություն են հայտնում: Ձեռքերը հաղորդակցական գործընթացում, ինչպես տեսնում ենք, առանձնակի կարևորություն ունեն[79]: Շարժույթի նկարագրման տարբերակներից մեկի` ձեռքը բռնել կապակցության դարձվածային նշանակությունն այլ բովանդակություն ունի` արգելել, նեցուկ դառնալ: Իսկ ձեռքը սեղմել դարձվածքն արտահայտում է նշված շարժույթի նշանակությունը` բարեկամության, հարգանքի, երախտագիտության արտահայտումը:

Արևմտահայերեն տարբերակով ակռաները ցուցնել (ցուցանել) շարժասույթը շարժութաբանը ներկայացնում է բազմաթիվ կապակցություններով`  ատամնաշարը ցույց տալ, ատամները բաց անել, ատամների պսակները ցույց տալ, ժպտալ, շրթունքները ետ գնալ և այլն, որոնց միայն մի մասը կարող է գործածվել երախտագիտության արտահայտման պարագայում: Շարժասույթի նշանակություններից են հավանության, գոհունակության, ինչպես նաև հաճոյանալու արտահայտությունները: Ընդ որում, շարժասույթի լեզվական դրսևորումներից իմաստային առումով երախտագիտության համար նպատակահարմարը ժպտալ բայն է, որի արտահայտած բառային իմաստների մեջ ակնհայտ է հաճության, գոհունակության, երջանկության  արտահայտումը[80]: Ըստ երևույթին՝ ժպիտով հաճոյանալն ու գոհունակություն հայտնելն արդեն իսկ շնորհակալ լինելու, լավ գործը փոխհատուցելու տարբերակ է: Ժպիտ բաղադրիչով մերձիմաստ կայուն կապակցություններ ևս կան, օրինակ` ժպիտ անցնել, ժպիտը չիջնել, ժպիտ խաղալ (շողալ, փայլել), ժպիտ վազել: Մինչդեռ ակռաները ցուցնել  արտահայտությունը դարձվածային արժեքով դիմադրելու, կռվելու տրամադրությունը ցույց տալու հիմնական նշանակություն ունի[81]: Սա այն շարժասույթների թվին կարելի է դասել, որոնք հաղորդակցական հստակ նշանակություն չունեն և մեծապես պայմանավորված են իրադրությամբ: Ժպիտն ավելի շատ հաղորդակցական` լեզվական և հարալեզվական տարբեր միջոցներին ուղեկցող գործառույթ ունի: Շարժասույթը շնորհակալական արժեք է ստանում, երբ պայմանավորվում է հաղորդողի ընդունած երախտիքով: Հարալեզվական միջոցների շարքում այն, կարելի է ասել, ունի երախտագիտության արտահայտման այն տրամաբանությունը, ինչ լեզվական միջոցների շարքում` շոյված եմ, զգացված եմ, գոհ եմ ու մերձիմաստ արտահայտությունները, այսինքն` սեփական երախտագիտություն ® ապրումներ ® պարտք հաջորդականության արտահայտումն է:

Բազկատարած ընկնել մեկի մարմնի վրա շարժասույթը արտահայտվում է նաև  գրկել, գիրկն առնել, բազկաց մեջ առնել, բազուկներով փաթաթվել մեկին և այլ արտահայտություններով: Շարժութարանի հեղինակն այս շարժասույթի համար  առանձնացնում է հետևյալ իմաստային տարբերակները՝ կարոտն առնել, համակրանք, գորով ու խանդաղատանք արտահայտել, հրաժեշտ տալ, բաժանումից առաջ հոգու կարոտը հագեցնել, բուռն ուրախություն ապրել, հրճվել, վշտանալով՝ մեկի մեջ սփոփանք, ապավեն փնտրել, վախենալ, սարսափել, սոսկալ: Սակայն շարժութարանի` իմաստների ցանկում այս շարժասույթը ներառում է շնորհակալության արտահայտման իմաստ ունեցող շարժասույթների շարքում: Այն հաճախ երախտագիտությունը մտերմիկ, սիրալիր վերաբերմունքով, հրճվանքով արտահայտելու հնարավորություն է տալիս: Դարձվածային ձևերից տարածված է իր գիրկն առնել կապակցությունը, որ հիմնականում ընդունելու նշանակություն ունի:

Բազուկների վրա առնել (մեկին) շարժասույթի համար, որ ունի բազմաթիվ այլ լեզվական արտահայտություններ` վեր բարձրացնել, թևերի վրա վերցնել, ձեռքերի վրա բռնել, օդ բարձրացնել և այլն, Ե. Գևորգյանն առանձնացրել է հաղորդակցական երկու իմաստ՝ բուռն սեր արտահայտել կնոջ, երեխայի նկատմամբ և մեկին բուռն գովեստի արժանացնել, մեծարել: Սակայն սա ևս ներառել է շնորհակալության արտահայտման շարժասույթների ցանկում` հավանաբար դիմացինին մեծարելու, գովաբանելու առումով իմաստային առնչակցություն գտնելով, ինչպես բազկատարած ընկնել մեկի մարմնի վրա շարժասույթի դեպքում: Գործում է հետևյալ տրամաբանական շղթան`երախտագիտություն ® պարտք ® խրախուսանք/գովեստ: Այս շարժասույթը ներկայացվում է տարբեր արտահայտություններով` ձեռքերի վրա բարձրացնել, վեր բարձրացնել:

Բարև տալու շարժասույթի լեզվական արտահայտման կայուն և ոչ կայուն շատ կազմություններ` գլուխ իջեցնել, գլուխ տալ, խոնարհվել, խոնարհություն անել, գլուխը մինչև գետին խոնարհեցնել, երկրպագել, խոնարհվել մեկի ոտքերին, մինչև ծունկը երկրպագություն իջեցնել և այլն, բազմաթիվ հաղորդակցական իմաստների հետ արտահայտում են նաև մեծարմամբ ու խոնարհումով երախտագիտության հաղորդումը: Բերված օրինակներից իսկ կարելի է նկատել խոնարհման ու երկրպագության տարբեր աստիճանները: Այս շարժասույթը կարող է մեկտեղել նաև ողջույնը կամ հրաժեշտը, օրինակ. «Նորեկը հեռացավ` խոնարհություն անելով»[82]:

Գլխի իջեցումով բարևել շարժասույթը, որը կարող է արտահայտվել բազմաթիվ այլ կապակցություններով` գլխով խոնարհվել, գլխի շարժումով շնորհակալություն հայտնել, գլխով շնորհակալության նշան անել և այլն, ըստ երևույթին, ընդամենը նախորդ շարժույթի  լեզվական արտահայտման տարբերակներից է. «Գլխի թեթև խոնարհումով Ժորան շնորհակալություն հայտնեց» կամ «Լսելով մեր մխիթարանքի խոսքերը` նա գլխի շարժումով միայն շնորհակալություն հայտնեց»[83]: Ընդ որում, գործածության վերջին դեպքը հիշեցնում է այս շարժույթի աղերսը հոգեհանգստի արարողակարգի հետ:

Յուրաքանչյուր ժողովրդի շարժույթները սեփական մշակույթի ներսում հարազատ ու ընդունված են: Դրանք արդյունք են դարերի ընթացքում հաստատված կենցաղի, ավանդույթների, աշխարհըմբռնման, կրոնի և այլ գործոնների:

Ինչպես վերը նշել ենք, հանդիպում են դեպքեր, երբ խոսքը խոչընդոտող պայմանների բացակայությամբ իսկ նախապատվությունը տրվում է շարժասությանը[84]: Սա ունենում ենք նաև հոգեհանգստի արարողակարգի դեպքում: Այս հոգեվիճակում հաղորդակցվողն անտրամադիր է լինում խոսելու և աշխատում է, ըստ հնարավորին, բառերը փոխարինել գործողություններով, բայց ամենից առաջ` շարժույթներով: Մեր իրականության մեջ ընդունված է ցավակցական խոսքերին պատասխանել` աչքերը փակելով ու գլխի թեթևակի խոնարհմամբ կամ պարզապես լռելով: Սա ստացած մխիթարանքի համար զուսպ երախտագիտական պատասխան է:

Գլխի շարժումով շնորհակալության հայտնումը նման ևս մի կիրառություն ունի:Սոցիալական անհավասարության պայմաններում, սառը հարաբերություններ պահպանելով, հասարակական սանդուղքի բարձր աստիճանի վրա եղողները հակված են շարժույթներով դիմելու իրենցից ցածրերին` գոյություն ունեցող տարբերությունը ընդգծելու, բարձր դասի կողմից ակներև արհամարհանքի մտայնությամբ: Օրինակ` երբ աղախինը սուրճ է բերում տիրոջը, վերջինս հաճախ շնորհակալության փոխարեն կարող է գլխով անել կամ առհասարակ չարձագանքել:

Ի ծունկ անկանել շարժասույթի լեզվական արտահայտման ձևերից են, օրինակ` ծնկի գալ, ծնկի իջնել կայուն կապակցությունները, ծնկաչոք լինել, ծնրադրել և այլն: Շարժասույթի դրսևորման իմաստներից է խորին երախտագիտության հաղորդումը: Դա արվում է խորին ակնածանքի, հարգանքի արտահայտմամբ: Ծնկի են գալիս նաև աղոթելիս և օրհնություն ստանալիս: Վերին ուժերին ուղղված երախտագիտությունը հաճախ է ուղեկցվում այս շարժույթով: Արարչի կատարյալ էության դեմ մեղսավոր ու խոնարհ լինելու գաղափարներից բացի` կան ծնկի գալու կրոնական բազմաթիվ այլ բացատրություններ:  Ըստ հրեաների` ծունկը խորհրդանշում է ուժը, հետևաբար ծնկի գալը մեր ուժերի խոնարհումն է Աստծո առաջ և խոստովանությունը, որ մեր ողջ ունեցածը ստացել ենք նրանից[85]:

Կան շարժասույթներ, որոնք երախտագիտություն հայտնելիս համեմատաբար քիչ են գործածվում, քանի որ դրանցով հստակ ընդգծվում է լավությունն ընդունողի կախյալ վիճակը բարեգործից:

Իրեն մեկի ոտքերը գցել շարժասույթը նկարագրվում է նաև լեզվական այլ արտահայտություններով` ոտքերն ընկնել, մեկի ծնկներին փաթաթվել, փեշերին փարվել: Ոտքերն ընկնել դարձվածքը հիմնականում գործածվում է, սակայն,  օգնություն խնդրել, աղաչել իմաստով: Խորին երախտագիտություն արտահայտող այս հնավանդ շարժումն այսօր հազվադեպ է հանդիպում:  

Կոշիկները համբուրել կամ ոտքերը համբուրել, ոտքերի փոշին համբուրել և լեզվական այլ արտահայտություններով նկարագրվող շարժասույթը հազվադեպ է հանդիպում հաղորդակցական գործընթացում: Այն կիրառողը կյանքի ցանկալի, բացառիկ իրադարձության առթիվ բարեգործին գերագույն աստիճանի երախտագիտություն  է հաղորդում, պաշտելու չափ հարգանք մատուցում, ակնածում, անզուսպ ուրախություն ու սեր ապրում:

Փեշը լիզել կամ փեշը համբուրել, քղանցքը համբուրել և նման լեզվական արտահայտություններով շարժույթը ևսհազվադեպ է կիրառվում: Այն պաշտելու չափ սիրելու, գերագույն հարգանք, ակնածանք արտահայտելու նշանակություններով աղերսվում է երախտագիտության զգացմանը: Փեշը համբուրել (արևմտահայերենում` փեշը պագնել) դարձվածքը հոմանիշ[86] է ոտքերը համբուրել կապակցությանը:

Բերանին, ճակատին դնել, շուրթերը, ճակատը մի բանի հպել, համբուրել-գլխին դնել  և մերձիմաստ կապակցությունները նկարագրում են բազմիմաստ շարժասույթ, որի գործառույթներից մեկն էլ շնորհակալ լինելն է որևէ իրեղեն երևույթի, ջերմեռանդություն զգալը դրա նկատմամբ: Համբուրելը, առհասարակ, պայմանավորված հաղորդակցական իրադրությամբ, կարող է դառնալ երախտագիտական շարժույթ: Այն լեզվական արտահայտման տարբեր ձևեր ունի: Ստորև կխոսենք դրանց մասին:

Բեղերը մեկի այտը խտղտացնել (խտղտել), կամ բեղերը մեկի այտին քսել, մեկի դեմքին հպել, համբույր առնել, համբույր դրոշմել և այլ նման կապակցությունների նկարագրած շարժույթը գործածողը երախտագիտություն է հայտնում`  բուռն կերպով ուրախանալով, բարեգործին գովեստի, խրախուսանքի արժանացնելով, ջերմ վերաբերմունք արտահայտելով մեկի գործողությունների և այդ գործողությունները կատարած նրա մարմնամասերի նկատմամբ, ջերմեռանդություն ու խոր ակնածանք արտահայտելով:

Նույն տրամաբանությամբ երախտագիտություն արտահայտող շարժույթ կարող ենք համարել նաև օդային համբույր ուղարկելը, որը կարող է ուղեկցվել մուահ ձայնով: Կատարվում է սեփական ափը համբուրելու միջոցով, որին հաջորդում է ժեստը դեպի մարդու կողմ ուղղելը: Օդային համբույրի մեկ այլ ձև է առանց ձեռքերի օդում համբուրելը` համբույրն ուղղելով դեպի անձը։ Այս շարժույթը հաճախ է կիրառվում հանրային ելույթներում` հատկապես ուղղվելով հանդիսատեսին:

Համաձայն իրավիճակների` մարդկանց որոշակի խմբերից պահանջվում է կատարել մեկ, իսկ ուրիշներից էլ` այլ կարգի շարժույթներ: Ունկնդրի և ելույթ ունեցողների փոխհարաբերությունները, որ տերմինավորմամբ կարելի է կոչել թատերական վարվելակարգ, պահանջում են, որ առաջինը ծափահարությամբ խրախուսանք ու գովեստ արտահայտի, մինչդեռ երկրորդը` գլխի խոնարհումով իր շնորհակալությունը: Նման դեպքերում ծափահարություն կարող է երկուստեք դառնալ նաև երախտագիտության արտահայտման միջոց: Շարժասույթը կարող է արտահայտվել գովաբանական-խրախուսական իմաստ ունեցող տարբեր լեզվական արտահայտություններով, ինչպիսին են, օրինակ` ծափ տալ, ծափ հարկանել, ծափ զարկել, ծափ անել հարադրավոր կազմությունները: Ինչպես տեսնում ենք, դարձվածային միավորներից բացի` շարժասույթների լեզվական արտահայտման գործընթացում ոչ պակաս կարևոր տեղ ունեն նաև հարադրավոր բայերը, որոնք, ինչպես հայտնի է, տարբերվում են նրանով, որ կազմված լինելով բայական և ոչ բայական բաղադրիչներից` ունեն բառական մեկ միավորի արժեք[87]:

Շարժույթները կարող են պարզեցվել կամ համառոտվել, ունենալ բաղադրիչ շարժումների կատարման ու ամպլիտուդների փոփոխություններ և այլն: Հաղորդակցվելիս երկու կամ ավելի միջոցներ կարող են հանդես գալ միաժամանակ, փոխադարձաբար լրացնել միմյանց, հատկապես դիմախաղը հաճախ և շատ հաճախ է ուղեկցում մյուս միջոցներին[88]:

2.2 Երախտագիտության՝ լեզվական միավորներով արտահայտություն չունեցող շարժասույթներ

Խոսքն ուղեկցող հաղորդակցական միջոցների շարքում շարժույթներն առաջնակարգ տեղ են գրավում: Բանավոր խոսքում դրանք ուղղակի կատարվում են խոսողների կողմից, գրավորի դեպքում` հիշատակվում բառերով կամ կապակցություններով՝ նպաստելով հաղորդակցման գործընթացի ամբողջական պատկերմանը: Երախտագիտություն արտահայտող շատ շարժումներ, որոնք հաղորդակցման կայուն միջոցների են վերածվել, ստացել են նաև լեզվական դրսևորում։ Այսինքն՝ լեզվում կան այդ շարժումներն արտահայտող բառեր կամ կայուն կապակցություններ, որոնք իրենց բուն իմաստով շարժման նկարագրությունն են, բայց խոսքում գործածվելիս դրանք ընկալվում են շարժման արտահայտած իմաստով։ Օրինակ՝ քիթը տնկել արտահայտությունը հասկացվում է մեծամտանալ, գոռոզանալ իմաստով։ Թեև այն գործողության ուղղակի նկարագրությունն է, բայց հայերենին տիրապետող ոչ մի մարդ այն չի ընկալում որպես շարժման նկարագրություն։ Այսպիսի միավորները մենք քննեցինք նախորդ բաժնում։

Սակայն կան նաև այնպիսի շարժումներ, որոնք հանդես են գալիս միայն որպես հաղորդակցման հարալեզվական միջոցներ, այսինքն՝ նրանց լեզվական նկարագրությունը կայուն կապակցության չի վերածվել։ Օրինակ, եթե գլուխ խոնարհել կապակցությունը նույնիսկ խոսքաշարից դուրս արտահայտում է հարգանք կամ երախտագիտություն և ըստ էության վերածվել է հարադիր բայի, ապա կան մի շարք շարժումներ, որոնք բանավոր հաղորդակցման ընթացքում կատարվում են, արտահայտում են որոշակի իմաստ, որը հասկանալի է լինում հաղորդակցվող կողմերին (այսինքն՝ պատահական շարժումներ չեն), բայց գրավոր խոսքում այդ շարժումը պետք է նկարագրվի։ Քանի որ չկա այդ շարժումն արտահայտող կայուն միավոր, յուրաքանչյուրը կարող է իր ձևով ներկայացնել-նկարագրել շարժումը՝ երբեմն նույնիսկ հուշելով, թե այն ինչ է նշանակում։  Այսինքն՝ շարժումը հնարավոր է ներկայացնել լեզվական միջոցներով (ինչպես ամեն մի երևույթ), սակայն դա պարզապես նկարագրություն է, այլ ոչ թե կայուն կապակցություն կամ առավել ևս բառ։

Երախտագիտություն արտահայտող նման մի քանի շարժանշաններ գտնում ենք Ա. Խաչատրյանի և Ռ. Թոխմախյանի հոդվածում[89]: Այստեղ առանձնացվում են գոհունակության կամ հրճվանքի յոթ շարժանշաններ, որոնցից երախտագիտություն կարող են արտահայտել երեքը:

Գոհունակության, բավարարվածության արտահայտություն է բռունցք արած ձեռքի բութ մատի վերև բարձրացնելը (  Ճ Կարող է նշանակել «Կեցցե՛ս», «Լավ է», «Գոհ եմ»: Երբեմն ծառայում է որպես «Ինչպե՞ս ես» հարցին տրվող դրական պատասխան: Պայմանավորված իրադրությամբ` այն կարող է դառնալ նաև շնորհակալության արտահայտիչ: Շատ գոհ ու շնորհակալ լինելու դեպքում շարժումն անում են երկու ձեռքերով միաժամանակ ու մի քանի անգամ: Շարժույթն իր հաղորդակցական դերը կարող է կատարել ինքնուրույն գործածությամբ կամ կարող է ուղեկցել իմաստային առումով համապատասխան լեզվական միջոցներին, օրինակ` Գոհ եմ, Շնորհակալ եմ, Ապրե՛ս և այլն:

Հաջորդ շարժույթը նկարագրվում է այսպես. բաց ափով թեթևակի հարվածը ընկերոջ կամ մերձավորի փորին կամ կողքին խրախուսանքի, ոգևորության, դրվատանքի, գոհունակության նշան է` Ապրե՛ս:

Նախորդին նման է ներկայացվող հետևյալ շարժույթը` մեկ կամ մի քանի անգամ թեթևակի ուսին կամ մեջքին խփելը, որը նույնպես ունի գոհունակության, խրախուսանքի, քաջալերելու նշանակություն:

Այս երեք շարժույթները երախտագիտության արտահայտմանը կապվում են երախտագիտություն ® պարտք ® խրախուսանք/գովեստ կապով: Այստեղ երախտագիտությունը ծնում է պարտքի զգացում, որը մասնակիորեն փոխհատուցվում է գովասանական-խրախուսական շարժույթով: Սրանք սովորաբար ուղեկցում, լրացնում են երախտագիտություն արտահայտող մերձիմաստ լեզվական միջոցներին:

Երախտագիտական-հարգական նման մի քանի շարժույթներ կան նաև Ե. Գևորգյանի շարժութարանում:

Աջ ձեռքը աչքին դնել շարժասույթը հիմնականում երախտագիտական նշանակություն ունի: Լեզվական արտահայտման այլ տարբերակներից են`  ափն աչքերին դնել, ձեռքն աչքին սեղմել, մատները դեպի աչքը տանել: Ձեռքն աչքին դնելով` շնորհակալություն հայտնելը մեզանում արդեն քիչ է հանդիպում: Ի նշան շնորհակալության` աջ ձեռքն աջ աչքին են դնում մեծ մասամբ մեծահասակները:

Վերոնշյալ շարժույթին ձևաիմաստային առումով բավական մոտ է ձեռքը գլխին դնել շարժույթը: Սա ունի լեզվական արտահայտման հոմանշային ձևեր` ձեռքը դեպի ճակատը տանել, ձեռքը ճակատին մոտեցնել, ձեռքը գլխին ու ճակատին դնել: Այդպես կարելի է պատրաստակամություն, խորին հարգանք, ակնածանք արտահայտել: Աջ ձեռքը աչքին դնել և ձեռքը գլխին դնել շարժասույթներն ունեն երախտագիտության արտահայտման այն տրամաբանությունը, ինչ գլխիս վրա տեղ ունեք կամ աչքիս վրա տեղ ունեք կապակցությունները. դրանք ցույց են տալիս բարեգործի հանդեպ խորին հարգանքն ու երախտիքը հատուցելու պատրաստակամությունը: Ավելին, այս շարժույթները հիմնականում ուղեկցում են հենց այդ կապակցություններին` խոսքի տպավորությունն ուժեղացնելով և այն ավելի ազդեցիկ դարձնելով: Ձեռքը գլխին դնելու արտահայտությունը դարձվածային արժեք ունի, երբ խոսքը որպես հովանավորության կամ մշտական հսկողության նշան` ուրիշի գլխին ձեռքով հպվելու մասին է, իսկ մեր ներկայացրած շարժույթի դեպքում կայունացած լեզվական արտահայտություն չկա:

Ձեռքը մեկի բութ մատին, դաստակին կամ նախաբազկի առաջամասի որևէ հատվածին դնել շարժույթը լեզվական արտահայտման այլ ձևեր ևս ունի, օրինակ` ձեռքի եզրը ճկույթի կողմից դնել հաղորդակցի դեպի իրեն մեկնած ձեռքի բթամատից մինչև նախաբազկի առաջին կեսն ընկած որևէ հատվածին: Հնացած շարժում է, որ հարգական վերաբերմունք է արտահայտում որևէ բան առաջարկողի, տվողի նկատմամբ: Դեռ մոտ հիսուն տարի առաջ, երբ  ինչ-որ բան էին հյուրասիրում մեկին, վերջինս նախ ձեռքը առաջարկողի բութ մատին կամ նախաբազուկին էր կպցնում և ապա տվածը վերցնում կամ հրաժարվում: Տվածն ընդունելիս ձեռքը դիմացինի դաստակին կամ նախաբազուկին դնելուշարժույթը ներկայումս առավել շատ կատարվում է մեկին ծխախոտ տալու կամ գլանակը վառելու դեպքում:

Նշանադրության ու հարսանյաց արարողությունների, նշանակալից հաճելի իրադարձությունների պարագայում հայերը հաճախ են ձեռքի բաց ափը դնում շնորհավորողի գլխին: Այս ազգային-ավանդական շարժույթը, ինչպես վերը նշեցինք,  հաճախ է ուղեկցում Տարոսը քեզ (ձեզ) արտահայտությանը, որը նշանակում է` նույն բանին դու էլ արժանանաս: Այս դեպքում դիմացինին` սեփական հաջողությամբ, երջանկությամբ ուրախանալու համար երախտապարտ լինելու գիտակցումն արտահայտվում է` նրան նույնը մաղթելով:

Բավական տարածված է նաև սեփական ձեռքերը միմյանց սեղմելը կամ մի ձեռքով մյուսը բռնելն ու գլխից վեր բարձրացնելով` առաջ ու ետ տանելը, թափահարելը (Երբեմն շարժումը կատարում են գլխավերևից աջ կամ ձախ ընկած տարածքում): Այն բավական շատ է գործածվում մարզական հանդիպումների ժամանակ, երբ մարզիկ շնորհակալություն է հայտնում երկրպագուներին: Ինչպես շատ շարժույթներ, այն ևս բազմիմաստ է: Այս շարժույթը հաղորդակցական նշանակությամբ որոշակիորեն նման է գլուխ տալու շարժույթին. վերջինիս պես կարող է համատեղել ողջույնի ու երախտագիտության կամ հրաժեշտի և երախտագիտության հաղորդումը: Մարզիկները այդ շարժույթով հաճախ են մրցման սկզբում կամ վերջում հաղորդակցվում հատկապես երկրպագուների հետ՝ երախտագիտության հետ միաժամանակ նաև ողջույն կամ հրաժեշտ արտահայտելով:

Լեզվական կայուն կապակցություններով արտահայտում չունեցող շարժույթների մի մասը, ինչպես տեսանք, ունենում է բավական երկար նկարագրություն, որը պայմանավորված է շարժույթի կազմությամբ:

Շարժույթները կազմությամբ կարող են լինել պարզ կամ բարդ` բաղկացած երկու կամ ավելի շարժաձևույթից կամ շարժույթից: Մեր կողմից ներկայացված վերջին շարժույթը բարդ է. այն կարելի է իրականացնել` երեք և ավելի գործողություններ հաջորդաբար կատարելով: Հավանաբար հենց բարդ կազմությունն ու դրանով պայմանավորված երկար նկարագրությունն են այս դեպքում խոչընդոտում շարժման՝ կայուն կապակցությամբ արտահայտություն ունենալուն:

Օդային համբույրը, օրինակ, ևս կատարման երկար նկարագրություն ունի. «Աջ ձեռքի բթամատի ու միջնամատի ծայրերը միացնել իրար, մոտեցնել շուրթերին, այնուհետև, ձեռքն ափով շուռ տալով դեպի առաջ և փոքր-ինչ վեր նետելով, սահուն բացել մատները, կարծես ասելով` «համբույրս ձեզ»: Դրանից հետո ձեռքը ցած է իջնում»[90]: Սակայն օդային համբույր տալ կապակցությունն այսօր մեզ միանգամից հուշում է այս երկար նկարագրություն ունեցող շարժույթի մասին, քանի որ այս դեպքում ունենք ոչ թե գործողությունների մանրակրկիտ ներկայացում լեզվական արտահայտության մեջ, այլ գործողությունների այդ ամբողջ համակարգը բնորոշող համառոտ անվանում: Այսինքն՝ այս շարժույթն արդեն կարծես ստանում է լեզվական սեղմ ու կայուն արտահայտություն։

Լեզվական կայուն կապակցություններով դրսևորում չունեցող շարժումներով երախտագիտություն արտահայտման մասին շատ կարելի է խոսել, քանի որ դրանք առնչվում են մի շարք իրողությունների՝ հոգեբանական, ազգային, իրադրային, տարիքային, սոցիալական և այլն: Նշենք նաև, որ շարժույթների կատարման ակտիվությունը, ինտենսիվությունն ու չափը յուրաքանչյուր անհատի առանձնահատկությունն է, ինչպես որ ֆիզիկական կառուցվածքը, անհատական խոսքի ձևը, ձեռագիրը: Ուստի որքան տարբեր են մարդիկ, այնքան էլ տարբեր են թեկուզ ընդհանրական համարվող շարժույթները: Շարժույթների կատարման տարբերություններից առաջ են գալիս շարժութային տարբերակներ` ալլոկիններ (այլաշարժույթներ): Եթե այլաշարժույթների թիվը մեծ է և բնորոշ որևէ հանրության անդամների, ապա առաջ են գալիս շարժումների լեզվի բարբառներ[91]:

Ինչպես հայտնի է, կան նաև անհատական շարժույթներ, որոնք կատարվում են միակողմանիորեն` ինֆորմացիան հասցեագրողի (որևէ անհատի) կողմից, որն ընկալում են միայն հասցեատերերը (այդ անհատի հետ շփվող մարդիկ), ուստի դրանց սոցիալական նշանակությունն այնքան էլ մեծ չէ: Կա նաև ժամանակային սահմանափակություն, որովհետև անհատից հետո նրա շարժույթները, որպես կանոն, դուրս են գալիս գործածության ասպարեզից` փոխարինվելով այլ անհատների նոր շարժույթներով:

Կան նաև ոլորտային շարժույթներ, որոնք գործածվում են հասարակության առանձին ոլորտներում` որևէ խավի, խմբի, ընդհանուր գաղափարով, նպատակով, մասնագիտությամբ, տարիքային, ֆիզիկական կամ այլ հատկանիշով զատվող հանրությունների կողմից: Տարածվածության ու գործառական տեսակետից դրանք նմանվում են մասնագիտական, ժարգոնային, ծածկալեզուների բառերին: Վարորդներից մեկը, օրինակ, իրեն ճանապարհ զիջելու համար մյուսին  կարող է շնորհակալություն հայտնել` սեղմելով մեքենայի ազդանշանը կամ ձեռքի բաց ափը վեր բարձրացնելով:

Ինքնուրույն համակարգի վերածված ոլորտային շարժալեզուներից ամենից հանրածանոթը, իհարկե, խուլուհամրերի շարժալեզուն է: Գրին դեռևս անծանոթ խուլուհամրերը հաղորդակցվում են միայն շարժույթ-բառերի միջոցով, որոնք գործածվում են անհիշելի ժամանակներից ու կազմում մի ամբողջական լուռ շարժալեզու` իր ուրույն բառապաշարով[92]:

Հաղորդակցական ձևերի ընտրությունը գնալով ավելի հարուստ է դառնում: Գիտատեխնիկական մեծ առաջընթացի շնորհիվ վիրտուալ հարթակներում այսօր կարելի է հաղորդակցվել ձայնային հաղորդագրության և տեսահաղորդագրության միջոցով: Վերջին շրջանում հույզերն ու զգացմունքները հաղորդող բառերից, կապակցություններից ու շարժույթներից բացի` էլեկտրոնային նամակներում և կայքէջերում լայնորեն կիրառվում են նաև վիրտուալ պիտակները` այսպես կոչված էմոջին, գիֆը և այլն: Առաջինը գաղափարագրերի և սմայլիկների գրաֆիկական լեզուն է, որը կիրառելիս բառերի փոխարեն օգտագործում են նկարների զուգակցումը (դրանցում ըստ էության փորձ է արվում պատկերել ձեռքի ընդունված շարժումը, դիմախաղը և այլն): Իսկ գիֆը գրաֆիկական պատկերների շարժական հայտնի ձևաչափ է: Այս լեզուն, սակայն, ի տարբերություն կենդանի խոսքի և շարժումների, կարող է հուզազգացմունքային կամ տեղեկատվական սխալ կամ ոչ լիարժեք հաղորդում իրականացնել, ինչը հաճախ է բերում հաղորդվողների հարաբերությունների խաթարման:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր կատարած ուսումնասիրության հիման վրա եզրակացրել ենք հետևյալը։

  1. Երախտագիտույթուն արտահայտող բառերի մի մասը ինքնուրույնաբար արտահայտում է երախտագիտություն (ինչպես շնորհակալություն-ը), սակայն ավելի հաճախ դրանք հանդես են գալիս որպես բաղադրյալ ստորոգյալի մաս, քանի որ ստորոգման միջոցով է կատարվում երախտագիտության հայտնումը, վերագրումը:
  2. Հայերենում շնորհակալական իմաստ ունեցող բառային միջոցներով հնարավոր է երախտագիտություն հայտնել ուղղակի (շնորհակալություն, շնորհակալ եմ, երախտապարտ եմ) կամ անուղղակի (շոյված եմ, պարտք եմ, գոհ եմ) ձևով, քանի որ կան բառեր, որոնք ինքնին՝ իրենց առաջին բուն իմաստով, երախտագիտություն չեն արտահայտում, սակայն որոշակի իրադրության մեջ դրանք էլ հանդես են գալիս որպես երախտագիտության բառային արտահայտման միջոցներ:
  3. Ոչ պաշտոնական հարաբերություններում, երբ հաղորդակցական իրավիճակի մասնակիցները մտերիմ ու հարազատ են միմյանց, մտերմիկ-փաղաքշական ոճին բնորոշ` սեր, քնքշանք, ջերմություն, գորով արտահայտող բառերը կարող են ոչ միայն շնորհակալական բանաձևերին ուղեկցել, այլև առանձին դեպքերում կարող են փոխարինել: Որոշ դեպքերում առհասարակ բառերին կարող են փոխարինել ձայնարկություններ, որոնք գործառական տարբեր կիրառություններ ունեն և հիմնականում բազմիմաստ են:
  4. Հաղորդակցական գործընթացում շնորհակալական խոսքի գործածումը ենթադրում է նաև հաճախ մեղմասություններով զուգակցված, գնահատողական բանաձևերի հնչեցում: Ժողովրդախոսակցական լեզվում երախտագիտության արժեքով բարեբանական որևէ բանաձևի կիրառմանը կարող են հաջորդել կայուն կապակցություններով արտահայտված գնահատողական պատասխաններ: Հաղորդակցվողը պետք է մեծաքանակ շնորհակալական և պատասխան գնահատողական խոսքերից ընտրի նպատակահարմարը` հաշվի առնելով հաղորդակցական գործընթացի առանձնահատկությունները։
  5. Ժողովրդախոսակցական լեզվում լայնորեն կիրառվում են բուն իմաստով կամ իրադրայնորեն շնորհակալություն արտահայտող դարձվածային միավորներ, որոնց առատությունն ու իմաստային բազմազանությունը ոչ միայն թույլ է տալիս հաղորդակցական ցանկացած իրավիճակին ներդաշնակ ու դիպուկ պատասխան ընտրել, այլև արտահայտել հուզազգացմունքային ձևավորվածությամբ այնպիսի նրբիմաստներ, որոնք հասարակ կաղապարային խոսքով չեն կարող արտահայտվել:
  6. Երախտագիտության արտահայտումը արարողակարգային իրավիճակներում հաճախ կատարվում է հատուկ խոսքային բանաձևերի և արարողակարգային շարժույթների միջոցով։
  7. Երախտագիտություն արտահայտող շարժումների մի մասը, հասարակության մեջ ամրագրվելով որպես կոնկրետ նշանակություն ունեցող ժեստ, շատ դեպքերում իր լեզվական արտահայտությունն է ունենում։
  8. Կան երախտագիտություն արտահայտող շարժույթներ, որոնք կայուն լեզվամիավորներով չեն ամրագրվել լեզվում: Դրանք յուրաքանչյուրը կարող է իր ձևով ներկայացնել-նկարագրել՝ երբեմն նույնիսկ հուշելով, թե այն ինչ է նշանակում։
  9. Լեզվական կայուն կապակցություններով արտահայտում չունեցող շարժույթների մի մասը ունենում է բավական երկար նկարագրություն, որը պայմանավորված է շարժույթի կազմությամբ:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

ա) Տեսական

Հայերեն

  1. Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, ԵՊՀ հրատ., Երևան, 1965, 699 էջ:
  2. Աբրահամյան Ս., Ժամանակակից հայերենի քերականություն: Ձեռնարկ ուսուցիչների համար, «Լույս» հրատ., Եր., 1969, 439 էջ:
  3. Աղայան Է., Ընդհանուր և հայկական բառագիտություն, ԵՊՀ հրատ., Երևան, 1984, 372 էջ:
  4. Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. 5, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան,  1965, 430 էջ:
  5. Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզու. Ձևաբանություն, 4-րդ հրատ., ԵՊՀ հրատ., Երևան, 2004, 431 էջ:
  6. Ավետիսյան Յու և այլք, Հայոց լեզու և խոսքի մշակույթ, ԵՊՀ հրատ., Երևան, 2016, 512 էջ:
  7. Բադիկյան Խ., Դարձվածային ոճաբանություն (ուսումնաօժանդակ ձեռնարկ), ԵՊՀ հրատ., Երևան, 2000, 207 էջ:
  8. Բադիկյան Խ., Ժամանակակից հայերենի դարձվածային միավորները (կառուցվածքային վերլուծություն), ԳԱԱ հրատ., Երևան, 1986, 354 էջ:
  9. Բեդիրյան Պ., Բառերի խորհրդավոր աշխարհից, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1985, 216 էջ:
  10. Բեդիրյան Պ., Ժամանակակից հայերենի դարձվածաբանություն, «Լույս» հրատ., Երևան, 1973, 230 էջ:
  11. Գաբրիելյան Յու., Լեզվական հաղորդակցության տեսություն (Ուսումնական ձեռնարկ), ԵՊՀ հրատ., Երևան, 2018, 66 էջ:
  12. Գևորգյան Ե., Բարկության հայոց շարժութային 75 հոմանիշները (բանասիրական-հոգեբանական ուսումնասիրություն), ՀՊՄՀ հրատ., Երևան, 2016, 100 էջ:
  13. Գևորգյան Ե., Շարժումների լեզուն. շարժաբանության ներածություն, ԵՊՀ հրատ., Երևան, 1988, 240 էջ:
  14. Եզեկյան Լ., Հայոցլեզվի ոճագիտություն (ուսումնական ձեռնարկ), ԵՊՀ հրատ., Երևան, 2003, 376 էջ:
  15. Կովալյով Ա., Ստեպանով Ա., Շաբալին Ս., Հոգեբանություն: Ուսումնական ձեռնարկ մանկավարժական ինստիտուտների համար, Երևանի համալս. հրատ., 1970, 596 էջ:
  16. Հարությունյան Ս., Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1975, 270 էջ:
  17. Մարության Ա., Հայոց լեզվի ոճաբանություն, «Նաիրի» հրատ., Երևան, 2000, 244 էջ:
  18. Միրզոյան Վ., Ճարտասանություն,«Գրիգոր Տաթևացի» հրատ., Երևան, 2004, 386 էջ:
  19. Նազարյան Ա., Գրիգորյան Հ., Էթիկետի հիմունքներ: Ուսումնական ձեռնարկ, «Զանգակ-97» հրատ., Երևան, 2002, 155 էջ:
  20. Պողոսյան Պ.,  Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ: Խոսքի տեսություն, գիրք առաջին, ԵՊՀ հրատ., Երևան, 1990, 424 էջ:
  21. Պողոսյան Պ., Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքները: Խոսքի տեսություն, գիրք երկրորդ, ԵՊՀ հրատ., Երևան, 1991, 336 էջ:
  22. Ջահուկյան Գ., Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Հայաստանի ՍՍՀ ԳԱ հրատ, Երևան, 1974, 587 էջ:
  23. Սուքիասյան Ա., Սուքիասյան Ք., Ֆելեքյան Մ., Ժամանակակից հայոց լեզու (հնչյունաբանություն, բառագիտություն): Դասագիրք բանասիր. ֆակուլտետի ուսանողների համար, ԵՊՀ հրատ., 2017, 462 էջ:

Այլ լեզուներով

  • Ларина Т.В., Категория вежливости и стиль коммуникации, Москва, изд-во РУДН, 2009, 516 с..
  • Подольская Е., Социальная философия, изд-во НУА, Харьков, 2009, 544 с..

բ) Բառարաններ

Հայերեն

  1. Աղայան Է., Արդի հայերենի բացատրական բառարան, «Հայաստան» հրատ., Երևան, 1976, 1615 էջ:
  2. Աճառեան Հ., Եւրոպական փոխառեալ բառեր հայերէնի մէջ, Մխիթարեան տպարան, Վիեննա, 1951, 185 էջ:
  3. Բեդիրյան Պ., Հայերենի դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան, ԵՊՀ հրատ., Երևան, 2011, 1410 էջ:
  4. Գալստյան Ս., Սուքիասյան Ա., Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան, Երևանի համալս. հրատ., Երևան, 1975, 634 էջ:
  5. Գայայեան Յ., Բառարան գանձարան հայերէն լեզուի, Տպագրութիւն Գալֆա, Գահիրէ, 1938, 550 էջ:
  6. Գևորգյան Ե., Հայոց շարժումային լեզվի բացատրական բառարան (շարժութարան), ԵՊՀ հրատ., Երևան, 2003, 688 էջ:
  7. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., հտ. 1-4, Երևան, 1969, 1972, 1974, 1980, 2763 էջ:
  8.  Հայրապետյան Ա., Օտար բառերի բառարան, հեղինակային հրատ., Երևան, 2011, 643 էջ:
  9. Ջրբաշյան Է., Մախչանյան Հ., Գրականագիտական բառարան  (2-րդ լրաց․ և վերամշ․ հրատ․), «Լույս» հրատ., Երևան, 1980, 350 էջ:
  10. Սուքիասյան Ա., Հայոց լեզվի հոմանիշների բառարան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1967, 685 էջ:
  11. Սուքիասյան Ա., Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, ԵՊՀ հրատ., Երևան, 2009, 1242 էջ:
  12. Քրիստոնյա Հայաստան: Հանրագիտարան, Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Երևան, 2002, 1076 Էջ:

Այլ լեզուներով

  1. Епишкин Н., Исторический словарь галлицизмов русского языка, изд-во ЭТС Москва, 2010, 5140 с..  
  2. Гейлман И., Ручная азбука и речевые жесты глухонемых, Москва, 1957, 596 с..
  3. Мессинжер Ж., Словарь жестов, изд-во Рипол-классик, изд-во КОИЗ,  Москва, 2019, 720 с..

գ) Ամսագրեր

  1. Ադիլխանյան Ա., «Դու»/«Դուք» դիմելաձևերը հայերենի խոսքային էթիկետում, «Վէմ» համահայկական հանդես, հունվար-մարտ, 2019, № 1 (65), էջ 117-127:
  2. Ադիլխանյան Ա., Հաղորդակցական իրավիճակի բաղադրատարրերը, Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 2019,  № 1 (28), էջ 76-82:
  3. Աղաջանյան Զ., Հաղորդակցական իրավիճակ և էթիկետային բանաձևերի հաջորդականության կարգը, Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, № 1 (25), էջ 62-78:
  4. Խաչատրյան Ա., Թոխմախյան Ռ., Հարալեզվական միջոցները հայկական միջավայրում, Լրաբեր հասարակական գիտությունների, № 7, 1978, էջ 60-70:
  5. Սարգսյան Լ., Խոսքային Էթիկետ, «Վէմ» համահայկական հանդես, ապրիլ-հունիս, 2016, № 2 (54), էջ 9-26:   
  6. Սիմոնյան Լ., Հովհաննիսյան Կ., Մատաղը ժողովրդական սրբավայրում, Աստվածաբանության ֆակուլտետ-Տարեգիրք, 2017, էջ 173-185:

դ) Համացանցային աղբյուրներ

  1. https://terme.ru/termin/blagodarnost.html, 15.04.2020:
  2. https://www.arlis.am/documentview.aspx?docid=364, 3.04.2020:
  3. https://ru.wikipedia.org/wiki/Воинское_приветствие, 3.04.2020:
  4. https://www.youtube.com/watch?v=mW3_kx1EV5k, 3.04.2020:
  5. https://adoremus.org/2002/11/15/the-theology-of-kneeling/, 1.05.2020:

[1] Տե ՛ս Գաբրիելյան Յու., Լեզվական հաղորդակցության տեսություն (Ուսումնական ձեռնարկ), Եր., 2018, էջ 3:

[2] Տե ՛ս Подольская Е., Социальная философия, Харьков, 2009, стр. 436:

[3] Խոսքային բանաձևեր են կոչվում զանազան գործառություններով հանդես եկող կաղապարային արտահայտությունները: Տե՛ս Պողոսյան Պ., Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքները: Խոսքի տեսություն, գիրք երկրորդ, Եր., 1991, էջ 200:

[4] Տե՛ս Աղաջանյան Զ., Հաղորդակցական իրավիճակ և էթիկետային բանաձևերի հաջորդականության կարգը, Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, № 1 (25), 2018, էջ 70:

[5]  Նույն տեղում, էջ 74-75:

[6] Տե ՛ս Գաբրիելյան Յու.,  նշվ. աշխ., էջ 7-8:

[7] Տե՛ս Աղայան Է., Արդի հայերենի բացատրական բառարան, Եր., 1976, էջ 1002:

[8] Տե՛ս նույն տեղը,էջ 7:

[9] Տե՛ս Հայրապետյան Ա., Օտար բառերի բառարան, Եր., 2011, էջ 363:

[10]Գաղղիաբանությունը կամ գալլիցիզմը (լատ. gallicus`գալլական, այսինքն`ֆրանսիական) օտարաբանությունների տեսակներից մեկն է, որը ներառում է ֆրանսերենից փոխառված բառեր և արտահայտություններ կամ նրա հետևությամբ կառուցված դարձվածքներ: Տե՛ս Ջրբաշյան Է., Մախչանյան Հ., Գրականագիտական բառարան  (2-րդ լրաց․ և վերամշ․ հրատ․), Եր., 1980, էջ 65:

[11] Տե՛ս Епишкин Н., Исторический словарь галлицизмов русского языка, Москва, 2010 г., стр. 2887:

[12] Տե՛ս  Աճառեան Հ., Եւրոպական փոխառեալ բառեր հայերէնի մէջ, Վիեննա, 1951, էջ 128:

[13] Հր. Աճառյանի՝ ձայնարկության վերաբերյալ ընկալումը որոշակիորեն տարբերվում է լեզվաբանական արդի ընկալումներից: Աճառյանը ձայնարկություն է կոչում այն բառերը, որոնք մարդկային կամքից անկախ, իբրև բնական կամ բաղդատական մի արտահայտություն, բխում են գրեթե անգիտակցաբար: Տե՛ս Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. 5,  Եր., 1965, էջ 397-402:

[14] Տե՛ս Աղայան Է.,  Ընդհանուր և հայկական բառագիտություն, Եր., 1984, էջ  31-35:

[15] Միրզոյան Վ., Ճարտասանություն, Եր., 2004, էջ 386:

[16] Տե՛ս Աղաջանյան Զ., նշվ. հոդվ., էջ 74:

[17] Միրզոյան Վ., նշվ., աշխ., Եր., 2004, էջ 386:

[18] Տե՛ս Աղաջանյան Զ.,  նշվ. հոդվ., էջ 75:

[19] Տե՛ս Եզեկյան Լ., Հայոց լեզվի ոճագիտություն (ուսումնական ձեռնարկ), Եր., 2003, էջ 263:

[20] Տե՛ս Подольская Е., Социальная философия, Харьков, 2009, стр. 438:

[21] Ավետիսյան Յու. և այլք, Հայոց լեզու և խոսքի մշակույթ, Եր., 2016, էջ 460-461:

[22] https://terme.ru/termin/blagodarnost.html, 15.04.2020:

[23] Ի սկզբանե եղել է կյանք և երկարակեցություն ապահովող օրհնական արտահայտություն: Տե՛ս Հարությունյան Ս., Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ, Եր., 1975, էջ 251:

[24] Տե՛ս  Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Եր., 1965, էջ 299: Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզու. Ձևաբանություն, Եր., 2004, էջ 270-271:

[25] Տե՛ս Մարության Ա., Հայոց լեզվի ոճաբանություն, Եր., 2000, էջ 49-50:

[26] Տե՛ս Սարգսյան Լ., Խոսքային Էթիկետ, «Վէմ» համահայկական հանդես, ապրիլ-հունիս, 2016, № 2(54), էջ 21:

[27] Տե՛ս Ларина Т.В., Категория вежливости и стиль коммуникации, Москва, 2009, стр. 194:

[28] Նազարյան Ա., Գրիգորյան Հ., Էթիկետի հիմունքներ, Եր., 2002, էջ 27:

[29] Տե՛ս Ադիլխանյան Ա., «Դու»/«Դուք» դիմելաձևերը հայերենի խոսքային էթիկետում, «Վէմ» համահայկական հանդես, հունվար-մարտ, 2019, № 1 (65), էջ 117-127:  

[30] Տե՛ս Կովալյով Ա., Ստեպանով Ա., Շաբալին Ս., Հոգեբանություն, Եր., 1970, էջ 340:

[31] Տե՛ս Ավետիսյան Յու. և այլք., նշվ. աշխ., էջ 460:

[32] Տե՛ս Պողոսյան Պ.,  Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ (խոսքի տեսություն): Գիրք 1, Եր., 1990, էջ 205:

[33] Պողոսյան Պ., Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքները: Խոսքի տեսություն, գիրք երկրորդ, Եր., 1991, Էջ 200:

[34] Բադիկյան Խ., Դարձվածային ոճաբանություն (ուսումնաօժանդակ ձեռնարկ), Եր., 2000, Էջ 14:

[35] Տե՛ս Բադիկյան Խ., Ժամանակակից հայերենի դարձվածային միավորները (կառուցվածքային վերլուծություն), Եր., 1986, էջ 283:

[36] Տե՛ս Հարությունյան Ս., նշվ. աշխ., էջ 125:

[37] Նույն տեղում,էջ 124:

[38]Բադիկյան Խ., Դարձվածային ոճաբանություն (ուսումնաօժանդակ ձեռնարկ), Եր., 2000, Էջ 14:

[39] Տե՛ս Հարությունյան Ս., նշվ. աշխ. էջ 242:

[40] Տե՛ս Գալստյան Ս., Սուքիասյան Ա., Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան, Եր., 1975, էջ 73:

[41] https://www.arlis.am/documentview.aspx?docid=364, 3.04.2020:

[42] Տե՛ս https://ru.wikipedia.org/wiki/Воинское_приветствие, 3.04.2020:

[43] https://www.youtube.com/watch?v=mW3_kx1EV5k, 3.04.2020:

[44] Քրիստոնյա Հայաստան: Հանրագիտարան, Եր., 2002, Էջ 1047:

[45] Подольская Е., Социальная философия, Харьков, 2009, стр. 438:

[46] Տե՛ս նույն տեղը:

[47] https://www.youtube.com/watch?v=mW3_kx1EV5k, 3.04.2020:

[48] Տե՛ս  Հարությունյան Ս.,  նշվ. աշխ., էջ 243:

[49] Տե՛ս Հարությունյան Ս.,  նշվ. աշխ., էջ 242:

[50] Ադիլխանյան Ա., Հաղորդակցական իրավիճակի բաղադրատարրերը, Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 2019,  № 1 (28), էջ 81:

[51] Բեդիրյան Պ., Ժամանակակից հայերենի դարձվածաբանություն, Եր., 1973, էջ 75:

[52] Տե՛ս Սիմոնյան Լ., Հովհաննիսյան Կ., Մատաղը ժողովրդական սրբավայրում, Աստվածաբանության ֆակուլտետ-Տարեգիրք, 2017, էջ 181:

[53] Տե՛ս Աղայան է., Արդի հայերենի բացատրական բառարան, Եր., էջ 1423:

[54] Աղաջանյան Զ.,  նշվ. հոդվ.,  էջ 69:

[55] Տե՛ս Բադիկյան Խ.,  նշվ. աշխ., էջ 288:

[56] Տե՛ս Հարությունյան Ս., նշվ. աշխ., էջ 267:

[57] Բեդիրյան Պ., Հայերենի դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան, Եր., 2011, էջ 229:

[58] Լեզվաբանական գրականության մեջ հիշատակվում է զանազան տերմիններով` «գծային լեզու», «ժեստերի լեզու», «ժեստիկուլյացիոն լեզու», «ժեստիկուլյատորային լեզու», «դիմախաղային-ժեստային խոսք», «կինետիկ լեզու», «կինեսիկական (շարժաբանական) լեզու», «շարժողական լեզու»:

[59] Տե՛ս Գևորգյան Ե., Շարժումների լեզուն. շարժաբանության ներածություն, Եր., 1988, էջ 125:

[60] Խաչատրյան Ա., Թոխմախյան Ռ., Հարալեզվական միջոցները հայկական միջավայրում, Լրաբեր հասարակական գիտությունների, № 7, Եր., 1978, էջ 61:

[61] Տե՛ս Գևորգյան Ե.,  Բարկության հայոց շարժութային 75 հոմանիշները, Եր., 2016, էջ 4:

[62] Միրզոյան Վ., Ճարտասանություն, Եր., 2004, Էջ 309:

[63] Ջահուկյան Գ., Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Եր., 1974, էջ 121:

[64] Նույն տեղում, էջ 122:

[65] Միրզոյան Վ., նշվ. աշխ., էջ 306:

[66] Միրզոյան Վ., նշվ. աշխ., էջ 307:

[67] Նույն տեղում, էջ 308:

[68] Տե՛ս Խաչատրյան Ա., Թոխմախյան Ռ., նշվ. հոդվ., էջ 60:

[69] Տե՛ս Խաչատրյան Ա., Թոխմախյան Ռ., նշվ. հոդվ., էջ 62:

[70] Տե՛ս Գևորգյան Ե., Շարժումների լեզուն. շարժաբանության ներածություն, Եր., 1988, էջ 11:

[71] Նույն տեղում,էջ 12:

[72] Շարժասույթները կներկայացնենք Ե. Գևորգյանի «Հայոց շարժումային լեզվի բացատրական բառարան (շարժութարան)» գրքի նյութի հիման վրա:

[73] Գևորգյան Ե., Հայոց շարժումային լեզվի բացատրական բառարան (շարժութարան), Եր., 2003,  էջ 88:

[74] Տե՛ս Բեդիրյան Պ., Հայերենի դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան, Եր., 2011, էջ 1197:

[75] Տե՛ս Սուքիասյան Ա., Գալստյան Ս.,  Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան, Եր., 1975, էջ 389:

[76] Բազմաթիվ ազգերի լեզվամտածողության մեջ հայտնի է աջ-ի հանդեպ համակրանքը: Տե՛ս Բեդիրյան Պ., Բառերի խորհրդավոր աշխարհից: Զրույցներ, Եր., 1985, էջ 19։

[77] Գևորգյան Ե., նշվ., աշխ.,  էջ 76:

[78] Տե՛ս Աղայան Է.,  Արդի հայերենի բացատրական բառարան, Եր., 1976, էջ 100:

[79] Տե՛ս Мессинжер Ж., Словарь жестов, Москва, 2019, стр. 143.

[80] Տե՛ս Աղայան Է.,  Արդի  հայերենի բացատրական բառարան, Եր., 1976, էջ 481-482:

[81] Տե՛ս Բեդիրյան Պ., Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան, Եր., 2011, էջ 30:

[82] Գևորգյան Ե., Հայոց շարժումային լեզվի բացատրական բառարան (շարժութարան), Եր., 2003,  էջ 184:

[83] Գևորգյան Ե., նշվ. աշխ.,  էջ 264:

[84] Տե՛ս Գևորգյան Ե., Շարժումների լեզուն. շարժաբանության ներածություն, Եր., 1988, էջ 112:

[85] https://adoremus.org/2002/11/15/the-theology-of-kneeling/, 1.05.2020:

[86] Տե՛ս Սուքիասյան Ա., Սուքիասյան Ք., Ֆելեքյան Մ., Ժամանակակից հայոց լեզու (հնչյունաբանություն, բառագիտություն), Եր., 2017,  էջ  389:

[87] Տե՛ս Աբրահամյան Ս., Ժամանակակից հայերենի քերականություն, Եր., 1969, էջ 138:

[88]  Տե՛ս Գևորգյան Ե., նշվ., աշխ., էջ 13:

[89] Տե՛ս Խաչատրյան Ա., Թոխմախյան Ռ., նշվ. հոդվ., Էջ 65:

[90] Տե՛ս Գևորգյան Ե., Շարժումների լեզուն. շարժաբանության ներածություն, Եր., 1988, էջ 27:

[91] Տե՛ս նույն տեղը, էջ 27-28:

[92] Տե՛ս Гейльман И., Ручная азбука и речевые жесты глухонемых, Москва, 1957.