Առաջին պարապմունք․ 3 ժամ
Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․
- հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետեր, հոդված 27, կետ 7։
- հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ
Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա պատասխանեք հարցերին․
- ե՞րբ են գնահատում
- Գնահատում են`
զգալով դրա անհրաժեշտությունը
` որպես ուղղորդում սովորողի գործունեությանը։ - ո՞վ է գնահատում
- Ուսուցման գործընթացի ցանկացած կողմ, մասնակից` դասավանդողը, սովորողը, ծնողը։
- ի՞նչն են գնահատում
- Ուսուցմանը, կրթությանը, զարգացմանն ուղղված աշխատանքը։
- ինչպե՞ս են գնահատում
- Տարբեր դրսևորումներով`
գնահատողական վերաբերմունք
` խոսքային և ոչ խոսքային արտահայտում (խոսք, շարժույթ), գնահատողական այլ գործողություն, գնահատանիշ և այլն։ - Ինչո՞ւ գնահատել։
- Ուսուցման գործընթացի զարգացումն ուղենշելու համար։
Երկրորդ պարապմունք 3 ժամ
Փորձեք մեկնաբանել «գնահատումը` որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։
Գնահատման տարբեր դրսևորումները այս կամ այն կերպ միտված են սովորողի խրախուսմանը։ Եթե գնահատումն անգամ հուշի վատ, սովորողի կարողություններից ցածր արդյունքների կամ ուսումնական ընթացքի մասին, պետք է ուղղորդող, ուղենշող դեր ունենա, ցույց տա զարգացումն ու դրա հնարավոր դրսևորումները։ Գնահատման որևէ դրսևորում չպետք է փակուղի տանի սովորողին։
Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։
- Խրախուսում, ոգևորում,
- Սովորողի ուսումնառության ներկա վիճակի բնորոշում, նկարագրում,
- Սովորողի հետագա աշխատանքի, զարգացման ուղենշում,
- Սովորողի հետ սեփական աշխատանքի բնորոշում, ուղղորդում
Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։
- Սովորողի զարգացման դիտարկում,
- Սովորողի ինքնագնահատման հմտությունների ներառում,
- Ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտում,
- Կրթական մի աստիճանից մյուսի անցման հնարավորության ապահովում,
- Թափանցիկություն:
Երրորդ պարապմունք 3 ժամ
«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։
Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։
Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։
Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։
Հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին:
Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը:
Հանրակրթական ուսումնական հաստատությունում գնահատումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում (ընթացիկ), կիսամյակի և ուսումնական տարվա ավարտին (ամփոփիչ) և հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին (ամփոփիչ ատեստավորում)։ Ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:
Միավորային գնահատումը կիրառվում է սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:
Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:
Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ կրթության կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի գիտելիքների քանակական (միավորային) ընթացիկ գնահատումն ու ամփոփիչ ատեստավորումը կարող է իրականացվել ըստ իրենց անհատական ուսուցման պլանի՝ 10 միավորային սանդղակով:
ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Ձևավորող գնահատումը ուսուցչի կողմից գնահատման 5 բաղադրիչների պլանավորված և պարբերական օգտագործումն է ամենօրյա աշխատանքում (Գծակարգ):
· Ուսուցչի կողմից արդյունավետ հետադարձ կապի ապահովում:
· Սովորողների ակտիվ մասնակցություն սեփական ուսումնառության գործընթացին:
· Ուսուցման գործընթացի ճշգրտում և շտկում՝ հաշվի առնելով գնահատման արդյունքները:
· Գնահատման՝ սովորողների մոտիվացիայի և ինքնագնահատականի վրա խորքային ազդեցության գիտակցում, որն իր հերթին կարևոր ազդեցություն ունի ուսուցման արդյունավետության վրա:
· Սովորողների կողմից իրենց գիտելիքները ինքնուրույն գնահատելու ունակության ձևավորում:
Ձևավորող գնահատման առանձնահատկությունն այն է, որ գնահատման հնարները կիրառվում են յուրաքանչյուր դասին: Նշանակում է՝ ուսուցիչը և սովորողները կարող են արդեն ամենավաղ փուլերից սկսած՝ ազդեցություն ունենալ ուսուցման և առհասարակ կրթության որակի բարելավման վրա: Ձևավորող գնահատումը կիրառվում է թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար ընդունելի հնարներով:
Ուսուցման գործընթացում գնահատման օբյեկտը սովորողի գործունեությունն է (ոչ թե սովորողը), որն ուղղված է սովորողի ուսումնառության նպատակի իրագործմանը: Հետևաբար, գնահատման բոլոր ձևերի ու տեսակների հիմքը ուսուցման նպատակի ձևակերպումն է:
Դասի հիմքը ուսուցման նպատակն է. և՛ ուսուցչի և՛ սովորողի ողջ գործունեությունը պետք է ուղղված լինի այդ նպատակի իրագործմանը: Նպատակով են պայմանավորվում դասի ընթացքը, մեթոդների, միջոցների ու գնահատման ընտրությունը:
Յուրաքանչյուր դասին ուսուցչի համար կարևոր է խորհել հետևյալ հարցերի շուրջ.
· Որքանո՞վ են սովորողները հասկացել անցած նյութը:
· Ինչպե՞ս կարող եմ ստուգել:
· Ո՞ր առաջադրանքն էր դժվար սովորողների համար:
· Եթե առաջադրանքը դժվարություն է առաջացրել, ապա ի՞նչ պետք է փոխել դասավանդման մեթոդներում:
Գոյություն ունեն սովորողների ակտիվության մի քանի ուղղություններ.
- ուսուցման նպատակների և արդյունքների ընկալում,
- սովորողների կողմից գնահատման չափանիշների ընկալում,
- ուսուցչի կողմից համապատասխան հնարների կիրառում:
Դասի նպատակի ընկալումը թույլ է տալիս սովորողին դառնալ գործընթացի կազմակերպման գործուն մասնակիցը: Վերջնարդյունքները ևս պետք է հասկանալի լինեն սովորողներին՝ նրանց դարձնելով գնահատման չափանիշների մշակման մասնակից: Նպատակներն ու ակնկալվող արդյունքները պետք է ակնառու ներկայացված լինեն (գրատախտակին, պաստառին, էկրանին և այլն), որպեսզի ուսուցիչն ու սովորողները հնարավորություն ունենան անդրադառնալու դրանց և ստուգելու իրենց ձեռքբերումները:
Ձևավորող գնահատումը ուսուցչի և սովորողների համատեղ հետադարձ կապի անընդհատությունն է՝ երկկողմ գործունեության ճշգրտման, ուսուցման գործընթացի բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով: Հետադարձ կապը ուսուցչին հնարավորություն է տալիս պատկերացնելու, թե ինչպես է ընթանում ուսուցման գործընթացը, տեղեկատվություն է տրամադրում սովորողների ձեռքբերումների և դժվարությունների մասին:
II. ՄԻԱՎՈՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
- Միավորային գնահատումը կիրառվում է սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման աստիճանը ստուգելիս: Միավորային գնահատումն իրականացվում է սովորողի գնահատականը գրանցելու-հաշվառելու միջոցով և ունի վերահսկող դեր:
- Միավորային գնահատումն ըստ նպատակահարմարության կիրառվում է՝
1) դասաժամերին և ունի ծրագրային նյութի յուրացման մակարդակը ստուգող, խթանող և կարգավորող նշանակություն,
2) դասավանդվող թեմայի ավարտին սովորողի` տվյալ թեմայից ձեռքբերումների մակարդակը պարզելու նպատակով,
3) կիսամյակի ամփոփման փուլում, որի նպատակն է միավորով արտահայտել մեկ կիսամյակի ընթացքում սովորողի ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակը: - Հանրակրթական դպրոցի առաջին դասարանում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով` ըստ հաստատված ձևի, յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է կրթական զարգացման բնութագիր:
- Միավորային գնահատումը հանրակրթական ուսումնական հաստատությունում իրա- կանացվում է սկսած երկրորդ դասարանից:
- Սովորողների ուսումնառության ընթացիկ արդյունքները միավորային գնահատմամբ արտահայտելու համար երաշխավորվում են ստուգման հետևյալ տեսակները.
1) բանավոր հարցում,
2) գործնական աշխատանք,
3) թեմատիկ գրավոր աշխատանք,
4) կիսամյակային ամփոփիչ աշխատանք: - Բանավոր կամ գրավոր հարցումները և գործնական աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվում դրանց կատարման համար գնահատվողից ակնկալվող պատրաստվածությունն ըստ առարկայական չափորոշչի պահանջների: Գործնական աշխատանքի դեպքում հաշվի են առնվում նաև աշխատանքի կատարման, վերլուծության և ամփոփման համար պահանջվող կարողությունն ու հմտությունը:
- Ուսումնական որոշակի նյութից սովորողի ուսումնական ձեռքբերումները գնահատելիս ուսուցիչը կարող է կիրառել գնահատման այլ սանղակներ, բայց պաշտոնական գրանցումների համար դրանք պետք է բերվեն 10 միավորային սանդղակի:
«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝
1) գիտելիք.
2) հմտություն.
3) դիրքորոշում.
4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI
Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։
- Գիտելիք: Գնահատումը ներառում է առարկայական, հարակից գիտություններից առաջարկվող և ինքնակրթությամբ հետաքրքիր, պահանջվող, ուսումնական նյութերի, դրանց արդյունավետ կիրառման, համեմատման, զուգադրման, վերլուծման և այլ հմտությունների շարունակական զարգացումը, ինչը կապահովի սովորողի մտածողության ճկունությունը և մտահորիզոնի ընդլայնումը:
- Հմտություն: Գնահատումը ներառում է յուրացրած գիտելիքների հիման վրա մտքի ճկունության զարգացումը, յուրացրած գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորությունների ընդլայնումը:
- Դիրքորոշում: Գնահատումը ներառում է որոշակի իրավիճակում, պարագայում հիմնավորված որոշում կայացնելու կարողությունը, այն ապահովող սկզբունքների կայունությունը:
- Արժեք: Գնահատումը ներառում է սովորողի կողմից իր կրթական զարգացման, անձնային որակների ձևավորման և կենսական այլ գործընթացներում արժեհամակարգային մոտեցումը:
Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։
Օրինակ՝ գրականության դասաժամերին տարբեր ստեղծագործությունների քննարկումները թույլ են տալիս վերը նշված բաղադրիչները դիտարկել ու զարգացնել սովորողի հետ:
Չորրորդ պարապմունք 2ժամ
«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չաթորոշիչ, բաժին IX։
Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։
Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ:
«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։
Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։
Բնութագրում կընդգրկեի սովորողի զարգացումն իր կարողությունների, հնարավորությունների սահմաններում, ինքնակրթության առկա վիճակը, նախասիրություններն ու դրանց ուղղված աշխատանքների, սովորողի արժեհամակարգային ներկա բնութագիրը:
Հինգերորդ պարապմունք 2 ժամ
Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։
- նախագծի նպատակը
- խնդիրները
- ժամանակացույցը
- մասնակիցները
- իրականացման պայմանները
- աշխատակարգը, նկարագիրը
- ակնկալվող արդյունքը
Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։
Ուսումնական նախագծի իրականացման վերջում կարելի է գնահատել սովորողի հետաքրքրվածությունը, ներառվածությունը նախագծին, այլոց (դասընկերներ, ծնողներ) նախագծային աշխատանքում ներառելու ու նախագիծը զարգացնելու, շարունակական դարձնելու, տարածելու՝ սովորողի ոգևորությունը, նախագծի արդյունավետությունը սովորողի ուսումնական գործընթացում:
Վեցերորդ պարապմունք 2ժամ
Սովորողի ուսումնական բլոգը որպես սովորողի ուսումնական գործունեության արդյունքների գնահատման գործիք, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ, ծանոթացում ներկայացում։ Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։
Վերապատրաստողը համարվում է բաժինը յուրացրած և ստանում է 1 կրեդիտ, եթե իր բլոգում ունի առաջադրանքների (շեղատառերով գրված) 70 տոկոսից ավելին։
Հետազոտական աշխատանքի թեմաներ
- Գնահատման գործընթացի գործառույթները
- Գնահատման գործընթացի սկզբունքները
- Ձևավորող գնահատումը՝ սովորողի առաջադիմության խթան
- Քանակական գնահատումը՝ սովորողի առաջադիմության արձանագրում
- Սովորողի անհատական պլանը՝ առաջադիմության բնութագրիչ
- Սովորողի զարգացման բնութագիր