ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն
1. Վեպն ու Քիզի կյանքը
2. Վեպի հոգեվերլուծական մեկնություն
- Հոգեվերլուծական տարրերը վեպում
- Քիզի հոգեկան տրավմաների արտացոլումը վեպում
3. Մտավոր հետամնացի և հանճարի սահմանագծին
- Մտավոր հետամնացության հոգեբանական առանձնահատկությունները վեպում
- Հանճարեղության առանձնահատկությունները վեպում
4. Վեպի միֆաքննադատական մեկնություն
1) Սեզոնային միֆի դրսևորումը վեպում
2) Աստվածաշնչյան միֆն ու մոխրոտյան հեքիաթի մոտիվները վեպում
3) Սֆինքսի հանելուկի միֆի վերափոխումը վեպում
5. Չարլիի կերպարի արքետիպային առանձնահատկությունները
6. Լաբիրինթոսի քրոնոտոպը վեպում
Եզրակացություններ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

«Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ վեպը նախապես գրվել է իբրև պատմվածք և հրատարակվել «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Երկը արժանացել է «Հյուգո» մրցանակի` որպես լավագույն պատմվածք: Յոթ տարի անց Դենիել Քիզն այն վերածել է վեպի, որն իր հերթին ճանաչվել է 1966 թվականի լավագույն վեպ` արժանանալով «Նեբյուլա» մրցանակի: Ժանրային փոխակերպումն ընդհանրական առումով չի փոխել ստեղծագործության էությունը, պարզապես հերոսի` անգրագետից հանճար և հանճարից անգրագետ դառնալու ճանապարհը վիպական տարածության մեջ առավել տպավորիչ է:
Ստեղծագործության հետաքրքրաշարժ դիպաշարն ունի յուրահատուկ ձևային դրսևորում` ներկայացված լինելով գլխավոր հերոս Չարլիի գրառումների տեսքով: Հերոսը, ենթարկվելով ինտելեկտի արհեստական բարելավման վիրահատության, անցնում է մտավոր զարգացման ու հետաճի ինքնատիպ ուղի` ապրելով իր բաժին մարդկային ողբերգությունը:
Չնայած ձեռք բերած հեղինակությանն ու ուշադրությանը` վեպը դեռևս չի արժանացել մեծաթիվ ու բազմակողմանի ուսումնասիրությունների: Իսկ գրքի շուրջ կատարված վերլուծությունները ունեն թարմացման կարիք` պայմանավորված հեղինակի կյանքի վերջին շրջանում հրապարակված ու երկի ստեղծման հետ կապված ուշագրավ ինքնակենսագրական հուշերով ու խոստովանություններով:
ՎԵՊՆ ՈՒ ՔԻԶԻ ԿՅԱՆՔԸ
«Ծաղիկներ Էլջերնոնի համար» ստեղծագործության մեկնությունը կենսագրական մեթոդի դիտակետից թույլ է տալիս բազմակողմանիորեն բացահայտել երկի ստեղծման գաղափարի և նրանում արտացոլված բազմաթիվ իրողությունների ճշմարիտ ակունքները:
Վեպի գաղափարը ձևավորվել է 14 տարի շարունակ, և թեման շարունակաբար զարգացել է Դենիել Քիզի կյանքում կատարվող տարբեր իրադարձություններով։
1945 թվականին Քիզը մեծ վեճ ունեցավ ծնողների հետ: Նրանք ցանկանում էին իրենց որդուն տեսնել բժշկության ասպարեզում: Այլ էր Քիզի երազանքը. նա ցանկանում էր գրող դառնալ և զգում էր, որ կրթությունը պատնեշ է դառնում իր և ծնողներ միջև: Այս ամենը նրա ուշադրությունը հրավիրեց ինտելեկտի մեծացման խնդրի վրա: «Ծաղիկներ Էլջերնոնի համար» երկը ստեղծելուց շատ տարիներ առաջ Քիզն արդեն գրել էր «Ինչ տեղի կունենար, եթե հնարավոր լիներ արհեստականորեն բարձրացնել մարդկային ինտելեկտը» վերնագրով պատմվածք:
Քիզը կյանքի վերջին շրջանում լույս ընծայեց «Էլջերնոնը, Չարլին և ես: Գրողի ճանապարհորդությունը» գիրքը, որտեղ, կարելի է ասել, տրվում է վեպի ստեղծման նախապատմությունը, մասամբ նաև` գրողի կենսագրությունը: Քիզն այս գրքում շարադրած ինքնակենսագրությամբ պատասխանել է իր երկի ստեղծման ու այնտեղ առկա մի շարք իրողությունների վերաբերյալ անընդհատ հնչող հարցերին` փաստացիորեն կենսագրական և հոգեվերլուծական մեթոդների դիտանկյունից քննելով սեփական ստեղծագործությունը:
Հեղինակը խոստովանում է, որ Չարլիի նախատիպը մեկ մարդ չէ, նա հորինված ու հավաքված է իրեն ծանոթ բազմաթիվ մարդկանցից և մի փոքր էլ` իրենից[1]: Ուշադրության է արժանի այն փաստը, որ Չարլզ Գորդոնի` Չարլիի և մկնիկ Էլջերնոնի անունները վերցված են բանաստեղծ Չարլզ Ալջերնոն Սուինբերնի անունից: Չարլզ Սուինբերնը թե´ անձնային որակներով ու սովորություններով (հարբեցող էր, ուներ բարձր հուզականություն, չէր հանդուրժում տաբուներ, սիրում էր ճնշված լինել, ուներ արտասովոր նախասիրություններ), թե´ ստեղծագործությունների թեմատիկ ընտրությամբ (սեր ուներ արգելված թեմաների հանդեպ` հաննիբալիզմ, աթեիզմ և այլն) տարբերվում էր շրջապատող աշխարհից իր արտառոց գույներով: Հնարավոր է, որ սա որևէ դեր է խաղացել մարդկության ու կենդանական աշխարհում արհեստականորեն զարգացած ինտելեկտով արտառոց Չարլիին ու Էլջերնոնին անվանակոչելիս:
Գրքի այլ կերպարները ևս Քիզի կյանքից են։ Գիտնականներ Նեմուրը և Շտրաուսը` ինտելեկտի արհեստական բարելավման վիրահատության հեղինակները, ունեն իրական նախատիպեր: Նրանք այն գիտնականներն են, որոնց հանդիպել է գրողը հոգեվերլուծություն ուսումնասիրելու ժամանակ։
ՎԵՊԻ ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոգեվերլուծական տարրերը վեպում
«Ծաղիկներ Էլջերնոնի համար» վեպի հոգեվերլուծական քննությունը հետաքրքրական է թե´ Զ. Ֆրոյդի ձևակերպած` հեղինակի հոգեկան տրավմաների` ստեղծագործության հետ ունեցած անմիջական կապի, թե´ հոգեվերլուծության առաջ քաշած բազմաթիվ գաղափարների ու դրանք անվանող տերմինների առատության առումով: Վեպի ստեղծման ժամանակաշրջանի գեղարվեստական գրականության առանձնահատկությունները հասկանալի են դարձնում ստեղծագործության թեմատիկ ընտրությունն ու հատկապես հոգեվերլուծական տարրերի առկայությունը դրանում:
20-րդ դարի 60-ական թվականներին գեղարվեստական արձակի զարգացման գործում կարելի է ընդգծել հոգեվերլուծական մեթոդների և հնարների կատարելագործման միտումը: Գեղարվեստական արձակ ստեղծողների հետաքրքրությունը մարդու անձնական կյանքի նկատմամբ նպաստեց նրանց կողմից հերոսների ներաշխարհի հոգեբանական վերլուծության մեթոդների ընդլայնմանը: Այս տարիներին մեծանում է հետաքրքրությունը մարդկային անհատականության հանդեպ, մարդն է դառնում հեղինակի ուշադրության գլխավոր օբյեկտը: Այս շրջանը նաև հատկանշվում է մարդկային անհատականության կարողությունների և հնարավորությունների վերաիմաստավորման բարդ ու հակասական գործընթացներով:[2]
Պետք է կարևորել նաև այն հանգամանքը, որ Դենիել Քիզը բավական երկար ու հանգամանորեն ուսումնասիրել է հոգեվերլուծությունը: «Էլջերնոնը, Չարլին և ես: Գրողի ճանապարհորդությունը» գրքում հեղինակը բազմիցս անդրադառնում է հոգեվերլուծական ոլորտում իր նախասիրություններին. «Տարիների ընթացքում որպես գրող` ես ուժգնորեն հավատացի Ֆրոյդի երկու գաղափարներին` անգիտակցականի ուժին` որպես վարքագիծը ղեկավարող շարժիչ ուժի և ենթագիտակցականի հետ անմիջականորեն կապված ազատ ասոցիացիաների մեթոդին…. Ես ազատ ասոցիաացիաների մեթոդը օգտագործում եմ, ինչպես այգեպանի բահը, որպեսզի արմատավորված հիշողությունները հանեմ հողից, բերեմ լույս և տեղափոխեմ այնտեղ, որտեղ դրանք կարող են ծաղկել»[3]:
Վեպում հիշատակվող բազմաթիվ հոգեբանական թեստերը, հոգեվերլուծական տերմիններն ու դրանց բացատրություններն արդեն իսկ փաստում են հեղինակի` հոգեվերլուծության գերազանց իմացությունը: Չարլին պարբերաբար ստուգվում էր հոգեբանական թեստերով. «Տեստը էն էր որ մի բարի ջահել մարդ կար սենիակում ու լիքը սպիտակ քարտեր ուներ ու վրաները լրիվ թանաք էր թափված: Ինձ ասեց Չարլի ինչես տեսնում քարտերի վրա»[4]: Թեմատիկ ընկալման թեստի դեպքում Չարլին պետք է պատմեր նկարների մեջ իր տեսած մարդկանց մասին. «Ինքը ասեց այս տեստն ու մյուսը ռեխ-շատը անձայն հատկանիշները պարզելու համար են» (10):
«Ռեխ-շատը», որ Չարլին հետագայում շտկում է` անվանելով Ռորշախի թեստ, վեպում կարևոր հիշատակում է: Ռորշախի կամ թանաքաբծերի թեստն այդպես է կոչվում, քանի որ մշակվել է շվեյցարացի գիտնական, դոկտոր Հերման Ռորշախի կողմից։ Թեստը կազմված է թանաքի գունավոր և սև տասը բծերից, որոնք համաչափորեն տպված են սպիտակ թղթի վրա։ Հետազոտվող մարդը պետք է նայի այդ բծերից յուրաքանչյուրին և ասի, թե այնտեղ ինչ է տեսնում կամ ինչ է հիշեցնում իրեն թանաքի այդ բիծը։ Հոգեվերլուծական ասոցիացիաների մեթոդի հիմքով զարգացած թանաքաբծերի թեստը նաև զարդարում է գրքի շապիկը` խորհրդանշելով Չարլիի մտավոր զարգացման ուղին` սկիզբն ու դրան համընկնող վերջնակետը:
Չարլին պարբերաբար անցնում էր այդ թեստը` հետվիրահատական շրջանում արդեն թանաքի հետքերում տեսնելով իրարից ինչ-որ բան խլող չղջիկներ, որոնք ըստ թեստի գիտական մեկնաբանության նշանակում են վերածնունդ և ելք մթությունից[5]: Ինչպես տեսնում ենք, Քիզը պահպանել է թեստի գիտական ճշգրտությունը և դրա չարլիական ընկալմամբ բացահայտել հերոսի չցուցադրվող ապրումները:
Թանաքաբծերի թեստի նման ընկալումը կարող է նաև կապված լինել չղջիկի միֆոլոգիական նշանակության հետ: Չղջիկը հաճախ ներկայացվել է որպես երկբնույթ արարած` երկու աշխարհների միջև տատանվող սահմանագծային էակ: Նա դուրս է ընդունված դասակարգումներից, և զարմանալի չէ, որ նախնադարյան մշակույթի ներկայացուցիչները չղջիկը համարում էին երկվության, չկողմնորոշվածության, երկդիմության խորհրդանիշ[6]: Չղջիկների մասին միֆերն ու հեքիաթները հիմնականում ներառում են նրա` կաթնասունների և թռչունների աշխարհների միջև տատանվելու և հեշտությամբ մեկից մյուսն անցնելու մոտիվը: Չղջիկի երկբնույթ լինելը գեղեցիկ գեղարվեստական համեմատություն է դարձնում նաև Պարույր Սևակը «Անկեղծ ասած» բանաստեղծության մեջ.
Դու` հեքիաթում հրաշք աղջիկ,
Այնինչ կյանքում` ինչ-որ չղջիկ,
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է…[7]
Չարլին թանաքաբծերի թեստի չղջիկի ընկալումն ունենում է հետվիրահատական շրջանում, երբ ինքն էլ գտնվում էր սահմանագծային էակի` մտավոր հետամնացի և հանճարի միջև տատանվող մարդու հոգեվիճակում:
Վեպում տրվում են նաև ենթագիտակցության, գիտակցության, երազների հոգեվերլուծական բացատրությունները. «Ես դոկտոր Շտրաուսին հարցրեցի ում է պետք քնի մեջ խելացի դառնալը: Ես արթուն ժամանակ եմ ուզում խելացի լինեմ: Ինքը ասեց որ դրանք նույն բանն են ու որ ես երկու խելք ունեմ ենթագիտակցություն ու գիտակցություն (այսպես են ճիշտ գրվում) ու մեկը մյուսին չի ասում թե ինքը ինչ է անում: Նույնիսկ չեն էլ խոսում իրար հետ: Դրա համար էլ երազներ եմ տեսնում: Ու էս վերչերս ինչ գիշերը հեռուստացույցը միացրած եմ թողնում սկսել եմ ահավոր խառը երազներ տեսնել: Հաստատ էդ ուշ ուշ ուշ ուշ ուշ գիշերվա շոուներից է» (28): Չարլին սկսում է հասկանալ իրական կյանքի անմիջական կապը երազների հետ:
Քիզի հոգեկան տրավմաների արտացոլումը վեպում
Ստեղծագործության մեջ նկարագրված բազմաթիվ երևույթներ առավել հասկանալի են դառնում հեղինակի հոգեկան տրավմաների, ապրումների հետ կապի շնորհիվ: «Բնագրում քողարկված հեղինակային ապրումի մեկնաբանությունն իրականացվում է հեղինակի գաղտնի կենսագրության` նրա վնասվածքների և բարդույթների կենսագրության վերականգնման միջոցով»[8]:
Դենիել Քիզի կյանքում 1957 թվականին տեղի ունեցած մի աննշան թվացող իրադարձություն առանցքային դեր խաղաց վեպի ստեղծման գաղափարի համար: Երբ Քիզը անգլերեն էր դասավանդում սահմանափակ ինտելեկտուալ հնարավորություններ ունեցող երեխաների դպրոցում, աշակերտներից մեկը նրան մի անգամ մոտեցավ և ասաց. «Ես գիտեմ, որ սա ձևական դասարան է, և ես ուզում եմ հարցնել ձեզ. եթե ես ջանասիրաբար աշխատեմ և խելացի դառնամ կիսամյակի ավարտին, Դուք ինձ կտեղափոխե՞ք սովորական դասարան»[9]: Տղայի կողմից սեփական սահմանափակման իրական դրդապատճառը չգիտակցելը և դրա վերացման այլ ուղիներ փնտրելը այնքան ցավոտ դրոշմ է թողել Քիզի հոգում, որ վերջինս չի բավարարվել եղելության գեղարվեստականացման մեկ դրվագով. որոշակիորեն վերափոխված նմանատիպ բազմաթիվ դրվագներ են առկա վեպում: Ահա Չարլիի գրառումներից մեկը. «Մի քանի րոպե որ թողնեք կկարողանամ նկարը գտնել որովհետեվ մեկմեկ ես մի քիչ դանդաղեմ մտածում: Ես համել դանդաղեմ կարթում միսս Կինիանի դասարանում հետամնաց չափահասների համար բայց ես շատեմ աշխատում իմ վրա ու ուզումեմ արագ կարթալ» (6): Հերոսը, չգիտակցելով իր կարողությունների սահմանափակման իրական պատճառը, հուսադրվում է աշխատասիրությամբ, նպատակասլացությամբ:
Չարլիին հետազոտության ժամանակ առաջարկում են բարձրաձայնել թանաքի մեջ իր կողմից նկատված պատկերները, սակայն նրան ոչինչ չի հաջողվում տեսնել. «Ես ոչմի նկար չկարողացա տեսնել: Բայց իսկականից շատ փորցեցի: Քարտը շատ մոտիկ էլ պահեցի շատ հեռու էլ: Հետո ասեցի որ եթե ակնոցս դրած լինեի երեվի ավելի լավ կտեսնեի ես ակնոց սովորաբար մենակ կինո կամ հեռուստացույց նայելուց եմ դնում բայց հետո ասեցի որ միջացքում պահարանի մեչ է» (5): Սակայն ակնոցն անգամ չի կարողանում օգնել Չարլիին: Տղան եզրակացնում է, որ իրեն հավանաբար նոր ակնոց է պետք:
Կամ` «Չգիտեմ թե ինչու եմ էլի հիմար դարցել կամ թե ինչն եմ սխալ արել երեվի քիչ էի աշխատում իմ վրա դրանից է: Բայց եթե փորցեմ ավելի շատ աշխատել ու լիքը պարապեմ գուցե մի քիչ ավելի խելացի կդառնամ ու գոնե կհասկանամ թե բոլոր բառերը ինչ են նշանակում» (94):
Ֆրոյդիստական դիտակետի համաձայն` գրողը անիրականանալի ցանկալին իրականության է վերածում գեղարվեստական երկի մեջ ու միջոցով: «Գրողը երևակայությամբ ներկայացնում է այն իրականությունը, որն ինքը չի կարող ունենալ, և այդպես բավարարում է գտնում կա´մ ճնշված անգիտակցական լիբիդոն, կամ էլ ներքին թաքնված տրավմաները: Ստեղծագործության մեջ գրողը երևակայության շնորհիվ կոմպենսացնում (փոխհատուցում է) իր անլիարժեքությունը կամ ցանկությունների ճնշվածությունը և այդ կերպ խուսափում է նևրոզից»[10]:
Ըստ երևույթին, Քիզի վեպը ևս բացառություն չէ: Մտավոր հետամնաց տղայի միամիտ խնդրանքից հետո Քիզի հոգում ցավից բացի ծնվել է նաև անիրականանալի ցանկություն` որևէ հրաշքով ազատել անմեղ ու միամիտ տղային մտավոր հետամնացության սահմանափակումներից ու անգամ նրան հանճար դարձնել, բայց քանի որ այդ ամենն անհնար էր, Քիզն իր բարի երազանքը արտացոլել է գեղարվեստական երկում` դոկտոր Նեմուրին ու դոկտոր Շտրաուսին դարձնելով այդ անհնարինն իրական դարձնող հրաշագործներ:
Քիզն անշուշտ ցանկացել է նաև, որ իրեն խնդրանքով դիմած տղան մի օր գիտակցի իր սահմանափակման իրական պատճառը. այս ցանկությունը ևս հեղինակը իրագործել է Չարլիի միջոցով: Արդեն խելացի դարձած Չարլին ասում է. «Իմ մտավոր կուրության մեջ կարծում էի, թե դա ինչ-որ կերպ կապված է կարդալ ու գրել իմանալու հետ, և համոզված էի, որ եթե տիրապետեմ այդ ունակություններին, ինքնըստինքյան խելացի կդառնամ» (68):
Հեղինակը կարծես չափահաս մտավոր հետամնացների դպրոցի ուսուցչուհուն` միսս Կինիանին է փոխանցել աշխատանքի ընթացքում ունեցած ծանր ապրումները ու արցունք թափել նրա միջոցով: Ուսուցչուհին հաճախ հուզվում է լավ ու բարի մարդ Չարլիի անկեղծ ու միամիտ խոսքերից ու նրա նկատմամբ շրջապատի անարդար վարմունքներից: Չարլին գրում է. «Ես ասացի որ իմ բոլոր ընկերները խելացի են բայց լավն են: Իրենք ինձ սիրում են ու երբեք չեն նեղացնում: Հետո նրա աչքի մեջ ինչոր բան ընկավ ու ինքը վազեց դուրս լվացվելու» (36):
Չարլիի ընտանեկան կյանքը, շփումը ծնողների հետ գրեթե չի նկարագրվում ստեղծագործության մեջ: Միայն վերջին գրառումներից մեկի մեջ նշում է, որ գտել է ընտանեկան լուսանկար և այդ առթիվ հիշատակում, որ հայրը հարբեցող էր ու փողի համար մոր հետ էր կռվում, երբեք իր խոստումները չէր պահում. «Մայրս ասում էր, որ հայրս մահացել է, բայց իմ զարմիկ Միլտին մի անգամ ասաց որ ինքը լսել է թե ինչպես են իր ծնողները ասում որ իմ հայրը փախել է ուրիշ կնոջ հետ: Երբ մորս հարցրի այդ մասին ինձ ապտակեց ու գոռաց որ հայրս մեռած է» (85): Ընտանեկան կյանքի վերհուշը մտավոր դեգրադացիայի բերած ճգնաժամի վերջում կարելի է պայմանավորված համարել այն հանգամանքով, որ երկրորդ մանկություն ապրող ու ամեն ինչ կորցնող հերոսը իրեն զգում էր երբևէ ամենամենակը` առավել քան երբևէ զգալով ընտանեկան ջերմության պակասը: Ինչպես տեսնում ենք, Դենիել Քիզը իր ծնողների հետ ունեցած կոնֆլիկտն ու սառը հարաբերությունները տեղափոխել է վեպ:
ՄՏԱՎՈՐ ՀԵՏԱՄՆԱՑԻ ԵՎ ՀԱՆՃԱՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ
Մտավոր հետամնացության հոգեբանական առանձնահատկությունները վեպում
Ունենալով մտավոր սահմանափակմամբ մարդկանց հետ աշխատելու փորձ` Դենիել Քիզը վարպետորեն է ներկայացրել Չարլիի հոգեբանությունը, ապրումները, մտքերը: Դրան ծառայում են վեպի և´ ձևը, և´ բովանդակությունը` ներկայացված Չարլիի օրագրությունների տեսքով: Ուղղագրական, կետադրական, շարադասական սխալներով գրառումները դեռևս բավական չէին Չարլիի մտավոր խնդիրները ներկայացնելու համար, ուստի Քիզը նաև դրանք հագեցրել է տրամաբանական սխալներով` ամբողջացնելով մտավոր սահմանափակմամբ մարդկանց մտածողության ու հոգեբանության առանձնահատկությունները: Չարլին չի կարողանում ըմբռնել շուրջը կատարվող իրադարձություններից շատերի խորքային դրդապատճառները` ստիպված եզրակացություններ անելով արտաքին` նկատելի փոփոխություններից. «Ինքը շատ տխուր տեսք ուներ ուրեմն ես սխալ էի ասել» (5-6): Կամ` «Ասեցի որ պատկերացնումեմ փչացած գրիչ ու սփռոցի վրա թափված թանաք: Դրանից հետո ինքը վերկացավ ու դուրս գնաց: Ինձ թվում է ես ռեխ շատ տեստից կտրվելեմ» (6-7):
Քիզը Չարլիի կերպարի միջոցով ներկայացնում է մտավոր սահմանափակմամբ մարդկանց ևս մեկ հոգեբանական բնորոշում. «Մտավոր հետամնացությունը անպայմանորեն չի հանգեցնում հուզական և զգացմունքային ոլորտների խեղաթյուրմանը: Հաճախ մտավոր հետամնացություն ունեցող մարդիկ կարող են շատ նրբանկատ լինել»[11]:
Չարլին հաճախ է դժվարանում իր հետ տեղի ունեցած դեպքերի ժամանակային բնութագրումը կամ ճշգրիտ հաջորդականությունը հիշելու հարցում. «Չհասկացա ամբողջ շաբաթս ուր կորավ: Գիտեմ որ այսօր կիրակի է որովհետեվ պատուհանից տեսնում եմ թե ինչպես են մարդիկ եկեղեցի գնում: Ինձ թվում է ամբողջ շաբաթ անկողնուցս դուրս չեմ եկել միայն հիշում եմ թե ինչպես էր միսիս Ֆլինն ինձ մի երկու անգամ ուտելիք բերում» (84): Մտավոր սահմանափակմամբ մարդկանց մոտ շատ թույլ են զարգացած պատկերացումները ժամանակի մասին. «Առավել թույլ են նրանց գիտելիքները այն դեպքերում, երբ խոսքը գնում է իրադարձությունների կամ երևույթների անցյալ կամ ապառնի ժամանակի մասին: Ժամանակային պատկերացումների ձևավորումն ունի իր առանձնահատկությունները և դժվարությունները` կապված ժամանակի ընթացքի, դրա ամրագրման բարդության, ստույգ վերլուծիչի բացակայության հետ: Դա է պատճառը, որ երեխաների ժամանակային պատկերացումները և կողմնորոշումը ձևավորվում են համեմատաբար ուշ, քան այլ պատկերացումներ»[12]:
Հանճարեղության առանձնահատկությունները վեպում
Դենիել Քիզը վեպում ճշգրիտ ու հաջող է ներկայացրել նաև հանճարին բնորոշ առանձնահատկությունները: Հատկանշական է, որ այստեղ մասնակիորեն պահպանված է նաև հանճարի ծագման աստվածաբանական պատկերացումը. «Հին կտակարանի բազմաթիվ գրքերի մեջ, նաև տարբեր ազգերի պատմության տարեգրքերում, կարմիր թելի նման այն հիմնական փաստարկումն ու գաղափարն է անցնում, որ մարդիկ իրենց հավատքի մաքրությամբ արժանանում են Աստծո բարերար կամքից զեղված շնորհներին և իրադարձությունների ընթացքը փոխում են հօգուտ իրենց»[13]: Չարլին հանճար դառնալու բախտին արժանանում է իր առաքինությունների` մաքրության, ազնվության, ջանասիրության համար. դա բազմիցս է նշվում նրա գրառումներում. «Հետո ինքը ասեց մի վախեցի Չարլի դու այդքան քիչ բան ունենալով այնքան շատ բանես կարողացել անել, որ ինձ թվում է դու ամենաշատն ես դրան արժանի» (13): Դոկտոր Նեմուրն այսպես է մեկնաբանում Չարլիի ընտրությունը. «Բայց իր նման ցածր բանակա*** ունեցող մարդկանց մեծ մասը թշնա*** են տրամադրված լինում ու չեն համագործ*** իրենք սովորաբար համառեն ու ապաթ*** ու իրենց հետ շատ դժվար է աշխատելը: Իսկ ինքը լավ բնավորուցյուն ունի հետարքրված է ու պատրաստակամ» (14):
«Հանճարեղության բնագիտական ուսումնասիրության ծիրերը սահմանվում են Եվգենիկայի, անատոմա-բնախոսական և կենսաբանական հետազոտությունների ասպարեզներում և առնչվում են ախտահոգեբանությանն ու ու հոգեբուժությանը»[14]: Եվգենիկայի և նմանատիպ երևույթների գործնական ձգտումը մարդկային ցեղի կատարելագործումն է, սակայն նման բոլոր փորձերը դատապարտված են անհաջողության: Մարդկությանը կատարելագործելու ձգտմամբ էին վարակված նաև Նեմուրն ու Շտրաուսը: Չարլին գրում է. «Ես ուզումեմ մյուս մարդկանց նման խելացի լինեմ: Եթե պարզվի որ մշտական է իրենք ուզումեն ամբողչ աշխարում բոլորին խելացի դարցնել» (17): Արհեստական և համատարած հանճարեղության հասնելու հերթական փորձը մատնվում է ձախողման:
Հետաքրքիր է, որ Արթուր Շոպենհաուերը և շատ ուրիշներ հոգեբանական առումով զուգահեռել են մանկանն ու հանճարին. «Իրապես, ամեն երեխա որոշակի չափով հանճար է, և ամեն հանճար` որոշակի չափով երեխա: Նրանց նմանությունն արտահայտվում է, ամենից առաջ, միամտության և վեհապանծ պարզության մեջ, որոնք իսկական հանճարի էական հատկանիշներն են: Ամեն մի հանճար հենց այն պատճառով է մեծ երեխա, որ նա աշխարհին նայում է որպես կողմնակի ինչ-որ բանի»[15]: Եթե դիտարկենք Չարլիի մարդկային որակները մինչվիրահատական և հետվիրահատական շրջաններում, փոփոխությունն այնքան էլ մեծ չէ: Սկզբում մանկան հոգով ու մանկամիտ, հոգատար ու բարեսիրտ Չարլին է, որ չի կարողանում հասկանալ մարդկությանը. «Ես ասեցի ոնց կարողեմ պատմել այն մարդկանց մասին ու կյանքում չեմ տեսել: Ասեցի ինչու պիտի ստեր հորինեմ» (10): Հետո հանճար- երեխա Չարլին է հանդես գալիս, որ շարունակում է պարզությամբ ու միամտությամբ զարմանալ աշխարհի ու մարդկության վրա. «Ինչո՞ւ են այն ազնիվ ու զգայուն մարդիկ, ովքեր երբեք չեն նեղացնի առանց ձեռքերի, ոտքերի կամ աչքերի ծնված հաշմանդամին… Ինչո՞ւ են այդ նույն մարդիկ առանց մտածելու նեղացնում թույլ մտավոր ունակություններով ծնվածին» (66):
Մտավոր հետամնացից հանճարի անցման ընթացքը կարելի է նկատել Չարլիի գունընկալման փոփոխությունների միջոցով: Մինչվիրահատական գրառումներից միայն երկուսում են հիշատակվում տարբեր գույներ. կարմիրը և կապույտը նկարագրում են թանաքաբծերը, և սևը՝ կատվին: Մնացած բոլոր գունային նկարագրությունները բացառապես սպիտակ գույնով են` սպիտակ քարտեր, սպիտակ խալաթներով մարդիկ, սպիտակ մկնիկ, սպիտակ մկներ: Հատկանշական է այն փաստը, որ Չարլիի մինչվիրահատական գունընկալումներում ակնհայտորեն իշխում է սպիտակը, իսկ հետվիրահատական շրջանում գույներն առավել մռայլվում են ու մգանում` վարդագույնից հասնելով սևի, կապույտի, շականակագույնի, իսկ սպիտակն առհասարակ բացակայում է: Սա հուշում է հերոսի ինտելեկտուալ զարգացման և աշխարհայացքային կտրուկ փոփոխությունների մասին:
ՎԵՊԻ ՄԻՖԱՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ
Սեզոնային միֆի դրսևորումը վեպում
Ինչպես գիտենք, միֆաքննադատության տեսական հիմքը կազմում է դիցաբանության և գրականության միջև ծագումնաբանական կապի գաղափարը: Քիզի վեպի շրջանակներում՝ Չարլիի կյանքի պարբերաշրջանների հաջորդականությամբ նախ կարելի է նկատել սեզոնային միֆի արտահայտությունը. «Ֆրեյզերը դիցաբանական ձևավորման գործում հատուկ նշանակություն էր տալիս սեզոնային (օրացուցային) ծեսերին, որոնցում ներկայացվում էր բնության կյանքի ամենամյա պարբերաշրջանը, մասնավորապես՝ աշնանը բուսականության թառամելը և նրա նոր աճը գարնանը: Այս ծեսերը, ըստ Ֆրեյզերի, իրենց բանավոր արտահայտությունն են գտել մեռնող և հարություն առնող աստվածների մասին առասպելներում»[16]:
Վեպում ֆրեյզերյան սեզոնային միֆը գտել է հետևյալ արտահայտությունը. սյուժեի զարգացումը կապված է տարվա ժամանակի, եղանակների փոփոխման հետ։ Գարունը խորհրդանշում է գլխավոր հերոսի` Չարլիի բուժումը, ամառը՝ նրա ծաղկումն ու աշխարհի կողմից ճանաչումը, աշունը՝ ինտելեկտուալ մարման ժամանակաշրջանը։ Այսպես, ընթերցողը ծանոթանում է գլխավոր հերոսի հետ մարտին և հենց այդ ամիս տեղի է ունենում վիրահատությունը։ Գարնանը նա դառնում է «հանճար», ապրիլի 6-ին հաղթում է Էլջերնոնին, իսկ լիովին առողջացումը տեղի է ունենում մայիսին և հենց այդ ամսին է նա հեռանում հացաթխման գործարանից։ Ամռանը Չարլի Գորդոնը սովորում է հանճարի կյանքին և գերազանցում գիտնականներին օգոստոսին։ Աշնանը սկսում է մարումը, որն ավարտվում է նոյեմբերին։
Չարլիի զարգացումն անգամ կարելի է ներկայացնել Սլոկհովերի կողմից համաշխարհային գրական միֆի ներսում հստակորեն առանձնացված չորս տարրերի տեսքով` «Դրախտի» (պատմություն հերոսի մանկության մասին), «անկման կամ հանցագործության», «ճամփորդության», «վերադարձի» կամ «մահվան»: «Դրախտի» տակ կարելի է ներառել Չարլիի մինչվիրահատական կյանքը, իբրև «հանցագործություն» դիտարկել հերոսի վիրահատությունը` բնության օրենքի և Աստծո կամքի խախտմամբ, «ճամփորդության» տակ ներառել նրա ինտելեկտուալ զարգացումը, իսկ վերջին տարրը` «վերադարձ» կամ «մահ», այս դեպքում ինչ-որ տեղ համընկնում են, քանի որ Չարլիի վերադարձը ինտելեկտուալ նախկին վիճակին աստիճանական մերձեցում է մահվանը:
Աստվածաշնչյան միֆն ու մոխրոտյան հեքիաթի մոտիվները վեպում
Չարլիի արտասովոր պատմությունը խորքային առումով կարելի է կապել կենաց ծառի և արգելված պտղի վերաբերյալ աստվածաշնչյան միֆի հետ: Դրա հնարավորությունը տալիս է հենց հեղինակը՝ Չարլիի գործընկերներից մեկի՝ Ֆաննիի շուրթերից հնչող միջտեքստային հղմամբ: «Սխալ էր, երբ Եվան լսեց օձին ու կերավ իմաստության ծառի պտուղը: Սխալ էր, երբ տեսավ, որ մերկ է: Եթե էդ ամեն ինչը չլիներ, մենք հիմա ո՛չ կծերանայինք, ո՛չ կհիվանդանայինք, ո՛չ էլ կմեռնեինք» (57): Աղջիկը զգում էր Չարլիի փոփոխության ողջ տարօրինակության ետևում առկա հրեշավոր երևույթը` բնության օրենքների խաթարումը:
Չարլին և Էլջերնոնը դարձան իրենց տեսակի մեջ առաջինները, որոնց ինտելեկտը վիրահատական միջամտությամբ եռապատկվեց. «Մարդիկ ինձ նույնացնում են Էլջերնոնի հետ: Ինչ- որ իմաստով մենք երկուսս էլ մեր տեսակի մեջ առաջինն ենք» (71):
Չարլին այսպես է գրում դոկտոր Շտրաուսի և դոկտոր Նեմուրի մտադրության մասին. «Եթե պարզվի որ մշտական է իրենք ուզումեն ամբողչ աշխարհում բոլորին խելացի դարցնել» (17): Բժիշկները ձգտում էին ի վերուստ սահմանված բնության օրենքի խախտմանը՝ ունենալով փառամոլական մեծ ձգտումներ: Դեմ գնալով Աստծո հաստատած կարգերին՝ նրանք մտավոր հետամնացին դարձրին հանճար՝ գրեթե անգիտակից վիճակից հասցնելով բարձր գիտակցության: Այս առումով Նեմուրն ու Շտրաուսը որոշակիորեն սատանայի (օձի) արքետիպը կրող կերպարներ են:
Հենրիկ Էդոյանը «Շարժում դեպի հավասարակշռություն» գրքում քննության է առնում միջնադարյան շրջանի համաշխարհային գրականության մեջ դրախտից արտաքսված մարդու արքետիպն ու այն կրող կերպարների հոգեբանական առանձնահատկությունները՝ սեփական կամքի կասկածելի հրահանգներին հետևելու հարկադրանք, օտար աշխարհի առջև նետվածութան ապրումներ. «Եդեմից «դուրս գալով»՝ մարդը հայտնվում է զարգացման անվերջ ճանապարհին, որը կապված է ճանաչողության հետ՝ արտաքին աշխարհի գիտակցության-ինքնագիտակցության-ոգեգիտակցության….»[17]: Կամ՝ «…. Նա բացում է իր աչքերը օտար իրականության մեջ, աշխարհի «կոպիտ դեմքի» առջև, ինչպես մի ուղևոր, որ իջել է պատահական մի կայարանում և ինքը պետք է գտնի իր ուղին, նույնիսկ երբ այդ ուղին բացակայում է՝ չունենալով ձեռքին որևէ քարտեզ, ուղեցույց, օգնական, բացի իր ներքին մղումներից, ինտուիցիայից և իր սեփական ճակատագրի՝ շատ հաճախ «ճակատագրական» վճիռներից»[18]: Ինչպես նկատում ենք, այս հոգեբանական առանձնահատկություններնն ու ապրումները հատուկ են նաև Չարլիին՝ արդեն հետվիրահատական շրջանում:
Չարլիի գրառումները բացահայտում են արգելված պտուղը փորձած, գերգիտակից դարձած, «դրախտից արտաքսված մարդու» տառապանքները. «Հիմա հերթական անգամ զգում եմ, թե ոնց եմ ամոթից վառվում: Իմ այս նոր խելացիությունը սեպ է խրել իմ ու այն բոլոր մարդկանց միջև, ում մի ժամանակ ճանաչում ու սիրում էի: Առաջ ծաղրում ու արհամարհում էին ինձ, որովհետև հիմար ու բութ էի. հիմա ատում են, որովհետև խելացի եմ ու խորաթափանց: Աստված իմ, ախր ի՞նչ են ուզում ինձնից» (57): Կամ՝ «Հիմա ավելի մենակ եմ, քան երբևէ» (57): Չարլին կարծես դրախտային անգիտակից վիճակից հայտնվում է դժոխային իրականության մեջ: Եթե դիտարկենք դրախտի և դժոխքի արքետիպերը վեպում, ապա կարող ենք ասել, որ դրանք ինքնատիպ են այնքանով, որ սահմանվում ու տարաբաժանվում են ոչ թե տարածական չափումներով, այլ հերոսի` իրականության հանդեպ ունեցած վերաբերմունքի կտրուկ փոփոխմամբ:
Մտավոր հետամնացությունից հանճարի գիտակցության հասած Չարլիի առաջ բացվում է դժոխային իրականությունը՝ նախկինում իր իսկ կողմից հյուսված միֆերի վերացմամբ: Սիրելի ու հարազատ համարվող Ջո Կարպի և Ֆրենկ Ռեֆլիի հետ ամուր ընկերության միֆը քանդվում է՝ բացահայտելով նրանց անամոթ ծաղրը իր մտավոր խնդիրների նկատմամբ: Մարգսիի սալունում Չարլիի հետ կապված հերթական միջադեպը դառնում է հերոսի դրախտային անիմացության ու երջանկության լավագույն արտահայտությունը: Մանկան պարզությամբ ու մաքրությամբ Չարլին ծաղրի առարկա է դառնում ոչ միայն մտավոր խնդիրների, այլև հավաքարարի ցածր աշխատանքի համար, մինչդեռ նա կարծում էր, թե բոլորը իրեն սիրում են, բոլորը խելացի են. «Արդեն չեմ համփերում ուզումեմ Չարլի Կարպի ու Ֆրենկ Ռեյլիի նման խելացի դառնամ: Իրենք իմ ամենալավ ընկերներն են» (30):
Դրախտաբնակ մարդու միամտության ու պարզության մեջ ապրող Չարլին չէր հասկանում, թե ինչու են շրջապատողները միմյանց նախատում «իրեն Չարլի Գորդոնի տեղը դնել» արտահայտությամբ, երբ ինքը նման արարքներ չէր գործել, ապա վրա է հասնում դառը գիտակցումը. «Հիմա արդեն գիտեմ, թե ինչ է նշանակում «իրեն Չարլի Գորդոնի տեղը դնել»: Ամաչում եմ» (41):
Վերջնականապես անցումը դժոխային իրականության գիտակցմանը Չարլիի համար դառնում է բիստրոներից մեկում աման լվացող տասնվեցամյա տղայի հետ կապված միջադեպը, որի՝ ափսեները կոտրելուց հետո սկսվում է հաճախորդների ծաղր ու ծանակը:
«Ծաղիկներ Էլջերնոնի համար» վեպը նաև ունի մոխրոտյան հեքիաթների հետ բազմաթիվ ընդհանուր միֆոլոգիական մոտիվներ: Մոխրոտի մասին հեքիաթի միֆական ակունքը Ռոդոպիսի մասին պատմող եգիպտական միֆն է:
Ե´վ Մոխրոտը, և´ Չարլին ունեին մեծ ու նվիրական երազանք (համապատասխանաբար՝ պարահանդեսին մասնակցելն ու խելացի դառնալը):
Մոխրոտի՝ հրաշքի հետ կապված երազանքի իրագործումը, նրան ցուցաբերված օգնությունը պատճառաբանվում է նրա լավ ու բարի բնավորությամբ, աշխատասիրությամբ ու մաքրությամբ: Չարլիի երազանքի կատարումը ևս կապված է հրաշքի հետ և ներկայացվում է իբրև փոխհատուցում արժանիքների ու առաքելությունների համար. Ուսուցչուհին ասում է. «Հետո ինքը ասեց մի վախեցի Չարլի դու այդքան քիչ բան ունենալով այնքան շատ բանես կարողացել անել որ ինձ թվում է դու ամենաշատն ես դրան արժանի» (13): Դոկտոր Նեմուրը ևս Չարլիի ընտրությունը պայմանավորում էր լավ բնավորությամբ, հետաքրքրասիրությամբ ու պատրաստակամությամբ: Դոկտոր Շտրաուսը արժևորում էր նրա ահռելի կամքն ու ցանկությունը:
Ե´վ Մոխրոտի, և´ Չարլիի նվիրական երազանքների իրագործումը ժամանակավոր բնույթ է կրում և ենթադրում է վերադարձ նախնական վիճակին:
Չարլին վերադառնում է մտավոր զարգացման նախկին մակարդակին, սակայն պահպանվում են նրա հեղինակած գրքերն ու կատարած ուսումնասիրությունները: Իսկ Մոխրոտի դեպքում նախնական վիճակին վերադառնալուց հետո պահպանվում է միայն կոշիկը, որ անցած ուղու՝ կենսափորձի խորհրդանիշն է: Այսինքն, երկու դեպքում էլ երազանքի ժամանակավոր իրագործումից հետո կատարվում է անցում սկզբնական վիճակին, սակայն պահպանվում են «անցած ուղու» նյութական արտահայտությունները:
Երկու դեպքում էլ կան հերոսներին օգնող, հուշող ընկեր-արարածներ. Չարլիի դեպքում դա Էլջերնոն մկնիկն է, որ, կարելի է ասել, հերոսի ապագայի արտացոլանքն է կրում, Մոխրոտի հեքիաթի տարբերակների դեպքում՝ տարբեր արարածներ (չինական տարբերակում` Յեհ-Շենին օգնում ու հուշում էին ձկները, եգիպտական Ռոդոպիսին` արծիվը, գերմանական տարբերակում՝ Աշենպուտտելին թռչուններ` աղավնիները):
Ընդ որում, Մոխրոտի հեքիաթի գերմանական տարբերակը առնչվում է նաև կենաց ծառի միֆին: Այս տեղ այդ ծառն աճում է Մոխրոտի մոր գերեզմանի վրա՝ դառնալով ամեն հարցում նրա օգնականն ու ապավենը՝ երազանքներն իրագործողը:
Սֆինքսի հանելուկի միֆի վերափոխումը վեպում
Մեկ այլ ինքնատիպորեն վերափոխված միֆ է Էլջերնոնի նկատմամբ դոկտոր Նեմուրի արարքի ակունքում, որի մասին Չարլին գրում է. «Ասեց որ Էլջերնոնն այնքան խելացի է որ ամեն օր պետք է տեստ լուծի որ ուտելիք ստանա: էդ ոնցոր մի տեսակ կոխպեք լինի ուտելիքի դռան վրա ու ամեն անքամ երբ Էլջերնոնը մտնում է այդտեղ կոխպեքը փոխած են լինում այսինքն ինքը ուտելու համար պիտի ամեն անքամ նոր բան սովորի: Ես դրանից տխրեցի որովհետեվ եթե չկարողանա սովորել սոված կմնա» (32): Վեպի այս հատվածը հիշեցնում է հունական լեգենդը Սֆինքսի հանելուկի մասին: Սֆինքսը պահպանում էր Թեբե քաղաքի մուտքը և այնտեղ մտնողներին առաջարկում էր հանելուկներ[19]: Հանելուկի պատասխանը չստանալու դեպքում նա զոհին մասերի էր բաժանում: Փրկվելու և քաղաք մտնելու համար պետք էր գտնել պատասխանը: Էլջերնոնին ևս ենթարկում էին նման փորձության. ուտելիք ստանալու և գոյատևելու համար նրան ստիպում էին ամեն անգամ մի նոր հարցի պատասխան գտնել:
ՉԱՐԼԻԻ ԿԵՐՊԱՐԻ ԱՐՔԵՏԻՊԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բացի միֆաքննադատական քննության մեջ առանձնացված արքետիպերից՝ վեպում կան նաև հետևյալները: Չարլի Գորդոնի կերպարը երկփեղկված է մանկան և իմաստունի արքետիպերի միջև: Չարլին մինչ վիրահատությունը մանկան արքետիպին բնորոշ անմեղության կրողն էր. «Ես ասեցի ոնց կարող եմ պատմել այն մարդկանց մասին ում կյանքում չեմ տեսել: Ասեցի ինչու պիտի ստեր հորինեմ: Ես էլ երբեք սուտ չեմ խոսում որովհետեվ ամեն անքամ բռնվումեմ» (10): Վիրահատությունից հետո աստիճանական անցում է կատարվում իմաստունի արքետիպին: Ընդ որում, մանկան արքետիպը՝ իր միամտությամբ կապվում է «դրախտի» պայմանական իրականությանը, իմաստունինը` դժոխային:
Չարլիի կերպարի դեպքում նկատելի է նաև ստվերի արքետիպի երկփեղկում: ««Ինչպես անձնական, այնպես էլ խմբային Ստվերը» իր մեջ բովանդակում է հոգու այն բոլոր կողմերը, որոնց առկայությունը չի ցանկանում ընդունել մեր գիտակացությունը: Այդ պատճառով էլ, որպես կանոն, դրանք ենթարկվում են էներգետիկ արտամղման»[20]: Չարլիի անձի համար ստվերային արքետիպի դեր ունեին արդեն դեպի կործանում գնացող, ապագան ներկայացնող մկնիկ Էլջերնոնն ու բիստրոյում աշխատող մտավոր հետամնաց տղան: Նրանք հերոսին հիշեցնում էին իր անցյալ ու ապագա սխալների մասին` հասցնելով հոգեկան ծանր վիճակի ու պոռթկումների. «Ես թաքցնում էի հին Չարլի Գորդոնի պատկերն ինքս ինձնից: Ինձ թվում էր, թե խելացի դառնալով` պիտի կարողանամ անցյալը մտքիցս ջնջել: Բայց այսօր, նայելով այդ տղային, առաջին անգամ տեսա, թե ով էի ես իրականում; Ես լրիվ նույնն էի» (67): Չարլիին ինքնության արքետիպային հոգեվիճակի է հասցնում բիստրոյում աշխատող մտավոր հետամնաց տղայի, հետևաբար իր անցյալի ու ինքն իր անձի վրա ծիծաղելու ողբերգական դրությունը, կտրուկ մեկուսացումը բոլորից և իրականության լիարժեք գիտակցումը:
Մտավոր դեգրադացիա ապրող հերոսի համար արդեն ստվերային արքետիպի դեր է ստանձնում խելացի Չարլին իր անսահման հնարավորություններով. «Չեմ ուզում միսս Կինիանը խղճա ինձ: Գործարանում էլ են բոլորը ինձ խղճում ու ես դա էլ չեմ ուզում ու դրա համար էլ մի այնպիսի տեղ եմ գնալու որտեղ ոչմեկ չգիտի, որ Չարլի Գորդոնը մի ժամանակ հանճար է եղել, իսկ հիմա նույնիսկ գիրք կարթալ կամ ճիշտ գրել չի կարողանում» (93):
ԼԱԲԻՐԻՆԹՈՍԻ ՔՐՈՆՈՏՈՊԸ ՎԵՊՈՒՄ
Դենիել Քիզի վեպում կա ինքնատիպ քրոնոտոպային լուծում՝ արտահայտված լաբիրինթոսի քրոնոտոպով: «Բախտինյան քրոնոտոպի հասկացության մեջ կենտրոնականը տարածաժամանակային միասնության արժեքաբանական (աքսիոլոգիական) ուղղվածությունն է, որի գործառույթը (ֆունկցիան) գեղարվեստական ստեղծագործության մեջ անձնավորված դիրքորոշման, իմաստի արտահայտումն է. «Իմաստների ոլորտ մուտք գործելը իրականացվում է միայն քրոնոտոպի դարպասների միջով»»[21]:
Լաբիրինթոսի քրոնոտոպը վեպում ստանում է հետաքրքիր արտահայտություն: Չարլիի՝ Մկնիկ Էլջերնոնի հետ մրցության ժամանակ լաբիրինթոսների հաղթահարման վարժությունը պատահական չէր: Լաբիրինթոսը հանրագիտարանային իմաստով, ինչպես գիտենք, մոլորեցնող ուղիներից բաղկացած կառույց է, որ բերում է ելքի կամ անելանելի իրավիճակի: Այն հաճախ վերջին ձգտելով կրկին ակամա սկզբին վերադառնալու խորհրդանշանային իմաստն ունի, որ վեպում դառնում է տարածաժամանակային քրոնոտոպի ինքնատիպ արտահայտիչ: Լաբիրինթոսային վերադարձի տակ կարելի է գտնել նաև սկզբնական մտավոր վիճակին վերադառնալն ու վերադարձը մահին` նախասկզբնական վիճակին:
Լաբիրինթոսի քրոնոտոպային ընդգծման մասին է վկայում նաև հեղինակը՝ իր «Չարլին, Էլջերնոնը և ես: Գրողի ճանապարհորդությունը» գրքի գլուխներից մեկը վերնագրելով «The maze of time» («Ժամանակի լաբիրինթոսը»):
Ստեղծագործության վերջաբանը բազմիցս են ցանկացել փոխել և վերաձևել դասական հեքիաթի ավարտի: Հայտնի ու ազդեցիկ խմբագիր Հորիզ Գոլդը, որ Քիզի հայտնի մոտ ընկերն էր, հավանում է ստեղծագործությունը, բայց վերջաբանն առաջարկում է փոխել. «Դե´ն, լավ պատմություն է, բայց ես քեզ կպատմեմ, թե ինչպես այն դարձնես հանճարեղ. Չարլին չի կորցնում ինտելեկտը, մնում է գերհանճար, նա և Ալիսան սիրահարվում են, ամուսմանում իրար հետ և ապրում երկար ու երջանիկ»[22]:
Մի տարվա մեջ հինգ անգամ հրատարակիչներ մերժում են Քիզի գործը լույս ընծայել` պահանջելով փոխել վերջաբանը: 70-ականների վերջին այն վերափոխել էին մյուզիքլի` բեմադրելով Լոնդոնում և Բրոդվեյում, նորից փորձ էր արվում փոխել վերջաբանը, և նորից այն չի իրագործվում: Քիզը այս առթիվ գրում է. «….Ոչ ոք երբեք չի կարողացել փոխել այդ վերջաբանը, և ես ուրախ եմ դրա համար»[23]: Նա իր հերոսին լաբիրինթոսային մեկնակետ վերադարձնելու գաղափարից երբեք չի հրաժարվել՝ ունենալով գիտակցական և ենթագիտակցական բազմաթիվ հիմունքներ:
Դենիել Քիզի մոտ «արհեստականորեն աճող մարդկային ինտելեկտի» գաղափարը հայտնվել է մետրոյում[24]: Գուցե սա ևս կողմնակիորեն նպաստել է ստեղծագործության՝ վերստին նույն կետին վերադառնալու գաղափարի ամրակայմանը:
Գրողը ստեղծագործության նախնական կաղապարի մեջ կարևորել էր վերստին նույն կետին դարձող հերոսի առկայությունը: Նա, հիշելով Արիստոտելի «Պոետիկայի» այն գաղափարը, որ ողբերգությունը կարող է պատահել միայն բարձր ծագում ունեցողների հետ, քանի որ ողբերգական անկումը հնարավոր է միայն մեծ բարձրությունից, որոշում է այն փորձարկել և մտածում է` ինչ կլինի, եթե աշխարհայացքով ամենացածր մեկը, հասնելով «Գրքերի լեռան» գագաթը` հանճարի բարձրության, ստիպված լինի հետո իջնել և կորցնել ամենը[25]:
Չարլիի անվան ոչ այնքան հայտնի ստուգաբանությունը, որ առավել հետաքրքիր է, հետևյալն է. ստեղծագործության շարադրման ժամանակ Աուրեան` Քիզի կինը աշխատում էր Լարրի Գորդոնի ստուդիայում: Աուրեայի նախկին սիրեցյալին ու Քիզի մրցակցին անվանում էին Չարլի[26]: Հնարավոր է, որ Քիզի ենթագիտակցությունը շարունակաբար թույլ չի տվել իր կնոջ նախկին սիրեցյալի անունը կրող հերոսին երջանիկ ավարտ հատկացնել:
«Չարլին, Էլջերնոնը և ես: Գրողի ճամփորդությունը» գրքի «Տղան Գրքերի լեռան վրա» հատվածում հեղինակը հիշում է, թե ինչպես էր թղթերի վերամշակմամբ զբաղվող ընկերության մեքենան հայտնվում իրենց փողոցում և գոյանում էր «Գրքերի լեռը»: Մանուկ Դենիելը մագլցում էր դրա գագաթը, տեղավորվում, ապա հերթով վերցնում գրքերը, կարդում հատվածներ` իր պայուսակը գցելով կամ մի կողմ նետելով դրանք: Այնուհետև բավարար քանակության գրքեր հավաքելով` Դենիելը անցնում էր լեռան մյուս կողմը, իջնում և հավաքած գրքերը տեղավորում հեծանվազամբյուղի մեջ: Տղայական տարիքի իր պատկերացումներում «Գրքերի լեռն» ամրակայվեց իբրև ընթերցանության և ուսման հանդեպ իր սիրո խորհրդանիշ: Դա պարզ դարձավ նրա համար, երբ նա գրեց գործը: «Քանի որ Չարլիի ինտելեկտը աճում է, ես պատկերացնում եմ նրան լեռը բարձրանալիս: Նա որքան բարձրանում է, այնքան հեռուն է տեսնում, մինչև գագաթը, նա շրջվում և տեսնում է իրեն շրջապատող գիտելիքի` բարու և չարի աշխարհը: Բայց հետո նա պետք է իջնի մյուս կողմը»[27]:
«Գրքերի լեռան» հիշատակումը մասնակիորեն հնարավորություն է տալիս վեպի հիմքում տեսնել Սիզիփոսի միֆը և լեռան քրոնոտոպը՝ գագաթը բարձրանալու ու այնտեղից իջնելու մասնավորեցմամբ, սակայն մենք վեպի համար առավել ընդունելի ենք համարում հենց լաբիրինթոսի քրոնոտոպը հետևյալ հիմնավորմամբ: Լեռան քրոնոտոպը կենթադրեր անցում լեռան մյուս կողմը, ոչ թե վերադարձ մեկնակետին, իսկ սիզիփոսյան աշխատուղու դեպքում կենթադրեր վերելքների ու վայրէջքների շարունակական ընթացք, մինչդեռ լաբիրինթոսի քրոնոտոպը ունի հստակ տարածաժամանակային դրսևորում՝ անցանկալի ու ակամա վերադարձ մեկնակետին՝ նույն գիտակցական վիճակին ու նույն վայրերը՝ գործարան ու մտավոր հետամնացների դպրոց: Լաբիրինթոսը լավագույն ընդհանրացմամբ կյանքի կաղապարն է՝ ուղի, որ ծնունդ է առնում մինչգիտակցական մեկնակետից և վերադառնում նույն մեկնակետ, ինչը նկատել էր Զ. Ֆրոյդը իր՝ Թանատոսի տեսության մեջ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Դենիել Քիզի կյանքը և նրա «Ծաղիկներ Էլջերնոնի համար» ստեղծագործությունը շարունակաբար փոխազդել են: Գրողի կյանքը շարունակաբար հարստացրել է երկը, իսկ վերջինս՝ թեթևացրել գրողի ծանր ապրումների բեռը:
- Քիզի աշխատաքային փորձի ու հոգեվերլուծական գերազանց գիտելիքների շնորհիվ վեպում գիտահոգեբանական ճշգրտությամբ են պատկերվում Չարլիի ապրումներն ու գործողությունները:
- Վեպում կարելի է գտնել ինչպես աստվածաշնչյան, այնպես էլ Ֆրեյզերի, սեզոնային միֆի, սլոկհովերյան մոնոմիֆի, Սֆինքսի հանելուկի միֆի ինքնատիպ վերափոխումներն ու մոխրոտյան հեքիաթների մոտիվների հետ զգալի ընդհանրություններ:
- Երկը առանձնանում է նաև բազմաթիվ արքետիպերի դրսևորման ինքնատիպ լուծումներով:
- Վեպի տարածաժամանակային դրսևորման յուրահատկությունը ձևակերպելի է լաբիրինթոսի քրոնոտոպի ակնհայտ առկայությամբ:
- Ի վերջո, քանդվում են Չարլի Գորդոնի մանկական միամտությամբ հյուսված բոլոր պատկերացումները` վերահաստատելով միայն մեկ միֆ` բնության օրենքների անհաղթահարելիության միֆը: Վեպի վերջում հերոսին սպանիչ ու տանջող է թվում ներկան, որ ուղղված էր անշեղորեն դեպի անցյալ սահող ապագային:
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Բնագրեր
- Քիզ Դ., Ծաղիկներ Էլջերնոնի համար, «Անտարես» հրատ., Եր., 2016 թ., 100 Էջ:
- Սևակ Պ., Երկեր 3 հատորով, հատոր 1, «Սովետական գրող» հրատ., Եր., 1982, 672 էջ:
- Daniel Keyes, Algernon, Charlie, and I: A Writers Journey ,USA, First Harvest edition, 2004, 228 p..
2)Ուսումնասիրություններ
- Աբրահամյան Ա., Մտավոր հետամնաց մարդիկ. պատրանք և իրականություն, Բաց հասարակության ինստիտուտ, Եր., 2003, 18 էջ:
- Էդոյան Հ., Շարժում դեպի հավասարակշռություն: Հոդվածներ, Էսսեներ, «Փրինթինֆո» հրատ., Եր., 2009, 501 էջ:
- Հովականյան Յու., Հոգեվերլուծական փիլիսոփայություն, Հեղինակային հրատարակություն, Եր., 2001, 170 էջ:
- Մարուքյան Վ., Մտավոր հետամնաց երեխաների ժամանակի ընկալման ձևավորումը, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հրատ., Եր., 2012, 40 էջ:
- Պետրոսյան Ա., Մելքոնյան Ա., Հանճար: Գիտաիմաստասիրական վերլուծություն, Եր., 58 էջ:
- Տուրիշևա Ն., Արտասահմանյան գրականության տեսությունը և մեթոդաբանությունը, ԵՊՀ հրատ., Եր., 2017, 266 էջ:
- Քալանթարյան Ժ., Քննադատությունն իբրև գործնական գրականագիտություն, ԵՊՀ հրատ., Եր., 2017, 290 էջ:
- Գրականության տեսության արդի հիմնախնդիրներ, ԵՊՀ հրատ., Եր., 2016, 330 Էջ:
- Прохорова О. Н., Близнюк Е. И. Проблема гениальной личности в романе Дэниела Киза «Flowers for Algernon» // Молодой ученый. — 2015. №11, С. 1671-1674.
3) Կայքերից հղումներ
- http://www.danielkeyesauthor.com/faq.html
- http://anikhudoyan.ucoz.net/publ/proyektiv_tester/h_rorshaxi_tanaqabceri_testy/3-1-0-161
- http://www.gothamwdeszczu.com.pl/en/2014/12/12/the-symbolism-of-a-bat-bat-in-the-cultures-of-the-world
- http://academic.depauw.edu/aevans_web/HONR101- 02/WebPages/Fall2009/Rae/Daniel%20Keyes’s%20Flowers%20for%20Algernon/pages/keyes_inspiration.htm
- http://www.locusmag.com/1997/Issues/06/Keyes.html
[1]http://www.danielkeyesauthor.com/faq.html, 25.02.2018:
[2] Прохорова О. Н., Близнюк Е. И. Проблема гениальной личности в романе Дэниела Киза «Flowers for Algernon» // Молодой ученый. — 2015. №11, С. 1672.
[3] Daniel Keyes, Algernon, Charlie, and I: A Writers Journey, USA, First Harvest edition, 2004, p. 82.
[4] Քիզ Դ., Ծաղիկներ Էլջերնոնի համար, Եր., 2016, էջ 4: Այսուհետև երկից հղումները կտանք փակագծերում` նշելով միայն էջը:
[5] http://anikhudoyan.ucoz.net/publ/proyektiv_tester/h_rorshaxi_tanaqabceri_testy/3-1-0-161, 26.12.2018:
[6] http://www.gothamwdeszczu.com.pl/en/2014/12/12/the-symbolism-of-a-bat-bat-in-the-cultures-of-the-world/, 26.12.2018:
[7] Սևակ Պ., Երկերի ժողովածու 3 հատորով, հատոր 1, Եր., 1982, էջ 230:
[8] Տուրիշևա Ն., Արտասահմանյան գրականության տեսությունը և մեթոդաբանությունը, Եր., 2017, էջ 86:
[9] http://academic.depauw.edu/aevans_web/HONR101- 02/WebPages/Fall2009/Rae/Daniel%20Keyes’s%20Flowers%20for%20Algernon/pages/keyes_inspiration.htm, 25.12.2018:
[10] Քալանթարյան Ժ., Քննադատությունն իբրև գործնական գրականագիտություն, Եր., 2017, էջ 157:
[11] Աբրահամյան Ա., Մտավոր հետամնաց մարդիկ. պատրանք և իրականություն, Եր., 2003, Էջ 7:
[12] Մարուքյան Վ., Մտավոր հետամնաց երեխաների ժամանակի ընկալման ձևավորումը, Եր., 2012, Էջ 24:
[13] Պետրոսյան Ա., Մելքոնյան Ա., Հանճար: Գիտաիմաստասիրական վերլուծություն, Եր., էջ 13:
[14] Նույն տեղում, Էջ 17:
[15] Նույն տեղում, Էջ 46:
[16] Տուրիշևա Ն., Արտասահմանյան գրականության տեսությունը և մեթոդաբանությունը, Եր., 2017, էջ 105:
[17] Էդոյան Հ., Շարժում դեպի հավասարակշռություն: Հոդվածներ, Էսսեներ, Եր., 2009, էջ 64:
[18] Նույն տեղում, էջ 69:
[19] Դրանցից ամենահայտնին հետևյալն է. «Որ արարածն է սկզբից քայլում չորս ոտքով, հետո` երկու և հետո՝ երեք»։ Պատասխանն է՝ «Մարդը»(մարդու մանկությունը,երիտասարդությունը և ծերությունը)։ Որոշ դեպքերում նշվում է մի այլ հանելուկ. «Երկու քույր են, առաջինը կյանք է տալիս երկրորդին, որից հետո երկրորդն` առաջինին»։ Պատասխանն է՝ «Ցերեկն ու գիշերը»։ Հունական դիցաբանության համաձայն, այն բանից հետո, երբ Էդիպ արքան պատասխանեց հանելուկներին, Սֆինքսը նետվեց անդունդը։
[20] Հովականյան Յու., Հոգեվերլուծական փիլիսոփայություն, Եր., 2001, Էջ 64:
[21] Գրականության տեսության արդի խնդիրներ, Եր., 2016, էջ 161:
[22] http://www.locusmag.com/1997/Issues/06/Keyes.html, 25.12.2018:
[23]Նույն տեղում, 25.12.2018:
[24] http://academic.depauw.edu/aevans_web/HONR101-02/WebPages/Fall2009/Rae/Daniel%20Keyes’s%20Flowers%20for%20Algernon/pages/keyes_inspiration.htm, 25.12.2018:
[25] Նույն տեղում, 25.12.2018:
[26] Նույն տեղում, 25.12.2018:
[27] Daniel Keyes, Algernon, Charlie, and I: A Writers Journey ,USA, First Harvest edition, 2004, p. 60.