
- Հայոց բերդ երազող արքան (Զորյանական Արշակի առանձնահատկությունները)
- Տասնվեցերորդ Արշակունին և երրորդ ճանապարհը (Զեյթունցյանական Արշակի առանձնահատկությունները)
- Երկիր կառուցող թագավորը (Խեչոյանական Արշակի առանձնահատկությունները)
Պատմական անցյալի գեղարվեստականացումը հայ գրականության պատմության մեջ տարածված ու շարունակական բնույթ է կրում: Ազգային կյանքը ողողած ռազմաքաղաքական և բարոյահոգեբանական խնդիրները հայ գրողների ստեղծագործական երևակայությամբ հաճախ գեղարվեստականորեն հայելացվում են պատմության տարբեր ժամանակներում` հիմք դառնալով մեր հայտնի շատ արքաների «վերակենդանացման» համար: Հայոց արքաների տարաբնույթ կերպավորումները կրում են ժամանակի շունչը, բարձրաձայնում արդիական հնչեղության կարևորագույն հարցերը, ձևավորվում գրողի աշխարհայացքային ու ստեղծագործական յուրահատկությունների և ժանրի զարգացման օրինաչափությունների ազդեցությամբ:
Հայ գրականության պատմության մեջ ամենաշատ գեղարվեստական անդրադարձներ ստացած, բազմիցս կերպավորված արքաներից մեկն է Արշակ Երկրորդը[1]: Նրա գործունեության վերաբերյալ հայ և օտարազգի պատմագիրները հակասական կարծիքներ են հնչեցրել: Արքայի մասին հիշատակման արժանի տեղեկություններ են թողել հինգերորդ դարի հայ պատմագիրներ Մովսես Խորենացին և Փավստոս Բուզանդը: Մ. Խորենացին անխնա քննադատության է արժանացրել Արշակին` վերջինիս մեղադրելով ագահության, սնապարծության, թուլամորթության ու դավաճանության մեջ: Պատմահոր ակնհայտ հակակրանքը Արշակի հանդեպ կարելի է բացատրել թե՛ հոգևոր և աշխարհիկ դասերի` ժամանակի համար բավական բնորոշ լարվածությամբ, թե՛ Բագրատունու մեկենասության հանգամանքով (Բագրատունիները լարված հարաբերությունների մեջ էին Մամիկոնյանների հետ, որ հանդիսանում էին Արշակ արքայի դայակներն ու ազդեցիկ դիրք էին գրավում արքունիքում), թե՛ պատմագրի` հաճախ դրսևորվող օգտապաշտական հայացքներով: Փ. Բուզանդը, որ իր Պատմության մեջ բավականին մեծ տեղ է հատկացրել Արշակ արքայի գահակալման շրջանին, առավել մեղմ է նրա նկատմամբ իր քննադատություններում: Առհասարակ, պատմագրի` Արշակ արքային տված բնութագիրն առավել խառն ու անորոշ է: Արշակ Երկրորդի մասին հիշատակումներ ունեն չորրորդ դարի հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելինոսը, վեցերորդ դարի բյուզանդացի պատմիչ Պրոկոպիոս Կեսարացին (ում կողմից Արշակը ենթադրաբար հիշատակվում է Բակուր անվամբ), այս կամ այն չափով տվյալ ժամանակաշրջանի անցքերին անդրադարձել են պատմագիրներ Մեսրոպ Վայոցձորեցին, Հովհաննես Դրասխանակերտցին, Թովմա Արծրունին, Ստեփանոս Օրբելյանը, Կիրակոս Գանձակեցին: Հայ նոր պատմագրության ներկայացուցիչներ Լեոն, Ն. Ադոնցը, Հ. Մանանդյանը փորձեցին հնարավորինս հստակեցնել թագավորական իշխանության նկատմամբ հայ դասական պատմագրության կողմնակալ վերաբերմունքն ու դրա իրական շարժառիթները, որոնց մեջ փոքր տեղ չունի հոգևոր և աշխարհիկ դասերի հարաբերությունների չորրորդդարյան ընդգծված լարվածությունը: Պատմագիտությունն առ այսօր հակասական կարծիքներ է հայտնում Արշակ արքայի գահակալության շրջանի և նրա իրականացրած քայլերի մասին:
Պատմագրության մեջ Արշակ Երկրորդին տրված հակասական բնորոշումներն աստիճանաբար անցան նաև գրականության ոլորտ: Արշակյան ցիկլը նախ գեղարվեստականացվեց մի շարք պատմական ողբերգությունների տեսքով. գրվեցին Արմենակ Հայկունու (Ճիզմեճյանի) «Ողիմպիադա» (1858 թ., Կ. Պոլիս), Սեպուհ Լազ-Մինասյանի «Արշակ Բ» (1861 թ., Կ. Պոլիս), Խորեն Գալֆայանի «Արշակ Բ» (1861 թ., Թեոդոսիա) երկերը: Իհարկե, տասնիններորդ դարի նշված պատմական ողբերգություններն արծարծում էին կարևոր գաղափարներ, սակայն գեղարվեստական դիտակետից բավականին աղքատ էին, ինչը նկատել և քննադատել էին շատերը, այդ թվում` Շիրվանզադեն և Դեմիրճյանը: Վերջինս այս գործերը քննադատության է արժանացրել հատկապես կենսական թույլ հիմք ունենալու համար. «Դ. Դեմիրճյանը ևս հայ խաղացանկի մեջ ամենաթույլը համարում էր պատմական ողբերգությունը` «իր կարտոնե թագավորներով ու նախարարներով»»[2]: Հասկանալի է, որ Արշակ Երկրորդը նման ստեղծագործություններում ավելի շատ հանդես է եկել «կարտոնե թագավորի» կերպարով` բավականաչափ չկապվելով ժամանակակից խնդիրների արծարծման հետ:
Խորհրդահայ գրականությունը նորովի գեղարվեստականացրեց Արշակ արքային` նրա կերպարի մեջ խտացնելով ժամանակի իշխող գաղափարախոսության շատ գծեր: Գլխավորապես դրամատուրգիայում արտացոլված պատմական դեմքերն ու դեպքերը մուտք գործեցին նոր ժանրեր: Նաիրի Զարյանը գրեց «Արշակ և Շապուհ» պոեմը` նոր շունչ տալով Բուզանդի պատմած լեգենդին: Ըստ պոեմի` Արշակն ու Շապուհը մեռնում են, խորտակվում, անցնում է Անհուշ բերդը, բոլորը մնում են լոկ իբրև հուշ: Նրանց անցողիկությանը Ն. Զարյանը հակադրում է հայ ազգի հավերժության գաղափարը: Գեղամ Սարյանը հեղինակեց «Դրաստամատ» պոեմը, որ, նորովի վերապատմելով Բուզանդի ավանդած դեպքերը հավատարիմ իշխանի ռազմական ու բարոյական սխրանքների մասին, նոր գաղափարներ ածանցեց դրանց: Դրաստամատը փրկում է Շապուհին` նպատակ ունենալով ազատել Արշակին անպատիվ մահվանից. նա արքային հնարավորություն է տալիս մեռնելու ազատության ու արքայական ճոխության մեջ: Ըստ պոեմի գաղափարախոսության` Արշակն ազգի ազատության ոգին էր, ուստի պետք է մեռներ ազատության մեջ` դեպի հավատի ու լույսի գալիքներ տանելով իր ժողովրդին:
Արշակ Երկրորդի կերպարակերտումը ուշագրավ ընթացք ստացավ հայ պատմավիպասանության մեջ` պայմանավորված և՛ ժանրի զարգացման, և՛ գրողների ստեղծագործական նպատակադրումների առանձնահատկություններով: Րաֆֆին իր «Սամվել» (1886թ.) պատմավեպով, կարելի է ասել, հայտնագործեց Արշակ Երկրորդի դրամատիկ ու ողբերգական կերպարը հայ պատմավիպասանության համար: Պատմավեպի երկրորդ գրքի «Մեկը արևմուտքում, մյուսը արևելքում» ենթագլուխը, պատկերելով հայոց հոգևոր և աշխարհիկ առաջնորդների տառապանքերն ու մտորումները, հիմնավորում է անմիաբանության աղետալի հետևանքների գաղափարը: Պատմավիպասանը, ընդամենը մի քանի էջ հատկացնելով Արշակի անուշբերդյան տառապանքներին, ստեղծում է արքայի թերևս լավագույն կերպարներից մեկը հայ պատմավիպասանության մեջ:
Բանտարկված թագավորը Շապուհի` իրեն խաբեությամբ գերեվարելու քայլը ցած, անարգ ու արքայի համար պախարակելի համարելով, մեղադրանքի սլաքն ուղղում է հայոց նախարարներին. «Թո՛ղ հավիտենական անեծքով ծածկվին իմ նախարարները… թո՛ղ ամոթը և մշտական ապաշավանքը լինի նրանց բաժինը… որ ինձ այս դրության մեջ դրին… Եթե նրանց անմիաբանությունը չլիներ, ես երբեք չէի ընկնի քո ծուղակի մեջ, նենգավո՛ր Շապուհ…»[3]: Արշակին խցի պատերն ու Վասակի պատանքն անընդհատ ստիպում էին բախվել սեփական անզորությանն ու լքվածությանը:
Բանտարկված արքայի բոլոր մտորումները հանգեցնում էին կայացած չարիքի միևնույն պատճառին` անմիաբանությանը. «Ես, իրավ է, պատերազմ հայտնեցի նրանց դեմ, ցանկանում էի պատժել ըմբոստ անհնազանդությունը, ցանկանում էի ոչնչացնել նրանց, որպեսզի ի մի ձուլեմ հայոց բաժան-բաժան եղած ուժերը և նրանցից ստեղծեմ մի հզոր, միահեծան պետություն»[4]: Այն, որ թագավորի քայլերն իրոք ուղղված են եղել միմիայն երկրի հզորացմանն ու միավորմանը, փաստում են նրա արցունքները, որոնք ոչ թե շղթայվածի անձնական տառապանքն են բացահայտում, այլ ցավը Հայաստանի ողբալի ապագայի համար: Այդ են վկայում նաև Դրաստամատին ուղղված խոսքերը. «Տանջանքը, դաժանակիր կյանքը չի մաշում ինձ: Ինձ մաշում է միայն ա՛յն, որ ես այստեղ եմ, իսկ իմ անտեր մնացած երկիրը կեղեքվում է իմ թշնամիներից…»[5]: Արշակը անձնազոհությամբ հրաժարվում է գերությունից ազատվելու բոլոր հնարավորություններից` հանուն երկրի խաղաղության ու ապահովության: Ինչպես տեսնում ենք, Րաֆֆու պատմավեպում հանդես է գալիս անձնազոհ, լքված ու ողբերգական արքայի կերպարը, որ, անշուշտ, հիմնաքարային նշանակություն ունի Արշակի հետագա կերպավորումների համար:
Նորագույն շրջանի հայ պատմավիպասանության մեջ Արշակ Երկրորդը նորովի կերպավորվեց` մարմնավորելով ժամանակի հրատապ հարցերն ու կենսական ճշմարտությունները: 1944 թվականին լույս տեսավ Ստեփան Զորյանի «Պապ թագավոր» պատմավեպը, որ Արշակին անդրադառնում էր հիմնականում կերպարների` մոտ անցյալը ներկայացնող հիշողությունների միջոցով, իսկ 1969 թվականին տպագրվում է «Հայոց բերդը», որ հայ պատմավիպասանություն է բերում Արշակունյաց արքայի` իբրև գլխավոր հերոսի կերպավորումը: Արշակի րաֆֆիական կերպավորմամբ հայ պատմավեպում ամրակայված ազգային անմիաբանության թեման դառնում է Ս. Զորյանի պատմավեպի գաղափարական առանցքը: 1977 թվականին Պերճ Զեյթունցյանը լույս է ընծայում իր «Արշակ Երկրորդ» պատմավեպը, որ կոտրում է ոչ միայն Արշակ արքայի կերպավորման ավանդական պատկերացումները, այլև հայ պատմավեպի ձևաիմաստային բոլոր կարծրատիպերը: Թվում էր, թե այլևս հնարավոր չէ բազմիցս կերպավորված պատմական անձի հերթական կերպավորմամբ որևէ նշանակալից ու հետաքրքիր խոսք ասել, սակայն 1995 թվականին հրատարակված «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպով Լևոն Խեչոյանը նոր մոտեցում ցույց տվեց թե՛ Արշակի կերպարակերտման, թե՛ հայ պատմավեպի զարգացման շրջանակներում:
Ինչպես նկատում ենք, Արշակ Երկրորդը մեր գրականության, հատկապես` պատմավիպասանության մեջ գլխավորապես դարձել է ժամանակի ցավոտ ու անլուծելի խնդիրները ներկայացնող, դրանց լուծմանը ձգտող և այդպես էլ չհասնող արքայական կերպարը: Նրա միջոցով բարձրաձայնվել են դարի կենսական գաղափարները: Ուստի այս պատմական անձի կերպարային դրսևորումների ուսումնասիրությունը թույլ կտա հասկանալ տվյալ ժամանակի, ինչու ոչ` համաժամանակյա ազգային խնդիրները, որոնց լուծումը հրատապ է և որոշիչ ազգի հետագա ընթացքի համար:
Մենք ուսումնասիրության կենթարկենք Արշակ Երկրորդի կերպարային առանձնահատկությունները նորագույն շրջանի հայ պատմավիպասանության մեջ` հետևյալ նկատառումներով: Պատմավեպի ժանրային առանձնահատկություններից մեկը արդիական ուղղվածությունն է` անցյալի պատկերմամբ ներկայում հուզող ու ապագայում սպասվող հարցերի պատասխանելը, իսկ առավել ևս նորագույն շրջանի հայ պատմավեպերը արդիական հնչեղության ճշմարտությունների և կենսական խնդիրների բացահայտման մեծ հնարավորություն են ընձեռնում: Հետևաբար, մեր ուսումնասիրության թեման առավել քան արդիական է:
Նորագույն շրջանի հայ պատմավիպասանության շրջանակներում Արշակ Երկրորդի կերպարի քննությունը թույլ կտա լավագույնս ըմբռնել և վեր հանել ազգային կյանքի նորագույն հիմնախնդիրները, խուսափել արշակյան ժամանակաշրջանում և հետագայում շարունակաբար թույլ տրված սխալներից, ազգային «հայոց բերդի» անավարտության պատճառներից: Այն հիմնավորապես կընդգծի ազգային միասնության անհրաժեշտությունն ու գաղափարական պառակտման աղետաբերությունը, վերստին «շղթայված արշակներ» չունենալու կարևորությունը:
Մեր ավարտական աշխատանքի նպատակն է բացահայտել նորագույն շրջանի հայ պատմավիպասանության մեջ Արշակ Երկրորդի կերպարային յուրահատկությունները և ցույց տալ նրա կերպարակերտմամբ բարձրաձայնված կարևորագույն գաղափարները: Մեր առջև դրված նպատակը կիրագործենք` Արշակ արքայի կերպավորումն ունեցող համապատասխան պատմավեպերը մանրակրկիտ ուսումնասիրելով ու դրանց առանձնահատկությունները բացահայտելով, Արշակի և պատմավեպերում գործող մյուս կերպարների հարաբերությունները բազմակողմանիորեն դիտարկելով, արքայի կերպարը բացահայտող գեղարվեստական միջոցները հայտնաբերելով, ինչպես նաև` համապատասխան վերլուծական գրականությանը ծանոթանալով:
Հայոց բերդ երազող արքան (Զորյանական Արշակի առանձնահատկությունները)
Արշակ Երկրորդի կերպարը նորագույն շրջանի հայ պատմավիպասանության մեջ առանձին ուսումնասիրությամբ երբեք քննության չի առնվել: Որոշ գրականագետներ ուսումնասիրել են այն առանձին պատմավեպերի կամ դրանք ստեղծած հեղինակների գրական ժառանգության քննության, հայ գրականության պատմության կամ պատմավեպի ժանրային զարգացման շրջանակներում, ինչպես օրինակ` Սուրեն Աղաբաբյանը` «Ստեփան Զորյան», «Հայ սովետական գրականության պատմություն», Հրանտ Թամրազյանը` «Սովետահայ գրականության պատմություն», Սևակ Արզումանյանը` «Խորհրդահայ վեպը», «Արդի հայ վեպը», Զավեն Ավետիսյանը` «Նորագույն գրականության զարգացման միտումները», Արտակ Ղուլյանը` «Պերճ Զեյթունցյանի արձակը», Կիմ Գաբրիելյանը` «Լևոն Խեչոյանի ստեղծագործության գեղագիտական առանձնահատկությունները» և այլ աշխատություններում: Եվա Մնացականյանը հանդես եկավ առանձին ուսումնասիրությամբ` «Արշակ Երկրորդի կերպարի ընկալումը ժամանակի հոլովույթում», սակայն այն առավելապես ներկայացնում էր Արշակ արքայի անվան հետ կապված և գեղարվեստականացված տարբեր իրողությունների համեմատական քննությունը:
Արշակ արքայի զորյանական կերպավորման առանձնահատկությունները պայմանավորված են ինչպես ստեղծման ժամանակաշրջանի թելադրանքով, այնպես էլ գրողական ձեռագրով և դասական պատմավեպին բնորոշ կերպարակերտման հատկանիշներով:
Քսաներորդ դարի հայ պատմավեպը, յուրացնելով ժամանակի պատմագիտության չափանիշները, խորանում է պատկերվող ժամանակաշրջանի սոցիալական կառուցվածքի մեջ` այդտեղից ածանցելու պատմության դասերը: Ժանրին բնորոշ էր պատմագիտական հագեցումը, ճշմարտության մեկնումը արդիականության դիրքերից: Հինգերորդ դարի պատմագրության մեջ Արշակի մասին ինչ-ինչ դիրքերից տրված խիստ ու բացասական գնահատականները բնավ չեն կաշկանդել Ստեփան Զորյանին` արժևորելու Արշակի գործունեության այն կողմերը, որոնք պատմության այդ հատվածում ունեին առաջադիմական նշանակություն[6]: Դրանց արտացոլմամբ գրողը քաղաքական ու բարոյական կարևոր դասեր է ավանդել սերունդներին:
Դասական հայ պատմավեպն առավել քան առնչվում էր էպիկական մտածողությանը` ամենալայն իմաստով բնորոշվելով որպես գործողությունների ներկայացման լայն կտավ, սյուժեն հաճախ նույնանում էր կերպարի գործողության հետ, իսկ կերպարը հիմնականում բնութագրվում` իր գործողություններով: Այս հանգամանքներով կարելի է պայմանավորել զորյանական Արշակի կերպավորումն առավելապես գործողությունների` արաքների միջոցով, քան` ներաշխարհային ապրումների:
Արշակ Երկրորդի կերպավորումը «Հայոց բերդը» պատմավեպում անմիջականորեն կապվում է արքայի նվիրական երազանքի` հայոց բերդի կառուցման հետ, որ վեպում Արշակի հոգում սրբացված երազից վերաճում է միասնության, հզորության ու անխոցելի ամրության խորհրդանիշի: Իբրև վերնագիր` այն իր մեջ ամփոփում է Արշակի և շատ հայոց արքաների` դարերով անկատար մնացած մշտավառ երազը` բաղձալի միասնականությամբ երաշխավորվող անխոցելի ամրության տեսիլը: Արշակունյաց արքայի կերպարն ու նրա էությունը կլանած գաղափարը վեպում էջ առ էջ մարմավորվում և ընթանում են ամբողջական ու կատարյալ դառնալու ուղով, սակայն և՛ Արշակ արքայի կերպարը, և՛ հայոց բերդը, մնում են անավարտ: Երկրորդը դառնում է պատմական ցավոտ ճշմարտությունն ամփոփող մեծարժեք գաղափար:
Պատմավեպը բաղկացած է երեք մասերից և «Վերջաբանից», շարադրված է սյուժեի և ֆաբուլայի անհամապատասխանությամբ: Արշակը` իբրև գործող կերպար, հանդես է գալիս պատմավեպի երկրորդ և երրորդ մասերում: Առաջին մասում պատկերվում է Արշակավանի կառուցման շուրջ ստեղծված իրադրությունը` ընթերցողին նախ ծանոթացնելով Արշակի գործունեությանն ու դրա հետևանքներին, ապա միայն` Արշակին: Իսկ վերջաբանում Արշակ արքան կերպավորվում է իր բացակայությամբ ու դրա աղետալի հետևանքներով, իր գործած մեծ ու փոքր սխալների պտուղներով, հայոց բերդի անկատար մնալու դատապարտվածությամբ:
Պատմավեպի առաջին մասում Արշակ Երկրորդն ու նրա իրականացրած «խենթությունը» դեռևս ուրվագծվում են միակողմանիորեն` թագավորական իշխանության դեմ ըմբոստացած նախարարների` զայրույթով լի խոսքերի և Արշակավան փախչող շինականների` վախով ու հույսով պարուրված ապրումների միջոցով: Ստեղծագործության գեղարվեստական առանձնահատկություններից մեկը հասարակության տարբեր խավերի և խմբավորումների գաղափարների, նպատակների բացահայտումն է թագավորական իշխանությունը մարմնավորող Արշակ արքայի և հայոց բերդի կառուցման գործի հանդեպ ունեցած վերաբերմունքով: Արշակն իր գործով դառնում է մեկնակետ, որի օգնությամբ պատմավիպասանը ձևակերպում է կենսականորեն կարևոր գաղափարներ:
Նախարարական դասի համար անընդունելի և անհանդուրժելի էր արքայի վարած քաղաքականությունը: Սեփական տիրույթներից բնակչության զգալի արտահոսք ունեցող նախարարները Արշակին կոչում էին «ոճրածին մարդ»` նրան դատապարտելով բազում գործած ու չգործած մեղքերի համար` արքայահորը Կավաշում ճգնակեցության դատապարտելու, Օլիմպիա թագուհու թունավորման, Գնելի, Տիրիթի և Վարդ իշխանի սպանությունների:
Արքայի հրովարտակը, այնուամենայնիվ, դառնում է աղետալի դեպքերի սկիզբ: Ապահունյաց գավառի հասարակ շինական Թորգոմը ընտանիքով դեպի Արշակավան փախչելու ժամանակ սպանում է Դավիթ Համունի իշխանին: Խախտվում է դասակարգային դարավոր անջրպետը. շինականը դառնում է տիրասպան: Ներսեհ Կամսարականի և մյուս դժգոհ նախարարների հնչեցրած մեղադրանքները վատագույն պատկերացումն են ստեղծում Արշակունյաց արքայի մասին. «Անիծյա՛լ Արշակունի… այլասերեց ժողովրդյան և դարձրեց տիրանենգ ու տիրասպան: Մոլի խառնակիչ, մարդասպա՛ն և ոչ թագավոր…»[7]:
Արշակ Երկրորդի թագավորության մեծագույն թշնամին` շարունակաբար արմատավորվող անմիաբանությունը, վեպում պատկերված է խորությամբ ու անխուսափելի աղետաբերությամբ: Հասարակության բոլոր խավերում կար և՛ ներքին պառակտում, և՛ միջդասակարգային պայքար, որ մոռացության էր մատնել հնարավոր առավել մեծ` արտաքին պայքարը գերտերությունների դեմ: Համախմբվելու անհրաժեշտությունը չէր գիտակցվում սեփական նպատակների իրագործման ճանապարհին: «Ծավալելով արշակյան և հակաարշակյան ուժերի բախման թեման, գրողը հիանալի է վերարտադրել հայոց պատմության ոգին ու բնորոշ առանձնահատկությունները, դարաշրջանի դրաման` ի դեմս Արշակի կերպարի»[8]: Արքայի երազած հայոց բերդի կառուցումն ու ազգովի անմատչելի ամրոց դառնալու տենչն ի սկզբանե դատապարտված էր կործանման, քանի որ փորձում էր մարմավորում ստանալ ոչ ճիշտ ժամանակաշրջանում և պայմաններում:
Պատմավեպի երկրորդ մասից նախարարների զրույցների միջոցով հայտնի դարձած իրողությունները բացահայտվում են այլ տեսանկյունից: Հանդես է գալիս Արշակ արքան` դրամատիկ ապրումներով, ողբերգականությամբ, հաճախ չբացահայտված ներաշխարհային ալեբախումներով և ամենակարևորը` հայոց բերդի երազանքով, որ դառնում է նրա կերպարի բացահայտման առանցքը:
Արշակի զորյանական կերպավորումն ունի որոշ ակնհայտ թերացումներ` կերպարի միակողմանի դրսևորումը, ներաշխարհային զարգացումների ոչ ամբողջական պատկերումը և դրանով պայմանավորված` որոշ արարքների հոգեբանական հիմնավորման թուլությունը, երբեմն հերոսական-էպիկական ոգուն չներդաշնակվող սենտիմենտալիզմը և այլն, սակայն գրողը բազմաթիվ ուղիներով վարպետորեն ցուցադրում ու հիմնավորում է Արշակունյաց արքայի կերպարի ողբերգականության գլխավոր ակունքներից մեկը` չհասկացվածությունը:
Արքայի նպատակը չեն կարողանում հասկանալ ատելությամբ և վրեժխնդրությամբ լցված նախարարները, այդ թվում` Կամսարական իշխանը. «Ի՞նչ էր կամենում այդ անհանգիստ մարդը. ինչու՞ էր արհամարհում նախարարներին և նրանց սեփականությունը…» (36): Արշակի յուրաքանչյուր քայլի տակ նրանք տեսնում էին միայն թագավորական իշխանության զորացման և իշխանական մյուս ուժերի թուլացման ձգտումներ:
Արշակի ծրագրերը անընդունելի և անհասկանալի էին նաև հոգևորականության ու նրա առաջնորդ Ներսես կաթողիկոսի համար, որ փորձում էր իր հերթին իր հոգևոր բերդը կառուցել` միաժամանակ բարեգործություններով ամրացնելով իր իշխանության դիրքերը: Թագավորական ու հոգևոր իշխանությունների շահերի աններդաշնակությունը Ներսեսին ևս դրդում էր միայն արքայի սնափառությունը տեսնել Արշակավանի կառուցման մեջ. «…Նա չգիտե՞ միթե, որ հին թագավորները քաղաք կառուցում էին հաջող պատերազմից բերած գերիներով… Իսկ Արշակը,- մտածում էր Ներսեսը,- ի՞նչ է անում Արշակը. չունենալով գերի ստրուկներ, բայց ունենալով մեծ փառասիրություն` իզուր թշնամանում էր իր նախարարների հետ» (267):
Արշակ արքայի ծրագրերի բուն էությունը չէին հասկանում և չէին էլ ուզում հասկանալ հասարակ շինականները, որոնց համար արձակված հրովարտակը պարզապես բարի ու փրկարար քայլ էր, մինչդեռ նրանք չունեին այն գիտակցումը, որ իրականում իրենք պետք է դառնային արքայական իշխանության հենարանը:
Արշակը ոչ միայն չհասկացված արքա էր, այլև հոր` Տիրանի կողմից չհասկացված ու քննադատված որդի: «Դառնացած թագազուրկը» Արշակավանի կառուցումը որակում էր սնափառություն և անխոհեմ քայլ. «Արշակավա՜ն… կամենում է Մեծն Տիգրանի նման կառուցել իր Տիգրանակե՞րտը: Այո՞… Մոռանում է սակայն, որ Մեծն Տիգրանն այդ արավ մեծամեծ հաղթանակներից հետո, գերի ստրուկների միջոցով: Իսկ ինքը՞: Ինչ է արել ինքը` Արշակը: Ոչինչ: Տակավին ոչի՜նչ… Ի՞նչ հաղթանակներ է շահել: Եվ ոչ մի: Ուրեմն ինչով պիտի կառուցի այդ քաղաքը… Բավական է, եթե նա կարողանա ապահով պահել Հայոց Աշխարհը: Դա կլինի ինքնին մեծ փառք ու պատիվ: Իսկ նա, չարած ոչինչ և ոչինչ, ձգտում է անմահության…» (125): Տիրանի խոսքերը մատնում են գահին կարոտ արքայահոր ու որդուց մոռացված հոր ողբերգական դրությունը, որ հոգեբանորեն պատճառաբանում է թագակիր զավակի քայլերի քարկոծումն ու անխնա մեղադրանքը: Մինչդեռ գրողը հետևողականորեն հիմնավորում է Արշակավանի կառուցման գաղափարական ծնունդը: Հերքելով բերդաքաղաքը փառասիրական շարժառիթներով բացատրելու տեսակետը, Զորյանը ցույց է տալիս, որ այդ ձեռնարկումն անձնական քմահաճույք չէր, այլ թելադրված էր Հայաստանի պատմական զարգացման պահանջներով ու երկրի ամրապնդման շահերով[9]:
Գրականագետ Ե. Մնացականյանը, անդրադառնալով Արշակավանի կառուցման զորյանական մեկնությանը, գրում է. ««Հայոց բերդը» վեպում, թեև Արշակի կերպարը չի հասնում մեծ ու խոր ընդհանրացման, և հոգեբանական շատ նրբերանգներ դեռևս մնում են չբացահայտված, այնուամենայնիվ, Ստ. Զորյանը ձգտում է տեսանելի և ըմբռնելի դարձնել Արշակի ծավալած գործունեության տրամաբանությունը»[10]: Հայոց բերդի գաղափարը համակել էր արքայի էությունը: Նա Անդոկ իշխանին ու մյուս համախոհներին մեծագույն ոգևորությամբ էր պատմում իր մեծագույն նպատակի մասին. «Բայց ես, իշխա՛ն, կստեղծեմ իմ բերդը, որ լինի ամենքի բերդը, և կլինի ավելի հզոր, քան նախարարաց բերդերը, ու դորանով ես կմիաբանեմ նոցա, և այդ միաբանությունը կդառնա հայոց բերդ, անխորտակ բերդ… Թշնամին անզոր կլինի կործանել նորան: Այո՛, իշխա՛ն, տեսանելի բերդից ավելի ստեղծենք մեր ներքին բերդը» (232): Ներքին բերդ` ազգային միասնություն և անխորտակ ուժ ունենալու հույսը Արշակին երբեք չի լքում: Նա անգամ ներազգային արյունալի բախումներից հետո զարմանալի լավատեսությամբ մտածում էր վերաշինել ավերված քաղաքը: Ինչպես նկատել է գրականագետ Թամրազյանը. «Գլխավորը կենտրոնաձիգ պետության ստեղծումն էր, որ մի տանջալի, ապա կորստաբեր խնդիր եղավ Արշակ Երկրորդի համար»[11]:
Արշակի յուրաքանչյուր քայլն ու միտքը պատմավեպում անպայմանորեն որևէ կերպ հյուսված է լինում արքայական երազանքին: Նա կարող էր կասկածի տակ առնել ամեն ինչ, բայց ոչ երբեք հայրենի միասնության ու ամրության սրբագույն տեսիլն ու դրան հասնելու ուղիների արդարացիությունը, ուստի սխալները մշտապես փնտրում էր իրենից դուրս: Հայոց բերդի կառուցումը` իբրև սուրբ նպատակ, դառնում է խմորվող հանցանքների, այդ թվում` Գնելին ճանապարհից հեռացնելու քայլի ինքնաարդարացման հիմքը. «Թշնամիներս, այո՛, կչարախնդան անշուշտ,- ասաց Արշակը մտովի և անմիջապես արդարացրեց իրեն, որ դա անում է անհրաժեշտությունից դրդված` երկիրը խաղաղ պահելու համար… Խաղաղություն, որի մեջ միայն հնարավոր կլինի կառուցել և ավարտել իր Ավանը… ու քանի որ նախարարները մերժում են իրենց բերդերը, նա իր Ավանը կկառուցի այնպես, որ այն դառնա ամուր բերդ, ոչ թե մեկի բերդը, այլ ամենքի բերդը, հայոց բերդը…» (140): Նման հոգեբանական դրսևորում տեսնում ենք նաև ապստամբ նախարարերին որձակոտոր արած արքայի խոսքերում. «…Քահանայապետը նզովեց ինձ խաչով… Բայց ես ոճրապարտ չեմ, Փառանձեմ… Ես, այո՛, գործեցի մեծ մեղք, բայց… ոչ ինձ համար, այլ Հայոց աշխարհի ապահովության համար… ոճրապարտ է նա՛, ով պառակտում է երկիրը, ո՛վ քանդում է մեր ապահովության բերդը…» (433):
Սերը ևս Արշակի սրտում ծնվում է` ներհյուսված հայոց բերդի երազին: Բոլորի կողմից չհասկացված, քննադատված արքան հանկարծ իր երազանքով հասկանալի ու ընդունելի է դառնում Սյունյաց Անդոք իշխանի դստեր համար: Արշակը սիրահարվում է իբրև արքա` իր սիրտ ընդունելով հայոց բերդի գաղափարը սիրող և ընդունող Փառանձեմին:
Արքայի հոգին տարվում է Փառանձեմով` նրան համեմատության մեջ դնելով Օլիմպիայի հետ. «… Եվ թագավորն ակամա համեմատեց նրան իր Օլիմպիայի հետ, որ միշտ սառն էր, ձիգ ու հանգիստ, իսկ այժմ, թեև հուզված, բայց օտարի պես էր կանգնել իր կողքին: Այնինչ Փառանձեմը թվում էր բռնկված կրակ, աչքերը` հրացայտ, մազերը` բոց…» (170):
Փառանձեմը վիպական գործողությունների ծավալման ոչ ամբողջ ընթացքում է հանդես գալիս, նրա կերպարը հեռու է ամբողջական լինելուց, սակայն վեպում հոգեբանական ամենամեծ զարգացումն ապրում է նա: Փառանձեմի մեջ թաքնված ներուժն աստիճանաբար բացահայտվում և իր բարձրագույն դրսևորմանն է հասնում Արտագերսի պաշտպանության ժամանակ: Ամուսնուն կորցրած և մենաստան մտնելու մասին մտածող կնոջ մեջ Արշակը ոչ միայն գտնում է այդքան որոնած փոխըմբռնումը, այլև զգում թաքնված անկոտրում կամքը, որ ներդաշնակվում էր սեփական բնավորությանը. «Զգաց, որ այդ կինն իրոք կարող էր ձիավազ գալ Շահապիվան և օգնություն խնդրել վտանգված ամուսնու համար: Այդ կարող էր անել միայն խիզախ հոգին…» (188): Սակայն Արշակ արքան պատմավեպում նկարագրված գրեթե բոլոր հարաբերություններում, անգամ ամուսնու և հոր դերերում դրսևորվում է միակողմանիորեն`սահմանափակված իր արքայական դերի ու նպատակի գիտակցմամբ:
Արշակունյաց արքայի կերպարակերտման միակողմանիության հետ նաև նկատելի է նրա ներաշխարհային զարգացումների անորոշությունը: Արշակի գաղափարներն ու համոզմունքները հաճախ արձագանքվում են նրա կողմից ընդունված որոշումների ու արարքների մեջ, սակայն դա բավարար չափով պատկերացում չի տալիս արքայի հոգեբանության, անձնային որակների մասին, որոնք վեպում այնքան պակասում են կերպարի ամբողջականացման, համալրման համար:
Հեղինակը որոշակիորեն թուլացնում է արքայի կերպարի դրամատիզմի ակունքները: Շտապ լուծում պահանջող երկընտրանքները, որոշումները, որոնց կայացման ընթացքը կբացահայտեր Արշակի շատ անձնային որակներ, թույլ կտար ըմբռնել ներարշակյան մարդ-արքա հակամարտության էությունը, պատմավեպում լուծվում են կյանքի զարգացման տրամաբանությամբ: Արշակ-Գնել հակամարտությունը, որ կբացահայտեր արքայի մարդկային էությունը, կուրվագծեր նրա հաստատակամության, դաժանության ու իմաստության սահմանները, լուծվում է երրորդ անձի` Տիրիթի կողմից, որ սպանում է Գնելին` Փառանձեմի հանդեպ ունեցած սիրուց դրդված: Տիրիթի ու Վարդի սպանությունները այդ հիմքի վրա դառնում են տրամաբանական թելադրանք, լիովին արդարացվում են և առաջ չեն բերում հոգեկան երկվություն: Փառանձեմ-Օլիմպիա պայքարը, որ այս պատմավեպում ունի միայն ներարշակյան բնույթ, որոշակի ընթացք ստանում է, սակայն լուծումը կրկին չի տրվում Արշակին` բացահայտելու նրա հոգում սիրո ներգործության ու արքայական պարտավորությունների սահմանը, որ առկա է, օրինակ, Մուրացանի «Գևորդ Մարզպետունի» պատմավեպում` Աշոտ Երկաթի ապրումներում: Օլիմպիան ինքնասպան է լինում` զգալով առանց պայքարի պարտված լինելու ցավը: Շապուհի հրավերը ստանալով` Արշակը մեկնում է` վստահ լինելով, որ ճիշտ է վարվում` առանց կասկածելու պարսկական դավադրությանը. այստեղ բացակայում են մեկնելու վտանգը գիտակցող, երկիրը անտեր թողնող արքայի ցավալի ապրումներն ու անորոշությունը: Իհարկե, նման մոտեցումներով գրողն ընդգծում է Արշակի կերպարը ազգային-հայրենասիրական կողմով և զերծ պահում այն կողմնակի երանգավորումներից, սակայն դա հանգեցնում է կերպարի միակողմանիությանը:
Զորյանը Արշակի խճճվածությունը, մոլորվածությունը հյուսում է հոգեբանական սուր լարվածությունից, որ ծնվում է լարված ժամանակներում գահակալած արքայի հոգում`հանուն հայրենյաց փրկության ստիպելով գնալ անոտնակոխ ուղիներով, որ այդպես էլ մնում են անհասկանալի ու անընդունելի շատերի համար: Նա տենդագին լարումով շտապում է լուծել սաղմնավորվող խնդիրները. «Կրակը պետք է հանգցնել, քանի դեռ կայծ է,- ասաց Արշակը մտքում,- այլապես նա կդառնա հրդեհ…» (112): Սակայն հաճախ կայծը մարելու մոլուցքը բերում էր հրդեհի բռնկման, որի չարագույն դրսևորումները դառնում են Մերուժանին վերացնելու հետքերով գնացող Արշակի գերությունը Անհուշ բերդում և հայոց բերդի հիմնահատակ ավերումը:
Արշակին լարման մեջ են պահում նաև անընդհատ ծնվող ահավոր կասկածները, դարձնում կասկածամիտ ամեն ինչի նկատմամբ: Այդ հանգամանքից օգտվում է Տիրիթը` կասկած սերմամանելով նրա հոգում. «Նա գիտեր, որ հորեղբայրը կասկածոտ է, որ նա կասկածում է անգամ կույր արքայահորը, թե արդյոք դավեր չի՞ նյութում իր դեմ…» (113): Դառը մտահոգությունների կողքին Արշակի հոգում կար նաև դրանց չներդաշնակվող դյուրահավատություն և ինքնավստահություն սեփական իշխանության հանդեպ:
Ստեփան Զորյանը հմտորեն վրձնել է Արշակ արքայի հոգում ըմբոստ իշխաններին դաժանորեն պատժելու գաղափարի հասունացումը: Արքան, աղետի լուրն առնելով, գնում է Արշակավան, և նրան վիճակվում է անցնել նախարարական զորքերի հեղինակած ավերակներով, սպանդով (նման գեղարվեստական հնարքի դիմել էր նաև Րաֆֆին` «Սամվել» պատմավեպում գլխավոր հերոսին ստիպելով գնալ այն վայրերով, որոնք ավերակ էին դարձել իր հոր և Մերուժանի դավաճանությամբ, որպեսզի հոգեբանորեն հասունացնի նրա մեջ խմորվող որոշումը): Արքայի գլխին են թափվում հուսախաբված շինականի անեծքն ու պարսավանքը. «Արշա՛կ թագավոր, Արշա՛կ թագավոր, ինչո՞ւ դարձար մեր մահվան պատճառ: Ինչո՞ւ բերիր մեզ այստեղ և չեկար օգնության: Ինչո՞ւ, ինչո՞ւ…» (368): Հակառակորդին թերագնահատելու սխալը, խղճի խայթն ու ահավոր զայրույթը միահյուսվում են` ծնունդ տալով ապստամբ նախարարներին որձակոտոր անելու դաժան որոշմանը: Ինչպես նկատել է Ս. Աղաբաբյանը. «Ստ. Զորյանը, ամենևին չմեղմելով հայոց թագավորի բնավորությունը, որը հասնում է դաժանության (ինչպես, օրինակ, Ներսեհ Կամսարականի ողջ տոհմի ոչնչացումը և այլն), ի դեմս Արշակի ներկայացնում է ողբերգական անհատի, որը մի կողմից խորապես ըմբռնում է երկրի խաղաղության հիմնական պայմանի` «ներքին բերդի» անհրաժեշտությունը, իսկ մյուս կողմից ստիպված է դիմել արարքների, որոնք դեմընթաց են իր իսկ բաղձանքներին»[12]:
Արշակ արքայի համար ապստամբ նախարարներին ընկճելը գահի հեղինակության և արժանապատվության խնդիր էր, նրանց խստորեն պատժելը` երկրի ապահովությանն ուղղված անհրաժեշտ քայլ. «Թող ուրեմն մեռանի մի տոհմ, երկու տոհմ, երեք տոհմ դավաճանների, որպեսզի երկիրը չմեռանի, որպեսզի երկիրը հայրենի մնա ողջ… Խառնակիչների ազգատոհմը, անիշխանության խորտակումը Հայոց աշխարհին կբերի խաղաղություն, հետևաբար` ապահովություն և հզորություն…» (432):
Հայակործան կռվի աղետաբերությունը, սակայն, անժխտելի էր: Զորյանը չի խորշում աղետալի իրականության պատկերումից. «Մի շաբաթ էր հայերը կռվում էին հայերի դեմ. թագավորական գնդերը` նախարարական զորքերի դեմ» (368) կամ «Պատերազմներ շատ էին եղել Հայոց Աշխարհում, բայց ոչ մեկը նման չէր այս պատերազմին, ուր նախարարները սուր էին բարձրացրել թագավորի դեմ, թագավորը` նախարարների» (391):
Որքան էլ Զորյանի վարպետ գրիչը կարողանում է պատմավեպի որոշ հատվածներում հոգեբանորեն մեկնել Արշակի կայացրած որոշումները, դրանք այդպես էլ արդարացում չեն գտնում իրենց ետևից թողած կործանիչ աղետների դիտակետից: Ինչպես ճշմարտացիորեն նկատել է գրականագետ Հր. Թամրազյանը. «Զորյանը չի կարողացել սիրելի դարձնել իր նշանավոր հերոսին: Իհարկե, սկզբունքորեն Զորյանը ընտրել է ճիշտ ուղի, այսինքն` փորձել է կյանքը վերցնել իր բարդության մեջ, պատմական մեծ անհատի գործն ու վարքը ներկայացնել պատմական հանգամանքների լույսի տակ, հայտնի արարքները և դաժանությունը բացատրել արտաքին գործոնների ազդեցությամբ: Այդպես է, բայց կատարումը նկատելիորեն թույլ է, հերոսի անողոքությունները երբեմն հակակրանք են առաջացնում մարդու մեջ, քանի որ գեղեցիկի սկզբունքը չի պահպանվում դաժան արարքներին նվիրված հատվածներում»[13]: Ստեղծագործության առավել ընդգծված ճանաչողական նշանակությունը, ներքին գեղեցկության պակասը, որ լավագույնս նկատելի է Արշակի կերպարում, գրականագետին դրդել են երկը գնահատել որպես «միայն մասնավոր գեղեցկություններ ունեցող վեպ»[14]:
Պատմավեպում Արշակ արքային տեսնում ենք հիմնականում ներազգային պայքարի մեջ, իսկ արտաքին վտանգն առավելապես արտացոլվում է ներքին վտանգը` անմիաբանությունը հաղթահարելու տենդագին լարմամբ: Երկու գերտերությունների հետ արտաքին հարաբերությունների ներկայացմանն այդքան էլ մեծ տեղ չի տրվում, և դա ամենևին էլ պատահական չէ: Ի տարբերություն Արշակին պատկերող նորագույն շրջանի մյուս պատմավեպերի և զորյանական պատմական եռագրության մյուս երկու գործերի` «Հայոց բերդը» պատմավեպի վերնագիրը կնքված չէ արքայի անվամբ, ինչը կնշանակեր տվյալ արքայի գահակալման շրջանի դեպքերի գեղարվեստականացում, կենտրոնացում արքայական կերպարի շուրջ: «Հայոց բերդը» վերնագիրը թույլ է տալիս առավել մեղմ մոտենալ Արշակ արքայի կերպարի անկատարությանը, քանի որ հուշում է հեղինակի` երկը գրելու գլխավոր նպատակադրումը` կենտրոնանալ հայոց բերդի` մեր ազգայի ներքին միասնության ու համախմբման գաղափարի ընդգծման և ամբողջական պատկերման վրա` վեպում արտացոլված յուրաքանչյուր տարր ծառայեցնելով դրան: Պատահական չէ, որ վեպի գործողությունները շարունակվում են անգամ հետարշակյան շրջանում: Ի տարբերություն Զեյթունցյանի և Խեչոյանի պատմավեպերի, որոնցում Արշակավանի կառուցման գաղափարը բնութագրում, լրացնում էր Արշակի կերպարը, Զորյանի վեպում կարծես արքայի կերպարն է լրացնում Արշակավանի ու հայոց բերդի գաղափարը` ծառայելով նրա ամբողջականացմանը:
Պատմավեպի վերջնամասում կարդում ենք. «Իսկ ի՞նչ եղավ հայոց բերդը: Պարսիկները նահանջի ճանապարհին իրենց ողջ կատաղությունը թափեցին Արշակավանի վրա և ավերեցին այն հիմնահատակ» (541): Արշակի բոլոր ջանքերն ու գաղափարները կլանած ավանը անխնա քանդվում ու ոչնչացվում է թշնամի պարսիկի ձեռքով: Այն, ինչ ամիսներ առաջ չհաջողվեց արքայի դեմ թշնամացած հայերին, իրագործեց արտաքին թշնամին` առանց որևէ դժվարության ու խոչընդոտի, քանի որ ներքին թշնամանքից ծնված աղետներն արդեն հարթել էին պարսիկի ճամփան:
Որքա՜ն խոսուն է պատմավեպի ամփոփիչ միտքը. «Եվ այդ օրվանից հայոց բերդը մնաց անավարտ» (541): Սա սոսկ վիպական գործողությունների ընթացքն ամփոփող հասարակ միտք չէ, այլ անասելի ցավով, ափսոսանքով ու գուցե, քողարկված խուլ զայրույթով ներծծված ողբերգական ճշմարտություն: Հայոց բերդի անավարտությունը անխախտ վկան է մեր ազգային միասնական կամքի, հայրենյաց շահի գիտակցման և թշնամու դեմ համախմբման անավարտության:
Հայոց բերդի կառուցմամբ Արշակը փորձում էր կառուցել իր ինքնուրույն ճանապարհը` հրաժարվելով ընտրել ավանդական դարձած պարսկական կամ բյուզանդական ուղիներից որևէ մեկը: Անդոք իշխանին ուղղված խոսքերում տեսնում ենք անվստահելի օտարին ողորմածու լինելու փոխարեն սեփական զորեղ ապավենն ունենալու տենչը. «Սակայն տևական ապահովություն օտարի օգնությամբ չի լինում, իշխա՛ն: Երբե՛ք: Կարծում եմ, որ մեր աշխարհի ապահովության հոգսը քեզ պիտի հուշեր այլ մտքեր, այն, որ մենք ինքներս կռենք մեր ապահովությունը` մեր բերդերով, մեր զինու զորությամբ և ոչ օտարին ապավինելով: Ապավեն փնտրում են անկարներն ու հիվանդները, բայց ոչ քաջառողջ մարդիկ…» (221): Այս գաղափարախոսությունը «Պապ թագավոր» պատմավեպում դառնում է նաև Արշակի որդու` Պապի և նրա համախոհների քաղաքականության ուղենիշը. «Օտարի օգնության հույսը նման է ամպի. կարող է անձրև տալ և չտալ: Նրանք գուցե օգնեն այնպես, որ մենք գնանք առաջ, իսկ նրանք հետևեն մեզ…»[15]:
Զորյանն Արշակին ու նրա գահակալման շրջանին որոշակիորեն անդրադառնում է նաև «Պապ թագավոր» պատմավեպում, որն իր ստեղծման ժամանակով նախորդում է «Հայոց բերդին»: Հիշողությունների ու անցյալի վերագնահատման տեսքով արշակյան շրջանի հիշատակումները «Պապ թագավոր» գործում հավանաբար դարձել են նոր պատմավեպի գաղափարական հիմքը:
Հեղինակային խոսքում գրողը պարզապես արձանագրում է անցյալի դեպքերը` ընթերցողին ծանոթացնելով առավելապես Արշակի գահակալման վերջին շրջանին և դրան անմիջապես հաջորդած դեպքերին: Իսկ պատմավեպում գործող կերպարների հիշողության մեջ Արշակը դառնում է մոտ անցյալի կերպավորումը` համեմատության եզր գծելով ներկայի հետ: Նա կենդանանում է Հայր-Մարդպետի հուշերում. «… Նա, լինելով խելացի և շատ զրույցներ իմացող, հարգված էր Արշակ թագավորի կողմից, չնայած նրա պարսկասիրությունը հաճելի չէր Արշակին: Իր տխուր կամ մենավոր ժամերին Արշակը հաճախ կանչում էր նրան իր առանձնարանը և ժամերով զրուցում հետը: Եվ Մարդպետի միշտ աշխույժ ու սրամիտ պատումները ցրում էին արքայի մռայլը:
Այդպես էր Արշակ թագավորը… Ինչպես կլիներ որդին,- մտածում էր Հայր-Մարդպետը,- ինչպե՞ս կվերաբերվեր իրեն այս բոլոր անցուդարձից հետո»[16]:
Որդու` Պապի մտածմունքներում ու գնահատականներում Արշակը հանդես է գալիս իբրև դժբախտ և իր ձգտումներում ձախողված արքա, որի նպատակը որդու համար հասկանալի և ընդունելի էր, իսկ ընտրված միջոցները` դաժան ու անհաջող. «Այդպես է եղել հայրը. նա չի կարողացել լեզու գտնել շահերով ու դիրքով տարբեր նախարարների հետ… և փոխանակ հասկացնելու միաբան լինելու շահը երկրի համար` նա հարձակվել է նրանց վրա` ստիպելով, որ կատարեն իր կամքը, իր կարգադրությունները…»[17]: Ավելին, Պապը, նախարարների նկատմամբ հոր արարքները համարելով անիրավություն, փորձում է դրանք շտկել ` ցանկանալով շահել նախարարական դասի վստահությունն ու օգնությունը, սակայն շուտով իր «հայոց բերդի»` մշտական զորության ու միասնական բանակի ձեռնարկման համար օգնություն չստանալով` սկսում է իրագործել սեփական «խենթությունները»: «Արշակը ևս վարում էր երկրի ինքնուրույնության քաղաքականություն, բայց խճճվելով ժամանակի իրարամերժ միտումների ու անձնական կյանքի հակասությունների մեջ, չկարողացավ իրացնել իր ծրագիրը` կոտրել ամենից առաջ նախարարական ինքնագլխությունը»[18]: Պապի քաղաքականության մեջ առանցքային բնույթ ուներ արշակյան` ներքին միասնության գաղափարը. «Մե՛նք պետք է լինենք մեր նեցուկը, սպարապե՛տ, մե՛նք: Ստեղծենք մեր ներքին նեցուկը… Դու գիտես, որ մենք ապրում ենք երկու սրի արանքում կամ, ավելի ճշմարիտը, երկու գազանի բաց երախի առաջ, որ ուզում են կլանել մեզ, ուրեմն, այնպես անենք, որ այդ օրերը շարունակ չսպառնան և այդ երախները չկլանեն մեզ…»[19]:
Հայաստանին մշտապես վիճակված քաղաքական երկընտրանքը Արշակ Երկրորդը փորձում էր հեռու վանել` ստեղծելով երրորդ` սեփական ճանապարհը` ամենահուսալին ու անհրաժեշտը: Անլուծելի երկընտրանքը նոր` երրորդ ճանապարհով լուծելու արշակյան մոտեցումը խորությամբ արտացոլված է Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» պատմավեպում:
Տասնվեցերորդ Արշակունին և երրորդ ճանապարհը (Զեյթունցյանական Արշակի առանձնահատկությունները)
Արշակ Երկրորդի զեյթունցյանական կերպավորումը մեր գրականության մեջ նոր ու ինքնատիպ երևույթ էր` դուրս պատմական անձի կերպավորման ավանդական ձևերից: Պ. Զեյթունցյանի մտահղացումներն ու դրանց արտացոլման եղանակները, չտեղավորվելով հայ դասական պատմավիպասանության սահմանած շրջանակներում, «Արշակ Երկրորդ» երկով նորովի պատկերեցին պատմական անցյալը: Ինչպես նկատում է գրականագետ Ս. Արզումանյանը. «Սա գեղարվեստական լուրջ ձեռքբերում էր, պատմագեղարվեստական և ժամանակակից հոգեբանական վեպերի ժանրային սկզբունքների ներհյուսման հետաքրքիր փորձ»[20]:
«Արշակ Երկրորդ» պատմավեպի ինքնատիպությունը պայմանավորող գործոններից էր Պ. Զեյթունցյանի շատ ստեղծագործությունների հատուկ` հերոսների ներաշխարհային պայքարի հայելացումը, որով արձագանքվում են համաժամանակյա ու համամարդկային, ազգային ու հավերժ մարդկային խնդիրները: Փիլիսոփայական դիտակետից ընդհանրանում է կյանքը` իրեն հատուկ օրինաչափություններով և անմեկնելի առեղծվածներով: «Արշակ Երկրորդ» վեպում պատմական անցյալը դառնում է արդիական հնչեղության հարցերի արծարծման հարթակ, հերոսները` աշխարհընկալման տարբեր մոտեցումներ ու կենսական գաղափարներ մատուցելու միջոց: Նրա հերոսները գործում են պատմական անցյալի իրադարձությունների մեջ, իրագործում են անցյալի խնդիրները, բայց ներկայի պահանջով ու տրամաբանությամբ[21]:
Պերճ Զեյթունցյանի համոզմունքով` պատմավեպն արժևորվում է ժանրի`բարոյաճանաչողական նշանակության և արդիական ուղղվածության հնարավորությունների օգտագործմամբ: Գրողը 1985 թվականին գրած հոդվածներից մեկում իրավացիորեն նշում է. «Ո՞ւմ է պետք այն պատմավեպը, որ ունի սոսկ ճանաչողական նշանակություն և չի հարաբերակցվում ժողովրդի այսօրվա հարցերի ու խնդիրների հետ, այսինքն, ճանաչելի չէ նաև այսօր»[22]:
Կերպարների, հատկապես Արշակ արքայի միջոցով հնչեցվում են դարերով ամրակայված ճշմարտություններ: Ինչպես նշում է Զ. Ավետիսյանը. «Իր գեղարվեստական խնդրի իրագործման համար Պ. Զեյթունցյանը վերակառուցում է պատմական իրողությունը, բայց ոչ երբեք պատմության տրամաբանությունը, որովհետև, ինչպես ինքն է նկատում` իր նպատակն է ոչ թե ճշտության հետքով գնալ, այլ` ճշմարտության»[23]: Եթե Ստեփան Զորյանը, հետևելով հայ դասական պատմավեպի ավանդներին, ստեղծեց պատմագիտական նյութով հագեցած երկ` նպատակ ունենալով պատմական անցյալի միջոցով բարոյական դասեր ավանդելու, ապա Պերճ Զեյթունցյանը, ժամանակի գրականության պահանջներով և սեփական ստեղծագործական համոզմունքներով պայմանավորված, դիմեց պատմությանը` ստեղծելով պայմանական միջավայր` տարիների ձևավորած կենսական` ազգային ու համամարդկային գաղափարներն արդիական դիտակետից հնչեցնելու համար: «Պ. Զեյթունցյանի միտումը «պատմության հոգեբանական ճշմարտության հայտնաբերումն է: Դրանով է պայմանավորված «Արշակ Երկրորդ» վեպի ամենակենսական լիցքը` արդիական իմաստավորումը, հարցադրումների այժմեականությունը: Հեղինակը Ավերված քաղաքի առասպելի» մեջ որոնում է մարդուն, բարձրացնում է մարդու պրոբլեմը անցյալի թեմատիկայի լուծումներում: Նրա գլխավոր հերոսի` Արշակի մեջ կարելի է տեսնել մեր օրերի մարդու շատ գծեր ու հատկություններ: Եվ ոչ միայն Արշակի[24]:
«Արշակ Երկրորդ» պատմավեպի վերոնշյալ առանձնահատկություններն ապահովում են Արշակունյաց արքայի ինքնատիպ կերպարակերտումը: Զեյթունցյանական Արշակը թե՛ գեղարվեստական մեկնաբանության տեսակետից, թե՛ իր ներքին գոյափիլիսոփայության խորհրդով բոլորովին տարբեր է նախորդած մյուս Արշակներից: Չնայած դրան` անժխտելի է նաև, որ նա նախորդ շրջանի պատմավիպասանական կերպարընկալման անմիջական զարգացումն է:
Պատմավեպի գլխավոր հերոսը հանդես է գալիս հոգեկան բարդ ու հակասական ապրումների մեջ: Նրա կերպարը բացահայտվում է հաճախ ինքնախոստովանության և ինքնավերլուծության տեսքով ներկայացված խոհ-մենախոսությունների, երկխոսությունների, կերպարի արտաքին ու ներքին հակադրման, իհարկե նաև`գործողությունների միջոցով:
Զեյթունցյանական Արշակի հոգեկան դրաման բազմաճյուղ է. նրա խոհերում արտացոլվում են արքայի և մարդու, հայի, ծնողի և զավակի մտահոգությունները: Հերոսի ներքին տառապանքի բազմաթիվ ակունքները ոչ թե անջրպետվում են, այլ ներհյուսվում և բացահայտում միմյանց: Արքայի ապրումներից յուրաքանչյուրը բացում է մտորումների մի նոր աշխարհ` վերացնելով ժամանակային սահմանները: Արշակ թագավորի հոգեբանական դեգերումների շառավիղը չափազանց մեծ է, մեղմ բարությունից ու վիճակի խեղճությունից մինչև դեսպոտիզմն ու ահավոր սադիզմը, և այս ամենը հանուն մարդու, նրա գերագույն իդեալի, հանուն ազգի և հայրենիքի[25]:
Պ. Զեյթունցյանը դառնում է Արշակի հոգու թարգմանը, Արշակը` գրողի պատմափիլիսոփայական հայեցողությունը կրող ու ներկայացնող գաղափարատիպ: Նրա մտորումներում բացահայտվում են փոքր երկրի արքայի տառապանքները, որ հաճախ ծնունդ են տալիս հրապարակախոսական շեշտադրմամբ և համաժամանակյա հնչեղությամբ ուշագրավ տողերի. «Հայոց արքան միշտ է խոցելի: Մոր արգանդից, իր ծնունդից, իր առաջին ճիչից, իր առաջին ինքնուրույն քայլից, երբ բոլորին թվում է, թե նա այլևս չի կառչում շրջապատի իրերից»[26]:
«Թագավորական լարախաղացությունը» Արշակին պահում է մշտական լարվածության ու տագնապների մեջ: Արքայի համար թագավորական իշխանությունն անհրապուրիչ են դարձնում նողկալի ու պարտադրված սիրաշահությունը բոլորին` հային ու օտարին, կաշկանդված արքա և կաշկանդված մարդ լինելու դատապարտվածությունը: Դրանք շարունակաբար զայրույթ, բողոք ու ցավ են սերմանում նրա հոգում` պատմական ճշմարտությամբ մեկնելով փոքր երկրների արքաների ողբերգությունը. «Խորամանկ պիտի ապրես: Պիտի ապրես քծնելով: Վախ ու դողի մեջ: Ամեն մի քայլդ կախված ուրիշի քայլից: Երբ խոսում եմ մեկի հետ, նրա աչքերում կարդում եմ` դու ի՞նչ թագավոր ես, թագավորը ՆՐԱՆՔ են: Գիտե՞ս` ես ինչի համար եմ նրանց պետք: Որպես զարդարանք, թանկարժեք ադամանդ, ազնիվ ցեղական ձի: Որովհետև եթե թագավոր ունես, ծառադ էլ ինչ-որ արժեք է ստանում» (147):
Զեյթունցյանը հայոց արքաներին վիճակված լարախաղացի դերը ներկայացրել է նաև «Աստծո տասներկու օրը» պատմական դրամայում, որ շատ ընդհանուր գաղափարներ ունի «Արշակ Երկրորդ» պատմավեպի հետ: Գրողը պատկերում է Տիգրան Մեծի գահակալման բարդ ժամանակներից մեկում ստեղծված իրավիճակը` դաշնակից Միհրդատին հանձնելու հռոմեական հրամանի շուրջ ձևավորված դրությունը, որ դրամատիկ լարման մեջ է դնում արքային` բացելով տառապալից մտորումների շղթան: Տիգրան Մեծն իրեն անվանում է «երկրի առաջին լարախաղաց»[27]: Ինչպես տեսնում ենք, արքաների կերպարները, անկախի իրենց` պատմության մեջ արձանագրված վերելքներից ու անկումներից, պատմական նվաճումներից ու կորուստներից, Պ. Զեյթունցյանի գրչին ծառայում են պատմափիլիսոփայական և կենսափիլիսոփայական կարևոր գաղափարների բարձրաձայնման համար:
Զորյանական հայոց բերդի խորհրդանշած ազգային ինքնուրույնությունն ու միասնականությունը Պ. Զեյթունցյանի պատմավեպում վերաձևվում են իբրև «երրորդ ճանապարհ»: Պատմավեպում Դրաստամատը` սենեկապետը, արքայի գլխավոր խորհրդատուն, շարունակաբար նրա առջև դնում է անխուսափելի երկընտրանքը. «Իմ պարտքն է միայն հիշեցնել, որ դու պետք է ընտրություն կատարես: Կա՛մ Բյուզանդիա, կա՛մ Պարսկաստան: Կա՛մ հունասեր խմբակցություն, կա՛մ պարսկասեր: Դու քո ուժը չունես, արքա՛» (147): Սա պատմականորեն մեզ մշտապես հետապնդած քաղաքական ընտրությունն էր արևելքի և արևմուտքի միջև, որ Արշակ արքան որոշում է մի կողմ թողնել` կառուցելով իր երրորդ ճանապարհը. «Ես ուզում եմ ի՛մ կողմը լինել: Ինքս ինձ հետ» (146-147):
Արշակավանի կառուցումամբ արքան ձգտում էր դնել իր սեփական` երրորդ ճանապարհի սկիզբը: Այս խելահեղ մտահղացումը դառնում է Արշակի և ներքին ու արտաքին քաղաքական ուժերի հարաբերությունների բացահայտման հիմքը: Զեյթունցյանական Արշակը քաջ գիտակցում էր Արշակավանի հնարավոր աղետաբերությունը, սակայն այն համարում էր միակ ելքը` ազատվելու ոչ միայն արտաքին ուժերի, այլև` ներքին` նախարարական հովանավորության կախումից. «Ես արշակավանցիներին արտոնություններ կտամ… կազատեմ հարկերից… Չեմ թողնի, որ մեկը մյուսի հաշվին ապրի… Եվ նրանք կսիրեն ինձ… Ատամներով կպաշտպանեն իրենց քաղաքը… Իրենց ազատությունը… Մինչև վերջին շունչը կկռվեն… Էլ ստիպված չեմ լինի սողալու մեկ պարսիկի, մեկ բյուզանդացու առաջ… Եթե վաղը պատերազմ սկսի, էլ զորք չեմ մուրա իմ նախարարներից: Ես իմ սեփական ուժը կունենամ…» (178):
Զեյթունցյանական Արշակը, ինչպես զորյանական Պապը, փորձում էր կոտրել փոքր ազգի համար նախանշված ուղու տրամաբանությունը, ինչի մասին խոսում է սպարապետ Վասակը. «Մեծ ազգերը հույսները դնում են իրականության վրա, փոքր ազգերը` հրաշքի: Ուժերն այստեղ հավասարակշռվում են, մեծերը կորցնում են իրենց առավելությունը, փոքրերը` ազատվում իրենց պակասություններից: Իսկ հենց որ փոքրերն ուզում են մեծերին նմանվել, ահավոր ու ճակատագրական ջարդ են ուտում: Սա է գաղտնիքը, ուրիշ բան չկա» (319): Արշակ արքան, հույս չդնելով որևէ հրաշքի վրա, փորձում էր իր ուժը ստեղծել, նմանվել մեծ ազգերին:
Պ. Զեյթուցյանը Արշակավանի կառուցումը ներկայացնում է իբրև Արշակի գոյության իմաստ, մոլության հասնող սևեռուն գաղափար, գլորված արքայական տարիների արդարացում, գործած մեծ ու փոքր սխալների հիմնավորում և արժևորում. «Ով-ով, բայց ես ինքս հո լա՞վ գիտեմ, որ եթե հարկ է եղել խաբելու, խաբել եմ, եթե պետք էր անազնիվ բան անել, արել եմ, եթե անհրաժեշտ էր դաժան լինել, եղել եմ, եթե անխուսափելի էր սուտ երդում տալը, տվել եմ…» (215): Պատմավեպի ընթացքում Արշակն ինքն իրեն հաճախ կոչում է տասնվեցերորդ Արշակունի, որ զեյթունցյանական կերպարի լավագույն բնորոշումն է: Նա և՛ հերթական Արշակունին էր` իշխանությունն ատամներով պահելու ջանքերով ու Արշակունիներին մշտապես ուղեկցող մտահոգություններով, և՛ տասնվեցերորդը, որ առանձնացավ մյուսներից` ընտրելով սեփական ճանապարհը կառուցելու դժվարին տարբերակը:
Պ. Զեյթունցյանը նկարագրում է Արշակավանի կառուցման ընթացքը, որ ուղեկցվում էր օրեցօր ավելացող աղետներով. «Արշակավանը դեռ չէր կառուցվել, բայց արդեն գերեզմանոց ուներ» (246): Մի նախադասությունն արդեն իսկ պարզում է քաղաքի ահավոր աղետաբերությունը: Ս. Զորյանն Արշակավանի բնակչության մեջ ավելի շատ պատկերում էր հասարակ շինականներին, որ պայքարում էին օրվա հացի համար: Պ. Զեյթունցյանը չի իդեալականացրել, ավելին, իրենց բոլոր ախտերով ու ապականություններով է ներկայացրել քաղաք փախած մարդկային զանգվածներին, որ բերում էին իրենց հետ մեղսագործությունն իր բոլոր դրսևորումներով` դավաճանություն, բանսարկություն, թշնամություն, գողություն, մարդասպանություն: Այդ ամենը քաղաքը դարձնում էր իսկական «հեթանոս բույն»:
«Արշակ Երկրորդ» պատմավեպում հասարակության ստորին խավը պատկերվում է ամբոխի տեսքով, ոչ` ժողովրդի: Արշակը` իբրև մարդ, ձուլվում էր ամբոխին իր կարոտով, մարդկային կյանքի հասարակ առօրյայի հանդեպ տենչով, իսկ իբրև արքա` անջրպետվում նրանից:
Արշակի և Ներսեսի հարաբերությամբ բացահայտվում է ժամանակին բնորոշ լարումը աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև: Կաթողիկոսը, չնայած ծավալած բարենորոգումներին և օգտակար գործունեությանը, զերծ չէր մնում սեփական իշխանությունն ամրացնելու նկրտումներից:
Արշակավանի կառուցմամբ Արշակ արքան իր հերթին փորձում էր երկրի համար նոր հավատ հաստատել` երկրի հավատը: Իհարկե, հոգևոր և քաղաքական բարձրագույն իշխանությունների գործունեության մեջ կար նաև սեփական դիրքի ապահովման հարցը, սակայն գաղափարական առումով արքայի և կաթողիկոսի ելակետերը նունն էին` թշվառ ու ծվատված երկրի անկախությունն ու երջանկությունը, պարզապես տարբեր էին ընտրված ճանապարհները: Ներսեսը, կանխազգալով երկրի ողբերգական գալիքը, ցանկանում էր, որ ավերակների վրա մնա գոնե փարատիչ եկեղեցին, ուստի ամեն կերպ ամրացնում էր եկեղեցական իշխանությունը, իսկ արքան, վստահ լինելով, որ անհնար է երկրի հետագա ապահով գոյությունն առանց հզոր թագավորական իշխանության, շարունակաբար ձգտում էր հասնել կենտրոնաձիգ թագավորության ձևավորմանը: Ա. Ղուլյանը գրում է. «Զեյթունցյանը ոչ միայն չի հեռացել պատմական Արշակից, այլև լրացրել ու հարստացրել է ավանդականը, նրանով մարմնավորել կենտրոնաձիգ պետություն ստեղծելու մաքառումները, հայ ժողովրդի աննկուն ոգին և կամքը»[28]: Արշակ Երկրորդի կերպավորման նկատմամբ գրողի նոր մոտեցումն իրավամբ նպաստել է արքայի կերպարընկալման ավանդական ձևերի հարստացմանը:
Արշակավանի կառուցմանն ուղղված ձեռնարկումների պատճառով խիստ սրվում են ներքաղաքական հարաբերությունները: Նախարարական և հոգևոր դասերից ձևավորված բյուզանդամետ և պարսկամետ հոսանքներն ակնհայտորեն ըմբոստանում են թագավորական իշխանության դեմ: Պատմավեպում գեղարվեստական նոր շունչ են ստանում նախարարական դասի շատ ներկայացուցիչներ: Ի տարբերություն դասական պատմավիպասանության մեջ առկա կերպարավորումների, Պ. Զեյթունցյանի վեպում Մերուժանը պատկերվում է բազմաթիվ դրական գծերով: Նա իր քաջությամբ և համարձակությամբ սիրելի էր բոլորին, անգամ` Արշակ արքային: Արծրունյաց նախարարը դեմ էր ոչ թե թագավորական իշխանությանը, այլ արքայի ծրագրին` սեփական ուժերին ապավինելու որոշմանը, որ, ըստ նրա, կործանարար հետևանքներ կարող էր ունենալ: Արքայի դեմ էին գործում նաև Ներսեհ Կամսարականը, Վահան և Վարդան Մամիկոնյանները և բազմաթիվ այլ նախարարներ: Հակառակ եղբայրներին` Վասակը տիրասիրության ու հայրենապաշտության վառ օրինակ էր: Նախարարական և հոգևոր դասերի հետ հարաբերությունների յուրատեսակ գեղարվեստական մեկնությունը զգալիորեն նպաստում է արքայի կերպարի ամբողջացմանը:
Զեյթունցյանական Արշակը շատ հակասական է՝ կտրուկ իր որոշումներում: Այս կերպարը զգալիորեն տարբերվում է զորյանական և խեչոյանական Արշակներից, որ աչքի էին ընկնում իրենց համբերատարությամբ ու շրջահայացությամբ: Գլխավոր հերոսի բնավորության «պայթյուններն» ու միմյանց հաջորդող տրամադրությունների տարբեր հորձանքները զարմանալի վարպետությամբ են տրվում վեպում[29]: Ժամանակի համար բնութագրական քաղաքական, սոցիալական, մարդկային հարաբերությունները խիստ լարված էին և բնորոշվում էին սեփական նպատակի ու շահի համար ցուցաբերած դաժանությամբ ու կատաղի պայքարով: Ս. Արզումանյանն այս առթիվ գրում է. «Խառնվածքով Պ. Զեյթունցյանի Արշակը դյուրաբորբոք է, արագ բռնկվող, զգայուն, կրակոտ, սկզբունքների ու դիրքերի մեջ աննահանջ: Պատմական-քաղաքական հանգամանքները, ժամանակը և Արշակի անհատականությունը հանդիպել են սուր մի կետում, և դա իր խոր կնիքը թողել է հերոսի բնավորության վրա»[30]:
Արշակ արքայի ողբերգականությունն ավելի է ընդգծվում սեփական ժողովրդի կողմից չսիրված և չընդունված լինելու գիտակցմամբ. «Չէ՛, իմ ժողովուրդը չսիրեց ինձ: Չսիրե՜ց, չսիրե՜ց: Եվ ո՞վ է ընդհանրապես սիրում արքաներին: Ուզում է լավ լինեն, թե վատ, միևնույն է, սեր չի հասնում նրանց» (296): Պատմավեպում բազմիցս ենք նկատում կերպարի` սեփական ողբերգությունից առավել մեծ ընդհանրացումների գնալու միտումը:
Արշակի` իբրև արքայի կերպավորումն ամբողջացնելու, հոգևոր և աշխարհիկ դասերի բնութագրերն առավել ընդգրկուն դարձնելու համար Պ. Զեյթունցյանն ինքնատիպորեն պատկերում է մարդու և դիրքի, պաշտոնի`աթոռի կապը. «Եթե ամեն բազմական լեզու առներ, ապա կպատմեր, թե որքան մարդկային կիրք է ծախսված իր համար, թե ինչպիսի քնքշությամբ են տիրոջ ձեռքերը հպվել իր արմունկներին, համենայն դեպս` միայն այս փայտի կտորը գիտի, և աշխարհում ոչ մի կին արարած դեռ չգիտի, թե որքան քնքուշ կարող են լինել տղամարդու ձեռքերը, …. իսկ երբեմն էլ, անգամ զրույցի ամենաթեժ պահին, բնազդաբար և զգուշությամբ քսվել նրան, կարծես ստուգելու նրանց գոյությունը, ամրությունը, հավատարմությունը, համոզվելու, որ, չէ՛, չի խախտվել մարդու և աթոռի կապը» (155): Աթոռի` մարդկային հոգեբանության վրա ունեցած ապականիչ ազդեցությունը լավագույնս պատկերվում է իշխան Վաչակի` գահին բազմելու տեսարանում: Անսահմանափակ իշխանության ընձեռած ազատությունը հաճախ աղետաբեր ուղղվածություն է ստանում` դառնալով բազմաթիվ անդառնալի սխալների պատճառ: Արշակն իր բոլոր արատները, մեղքերը փորձում էր արդարացնել «աթոռի ազդեցությամբ». «Ասե՛ք, ասե՛ք, ինչքան ուզե՛ք, ասե՛ք, մի՞թե ես առարկում եմ, որ փառասեր եմ, փառասեր եմ, ինչու՞ չէ, մինչև ուղն ու ծուծը փչացած, վայելքներից խենթացած, հարստությունից հղփացած… Ավելացնե՞մ էլի… Սակայն չէ՞ որ եթե Գնելը լինի թագավոր, նույն բանն է դառնալու» (221):
Գրողը չի իդեալականացնում Արշակի կերպարը, ավելին, հնարավորինս «մարդկայնացնում է» նրան` պատկերելով բազմակողմանիորեն` իր թուլություններով ու արժանիքներով` ամբողջովին չկոտրելով հերոսի պատմականությունը: Դասական գրականության «արշակապատումը» չի վախեցրել Պ. Զեյթունցյանին, նախորդ փորձի «բեռը» կրել է յուրովի[31]: Նա հաղթահարել է կերպարի դասական մեկնության սխեմատիզմը և միակողմանիությունը` ավանդականի հանդեպ ստեղծագործական մոտեցում ցուցաբերելով:
Պատմավեպում Արշակ Երկրորդի կերպավորման կարևոր կողմերից է արքայի «մարդկային կյանքի» դրամայի պատկերումը: Արշակն ամենից առաջ մարդ է` իր թուլություններով ու առավելություններով: Նրա մարդկային էությունը և արքայական դերն անընդհատ բախվում և չեն ներդաշնակվում, ինչի պատճառն իբրև արքա` անսահմանափակ ազատություն ունենալու և իբրև մարդ` անտանելիորեն սահմանափակված լինելու հակադրությունն է: Գահը զրկում է նրան որևէ «գեղեցիկ և փառավոր սխալ» գործելու հնարավորությունից, դատապարտում անհասցե ծառայության, ամենօրյա զոհաբերման: Արքայի կարոտն ու տենչը հասարակ մարդու առօրյային, որ ծնվում է վճռական որոշումներ կայացնելու մշտական լարվածությունից, դրսևորվում է մանկության ընկերոջ` Եփրեմ ազատի հետ հանդիպելու և ճատրակ խաղալու ցանկության միջոցով: Ամենադժվարին պահերին արքայի համար երանելի է դառնում քաղաքական պայքարը շախմատային քարերի հասարակ քայլերի վերածելու և մանկության անհոգությունը վերապրելու միտքը: Եվ Արշակավանում մանկության ընկերոջ հետ միակ հանդիպման ժամանակ ցուցաբերած հոգատարությունն առաջին հերթին ոչ արքայական անցյալի և հանգիստ կյանքի հանդեպ Արշակի անհուն կարոտն է մատնում:
Արքան դրամա է ապրում իբրև հայ մարդ: Հայրենասեր լինելով` Արշակը ցույց է տալիս մեր ազգային կյանքի արատները: Եթե Ս. Զորյանն իր պատմավեպով մեկնում է հայոց բերդի անավարտության պատճառը, ապա Պ. Զեյթունցյանն իր գործում լավագույնս ներկայացնում է մեր երրորդ ճանապարհի` ներքին միասնության ու ինքնուրույնության բացակայության պատճառը` պատճառի պատճառը` ազգային անհաջողությունների բուն նախահիմքը` այն տեսնելով մեր ազգային բնավորության արատների մեջ: Պ. Զեյթունցյանն իր վեպում չի ճոխացնում ու գունազարդում մեր պատմությունն ու այն կերտողներին, հակառակը` բազմիցս տարբեր կերպարների միջոցով բարձրաձայնում է բարոյական հաղթանակներով ազգին սնուցելու, ազգային սնափառություն սերմանելու վտանգավորությունը:
Վասակ սպարապետի մտորումներում բարձրացվում է մեր ազգային բնավորության մեծագույն ախտերի` չարակամության, նախանձի, դավադիր բամբասանքների, անհեռատեսության, սեփական դերն ու սահմանը չիմանալու մոլորության քննադատությունը, որ հրապարակախոսական զորեղ շեշտ է ստանում` սլաքն ուղղելով բոլոր ժամանակներին. «Ամե՛ն ինչ գիտեն: Գիտեն նույնիսկ, թե ում մտքին ինչ կա: Քո մասին գիտեն նաև այն, ինչ ինքդ դեռ չգիտես: Ամե՜ն ինչ գիտեն, ամե՛ն ինչ: Եվ իմանալը ամեն մեկն իր իրավունքն է համարում» (158): Սեփական սահմանը չգիտակցելով ու չճանաչելով` հայն իր երկրի սահմաններն էլ է կորցրել այնքան, որ բոլորը դարձել են իրար ծանոթ: Քննադատությամբ, տագնապով ու ցավով է արձանագրվում այն փաստը, որ հայ ազգը, բարոյական ախտերի պատճառով թուլացնելով երկրի հիմքերը, հեշտացնում է թշնամու գործը` նրան մղելով երկրի` առանց այն էլ խեղճուկրակ մարմնից մի պատառ էլ պոկելու ցանկության իրականացմանը. «Որպեսզի երկրում թեկուզ երկու հոգի էլ անծանոթ չմնան իրար: Որպեսզի երկրում չմնա և ոչ մի գաղտնիք: Եվ երկի՛ր չմնա, երկի՛ր: Այ քեզ Հայաստա՜ն» (159):
Հայերի կյանքում իշխում է միայն «ծերերի պաշտամունքը», իսկ ջահելությունը մեծ թերություն է: Ազգը միաբանության կարիքը զգում է միայն ծանր պահերին: Երբ Արշակը բարձրաձայնում է Արշակավանի կառուցմանն օժանդակելու պահանջը, որ նաև միասնականության կոչ էր, Վարձա Ապահունու կողմից հնչում է պատմական դառը ճշմարտությունն ամփոփող միտքը. «Պատերազմ հո չի՞, որ միանանք» (170): Արշակը ցավով է խոսում նաև հայ ազգի շարունակաբար «Պարույր Հայկազններ» կորցնելու` ունեցածը չգնահատելու և բաց թողնելու մասին, որ մինչ այսօր ցավալի խնդիր է մեր իրականության մեջ. «Մինչև ե՞րբ Պարույր Հայկազնները ասպարեզ չպիտի գտնեն իրենց հողի վրա և օտար երկրներ մեկնեն: Մտածե՞լ ես երբևիցե, թե ինչու ոչ ոք այս երկրում մեծություն չի դառնում: Քթներիս տակ ապրում են, իսկ մենք չենք էլ նկատում, բանի տեղ էլ չենք դնում: Բավական է օտար տեղ ընկնեն ու համբավի տեր դառնան, որ մենք հպարտանանք նրանցով, կուրծք ծեծենք, երդվենք նրանց անուններով: Մինչդեռ այդ մարդկանց պահել, պահե՜լ պիտի կարողանանք» (208):
Արքայի ողբերգությունն ավելի է մեծանում ազգայի կյանքի քայքայիչ երևույթների դեմ պայքարելու անզորությունից: Ցասումով բարձրաձանելով այդ երևույթների դեմ իր քննադատությունը` Արշակը հուշում է դրանք վերացնելու անհրաժեշտությունը: Նրա խոհերում սուր քննադատական երանգ են ստանում հայոց անմիաբանությունը, օտարամոլությունը, նյութապաշտությունը: Ինչպես նշում է Զ. Ավետիսյանը. «Հայոց արքան ծանրագույն ողբերգություն էր ապրում այն բանի համար, որ ի հեճուկս իր` երկիրը զորացնելու, միասնության բերելու ցանկության, այն փլուզվում է: Նյութը, պաշտոնը, ծանոթությունը, արյունակցական կապը ավելի վճռական էր, առավել քննություն բռնող, քան ազգի փրկությունը»[32]: Վեպում արքայի խոհերի միջոցով հեգնախառն քննադատությամբ այս մասին խոսում է գրողը. «Աստված միայն երկու սեր է ստեղծել հայ նախարարների համար: Նրանք սիրում են ոչ թե երկնի անհատակ կապույտը, գլգլան առվակի հևիհև վազքը, իրենց կողից ծնված կին արարածին, ընկերոջը, հայրենիքը, այլ` պարսիկին կամ բյուզանդացուն: Եթե նրանց նեղացնես ու վիրավորես, ոչ ոք տղամարդավարի չի հայհոյի քեզ, չի ապտակի, ձեռքը չի տանի սրի պատյանին, կանցնի պարսիկի կամ բյուզանդացու կողմը: Եթե կնոջ հետ կռիվ է արել կամ նրան կասկածում է դավաճանության մեջ, կանցնի պարսիկի կամ բյուզանդացու կողմը: Իսկ թագավորը պետք է հայացքը անընդհատ աջ ու ձախ թեքի, բռնի փախչողների փեշերից, խնդրի, աղերսի, բացատրի, հասկացնի, սպառնա, վախեցնի, հետո տեսնելով, որ բան դուրս չի գալիս, ինքն էլ, նեղացած, անցնի պարսիկի կամ բյուզանդացու կողմը» (223): Այս կործանիչ երևույթը մտատանջությունների առարկա էր դարձել նաև զորյանական Պապ թագավորի համար, որին գրականագիտության մեջ բազմաթիվ գծերով նմանեցնում են զեյթունցյանական Արշակին: Ս. Զորյանի «Պապ թագավոր» պատմավեպում արքան ժողովրդի տունն ավերող իրական թշնամի է համարում հայ նախարարին. «Մինչև հիմա այդպես է եղել. բավական է մեկը` մի նախարար, դժգոհի կամ գժտվի թագավորից, իսկույն ձիավազ գնում է Տիզբոն կամ Բյուզանդիոն, թե` եկեք մեր թագավորին խրատեցեք կամ փոխեցեք, նա վատ խորհուրդ է հղացել ձեր դեմ, նա ուզում է կանգնել այս կամ այն կողմը և վնասել ձեզ»[33]:
Արշակունյաց արքան անընդհատ գտնվում է եռակողմ պայքարի մեջ: Նա փորձում է հաղթահարել Գնել-Արշակ-Տիրիթ ներքաղաքական եռանկյունին, որի հեղինակները հայության պարսկասեր և բյուզանդասեր հոսանքներն էին: Հետաքրքիր էր այս եռակողմ հակադրությունը լուծելու ճանապարհին առաջացած նոր եռանկյունին` Գնել-Արշակ-Փառանձեմ, որի զարգացումը Պ. Զեյթունցյանը ներկայացնում է յուրովի:
Արշակի սերը Փառանձեմի նկատմամբ կերպարի ամբողջացման գործում կարևոր դեր է խաղում: Փառանձեմն իր բնավորությամբ և գործողություններով դառնում է Արշակի կերպավորման կարևոր բաղկացուցիչը: Զեյթունցյանական Փառանձեմը բավականին տարբեր է զորյանական Փառանձեմից, որի կամային հատկանիշները պատմավեպում աստիճանական զարգացում են ապրում: Զեյթունցյանի Փառանձեմը ի սկզբանե պատկերվում է իր զորեղ կամքով և հանդգնությամբ, որ ամենևին չէին ներդաշնակվում ամուսնու` Գնելի բնավորությանը: Վիպական գործողությունների ընթացքում հանդուգն ու սառնասիրտ կնոջ բնավորությունը պարզապես բացվում և արտացոլվում է տարբեր իրավիճակներում: Եթե զորյանական Փառանձեմը Գնելի մահը ողբում է` դատապարտելով իր աղետաբեր գեղեցկությունը, ապա զեյթունցյանական Փառանձեմը մեղադրում է իրեն, որ չօգնեց ամուսնուն. «Նրա ողբը ոչ թե սովորական լաց ու կոծ էր, այլ հաշվեհարդար աստծո հետ, հավասարների վեճ» (298): Փառանձեմն իր հանդուգն ու համարձակ էությամբ գերում է արքային:
Պ. Զեյթունցյանը, պատմական փաստերից շեղվելով, ողջ է թողնում Գնելին, որ, զգալով սպասվող դավադրությունը, փախուստի է դիմում Արշակից, ապաստանում Արշակավանում: Գրողը արքայի կողմից ամենատուժած, ամեն ինչ կորցրած կերպարի մեջ է մարմնավորում թագավորական իշխանության բարձրագույն գիտակցումը, գահին բազմած մարդու էության և նրա դերի տարբերության ըմբռնումը` ցույց տալով դրա մեծ ուժը. «Մի՛ խառնիր անարժան անձդ: Ես արքայի՛ մասին եմ մտածում: Իսկ արքան դու չես միայն: Ես եմ: Մեծ թե փոքր նախարարները: Ամենահետին շինականն անգամ: Մեր ապագան: Մեր գոյությունը: Ի՞նչ անենք, որ այդ ամենը մարմնավորված է քո պես չնչին ու անպետք մարդու մեջ» (341): Գնելն այդ գիտակցմամբ վեր է կանգնում անգամ Արշակից, որ հաճախ շփոթում էր իր արքայական և մարդկային կողմերը: Այդ մասին են վկայում նաև սենեկապետի խոսքերը. «Որպես մարդ` նա գոյություն չունի, արքա՛: Դու քո ներկայությունն ես սիրում նրա մեջ: Քո մտքերն ու երազները: Քո լավագույն կեսը: Թուլություններից ազատված քո երկրորդ անձը» (406): Գնելը դառնում է Արշակի ներքին ձայնը, ճշմարտախոսն ու խորհրդատուն, միավորված հայրենիքի գաղափարի ոգեկոչողը, Արշակավանի շունչն ու ոգին: Նմանատիպ դեր ունի գրողի «Աստծո տասներկու օրը» պատմական դրամայում գործող կերպարներից մեկը` թագավորական ծաղրածուն, որ աչքի է ընկնում իր անկաշկանդությամբ, ճշմարտախոսությամբ ու համարձակությամբ:
Գնելի համար կարևորը հայրենիքի հզորությունն ու ապահովությունն էր, ինչի համար անհրաժեշտ էր հետևել և օգնել արքային` անկախ նրանից, թե ով է նա: Նրա համար արքան մարդ չէր, այլ գաղափար, արքայական իշխանության մարմնավորում: Իհարկե, գեղարվեստական առումով, Գնելի կերպարը առավել արհեստական է թվում, խոսքերը` շատ պաթետիկ, սակայն գրողը նրա միջոցով կարողանում է կենսականորեն կարևոր գաղափարներ առաջ քաշել: Նրա կերպարը ստեղծված է ի լրումն Արշակի կերպարի: Գնելը դառնում է Արշակի հոգեբանական հակադիր դրսևորումների մարմնավորումը:
Պատմավեպի առաջին մասում Արշակ արքան առավել շատ դրսևորվում է ներքին հոգեկան ու ներքաղաքական պայքարում, իսկ երկրորդ մասում լայնորեն պատկերվում է նաև արտաքին քաղաքական եռանկյունին` Պարսկաստան-Հայաստան-Բյուզանդիա, որի հաղթահարումն ավելի բարդ էր, քանի որ այն հետաքրքիր գեղարվեստական մտահղացմամբ տեղափոխվում է նաև Արշակի անձնական կյանք: Ծավալվող պարսկա-բյուզանդական պատերազմի, հայոց արքայի կողմից Արշակավանի կառուցուման տագնապահարույց փաստի պատճառով հայոց երկրի ռազմական դաշնակցությունն ապահովագրելը դառնում է անհրաժեշտություն, այդ իսկ պատճառով երկու գերտերությունների պատվիրակությունները Արշակի համար հարսնացուներ են բերում Կոստանդիանոս կայսեր մեռած եղբայր Կոստասի նշանածին` Օլիմպիային և Շապուհի քույր Որմիզդուխտին: Պատմական փաստերից շեղվելով` գրողը արքայի անձնական կյանքի եռընտրանքը ձևավորելու համար Որմիզդուխտին ևս դարձնում է Արշակի կինը: Արշակի ողբերգականությունն ավելի է մեծանում: Երեք կանայք` Փառանձեմ, Օլիմպիա, Որմիզդուխտ, երեք երկրներ էին մարմնավորում. այս փաստը պարտադրում էր արքային դիվանագետ դառնալ, պայքարել նաև անձնական կյանքում:
Որմիզդուխտին և Օլիմպիային կնության առնելով` հայոց արքան դնում է արտաքին պայքարն արտահայտող անձնական եռակողմ պայքարի սկիզբը: Նրանցից մեկի` թագուհի դառնալը կենթադրեր արքայի ընտրությունը արտաքին ռազմական պայքարում: Փառանձեմը, ի տարբերություն ամուսնու, կարողանում է հաղթանակած դուրս գալ իր եռակողմ պայքարից: Հաշվենկատ, համառ ու սառնասիրտ կինը հաճախ ամուսնուց ավելի խելամիտ ու ճարպիկ է գտնվում: Փառանձեմը սիրում էր իր իշխանական դիրքը, զգում հայրենիքի թշվառ վիճակը, սակայն պայքարի մղող գլխավոր ազդակներից մեկը մայրական եսասիրությունն էր` որդու ժառանգական իրավունքները ամեն գնով պաշտպանելու բնազդը: Փառանձեմը թունավորում է Օլիմպիային, իսկ պարսկուհին կամովին զիջում է իր դիրքերը` հեռանալով պալատից:
Արշակը նաև սերնդային հաջորդականության մի օղակն էր, ողբերգություն էր ապրում և՛ իբրև հայր, և՛ իբրև որդի: Արքայահայր Տիրանը` իբրև գործող կերպար, պատմավեպում հանդես չի գալիս, սակայն Արշակի խոհերում ուրվագծվում է որպես գահակիր որդուն խանդող հայր, որ իր ատելության ու սիրո մեջ միայն շահով է առաջնորդվում: Արշակը, խուսափելով ներքաղաքական կյանքում հոր հնարավոր վատ ազդեցությունից, Գնելի միջոցով երկրի փաստական տերը լինելու ցանկությունից, սպանում է նրան:
Արշակունյաց արքան դժբախտ էր նաև իբրև հայր, որ ակամա կտակում էր իր որդուն մութ ու դժվարին ապագա: Անգամ արքայի` որդու հետ ունեցած հարաբերությունները, նրա մասին խոհերը գրողը ծառայեցնում է կյանքի չգրված օրենքների, վաղուց հաստատված ճշմարտությունների արձանագրմանը: Արշակն իր կեսափորձն ու աշխարհընկալումը հայրական ջերմ սիրով փոխանցում է զավակին` առանց թաքցնելու դրա մութ ու գարշելի կողմերը. «Որովհետև, սու՛տ է, աշխարհում չկան առաքինություն և ստորություն, քաջություն ու վախկոտություն, թույլատրելին ու անթույլատրելին, լավն ու վատը, սևն ու սպիտակը, չէ՛, չկան, աշխարհն իր հիմքում երկու պարզ ու թափանցիկ մասերի է բաժանված` ուտողների և ուտվողների: Հայրդ ամենադժբախտն է, որդի՛ս, ավելի դժբախտ, քան քո տեսած շինականներից որևէ մեկը, որի ճակատին արդեն վաղուց է գրված, թե ուտվողների խմբին է պատկանում: Եվ գիտես` ինչո՞ւ: Որովհետև հայրդ և՛ ուտող է, և՛ ուտվող է միաժամանակ: Պատկերացնու՞մ ես ավելի ստոր և ողբերգական վիճակ: Իսկ դու պիտի ուտող լինես, սու՜ր ատամներով, երկա՜ր մագիլներով» (371): Հայրը որդուն ծանոթացնում է գահակալի համար անխուսափելի իրականությանը` դավադրություն, քծնանք, մենակություն, դաժանություն:
Արշակն իր ամեն մի կորստով ավելի է խորացնում իր մենության սահմանները: Հեռանում են Ներսեսը, Դրաստամատը, նախարարական և հոգոր դասերի շատ ներկայացուցիչներ, իսկ իր կողքին մնացածների մեջ արքան սկսում է տեսնել քողարկված դավաճանների, դառնում շփոթ ու անօգնական, տենդագին կասկածամիտ: Արշակավանը կուռ ամբողջություն այդպես էլ չի դառնում, և հայկական ու պարսկական ուժերի դեմ համատարած սովի, ծարավի ու քաոսի պայմանններում համախմբված պայքար չի ծնվում: Արքան ականատես է լինում իր մեծագույն երազանքի կործանմանը, որ դառնում է ինքնաքննադատական խոհերի աղբյուրը: Ս. Զորյանի պատմավեպում արշակավանցի այրի կնոջ մեղադրանքի նմանությամբ այստեղ հնչում է արշակավանցի ծերունու խոսքը. «Ինչի՞ մեզ գժտեցրիր մեր տերերի հետ… Հիմա մենք ի՞նչ երեսով պիտի նայենք նրանց աչքերին…» (553): Այստեղ ողբերգականն ավելի մեծ չափերի է հասնում. արշակավանցիները ցանկանում են Արշակին հանձնել իրենց տերերին` նրանց ներողությանն արժանանալու համար: Սա դառնում է արքայի ողբերգության և ողբերգականության զորեղ արտահայտությունը` ծնկի բերելով և փախուստի մատնելով նրան:
Շապուհի հրովարտակի ազդեցությամբ արքան մոլեգնում է: Երկիրը կա՛մ հրաշքով կփրկվեր, կա՛մ կկործանվեր: Կորչում է երրորդ ճանապարհի երազը: Զեյթունցյանական Արշակը գիտակցաբար է ընդառաջ գնում պարսից դավին: Արշակավանն ավերած նախարարներից վրեժն արդեն անձնական դավ էր, որ չուներ ոչ մի արդարացում. «Նա կռիվ էր տալիս ոչ թե երկրի, այլ ի՛ր թշնամիների դեմ: Իսկ երբ թշնամին դառնում է միայն քոնը, ուրեմն դու այլևս անելիք չունես: Իրերդ պիտի հավաքես, հրաժեշտ տաս ամենքին, ինչպես նաև` ինքդ քեզ և սուսուփուս ճամփա ընկնես» (574):
Արշակավանի կործանման ժամանակ Գնելի առաջարկը Արշակին` փառավոր վախճանը, արքան փոխարինում է ճիշտ պահին հեռանալու որոշմամբ: Ի տարբերություն զորյանական Արշակի, որ, խճճվելով իր իսկ ստեղծածում, հավատում է Շապուհի դավին և գնում ընդառաջ հրավերին` Մերուժանից վրեժ լուծելու, ապա զեյթունցյանական Արշակը, որ ամեն ինչ քաջ գիտակցում էր, հեռանում է ճիշտ պահին` իր արքայական դերն ավարտված համարելով:
Բուզանդի միջոցով մեզ ավանդված լավագույն դրվագներից մեկը` Շապուհի, Արշակի և Վասակի շուրջ ստեղծված, գրողը ներկայացնում է Անհուշ բերդում բանտարկված արքայի մենախոսության միջոցով: Արշակը պատմավեպի ողջ ընթացքում ներկայացվում է մենակության մեջ, պարզապես արքայական մենությանը աստիճանաբար փոխարինում է մարդու մենությունը: Լ. Գալստյանն ընդգծում է զեյթունցյանական Արշակի մենության յուրահատուկ բնույթը. ««Արքայի մենության» մոտիվը պատմավիպասանության մեջ իհարկե նոր չէ. և՛ «Գևորգ Մարզպետունի» և՛ «Պապ թագավոր» պատմավեպերում թագավորները մենակ են, մենակ է Աշոտ Երկաթը, մենակ է Պապը, բայց Զեյթունցյանը արքայի կերպարում փորձում է ցույց տալ «մարդու մենությունը»: Արշակը ոչ թե մենակ է, այլ մենության դատապարտված անհատ»[34]:
Շղթայված արքայի խոհերը հավերժություն են հյուսում հայի համար. «Ոսոխը քանդում է, իսկ հայը կառուցում է նորից, սակայն ոչ ես եմ այդ տեսնում, ոչ էլ դու» (593): Մուշեղի ազնիվ քայլերը հիշատակելով` Արշակը շեշտում է մեր մեծագույն սխաներից մեկը` անազնվության դեմ ազնվությամբ կռվելը: Ազգային կյանքի թերությունների շարքը համալրվում է թշնամու հանդեպ ատելության անկարողության, մարդկայնության գերառատության և բարոյական հաղթանակների աստվածացման քննադատությամբ:
Արշակի կերպարի ողբերգականությունն ամբողջանում է Դրաստամատի խոսքերով. «Բայց դու միայն գլխով առաջ անցար ժամանակից: Իսկ հոգով ու մարմնով կապված էիր քո ժամանակին: Որպես բիրտ և դաժան մի բռնապետ: Այս հակասությունն էր քո ողբերգությունը, արքա՛» (605): Ժամանակի և գաղափարի աններդաշնակությունը անխուսափելի են դարձնում մարդկային ողբերգությունը:
«Գոնե կուշտ ուտեիր, արքա,- արցունքն աչքերին ափսոսանքով շշնջաց Դրաստամատը: — Տես ի՜նչ փառավոր սեղան է… Որքան գինի կա սափորների մեջ…» (606): Պատմավեպն ամփոփող միտքը, որ հնչեցնում է Դրաստամատը Արշակի ինքնասպանությունից հետո, Լ. Գալստյանը մեկնաբանում է էկզիստենցիալիզմի սկզբունքների դիրքերից. «Ահա և անհեթեթությունը: Մի՞թե մահից առաջ բացված փառավոր սեղանը չի իմաստազրկում մարդու ապրելու, գործելու համար արված բոլոր ջանքերը: Սա է էկզիստենցիալիզմի հուսահատ եզրակացությունը: Ամեն ինչ հանգում է մահվան և իմաստազրկում Արշակի` պատմություն կերտելու փորձերը. պատմությունը դուրս է գալիս նրա հսկողությունից, նա էկզիստենցիալ վեպերի հերոսների պես դիտում է, թե ինչպես է խզվում իր և իրադարձությունների կապը, որպես պատմական անհատ, չի կարողանում պատմության ընթացքը ենթարկել իրեն. սրանով է նաև էկզիստենցիալ պատմավեպը տարբերվում դասական պատմավեպից»[35]: Գրականագետը, «Արշակ Երկրորդը» քննելով էկզիստենցիալ` գոյապաշտական պատմավեպին բնորոշ առանձնահատկությունների դիտակետից, գործում հանդիպող բազմաթիվ երևույթներ` Արշակավանում տրված բացարձակ ազատությունն ու քաղաքի կործանումը, Արշակի` իշխան Վաչակին գահին նստեցնելու և այլ հատվածներ, մեկնում է վերոնշյալ գրական ուղղության սկզբունքներով:
Զեյթունցյանական Արշակն իր ողբերգականությամբ, շիկացած դրամատիզմով, պատմական անհատի նոր կերպավորմամբ դարձավ գաղափարական, բարոյական և կենսափիլիսոփայական արժեհամակարգային սկզբունքների խտացում: Զեյթունցյանական Արշակը անհանգիստ է կամային, փորձության պահերին` տագնապած ու շտապող, մենության պահերին` չհասկացված, ինքն իրենից ու աշխարհից օտարված ու խռով: Արշակն ինքն իրենով արտացոլում է իր իսկ «շառավղից դուրս սայթաքած ժամանակը», որի մեջ փորձում է ստեղծել սեփական երկրի ու ժողովրդի պատմությունը[36]: Ճիշտ է` Զեյթունցյանի կերտած Արշակի կերպարը ևս զերծ չէ թերացումներից` երբեմն չհիմնավորված դաժանությունից, շատ ձգձգված մենախոսություններից, նույն խոհերի տարաբնույթ կրկնություններից, սակայն գրողի կողմից դառնում է յուրահատուկ միջոց` պատմականի և արդիականի մշտական ներդաշնակման միտումով, ներքին տառապանքներով վեր հանելու բոլոր ժամանակների համար բյուրեղացված ճշմարտություններ: Այսքանով Արշակ Երկրորդի զեյթունցյանական կերպարն արդեն իսկ դառնում է պատմական անձի կերպավորման նշանակալից նորություն:
Երկիր կառուցող թագավորը (Խեչոյանական Արշակի առանձնահատկությունները)
Նորագույն շրջանի հայ պատմավիպասանության մեջ Արշակ Երկրորդին ու նրա գահակալման շրջանին գեղարվեստական նոր շունչ տվեց Լևոն Խեչոյանը` իր «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպով: Արցախյան շարժման օրերին գրողը զգում էր նոր առասպելի ստեղծման պահանջը: Խորհրդային կայսրության փլուզման անխուսափելությունը առաջադրում էր երկրի վաղվա օրվա հարցը: Պատերազմական օրերին գրված ստեղծագործությունը կամրջեց անցյալն ու ապագան` կոտրելով պատմության ընկալման կարծրատիպերը: Գրողը ստեղծեց պատմական և ժամանակակից վեպերի յուրօրինակ համադրություն, որ ոչ թե սահմանափակվում էր պատմական անցքերի արձանագրմամբ, այլ բնորոշվում դրանց միֆականացմամբ:
Լ. Խեչոյանը մեր պատմության վերաբերյալ ունի ուշագրավ դիտարկում. «Մեր պատմական անցյալը փակ համակարգ է, ծաղր է, ի՞նչ է, ինչպես մի ճահիճ, որ ամեն դարի հետ հայրենիքիդ, քաղաքիդ, դռանդ շեմի տակ է բացվում, ո՛չ կուլ է տալիս, ո՛չ ազատ է արձակում: Վեճը, ինչպես կար 1-5-րդ, 9-10-րդ դարերում, հարյուրամյակներ կա, մինչև այսօր գալիս է, նրա հետ գալիս է պատմավեպ գրելը: Իմ կարծիքով` լրիվ արդարացի, գուցե մյուս ժողովուրդների պատմական անցյալի մեջ վեճ չկա, իրենց պատմությունն ավարտել, ամբողջացրել են, մերը չի ավարտվել, մերը շարունակվում է…»[37]: Պատմական անցյալի նկատմամբ այսպիսի կարծիքն արդեն իսկ հասկանալի է դարձնում պատմավեպ ստեղծելիս գրողի մոտեցումն ու սկզբունքները:
«Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպը և՛ գեղարվեստական, և՛ գաղափարական առումներով տարբերվում է նախորդ շրջանի պատմավեպերից: Գրողն ավելի շատ հենվում է պատմավեպի ներքին տարողության վրա, որ հագեցված է փիլիսոփայական և հոգեբանական մեծ խտացումներով: Պատմական անձինք կերպավորվում են հեղինակային նոր ըմբռնումների լույսի ներքո: Այս ամենն ապահովում է Արշակ արքայի խեչոյանական կերպարի ստեղծումը յուրատեսակ միջոցներով ու գաղափարներով: «Ողբերգական ժամանակի զգացողությունը հեղինակին մղում է հայրենիքի ու հայրենական իշխանությունը կրողի նույնականացմանը,- գրում է Կ. Գաբրիելյանը,- ուստի նա վեպում Արշակին ներկայացնում է իբրև ազգային ժառանգության իշխանության ժառանգական կրողի»[38]:
«Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վերնագրով Լ. Խեչոյանն ընգծում է արքայի և ներքինու առանցքային դերն ու նշանակությունը վեպում: Նրանց կերպարները հնի և նորի ներհյուսման գեղարվեստական արտահայտությունն են. Արշակը բազմիցս էր դարձել հայ պատմավեպի գլխավոր հերոս, սակայն ներքինին առաջին անգամ է նման դերում։ Փավստոս Բուզանդի պատմության մեջ մի քանի նախադասությամբ ավանդված Դրաստամատն ընդգծվում է, բերվում առաջին պլան և վիպական հյուսվածքի մեջ կանխորոշում թե՛ Արշակի, թե՛ մյուս կերպարների մեկնաբանությունը։ Նա մարմնավորում է արքայական իշխանության նկատմամբ անմնացորդ հավատարմությունը և այն ամեն գնով պաշտպանող ուժը:
Դրաստամատի հավատարմությունը, դառնալով Արշակի մենության ու մերժվածության հակակշիռը, չի կարողանում կասեցնել արքայի կործանումը, քանի որ վերջինս միայնակ էր իր համոզմունքներում ու ծրագրերում, օտարված էր իր իսկ թագավորությունից: Արշակի կործանման անխուսափելիությունը լավագույնս ընդգծված է Առակաց գրքից քաղված բնաբանում, որ շեշտում է, թե գեղեցիկ, անպարտելի ընթացք ունի «Թագաւորը, որի զօրքը իր հետն է»[39]։ Արշակի կերպարի մեկնաբանությունը վեպում տրված է հենց այս չափանիշով։ Լ. Խեչոյանը չի իդեալականացնում նրան: Ավելին՝ Արշակունյաց արքայի կերպարը շատ դեպքերում ավելի քան բացասականացված է։ Ս. Գրիգորյանն այս նկատառումով նշում է. «Ընդ որում՝ թագավորի մեջ հակաթագավորին շեշտելու մտայնությունը դիպաշարային մասով գալիս է Խորենացուց ու Բուզանդից, իսկ պատմափիլիսոփայական մասով՝ պատմության դիպաշարի կրկնելիությունից և այսօրվա անդրադարձներից»[40]։
Վեպի սկզբնամասում պատկերելով Դրաստամատի ներքինիացման հեթանոսական արարողությունը` Խեչոյանն ընդգծում է վերջինիս կյանքի միակողմանիացումը, որ արտահայտվում էր բացառապես հայոց արքային անմնացորդ ծառայելու առաքելությամբ: Ճիշտ այդպես էլ Արշակի կյանքն է միակողմանի դառնում թագակիր դառնալուց հետո` դատապարտվելով ծառայելու միայն թագավորության կայացմանն ու հզորացմանը: Թե՛ Արշակ արքան, թե՛ Դրաստամատ ներքինին անմնացորդ նվիրվում են ակամա ստանձնած միակ առաքելությանը, իսկ երբ գալիս է դրա իրագործման անհնարինության գիտակցումը, միակ հանգուցալուծումը դառնում է մահը:
Լ. Խեչոյանը Արշակ արքային կերպավորում է առավելապես ենթատեքստային գաղափարական խտացումների, կարճ ու դիպուկ երկխոսությունների, ասածի և արածի համադրման և հակադրման, պատմագրությունից առած հղումների, Դրաստամատի բնափիլիսոփայական մեկնությունների միջոցով: Տրվում են հերոսի ճակատագրի մեկնության ոչ միայն հասարակագիտական և քաղաքական, այլ նաև` տիեզերական օրինաչափությունները։
Հերոսին անընդհատ դնելով սահմանային` ծայրահեղ իրավիճակներում, գրողը բացում է նրա ներաշխարհը` իր ողջ ողբերգականությամբ ու դրամատիզմով: Ինչպես նկատում է գրականագետ Զ. Ավետիսյանը. «Կերպարի անհատականացման գաղտնիքը հեղինակի կարողությունն է` վիպական դեպքերի զարգացման ընդհանուր շղթայի մեջ, կոնկետ իրավիճակներից ելնելով, պատճառաբանել անձի հոգեբանական կողմնորոշումները»[41]: Լ. Խեչոյանը կարողացել է հասնել Արշակի կերպարի ամբողջացմանն ու անհատականացմանը`կոնկրետ իրավիճակներում ի հայտ բերելով իր հերոսի դիրքորոշումները:
Վեպում Տիրանն ինքն է առաջարկում Շապուհին, որ հայոց գահն անցնի իր որդուն: Արշակն իրեն հատուկ համառությամբ ու հանդգնությամբ կարողանում է Շապուհից ազատել հայոց արքունական տունն իր կանանոցով ու գանձերով և քառասուն օրվա դժվարին ճանապարհ անցնելով, տափաստաններ ու անապատներ կտրելով` երիտասարդ արքան հասնում է մայրաքաղաք Դվին: Արշակի գահակալման առաջին պահից ծագած բարդությունների պատկերումը ինքնանպատակ չէ: Իր առաքելության մեջ գերմարդկային ջանքեր ներդրած արքան ի սկզբանե ուրվագծվում է անկոտրում համառությամբ ու զորեղ կամքով: Արքայական ուղու` խոչընդոտներով լի սկիզբը հուշում է նաև համանման ընթացքի մասին:
Լ. Խեչոյանի վեպին ինքնատիպ երանգ հաղորդող տարրերից են աստվածաշնչյան մեջբերումները, հիշատակումները: Ըստ երևույթին, գրողը հայրենիք ուղևորվող Արշակի քառասուն օրվա դժվարությունները ներկայացրել է Քրիստոսի` քառասուն օրվա փորձությունների նմանողությամբ. «Նա քառասուն օր մնաց անապատում և Սատանայի կողմից փորձության ենթարկվեց: Այնտեղ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան»[42] (Մր. 1:13)[43]: Արշակի ճանապարհին հանդիպած դժվարությունները հարուցում էին «զինված, կարճահասակ վայրենի մարդիկ», «ագևոր, աղեղնաոտ, տափակաքիթ ու լայներես» ինչ-որ ցեղ, բազմաթիվ լեռնական ցեղեր: Դրանք հենց փորձություններ ծնող սատանայակերպ արարածներն էին: Արշակը, ի սկզբանե անցնելով նման դժվարություններով, Քրիստոսի պես հաստատակամ է մնում իր համոզմունքներում և ետ չի դառնում ընտրված ճանապարհից. «Երկրում ցրվածներին, երկրից փախածներին, երկրից խռովածներին, երկրի հավատարիմներին, երկրի վստահելիներին հավաքեց ու նրանց վրա թագավորեց» (133):
Արշակ արքայի քաղաքականությանը բնորոշ սկզբունքներից մեկը` ներքին ու արտաքին իշխանական ուժերի հավասարակշռումը, Լ. Խեչոյանը հասցնում է անտանելի չափերի: Հոգևոր քրիստոնյա դասի ազդեցիկության դեմ պայքարելով` Արշակը գաղտնի հովանավորում է դեռևս գործող քրմական դասին: Հոգևոր քրիստոնյա դասի մեջ ջանում էր հավասարակշռված պահել Լուսավորչի և Աղբիանոսի տոհմերի կողմնակիցներին: Նույն քաղաքականությունն առաջ էր մղվում նաև նախարարական դասի համար` հավասարակշռելու բյուզանդամետ և պարսկամետ ուժերը: Արտաքին քաղաքակության մեջ նման գործունեության խորհուրդը Արշակը առել էր արքայահայր Տիրանից. «Պտտվի՛ր, պտտվի՛ր երկու հարևաններիդ մեջ, կարողացի՛ր, թող բզկտեն իրար: Կարողացի՛ր, թող նրանց օգուտներն ու վնասները ծանրանան մեկը մյուսի վրա, և քո իշխաններն ու նախարարները դավանելու բան չեն ունենա» (140):
Խեչոյանական Արշակը արքայի նախորդ կերպավորումների համեմատ առավել քչախոս է: Լ. Խեչոյանը Պ. Զեյթունցյանի պես ընթերցողին չի շռայլում արքայի բարոյախոսական մտորումներն ու ապրումները, իսկ մենախոսություններ գրեթե չկան:
Արքայի խեչոյանական կերպավորումն ամբողջականությամբ ընկալելու հարցում պակաս դեր չունեն թվացյալ մանրուքները, հերոսի` առաջին հայացքից աննշան ու անհասկանալի թվացող խոսքերը և գործողությունները: Աշտիշատի ժողովի մանրամասնություններին տեղեկանալով և հոգևորականության` ի դեմս Ներսեսի`հզոր աստվածապետական երկիր ստեղծելու միտումը հասկանալով` արքան միայն ասում է. «Անձրև է գալու» (99): Հասկանալի է, որ խոսքը մեծ աղետի` ներքաղաքական պառակտման և դիրքային պայքարի մասին է: Չունակի կողմից Ներսեսի և նախարարների նկրտումների մասին իմանալով` Արշակը լռում է: Նրա ներքին տագնապներն ու ալեխռով ապրումները բացահայտվում են հասարակ նկարագրություների միջոցով. «Թագավորի համար տհաճ էր պատին ամրացված մեդեայի ձեթով վառվող ջահերի արձակած հոտը: Նվիրակ պաշտոնյային հրամայեց, ստրուկները սյուներին նոր ջահեր ամրացրին» (112): Արքայի տագնապների կողքին կա հստակ ընդգծված վճռականություն` սեփական նպատակի համար գնալ ցանկացած քայլի: Կամ` Արշակը, ի հեճուկս Ներսեսի կաթողիկոսությունը չընդունողների և իրեն ճիշտ չհամարողների, հրամայում է բաց թողնել վանդակում փակված վագրին և սպանել: Իր կյանքն իմաստավորող միակ առաքելության անշեղ իրագործման համար նա պատրաստ էր թույլատրելի և անթույլատրելի ցանկացած քայլի: Մեկնիչ գործառույթ ունեն նաև իր ձեռնարկումներում մենակ մնացած արքայի մտորումները. «Հողագունդը կարող է լինել երկինք» (151): Երկինքը անհասանելիի և առեղծվածայինի մարմնավորումն է. Արշակը հասկանում է, որ հողագունդը` կյանքը, իրականությունը անհասկանալի է իրեն, անզոր է դրա դեմ: Պարզունակ թվացող նման պատկերները արժանի չեն անտեսման. դրանք հերոսի ներքին ապրումների թարգմաններն են:
Արշակը թագավորեց մի պետության, որ դեռևս կայացման ու կառուցման կենսական պահանջ ուներ: Երբ Ներսեսին կաթողիկոս դառնալու հրաման է տրվում, իսկ վերջինս փորձում է հրաժարվել, արքան հիմնավորում է իր պահանջը` ձևակերպելով իր ողջ գործունեության համար բնութագրական միտքը. «Արիացի՛ր, մենք երկիր ունենք կառուցելու» (101):
Արշակ արքան պայքարում էր ոչ միայն ամուր դիրքերի, այլև հեղինակության համար, որ անընդհատ փորձում էին վարկաբեկել: Ժողովրդի կողմից գրեթե աստվածացվող Ներսեսի համեմատ իր ջանքերն ու զոհաբերությունները գնահատող չկար: Նրա` ամուր պետականություն ստեղծելու հսկայական ջանքերը մշտապես արժանանում էին քաղաքական հակառակորդների քննադատությանը. «Թվարկեցին մի քանի երկրների թագավորիների անուններ, որտեղ իրենք եղել էին, ասացին. «Այ, նրանք թագավոր են, սա` չէ»: Շատերն ասացին. «Թագավորը երբ է ինքնակամ հեռացել գահից, միշտ գահի վրա է կործանվել` իր հետ կործանելով երկիրը, նրա դեմ խռովություն են բարձրացնում կամ զենքով քշում են նրան: Չէ, նա ինքնակամ չի հեռանա»» (297): Չունակի խոսքերը ձևակերպում են հզոր ու ապահով թագավորություն ունենալու երաշխիքը, որ միաբանվելու և մշտապես պայքարելու պատրաստակամության մեջ է. «Իր այսօրը կորցնող ժողովուրդը իր ապագան պահանջելու իրավունք չունի, մի՛ լքեք ժամանակը, մի՛ լքեք ակնթարթը, որ պատմություն պիտի դառնա» (298):
Արշակի` «մենք երկիր ունենք կառուցելու» ուղենիշը, ստիպում էր գնալ ցանկացած քայլի` հաճախ դեմ գնալով սեփական անձին: Արքան դաժան ծեծի է ենթարկում հորը` իմանալով նրա` գահակռվին ակտիվ մասնակցություն ունենալու մասին: Ինքն իրեն դեմ գնալու պարտադրանքը, դրա բերած ցավն ու ողբերգականությունը Լ. Խեչոյանը ամփոփում է մի քանի բառով. «Նրա մատների ծալվող խաղերի վրա Արշակը հարվածներից նոր լավացող վերքերի կապտուկներն է տեսել ու ատամնաթափ բերանի ժպիտը, կծկվել է Արշակ թագավորը` մեջքը կլորացել, սապատվել է» (143): Սա արդեն իսկ ներքին ահավոր տառապանքի արտաքին դրսևորման ձևն է: Արքայի մեջքի կզության` խեղճացման ու տառապանքի նշան լինելու մասին խոսում է դայակը` նրան ներկայացնելով Օլիմպիային. «Նրա մեջքը կուզ չէ, ուշադիր եղիր ու կտեսնես, որ միայնականության պահին է, երբ միայնակ է մնում, այդ ժամանակ է ինքն իր մեջ խորասուզվում, ինքն իրեն կուլ գնում, ու մեջքը կլորանում է մյուս մարդուն էլ տեղ տալու համար» (198-199): Ինչպես տեսնում ենք, խեչոյանական Արշակի տառապանքը քողարկված է ենթատեքստային հուշումներում ու անուղղակիորեն տրված նկարագրություներում:
Վեպում լավագույնս ներկայացվում են Արշակի մեծ ջանքերը ամուր պետականության կայացման գործում, նրա քաղաքականությունը բարդագույն պայմաններում, հարաբերությունները օտարի և յուրայինների հետ, մղած գաղափարական, քաղաքական ու ռազմական կռիվները։ Սակայն այդ ամենի հետ միասին արքայի գործերում և հոգեբանության մեջ կան չարագուշակ նշաններ, որոնք, միանալով արտաքին պայմաններին, հակադիր հոսանքներին, բնության կամքին` արտահայտված «Էֆիմերտեից» առանձին հատվածների կիրառությամբ, ի վերջո գոյացնում են անդառնալի աղետը։
Վեպում Արշակ արքան դավանում է հաճախ սխալների հանգեցնող պատեհապաշտ քաղաքականություն. «Ես ի՞նչ պիտի անեմ, ես ստիպված անում եմ այն, ինչ դիպվածն է թելադրում» (142): Արքան հեշտությամբ ընդունում էր իր սխալները: Նա միանգամից հասկանում է, որ Կոստանդիոսը իրեն խաբել է, մոլորեցրել և իր իսկ խնդրանքով գերեվարված Ներսեսի փոխարեն ուղարկել նոր խնդիրներ ստեղծող Գնելին ու Տիրիթին. «Ես չգիտեմ` երկրի թագավոր լինողը իրավունք ունի՞ երեխայի պես խաբվելու» (124): Սակայն հին սխալների ընդունմանը հաջորդում էին նորերը:
Արշակ արքան գիտեր դրված նպատակին հասնելու միջոցները. «Ճանապարհը զենքն է ու ոսկին, ելքը` միաբանությունը» (140): Հայոց մեջ արդեն կար միջդասակարգային և ներդասակարգային անհանդուրժողականություն ու անմիաբանություն` հունամետություն ու պարսկամետություն: Գնելի և Տիրիթի ազատ արձակումը, ապա` Արշակավանի կառուցումը պարզապես ներքին երկպառակտման ծավալման հարցում առիթի դեր ունեին: Արքան զգում էր, որ ամուր պետության կայացման համար արվող բոլոր քայլերը անմիաբանության ու օտարամետ հակումների պայմաններում դատապարտված են տապալման. «Բոլորին պիտի հորդորենք, որ ժողովուրդ-պետություն դառնալու համար հույսներս չպիտի դնենք դավանակից կամ որևէ ուժի վրա, մենք պետք է կարողանանք մեր պատերազմը ինքներս մղել» (167):
Նախարարական և հոգևոր դասերը շարունակաբար պառակտվում են` սխալներ փնտրելով միմյանց գործողություններում և երբեք չընդունելով սեփականները: Գուգարաց Մեհենդակ իշխանն արդարացնում է արքայի քայլերը` մեղադրելու համար հոգևոր դասի շահասիրությանը. «Արշակը սիրում է գինարբուքները, հարճերը, պճնազարդությունն ու ցոփությունը: Սիրում է նստել ոսկեկար, ժանյակներով կարված բարձերին և դիտել ու զվարճանալ ծաղրածուներով ու իր հետ անկողին մտնող հարճերով, բայց նա ոսկին երկիրը պահելու, երկրի չորս ծագերի վրա սահմանապահ ամրություններ կառուցելու համար էր ուզում» (307): Իսկ Ներսես կաթողիկոսն ընդունում է հայոց արքայի հետ, անկախ նրա մարդկային թերություններից, հաշտ լինելու կարևորությունը` դատապարտելով նախարարների օտարամոլությունը. «Արշակը չար է, ճիշտ է, առաջին ասողը ես եմ եղել, երբ բոլորդ լռում էիք, խոսողը ես էի, սակայն ինչքան էլ չար լինի, աստվածապաշտ է, որքան էլ մեղավոր լինի, Աստծո առաջ օծված ձեր թագավորն է» (300): Սակայն ներքին թուլացումը շարունակվում և ավելի է խորանում Արշակի գերությունից հետո` դառնալով Արտագերսի անկման պատճառը:
Արշակ արքային կերպավորած մյուս պատմավեպերից Լ. Խեչոյանի վեպը տարբերվում է նաև` Արշակավանի կառուցման գաղափարին առանցքային դեր չհատկացնելով: Արքայական հզոր նստավայրի կառուցումն առավելապես միտված էր իշխանական կորսված դիրքերի վերականգնմանը, չէր կարող հակազդել ներքին ու արտաքին ոտնձգումներին: Ապստամբ նախարարների կողմից քաղաքի ավերումը դրա տրամաբանական հետևանքն էր:
Խեչոյանական Արշակը քաղաքի կառուցման գաղափարը նորովի է մեկնում` առաջին հերթին այն հիմնավորելով տնտեսական, ռազմաքաղաքական, նաև` հոգեբանական դիտակետերից: Արշակավանի կառուցումն ամրապնդելու էր թագավորական իշխանության դիրքերը, միաժամանակ ունենալու էր տնտեսական, ռազմաքաղաքական մեծ նշանակություն. «Փոխվում են պատերազմելու կանոնները, ու ես հաստատապես համոզված եմ, որ մենք, ինչպես մեր երկրի հարավում, այնպես էլ արևելքն ու արևմուտքը կապող տարածքում, պատերազմական օրերի համար պիտի ունենանք մեր հզոր հենակետը, իսկ խաղաղության ժամանակ այդ հենարանը նաև պիտի կարողանա պատերազմ վարելու չափ նշանակալից լինել երկրի տնտեսությունը ստեղծելու գործում» (203): Դա Արշակի համար «քայքայված, իր դեմքը կորցրած ու կողոպտված թագավորությունը վերականգնելու» հրատապ քայլ էր:
Խեչոյանական Արշակը անձնական կյանքի ցանկացած սահմանափակման գնում է հոժարակամ` քաջ գիտակցելով դրա անհրաժեշտությունը. «Իմ Պապ որդուն պատանդ եմ ուղարկում կայսեր դուռը: Ու կին եմ ուզում հռոմեական արքունի տոհմից` Օլիմպիային» (188): Ի տարբերություն զեյթունցյանական Արշակի, որ, մեծագույն տառապանք ու ցավ ապրելով, իր դիրքն անիծելով, ստիպված համակերպվում է նաև անձնական կյանքի սահմանափակմանը, խեչոյանական Արշակը այդ զոհաբերմանը գնում է սեփական ցանկությամբ, ինչը դրված նպատակին անպայմանորեն հասնելու երկաթյա կամքի արտահայտությունն էր:
Լ. Խեչոյանի կողմից հետաքրքիր մոտեցում էր Արշակ-Փառանձեմ հարաբերությունների ուրույն գեղարվեստականացումը: Ի տարբերություն Արշակին և նրա գահակալման շրջանին անդրադարձած մյուս պատմավիպասանների` Լ. Խեչոյանը Փառանձեմին շատ փոքր տեղ է հատկացրել իր վեպում: Ողջ պատմավեպը Արշակի ջանքերի ու դրանց ապարդյունության դատապարտվածության պատկերումն է լարված ու դժվարին ժամանակներում, ու քանի որ արքայի կյանքը դարձել էր անխուսափելիորեն միակողմանի, սերն այնտեղ տեղ չէր կարող ունենալ: Ամեն ինչ ներկայացվում է քաղաքական ու տնտեսական սառը հաշվարկների տեսքով:
Լ. Խեչոյանի մեկնությամբ Գնելին սպանելուց հետո Փառանձեմի հետ ամուսնությունը Արշակի համար դառնում է տրամաբանական ու պարտադիր թե՛ հունամետ նախարարների զայրույթի դեմ Անդովկ Սյունու հզոր հովանավորությունն առնելու, թե՛ Գնելին անցած արքունապատկան տարածքները օտար ձեռքի չհանձնելու նպատակով: Լ. Խեչոյանը Արշակի և Փառանձեմի կապը սեր չի որակում, այլ հանգամանքների անխուսափելի պարտադրանք, որին պետք էր ենթարկվել` արհամարհելով անձնական երջանկությունը: Այնուամենայնիվ, Փառանձեմի ոչ ամբողջական կերպավորումը տրվում է ողբերգական շեշտադրմամբ: Ներսեսը հրաժարվում է օրինականացնել նրանց ամուսնությունը: Օգտվելով կայսեր մահվանից` Փառանձեմը Մրջյունիկ քահանայի միջոցով թունավորում է Օլիմպիային, ապա ամուսնու կողմից աքսորվում է Արտագերս:
Պ. Զեյթունցյանն ու Լ. Խեչոյանը նախընտրում են Արշակի կարևոր գաղափարներն ու մտորումներն արտահայտել որդու` Պապի հետ ունեցած զրույցներում, որոնցում Արշակն ամենաանկեղծն ու անմիջականն է: Թագակիր հայրը թագաժառանգ որդուն բացատրում է արքայական թագին կառչելու և այն արժանապատվորեն կրելու կարևորությունը. «Թագը ժողովուրդ է, ժողովուրդը` հող, հողը` թագավոր: Իսկ լավ թագավորը` ժողովրդի արժանապատվություն» (228): Հզոր երկիր կառուցելու արշակյան երազի հոգեբանական հիմնավորման մեջ Լ. Խեչոյանը մեծ տեղ է հատկացնում նաև հայոց արքայի վիրավորված ինքնասիրության պահանջին. «Երբ ցանկացել են, քո թագավորներին նաև շպրտել են գահից, մորթել ու գերեվարել են: Պատկերացրու` թշնամին երեք հազար զինվորով, ընդամենը` երեք հազար զինվորով, մտնի քո երկրի կենտրոնը ու կուրացնելով թագավորին` տանի: Այդպիսի երկիր, այդպիսի թագավորություն կլինի՞» (228): Արշակը նաև վիրավորված էր իբրև որդի և դառնությամբ էր հիշում այն ստորացումները, որոնց ենթարկվել էր հայրը կուրացումից հետո: Հուլիանոսի նամակն Արշակի հոգում զայրույթ ու ցավ է ծնում. «Հզոր պետություն չունեցող թագավորին ինչպես ասես, որ չեն դիմի, չեն սպառնա» (293): Համառ պատվախնդրությունը հանդուգն արքային ստիպում է երբեք չխոնարհվել Շապուհի առաջ ու Հուլիանոսին ընդառաջ գնալ զենքով, ինչը արգելված էր:
Լ. Խեչոյանը հաճախ Արշակ արքայի քողարկված ողբերգությունը բացահայտում է «չասված» խոսքերի միջոցով: Ներսեսի հետ հանդիպման ժամանակ արքայի լռությունը հենց այդպես է իմաստավորվում. «Չի ասել, թե քաղաքական այդ վճռորոշ պահին Արշակավան քաղաքի հիմնահատակ քանդելը ինչպես հեղինակազրկեց ու թևաթափ արեց իրեն ու իր ճանապարհով գնացողներին: Ու հիմա ինքը ստիպված խաղ պիտի խաղա, հարկադրված` իբրև թե քաղաքը նորից կառուցելու հրաման պիտի տա, թեև ներքուստ ինքն ու բոլորն էլ գիտեն, որ պատերազմական այդ պայմանններում քաղաքաշինության համար արդեն ո՛չ միջոցներ կան, ո՛չ էլ` աշխատուժ: Բայց վերաշինվող հայտարարված արքունի քաղաքի պատերին օրական գոնե մի քանի քար պիտի դրվի, ու ժողովրդի ականջը մուրճի հարվածի ձայն պիտի լսի, որ երկիրը տեսնի ու հավատա թագավորի անպարտելիությանը» (268): Չասված խոսքերը վեպում դառնում են զսպված տառապանքների ու թաքնված ողբերգականության լավագույն արտահայտությունները: Ե. Մնացականյանը, խոսելով խեչոյանական Արշակի քաղաքական մեծ ճիգերի մասին, նկատում է. «Լ. Խեչոյանը հոգեբանական նուրբ երանգ է նկատում Արշակի` թևաթափ եղած, հուսալքված, բայց չկոտրվող մարդկային տեսակի մեջ»[44]: Արքան մտածում էր ամեն կերպ թագավորի անպարտելիության առասպելը ժողովրդի առաջ չկոտրելու մասին:
Արշակի ողբերգանակության տպավորիչ դրսևորումներից էին Շապուհի հրովարտակը ստանալուց հետո ունեցած ապրումները, սակայն դրանք ոչ թե հեռանալու և երկիրը թողնելու վախը կամ ցավն էին արտահայտում, այլ մենակ և լքված մնալու դատապարտվածությունը, որ նա զգաց նախարարների խոսքերի և վերաբերմունքի մեջ: Թե՛ արքան, թե՛ նախարարները հիանալի հասկանում էին պարսից հրավերի տակ թաքնված դավը: Եթե զորյանական Արշակը, տարված իր հայոցբերդյան երազով, վստահորեն գնում է Շապուհի հրավերի հետքերով, զեյթունցյանական Արշակը գնում է պարսից արքայի մոտ «ճիշտ ժամանակին հեռանալու» բարոյահոգեբանական մեկնությամբ, ապա խեչոյանական Արշակը հեռանում է` հասկանալով իր հետագա քայլերի ապարդյունությունը, զգալով մերժված ու չսիրված լինելու ցավը. «Թագավորը նրանց լավ գիտեր, նախարարներն էլ` թագավորին: Թագավորն ասել էր. «Գնա՞մ»: Ասել էին` գնա: Ասել էր. «Իմ Վասակ զորավարին ու Դրաստամատին վերցնեմ ու գնա՞մ»» (311): Արքայի հարցի տակ թաքնված էր իր դերի անհրաժեշտության հստակեցումը: Նրա գործողությունները միշտ քննադատող կամ անտարբեր ձևացող նախարարները սիրով իրենց պատրաստակամությունն են հայտնում հոգատար լինելու արքայի ընթացքին ու նրան ուղեկցելու գործում:
Շապուհը Արշակին ստորացնում է` ոտնահարելով նրա արքայական պատիվը. «Լավ նայեք, էլ հետո չասեք, թե ձեր թագավորը չի հարգվել, շղթաները մաքուր արծաթ են» (313): Արշակը, որին խեղդում էին հայոց արքաների մշտապես ստորացված վիճակն ու անզորությունը, ամբողջը իր մաշկի վրա է զգում:
Պատմական փաստերից շեղվելով` Լ. Խեչոյանը Արշակի մահվան այլ մեկնաբանություն է տալիս: Արքան մեռնում է Դրաստամատի ձեռքով: Միշտ հավատարիմ ու հնազանդ ներքինին վերջին անգամ կատարելով տիրոջ կամքը` նրան արժանապատիվ վախճան է ընծայում: Այդօրինակ մահով Արշակ արքան փաստացի մտնում է հիշվողների դասի մեջ` մնալով իշխանության հավերժ կրող: Դրաստամատը կտրում է նախ հայոց պետության ու իր արքային կապող թելը, ապա` իրեն և նրան միացնողը` կյանքն արդեն իմաստազուրկ համարելով: Արշակի ցանկությունը, բացի բազմիցս ներկայացված պատճառից` ճոխ ներկայից կրկին բանտային խունացած իրականություն վերադառնալու փախուստից, կարելի է հիմնավորել թե՛ հոգեբանորեն, թե՛ պատմաքաղաքական առումով, թե՛ էքզիստեցիալիստական հանգուցալուծումների դիրքերից: Արշակն այդ քայլով մտածում էր կանխել որդու` Պապի` իրեն ազատելուն ուղղված հետագա քայլերը, որոնք կարող էին վնասաբեր լինել երկրի անվտանգության համար: Բացի այդ` Արշակի` մահվան գաղափարին հանգելը կարելի է բացատրել նաև ժամանակի ու հանգամանքների հանդեպ անզոր դառնալու և դրանով արդեն իսկ կյանքն իմաստազրկված համարելու էքսիզտենցիալ մոտեցմամբ: Ի տարբերություն դասական պատմավեպերի, որոնցում ցույց է տրվում, թե ինչպես են անհատները պատմություն կերտում` ուղղորդելով նրա ընթացքը, էքզիստենցիալ պատմավեպում ընթացքը դուրս է գալիս անհատի հսկողությունից՝ ցույց տալով իրադարձությունների հանդեպ մարդու անզորությունը:
Լ. Խեչոյանի վեպն ու այնտեղ հանդես եկող կերպարներն ունեն բնորոշիչ գծեր, որոնցից որոշները կարելի է դիտել նաև իբրև լուրջ թերություններ: Դրանցից մեկը միջավայրի ու ժամանակի չափազանց դաժան ներկայացումն է, որ ճշմարտացիորեն սուր քննադատության է արժանացել հատկապես Ս. Արզումանյանի կողմից. «Պատմական թեմատիկայի երկում, այնուամենայնիվ, պետք է փաստերը պահպանեն որոշակի վավերականություն, որքան էլ գրողն ազատ արձակի իր երևակայությունը, հնարովին պետք է լինի անհրաժեշտորեն»[45]: Վեպում չափազանցված երանգներով ներկայացված դաժանությունը անցել է նաև Արշակի կերպարին: Նրա դաժանությունները, դավերն ու նենգությունները վեպում մեծ չափերի են հասցված: Դրանց զուգահեռ արքան բնորոշվում է նաև կեղծավորությամբ ու գոռոզամտությամբ, որ թուլացնում է կերպարի գրավչությունը: Այս առումով Ս. Գրիգորյանն ընդգծում է հետևյալը. «Այս իմաստով Արշակի բազմանիստ կերպարի լուծման մեջ խիստ տպավորիչ է նրա խեղճության փիլիսոփայությունը, որը կապվում է մերթ անզորք մնալու, մերթ աստղերի դիրքի, մերթ էլ սեփական մեղքերի համար հատուցելու հետ։ Ամեն պարագայում դրանք այսպես ասած ակամա նվաստացումներ են, որ հակոտնյա են իր թագավորական դիրքին և հանգամանքներին»[46]։
Պատմական հերոսներից շատերն այդպես էլ գեղարվեստորեն ամբողջացած կերպարներ չեն դառնում: Ս. Արզումանյանը նրանց շարքն է դասում նաև Արշակին, սակայն մեր կարծիքով արքայի կերպարը վեպում տրված է հնարավորինս ամբողջական, պարզապես տարբեր են կերպարն ամբողջացնելու համար ընտրված ուղիները: Գեղարվեստական դիտակետից հրապուրիչ չէ նաև երկի լեզուն. բավական շատ են անհարկի մանրամասնությունները` հաճախ պատկերված նատուրալիստական երանգներով:
Անկախ ամեն ինչից, Լ. Խեչոյանը հայ գրականությանը տվեց նոր Արշակ, որ առանձնացավ պատմական անձի կերպավորման յուրօրինակ ձևերով: Խեչոյանական Արշակը գրողական նոր ձեռագրի և ժամանակի նոր պահանջների գեղարվեստական ծնունդն էր:
Ուսումնասիրելով Արշակ Երկրորդի կերպարը նորագույն շրջանի հայ պատմավիպասանության մեջ` եկանք հետևյալ եզրակացություններին.
- Նորագույն շրջանի հայ պատմավեպերում Արշակ Երկրորդի կերպարը քաղաքական, բարոյական, ազգային, համամարդկային ու հավերժ մարդկային գաղափարների զորեղ մարմնավորում է, որ մշտապես վերաձևվում է ժամանակի, հանգամանքների ու հեղինակի ստեղծագործական երևակայության հրամայականով: Անկախ նկատված թերություններից` արքայի կերպարակերտման պատմավիպասանական փորձերը հաջողությամբ ծառայում են իրենց նպատակին` նոր ժամանակների համար նոր Արշակ ստեղծելուն:
- Արշակ արքան նորագույն շրջանի հայ գրականության մեջ կերպավորվում է գաղափարապես և գեղարվեստականորեն միմյանցից բավականին տարբեր պատմավեպերում, այդ իսկ պատճառով նրա կերպարակերտման առանձնահատկությունները ամբողջապես հասկանալի կարող են դառնալ միայն տվյալ պատմավեպի գեղարվեստական յուրահատկությունների շրջանակներում: Հայ պատմավեպի զարգացման տարբեր շրջափուլերում Արշակ արքայի կերպարը կրում է տվյալ շրջանի պատմավեպի յուրակերպությունը:
- Զորյանական Արշակը, չնայած կերպարային բազմաթիվ թերացումներին, առաջ է քաշում «հայոց բերդի անավարտության» ազգային ողբերգությունը` իր հիմնային պատճառով` անմիաբանությամբ: Ստեփան Զորյանը հայ դասական պատմավիպասանության ավանդներին հետևելով` «Հայոց բերդը» պատմավեպում պատկերում է Արշակի միայն արքայական ես-ը` ընդգծելով այն ազգային-հայրենասիրական կողմով և բացելով արքայի չհասկացվածության դրաման:
- Զեյթունցյանական Արշակը համաժամանակյա հնչեղության հարցերի ու բարոյափիլիսոփայական գաղափարների ինքնատիպ մարմնավորում է: Գրողը, կոտրելով հայ դասական պատմավիպասանության կարծրատիպերը, պատկերում է արքայի մարդկային էությունը, բացահայտում նրա բազմակունք ողբերգությունը:
- Խեչոյանական Արշակը արքայի նախորդ կերպավորումներից տարբերվում է գաղափարական և գեղարվեստական նոր դրսևորումներով` կերպավորվելով առավելապես վեպի ենթատեքստային գաղափարական խտացումներից մինչև աննշան թվացող նկարագրությունների միջոցով: Լավագույնս ներկայացվում է թագավորի մեջ հանգամանքների թելադրանքով ծնունդ առած հակաթագավորը, որ ամուր պետականության կայացման ճանապարհին անթույլատրելիության սահմաններ չի ճանաչում:
- Արշակի նշված կերպավորումները տրվում են դասական պատմագրությամբ ավանդված փաստերից բազմաթիվ շեղումներով, որոնք ծառայում են գրողների ստեղծագործական նպատակադրումների կայացմանը: Հայ պատմավեպերը կարողանում են կոտրել արքայի` պատմագրության մեջ հաճախ դրսևորված բացասականությունը` նրա հետ կապված հայտնի իրողությունների բազմադիտանկյուն մեկնությամբ:
- Պատմական նույն ժամանակաշրջանի մյուս հայտնի դեմքերի կերպավորումն ու նրանց` Արշակի հետ հարաբերությունների մեջ դնելը նպաստում են արքայի կերպարի ամբողջացմանը:
- Մեր ուսումնասիրած պատմավեպերում Արշակավանի գաղափարը կարևոր դեր է կատարում արքայի կերպարի ամբողջացման գործում:
- Ստեփան Զորյանը «Հայոց բերդը» պատմավեպում հաջող ներկայացնում է Արշակավանի կառուցման գաղափարական հիմնավորումը: Այստեղ Արշակ արքայի կերպարն անգամ ծառայում է հայոց բերդի կառուցման գաղափարի ամբողջացմանը:
- Պերճ Զեյթունցյանը, պատմավեպում շռայլորեն ընթերցողներին մատուցելով Արշակի ապրումները, լավագույնս տալիս է քաղաքի կառուցման գաղափարի հոգեբանական հիմնավորումը:
- Լևոն Խեչոյանը, իր վեպում Արշակավանի ծրագրին շատ մեծ տեղ չհատկացնելով, տալիս է դրա ռազմական, քաղաքական և տնտեսական հիմնավորումները` զուգահեռ գաղափարի հասունացման հոգեբանական նոր փաստարկներ ձևելով:
- Ժամանակի ընթացքում փոխվել են Արշակ Երկրորդի կերպավորման գեղարվեստական յուրահատկությունները, սակայն, այնուամենայնիվ, պահպանվել է կերպարի րաֆֆիական անդրադարձով ձևակերպված գաղափարական հենքը: Մյուս պատմավիպասանները պարզապես այն փորձել են առավել ընդարձակել` համալրելով արքայի` անձնական և ազգային կյանքի շուրջ նոր մտորումներով, որոնք համահունչ էին արդի կյանքին:
- Արշակ Երկրորդի կերպարակերտման շարունակական բնույթը հայ գրականության մեջ փաստում է թե՛ արքայի գահակալման շրջանի գեղարվեստականացման հաջողությունների, թե՛ նրանով բարձրաձայնվող գաղափարների ու խնդիրների արդիականության մասին:
Ա. ԲՆԱԳՐԵՐ
- Զեյթունցյան Պ., Ընտիր երկեր 2 հատորով, հ. 2, Եր., 1987:
- Զեյթունցյան Պ., Ընտիր երկեր 2 հատորով, հ. 1, Եր, 1987:
- Զորյան Ստ., Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 6, «Հայոց բերդը», Եր., 1982:
- Զորյան Ստ., Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 8, «Պապ թագավոր», Եր., 1983:
- Խեչոյան Լ., Երրորդ որդին: Պատմվածքներ: Արշակ արքա, Դրաստամատ ներքինի: Վեպ, Եր., 2002:
- Րաֆֆի, Սամվել, Եր., 1957:
Բ. ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Աղաբաբյան Ս., Հայ սովետական գրականության պատմություն, հ. 1, Եր., 1986:
- Աղաբաբյան Ս., Ստեփան Զորյան, Եր., 1976:
- Ավետիսյան Զ., Նորագույն գրականության զարգացման միտումները, Եր., 2003:
- Արզումանյան Ս., Արդի հայ վեպը, հինգ հատորով, հատոր հինգերորդ, Եր., 2004:
- Արզումանյան Ս., Խորհրդահայ վեպը, հատոր չորրորդ, Եր., 1990:
- Գաբրիելյան Կ., «Լևոն Խեչոյանի ստեղծագործության գեղագիտական առանձնահատկությունները» (թեկնածուական ատենախոսություն), Եր., 2011:
- Թամրազյան Հ., Գրական դիմանկարներ, հոդվածներ, Եր., 1975:
- Թամրազյան Հ., Սովետահայ գրականության պատմություն, Եր., 1984:
- Ղուլյան Ա., Պերճ Զեյթունցյանի արձակը (թեկնածուական ատենախոսություն), Եր., 2005:
- Մարգարյան Ս., Պատմության ժամանակը, Եր., 2000:
- Սովետահայ գրականության պատմություն, հ. 1, Եր., 1961:
- Սյունյաց երկիր, Եր., 2006, N 1(92):
- Սերո Խանզադյան-100, Սյունյաց երկիր (հատուկ համար), Եր., 2015, N 32(374):
Գ. ԿԱՅՔԵՐԻՑ ՀՂՈԻՄՆԵՐ
- http://litinst.sci.am/am/Book/eva.pdf, 29.03.2018:
- https://aspu.am/website/images/journal/Hayagitakan%20438.pdf, 24.04.2018:
- https://granish.org/seyran-grigoryan-where-is-the-king/, 28.04.2018:
- https://hy.wikipedia.org/wiki/%D5%94%D6%80%D5%AB%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BD%D5%AB_%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8, 28.04.2018:
[1] Հայոց Արշակունյաց արքայատոհմի արքա, որ գահակալել է մոտ 345-368 թվականներին:
[2] Թամրազյան Հ., Սովետահայ գրականության պատմություն, Եր., 1984 թ., էջ 248:
[3] Րաֆֆի, Սամվել, Եր., 1957 թ., Էջ 254:
[4] Րաֆֆի, նշվ. վեպում, Էջ 257:
[5] Նույն տեղում, էջ 268:
[6] Աղաբաբյան Ս., Ստեփան Զորյան, Եր., 1976թ., էջ 87:
[7] Զորյան Ստ., Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր յոթերորդ, «Հայոց բերդը», Եր., 1982 թ., էջ 65: Այսուհետև այս գլխում երկից հղումները կտանք փակագծերում՝ նշելով միայն էջը:
[8] Սովետահայ գրականության պատմություն, I հատոր, Եր., 1961 թ., էջ 706:
[9] Սովետահայ գրականության պատմություն, նշվ. աշխ., էջ 705:
[10] http://litinst.sci.am/am/Book/eva.pdf, 29.03.2018:
[11] Թամրազյան Հ., նշվ. աշխ., էջ 599:
[12] Աղաբաբյան Ս., Հայ սովետական գրականության պատմություն, հատոր առաջին, Եր., 1986 թ., էջ 442-443:
[13] Թամրազյան Հ., Գրական դիմանկարներ, հոդվածներ, Ստեփան Զորյան, Եր., 1975 թ., էջ 71:
[14] Նույն տեղում, էջ 70:
[15] Զորյան Ստ., Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր ութերորդ, Պապ թագավոր, Եր., 1983 թ., էջ 75:
[16] Նույն տեղում, էջ 47:
[17] Նույն տեղում, էջ 98:
[18] Աղաբաբյան Ս., նշվ. աշխ., էջ 444:
[19] Զորյան Ստ., նշվ. երկում, էջ 476:
[20] Արզումանյան Ս., Խորհրդահայ վեպը, հատոր չորրորդ, Եր., 1990 թ., էջ 530:
[21] Ավետիսյան Զ., Նորագույն գրականության զարգացման միտումները, «70-ական թվականնների հայ պատմավեպը», Եր., 2003 թ., էջ 125:
[22] Սյունյաց երկիր, Զեյթունցյան Պ., «Սեր և պատասխանատվություն», Եր., 2015 թ., N 32 (374), էջ 17:
[23] Ավետիսյան Զ., նշվ. աշխ., «Գրական կերպարի հոգեբանությունը», էջ 157:
[24] Արզումանյան Ս., նշվ. աշխ., Էջ 535:
[25] Ավետիսյան Զ., նշվ. աշխ., «Գրական կերպարի հոգեբանությունը», էջ 157:
[26] Զեյթունցյան Պ., Ընտիր երկեր 2 հատորով, հատոր երկրորդ, Եր., 1987 թ., էջ 142: Այսուհետև այս գլխում երկից հղումները կտանք փակագծերում՝ նշելով միայն էջը:
[27] Զեյթունցյան Պ., Ընտիր երկեր 2 հատորով, հատոր առաջին, Եր., 1987 թ., էջ 314:
[28] Ղուլյան Ա., Պերճ Զեյթունցյանի արձակը (թեկնածուական ատենախոսություն), Եր., 2005 թ., էջ 77:
[29] Արզումանյան Ս., նշվ. աշխ., Էջ 535:
[30] Արզումանյան Ս., նշվ. աշխ., Էջ 540:
[31] Արզումանյան Ս., նշվ. աշխ., Էջ 536:
[32] Ավետիսյան Զ., նշվ. աշխ., «70-ական թվականնների հայ պատմավեպը», էջ 128:
[33] Զորյան Ստ., Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր ութերորդ, Պապ թագավոր, Եր., 1983 թ., էջ 105:
[34] https://aspu.am/website/images/journal/Hayagitakan%20438.pdf, 24.04.2018:
[35] https://aspu.am/website/images/journal/Hayagitakan%20438.pdf, 24.04.2018:
[36] Մարգարյան Ս., Պատմության ժամանակը, Եր., 2000թ., էջ 15-16:
[37] «Սյունյաց երկիր», Եր., 2006 թ., N 1(92), Էջ 64:
[38] Գաբրիելյան Կ., «Լևոն Խեչոյանի ստեղծագործության գեղագիտական առանձնահատկությունները» (թեկնածուական ատենախոսություն), Եր., 2011 թ., էջ 52:
[39] Խեչոյան Լ., Երրորդ որդին: Պատմվածքներ: Արշակ արքա, Դրաստամատ ներքինի: Վեպ, Եր., 2002 թ., էջ 79: Այսուհետև այս գլխում երկից հղումները կտանք փակագծերում՝ նշելով միայն էջը:
[40] https://granish.org/seyran-grigoryan-where-is-the-king/, 28.04.2018:
[41] Ավետիսյան Զ., Նորագույն գրականության զարգացման միտումները, «Հայոց պատմության ուղղահայացում», Եր., 2003 թ., էջ 187:
[42]https://hy.wikipedia.org/wiki/%D5%94%D6%80%D5%AB%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BD%D5%AB_%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8, 28.04.2018:
[43] Ավետարան ըստ Մարկոսի:
[44] http://litinst.sci.am/am/Book/eva.pdf, 27.04.2018:
[45] Արզումանյան Ս., Արդի հայ վեպը, հինգ հատորով, հատոր 5, Եր., 2004թ., էջ 235:
[46] https://granish.org/seyran-grigoryan-where-is-the-king/, 29.04.2018: