Բառակապակցության ընբռնման ու դասակարգման հիմնախնդիրները արդի հայերենում

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Արդի հայերենը հարուստ է լեզվական տարաբնույթ երևույթների շուրջ ծավալված հիմնախնդիրներով, որոնք դեռևս լեզվաբանների կողմից վերջնականապես չեն լուծվել: Այդպիսի հիմնահարցերից մեկը ներառում է բառակապակցություն լեզվահասկացության բովանդակության ու դասակարգման հիմունքների վերաբերյալ առկա տարակարծությունները:

            Լեզվաբանության պատմության մեջ բառերի կապակցությունների ուսմունքը, որ դարձավ բառակապակցությունների տեսության նախահիմք, մշակվել է դեռևս մ.թ.ա. 2-րդ դարի քերական Ապոլլոն Դիսկոլի կողմից, ում նպատակն է եղել բառերի կապակցման կանոնների մշակումը:

 Հայ քերականագիտության մեջ կապակցությունների ուսմունքը սկիզբ է առել լատինատիպ քերականությունների հիմնադրմամբ: Ս. Ջուղայեցու, Կ. Գալանոսի, Հ. Հոլովի, Մ. Սեբաստացու, Բ. Դպիրի, ավելի ուշ՝ Գ. Ավետիքյանի,  Ս. Պալասանյանի, Մ. Չամչյանի, Հ. Ավգերյանի, Ա. Այտընյանի, Ա. Բագրատունու աշխատություններում հայերենի շարահյուսության ուսումնասիրության հետ կապված քննվել են նաև բառերի կապակցությունները, բայց դրանք չեն սահմանվել ու բնութագրվել որպես շարահյուսական ինքնուրույն միավորներ:

Հայ քերականագիտության զարգացման վերջին շրջանում բառակապակցությունը գերազանցապես ընդունվեց իբրև ինքնուրույն շարահյուսական լեզվամիավոր՝ դառնալով համակողմանի ու բազմաբնույթ ուսումնասիրությունների առարկա:

Մենք, ուսումնասիրելով հայ լեզվաբանների կողմից բառակապակցությանը տրված սահմանումները, նրա քերականական առանձնահատկությունները, ընդհանուր և տարբերակիչ գծերը շարահյուսական մյուս միավորների համեմատությամբ, դասակարգման հիմունքները, դրանցով առանձնացված տարատեսակները, կկազմենք այս լեզվամիավորի վերաբերյալ առկա տեսակետների ու գնահատականների հնարավորինս ամբողջական պատկերը՝ ընդգծելով այս հարցերում առկա անհամաձայնություններն ու դրանց պատճառները:

«ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԸՄԲՌՆՈՒՄՆԵՐԸ

Ինչպես ճշմարտացիորեն նկատել է Ս. Աբրահամյանը, «բառակապակցություն» բառի ստուգաբանական իմաստը թույլ է տալիս նրա տակ հասկանալ բառերի ամեն մի կապակցություն, ինչը դառնում է տարընկալումների լուրջ պատճառ[1]:

Խորհրդային լեզվաբանության մեջ միմյանց էին հակադրվում բառակապակցությունների ըմբռնման և սահմանման երկու տարբեր հայեցակետեր: Ըստ Վինոգրադովի՝ բառակապակցությունը շարահյուսական մի ամբողջություն է, առնվազն երկու բառի կապակցություն, որն արտահայտում է մի ամբողջական, թեև անդամազատ հասկացություն, մինչդեռ Գվոզդևը կարծում էր, որ այն անվանողական արժեքով օժտված միավոր չէ, այլ ընդամենը արտահայտում է նախադասության մեջ առկա երկու բառերի հարաբերություն: Այս հակադիր հայեցակետերը ունեցան իրենց ազդեցությունը հայ լեզվաբանների շրջանում: Մեր լեզվաբանության մեջ գերազանցապես հիմնավորվել է բառակապակցության ըմբռնման ու սահմանման վինոգրադովյան մոտեցումը, սակայն կան նաև Գվոզդևի հայեցակետը կրող լեզվաբաններ:

Մ. Ասատրյանը շարահյուսական ուսումնասիրության շրջանակներում  բառակապակցության քննությունը կարևորում և հիմնավորում է ինքնատիպորեն:  Լեզվաբանը նշում է. «Նախադասությունների մեջ բառերի կապակցությունների ուսումնասիրությունը հանգեցրել է բառից տարբեր շարահյուսական երկրորդ միավորի՝ բառակապակցությունների անջատմանը»[2]: Նա բառակապակցությունների ուսումնասիրությունը կարևորում է նաև մեր լեզվի շարահյուսական համակարգում բառակապակցական կաղապարների համակարգի բացահայտման տեսանկյունից:

Ռ. Իշխանյանը, ընդգծելով այն փաստը, որ մեր լեզվի շարահյուսությունը լիովին տեղավորվում է նախադասության սահմաններում, անդրադարձ է կատարում բառակապացություններին՝ նշելով, որ դրանք իրենց հիմնական մասով նախադասությունից դուրս չեն, քանի որ  նրանք ևս լինում են նախադասության բաղադրիչներ և կազմվում են իբրև այդպիսիք, նրանցում ևս գործում են արդի հայերենին բնորոշ կապակցման եղանակներն ու միջոցները, բացի այդ, տարբեր վերնագրերում, ցուցանակներում գործածված բառակապակցությունները նույնպես, ի վերջո, նախադասության արժեք ունեն: Լեզվաբանը եզրակացնում է, որ նախադասությունն ուսումնասիրել նշանակում է բառակապակցություններն ուսումնասիրել[3]:

Մանուկ Աբեղյանը «Հայոց լեզվի տեսություն» աշխատության մեջ գրում է. «Շարահյուսությունը քերականության այն մասն է, որը սովորեցնում է, թե ինչպիսի բաղադրիչ մասերից և ինչպես է կազմվում խոսքը կամ նախադասությունը»[4]: Նա առանձնացնում է շարահյուսության երկու բաժին՝ բառերի շարահյուսություն, որ ուսումնասիրում է բառերի պաշտոնը և նրանց կապակցությունը խոսքի մեջ, և խոսքերի կամ նախադասությունների շարահյուսություն, որն ուսումնասիրում է խոսքերի տեսակները և խոսքերի կապակցությունը: Սակայն բառերի կապակցության մասին խոսելիս Աբեղյանը նկատի է ունենում զուտ բառերի կապակցումներն ու հարաբերությունները: Աբեղյանական շարահյուսական համակարգում բառակապակցություն հասկացություն գոյություն չունի, քանի որ  ըստ լեզվաբանի՝ նախադասությունները կազմվում են բառերից, որոնք իրար նկատմամբ գտնվում են այս կամ այն շարահյուսական հարաբերության մեջ:

Մանուկ Աբեղյանի հետևողությամբ որոշ լեզվաբաններ, բառակապակցությունը համարելով բառերի սոսկ շարահյուսական հարաբերությունը, որ առանց այն էլ ուսումնասիրվում է շարահյուսության կողմից, այն առանձին քննության չեն ենթարկում իրենց ուսումնասիրություններում:

Վ. Առաքելյանն իր շարահյուսական քննությունը սկսում է պարզ նախադասությունից: Նա բառակապակցություն լեզվամիավորը հիշատակում է միայն որոշ ենթավերնագրերի տակ (օրինակ՝ «Հոլովված բառը կամ բառակապակցությունն իբրև ենթակա»)՝ հիմնականում օրինակներ բերելով կայուն կապակցություններ՝ «Գործակատարի հիշատակարանից», «Խաչագողի հիշատակարանը», Գևորգ Մարզպետունի, Աշոտ Երկաթ[5]: Սա փաստում է, որ լեզվաբանը առավել արժեքավոր է համարում բառերի կայուն կապակցությունները, իսկ ազատ բառակապակցություններին առհասարակ ինքնուրույն լեզվամիավորի որակ չի հատկացնում:

Պ. Պողոսյանը, շարահյուսությունը համարում է քերականության այն բաժինը, որն ուսումնասիրում է բառերի կապակցության և նախադասությունների կառուցման օրենքներն ու օրինաչափությունները՝ ըստ այդմ առանձնացնելով շարահյուսական քննության երեք ենթաբաժիններ՝ բառերի կապակցությունները, պարզ նախադասությունը և բարդ նախադասությունը[6]: Սակայն բառերի կապակցության քննության շրջանակներում նա ևս հանգում է աբեղյանական ընկալմանը՝ բառերի կապակցությունը համարելով զուտ նրանց շարահյուսական հարաբերությունը:

Բառակապակցությունը Գ. Ջահուկյանը «Ժամանակակից հայերենի տեսության հիմուքները» աշխատության մեջ դիտում է որպես  խոսքային-շարահյուսական միավոր, իսկ ավելի ուշ «Շարահյուսական ուսումնասիրություններ»-ում առհասարակ հրաժարվում այս լեզվամիավորի առանձնացումից՝ պնդելով, որ բառակապակցության ուսմունքը հարկավոր է փոխարինել շարույթի ուսմունքով, որը ինքնուրույն շարահյուսական գործառույթ կատարող կատարող բառակապակցության հետ միասին կպարունակի նաև այդպիսի գործառույթ կատարող բառի քննությունը, ինչպես նախադասության ուսմունքը պարունակում է ոչ միայն բարդ՝ մեկից ավելի նախադասություն պարունակող, այլև պարզ նախադասության քննությունը:[7]

Ինչպես տեսնում ենք, բառակապակցությունն ինքնուրույն լեզվամիավոր համարելու և այն առանձին ուսումնասիրության ենթարկելու վերաբերյալ լեզվաբանների կարծիքները մինչ օրս չեն հանգել վերջնական տարբերակի, որ պայմանավորված է նախ և առաջ շարահյուսական ուսումնասիրության ընդգրկման ծավալի և բառակապակցություն լեզվահասկացության բովանդակության վերաբերյալ եղած տարակարծություններով:

ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

Հայ և օտարազգի լեզվաբաններից յուրաքանչյուրը բառակապակցության  սեփական սահմանման մեջ խտացնում է այն հատկանիշները, որոնք, ըստ նրա, կարևորագույնն են  ու բնութագրականը  այս լեզվամիավորի բնորոշման համար:

Բառակապակցության ընդունված սահմանումներից մեկի համաձայն` այն տվյալ լեզվի օրինաչափություններով իրացված երկու կամ ավելի լիիմաստ բառերի կապակցությունն է, որը ծառայում է ցույց տալու համար մեկ միասնական, թեև բարդ, անդամազատված հասկացություն[8]:

Լ. Եզեկյանը տալիս է բառակապակցության հետևյալ սահմանումը. «Բառակապակցությունը երկու կամ ավելի լիիմաստ բառերի այնպիսի ստորադասական կապակցություն է, որն ունի անվանողական նշանակություն և հանդես է գալիս որպես նախադասության մեկ անդամ»[9]:

Խ. Բադիկյանը բառակապակցություն է կոչում երկու կամ ավելի լիիմաստ, ստորադասական հարաբերություն ունեցող, նախադասության մեջ մեկ անդամի դեր կատարող, անվանական արժեք ունեցող բառախումբը[10]:

Ս. Գյուլբուդաղյանը տալիս է բառակապակցության հետևյալ սահմանումը. «Բառակապակցությունները երկու կամ ավելի բառերի ստորադասական կապակցություն են և  արտահայտում են մեկ հասկացություն»[11]: Լեզվամիավորին նմանատիպ բնորոշում է տալիս նաև Ռ. Իշխանյանը:

Մ. Ասատրյանը ընդունելի չէ համարում նման սահմանումները՝ հանգամանորեն հիմնավորելով սեփական մոտեցումը: Եթե գոյական գերադաս բառ ունեցող  բառակապակցությունները, օրինակ՝ ցուրտ օդ, շոգ օր, դժվարությամբ, բայց համենայն դեպս կարելի է համարել անվանողական արժեք ունեցող բառակապակցություններ, որոնք նախադասության մեջ ունեցած իրենց դերով մոտավորապես «հավասարվում են» բառերին, ապա այս նույնը ամենևին չի կարելի ասել բայական գերադաս անդամ ունեցող բառակապակցությունների մասին, օրինակ՝ դաշտ գնալ, երեկոյան գնալ և այլն, որովհետև գործողությունը չի կարող մի միասնություն կազմել այն առարկաների հետ, որոնց վրա ուղղված է, և այն հանգամանքների հետ, որոնց ուղեկցությամբ կատարվում է: Ասատրյանը եզրակացնում է, որ բառակապակցությունը՝ իբրև շարահյուսական միավոր, հանդես է գալիս որպես իրար հետ կապակցված բառերի մի օղակը միայն, և այն առանձնացնել որպես մի միասնական, թեև բարդ հասկացություն արտահայտող և բառին մոտ կանգնած միավոր, ընդունելի համարվել չի կարող[12]:

Վ. Քոսյանը, խոսելով այս լեզվամիավորի ուսումնասիրության պատմության մասին իր «Գրաբարի բառակապակցությունները» աշխատության մեջ, բառակապակցությունները բնորոշում է որպես առնվազն երկու լիիմաստ բառերի կապակցությամբ արտահայտվող շարահյուսական միավոր[13]: Հատկանշական է այն,  որ իր գործունեության զգալի մասը բառակապակցությունների համակողմանի քննությանը նվիրած լեզվաբանն անգամ խուսափում է լեզվամիավորի սեփական ամբողջական սահմանումը տալուց, ինչը ևս մեկ անգամ հուշում է այս հարցի շուրջ հստակություն մտցնելու դժվարությունների մասին:

Ս. Աբրահամյանը բառակապակցությունը սահմանում է որպես շարահյուսական բաղադրյալ միավոր, որի բաղադրիչ բառերը պահպանում են իրենց բառական արժեքը և կապված են քերականական, բայց ոչ ստորոգման հարաբերությամբ:

Ինչպես տեսնում ենք, բառակապակցություն լեզվամիավորի սահմանումը ևս այսօր միանշանակ չէ մեր լեզվում: Բառակապակցությունը՝ իբրև լեզվահասկացություն, ունի բավականին մեծ բովանդակություն, իր տարատեսակներով ուսումնասիրվում է ոչ միայն շարահյուսական, այլև բառագիտական, առավել կոնկրետ՝ դարձվածաբանական ուսումնասիրությունների բնագավառում, ուստի տարբեր լեզվաբանների կողմից տրվող սահմանումները, ներառելով լեզվամիավորի հատկանիշների վերաբերյալ ընդհանրացումներ, սովորաբար այս կամ այն կողմից ունենում են թերացումներ:

Յուրաքանչյուր լեզվաբան բառակապակցության սահմանումը ձևակերպում է՝ ելնելով նրա ըմբռնման, այս կամ այն հատկանիշի, տարատեսակի ընդունման սեփական մոտեցումներից; Եվ քանի դեռ բառակապացության հետ կապված բազմաթիվ հարցեր առ այսօր հստակեցված չեն, բնականաբար, մեկ հստակ և բոլորի կողմից ընդունելի սահմանում դեռևս գտնել հնարավոր չէ:

Բառակապակցության և լեզվի շարահյուսական մակարդակի մյուս միավորների սահմանազատման հարցում կան որոշակի տարակարծություններ:

Որոշ լեզվաբաններ ծայարեղության են հասնում  բառի և բառակապակցության նույնացման հարցում՝ ընդունելով ժամանակակից հայերենում բառակապակցությունների հարացուցային ձևերը: Ըստ նրանց՝ բառակապակցությունների մեջ ձևափոխության է ենթարկվում միայն գերադաս` առանցքային բառը, այդ իսկ պատճառով բառակապակցության հարացույցը համընկնում է գերադաս անդամի հարացույցին[14]: Մ. Ասատրյանը կտրականապես դեմ է արտահայտվում այս մոտեցմանը՝ հարացուցային ձևերը վերագրելով միայն գերադաս անդամին:

Ռ. Իշխանյանը ևս բառի ու բառակապակցության սահմանները մոտեցնելով՝ որոշակի ծայրահեղության է հասնում: Նա նշում է, որ որոշ հասկացություններ տարբեր լեզուներում ու անգամ միևնույն լեզվում կարելի է անվանել միաժամանակ և´ բառով, և´ բառակապակցությամբ, օրինակ՝ հացթուխ և հաց թխող, մանկամսուր և մանկական մսուր, գիտխորհուրդ և գիտական խորհուրդ[15]: Լեզվաբանը հաջորդիվ եզրակացնում է, որ բառն ու բառակապակցությունը միանշանակ են, մեկ հասկացություն են արտահայտում, մինչդեռ  միանշանակ ոչ բոլոր բառակապակցությունները կարող են դառնալ բարդ բառեր և արտահայտվել մեկ բառով:

Որոշ լեզվաբաններ հատում են բառակապակցության և նախադասության սահմանները և դիմավոր բայի կազմած այն կապակցությունները, որոնք հաղորդակցական արժեքով չեն գործածվում, այլ իբրև նմուշ են բերվում, համարում են բառակապակցություն: Օրինակ, եթե որպես ուղիղ խնդրի նմուշ բերվում է տեսա ամրոցը կապակցությունը, այն համարում են բառակապակցություն:

Ինչպես տեսնում ենք, բառակապակցության ընդգրկման սահմաններն ու բնորոշ հատկանիշներն ավելի ընդարձակելով՝ լեզվաբանները երբեմն միտվում են նրա և շարահյուսական մյուս միավորների սահմանների նույնացմանը, ինչն այնքան էլ ճիշտ մոտեցում չէ:

ՀԱՄԱԴԱՍԱԿԱՆ ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Մեր լեզվաբանության մեջ բառակապակցության հետ կապված կարևորագույն խնդիրներից մեկը համադասական բառակապակցությունների ընդունման հարցն է: Գերազանցապես տարածված է բառակապակցություն համարել միայն բառերի ստորադասական կապակցությունը: Ռ. Իշխանյանը, Լ. Եզեկյանը, Խ. Բադիկյանը, Ս. Գյուլբուդաղյանը խստորեն քննադատում են համադասական բառակապակցությունների ընդունումը՝ բառակապակցության սեփական սահմանումների մեջ ընդգծելով բաղադրիչների ստորադասական հարաբերությունը՝ իբրև պարտադիր պայման:

Մ. Ասատրյանն ընդունում է համադասական բառակապակցությունը՝ սահմանելով այն հետևյալ կերպ. «Համադասական են կոչվում այն բառակապակցությունները, որոնց կազմի մեջ մտնող անդամները նախադասության մեջ կատարում են նույն դերն ու ֆունկցիան և իրար նկատմամբ հավասարարժեք են ու անկախ, ինչպես՝ «Աշակերտները գնեցին գիրք, թուղթ, գրիչ, մատիտ, պայուսակ» նախադասության մեջ ընդգծված բառերը գտնվում են համազոր, հավասարարժեք հարաբերության մեջ և կազմում են համադասական բառակապակցություն»[16]: Լեզվաբանն անգամ իմաստային հարաբերությունների արտահայտման դիտակետից ընդգծում է համադասական բառակապակցությունների առավելությունը ստորադասականների համեմատ՝ նշելով, որ համադասական բառակապակցությունները կարող են արտահայտել նաև միավորական, հակադրական և տրոհական հարաբերություններ(օրինակ՝ պարզ և արևային եղանակ,պարզ, բայց ցուրտ եղանակ, պա՞րզ, թե՞ անձրևային եղանակ):

Ս. Աբրահամյանի կողմից համադասական բառակապակցությունների առանձնացումն այնքան էլ ընդունելի չէ, սակայն լեզվաբանն ուշադրություն է հրավիրում համադասական յուրահատուկ կառույցների վրա, որոնց բաղադրիչները փոխադարձ ակտիվ հարաբերության մեջ են գտնվում միմյանց հետ, օրինակ՝ դպրոցը և արտադրությունը, Միքայել Նալբանդյանը և ռուս վաթսունականները[17]:

ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Հայերենում բառակապակցությունների դասակարգման հիմունքների հետ կապված տարաձայնություններն առավելապես առնչվում են առանձնացվող տարատեսակների քանակին ու դրանց բնույթին:

Ստորև գծապատկերի տեսքով ներկայացնելով բառակապակցությունների՝ ընդունված հիմունքներով տրվող դասակարգումը՝ առավելապես ուշադրություն կդարձնենք այս հարցում առկա խնդրահարույց կետերին:

Բառակապակցությունների դասակարգումը
ըստ կազմության կամ բաղադրիչների քանակային կազմի
ըստ բաղադրիչների կապակցելիության աստիճանի
ըստ գերադաս անդամի
պարզ
բարդ
ազատ
    կայուն
թվականական
մակբայական
ոչ վերաիմաստավորված
վերաիմաստավորված
գոյականական
բայական  
դերանվանական
ածականական

Հայ լեզվաբանները. ընդունելով բառակապակցությունների դասակարգումը՝ ըստ կազմության կամ բաղադրիչների քանակային կազմի, սովորաբար բառակապակցությունները բաժանում են երկու տեսակի` պարզ կամ երկանդամ (օր՝. տխուր երեկո, զորքից լքված, աշխարհից դժգոհ) և բարդ կամ բազմանդամ (օր՝.  հեռավոր երկրի պես հմայող, հագնված միայն փուշ ու տատասկով): Երեք և ավելի բաղադրիչներից բաղկացած` բարդ բառակապակցություններն իրենց հերթին բաժանվում են որոշ ենթախմբերի` ըստ բաղադրիչների միջև եղած հարաբերությունների բնույթի:

Բառակապակցությունների ծավալային հիմունքով դասակարգման շրջանակներում խնդրահարույց է կապերի ծավալային արժեքի հարցը: Այն լեզվաբանները, որոնք ընդունում են կապային բառակապակցությունները, կապն ընդունում են իբրև բառակապակցության անդամ, եռաբաղադրիչ և կապ պարունակող բառակապակցությունը համարում են բարդ, մինչդեռ այս տեսակը չընդունողները կարծում են, որ կապերը՝ իբրև քերականական խոսքի մաս, բառակապակցություններում անդամային արժեք չունեն, և նրանց դերը սահմանափակվում է միայն անդամների կապակցման քերականական գործառույթով: Այս տեսակետը զարգացնում է նաև Մ. Ասատրյանը. «Հատուկ նշենք, որ պարզ են նաև այն բառակապակցությունները, որոնցում բառերի կախման հարաբերությունը արտահայտված է կապերով, օրինակ՝ գնալ դեպի տուն, պայքարել խաղաղության համար, պատմել տառապանքների մասին, պայքարել դավաճանների դեմ և այլն»[18]:

Բառակապակցությունների դասակարգման հաջորդ հիմունքը բաղադրիչների կապակցելիության աստիճանն է, ըստ որի՝ առանձնացվում են ազատ (անկայուն) և կայուն (անանջատելի) տարատեսակները: Ռ. Իշխանյանն այս դասակարգման հիմունքի համար կարևորում է բառակապակցությունների կյանքի տևողությունը: Ազատ են այն բառակապակցությունները, որոնք խոսողության գործընթացում ամեն անգամ նորովի են ստեղծվում՝ ըստ խոսքի պահանջի, իսկ կայուն՝ նրանք, որոնք, ինչպես ամեն մի բառ, պատրաստի գոյություն ունեն լեզվի մեջ և իբրև այդպիսիք էլ խոսողության գործընթացում մուծվում են խոսքի մեջ[19]:

Ազատ և կայուն բառակապակցությունների դեպքում ևս ամեն ինչ հստակորեն սահմանորոշված չէ: Ռ. Իշխանյանը նկատում է, որ երբեմն դժվար է որոշել տվյալ բառակապակցության կայուն կամ ազատ լինելը: Լեզվաբանը այդպիսին է համարում մարդկանց անուններն ու ազգանունները, օրինակ՝ Հովհաննես Թումանյան, Գրիգոր Կարապետյան: Նա հակված է սրանք կայուն կապակցություններ համարելու: Կամ գլխուղեղի կիսագնդեր կապակցությունը և նմանատիպ կառույցները, որ դեռևս գտնվում են տերմինացման փուլում, հստակորեն ազատ կամ կայուն որակելը բավական դժվար է[20]:

Որոշ լեզվաբաններ կայուն բառակապակցությունները դիտում են որպես առանձին բառեր, քանի որ նրանք հաճախ տեղ են գտնում բառարաններում: Սա այնքան էլ համոզիչ փաստարկ չէ:

Կայուն բառակապակցություններն իրենց հերթին բաժանվում են երկու խմբի` ոչ վերաիմաստավորված և վերաիմաստավորված: Ոչ վերաիմաստավորված բառակապակցություններում ընդհանուր իմաստի փոխաբերացում չկա, և յուրաքանչյուր բաղադրիչ գործածվում է իր իսկական իմաստով, օրինակ՝ շտապ օգնություն, Խաղաղ օվկիանոս:Վերաիմաստավորված կայուն բառակապակցությունների լեզվաբանական գրականության մեջ կոչվում են դարձված կամ դարձվածային միավոր ու ուսումնասիրվում են դարձվածաբանության կողմից:

Դարձվածքների՝ որպես լեզվի ինքնուրուն իմաստային միավորների ուսումնասիրությունը հայ լեզվաբանության մեջ ուշադրության է արժանացել երեսունական թվականներից սկսած Մանուկ Աբեղյանի կողմից: Ինչպես տեսնում ենք, Աբեղյանը, ի տարբերություն այլ տեսակների բառակապակցությունների հանդեպ ունեցած վերաբերմունքի, վերաիմաստավորված կայուն կապակցությունների դերը բավական արժևորել է:

Դարձվածքների դասակարգման վինոգրադովյան մոտեցումը կիրառելի է նաև մեր լեզվում: Առանձնացվում են  հետևյալ տեսակները. ա) դարձվաքծային սերտաճում (օր.՝ աչքից գցել, գլուխ գալ), բ) դարձվածքային միասնություն (օր.՝ աչք գցել, ոտքը դուրս), գ) դարձվածքային կապակցություն (օր.՝ գլուխը կախ, սիրտը մաշել), դ)դարձվածքային արտահայտություն (օր.՝ գայլի գլխին ավետարան կարդալ): Նման դասակարգումը, այնուամենայնիվ, հարաբերական բնույթ ունի և հստակորեն չի կարող սահմանազատել ու դասակարգել բոլոր կապակցությունները:

Պ.Բեդիրյանը կայուն բառակապակցությունները դասակարգում է չորս խմբերի՝ բաղադրյալ անվանումներ, դարձվածային արտահայտություններ, ոչ փոխաբերական հարադրական բայեր և դարձվածքներ:

Հայերենում բառակապակցությունները, ըստ գերադաս անդամի՝ կարող են լինել` գոյականական (օր.՝ մենավոր ընկուզենի, սերունդների կռիվ, վաղ գարուն), ածականական (օր.՝ մարդկանց հայտնի, առաջվա պես գեղեցիկ),բայական կամ դերբայական (օր.՝ աշխարհ եկող, սրտում պահած),մակբայական (օր.՝ շատ հաճախ, մտքից արագ), թվականական (օր.՝ ընդամենը չորս,  մի քանի հազար) և դերանվանական (օր.՝ մեզնից յուրաքանչյուրը, այն բոլորը), թեև վերջին երկու տեսակներին շատ լեզվաբաններ մոտենում են վերապահումով և դրանք անգամ իբրև առանձին տեսակներ չեն առանձնացնում այն հիմնավորմամբ, որ ժամանակակից հայերենում այդ կապակցությունները որակ չեն կազմում[21]: Ռ. Իշխանյանն ու Ս. Աբրահամյանն ընդունում են նաև կապային բառակապակցությունները (օրինակ՝ հրաշքի վրա, իր համար, հայրերի դեմ), մինչդեռ շատ լեզվաբաններ (Լ. Եզեկյան, Խ. Բադիկյան, Վ. Քոսյան) իրենց սահմանումներում բառակապակցության համար պարտադիր պայման են համարում բաղադրիչների՝ լիիմաստ բառեր լինելը:

Ռ. Իշխանյանը տարբերակում է նախ բառակապակցությունների երկու խումբ՝  գոյականական և ոչ գոյականական: Ըստ լեզվաբանի՝ վերջինները իրենց բնույթով, գերադաս անդամի լրացումների համակարգով նման են միմյանց  և միասին տարբեր են գոյականական բառակապակցություններից:

Ժամանակակից հայերենում մեծ տարածում ունեցող գոյականական բառակապակցությունը Գ. Ջահուկյանը բաժանում է երկու խմբի. այն կապակցությունները, որոնց լրացական անդամները գոյականներ են, կոչում է բազմեզր (օր.՝ պատի ժամացույց), իսկ մեկ գոյական (որպես գլխավոր անդամ) պարունակող գոյականական բառակապակցությունները` մենեզր (օր.՝ գեղեցիկ ժամացույց)[22]:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ուսումնասիրելով հայ լեզվաբանության մեջ բառակապակցությանն ու նրա դասակարգման հիմունքներին առնչվող հիմնախնդիրները, կարող ենք եզրակացնել հետևյալը: Այսօր բառակապակցությունը՝ իբրև ինքնուրույն լեզվամիավոր, հիմնականում ընդունելի է և ներառված լեզվաբանների շարահյուսական ուսումնասիրություններում: Բառակապակցությանը տրված սահմանումների նկատելի տարբերությունները  պայմանավորված են նրա ըմբռնման, այս կամ այն հատկանիշի, տարատեսակի ընդունման վերաբերյալ եղած տարակարծություններից: Եվ քանի դեռ բառակապացության հետ կապված բազմաթիվ հարցեր մնան չհստակեցված, բնականաբար, վերջնական և բոլորի կողմից ընդունելի սահմանում ձևակերպել դեռևս  հնարավոր չէ:

Համադասական բառակապակցությունների առանձնացումը բառակապակցական համակարգում այնքան էլ ընդունելի չէ, քանի որ այդ դեպքում բառակապակցություն կդիտվի բառերի ցանկացած տիպի հարաբերությունը, մինչդեռ ստորադասական բառակապակցությունները լեզվամիավորի համար բնութագրական են դարձնում լրացում-լրացյալ հարաբերությունը:

Իհարկե, որոշ լեզվաբաններ առանձնացնում են կապային բառակապակցություններ, սակայն կարծում ենք, որ չեն արտահայտում իմաստային այն հարաբերությունը, որ բնորոշ է բառակապակցություն լեզվահասկացությանը: Շատ կապային բառակապակցություններ կարելի է արտահայտել նաև բառերի հոլովական ձևերով, օր.՝ սեղանի վրա-սեղանին: Այս դեպքում միայն ձևային կողմն է ապահովում կապային կառույցների ընդունումը որպես բառակապակցություններ:

Կապային կառույցները որպես բառակապակցություններ դիտելը տարակարծություններ է առաջ քաշում և´ ըստ ծավալի, և´ըստ գերադաս անդամի բառակապակցությունները դասակարգելու հարցում:

Բառակապակցություն կարելի է համարել երկու և ավելի լիիմաստ բառերից կազմված ստորադասական կապակցություն:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

  1. Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Եր., 1965, 699 էջ:
  2. Աբրահամյան Ս., Ժամանակակից հայերենի քերականություն, «Լույս» հրատ., Եր., 1969, 438 էջ:
  3. Աբրահամյան Ս., Առաքելյան Վ., Քոսյան Վ., Հայոց լեզու, 2-րդ մաս, «Լույս» հրատ., Եր., 1975, 478 էջ:
  4. Աբրահամյան Ս., Պառնասյան Ն., Օհանյան Հ., Բադիկյան Խ., Ժամանակակից հայոց լեզու, 3-րդ հատոր, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Եր.,1976, 856 Էջ :
  5. Առաքելյան Վ., Հայերենի շարահյուսություն, հ.1, ԳԱ հրատ., Եր., 1958, 466 Էջ:
  6. Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզու/շարահյուսություն/, ԵՊՀ հրատ., Եր., 1987, 368 էջ:
  7. Բեդիրյան Պ., Ժամանակակից հայերենի ոչ փոխաբերական կայուն բառակապակցությունները, Մանկ. ինստիտուտի հրատ., Եր., 1990, 86 էջ:
  8. Գյուլբուդաղյան Ս., ժամանակակից հայերենի շարահյուսություն, ԵՊՀ հրատ., Եր., 1988, 292 էջ:
  9. Եզեկյան Լ., Հայոց լեզու, ԵՊՀ հրատ., Եր., 2007, 400 էջ:
  10. Իշխանյան Ռ., Արդի հայերենի շարահյուսություն, ԵՊՀ հրատ., Եր., 1986, 340 էջ:
  11. Պապոյան Ա., Բադիկյան Խ., Ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն, ԵՊՀ հրատ., Եր., 2003, 462 էջ:
  12. Պողոսյան Պ., Հայոց լեզու, ԵՊՀ հրատ., Եր., 1969, 253 Էջ:
  13. Ջահուկյան Գ., Ժամանակակից հայերենի տեսության հիմունքներ, ԳԱԱ հրատ., Եր., 1974,  586 էջ:
  14. Ջահուկյան Գ.,  Շարահյուսական ուսումնասիրություններ, «Ասողիկ» հրատ., Եր., 2003, 165 էջ:
  15. Քոսյան Վ., Գրաբարի բառակապակցությունները, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Եր., 1980, 279 էջ:

[1] Տե´ս Աբրահամյան Ս., Ժամանակակից հայերենի քերականություն, Եր., 1969, էջ 261:

[2] Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզու, Եր., 1987, էջ 63:

[3] Տե´ս Իշխանյան Ռ., Արդի հայերենի շարահյուսություն, Եր., 1986, էջ 40:

[4] Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Եր., 1965, էջ 359:

[5] Տե´ս Առաքելյան Վ., Հայերենի շարահյուսություն, հ.1, Եր., 1958, Էջ 36:

[6] Տե´ս Պողոսյան Պ., Հայոց լեզու, Եր., 1969,  Էջ 120:

[7] Տե´ս Ջահուկյան Գ., Շարահյուսական ուսումնասիրություններ, Եր., 2003, էջ 83:

[8] Տե՛ս Ս. Աբրահամյան,Ն. Պառնասյան,Հ. Օհանյան ,Խ. Բադիկյան,Ժամանակակից հայոց լեզու, 3-րդ հատոր, Եր.,1976. Էջ 8:

[9] Լ.Եզեկյան, Հայոց լեզու, 2007, Եր., էջ 327:

[10]Տե´ս  Ա.Պապոյան, Խ.Բադիկյան, Ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն, Եր., 2003, էջ 38:

[11] Գյուլբուդաղյան Ս., ժամանակակից հայերենի շարահյուսություն, Եր., 1988, էջ 29:

[12] Տե´ս Ասատրյան Մ., նշվ. աշխ., էջ 69:

[13]Տե´ս  Վ.Քոսյան, Գրաբարի բառակապակցությունները, Եր., 1980, էջ 5:

[14] Տե՛ս Ս. Աբրահամյան,Ն. Պառնասյան,Հ. Օհանյան, Խ. Բադիկյան, Ժամանակակից հայոց լեզու, 3-րդ հատոր, Եր.,1976. Էջ 13:

[15] Տե´ս Ռ. Իշխանյան, նշվ. աշխ., էջ 42:

[16] Ասատրյան Մ., նշվ. աշխ., էջ 77:

[17] Տե´ս Աբրահամյան Ս., նշվ. աշխ., էջ 263 :

[18] Ասատրյան, Մ.,  նշվ. աշխ., էջ 76:

[19] Տե´ս Բեդիրյան Պ., Ժամանակակից հայերենի ոչ փոխաբերական կայուն բառակապակցությունները, Եր., 1990, էջ 4:

[20] Տե´ս Իշխանյան Ռ., նշվ. աշխ., էջ 44:

[21] Տե՛ս Ս. Աբրահամյան,Ն. Պառնասյան,Հ. Օհանյան,Խ. Բադիկյան,նույն տեղում 6. Էջ 16

[22] Տե՛ս Գ. Ջահուկյան, նույն տեղում,էջ 296